Հունիսի 23-ին Հունաստանում Հայաստանի դեսպանությունում կայացավ Կիպրոսի Նարեկ վարժարանների հոգաբարձության ատենապետ Վարդան Թաշճյանի պարգևատրման արարողությունը Սփյուռքի նախարարության բարձրագույն` «Ոսկե մեդալ» պարգևով` հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար:
Բացման խոսքում դեսպան Ղալաչյանը նշեց, որ հայրենիքից հեռու ազգային ինքնությունը պահպանող յուրաքանչյուր հայ հերոս է, իսկ հայապահպան ու հայրենանվեր գործունեություն ծավալող ամեն հայ` կրկնակի հերոս: Հակիրճ ներկայացնելով կրթության և արվեստի գործչի հարուստ կենսագրությունը` դեսպանն ընդգծեց, որ ի դեմս Թաշճյանի` Սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևը կգտնի իր արժանի և լիիրավ տիրոջը:
Պարգևատրման արարողությանը հաջորդիվ` պարոն Թաշճյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով` իր երախտագիտությունը հայտնելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին, դեսպան Ղալաչյանին, իր գործընկերներին և ընտանիքի անդամներին:
Վաստակաշատ ուսուցիչը նշեց, որ ինքնությունը պահպանելու և իբրև հայ ապրելու ու գործելու պատգամը ժառանգել է Մեծ եղեռնից մազապուրծ փրկված իր ծնողներից, և իր կրթական ողջ գործունեության ընթացքում փորձել է այն սերնդեսերունդ փոխանցել Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության, Նարեկ վարժարանների և լիբանանյան դպրոցների կամարների ներքո: Իրեն բնորոշելով իբրև «կրթության և արվեստի խոնարհ մշակ»` պարոն Թաշճյանը նշեց, որ պարգևատրումն իրեն խրախուսում է այսուհետ ևս բազմապատկված ջանքով ու հանձնառությամբ շարունակել ծառայել հայ ժողովրդին և Հայրենիքին:
***
Վարդան Թաշճյանը կիպրահայ անվանի գեղանկարիչ է և վաստակաշատ ուսուցիչ: Տասը տարի դասավանդել է Մելքոնյան կրթական հաստատությունում, շուրջ 27 տարի պաշտոնավարել որպես «Նարեկ» հայկակական վարժարանների տնօրեն: 2009-ից մինչ օրս Վարդան Թաշճյանը զբաղեցնում է Նարեկ վարժարանների հոգաբարձության ատենապետության պաշտոնը: Մասնակցել է անհատական և խմբակային ավելի քանի 100 ցուցահանդեսների, Կիպրոսը ներկայացրել բազմաթիվ միջազգային համաժողովներում, Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդում հանդես եկել որպես Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության պատվիրակ: