Կիրակի, 26. 05. 2024

spot_img

Ցուցահանդէս ՝ «Եգիպտոս, Հնդկաստան եւ Ճափոն»

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ «Զում Փրըդաքշըն»-ի հովանավորությամբ Թեքեյան Կենտրոնում բացվեց «Ճապոնիա, Հնդկաստան, Եգիպտոս» խորագրով մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը, որին ներկայացված էին «Ես կարող եմ» ստեղծագործական արվեստանոցի 5-12 տարեկան աշակերտների աշխատանքները: Ձեռնարկին ներկա էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ինչպես նաեւ արվեստագետներ, արվեստասերներ, այլ հյուրեր:

Ցուցահանդեսի բացմանը հյուրերին ողջունեց ԹԿՀ տնօրեն Ա. Ծուլիկյանը եւ իր խոսքում շնորհավորեց բոլորին՝ երեխաներին, ուսուցիչներին, ծնողներին, այդ հրաշալի առիթով եւ կարեւորեց ձեռնարկը, հորդորելով պահել ու պահպանել, այն ինչ ստեղծում են երեխաները: «Այն, ինչ կարող է արտադրել մանկական երեւակայությունը, կյանքում այլեւս չի կրկնվում: Այն, ինչ արել ենք մանուկ հասակում, ցավոք, էլ երբեք չենք կարող անել: Կոչ եմ անում գնահատել ու քաջալերել մեր մանուկներին, չէ որ սա իրենց առաջին քայլն է, ինչը մղելու է իրենց հետագա կյանքում ունենալ նորանոր հաջողություններ տարբեր ոլորտներում», – հավելեց Ա. Ծուլիկյանը: Տնօրենը նաեւ բարձր գնահատանքի արժանացրեց «Ես կարող եմ» արվեստանոցի գործունեությունը եւ համագործակցությունը շարունակելու հույս հայտնեց:

Միջոցառումը շարունակեց Արեւիկ Աստաբացյանը, «Ես կարող եմ» արվեստների կենտրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, դասավանդող, որը շնորհակալություն հայտնեց Ա. Ծուլիկյանին «Ճապոնիա, Հնդկաստան, Եգիպտոս» ցուցահանդեսը Թեքեյան Կենտրոնում հյուրընկալելու համար: Նա ներկայացրեց տեսանյութ, որն ամփոփում էր արվեստանոցի ուսումնական տարին եւ կատարած աշխատանքը:  Ա. Աստաբացյանը տեղեկացրեց, որ «Ես կարող եմ» արվեստանոցը նախաձեռնել է ծրագիր, որի շրջանակում երեխաները նկարազարդում են Հ. Թումանյանի հեքիաթները, որոնք շուտով տպագրվելու են: Իսկ արվեստանոցում արդեն ստեղծվել է անիմացիոն ֆիլմ հեքիաթներից մեկի՝ «Պոչատ Աղվեսի» նկարազարդման հիման վրա, ինչն էլ ներկայացվեց ներկաների ուշադրությանը:

Ա. Աստաբացյանը ներկայացրեց նաեւ «Ես կարող եմ» արվեստանոցում ծնված եւ երեխաների աշխատանքների վրա հիմնված երկրորդ գիրք-ալբոմը, որը ներկայացնում է աշխարհի երեք հրաշալի երկրներ` Ճապոնիա, Հնդկաստան եւ Եգիպտոս: Աշակերտները, ուսումնասիրելով այդ երկրները, փորձել են իրենց նկարներում ներկայացնել դրանց մշակույթը, առանձնահատկությունները, ավանդույթները, բուսական եւ կենդանական աշխարհը:

Ելույթով հանդես եկավ նաեւ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, որը, շնորհավորելով ցուցահանդեսի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, խորին շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու համար:  «Ես հաճելիորեն զարմացած եմ, թե ինչպես երեխաներին հաջողվել է այդքան ճշգրիտ ներկայացնել մեր երկիրը», – հավելեց դեսպանը եւ բոլոր հետաքրքրվածներին հրավիրեց դեսպանություն՝ ուսումնասիրելու լեզուն եւ մշակույթը: Էյջի Տագուչին պատրաստակամություն հայտնեց նաեւ աջակցելու Ճապոնիային առնչվող մշակութային ծրագրերին:

Այնուհետեւ եկավ ձեռնարկի ամենակարեւոր մասը՝ երեխաներին հանձնվեցին ցուցահանդեսի կատալոգներ եւ շնորհակալագրեր՝ ցուցահանդեսին եւ «Ես կարող եմ» արվեստանոցի դասընթացներին հաջող մասնակցելու համար:

Ձեռնարկը եզրափակվեց հյուրասիրությամբ, որի ընթացքում ներկաները վայելում էին ցուցահանդեսին ներկայացված երեխաների աշխատանքներով:

IMG_5734

 

IMG_5746

 

IMG_5757

 

IMG_5759

 

IMG_5763

 

IMG_5770

 

IMG_5772

 

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին