* ՆԱՐԻՆԵ ԿՌՈՅԱՆ *
Այս պատմվածքը մի քիչ իմ գիչին, կարծես թե, նման չէ: Սակայն …..
Ես նաև այսպիաին եմ:
Աչքերը բացելու և բաց պահելու ժամանակն է:
– Ես տեսնում եմ, աչքերս փակ ամեն բան տեսնում եմ, պա, և երկնքի կապույտը, և մեր բակի դեղին վարդերը, և մայրիկի ծաղկավոր գոգնոցը, և դեմքիդ շառագույնը, երբ անզորությունից կոտրատում ես մատներդ…
Նասալի Վուն միայն կախեց հայացքը: Նա պարզապես չկարողացավ նայել տղայի ոչինչ չտեսնող աչքերին:
Կուրությունը միանգամից չեկավ: Այն նման էր դավադիր, սիրահոժար բարեկամի, որ խաբում է ու քիչ-քիչ թալանում է քեզ` տանելով ամենանվիրականդ, իսկ հետո հոգատար ձեռքը դնելով ուսիդ` կոտրված սրտով շշնջում է. «Դե ինչ կարող ես անել, ճակատագիր է»:
Ճակատագիր իր` նշանավոր ակնաբույժ, ակնավիրաբույժ Նասալի Վուի համա՞ր… Հիրավի հեգնանք էր, ճակատագրի ծամածռություն:
– Բոլորին բուժում ես, չեմ հավատում, որ Կերտեի համար ոչինչ անել չես կարող, չեմ հավատում:
Սալպան կշտամբում էր, ծածուկ արտասվում, հետո գալիս համբուրում էր բազկաթոռի մեջ կծկված ամուսնու գլուխն ու նստելով կողքին`կրկին չէր համբերում.
– Գիտեմ, գիտեմ սա փորձություն է, Աստված մեզ փորձում է: Նա ուզում է, որ դու անես ավելին, քան կարող ես: Ես հավատում եմ, իսկապես կարող ես, դու անպայման ելքը կգտնես:
Մի օր էլ ամիսների հուսահատ լռությունից հետո Նասալին վերջապես պատասխանեց.
– Գիտե՞ս ինչն է ավելի սարսափելի…
Կինը ոտքի ելավ ու մեջքով հենվելով պատին` փակեց աչքերը:
Վուն ծանր դադար տվեց, ապա շարունակեց.
– … որ Կերտեն է համակերպվել, որ նա է մեզ մխիթարում: Սա ինձ սպանում է, հասկանում ես: Ես այլևս այսպես չեմ կարող:
Երևի այդ օրը ինչ-որ անհայտ մի սահմանագիծ այնուամենայնիվ տրորվել էր, և Նասալի Վուն դանդաղ ելավ տեղից ու քայլեց դեպի ելքը: Որոշումը, որ կայացրել էր դժբախտ հայրն ու ամուսինը, բոլորին չէր, որ հասկանալի էր: Նա, իր դիմումի համաձայն, հեռացավ աշխարհահռչակ ակնաբուժական հիվանդանոցից, թողեց գլխավոր վիրաբույժի պատվավոր ու եկամտաբեր պաշտոնը`հայտարարելով, թե որոշել է միայն գիտությամբ զբաղվել:
Հիվանդները չհասկացան ու տխրեցին: Մտերիմների և գործընկերների համար նրա ընտրությունը հասկանալի էր: Հարցեր չեղան: Պարզապես հասկացան և առաջարկեցին հիվանդանոցին կից գիտագործնական լաբորատորիայի վարիչի հաստիքը:
Վուն երախտապարտ էր հատկապես ինչուների, խղճահարության և պարտադրված հուսադրությունների բացակայության համար:
Երբ տուն էր վերադառնում` քայլելով հիվանդանոցի բակի երփներանգ ծառուղով և մտածում, թե քանի-քանիսին է իր դատավճիռն ու չորուցամաք ցավակցությունները հայտնել հենց այնպես, ի պաշտոնե` հույսի շող անգամ չթողնելով հավերժական խավարի գերիների համար, հասկացավ, որ ամաչում է: Մեղավորության անսովոր զգացումը կենտրոնացել էր կրծքավանդակի կենտրոնում ու շաղափում էր սիրտը: Հետո ինքնապահպանման բնազդը ուրիշ հիվանդների մտաբերց` երջանիկների, որոնց այդ նույն քմահաճ ճակատագիրը ներել էր` իր ձեռքերով նրանց` լույսը և գույնը տեսնելու մի հնարավորություն ևս տալով: Հիմա հերթն իրենն էր, իր որդունը: Աստծուն չէր հավատում, և լավ գիտեր, որ աչքի ցանցաթաղանթի պիգմենտոզն անբուժելի է: Գիտեր նաև, որ գլխուղեղի` տեսազդանշանը ճանաչելու կարողության վերականգնումը ֆանտաստիկայի ոլորտից է, բայց ոչինչ չանել այլևս չէր կարող:
Այդպես անցան ոչինչ չասող, չազդարարող գորշ ու անգույն տարիներ:
Կերտեն արդեն քսաներկու տարեկան էր: Նա այգում զրուցում էր անծանոթ մի աղջկա հետ:
Որոշեց աննկատ տուն մտնել: Չստացվեց:
– Պա՞,- ետևից ձայնեց տղան:
– Այո՞,- ստիպված էր շրջվել:- Բարև Ձեզ:
Աղջիկը ևս բարևեց եկվորին:
– Պա, մոտ եկ, ծանոթացիր, մեր նոր հարևանն է:
Աղջիկը, չգիտես ինչու, ծիծաղում էր, և ուսերից կախված կարմրավուն մազերը զսպանակների նման ճոճվում էին` տեղ-տեղ ստվերելով արևախանձ, պեպենոտ ուսերը:
– Ես Կատավին եմ, նորից բարև Ձեզ: Մենք նոր ենք տեղափոխվել: Ահա, այնտեղ ենք ապրում,- աղջիկը ձեռքով ցույց տվեց փողոցի հակառակ կողմում գտվող տունը:- Ձեր վարդերը մոտիկից տեսնելու գայթակղությանը պարզապես չդիմացա:
– Այո, իհարկե, խնդրեմ,- բժիշկը շփոթված հրաժեշտ տվեց ու քայլեց դեպի տուն:
Երբ ներս մտավ, սիրտն արդեն վայրի նժույգի նման ծառս էր լինում` սպառնալով կտրել բոլոր կապերը: Նա զգուշությամբ ծածկեց դուռն ու լարեց լսողությունը:
Դրսում դեռ զրուցում էին: Կերտեն ծիծաղում էր` իր Կերտեն: Նա կարծես երջանիկ էր: Աղջկա հետ էր ու … երջանիկ: Իսկ այդ Կատավին գիտի՞, գիտի՞որ իր զրուցակիցը, հմայիչ այդ երիտասարդը … կույր է…. Իհակե, գիտի: Հիմար չէ:
Տղամարդը բռնեց սիրտը, դանդաղ հասավ բազմոցին ու նստեց:
– Եկա՞ր,- Սալպան էր:
Նա մոտեցավ պատուհանին ու դուրս նայեց:
– Մի ժամ կլինի` խոսում են,- հուզմունքը թաքցնել չկարողացավ:
Կինը նստեց ամուսնու մոտ ու բարձրացրեց տղամարդու անզոր կախված ձեռքը:
– Ոչինչ, բան չմնաց: Չէի ուզում ասել, բայց կարծես թե հույս կա::- Նասալին մանկան նման փաթաթվեց կնոջն ու լաց եղավ:
– Ինչպե՞ս,- Սալպան ասես շանթահար վեր թռավ տեղից ու անհոդաբաշխ վանկարկումով սկսեց պտտվել սենյակում:
Երբ կինը ջղաձգվող մարմինը մի կերպ գցեց բազմոցին, Վուն զղջաց ասածի համար: Սակայն արդեն ետդարձի ճանապարհ չկար: Նա ինչ-որ դեղահաբ տվեց Սալպային ու խնամքով ծածկեց նրան.
– Պիտի տաքանաս, թուլանաս, հանգստանաս: Մի քիչ կքնես, ու ամեն ինչ լավ կլինի:
– Նասալի, գիտեմ, որ ոչինչ հենց այնպես չես ասում, գիտեմ, բայց խնդրում եմ երդվիր, որ այն ինչ ասացիր, իրականություն է:- Սալպայի աղերսող հայացքը սպասում էր:
– Իրականություն է: Գիտությունը կանգ չի առնում:
Վուն հուզվում էր և ակամա ետուառաջ էր քայլում սենյակում:
– Աստված է մեզ օգնում, գիտեմ:- Կնոջ քնատ ձայնը հանգստացնում էր:
Վուն շոյեց կնոջ մազերը, ուղղեց վրայի վերմակն ու մոտեցավ պատուհանին: Աղջիկը գնացել էր: Կերտեն մենակ էր: Նա պառկել էր հունիսյան արևի տակ, սիզամարգի կանաչի մեջ և տարածել ոտքերն ու ձեռքերը, ասես ծովի վրա լիներ:
«Ինչ որ մեկին էլ կթվա, թե աշխարհում ավելի երջանիկ ընտանիք, քան մերը, չկա»:
Օրերն անցնում էին, և Սալպան ավելի անհանգիստ էր դառնում, մանվանդ, որ Վուն գործուղումներից գրեթե տուն չէր գալիս: Նա կարծես ավելի ինքնամփոփ ու լռակյաց էր դարձել: Հազվադեպ տեսախոսակցությունները ամուսնու հետ մերթ Բոստոնից, մերթ Պենսիլվանիայից Սալպային ոչինչ չէին ասում:
Կերտեի հետ հեռախոսով էր խոսում: Սալպային հասանելի չէր հոր և որդու այդքան երկար խոսակցությունների բովանդակությունը, երբ տանը նրանք գրեթե չէին շփվում: Միայն այն ժամանակ, երբ Կերտեն հայտարարեց, թե պիտի մեկնի Բոստոն, Սալպան այլևս չդիմացավ.
– Վերջապես կասեք` ինչ է կատարվում: Երկուսդ էլ լռում եք, կարծես ես արդեն չկամ, գոյություն չունեմ:
Կինը հեծկլտաց, կտրուկ վերցրեց պատի տակ դրված աթոռը, քարշ տվեց պատուհանի մոտ ու խռոված նստեց:
Կերտեն քայլեց մոր կողմն ու իրերի` իր համար բնականոն դասավորությունը չգտնելով` սայթաքեց:
– Կներես, որդիս,- Սալպան իրեն վերջնականապես կորցրեց:- Ես եմ մեղավոր, ես աթոռի տեղը փոխեցի: Մի պահ մոռացա, որ ….
Նա գրկեց որդուն, ու աչքերը լցվեցին:
Տղայի ներկայությամբ երբևէ լաց չէր եղել: Հիմա չկարողացավ: Հիմա չկարողացավ:
– Մա, ի՞նչ է եղել: Հազար անգամ վայր եմ ընկել, հանգստացիր: Ախր, բան չկա:
– Ինչպե՞ս թե` չի եղել: Էլ ի՞նչ էր լինելու…. Ինչու՞ հենց դու, ախր մենք ոչ ոքի ոչ մի վատ բան չենք արել, ո՞ր մեղքի համար…
Կերտեն մորը զգուշությամբ տարավ բազմոցի կողմն ու նստեց կողքին:
– Մի անհանգստանա, լսում ես, մա, ամեն ինչ լավ է լինելու, հայրիկն ինձ նոր աչքեր է խոստացել` նախկինից լավը:- Կերտեն փորձեց կատակել:
– Իսկապե՞ս: Իսկ ինչու՞ ինձ ոչինչ չի ասում: Ես հանկարծ օտար դարձա՞ ձեզ համար…
Կերտեն բարձրաձայն ծիծաղեց.
– Ախ, մա: Ախր, դու ամեն ինչ բարդացնում ես, դրամատիզացնում, հուզվում: Մի խոսքով` անհամբեր ես:
Սալպան կարծես ասելիք չուներ, և Կերտեն շարունակեց.
– Գիտես` յոթ տարի է` չեմ տեսնում: Թվում էր` պիտի որ հարմարվեի: Բայց… Անկեղծ եմ ուզում լինել….
Նա խորհրդավոր դադար տվեց, ու մայրը լարեց լսողությունը:
– Այն աղջիկը, մեր նոր հարևանը` Կատավին…. Ինձ դուր է գալիս: Ես սիրում եմ լսել նրան, զրուցել նրա հետ: Մենք կարծես` նույն նախասիրություններն ունենք: Ուզում եմ …. տեսնել նրան,- Կերտեն դժվարությամբ էր արտասանում բառերը:- Ես դրա համար ամեն ինչ կանեմ, մա: Ես հայրիկի մոտ եմ գնալու, հետազոտման: Չեմ ուզում սպասել:
Երևի իսկապես ասելիք չկար, և լռության ու իջնող երեկոյի խամրող գույների մեջ մայր ու որդի մնացին յուրաքանչյուրն իր հույսերի, հիասթափության վախերի ու երազների հետ մենակ:
Շաբաթվա վերջում Կերտեն գնաց: Որքան էլ, որ Սալպան պնդեց, տղան չհամաձայնեց միասին մեկնել: Նա օդանավի շարժասանդուղքի վրայից ձեռքով արեց, իմանալով, որ մայրն անպայման կտեսնի, և ինքնաթիռ մտավ:
Սալպային դարձյալ մնում էր սպասել: Ամուսինը մեկ-մեկ զանգում էր, բայց կոնկրետ ոչինչ չէր ասում, միայն`«դեռ հետազոտվում ենք», ու վերջ: Սալպայի համար ամենասարսափելին որդու հերթական հնարավոր հուսախաբության անտանելի հեռակարն էր, որ անիմաստ, անգույն էր դարձնում ամեն ինչ: Նա օրերով նստում էր համակարգչի դատարկ էկրանի առջև ու աղոթում էր:
Մեկ ամսից հայր ու որդի վերադարձան: Սալպան նրանց տեսքից հասկացավ, որ ոչինչ չպետք է հարցնի: Սակայն, որքան էլ, որ զարմանալի էր, երեկոյան ընթրիքի ժամանակ, Վուն ինքն սկսեց խոսել, անգամ`ժպտալ ու կատակել:
– Սալպա,- Վուն կարծես ընդգծեց, որ խոսքը հատկապես կնոջն է ուղղված, ու շարունակեց,- գիտե՞ս և Բոստոնում, և Պենսիլվանիայում, և Կալիֆորնիայում բավականին առաջընթաց կա` Կերտեի խնդրին վերաբերող: Հատկապես Բոստոնոմ մի հետաքրքիր նախագիծ ունեն` Boston Retinal Implant Project (BRIP)` աչքի ցանցաթաղանթի իմպլանտի հետ կապված: Նրանք փոքրիկ տեսախցիկ են տեղադրում ակնոցի վրա, որն ազդանշանը անլար կապուղով հասցնում է աչքի խնձորիկի վրա ամրացված միկրոչիպին: Այն իր հերթին ստացված տեղեկությունը փոխակերպում է թույլ էլեկտրական ազդանշանների` ուղարկելով ցանցաթաղանթի խորքում տեղակայված էլեկտրոդներին: Էլեկտրոդները գրգռում են նյարդային բջիջները, և մարդն սկսում է տեսնել:
Սալպան կլանված լսում էր` չհասկանալով ոչինչ և հասկանալով, որ այդ ամենն ամուսինն իրականում Կերտեի համար է ասում: Երբ Նասալին շունչ առավ, Սալպան մտավ դերի մեջ.
– Հետո՞…
– Տեսախցիկից պատկերը տեղ հասցնելու մի քանի տարբերակ կա: Ամենագայթակղիչը, լավագույն արդյունք ստանալու առումով, անմիջապես գլխուղեղին էլեկտրական կոնտակտների ուղղակի միացումն է, սակայն առողջության տեսակետից այս տարբերակը նաև ամենավտանգավորն է: Մյուսը` էլեկտրոդների միացումն է տեսողական նյարդին` մինչև գլխուղեղ հասնելը: Այս մեկն էլ վիահատական վիրտուոզ միջամտություն է պահանջում, ինչը դեռևս ոչ ոք չի համարձակվում իրականացնել….
– Պա, իսկ դու կարո՞ղ ես….
Որդու ձայնը ցածր էր ու միաժամանակ շամփրող:
Նասալի Վուն դանդաղ ելավ տեղից, մոտեցավ պատուհանին ու նայելով լուսնի անհավատալի մեծ սկավառակին` վերջապես ասաց.
– Ես… ես կանեմ:
Սալպան քարացել էր: Նա չգիտեր` ինչ է զգում: Պիտի ուրախանա՞ր, թե՞ սարսափեր…. «Այդպիսի վիրահատություն դեռևս ոչ ոք չի համարձակվում անել… »,- ականջները զնգում էին ասես մետաղյա սալին զարկվող մուրճի հարվածներից:
– Ես համաձայն եմ:- Կերտեն ևս մոտեցավ հորն ու կանգնեց կողքին:
– Գիտեմ, դու քաջ տղա ես, որդիս: Ես չէի կարողանա:
Հետո բժիշկը կարծես ոգեվորվե՞ց, թե՞ ավելի հուզվեց` հասկանալի չէր.
– BRIP-ն ապահովում է ընդամենը 15 պիկսել ցանցաթաղանթի վրա, ես քեզ 60 եմ խոստանում:
Պատուհանից նայող լուսնի սկավառակը այլևս ոչինչ չլսեց: Լռությունը պատուհանի փեղկի նման փակեց աշխարհի բոլոր տեսանելի և անտես գույներն ու գնաց քնելու: Նրա համար հավանաբար միևնույն էր` կքնեն արդյո՞ք այդ տան տեսնողներն ու չտեսնողները: Քունն ուրիշ գույներ էր բերելու, և այնտեղ արդեն կարևոր չէր, թե արթունների աշխարհում տեսունա՞կ ես դու, թե՞ կույր:
Վիրահատության օրը դեռ որոշված չէր: Կերտեն կարծես չէր էլ մտածում այդ մասին: Նա Կատավիի հետ ժամերով նստում էր բաց պատշգամբում, երաժշտություն էր լսում, կամ էլ դաշնամուրի վրա նվագել էր սովորում: Կատավին երաժշտական քոլեջի ուսանող էր և հաճախ էր հյուր գալիս:
– Դու հրաշալի լսողություն ունես, Կերտե, – մի օր ասաց Կատավին` տղայի մատները ստեղների վրա դնելով:
– Գիտե՞ս, առաջ, երբ դեռ տեսնում էի, դաշնամուրին մոտենալ չէի ուզում: Զարմանալի է` հիմա այս 7 հնչյուններն ինձ համար ծիածանի 7 գույնի նման են:
– Դու ուզում ես ասել, որ տեսնու՞մ ես հնչյունները:
Կերտեն ժպտաց.
– Կծիծաղե՞ս, եթե ասեմ, որ իրոք տեսնում եմ:
– Չէ, չէ, ինչ ես ասում:
– Աշխարհը հավանաբար այդ գույների ու հնչյունների համադրությունից է կազմված: Կամ` ի՞նչ է գույնը: Իսկ գուցե՞ հնչյուններ չկան, գուցե ականջը գույնն ընկալում է հնչյունի ձևով: Գուցե՞ գույն էլ չկա: Գիտության տեսանկյունից դրանք ընդամենը որոշակի երկարության և հաճախության ալիքներ են, որոնք մեզ տրված է ընկալել:
Կերտեն դադար տվեց ու մատներն անձայն սահեցրեց ստեղների վրայով:
– Ես ավելին եմ զգում:- Տղան կարծես շփոթվում էր:- Ասես աչքերը, ականջները, մեր մյուս զգայարանները միայն արտաքին, նույնիսկ`մեզ ինչ-որ կարևոր բանից շեղող հարմարանքներ լինեն: Մենք դրանցով չենք զգում, ես դա կարծես` գիտեմ: Իմ ներսում մի այլ, ուրիշ բան կա: Գուցե այն, ինչը հոգի են անվանում: Ես լսում եմ, տեսնում եմ, զգում եմ հոգով` յուրաքանչյուր երանգը, հնչյունը, անգամ` բույրը: Տարօրինակ է, բայց այն ժամանակ, երբ տեսնում էի, կարծես` հոգի չունեի:
Կերտեն ամաչկոտ ժպտաց.
– Փիլիսոփայում եմ: Սակայն մտածում եմ`օրինակ, ինչու՞ են երաժշտության հնչյուններն ամենաշատը 7-ը, 7-ն են նաև գույները, որոնք մարդկային աչքը կարող է տեսնել: Մի՞թե այս ամենը պատահականություն է, կամ մի՞թե այսքան կազմակերպված աշխարհում որևէ պատահական բան կա, կարո՞ղ է լինել:
Կատավին, թվաց, չի լսում.
– Հետաքրքիր է: Իսկ ի՞նչ կասես` ինչպիսի՞ն է, ի՞նչ գույն ունի, օրինակ, դոն, ռեն կամ սոլը…
Տղան ընդհատեց ընկերուհուն.
– Օկտավան նույն հաջորդականությունն ունի, ինչ որ գույները ծիածանի մեջ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:
– Այդ դեպքում` ի՞նչ գույն ունի սի բեմոլը,- Կատավին խորամանկ քրքջաց:
– Գույները 7-ն են, իսկ երանգները` հազարավոր: Սի բեմոլը թառամող մանուշակի գույն ունի: Տխուր գույն է:
– Կերտե, դու զարմանալի, արտասովոր ու ….. լավ մարդ ես:- Կատավին վեր կացավ և պատրաստվեց հեռանալ:
Կերտեն հանկարծ բռնեց աղջկա թևից ու առանց նրա կողմը շրջվելու հարցրեց.
– Ես միայն զարմանալի, արտասովոր ու լավ մա՞րդ եմ: Այդքանը՞:
– Չէ:- Կատավիի ծիծաղը զրնգաց սենյակում:- Դու աշխարհի ամենազարմանալի, ամենաարտասովոր ու ամենալավ մարդն ես: Ես ուրախ եմ, որ քեզ նման ընկեր ունեմ:
– Սպասիր, Կատավի, ես քեզ կարևոր բան ունեմ ասելու:
Աղջիկը վերադարձավ իր տեղն ու կախեց հայացքը:
– Քեզ համար եմ ուզում վիրահատվել, միայն քեզ համար: Աչքերն ինձ` քեզ` քեզ նման տեսնելու համար են պետք:
Կերտեն հազիվ էր խոսում: Բառերը շարվել էին կոկորդում ու չէին ուզում դուրս գալ:
– Գիտեմ:- Այս անգամ Կատավին բռնեց ընկերոջ ձեռքը:- Միշտ չէ, որ բան ասելու համար բառեր են հարկավոր: Ես դա գիտեմ:
Հետո նա կրկին սկսեց ծիծաղել.
– Վախենամ, երբ ինձ տեսնես, զղջաս ասածներիդ համար:
– Ես քեզ տեսնում եմ` քո կրակագույն մազերը, ճերմակ ատամներդ, երբ ծիծաղում ես, կանաչ աչքերդ եմ տեսնում, պեպեններդ …
Կատավին անհանգիստ շարժվեց տեղում:
– Լսում եմ քո հնչյունները: Քո բոլոր բջիջները հնչողություն ունեն` եզակի, անկրկնելի, իսկ հնչյունը`գույն է, այն հազար ու մի երանգ ունի,- շարունակեց տղան:
– Կներես, կարծում էի` կատակում ես:- Կատավին մոտեցավ հայելուն և մեխանիկորեն ուղղեց ճակատը վարագուրող անհնազադ մազափունջը:- Իսկ գուցե՞ 7-ը աստվածային թվանշան է, ինչ- որ բանի լրման, ամբողջացման նշան:
– Ես արդեն 7 տարի է կույր եմ:
Կատավին ափերի մեջ առավ ընկերոջ ձեռքը, հրաժեշտ տվեց` համբուրելով տղայի այտն ու գնաց:
Կերտեն այդպես էլ տեղից վեր չկացավ:
Հաջորդ մի քանի օրը Կատավին չերևաց:
Կերտեն զղջում էր իր թուլության համար. ինչու՞ անկեղծացավ, ինչու՞ այդքան խոսեց, հիմար է …
Միակ մխիթարությունը դաշնամուրն էր: Նա նվագում էր, նվագում էր օր ու գիշեր, ավելի շուտ`գիշեր ու գիշեր: Երբեմն համակարգչի մոտ էր նստում` մորը խնդրելով իր համար Լիստի «Դանթե» սոնատը միացնել, իսկ մնացած ամբողջ ժամանակ լռում էր:
Ծնողները հասկանում էին` ինչ է կատարվում որդու հետ, սակայն Նասալի Վուն Սալպային թույլ չէր տալիս միջամտել.
– Այդպես նա ավելի վճռական կլինի: Կուզենա նորից տեսնել:
Շաբաթվա վերջում, երբ կարծես արդեն տոկալու ուժ չէր մնացել, այդքան սպասված լուրը նորից խաթարեց տան հարաբերական անդորրը. վիրահատության նախապատրաստական աշխատանքներն էին ավատրվել ու մի քանի հանրահայտ կենսաինժեներ ու բժիշկներ էին ժամանել արտերկրից:
– Կիրակի ենք վիրահատվելու,- հայտարարեց Նասալի Վուն ու անմիջապես փակվեց աշխատասենյակում:
– Այսինքն`վաղը չէ, մյուս օրը՞,- հարցրեց շվարած կինն ու անարձագանք մնաց:
Վերջապես, երբ հասկացավ, որ ամուսնուց որևէ բան իմանալն անիմաստ է, Սալպան քաշվեց խոհանոցի իր անկյունը, մոմ վառեց Աստվածամոր արձանիկի առջև ու խոսեց` ինչքան սիրտը կամեցավ: Այս անգամ նա արձագանքի չէր սպասում:
Երբ մոտենում էր վիրահատարանին, ինչ-որ ծանոթ, տաք գույն լցվեց մաշկից ներս ու ամեն բան այնտեղ տակնուվրա արեց: Կերտեն կանգնեցրեց հիվանդասայլակը հրող բուժակին ու ձեռքն առաջ պարզելով` շշուկով դիմեց երանգների խառնաշփոթին.
– Կատավի՞….
– Այո, ես եմ Կերտե:
– Կսպասե՞ս….
– Անպայման…
Վիրահատությունը մի քանի փուլով անցավ` վիրաբույժների 2 հերթափոխով, սակայն Կերտեն ոչինչ չզգաց: Նա պառկած էր ծովի լազուրի վրա ու երկնքի լազուրին էր նայում: Արևը ծակում էր աչքերը, սակայն որքան էլ փորձում էր, կոպերը փակել չէր կարողանում: Ծովի վրա իր դաշնամուրն էր, ստեղները ծիածանագույն ու ծիածանակերպ էին: Կատավին էր նվագում` ճոճելով կրակագույն մազերն ու գոռում էր ականջին.
– Արթնացիր, Կերտե, արթնացիր: Ամեն ինչ ավարտվեց, տղաս: Ապրես:
Ցավ չէր զգում: Երևի չէր ուզում զգալ: Կամ էլ բուժքույրներն էին կաթոցիկի մեջ ցավազրկող ներարկում:
Կարևոր չէր: Կարևորը գույնն էր, Կատավիի գույնը:
Օրերն անցնում էին, սակայն փոխվող վիրակապերի հետ ոչինչ չէր փոխվում:
– Տուն եմ ուզում գնալ:- Կերտեն զգաց հիվանդասենյակում հոր ներկայությունը:
– Շուտով, տղաս, բան չմնաց: Երկու օրից տանը կլինես:
Տունն առաջվանն էր` իր հնչյուններով, իր գույներով, որոնք այնքա՜ն լսելի էին կարոտած ականջների համար:
Կատավին կողքին էր, նվագում էր, միասին Լիստ էին լսում: Թվում էր` ոչինչ չի փոխվել: Երբեմն Կերտեն իրեն բռնում էր այն մտքի վրա, որ իրականում չի էլ ուզում, որ ինչ որ բան փոխվեր իր կյանքում: Չորս կողմը լազուր էր` սեր էր: Կերտեն գիտեր սիրո գույնը:
Հեռախոսազանգը վերականգնեց իրականության զգացումը, և տաքսին իրեն ու Սալպային հիվանդանոց տարավ:
– Ակնոցդ պատրաստ է, տղաս,- հորը չէր հաջողվում թաքցնել հուզմունքը:
Վիրակապը հանեցին ու նստեցրին ինչ-որ սարքի առաջ:
– Ի՞նչ ես տեսնում, Կերտե:- Հայրը չէր:
Ակնոցը հարմար էր: Նա դանդաղ պտտեց հայացքն ու կտրուկ կանգ առավ: Հետո գլուխն առավ ձեռքերի մեջ ու հանկարծ հուսահատ բղավեց.
– Ոչինչ, ոչինչ չեմ տեսնում….
– Ճիշտ է: Սենյակում մութ է,- հանգիստ պատասխանեց ձայնը:
Տղան կարծես հանդարտվեց ու սպասեց: Դողացող ոտքերը, սակայն, մատնում էին զգացմունքների անպատնեշ հորձանքը:
– Իսկ հիմա՞…. ,- ձայնը մնաց օդում:
– Տեսնում եմ, լույս եմ տեսնում, – Կերտեն ճչաց ու աչքերից պոկեց ակնոցը:
Նա մոլորված այս ու այն կողմ նայեց, ապա, երևի ըմբռնելով կատարվածը, կրկին հագավ զարմանալի սարքը.
– Ես միայն ակնոցով եմ տեսնելու, կներեք, մոռացել էի:
– Ոչինչ,- ձայնը կողքին էր:- Կարող ես տուն գնալ: Մի քիչ սիրտդ կխառնի և վերջ:
Կերտեն ճանապարհին աչքերը չբացեց: Հավանաբար վախեցավ ինչ-որ բան տեսնել ու չհասկանալ: Սակայն դեղին վարդերի գույնն ավելին էր, քան հուսախաբության բոլոր վախերը միասին վերցրած, ու կոպերն իրենք ետ գնացին:
Գլուխը պտտվեց: Կընկներ, եթե հայրը կողքին չլիներ:
Անկողնում երկար պառկեց: Ոչ ոքի տեսնել չէր ուզում:
– Ինչու՞, ախր հրաշք է կատարվել: Աշխարհում այսպիսի վիրահատություն առաջին անգամ են արել: Ես գիտեմ, դու տեսնում ես:- Սալպան նախաճաշով, ճաշով և ընթրիքով սկուտեղը ձեռքին կանգնում էր որդու ննջարանի դռան մոտ, ապա վհատված հեռանում:
Նասալի Վուն, սակայն, համբերել չէր պատրաստվում: Նա պարզապես կոտրել տվեց դռան փականն ու ննջարան մտավ.
– Ինչու՞ ես մեզ հետ այսպես վարվում, Կերտե: Մորդ գոնե խղճա:
Ի պատասխան` Կերտեն հագավ ակնոցն ու նայելով հորը` պոռթկաց.
– Ես գիտեմ, դու իմ հայրն ես, բայց ես քեզ չեմ ճանաչում: Մարդիկ սևուսպիտակ չեն լինում:
– Հասկանում եմ: Գիտեմ: Կսովորես: Գիտությունը դեռ գունազգայուն սարքավորումների պատրաստման նախնական փուլում է: Մի օր դա էլ կլինի:
– Ե՞րբ… Տա՞ս, քսա՞ն, թե՞ հարյուր տարի հետո… Չէ, դու չես հասկանում: Դու չես տեսնում այն, ինչ ինձ եք պարտադրում տեսնել: Քո նվիրած աշխարհում գույն չկա, հոգի չկա: Սա մեռյալների աշխարհն է: Ես չեմ ուզում քայլող դիակներ տեսնել: Չեմ կարողանում սև ցողուններ ու մոխրագույն վարդեր տեսնել, հասկանու՞մ ես …
– Անշնորհակալ մի եղիր: Աշխարհի լավագույն գիտնականներն են աշխատել քեզ համար, որպեսզի դու տեսնես վերջապես:
Կերտեն արտասվում էր` բարձը գրկած: Նա ոչինչ չէր լսում: Նա այլևս ուժեղ, քաջ լինել չէր կարողանում, չէր ուզում:
Օրերն անցնում էին անորոշ գորշության մեջ, և Կերտեն հասկանում էր, որ մի ավելի կարևոր, թանկ բան է վճարել տեսնելու համար այն ունայնությունը, ինչ տեսնում էր իր նոր աչքերով, եթե, իհարկե, դրանք աչքեր էին:
Սակայն աղոտ մի հույս, գույնի աղոտ մի հիշողություն դեռևս չէր մեռնում, և նա փորձում էր հարմարվել ակնոցին: Հանում էր, նորից էր կրում, էլի հանում….
Ետևում լույսի ինչ-որ փայլատակում զգաց: Հասկացավ` Կատավին է:
– Ողջույն Կերտե:
Նա կանգնել էր տղայի ետևում և կարծես չէր պատրաստվում առաջ գալ:
– Ողջույն:- Կերտեն ևս չէր ուզում շրջվել եկվորի կողմը:
Սալպան, որ կանգնած էր մուտքի աստիճանների վրա, կարծես գտավ ելքը.
– Կատավի, սիրելիս, ներս եկեք: Ձեզ համար համեղ սուրճ կպատրաստեմ:
Պատասխան չեղավ:
Կինը դանդաղ տուն մտավ ու գլուխը ամուսնու կրծքին հենելով` կանգնեց դեպի այգին նայող պատուհանի առջև:
Վերջապես Կատավին երկու քայլ արեց ու հայտնվեց տղայի դիմաց.
– Գիտեմ, որ տեսնում ես: Ինչու՞ ես նազուտուզ անում, խռովում բոլորից:
– Մայրս է ասե՞լ:
– Այո: Եվ որքա՞ն կարելի է սպսել քո ննջասենյակի դռան մոտ:- Կատավին փորձեց կատակել:
– Կներես, երևի կյանքից շատ բան եմ ուզում, երբ դրա իրավունքը չունեմ:
– Հիմա ի՞նչ: Ուզում ես` քեզ խղճամ: Ես ուրիշ Կերտե էի ճանաչում: Նա իմ ընկերն էր:
– Այն Կերտեն այլևս չկա, մեռել է: Նա գույն էր տեսնում: Նա …. քեզ էր տեսնում…
Կատավին նստեց խոտերին` տղային ևս ստիպելով ցած իջնել: Հետո Կերտեի ձեռքը դարձյալ առավ ափերի մեջ ու ակնդետ ակնոցի մեջ նայեց.
– Ասա, միայն ճիշտն ասա` ինչպիսի՞ն եմ ես:
Տղան փորձեց փախցնել հայացքը: Չկարողացավ.
– Չգիտեմ: Դե… ոնց որ մոխրագույն թղթի վրա սև մատիտով արված գծանկար….
– Արդեն լավ է:
Կատավին հանկարծ թեքվեց տղայի կողմն ու անհաստատ համբուրեց Կերտեի շրթունքները:
Կերտեն շփոթվեց, կախեց գլուխն ու ակնոցի ետևում սեղմեց կոպերը:
– Դու ընկերուհի ունեցե՞լ ես,- Կատավին անվարժ շոյեց տղայի մազերը:
– Ունեցել եմ, երևի, չգիտեմ:- Կերտեն սկսեց խոսել:- Դպրոցում, երբ դեռ տեսնում էի: Հետո ամեն ինչ ավարտվեց: Ասենք` չէր էլ սկսվել:
– Նա ի՞նչ գույն ուներ…
– Չգիտեմ: Երևի այն ժամանակ ես դեռ հոգի չունեի, կամ էլ հոգին չուներ ինձ:
Կերտեն անսպասելի դեն նետեց ակնոցն ու գրկեց աղջկան:
– Ես միայն ուզում էի, որ դու երջանիկ լինես,- շշնջաց Կատավին:
Բառերը դարձյալ կորել էին:
Կերտեն պարզապես տեսնում էր: Տեսնում էր Կատավիի կանաչ աչքերը, կրակագույն մազերը, վարդագույն շրթունքներն ու երկնքի լազուրը, որ հնչում էր ականջներում: Լազուրն ամենուր էր: Այդ ամենը տեսնելու համար աչքեր հարկավոր չէին: Կերտեն գիտեր, որ գույնն իր ներսում է, յուրաքանչյուր բջջի մեջ, երակներում: Այն Լիստի հունգարական ռապսոդիան էր, որ խենթացնում էր, ստիպում էր սիրել, ստիպում էր տեսնել:
Պատուհանի մոտ կանգնած Նասալի Վուն երջանիկ էր: Նա փակեց հոգնած աչքերն ու հանկարծ ծիածան տեսավ: Գույնն ամենուր էր`տանը, դրսում, Սալպայի, Կերտեի, Կատավիի մեջ: Անձրև չկար, չէր եղել: Թվաց` ինչ-որ մեկը վիրահատական սեղանի վրա այսքան ժամանակ իրականում իր աչքերն էր վիրահատում:
Ծիածանը տեսնելու համար արժեր 7 տարի պառկել այդ սեղանին` Գույն բաժանողի և Ամենամեծ տեսանողի նշտարի տակ: