Կիրակի, 06. 10. 2024

spot_img

Հրանուշ Հակոբյան. «Հաջորդ տարի մենք ասելիք ու անելիք ունենք, Հայ դատն առաջ տանելու խնդիր»

Ներկայացնում ենք Aysor.am-ի հարցազրույցը  ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, ում հետ լրատվամիջոցը զրուցել է ոչ միայն նախարարության գործունեությունից, այլև 2015 թվականի անելիքներից:

– Տիկին Հակոբյան, նախ անցնող տարվա մասին: Ո՞րն եք համարում ձեր նախարարության գլխավոր ձեռքբերումը 2014թ.-ին:

– Կարևոր ձեռքբերում կարելի է համարել վստահության ավելացումը, ինչը շատ կարևոր է կազմակերպությունների հետ աշխատանքում: Նախորդ տարի այդ վստահության շնորհիվ մեր ծրագրերն ընդլայնել ենք: Մեր ծրագրերում ավելացել է ոչ միայն մասնակիցների թիվը, այլև՝ աշխարհագրությունը:

Կարևոր ձեռքբերում է այն, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ձեռնարկներն ու նախապատրաստական աշխատանքները շատ լայն թափ են ստանցել: 60-ից ավելի երկրներում գոյություն ունեն տարածաշրջանային հանձնախմբեր, որոնք լրջորեն նախապատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Սա ուրախալի փաստ է: Եվ ուրախալի է, որ դրան ընդառաջ մի շարք երկրների խորհրդարաններում (Հունաստան, Ֆրանսիա) ընդունվում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, իսկ բոլորովին վերջերս Բոլիվիայի Խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Եվ այս պայքարը շարունակվում է:

Ձեռքբերում եմ համարում նաև սփյուռքահայ համայնքների կառույցների ձևավորումը, որոնք ակտիվորեն աշխատանք են իրականացնում նաև ԼՂ ճանաչման հետ կապված: Այդ կառույցներն ակտիվ աշխատում են տարբեր շրջանակներում և ընդլայնում նաև Արցախի ճանաչման գործընթացը: Մի շարք նահանգային խորհրդարաններ արդեն ճանեչել են Արցախի ինքնորոշումը: Դրանց թվում են Բասկերի Երկրի Խորհրդարանն ու ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սենատը: Սրանք ես համարում եմ մեծագույն ձեռքբերումներ: Մեր ծրագրերը, որոնք իրականացրել ենք այս ընթացքում, որևէ մեկը չի ձախողվել, որևէ մեկը չի քննադատվել: Դրանք եղել են ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին:

Մեծագույն ձեռքբերում եմ համարում նաև «Հայրենիք-Սփյուռք» 5-րդ համաժողովը, որի ընթացքում մասնակիցների ու կազմակերպությունների թիվը ևս ընդլայնվել է:  Դա աննախադեպ գործընթաց էր, քանի որ 4 օր շարունակ համաժողովը ընթացավ հայրենիքում: Այդ ընթացքում մշակվեց և ընդունվեց մի հայտարարությունը, որը հաջորդ երեք տարիների համար կլինի ծրագրային, նպատակային և գործող: Սա թույլ կտա Սփյուռքում գործող յուրաքանչյուր համահայկական կազմակերպության մշակել իր հետագա անելիքներն ու ծրագրերը՝ ելնելով այդ համահայկական առաջնահերթություններից:

-Սիրիական կոնֆլիկտի սրացումից հետո Հայաստանն ընդունեց բազմաթիվ սիրիահայ ընտանիքների: Եղան աջակցության մի շարք ծրագրեր, և այնուամենայնիվ, եղան նաև դժգոհություններ: Դուք որպես Սփյուռքի նախարար, ինչպե՞ս կգնահատեք սիրիահայ ընտանիքների վիճակը Հայաստանում ու նրանց աջակցելու ի՞նչ ծրագրեր են գործում հիմա:

-Գիտեք, եթե 17 հազար մարդուց 1-2-ն ինչ-որ դժգոհություններ են հայտնում, որոնք կապ չունեն պետության ու պետական մարմինների հետ, դա չի նշանակում, որ դժգոհություններ կան: Մեր 3 տարիների աշխատանքի ընթացքում, այդ թվում՝ 2014 թվականի, ծավալուն աշխատանքներ են իրականացվել: Սիրիահայերի թիվը, որոնք հաստատվել են Հայաստանում, արդեն հատում է 12000-ը: Դա մեր աշխատանքի նպատակային լինելու արդյունքն է, որը կարծում եմ՝ հաջողված է: Հակառակ դեպքում մեզ չէին դիմի, այլ մյուսների նման կհեռանային Հայաստանից: Շատ ուրախ եմ, որ շուրջ 1500 սիրիահայ աշակերտներ այսօր դպրոց են հաճախում, 900-ից ավելի ուսանողները սովորում են Հայաստանի տարբեր բուհերում: Այս ամենը նրանց համար անվճար է կազմակերպվում, Հայաստան պետության կողմից բոլոր պայմանները ստեղծված են նրանց համար: Այսօր հազարավոր մարդիկ ստանում են անվճար բուժօգնություն. սիրտ են վիրահատում, օգտվում են տարբեր բժշկական ծառայություններին: Այդ ամենը անվճար հիմքունքներով է իրականացվում:

Այսօր կարելի է ասել, որ պետություն-սիրիահայ փոխհարաբերությունները ամբողջությամբ կայացած են. բոլոր հիմնական ծառայությունները անվճար են, որոնք վերաբերում են մուտքին, ելքին, ավտոմեքենայի արտոնագրերի հարկերին, ավտոմեքենայի մուտքի ու ելիք հարկային մուծումներին և այլն: Կան արտոնություններ, որոնք ևս իրականացվում են բացառության սկզբունքով: Դրանք կապված են անձնագրերի, փաստաթղթային հարցերի ու իրավաբանական ծառայությունների հետ: Մենք միաժամանակ լուրջ աշխատանքն ենք իրականցնում սիրիահայերին աշխատանքով ապահովելու ուղղությամբ: Փոքր և միջին բիզնեսի հետ կապված՝ մենք տանում ենք լուրջ աշխատանքներ: Նրանք ծանոթանում են ՀՀ օրենսդրությանը, որպեսզի հետագայում կարողանան տեղյակ լինել բիզնես ոլորտի յուրաքանչյուր գաղտնիքներից: Այսօր 100-ից ավելի երիտասարդներ ստացել են կես մլնից ավելի դոլար վարկեր, որոնք արդեն դրվել են շրջանառության մեջ:

Կարծում եմ, որ սրանք խոսուն փաստեր են, և սիրիահայ երիտասարդները հաջողությամբ կարողացել են բոլոր դժվարությունները հաղթահարել: Շատ կարևոր է, որ այսօր սիրիահայերը գրագետ ու կազմակերպված կարողանում են աշխատել,  նրանք շատ խելացի, բանիմաց, գրագետ ու ազգային մարդիկ են: Այսօր նրանք մեզ մոտ նոր մշակույթ են բերել և աշխատում են աշխատանքի ու մարդկանց նկատմամբ փոխադարձ հարգանք տածելով: 2014 թվականին 4-5 ցուցահանդեսներ են կազմակերպվել, որտեղ ներկայացվել են նրանց ձեռքի աշխատանքները: Նրանք հերթական անգամ իրենց ստեղծագործական աշխատանքներով ու մտքով զարմացրել ու գերել են Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին: ԵԽ ուսումնասիրելու ու քննարկելու է տարբեր երկրներում ապրող սիրիացիների հետ տարվող աշխատանքը և իր գնահատականն է հնչեցնելու այս ուղղությամբ: Կարծում եմ, որ մեզ մոտ խնդիրներ ընդհանրապես չեն լինելու, քանի որ Հայաստան պետության կողմից տարվող աշխատանքը լավագույնն է լինելու:

-Հասարակության մեջ հաճախ քննարկվում է՝ արդյոք կարիք կա՞ ունենալ առանձին Սփյուռքի նախարարություն: Հատկապես այն պարագայում, որ հիմա կա նախարարությունների միացման գործընթաց: Ձեր գնահատականն այս քննարկումներին և որքանո՞վ եք հավանական համարում Սփյուռքի նախարարության միաձուլումն այս կամ այն նախարարության հետ:

-Նախ դրանք քննադատություններ չեն, այլ կարծիքներ, որը մեզանից յուրաքանչյուրն էլ ունենալ կարող է: Ապրում ենք ազատ անկախ Հայաստանում և յուրաքանչյուր մարդ ունի իր ասելիքը: Ինչ վերաբերում է մեր նախարարությանն՝ ասեմ, որ Սփյուռքի նախարարությունը Հայաստանցիների համար չէ, որպեսզի հայաստանցիները մտահոգվեն կամ որոշեն, այդ նախարարությունը պետք է Հայաստանին, թե ոչ: Սփյուռքի նախարարությունը սփյուռքահայերի համար է նախատեսված, նրանք էլ պետք է գնահատականներ հնչեցնեն: Մեր նախարարությունը դրսում ապրող մեր հայրենակիցների խնդիրներով է զբաղվում, իսկ թե ինչպիսին է մեր աշխատանքը կարծում եմ պետք է հարցնել դրսում ապրող մեր հայրենակիցներից: Բոլորը սփյուռքահայերն էլ միշտ ողջունել ու շնորհավորել են այս նախարարության աշխատանքը, ոգևորվել՝ նախարարության գործունեությամբ: Եթե նախարարության մասին այլ կարծիքներ լինեին, սփյուռքահայը նպատակահարմար չէր գտնի մեզ հետ համագործակցել. մեր բոլոր ծրագրերը կտապալվեին: Կրկնում եմ, մենք աշխատում ենք սփյուռքի համար:

Մեր գործունեության ոլորտն ու օբյեկտը սփյուռքն է:  Գալով նախարարության լուծարմանը՝ նախ ասեմ, որ նախարարությունները քարացման մեխանիզմով չեն աշխատում: Դրանք և՛ ավելանում են, և՛ լուծարվում, և՛ միաձուլվում, և՛ փոքրանում: Կյանքն այսօր այնպիսին է, որ իր հետ բերում է նոր փոփոխություններ, այդ թվում և՝ կառավարման համակարգում: Եթե վաղը նպատակահարմար եղավ, չի բացառվում, որ լուծարվի: Տա Աստված, որ մենք սփյուռք չունենանք, սփյուռքի նախարարությունն էլ չլինի: Ինչ վերաբերում է արդեն նախարարության միաձուլմանն, ապա պետք է հաշվի առնել, թե կառավարման համակարգին ու իշխանությանն ինչ գործիքներ են այսօր պետք: Երբ մեր իշխանություններին անհրաժեշտ չեղավ «սփյուռքի նախարարություն» կոչվող գործիքը, մենք ևս կլուծարվենք ու կմիանանք այս կամ այն նախարարությանը: Կարծում եմ, որ այս թեման ավելորդ շահարկումների ու խոսակցությունների թեմա չպետք է դառնա:

Նախարարությունը ստեղծվել է պահի նպատակահարմարությունից ելնելով: Իսկ այն, որ այս նախարարությունն արդեն 17 տարի ուշացած է ստեղծվել, դա արդեն իսկ փաստ է: Երբ 1991 թվականին Հայաստանն անկախացավ, ամբողջ հայությունը երջանկությունից, ոգևորությունից չգիտեր ինչ անել: Ժողովուրդն ուզում էր համախմբվել, գործ անել Հայաստանում, բայց այդ ամենը համակարգող մարմին չկար: Այսօր ահա, կարելի է ասել, որ գոյություն ունի մի մարմին, որ կարողանում է համախմբել գիտելիքը, ուժը, հայրենսիրությունն ու մարդկանց ունակությունները, ինչը ողջունելի է բոլորի կողմից:

-Եվ վերջում, ձեր մաղթանքը գալիք տարում մեր հայրենակիցներին, այդ թվում՝ Սփյուռքի ներկայացուցիչներին: 

-Իբրև սփյուռքի խնդիրներ համակարգող մարմին, ուզում եմ նախևառաջ շնորհավորել բոլորին ու մաղթել միայն ու միայն խաղաղություն: Այդ խաղաղությունն այսօր ոչ միայն Հայաստանին ու տարածաշրջանին է պետք, այլ ամբողջ աշխարհին: Մաղթում եմ, որ 2015 թվականը լինի խաղաղության, հանգստության, կայունության տարի: Ամբողջ աշխարհում էլ կան հայեր, և եթե որևէ երկրում ինչ-որ խնդիր է առաջանում, դա նաև ազդում է մեր հայրենակիցների վրա, և հետևաբար Հայաստանը դառնում է դրա անմիջական կրողը: Ես կցանկանամ նաև, որ մեր հայության պատիվն ու անունը շատ ավելի բարձր հնչի: Մեր մեջ կան մարդիկ, ովքեր իսկապես փառքի են արժանի և պատիվ կարող են բերել ցանկացած ազգի: Պետք է մեր պատիվը բարձրացնել, գնահատել, ուժ տալ և ոգևորել նրանց: Կցանկանայի, որ 21-րդ դարում մեր երիտասարդությունը շատ մրցունակ ու գրագետ լիներ:

Այսօր իսկապես գիտելիքի, գաղափարի ու նորարարության դար է, իսկ դրա կրողը նախևառաջ պետք է լինի երիտասարդությունը: Մաղթում եմ, որ 2015 թվականին նրանք նորանոր բարձունքների հասնեն: 2015 թվականը մեզ համար նաև խորհրդանշական է: Ուզում եմ, որ այն նշանավորվի ոչ միայն մեր պետության համար, այլև՝ ազգի: Նպաստավոր տարի լինի մեր Արցախի համար: Ուզում եմ, որ տարին նշանավորվի Հայոց ցեղասպանության ճանաչմամբ ու դատապարտմամբ: Վերջապես Թուրքիան դարձի գա ու ընդունի իր սխալը, որպեսզի պատմությունը չկեղծի ու աղավաղի: Ուզում եմ, որ վերջապես Թուրքիան դադարի սեպ խրել Հայաստանի ու հայկական սփյուռքի միջև, չնայած՝ կարծում եմ դա նրան այդպես էլ չի հաջողվում:

2015 թվականը պետք է հայ ժողովրդի համար դառնա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիսանության համախմբման կազմակերպվածության մի յուրօրինակ տարի: Հաջորդ տարի մենք ասելիք ու անելիք ունենք, Հայ դատն առաջ տանելու խնդիր ունենք: Պետք է կարողանանք աշխարհի շատ հարթակներում ու ատյաններում մեր խնդիրները բարձրացնել ու պահանջել մեր համայնքային ու համազգային իրավունքները: Տա Աստված, որ այն առավելագույնն ու նվազագույնը, որ մենք ցանկանում ենք, իրականան 2015 թվականին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ…

www.hayernaysor.am

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին