Օգոստոսի 10-ին, Թեհրանի Իսլամական ազատ համալսարանի (ԻԱՀ), Օտար լեզուների ֆակուլտետի, Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ եւ դասախոս՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնյանը իրանահայ մամուլի ներկայացուցիչներին հրավիրել էր համալսարան՝ մոտիկից ծանոթանալու ամբիոնի ու նրա առջեւ ծառացած դժվարությունների հետ:
Հանդիպման սկզբում դոկտ. Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց մամուլի ներկայացուցիչներին՝ հրավերն ընդառաջելու համար, ապա ամփոփ կերպով տվեց ամբիոնի պատմությունը:
«Ամբիոնը հիմնադրվել է 1995 թվականին, Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի հետ ստորագրված փոխադարձ համաձայնությամբ, Թեհրանում՝ հայերեն, Երեւանում՝ պարսկերեն լեզվի եւ գրականության ամբիոն հիմնելու նպատակով: Անցած 19 տարիների ընթացքում ամբիոնը տվել է 420 շրջանավարտներ, իսկ այս տարեշրջանում ունի յոթը ուսանող»,- ասաց նա, ապա անուն առ անուն հիշեց ամբիոնում դասավանդվող առարկաներն ու նրանց դասախոսներին՝
– Քերականություն, ձեւաբանություն եւ շարահյուսություն՝ պրն. Հրայր Շահնազարյան,
– Հայ ժողովրդի պատմություն, Իրանի հայ համայնքի պատմություն՝ դոկտ. Կարեն Խանլարյան,
– Բանահյուսություն, Գրաբար, Ուղղագրություն եւ թելադրություն՝ տկն. Քարմեն Ազարյան,
– Գրականության տեսություն, Միջազգային գրականություն, Ոճաբանություն եւ Գրաքննադատություն՝ Նորայր Միքայելյան,
– Հայ ժողովրդի պատմություն եւ Իրանի մշակույթի պատմություն՝ օր. Արփի Մանուկյան,
– Լեզվաբանություն, Հայերեն դասական եւ արդի գրականություն, Հայոց լեզվի պատմություն՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնյան:
Վերոհիշյալ առարկաներին պետք է ավելացնել նաեւ մյուս ճյուղերի հետ ընդհանրություն ունեցող առարկաները՝ Պարսկերեն, Անգլերեն, Սպորտ, Իսլամական հեղափոխություն եւ այլն, որոնք դասվանդվում են տարբեր դասախոսների կողմից: Ամբողջության մեջ ամբիոնի ուսանողները ութը կիսամյակի ընթացքում պիտի ընդունեն եւ հանձնեն 142 միավոր դաս:
Դոկտ. Սիմոնյանը շեշտելով, որ մեր դասերի ծրագիրը լրիվորեն նույնն է ինչ Երեւանի ՊՀ ծրագիրը, հավելեց. «Շրջանավարտները, ցանկության դեպքում, կարող են ուսումը շարունակել Իրանում՝ լեզվաբանության եւ բանասիրության իսկ Հայաստանում դրանցից բացի նաեւ գրականության եւ պատմության ճյուղերում»:
Նա ամբիոնը համայնքի գանձերից մեկը համարելով, ասաց. «Այս ամբիոնը պիտի բոլորի տունը լինի, այստեղ գաղափարական հարցեր չկան: Սա ազգային կապիտալ է, չի կարելի անտարբեր վերաբերվել, ափսոս է: Այս լացը ո՞ւմ մոտ լացենք»: Նա դժգոհելով ուսանողներին ֆինանսավորող մարմիններից նշեց, որ հույսով ենք նրանք հարցի կարեւորությունն զգալով ամեն ինչ կանեն ամբիոնի ապագան երաշխավորելու համար: Նա կոչ արեց ամուր ձեռքերով պահել ամբիոնը, հատուկ ֆոնդ կազմակերպել ուսանողներին օժանդակելու եւ ավելի շահագրգռելու, որպեսզի ավելի շատ ուսանողներ ամբիոն մուտք գործեն եւ վաղվա ուսուցիչն ու դաստիարակը լինեն ավելի կրթված, ավելի պատրաստված»:
Հիշատակենք, որ Թեհրանի հայոց թեմի նախորդ շրջանի (2011-2013թթ.) Թեմական խորհուրդն իր «երկամեայ գործունէութեան սկզբունքներ եւ ռազմավարութիւն»-ում հստակորեն շեշտել էր՝ «Քաջալերել եւ սատար հանդիսանալ հայերէնագիտական բարձրագոյն կրթութիւն ստանալ ցանկացողներին օգտւել Համալսարանի Հայերէնագիտական Ամբիոնից», սակայն Դաշնակցություն կուսակցության ազդեցության ենթակա, Թեմական խորհուրդը մինչ այսօր որեւէ քայլ չի կատարվել այդ կապակցությամբ, այլ ընդհակառակը մեծ գումար է ծախսել առաջնորդարանի հայերենագիտական դասարանի վրա, որը չունի պաշտոնականություն, եւ որի գոյությունը եթե անցյալում ինչ-որ տեղ դրական էր, ապա վերջին 19 տարիներին՝ համալսարանում ամբիոնի հիմնվելուց հետո, լրիվորեն անիմաստ է, եւ հայերենագիտականի սաներին կարելի է ուղղորդել դեպի համալսարան, ավելի քիչ ծախս պարտադրելով ազգային բյուջեին:
Հանդիպման ավարտին մամուլի ներկայացուցիչները այցելեցին նաեւ ԻԱՀ Օտար լեզուների ֆակուլտետի նախագահ դոկտ. Մոհամմադ Զիարին, ով ջերմ դիմավորելուց հետո, ասաց, որ ինքը մեծ հարգանքով է վերաբերում հայ ժողովրդին: Նա հավելեց. «Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնը դժվար օրերից հետո դոկտ. Անդրանիկ Սիմոնյանի շնորհիվ, նոր շունչ է առել եւ հույս ունենք գնալով ավելի կհզորանա»:
Դոկտ. Զիարին ի միջի այլոց նշեց, որ «Մտածում եմ առաջիկա ապրիլ ամսվա ընթացքում մի ցուցահանդես կազմակերպել համալսարանի տարածքում՝ «Հայ մշակույթի օրեր» անվան ներքո եւ սպասում ենք, որ մեր հայ բարեկամները իրենց զգալի դերը կունենան դրանում»:
Դոկտ. Սիմոնյանը նշեց, «Նկատի ունենալով, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի օրերում կլինենք, դա լավ առիթ է համալսարանի շրջանակում խոսել այդ մասին»:
Ներկաներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ֆակուլտետի նախագահին այդ գեղեցիկ մտքի համար եւ խոստացան հնարավորինս օժանդակել այդ գործին:
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 12.08.2014թ.