*ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ, ԱՐԺԱՆԹԻՆ* Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեության համար Արգենտինայի հայ համայնքի մի շարք գործիչներ և արգենտինացի բարեկամներ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել են ՀՀ մեդալներով: Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ՀՀ պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ:
Արգենտինահայ համայնքի անդամները Նախագահ Սերժ Սարգսյանի Արգենտինա այցի կապակցությամբ հանդես են եկել համայնքի կողմից պատրաստված մշակութային մեծ ծրագրով:
Նախագահը շնորհակալություն է հայտնել համայնքին և նշելով, որ հուլիսի 8-ին Բուենոս Այրեսում հիշարժան իրադարձություն է լինելու` հիմնադրվելու է Հայոց ցեղասպանության թանգարանը, Արգենտինայի հայ համայնքին է նվիրել ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի` ցեղասպանության թեմայով նկարած գրաֆիկական աշխատանքներից մեկը, որն անվանի նկարիչը որոշ ժամանակ առաջ փոխանցել է ՀՀ Նախագահին: Սերժ Սարգսյանը նկարը սիրով հանձնել է արգենտինահայ համայնքին՝ որպես Բուենոս Այրեսում բացվելիք Հայոց ցեղասպանության թանգարանի առաջին ցուցանմուշ:
Համայնքը Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է պետական իշխանության նախագահական գավազան: Այն Նախագահին հանձնել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անչափ ուրախ եմ Արգենտինայում գտնվելու և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Եվ, իհարկե, կրկնակի ուրախ եմ, որ աշխարհագրորեն Հայաստանից հեռու այս երկրում այսքան հայաշունչ մթնոլորտ է տիրում:
Հայ համայնքների հետ հանդիպումները օտարերկրյա պետություններ իմ այցելությունների ընթացքում բարի ավանդույթ և օրակարգի կարևոր բաղկացուցիչ են դարձել: Մեր այս հանդիպումը նաև լավ առիթ է վերարժևորելու հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների անցյալն ու ներկան, խորհրելու, թե ինչպես կարելի է այդ համագործակցությանը նոր խթան հաղորդել:
Հայ-արգենտինյան հարաբերությունները պատմության բոլոր ժամանակահատվածներում եղել են ջերմ ու բարեկամական: Դրանում, անշուշտ, անգնահատելի է արգենտինահայերի ավանդը: Տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Արգենտինայում՝ դուք դարձել եք այս գեղեցիկ երկրի հասարակության անբաժանելի մասնիկը՝ ձեր արժեքավոր ներդրումը բերելով Արգենտինայի զարգացման գործում: Միայն հպարտանալ կարելի է նրանով, որ այսօր արգենտինահայերն աչքի են ընկնում իրենց կազմակերպվածությամբ և հասարակության մեջ լայն ճանաչումով:
Թեև աշխարհագրորեն մեզնից հեռու եք, հայրենիքում մենք մշտապես զգացել ենք ձեր ներկայությունը. ինչպես երկրաշարժի, այնպես էլ պատերազմի դժվարին տարիներին դուք զորավիգ եք եղել մեզ, օժանդակել Հայաստանի զարգացմանը: Շեշտեմ սակայն, որ դուք սատարել եք հայրենիքին առաջին հերթին ձեր հայ լինելով՝ գիտելիքով և գաղափարներով բնական կամուրջ կառուցելով ձեզ հարազատ երկու երկրների միջև:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պատմության անիվը շարունակում է պտտվել և, բարեբախտաբար, ի նպաստ մեզ: Սակայն դա լոկ բարեբախտություն չէ: Հայոց պետականության վերականգնմամբ հայ ժողովուրդը գտավ իր հենման կետը, որպեսզի ինքնուրույն մասնակից լինի այդ անիվը առաջ մղելու գործին:
Մենք՝ հայերս, այլևս այդ անիվի ընթացքի լոկ ականատեսը չենք, այլ այն առաջ մղող դերակատարներից մեկը: Ինչ հաջողություն էլ որ ունեցել ենք՝ առաջին հերթին հնարավոր է եղել մեր հավաքական ջանքերի և վճռականության շնորհիվ: Որտեղ էլ թերացել ենք՝ թերացել ենք առաջին հերթին հենց մենք:
Պետականության խորհուրդը սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, պատմական պատասխանատվությունը վստահորեն ստանձնելու՝ հայ ժողովրդի անկոտրում կամքն է: Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի քաղաքական հասունության ամենակարևոր քննությունն է: Մենք չենք սպասում որևէ մեկի բարեհաճությանը, բայց միաժամանակ պատրաստ ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ լինել իրավահավասար, վստահելի, փոխշահավետ համագործակցություն հետապնդող գործընկեր:
Փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-արգենտինյան պատմական հարաբերությունները նոր բնույթ ստացան Հայաստանի անկախության վերականգնումից հետո: Զարգացավ մեր քաղաքական երկխոսությունը՝ նշանավորվելով ամենաբարձր մակարդակի փոխայցելություններով: Ընդլայնվեց մեր համագործակցության օրակարգը, ձևավորվեց արդյունավետ փոխգործակցություն միջազգային հարթակներում: Իմ պաշտոնական այցը Արգենտինա ևս վկայում է այս հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու փոխադարձ ցանկության մասին:
Երբ 1998 թվականին Արգենտինայի նախագահ Կառլոս Մենեմը այցելեց Հայաստան, իր ելույթում հատուկ խոսեց Արգենտինայի կյանքում հայ համայնքի հատուկ դերակատարության մասին, որն ուրախալի և հայի տեսակով հպարտանալու անմոռանալի պահ էր:
Հայ-արգենտինյան բարեկամությունը հարատև է, քանի որ հիմնված է Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների դավանած միևնույն արժեքների վրա: Ասածիս վկայությունը Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որը 2006 թվականին ստացավ օրենքի ուժ:
Այս հարցում, իհարկե, չափազանց մեծ է ձեր ավանդը: Ձեր ջանքերի շնորհիվ Արգենտինայում այսօր ստեղծվում է Հայոց ցեղասպանության թանգարան: Ուզում եմ բոլորիս շնորհավորել, եթե այսպես ասել, այս լավ առիթի համար և, իհարկե,
շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր որևէ ջանք են ներդրել այս կարևոր գործն իրականություն դարձնելու համար:
Սիրելի՛ բարեկամներ,
Հաջորդ տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը, անշուշտ, խորհրդանշական օր է. բոլորիս էլ պարզ է, որ ցեղասպանությունը չի սկսվել և չի ավարտվել մեկ օրում: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտել կատարվածը:
Սակայն վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան առերեսվելու է սեփական պատմությանը: Դրանով իսկ Թուրքիայի ղեկավարները կազատեն իրենց ժողովրդին այն ծանր բեռից, որ ստիպված կրում են արդեն մեկ հարյուրամյակ: Կարծում եմ՝ դրան մեծապես նպաստելու է հենց Թուրքիայում նոր թափ առնող հասարակական գիտակցությունը՝ ի դեմս երիտասարդ և ուսյալ սերնդի, որն այսօր արդեն ներողությունը գերադասում է ամոթալի ուրացումից:
Այո, հազարավոր թուրքեր մերժում են ուրացման պաշտոնական քաղաքականությունը և իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին: Այդ զարգացումներն ակնհայտ են, և դրանք ստիպում են Թուրքիայի իշխանություններին որոշակի քայլեր ձեռնարկել:
Թուրքիայի ղեկավարությունն այժմ անգամ խոսում է հայերի և թուրքերի շրջանում ,արդար հիշողությունե ստեղծելու անհրաժեշտության մասին: Սակայն իր հաջորդ քայլով իսկ փորձում է ականապատել արդարությունը՝ հավասարության նշան դնելով մեկուկես միլիոն քաղաքացիական անմեղ զոհերի, որոնք հիմնականում ծերեր, կանայք ու երեխաներ էին, և Օսմանյան կայսրության հանցագործ ղեկավարների արկածախնդրության պատճառով Առաջին աշխարհամարտում զոհված թուրք զինվորների միջև:
Դա ,արդարե հիշողություն չէ: Նման ,արդարությունե մենք ընդունել չենք կարող: Իրականում դա Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության նորացված, ավելի կատարելագործված ու վերափաթեթավորված տարբերակն է:
Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Սակայն մեր նախնիների հիշատակը պետք է հարգենք ոչ միայն մեր պայքարն իր նպատակին հասցնելով, այլև մեր Հայրենիքը զորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդն ու հնարավորություններն ի փառս Հայրենիքի օգտագործելով:
Պետք է յուրաքանչյուրս հպարտ լինի, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին մենք կանգնած ենք ուղղված մեջքով, բաց ճակատով և անկախ հայկական զույգ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությամբ: Անգամ մեզ պարտադրված դժվարին շրջափակման և ,ոչ պատերազմ-ոչ խաղաղությունե իրավիճակի պայմաններում Հայոց հայրենիքը շարունակում է զարգանալ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, այսօր սիրիահայությունը շարունակում է դժվարին իրադրության մեջ մնալ: Այսօր դա մեր ամենամեծ մտահոգությունն է: Մենք անում ենք հնարավորը և շարունակելու ենք մեր աշխատանքը` նրանց համար արժանապատիվ կեցություն ապահովելու համար:
Վստահ եմ, որ աշխարհագրական հեռավորությունը ձեզ համար խոչընդոտ չէ, և սիրիահայ մեր քույրերի ու եղբայրների տառապանքը արձագանք է գտնում ձեր սրտերում: Որևէ կասկած չունեմ, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Արգենտինայում յուրաքանչյուր հայի սիրտ ցավում է ամեն մի հայի թափած արցունքի ու տառապանքի համար:
Սիրիայի այս ճգնաժամը ևս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ մենք բոլորս գիտենք. Հայաստանն ու Սփյուռքը ուժեղ են միասնաբար: Մենք Հայաստանում ավելի զորեղ ենք զգում՝ ունենալով Սփյուռքի զորակցությունը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի ներկայությունը, ձեր ազատ ու անկախ Հայաստանի գոյությունը: Ուստի և հորդորում եմ ձեզ առավել ակտիվ ներգրավվել համազգային խնդիրների լուծման գործում: Մենք նախանձախնդիր ենք Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում:
Մեր խնդիրն է, որ երիտասարդները հայ մնան և հայերեն խոսեն: Ուրախ եմ, որ Հարավային Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցելու 2010-2012 թվականների ծրագիրը որոշակի աշխուժություն մտցրեց համայնքում և խթանեց փոխադարձ այցելությունները: Նման ծրագրերը ոգևորում են երիտասարդությանը և նրանց՝ հայրենիքի հետ կապելու հնարավորություն են ստեղծում: Մենք շարունակելու ենք զարկ տալ հայրենաճանաչության ծրագրերին, որոնք անջնջելի հետք են թողնում երիտասարդների սրտերում:
Հայրենիք-Սփյուռք գործակցությունը մեր կարևորագույն ռազմավարական ուղղություններից է: Այսօր մեր պետությունը սփյուռքահային գործընկերություն է առաջարկում, պատրաստ է հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում է կառուցակարգեր, որպեսզի սփյուռքահայերը Հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել: Մեր խնդիրն է անցնել բարեգործությունից դեպի փոխշահավետ գործընկերություն:
Ասել եմ և այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումնե՛ր կատարեք: Շահույթ ստանալով` միաժամանակ կառուցե՛ք մեր բոլորի երազանքների երկիրը: Աշխատատեղ ստեղծելով` օգնե՛ք կանխել բոլորիս այդքան մտահոգող արտագաղթը: Հնուց եկած խոսք է՝ «Ծառն արմատով է ծառ, տունը հիմքով է տուն»: Հայն իր հողի վրա է ուժեղ ու երջանիկ, երկիրն իր զավակներով է զորավոր ու անպարտելի:
Այս համատեքստում ցանկանում եմ առանձնահատուկ արժևորել մեծանուն գործարար և բարերար Էդուարդո Էռնեկյանի դերակատարությունը Հայաստանի առաջընթացի գործում: Ծնված լինելով հեռավոր Արգենտինայում՝ նա օժտված է իսկական հայի ոգով: Իր աշխատասիրությամբ և նվիրումով հասնելով մեծ նվաճումների՝ նա միջազգային ճանաչում է բերել ոչ միայն իրեն, այլև հայ ժողովրդին: Այս գործարարի և բարերարի կերպարը ոգեշնչող պետք է լինի աշխարհասփյուռ մեր հայրենակիցների և հատկապես երիտասարդների համար:
Սիրելի՛ բարեկամներ,
Ի՞նչն է մեզ՝ հայերիս, կապում իրար ծովերից ու օվկիանոսներից այն կողմ: Անշուշտ Հայաստանը: Մեզ կապում են պատմությունը, մեր ընդհանուր պատմական հայրենիքը և մեր կորուստները: Բայց ամենից շատ մեզ կապում է ոչ թե այն, ինչ կորցրել ենք, այլ այն, ինչը չենք կորցրել՝ գտել ենք: Այսինքն՝ այսօրվա Հայաստանը: Ուրեմն, եկեք հարյուրապատիկ ավելի մեծ սիրով, խնամքով ու գուրգուրանքով վերաբերվենք Հայաստան հայրենիքին, որը կարողացել ենք փրկել մեծագույն զոհողությունների գնով: Եկե՛ք Հայաստան՝ վերատիրանալու նրան, քանի որ այն նաև ձերն է և ձեր զավակներինը: Մեզ կապում են նաև ապագա բոլոր հաղթանակներն ու այն ամենը, ինչին հասնելու ենք ապագայում: Եկե՛ք միասին օր առաջ կերտենք այդ ապագան:
Այս անկայուն ու անապահով աշխարհում կա՞ ավելի ապահով տեղ հայկականությունը վերալիցքավորելու համար: Ես խիստ կասկածում եմ: Եվ ես ասում եմ բոլոր սփյուռքահայերին. եկե՛ք Հայաստան կամ ամուր թելերով կապվեք Հայաստանին, եթե ուզում եք քաղաքականապես հայ մնալ կամ հայ լինել: Արդյո՞ք աշխարհի երեսին կա մի վայր, որտեղ հայոց լեզուն չի նահանջում: Այո՛, կա՛. և դա Հայաստանն է: Ներկա Հայաստանն է հայոց լեզվի անմահության ավազանը: Ուրեմն, եկե՛ք Հայաստան կամ ավելի հաճա՛խ եկեք Հայաստան վերամկրտվելու և ձեր զավակներին վերամկրտելու այդ ավազանում:
Հայաստանի մասին դրսում հազար ու մի պատմություն են պատմում. մի մասը՝ ճիշտ, մի մասը՝ չափազանցված, մի մասը՝ լավ, մի մասը՝ վատ: Բայց ավելի լավ է մարդ մեկ անգամ տեսնի, քան հարյուր անգամ լսի: Ձևավորե՛ք ձեր սեփական տպավորությունը և սեփական պատկերացումը իրական և ոչ առասպելական հայրենիքի մասին: Համոզվա՛ծ եղեք, որ իրական Հայաստանը՝ Արցախով հանդերձ, ավելի գեղեցիկ ու հարազատ է, քան կարելի է երևակայել:
Եթե չեք կարող ապրել Հայաստանում, ապա կարող եք ապրել Հայաստանով: Ապրել նրա հաջողություններով, հպարտանալ ձեռքբերումներով, կիսել նրա ցավերն ու բեռը: Մի սփյուռքահայ բարեկամի մտահոգել էր Երևանում լսած մի արտահայտություն. ,Հայաստանակենտրոն քաղաքականությունե: Դրանում նա տեսնում էր սփյուռքի կառույցների թերագնահատման և անտեսման վտանգ:
Համոզված եղեք, որ ,Հայաստանակենտրոն քաղաքականությունե ամենևին էլ չի նշանակում սփյուռքի կառույցների թերագնահատում, անտեսում կամ ենթակայություն: Դա բացառված է: ,Հայաստանակենտրոն քաղաքականությունե նշանակում է պետական քաղաքականություն: Հայկական պետության վարած ներքին և արտաքին քաղաքականություն, որտեղ սփյուռքի կառույցները՝ սկաուտներից մինչև քաղաքական կուսակցություններ և հոգևոր կենտրոններ ունեն իրենց անգնահատելի և անփոխարինելի դերը:
Մեր գլխավոր նպատակակետը, մեր ողջ գործունեության թիրախի կենտրոնը հայրենիքն է՝ իրական Հայաստանը: Ես եկել եմ ձեզ ասելու, որ դուք մասն եք այդ իրական ու կայացած Հայաստանի Հանրապետության:
Բոլորիս հայրենիք Հայաստանը նաև դուք եք, սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արգենտինահայեր:
Եզրակացությունը մեկն է. մեր ազգային ինքնության պահպանման և զարգացման առհավատչյան Հայաստանն է:
Լինել Արգենտինայի քաղաքացի, իհարկե, բարձր պատիվ է, լինել հայ՝ երջանկություն է: Ձեզ է վիճակվել այդ երկուսը միահյուսելու բարեբախտությունը:
Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության և, անշուշտ, ջերմ ընդունելության համար: