Ուրբաթ, 13. 06. 2025

Մեկնարկեց Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Հաղորդակցութեան Միջոցներու 2-րդ Համագումարը

0

Յուլիս 15-ին Երեւանի մէջ մեկնարկեց Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ հաղորդամիջոցներու յանձնախումբի նախաձեռնութեամբ եւ ՀՀ Սփիւռքի նախարարութեան համագործակցութեամբ կազմակերպուած Հայ Կաթողիկէ հաղորդակցութեան միջոցներու 2-րդ համագումարը: Այս մասին կը տեղեկացնեն ՀՀ սփիւռքի նախարարութեան մամուլի եւ տեղեկատւութեան գրասենեակէն:

Բացման խօսքով հանդէս եկաւ Հայ Կոթողիկէ եկեղեցւոյ հաղորդամիջոցներու պատրիարքական յանձնախումբի նախագահ, Հայ Կոթողիկէ եկեղեցւոյ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Արեւելեան Եւրոպայի թեմի առաջնորդ Հայր Ռաֆայէլ արքեպիսկոպոս Մինասեանը` համագումարի մասնակիցներուն ներկայացնելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Առաջինի ողջոյնի ուղերձը:

Հայր Ռաֆայէլ արքեպիսկոպոս Մինասեանը նշեց, որ այս համագումարը նպատակ ունի զարգացնելու համագործակցութիւնը հայ համայնքներուն մէջ գործող եկեղեցական հաղորդակցութեան միջոցներու միջեւ եւ մշակելու կառուցակարգեր` անոնց աշխատանքը քրիստոնէական եւ ազգային արժէքներու տարածման ու պահպանման լաւագոյնս ծառայեցնելու համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական յարաբերութիւններու բաժնի տնօրէն, Գերաշնորհ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը փոխանցեց մասնակիցներուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ողջոյնի ուղերձը նշելով, որ համագումարը աննախադէպ օրինակ է հայ յարանուանութեան պատմութեան մէջ, որուն մասնակիցները միասնաբար ջանքեր պիտի գործադրեն Հայ Կաթողիկէ հաղորդամիջոցներու գործակցութեան զարգացման ուղղութեամբ:

Համագումարի մասնակիցներուն Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիւ Տ. Ներսէս Պետրոս ԺԹ-ի օրհնութեան գիրը ընթերցեց Զմմառի մեծաւոր Հայր Վարդան վարդապետ Գազանճեանը:

ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, ողջունելով եւ գործնական աշխատանք մաղթելով համագումարի մասնակիցներուն, յայտնեց պետութեան անվերապահ աջակցութիւնը բոլոր հայանպաստ նախաձեռնութիւններուն:

Նախարարը նշեց, որ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախաշեմին կազմակերպուած համագումարը պէտք է օգտագործել իբրեւ միջոց` ազգային խնդիրները աշխարհին կազմակերպուած եւ լաւագոյնս ներկայացնելու ուղղութեամբ:

Առանձնացուեցան երկու առանցքային խնդիրներ, որոնց պէտք է անդրադառնայ ցանկացած հայկական լրատուամիջոց. Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման, հետեւանքների վերացման եւ Հայկական երկու պետութիւններու հզօրացման հարցերը:

ՀՀ սփիւռքի նախարարը կարեւոր համարեց հայաստանեան եւ Սփիւռքի լրատուամիջոցներու կողմէ անդրադարձը այն պետութիւններուն, որոնք արդէն ճանչցած են Հայոց Ցեղասպանութիւնը:

«Ցեղասպանութեանը զոհ գնացած մարդկանց եւ նրանց ժառանգներին անդրադառնալուց զատ, պէտք է բարձրաձայնել նաեւ մեր մշակութային եւ հոգեւոր կոթողների, եկեղեցիների ոչնչացման, արեւմտահայերէնի վտանգուած լինելու, Թուրքիայում բնակուող ծպտեալ հայերի խնդիրների մասին»,– նշեց նախարարը` աւելցնելով,– «Պայքարելով յանուն Ցեղասպանութեան ճանաչման` պէտք է յատուկ անդրադարձ կատարել Ցեղասպանութիւնը վերապրած հայերի ժառանգների կեանքի պատումներին»:

Նշուեցաւ, որ բացայայտ է թրքական հակահայկական քարոզչութիւնը ամբողջ աշխարհի մէջ, ուստի կարեւոր է մեծ ուշադրութիւն դարձնել եւ խօսիլ այն թուրք մտաւորականներուն մասին, որոնք ճանչցած են Հայոց Ցեղասպանութիւնը, իսկ լրահաւաք աշխատանքներ իրականացնելու ժամանակ ճշգրտել տեղեկատւութեան աղբիւրը:

Նախարարը հաւաստիացուց, որ օտար լրատուամիջոցներու մէջ կը գործեն բազմաթիւ հայ լրագրողներ, որոնց ուժերը օգտագործելը մեծապէս պիտի օգնէ Հայոց Ցեղասպանութեան մասին տեղեկատւութիւնը աշխարհի տարբեր երկիրներու մէջ ճանաչելի դարձնելու գործին:

«Այսօր աշխարհում գործում են 78 հայագիտական կենտրոններ, որոնք նոյնպէս իրենց խօսքը պէտք է բերեն Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործում»,– նշեց նախարար Հ. Յակոբեանը` աւելցնելով,- «Հայ Կաթողիկէ հաղորդակցութեան միջոցների 2-րդ համագումարին մասնակցող բոլոր լրագրողներին հրաւիրում եմ մասնակցելու սեպտեմբերին կայանալիք «հայոց ցեղասպանութիւն 100. ճանաչումից պահանջատիրութիւնէ խորագրով լրագրողների համահայկական 7-րդ համաժողովին»:

Շնորհակալութիւն յայտնելով ՀՀ սփիւռքի նախարարին՝ համագումարի աշխատանքներուն բերած գործուն աջակցութեան համար` Հայր Ռաֆայէլ արքեպիսկոպոս Մինասեանը նշեց,- «Կը ցանկամ, որ ձեր խրատները դառնան ատաղձ մեր համագումարի մասնակիցներուն համար»:

Համագումարի ընթացքին զեկուցումներու եւ քննարկումներու միջոցով պիտի ներկայացուին Հայ Եկեղեցւոյ հովանաւորութեամբ գործող եկեղեցական ԶԼՄ-ներու գործունէութիւնը, ինչպէս նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեան «Հայկական Սփիւռքի պատմութեան վերացական թանգարան» կայքը:

 

Օփերային Թատրոնը Ս. Փեթերզպուրկի Մէջ Պիտի Ներկայացնէ Արամ Խաչատրեանի “Գայանէ” Պալէն

0

Երեւանի Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմիական թատրոնի պալէի խումբը Ս. Փեթերզպուրկի Մարիինեան թատրոնին մէջ պիտի ներկայացնէ Արամ Խաչատրեանի “Գայանէ” պալէն: Հայկական պալէի խումբը Յուլիս 20-ին եւ 21-ին իր ելոյթներով պիտի ներկայանայ ռուս հանդիսատեսին: Այս մասին կը հաղորդէ Armenpress.am-ը:

“Մենք շատ կարեւոր հիւրախաղեր ունենք, քանի որ այս ամսուայ 20-ին պէտք է մեկնենք Ս. Փեթերզպուրկ` մեզ հետ տանելով մեր ազգային պալէտը` “Գայանէ”-ն: Բոլորս էլ հասկանում ենք, որ պատասխանատուութիւնը մեծ է, որովհետեւ Ս. Փեթերզպուրկը պալէտի համաշխարհային մայրաքաղաքն է, ամէնուժեղ պալէտային դպրոցն ունի, եւ մենք շատ մեծ “քննութիւն” ենք յանձնելու այնտեղ, յոյս ունեմ, որ շատ բարձր մակարդակով կ’անցնի”,- նշած է Ալ. Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմիական թատրոնի տնօրէն Անդրանիկ Արզումանեանը:

Անոր խօսքով` արտիստը պէտք է տարբեր բեմերու վրայ ելոյթներ ունենայ, եւ իրենք պէտք է նման հնարաւորութիւն ստեղծեն: “Մի քանի օր առաջ թատրոնում ներկայացրինք “Գայանէ”-ն եւ ներկայացումը մեծ յաջողութիւն ունեցաւ: Ժողովուրդն անվերջ յոտնկայս ծափահարում էր:

Սանկտ Փեթերզպուրկում մեզ սպասում են, բոլոր տոմսերը վաճառուած են, եւ ազատ տեղեր չկան: Յոյս ունեմ, որ կը փայլենք եւ կը վերադառնանք”,- նշած է Ալ. Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմիական թատրոնի տնօրէնը:

Անդրանիկ Արզումանեան տեղեկացուցած է, որ այնուհետեւ պալէի խումբը պիտի մեկնի Քաթար, ուր թատրոնի արտիստները նախորդ տարի հանդէս եկած են Խաչատրեանի “Սպարտակ” պալէով: “Սեպտեմբերի 20-ից յետոյ մեկնելու ենք Քաթար: Այնտեղ հանդէս ենք եկել նախորդ տարուայ Սեպտեմբերին, եւ յոյս ունենք այս տարուայ Սեպտեմբերին ներկայացնել Ռուտոլֆ Խառատեանի` “Ռոմէօ եւ Ճուլիէթ” պալէտի բեմադրութիւնը”,- տեղեկացուցած է Արզումանեան:

Նշենք, որ Մարիինեան թատրոնը Ռուսաստանի եւ աշխարհի ամենայայտնի եւ խոշոր օփերայի եւ պալէի թատրոններէն մէկն է: Թատրոնը հիմնադրուած է 1738 թուականին Եկատերինա Մեծ կայսրուհիի հրամանով եւ մտած է Ռուսաստանի կայսերական թատրոններու կազմին մէջ:

Մեկնարկած է “Սփիւռք” Ամառնային Դպրոցը

0

Յուլիս 15-ին Երեւանի Պետական Համալսարանի մշակոյթի կեդրոնի դահլիճին մէջ տեղի ունեցաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան “Սփիւռք” ամառնային դպրոց 2014թ. ծրագրի բացման հանդիսաւոր արարողութիւնը: Այս մասին կը հաղորդէ ՀՀ սփիւռքի նախարարութեան մամուլի եւ տեղեկատւութեան վարչութիւնը:

Ծրագրի մասնակիցները ողջունեցին եւ բացման խօսքով հանդէս եկան ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը եւ ԵՊՀ գիտական քաղաքականութեան եւ միջազգային համագործակցութեան գծով ղեկավար Գեղամ Գէորգեանը:

“Ամառային դպրոցի նպատակն է հայապահպանութեան խթանումը հայոց լեզուի ուսուցման, սփիւռքի հայկական կառոյցների ներկայացուցիչների մասնագիտական որակների բարձրացման միջոցով: Ծրագիրը հնարաւորութիւն է տալիս սփիւռքահայերին մայրենին սովորել եւ վերապատրաստուել Հայրենիքում, եւ ձեռք բերած գիտելիքները փոխանցել սփիւռքահայ մեր միւս հայրենակիցներին: Մասնակիցների շնորհիւ “Սփիւռք” ամառային դպրոցը կայացաւ եւ դարձաւ Սփիւռքի համայնքներին, հայկական կազմակերպութիւններին, հայապահպանութեան դժուարին գործին աջակցող, մշտապէս գործող կառոյց, ինչի վառ վկայութիւնն է ծրագրի  տարէցտարի ընդլայնումը”,– նշեց նախարար Հ. Յակոբեան: Նախարարը շնորհակալութիւն յայտնեց բոլոր մասնագէտներուն՝ այս ծրագրի կայացման գործին մէջ ունեցած անգնահատելի աւանդին համար:

ԵՊՀ ղեկավար Գ. Գէորգեան կարեւոր համարեց “Սփիւռք” ամառնային դպրոցին մէջ վերապատրաստուող ուսուցիչներուն դերը, քանի որ հայապահպանութեան թիւ մէկ կրողն ու պահպանողը ուսուցիչներն են, անոնց վերապահուած է Հայրենիքի սահմաններէն դուրս հայկականութեան պահպանման դժուար ու պատուաբեր գործը: Ան դպրոցի մասնակիցներուն մաղթեց ուսման արդիւնաւէտ ընթացք եւ հոգեւոր ազդակներ` Սփիւռքի մէջ գնտուող հայրենակիցներուն փոխանցելու համար:

“Սփիւռք” ամառնային դպրոցը 2014թ. կ’իրականացուի վեց ուղղութիւններով` “Սփիւռքի հայկական կրթօճախներու ուսուցիչներու վերապատրաստում”, “Սփիւռքի լրագրողներու դասընթաց”, “Սփիւռքահայ երիտասարդ առաջնորդներու դասընթաց”, “Հայոց լեզուի (արեւելահայերէն եւ արեւմտահայերէն) արագացուած դասընթացներ”, “Ազգային երգի, պարի ուսուցիչներու վերապատրաստման դասընթաց”: Այս տարի աւելցած է “Սփիւռքի հայկական համայնքային կառոյցներու ներկայացուցիչներու եւ աշխատակիցներու վերապատրաստման” դասընթացը:

Նշենք, որ “Սփիւռք” ամառնային դպրոցը Երեւանի Պետական Համալսարանի հետ կ’իրականացուի 2012 թուականէն: Դասընթացները կը վարեն Հանրապետութեան եւ Սփիւռքի լաւագոյն մասնագէտները: Ծրագրի ծիրէն ներս մասնակիցները հնարաւորութիւն կ’ունենան այցելելու պատմական եւ մշակութային վայրեր, հանդիպումներ ունենալ պետական եւ մշակութային նշանաւոր գործիչներու հետ: Այս տարի ծրագրին կը մասնակցի մօտ 300 մասնակից աշխարհի շուրջ 20 երկրէ:

ՀՀ Սփիւռքի Նախարարը Ընդունեց Աստուածաշունչի Ընկերութեան Արաբական Ծոցի Տարածաշրջանի Ընդհանուր Քարտուղար Դոկտոր Հրայր Ճէպէճեանը

0

Հուլիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Աստվածաշնչյան ընկերության Արաբական ծոցի տարածաշրջանի ընդհանուր քարտուղար,  Միջին Արևելքի Աստվածաշնչյան ընկերության խորհրդի ատենապետ դոկտոր Հրայր Ճէպէճեանին և իր տիկնոջ Կիպրոսի «Նիկոսիայի համալսարանի» բանասիրության, սոցիոլոգիայի և իրավագիտության բաժնի դասախոս, սոցիոլոգ լեզվաբան դոկտոր Արտա Պոյնէրեան ճէպէճեանին:

Հրայր Ճէպէճեանը Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության (ՄԱՀԱԵՄ) կենտրոնական մարմնի, Էշրէֆիէի Հայ Ավետարանական Եկեղեցու, Հայկազյան համալսարանի խնամակալության, Ազունիեի ազգային բուժարանի, Հայ Ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարանի հոգաբարձության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կիպրոսի տեղական մարմնի, Ցեղասպանութեան ոգեկոչման 90-րդ տարելիցի Լիբանանահայ կենտրոնական վարչական մանրմնի անդամ է:

Ներկայումս Հայ Ավետարանական «Արմիս» մշակութային հանձնախմբի ատենապետն է:

ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց դոկտոր Ճէպէճեանի դերակատարությունը հայապահպանության գործում, ինչպես նաև նրա իրականացրած միջեկեղեցական մեծածավալ գործունեությունը` ի սպաս Սփյուռքի զորացման:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման հնարավորությունները, սիրիահայերի խնդիրների լուծմանն օժանդակելու կարևորությունը, ինչպես նաև արեւմտահայերենի  պահպանմանն ուղղված խնդիրներն ու  դասական եւ նոր Սփյուռքի մերձեցմանն ուղղված հարցերը:

Հաշվի առնելով նրա ազգային, միութենական և համայնքային կյանքում իրականացրած գործունեությունը, ինչպես նաև Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած ավանդը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դոկտոր Հրայր Ճէպէճեանին պարգեւատրեց «Մայրենիի դեսպան» մեդալով:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը, նա բարձր գնահատեց գերատեսչության դերակատարությունը Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման գործում, նշեց որ Հայրենիքից ստացած յուրաքանչյուր ազդակ ոգևորիչ է, և սփյուռքահային գործելու նոր ուժ ու եռանդ է տալիս: Պարոն Ճէպէճեանը հավելեց. «Ապրելով Սփյուռքում, մենք մշտապես զգում ենք Ձեր ուշադրությունն ու հոգածությունը մեր ու մեր կատարած աշխատանքի նկատմամբ: Փոքր համայնքները կաշկանդված են եւ պետք է ոգեշնչել նրանց»:

YEREVAN TO BECOME WORLD’S JEWELRY CAPITAL IN 2016

0
Yerevan will become the world’s jewelry capital in 2016, since one of the World Jewelry Confederation’s (CIBJO) regular sessions will be held here that year, the press office of the Armenian Jewellers Association (AJA) reported on Tuesday.
The CIBJO is an influential organization that received official consultative status with the Economic and Social Council (ECOSOC) of the United Nations in 2006. It holds its annual congresses in one of countries. Its 2012 session was held in Israel, the 2013 session in Turkey, this year’s in Moscow and the next year’s in Brazil.
The proposal to convene the session in Yerevan came from Gagik Gevorgyan, the president of AJA and the Armenian president’s advisor, who is also the head of the Association of Russia’s Jewellers and the Estet Jewelry House.
Moscow hosted the 2014 congress in May at his initiative. Some 152 delegates from 25 countries gathered here for the event.
At this congress, Gevorgyan came up with two initiatives – to institute an international jewelry award CIBJO, something like Jewelry Oscar, for best jewelers and to ask UNESCO on behalf of CIBJO for setting the International Jeweler Day. Both initiatives were upheld by the session participants.
According to the National Statistical Service, exports of precious and semiprecious stones and jewelry totaled $92.7 million in Jan-May 2014 (25% year-on-year growth) and imports totaled $136.6 million (41% growth).

ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ ԼՈՅՍ ՊԻՏԻ ՏԵՍՆԷ ՀԱՄՇԷՆԱՀԱՅԵՐԷՆ ԱՌԱՋԻՆ ԱՄՍԱԳԻՐԸ

0

Խումբ համշէնահայեր, Համշէնի լեզուն և մշակոյթը տարածելու և ապագայ սերունդներուն փոխանցելու նպատակով կը պատրաստուին տպագրել համշէնահայերէն առաջին ամսագիրը Թուրքիոյ մէջ: Այս մասին կը հաղորդէ Akunq.net-ը` վկայակոչելով թրքական «Տիճլէ» լրատուական գործակալութիւնը:

Պարբերականը պիտի կրէ «Գոր» (համշէնահայերէն` կամաւոր աշխատանք) անունը: Խումբը սոյն ամսագրի հրատարակման աջակցելու կոչ  ըրած է բոլոր համշէնցիներուն` հանդէս գալով «Գիրի գոր ունիք, դուք ալ թև ձգեցէք» (համշենահայերէն` «Գիրի մեր կամաւոր աշխատանքին դուք էլ մասնակցեցէք») կարգախօսով:

Համշէնցի ուսումնասիրողներէ, գրողներէ, լրագրողներէ, երաժիշտներէ և ուսանողներէ բաղկացած վերոյիշեալ խումբը կը փափաքի «Գոր» ամսագրի առաջին թիւը հրատարակել Սեպտեմբերին: Ամսագրի 90 տոկոսը բաղկացած պիտի ՚ըլլայ Համշէնի եւ համշէնահայութեան պատմութեան եւ մշակոյթին մասին նիւթերէ: Այս նախաձեռնութիւնը աննախընթաց երեւոյթ է Թուրքիոյ մէջ, ուր անցնող տասնամեակներուն փոքրամասնութիւններու մշակութային ազատութիւններու հանդէպ հետեւողական կաշկանդում գործադրուած է:

 

ԹՈՒՐՔԻՈՅ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԽՕՍԱԾ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

0

Թուրքիոյ նախագահական ընտրութեանց գլխաւոր ընդդիմադիր կուսակցութեանց ներկայացուած միացեալ թեկնածուն՝ Էքմելետտին Իհսանօղլու, Հինգշաբթի, Յուլիս 10ին, լրագրողներու հետ հանդիպման մը ընթացքին պատասխանած է Հայկական Ցեղասպանութեան մասին «Թարաֆ» թերթի հայազգի սիւնակագիր Հայկօ Պաղտատի հարցումին: Այս մասին կը հաղորդէ Akunq.net-ը:

«Դուք միջազգային հարթակներու վրայ պաշտօններ ստանձնած անձ էք եւ Թուրքիոյ նախագահ ըլլալու պարագային՝ ձեր օրակարգին վրայ պիտի դիմակայէք Թուրքիոյ ամենակարեւոր հարցերէն մէկը՝ 1915 թուականի դէպքերու (Հայկական Ցեղասպանութեան, «Ակունք»ի Խմբ.) 100ամեակը։ Այս հարցը օրակարգային պիտի ըլլայ միջազգային հարթակներու վրայ, ինչպէս նաեւ Թուրքիոյ ներքաղաքական կեանքին մէջ: Դուք միջազգային իրաւունքի տեսանկիւնէն ինչպէ՞ս կը գնահատէք 1915 թուականի դէպքերը: Ի՞նչ կ՛ըսէք հրապարակուած ցաւակցական ուղերձին մասին», հարցուցած է Պաղտատ:

«1915 թուականին պատահած ցաւալի դէպքերը մեզ միշտ վշտացուցած են եւ պիտի շարունակեն վշտացնել: Ես շատ լաւ կը յիշեմ, երբ 1970ականներուն, իբրեւ համալսարանի դասախօսական կազմի երիտասարդ անդամ, կը մասնակցէի մշակոյթի նախարարութեան միջոցառումներուն եւ սերտ կապեր ունէի արտաքին գործոց նախարարութեան հետ: Այս երկու նախարարութիւններու միջոցառումներուն մասնակից ըլլալով՝ նաեւ հարցին էութեան ծանօթ եմ: Կառավարութեան ցաւակցական ուղերձը ճիշդ եւ տեղին էր: Թուրքիա այս հարցը պէտք է լուծէ համբերատարութեամբ, սառնասրտութեամբ՝ օգտագործելով դիւանագիտութեան եւ գիտութեան բոլոր ճամբաները: Այս պահուն աւելին չեմ ուզեր ըսել», պատասխանած է Իհսանօղլու:

 

ՄԱՐՏԻՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԿԸ ՄԱՔՐՈՒԻՆ

0

Մարտինի Արթուքլու շրջանի քաղաքապետարանը սկսած է մաքրել քաղաքի եկեղեցիները, մզկիթներն ու պատմական վայրերը: Կը մաքրուին նաեւ դէպի այդ վայրերը տանող ճանապարհները: Այս մասին կը հաղորդէ Tert.am-ը՝ վկայակոչելով Hyetert-ը:

Քաղաքին մէջ գտնուող 31 մզկիթներու, 11 եկեղեցիներու եւ այլ վայրերու ճանապարհները կը լուացուին: Քաղաքի վարչութեան համանախագահներ Սեւինչ Պոզանն ու Էմին Իրմաքը նշած են, որ այդ ձեւով իրենք կը փափաքին ցոյց տալ քաղաքի մաքուր դէմքը:

Համանախագահները նշած են, որ մաքրման աշխատանքներ պիտի իրականացուին յատկապէս այն վայրերուն մէջ, ուր յաճախ զբօսաշրջիկներ կ’ըլլան:

“Յատկապէս այս ամիսներուն մեր հին քաղաքի պատմական վայրեր, եկեղեցիներ ու մզկիթներ այցելողներուն թիւը կ’աճի: Տեղացի եւ օտար զբօսաշրջիկներու մեծ հոսք կը նկատուի: Այդ պատճառով մեր աշխատանքները սկսած ենք մաքրութենէն”,- ըսած են անոնք:

ԱՇՆԱՆ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՊԻՏԻ ՄԵԿՆԻՆ ԼԻԲԱՆԱՆ

0

Աշնան հայ խաղաղապահները պիտի մեկնին Լիբանան՝ հոն կատարելու խաղաղապահ առաքելութիւն եւ նպաստելու միջազգային անվտանգութեան: Այս մասին կը յայտնէ Armenpres-ը։

Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան սպառազինութիւններու եւ միջազգային անվտանգութեան վերահսկողութեան վարչութեան պետ Սամուէլ Մկրտչեան «Արմէնփրէս»ին հետ ունեցած զրոյցին ընթացքին նշած է, որ իրաւական առումով հարցերը կարգաւորուած են, համաձայնութեան գոյացման վերաբերեալ անհրաժեշտ փաստաթուղթերը արդէն ստորագրուած են թէ՛ Իտալիոյ, թէ՛ ՄԱԿի գրասենեակին մէջ, եւ, ամենայն հաւանականութեամբ, աշնան հայ խաղաղապահները կը մեկնեն Լիբանան:

Խաղաղապահ ոլորտին մէջ Հայաստանի կարեւորագոյն նպատակներէն մէկն ալ խաղաղապահ գործողութիւններու աշխարհագրութեան ընդարձակումն է: Այդ առնչութեամբ կը կատարուին բանակցութիւններ, եւ շուտով հայ խաղաղապահները պիտի մասնակցին ՄԱԿի հովանիին տակ կատարուող խաղաղապահ գործողութիւններուն:

«Դա գործունէութեան այնպիսի ոլորտ է, որն իրականացնելով՝ ի ցոյց ենք դնում, որ Հայաստանի համար խորթ չեն առաւել լայն միջազգային անվտանգութեան խնդիրներն ու երկիրն իր հնարաւորութիւնների շրջանակում փորձում է իր ներդրումը բերել այդ գործունէութեանը», ըսած է Սամուէլ Մկրտչեան:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԷՆԷՆ ԿԱՅՈՒՆ ԵՐԿԻՐԸ ԿԸ ՀԱՄԱՐՈՒԻ

0

Ամերիկեան «Խաղաղութեան հիմնադրամ» հետազօտական հաստատութիւնը հրապարակած է «Անկայուն երկիրներու ցանկ-2014» (Fragile States Index–2014) տարեկան վարկանշային աղիւսակը:

focus12_01_chart1

Անիկա վարկանշային միաւորներ կը ճշդէ աշխարհի 178 երկիրներու համար՝ հաշուի առնելով վերջիններուն կայունութեան մակարդակը:

Մեթոտաբանութեան համաձայն՝ իւրաքանչիւր երկրի պարագային վերջնական միաւորը կը գոյանայ քաղաքական, ընկերային եւ տնտեսական բնոյթի 12 ցուցանիշներէ, ինչպէս նաեւ հարիւրաւոր ենթացուցանիշներու միաւորներու ամբողջացման իբրեւ արդիւնք։ Վարկանշային աղիւսակի տրամաբանութեան համաձայն՝ որքան ցած ըլլայ վերջնական միաւորը, այնքան իրավիճակը լաւ կ՛ըլլայ տուեալ երկրին մէջ, ինչպէս նաեւ հակառակը՝ որքան բարձր ըլլայ միաւորը, այնքան բարձր կ՛ըլլայ անկայունութեան մակարդակը:

Ըստ վարկանշային աղիւսակին՝ Հայաստան, ստանալով 71.3 միաւոր եւ յայտնուելով 104րդ հորիզոնականին վրայ, տարածաշրջանին մէջ լաւագոյն ցուցանիշը արձանագրած է՝ նկատուելով աւելի կայուն, քան Վրաստանը (82.7 միաւոր, 63րդ դիրք) եւ Ատրպէյճանը (77.8 միաւոր, 77րդ դիրք): Հայաստանը կայունութեան մակարդակով աւելի լաւ է նաեւ Իրանէն (87.2 միաւոր, 44րդ դիրք) Ռուսիայէն (76.5 միաւոր, 85րդ դիրք), ինչպէս նաեւ Ուզպեքստանէն (86.3 միաւոր, 48րդ դիրք), Տաճիկստանէն (84.6 միաւոր, 55րդ դիրք), Թուրքմէնստանէն (78.2 միաւոր, 74րդ տեղ), Մոլտովայէն (75.1 միաւոր, 89րդ դիրք), Պելոռուսէն (75 միաւոր, 90րդ դիրք) եւ Թուրքիայէն (74.1 միաւոր, 93րդ դիրք):

Ցանկին մէջ կայուն երկիրներու հնգեակին մաս կը կազմեն Շուէտը, Դանիան, Նորվեկիան, Զուիցերիան եւ Նիւ Զիլանտան, իսկ ամէնէն կայունը Ֆինլանտան է։