Ուրբաթ, 27. 06. 2025

Ավարտվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ

0

Հուլիսի 17-ին Ծաղկաձորի  «Արի տուն»  ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին  ՀՀ  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոտայքի փոխմարզպետը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

Ողջունելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ուզում եմ հավատալ, որ այս 14  օրը ձեզ համար անմոռաց դարձան: Դուք տեսաք Հայաստանը, սիրեցիք այն: Սիրեցիք  ձեր ընկերներին, և ձեր ընկերությունը երկար կշարունակվի:  Յուրաքանչյուր հայի համար աշխարհի ամենալավ լեզուն հայերենն է, դուք մի՛շտ խոսեք հայերեն: Մենք ձեզ ասում ենք ցտեսություն, այսինքն՝ հրաժեշտ ենք տալիս՝նորից ձեզ տեսնելու ցանկությամբ: մենք ձեզ սիրում ենք, սպասում ենք, հավատում ենք, և ուզում ենք, որ ձեր դպրոցում լինեք առաջինը: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ ժողովուրդը»: Նախարարը հորդորեց հավատարիմ մնալ ազգային արժեքներին, պահպանել մայրենին, բնակության երկրում լինել արժանապատիվ քաղաքացի և բարձր պահել հայի պատիվը:

Օրհնության խոսք ասեց  Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը:

Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում: Ծրագրի մասնակիցներին ողջունեցին Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը և «Հայաստանի ձայնը» առաջին մրցույթի հաղթող Մերի (Մաշա) Մնջոյանը:

Նշենք, որ ծրագրի 3-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 150  երիտասարդ աշխարհի 17 երկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից,  Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Բելգիայից, Չեխիայից, Իտալիայից, Լեհաստանից, Չինաստանից, Լիբանանից, Թայլանդից, Սիրիայից:

<<Փոքրիկ Հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցի 15-րդ տարեշրջանը

0

<<Փոքրիկ Հրեշտակներ>>
շաբաթօրյա դպրոցի մամլո դիվան

2000 թ․-ին Բլիկյան ընտանիքի ազնիվ մտահղացմամբ հիմնադրվեց <<Փոքրիկ Հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցը, որը 2010թ․-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ տեղափոխվեց Առաջնորդարան՝ վերակազմավորվելով Ս․ Ղևոնդյանց Մայր Տաճարի հովանու ներքո։ Անցնող տարիներին վարժարանը շնորհիվ իր  ազգային ոգու պահպանությանն ուղղված ջանքների ու որակյալ, հայեցի դաստիարակության դարձավ Լոս Անջելեսի ամենահեղինակավոր կրթօջախներից մեկը։ Այստեղ ջերմության, սիրո, անկեղծության, ազնիվ մթնոլորտում մեր մատաղ սերունդը շարունակում է հաղորդակցվել հայոց բազմադարյա մշակույթին, բյուրեղյա մայրենի լեզվին ու  հազարամյա պատմությանը։  Ուսումնական կենտրոնն իր կառուցվածքով, որդեգրած մոտեցումներով, դասավանդման արդիական, ազգային ու հոգեմտավոր սկզբունքներով դարձել է նմանատիպ հաստատությունների չափօրինակ և առաջատար՝ ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ողջ սփյուռքի տարածքում։ Ամենևին էլ պատահական չէ, որ դպրոցի իրականացրած հսկայածավալ ծառայությունը, ուշադրության և բարձր գնահատականի է արժանացել նաև հայրենի կառավարության կողմից։ 2015թ․-ի ապրիլի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված <<Մայրենիի Պաշտպան>> մրցույթում, ուր 15 երկրներից մասնակցում էր  շուրջ 95 հաստատություն <<Փոքրիկ Հրեշտակներ>>-ն  արժանացավ գլխավոր մրցանակի, I կարգի դիպլոմի և դրամական պարգևի։

Նմանօրինակ պատիվը ոչ միայն կատարվող աշխատանքի արդար արժևորումն է, այլև կրթօջախի պաշտոնեության ու մանկավարժների անսակարկ նվիումի արդյունքը։ Դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի խոսքերով․ <<Հայրենի իշխանության կողմից այսպիսի գնահատությունը լավագույն նվերն էր հաստատության հոբելյանական տարեդարձին։ Այն միաժամանակ պարտավորեցնող էր, խրախուսող ու ոգեշնչող>>։

Շնորհիվ եկեղեցուց տարածվող առատ օրհնության և Առաջնորդարանի մշտական խնամքի <<Փոքրիկ Հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցը յուրօրինակ լուսավորության կենտրոն է, որտեղ աշխատող   ուսուցիչներն ունեն բազմամյա դասավանդման փորձ։ Նրանք ուսումնական ողջ տարվա ընթացքում  իրենց գիտելիքները՝ շաղախված հայրենասիրությամբ, հոգևոր ու անանց արժեքներով փոխանցում են մեր մատաղ սերնդին։ Հարկ է նշել, որ մանկավարժները մշտական համագործակցության մեջ են դոկտոր Էլի Անդրեասյանի կողմից համակարգվող թեմի գիտակրթական հանձնախմբի հետ և իրենց մշտական մասնացությունն են բերում  ուսուցիչների ամենամյա վերապատրաստման դասընթացներին։

Դպրոցն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերով։ Իր  կապն աշակերտների և ծնողների հետ պահում է զանազան միջոցներով։ Ունի անգամ հատուկ ֆեսբուքյան էջ (Little Angels Saturday School), ուր տեղադրվում են դպրոցին առնչվող հատուկ նյութեր, նկարներ և հայտարարություններ։

Հաստատությունում սովորող շուրջ 200 աշակերտները ջերմ մտերմությամբ են կապված արևմտյան թեմի հոգևոր դասի, հատկապես Ս․ Ղևոնդյանց Մայր Տաճարի հովիվ, արժանապատիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանի հետ։ Տեր հայրը խնամքով ամեն շաբաթ բարոյական ու կրոնական պատգամ և օրհնությունն է փոխանցում սաներին։ Վերջիններս հոգևոր գանձերով հարստացած՝ շարունակում են իրենց ուսումնական առօրյան։ Նրանք ակտիվորեն մասնակցում են նաև թեմական, հոգևոր ու ազգային ձեռնարկներին, արարողություններին ու տօներին։ Ամենամյա տարեվերջի քննություններին ու կազմակերպվող հանդեսներին ի հայտ է գալիս  մանուկների ձեռք բերած  գիտելիքները ։

2014-15 ուսումնական տարվա փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունիսի 13-ին, Առաջնորդարանի <<Գալաճեան>> սրահում։ Իր օրհնության խոսքում առաջնորդ, բարձրաշնորհ Տ․Հովնան արք․ Տերտերյանը շնորհավորեց ներկաներին դպրոցի  հոբելյանական տարեդարձի առթիվ։ Սրբազան հայրն  իր մասնավոր գնահատությանն արժանացրեց դպրոցի պաշտոնեությանն ու հակապես ծնողներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, իրենց զավակներին հայ պահելու դժվար ու պատասխանատու առաքելության մեջ։   3 մասից բաղկացած շքեղ հայտագիրը լի էր գեղեցիկ արտասանություններով, երգերով ու հաճելի կատարումներով։ Ձեռնարկին ներկա հյուրերից <<Հայաստան Ծառատունկ>>  ծրագրի պատասխանատու Անահիտ Ղարիբյանը՝ որպես բազմամյա համագործակցության և   բարեկամության նշան՝ վարժարանի տնօրինությանը հանձնեց հատուկ վկայագիր։ Վերջում տնօրենը ներկաներին տեղեկացրեց, որ ընդառաջ գնալով ծնողների բազմաթիվ դիմում-խնդրանքներին, սկսած 2015-16 տարեշրջանից դպրոցի ուսումնառության տևողությունն ավելանալու է ևս մեկով՝ դառնալով վեցամյա, իսկ նոր ուսումնական տարվա մեկնարկը լինելու է օգոստոսի 22-ին:

Հայաստանի Ֆիլհարմոնիկ Նուագախումբը Պիտի Մասնակցի Լիբանանի Պէյթ Ալ Տինի Արուեստներու Փառատօնին

0

Յուլիս 27-էն Սեպտեմբեր 5 Լիբանանի Պէյթ-ալ-Տին պալատին մէջ կը կայանայ Արուեստներու ամենամեայ փառատօնը: Տեղին է նշել, որ այս տարի փառատօնը կը նշէ իր հիմնադրման 30-ամեակը:

Օգոստոս 8-ին կը հնչեն յայտնի դասական ստեղծագործութիւններ` Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ Նուագախումբի, Հայաստանի կամերային ազգային երգչախումբի, «Հովեր» պետական կամերային երգչախումբի կատարմամբ եւ խմբավար Էդուարդ Թոփչեանի ղեկավարութեամբ:

Առաջին անգամ արաբական աշխարհի մէջ ելոյթ կ’ունենայ աշխարհահռչակ օփերայի աստղ Աննա Նետրեբկօն: Սոփրանօ Աննա Նետրեբկոյի ելոյթը նախատեսուած է Օգոստոս 27-ին:  Ելոյթ կ’ունենան նաեւ յայտնի թենոր Խուան Տիեկօ Ֆլորեսը, լիբանանցի երաժշտահան, երգիչ եւ երգերու հեղինակ Մարսէլ Խալիֆան, երգիչներ Քատիմ ալ-Սահիրն ու Ռեհամ Ապտելհաքիմը:

Փառատօնի ընթացքին հանդէս կու գան նաեւ յայտնի այլ երաժիշտներ, մասնաւորապէս, Ռեպեքա Ֆերգիւսոն, որ կը կատարէ հեղինակաւոր ճազ-երգչուհի Պիլլի Հոլիտէյի հիթերը, ինչպէս նաեւ Մեծ Բրիտանիայէն ռոք-կատարող Տեւիտ Կրեյը:

Պէյթ-ալ-Տինի մէջ իրականացուող Արուեստներու փառատօնը հիմնուած է 1985 թուականին` դառնալով Մերձաւոր Արեւելքի ամենայայտնի մշակութային իրադարձութիւններէն մէկը:

 

Սուրիական Պատերազմի Աղէտը` Փոքրիկ Բրիտանուհիի 1 Վայրկեան Տեւող Հոլովակին Մէջ

0

Բրիտանական «Don’t Panic» ընկերութեան ստեղծագործական խումբը հոլովակ մը պատրաստած է «Save the Children» կազմակերպութեան պատուէրով, որուն նպատակն է հրաւիրել աշխարհի ուշադրութիւնը Սուրիոյ մէջ շարունակուող բռնութիւններուն ու ատոր հետեւանքով երեխաներու ճակատագիրներու խեղման վրայ:

Hayernaysor.am-ի տեղեկութիւններով՝ հոլովակը կ’աւարտի խօսուն նախադասութեամբ,- «Եթէ ատիկա այստեղ չի կատարուիր, չի նշանակեր, որ չի կատարուիր ընդհանրապէս»…

Հալէպի Մէջ Կայացած Է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ Տարելիցի Սուրիոյ Կեդրոնական Մարմինի Նիստը

0

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Սուրիոյ կեդրոնական մարմինը անցնող օրերուն Հալէպի Ս. Աստուածածին եկեղեցւոյ «Սուրէնեան» դահլիճին մէջ նիստ  գումարած է, կը տեղեկացնէ Հայոց ցեղասպանութեան 100գրէ «Արմէնփրէս»-ը:

Նիստը նախագահած  է Բերիոյ թեմի առաջնորդ Տ. Շահան Արք. Սարգսեան, Հայ Կաթողիկէ առաջնորդ Տ. Պետրոս Արք. Միրիաթեան եւ Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալպանտեան:

Նիստի հիմնական թեման էր լսել Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Սուրիոյ կեդրոնական մարմինի գործունէութիւնը եւ յառաջիկայ ծրագիրները Սուրիոյ տարածքին մէջ: Հալէպի մէջ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ձեռնարկները համակարգող մարմինի ատենապետներէն Ժիրայր Ռէիսեան ժողովին ներկայացուցած է մինչեւ այժմ տեղի ունեցած 30-է աւելի տարբեր ձեռնարկներ, ինչպէս նաեւ յառաջիկայ օրերուն Հալէպի մէջ տեղի ունենալիք տարբեր ձեռնարկներու յայտագիրները:

Նիստին ներկայացուած է նաեւ գործադիր մարմինի կողմէ յատուկ պատրաստուած տեղեկագիր եւ մէկական օրինակ յանձնուած է համայնքապետներուն, կազմակերպութիւններուն ու երկու բարեգործական միութիւններուն:

Տ. Արմաշ Նալպանտեան նոյնպէս ներկայացուցած է Դամասկոսի մէջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ձեռնարկներն ու յառաջիկայ ծրագիրը:

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Սուրիոյ կեդրոնական մարմինի տնօրէն Աւօ Գաթրճեան հակիրճ ներկայացուցած է մինչեւ այժմ տարուած աշխատանքներն ու Հալէպի պատերազմական թէժ պայմաններուն մէջ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Սուրիոյ կեդրոնական մարմինի տեղեկատուական աղբիւրը, որ մինչեւ օրս կատարուած ձեռնարկները հաղորդակցական դժուարին պայմաններուն մէջ կը տարածէ աշխարհի մէջ:

Հին Ու Նոր Գիրքեր Սեղանիս Վրայ

0

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆ

Ա.- «Արարա» հեղինակ՝ Սուրէն Պարթեւեան, այսօր ո՞վ կը յիշէ անունն ու գործը այս խիզախ գրագէտին ու հրապարակագիրին, որ կը հանգչի Հայոց Աղեքսանդրիոյ գերեզմանատունին մէջ:

«Արարա» հայ լէգէոնականներու խիզախումն ու նահատակումը կը պարզէ թուրքին դէմ զինած վրէժի զգացումով: Դէպքը Պաղեստինեան ճակատի վրայ է: Դաշնակիցներ ֆրանայի ու անգլիոյ ճակատումը Թուրքերու դէմ 1919ին: Բայց յաղթանակը բերողները հայ կամաւորներն են, ուր կը նահատակուին 21 խիզախ հայեր:

Կա՞յ ճակատ մը ուր հայերը նահատակներ չունենան:

Սուրէն Պարթեւեան գովերգած է հայոց խիզախումը:

Բ.- Նաթալի Ֆէնտիրճեանը արաբերէն լեզուով հրատարակած է գիրք մը. «Արմէնին Պատմութիւնը» խորագրեալ, զոր նկարազարդած է Նանոր Հաճեան:

Ջարդերէն ճողոպրած Արմէնը հայրենիքէ մը այլ հայրենիք՝ Լիբանան կը հասնի որպէս ղազիրի որբանոցի սան: Հասակ կ’առնէ այս երկրին մէջ ու կը ծառայէ Լիբանանին:

32 էջերու վրայ տարածուող այս գրքոյկը նուիրած է Հայոց Ցեղասպանութեան 100 ամեակին:

Հայրենիքէ մը հայրենիքին կոչուած «Արմէնին Պատմութիւնը» գործը որդեգրուած է կարգ մը արաբական դպրոցներու կողմէ:

Որքան լաւ է որ Այնճար բնակող հայուհիներու խօսքն ու նկարչութիւնը գնահատուած է արաբներուն կողմէ:

Ապրի՛ք հայուհիներ:

Գ.- Յակոբ Չոլաքեան ուսուցիչն ու գրողը հեղինակած է 127 էջերու վրայ տարածուող գործ մը «Քեսապի երեք օրերը» (21-23 Մարտ) խորագիրին տակ, ուր պատկերած է այն մեծ տագնապը զոր ապրեցան Քեսապի բոլոր գիւղերու հայերը, փրկուելու համար այն սպանդէն զոր կազմակերպած էին թուրքերը, Սուրիական սահմանէն ներս ղրկելով զինեալ վայրենիներ:

Օսմանցին, նոր օերու օսան՝ էրտողան, եղեռնէն 100 տարի ետք նոր եղեռն մը կը նիւթէ հայոց դէմ, այս անգամ Սուրիոյ մէջ մինչեւ Քեսապ:

Չոլաքեանի ներկայացուցածը ականատեսի վկայութիւն է գրուած յուզումով, ընթերցողին տալով տեղեկատուական, պատմական, ազգագրական տեղեկութիւններ:

Գրականութեան մատչող գիրք մը, որ իրապաշտում վկայութիւն է:

Դ. «Էջեր Հայ դրամագիտութեան Պատմութենէն»

Այսօր ո՞վ կը յիշէ այս գիրքին հեղինակը Ասպետ Յ. Մ. Տօնապետեանը, որուն կեանքը եղաւ նուիրաբերում հայ կեանքին, դպրոցական կեանքին:

116 էջերու վրայ տարածուող այս գիրքը խմբագրած է Հ. Քասունի:

Այս գործը օրինակներով կը հաստատէ, որ հայը ունեցած է դրամագիտութիւն հին տարիներէն սկսեալ երբ ապրանքներու փոխանակումին յաջորդեց դրամը:

Տօնապետեան տուած է հայկական դրամին պատմութիւնը սկսելով Երուանդունիներու շրջանէն անդրադառնալով Արտաշէսեան, Կիլիկեան, Հանրապետական, Մեծն Տիգրանի ու խորհրդային շրջանի դրամին: Կ’ունենանք մեր թագաւորներու շարքը Ք. Ա. 189էն սկսեալ:

Ցուցահանդէս ՝ «Եգիպտոս, Հնդկաստան եւ Ճափոն»

0

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ «Զում Փրըդաքշըն»-ի հովանավորությամբ Թեքեյան Կենտրոնում բացվեց «Ճապոնիա, Հնդկաստան, Եգիպտոս» խորագրով մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը, որին ներկայացված էին «Ես կարող եմ» ստեղծագործական արվեստանոցի 5-12 տարեկան աշակերտների աշխատանքները: Ձեռնարկին ներկա էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ինչպես նաեւ արվեստագետներ, արվեստասերներ, այլ հյուրեր:

Ցուցահանդեսի բացմանը հյուրերին ողջունեց ԹԿՀ տնօրեն Ա. Ծուլիկյանը եւ իր խոսքում շնորհավորեց բոլորին՝ երեխաներին, ուսուցիչներին, ծնողներին, այդ հրաշալի առիթով եւ կարեւորեց ձեռնարկը, հորդորելով պահել ու պահպանել, այն ինչ ստեղծում են երեխաները: «Այն, ինչ կարող է արտադրել մանկական երեւակայությունը, կյանքում այլեւս չի կրկնվում: Այն, ինչ արել ենք մանուկ հասակում, ցավոք, էլ երբեք չենք կարող անել: Կոչ եմ անում գնահատել ու քաջալերել մեր մանուկներին, չէ որ սա իրենց առաջին քայլն է, ինչը մղելու է իրենց հետագա կյանքում ունենալ նորանոր հաջողություններ տարբեր ոլորտներում», – հավելեց Ա. Ծուլիկյանը: Տնօրենը նաեւ բարձր գնահատանքի արժանացրեց «Ես կարող եմ» արվեստանոցի գործունեությունը եւ համագործակցությունը շարունակելու հույս հայտնեց:

Միջոցառումը շարունակեց Արեւիկ Աստաբացյանը, «Ես կարող եմ» արվեստների կենտրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, դասավանդող, որը շնորհակալություն հայտնեց Ա. Ծուլիկյանին «Ճապոնիա, Հնդկաստան, Եգիպտոս» ցուցահանդեսը Թեքեյան Կենտրոնում հյուրընկալելու համար: Նա ներկայացրեց տեսանյութ, որն ամփոփում էր արվեստանոցի ուսումնական տարին եւ կատարած աշխատանքը:  Ա. Աստաբացյանը տեղեկացրեց, որ «Ես կարող եմ» արվեստանոցը նախաձեռնել է ծրագիր, որի շրջանակում երեխաները նկարազարդում են Հ. Թումանյանի հեքիաթները, որոնք շուտով տպագրվելու են: Իսկ արվեստանոցում արդեն ստեղծվել է անիմացիոն ֆիլմ հեքիաթներից մեկի՝ «Պոչատ Աղվեսի» նկարազարդման հիման վրա, ինչն էլ ներկայացվեց ներկաների ուշադրությանը:

Ա. Աստաբացյանը ներկայացրեց նաեւ «Ես կարող եմ» արվեստանոցում ծնված եւ երեխաների աշխատանքների վրա հիմնված երկրորդ գիրք-ալբոմը, որը ներկայացնում է աշխարհի երեք հրաշալի երկրներ` Ճապոնիա, Հնդկաստան եւ Եգիպտոս: Աշակերտները, ուսումնասիրելով այդ երկրները, փորձել են իրենց նկարներում ներկայացնել դրանց մշակույթը, առանձնահատկությունները, ավանդույթները, բուսական եւ կենդանական աշխարհը:

Ելույթով հանդես եկավ նաեւ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, որը, շնորհավորելով ցուցահանդեսի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, խորին շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու համար:  «Ես հաճելիորեն զարմացած եմ, թե ինչպես երեխաներին հաջողվել է այդքան ճշգրիտ ներկայացնել մեր երկիրը», – հավելեց դեսպանը եւ բոլոր հետաքրքրվածներին հրավիրեց դեսպանություն՝ ուսումնասիրելու լեզուն եւ մշակույթը: Էյջի Տագուչին պատրաստակամություն հայտնեց նաեւ աջակցելու Ճապոնիային առնչվող մշակութային ծրագրերին:

Այնուհետեւ եկավ ձեռնարկի ամենակարեւոր մասը՝ երեխաներին հանձնվեցին ցուցահանդեսի կատալոգներ եւ շնորհակալագրեր՝ ցուցահանդեսին եւ «Ես կարող եմ» արվեստանոցի դասընթացներին հաջող մասնակցելու համար:

Ձեռնարկը եզրափակվեց հյուրասիրությամբ, որի ընթացքում ներկաները վայելում էին ցուցահանդեսին ներկայացված երեխաների աշխատանքներով:

IMG_5734

 

IMG_5746

 

IMG_5757

 

IMG_5759

 

IMG_5763

 

IMG_5770

 

IMG_5772

 

 

 

Մարսէյլ – Ֆրանսա; Երեւանի Քաղաքապետը Վալերի Պուայէի Հետ Այցելած է Հայոց Ցեղասպանութեան Յուշահամալիր

0

Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեան Մարսէլի փոխքաղաքապետ Տիտյէ Փարաքեանի, Մարսէլի մէջ ՀՀ գլխաւոր հիւպատոս Վարդան Սրմաքէշի եւ Մարսէլի 11 եւ 12-րդ շրջանի ղեկավար, Ֆրանսայի ԱԺ պատգամաւոր Վալերի Պուայէի ուղեկցութեամբ այցելած է հայկական Պոմոն թաղամասին մէջ գտնուող Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակը յաւերժացնող յուշահամալիր: Քաղաքապետը երեւանեան պատուիրակութեան անդամներուն հետ միասին յարգանքի տուրք  մատուցած է Մեծ եղեռնի անմեղ զոհերու յիշատակին: Այս մասին կը յայտնեն Քաղաքապետարանի մամլոյ ծառայութենէն:

Մարսէլի 11 եւ 12-րդ շրջանի ղեկավար, Ֆրանսայի ԱԺ պատգամաւոր Վալերի Պուայէն նշած է, որ Մարսէլի հայկական ու հայաշատ թաղամասին մէջ գտնուող յուշահամալիրը կ’առանձնանայ ոչ միայն որպէս ճարտարապետական կառոյց, այլեւ առանձնակի խորհուրդ ունի որպէս պատմական ուղեցոյց ինչպէս տեղի հայ համայնքի, այնպէս ալ Մարսէլի ողջ բնակչութեան համար: Քաղաքապետ Տարօն Մարգարեանին ներկայացուած է նաեւ յուշահամալիրի հարեւանութեամբ այս տարի տեղադրուած յուշաքարը, որը Մեծ եղեռնէն մազապուրծ  հայ մայրերու ու անոնց ժառանգներու իւրովի խոնարհումն է` ի յիշատակ 1915-ին զոհուած հայ կանանց:

Տեղուոյն վրայ Երեւանի քաղաքապետը ծանօթացած է նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ, որոնք իրենց գոհունակութիւնը  փոխանցած են Տարօն Մարգարեանին` Երեւանի եւ Մարսէլի վերջին տարիներու արդիւնաւէտ համագործակցութեան համար, ընդգծելով, որ երկուստեք փոխգործակցութիւնը շատ կարեւոր է մարսէլահայութեան համար: Տարօն Մարգարեան իր հերթին վստահեցուցած է, որ երկու քաղաքներու փոխյարաբերութիւնները բարձր մակարդակի վրայ են ու պիտի շարունակեն ամրապնդուիլ:

 

 

Սպանիոյ Մէջ Հայ Եւ Սպանացի Ժողովուրդներու Բարեկամութեան Նուիրուած Խաչքար Տեղադրուած Է

0

Յուլիս 9-ին Պուենթէ Խենիլի (Քորտոպա) մէջ տեղի ունեցած է հայ եւ սպանացի ժողովուրդներու բարեկամութեան նուիրուած խաչքարի բացման արարողութիւն` դեսպան Աւետ Ադոնցի, Պուենթէ Խենիլի քաղաքապետ Էսթեփան Մթրալես Սանչեսի, Սպանիոյ եւ Փորթուկալի մէջ հայրապետական պատուիրակի ընդհանուր փոխանորդ Հայր Սասունի եւ հայ համայնքի մասնակցութեամբ: Խաչքարը տեղադրուած է Պուենթէ Խենիլի կեդրոնական «Parque de los Pinos» զբօսայգիին մէջ, կը տեղեկացնէ ՀՀ ԱԳՆ-ն:

Դեսպան Ադոնց իր ողջոյնի խօսքին մէջ անդրադարձած է հայ-սպանական յարաբերութիւններու պատմութեան, ներկային, կարեւոր համարած է խաչքարի տեղադրումը յատկապէս այս տարի` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, շնորհակալութիւն յայտնած է քաղաքապետին եւ մտայաղացման հեղինակներուն` կատարած աշխատանքին համար:

Պատերազմող, Բայց Երջանիկ Ինքնահռչակ Պետութիւն. The Daily Beast-ը Անդրադարձած Է ԼՂ-ին

0

Ամերիկեան The Daily Beast պարբերականն ուշագրաւ անդրադարձած է Լեռնային Ղարաբաղին` պատմելով պատերազմական իրավիճակին մէջ ծաղկող ժողովրդավարութեան ու սահմանային լարուած իրավիճակի մասին, կը գրէ Tert.am-ը:

«Մայրամուտի վարդագոյն շողերը կ՛իջնեն խաղաղ Ստեփանակերտի վրայ, որ ժամանակին անխնայ ռմբակոծուած ու աւիրուած է հայ-ատրպէյճանական պատերազմի ընթացքին: Թէեւ սահմանագիծին վրայ կրակոցները դեռ կը հնչեն, այնուհանդերձ ինքնահռչակ հանրապետութեան մայրաքաղաքը շատ խաղաղ է:

«Ստեփանակերտի մէջ տիրող հանդարտութիւնը նման է գերիրապաշտական (surrealistic) պատկերի` հաշուի առնելով Ղարաբաղի պատերազմական անցեալն ու ռազմականացուած ներկան:«Կովկասի կանաչապատ լեռներուն մէջ ծուարած Ղարաբաղը Արեւմուտքի մէջ բնակող հայկական սփիւռքի ջանքերով կանգնած է ծաղկուն ժողովրդավարութեան ճանապարհին: Թէեւ անիկա կը նախընտրէ կրաւորական դիտորդի դեր ստանձնել բարդ աշխարհաքաղաքական զարգացումներու հարցով, այնուհանդերձ ԼՂ իշխանութիւնները կը գիտակցին, որ որեւէ քաղաքական անկայունութիւն ունակ է «արթնացնելու» Ատրպէյճանի հետ` շատոնց արդէն չննջող պատերազմը: Սակայն տեղացիները  աւերիչ պատերազմի կրկնութիւնը չեն ցանկանար:

«Ուստի, վտանգներով լի յեղափոխութիւններէ խուսափելու համար, Ստեփանակերտը կ՛անցնէ արդար եւ թափանցիկ ընտրութիւններ: Փաստացի, Ստեփանակերտը կ՛ապացուցէ, որ կրնայ յաջող պայքար մղել նաեւ յետխորհրդային բոլոր երկիրներուն յատուկ կաշառակերութեան ու կազմակերպուած յանցաւորութեան դէմ»,- կը գրէ յօդուածագիր Աննա Նեմցովան:

Հեղինակը կը նկատէ, որ ի տարբերութիւն Հայաստանի, ուր կաշառակերութիւնը շատ խոր արմատներ ունի, ԼՂ-ի մէջ գործարարներն ու ձեռնարկատէրերը գործնական առումով  իրենց աւելի ապահով կը զգան:

«Ես փախայ Երեւանէն եւ գործարարութիւն հիմնեցի Ստեփանակերտի մէջ, ուր կաշառակերուիւնը կը բացակայի եւ ոչ ոք կրնայ ինծի ստիպել կաշառք վճառել»,- կը մէջբերէ Նեմցովան Ստեփանակերտի մէջ գործող Florence Garden ճաշարանի տիրոջ` Դրօ Կարապետեանի խօսքերը:

Հաճելիօրէն զարմացնող ժողովրդավարութեան ու կաշառակերութեան բացակայութեան թեմաներէն սահուն անցում կատարելով ԼՂ հակամարտութեան ու սահմանային գօտիի լարուած իրավիճակին` յօդուածագիրը կը նշէ, որ թէեւ զինադադարէն 2 տասնամեակ անցած է, այնուհանդերձ սահմանին  յաճախակի զոհեր կ՛ըլլան:

«Միակ բանը, որ ԼՂ  բնակիչները չեն հասկնար, անիկա է, թէ ինչո՞ւ իրենց ընկեր Ռուսիան ահռելի խմբաքանակով զէնք կը վաճառէ Ատրպէյճանին: Ինքնահռչակ պետութեան արտաքին գործոց նախարար Կարէն Միրզոյեանի խօսքերով, իրենք այդքան ալ մեծ օգնութեան չեն ստանար Ռուսիայէն: «Մեզ աւելի շատ ԱՄՆ-ն կ՛օգնէ»,-պաշտօնեայի խօսքերով կ՛եզրափակէ հեղինակը: