Ուրբաթ, 27. 06. 2025

Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի. Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց

0

Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ արքեպիսկոպոսներու եւ եպիսկոպոսներու Ընտրական Սիւնհոդասը, որ Երջանկայիշատակ Տէր Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս Պատրիարքի յաջորդի ընտրութեան աշխատանքներուն սկսած էր 14 յուլիս 2015, երեքշաբթի առաւօտեան սուրբ Պատարագով եւ հոգեւոր կրթութեամբ, յետ խորհրդակցութիւններու, իր Շաբաթ 25 յուլիս 2015-ի առաւօտեան նիստին, Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց քսաներորդ Կաթողիկոս Պատրիարք ընտրեց Արհիապատիւ հայր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյեանը, որ առաւ՝ Գրիգոր Պետրոս Ի. անունը:

Ամենապատիւ Տէր Գրիգոր Պետրոս Ի ծնած է 15 նոյեմբեր 1934-ին, որպէս Զմմառու միաբան կուսակրօն քահանայ ձեռնադրուած է 28 մարտ 1959-ին, եպիսկոպոս օծուած է 13 փետրուար 1977-ին: Վաստակաւոր Առաջնորդն է Ֆրանսայի Հայ Կաթողիկէ թեմին:

Ամենապատիւ Հոգեւոր Տիրոջ գահակալութեան արարողութիւնը տեղի պիտի ունենայ Զմմառու Պատրիարքական Աթոռ՝ Զմմառու Վանքին մէջ, կիրակի 9 օգոստոսին, կէսօրէ ետք ժամը 5-ին:

Այս առիթով «ՌԱԿ ՄԱՄՈՒԼ» իր  որդիական զգացումները  կը յայտնէ`   Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի. Կաթողիկոս Պատրիարքին անոր մաղթելով բեղուն առաքելութիւն ի Փառս Աստուծոյ եւ ի պայծառութիւն Հայոց ազգին եւ հայ կաթողիկէ եկեղեցւոյ։

2

Սահմանամերձ Բերդի Մէջ Նախագահի Մասնակցութեամբ Բժշկական Նոր Կեդրոն Բացուեցաւ

0

Տաւուշի մարզի Բերդ քաղաքին մէջ այսուհետեւ նորագոյն արհետսագիտութեամբ զինուած բժշկական կեդրոն պիտի գործէ: Կեդրոնի բացման ներկայ էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան  եւ Առողջապահութեան նախարար Արմէն Մուրադեան:

«Այն ամէնը, ինչ նախատեսուած է մարզային առողջապահութեան համար այսօր Տաւուշի մարզում լուծում է ստանում: Այստեղ արդէն 4-րդ կենտրոն է, որը կարող է երկրորդային բուժօգնութիւն ապահովուել: Կարծում եմ` մարզի բնակչութիւնն այլեւս ստիպուած չի լինի մարզկենտրոն դիմել»,- ըսած է Արմէն Մուրադեան` նշելով, որ կեդրոնին մէջ նոր հաստիք պիտի ըլլայ. մասնագէտը կը հսկէ բուժական աշխատանքի որակին:

Ինչպէս NEWS.am-ի հետ զրուցին նշած է բժկական կեդրոնի տնօրէն Արամ Յարութիւնեան, կեդրոնը մասնագէտներու կարիք ունի, որոնց ցանկը ուղարկած է նախարարութիւն:

«Ունենք վիրաբոյժի, քիթ-կոկորդի մասնագէտի, հոգեբոյժի կարիք, բայց վերանորոգումից յետոյ խնդիրը կը լուծուի: Արդէն իսկ շինարարական աշխատանքների ընթացքում 3 նոր կադր է (մարդուժ-ԵՌԳ.) մեզ դիմել եւ անցել աշխատանքի»,- ըսած է տնօրէնը:

Նշենք, որ Տաւուշի մարզի նոր բժշկական կեդրոնը կը գտնուի նախկին հիւանդանոցի տարածքին մէջ: Կեդրոնը երկու մասնաշէնք ունի` վարակաբանութեան եւ բուժարան: Բժշկական կեդրոնի երկյարկանի բուժարանը եւ մէկյարկանի վարակաբանութեան մասնաշէնքերու վերակառուցման եւ կառոյցի կառուցման շինարարական աշխատանքները իրականացուած են համաշխարհային դրամատան ֆինանսաւորմամբ: Ընդհանուր առմամբ կատարուած  է 940.2 միլիոն դրամի ներդրում: Նոր բժշկական կեդրոնը անյետաձգելի բուժօգնութեան երկու սրահ ունի եւ «շտապօգնութեան» կայան: Անիկա յագեցած է ժամանակակից բժշկական սարքաւորումներով:

2

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին

0

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալեց Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին:

Հանդիպանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ողջունելով Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչներին, մշակութային խմբերի ղեկավարներին, լրագրողներին և երիտասարդ առաջնորդներին Ազգային ժողովում, Գալուստ Սահակյանը կարևորեց նրանց այցելությունը հայրենիք ու խորհրդարան՝ նշելով, որ տարիներ շարունակ սիրով է հանդիպում ամառային դպրոցի մասնակիցների հետ:

Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր գնահատեց Սփյուռքի նախարարության նախաձեռնությունը՝ Հայրենիքում նման կրթական ծրագիր կյանքի կոչելը և  ընդգծեց Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների դերը հայապահպանության կարևոր գործում: Նա նշեց, որ հայ ժողովուրդը բազում համազգային խնդիրներ ունի լուծելու և այդ ուղղությամբ իրականացնելիք բազում ծրագրեր: «Սփյուռք» ամառային դպրոցը նման հաջողված ծրագիր է: ԱԺ նախագահը կարևորեց ծրագրի շրջանակներում արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցումը նման անմիջական շփմների միջոցով: Նա մասնավորապես ասաց. «Կարող եմ անվարան ասել, որ «Սփյուռք» ամառային դպրոցը հուսալի ծրագիր է, որը պետք է ամրացնի մեր գաղափարախոսությունը, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ Սփյուռքում կարողանում եք պայքարել մեզ հետ միասին, իմացե՛ք, որ միշտ Ձեր կողքին ենք»:

Գալուստ Սահակյանը սփյուռքահայ հյուրերին ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» նախաձեռնությունը՝ ընդգծելով Սփյուռքի հայկական համայնքների և կրթօջախների դերը դրա իրականացման գործում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը հորդորեց «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչներին շարունակել իրենց ազգապահպան առաքելությունը ավելի մեծ եռանդով ու սիրով:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի նախագահին ավանդական դարձած ընդունելության համար: Նախարարը ևս կարևորեց արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման հնարավորությունը և հուլիսի 29-30-ը այդ նպատակով նախարարության նախաձեռնությամբ իրականացվելիք համաժողովը:

Գերատեսչության ղեկավարը հորդորեց ծրագրի մասնակիցներին, որ Սփյուռքում իրենց զավակներին սովորեցնեն հայոց լեզուն, սրբորեն պահեն ու պահպանեն մեր մայրենին՝ ազգապահպանության ամենամեծ գրավականը:

Հանդիպման վերջում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց  «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների հարցերին:

ԱՐԵՎԵԼԱՃԱՃԱՆՉԱՓԱՅԼԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

0

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իհարկե շատ դժվար է մարդուն, առավել եւս` մարդկանց ապուշ անվանել, բայց ավելի դժվար է ապացուցել նրանց, որ ապուշ են: Գլենդեյլաբնակ Ստեփան Փարթամյանը արդեն 20 տարի իրականացնում է այդ դժվարին գործը, ամեն անգամ մարդկանց ապուշ անվանելուց շեշտելով, որ ապուշ` հայերեն նշանակում է անուշադիր սոսկ:

Անկեղծ ասած, երբ խմբագիրս ինձ ասաց, որ պետք է զրուցեմ Ստեփան Փարթամյանի հետ, ով եկել է Ամերիկայից, ես մտածեցի, որ զրուցակիս լինելու է Արարատին կարոտած, մայր հայրենիքեն բացի ոչ մի այլ բան (անգամ սեփական կնոջը) չսիրած, եւ դժվարությամբ հայերեն խոսող մեկի հետ, եւ մեր զրույցը մի տեսակ հինավուրց հայրենիք, մազապուրծ ազգ, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունից դուրս չի գալու:

Պարոն Փարթամյանն իր առաջին իսկ նախադասությամբ ցրեց իմ այս մտքերը, ասելով` «Դե մենք` հայերս, անգամ երբ էշերն են շատ դրամ ունենում, իրենց թագավոր ենք կարգում»: Հետո ես, իհարկե մտածեցիՙ ինչո՞ւ միայն հայերս, բա օրինակ իտալացինե՞րը, կամ պակիստանցինե՞րը, էլ չենք խոսում` ինդոնեզիացիների մասին. մի՞թե նրանք (հատկապես` ինդոնեզիացիները) անգամ էշին, երբ շատ դրամ ունի, թագավոր չեն կարգում: Իհարկե կարգում են: Բայց հասկանալով, որ այս հոդվածը հազիվ թե Ինդոնեզիայում, Իտալիայում կամ Պակիստանում կարդան, եւ, հաշվի առնելով, որ այս հոդվածը հայերիս մասին է, կենտրոնանանք մեզ վրա:

Օրինակ, դուք գիտե՞ք, թե ինչ է նշանակում «Բարի լույս» նախադասությունը: Հասկանալի է, սա ողջույնի ձեւ է, որով հայերը միմյանց ողջունում են ամեն անգամ` առավոտյան հանդիպելիս, ենթադրենք խաշի սեղանի շուրջը, կամ շենքի դիմացի աղբարկղի մոտ: Իսկ ի՞նչ կմտածեք, երբ ձեզ ուշ երեկոյան ժամը 23-ին մեկն ասի` «Բարի լույս»: Հավանաբար կմտածեք, որ այդ մարդը փոքր ինչ ապուշ է (անուշադիր), քանի որ խառնում է գիշերը ցերեկի հետ, կամ, որ պարզապես անհաջող կատակ է անում… Ստեփան Փարթամյանը Գլենդեյլի հեռուստաընկերության եթերում հաղորդում ունի, որը հեռարձակվում է հենց ուշ երեկոյան ժամը 23-ին եւ կոչվում է` «Բարի լույս»: Երբ մի անգամ նրան զանգահարել են եւ ուղիղ եթերում ասել, թե «Չես ամաչո՞ւմ, այս ժամին ի՞նչ բարի լույս», մարդը շատ հանգիստ պատասխանել էՙ իսկ լույսը, կամ բարին միայն առավոտ կանո՞ւխ է լինում… Իրականում լույսը, եթե մի կողմ թողնենք դրա փիլիսոփայական իմաստը, լինում է նաեւ էլեկտրական, եւ հաշվի առնելով, որ երեկոյան ժամերին մենք մեր տներում լույս ենք վառում, ուրեմն ինչո՞ւ երեկոյան ժամերին մենք միմյանց չենք կարող ասել` բարի լույս: Չնայած, եթե հոսանքի սակագինը շարունակի թանկանալ, ապա գոնե կոմունալները վճարելու օրերին լույսը ամենեւին էլ բարի չենք անվանի:

Չի բացառվում, որ շատերը, այդ թվում հոսանքի դարդից` մեկնեն Ամերիկա եւ դառնան ամերիկահայ նոր գաղութի մի մասնիկը: Ի դեպ, ըստ Ստեփան Փարթամյանի Լոս Անջելեսում այսօր բնակվում է… 500 հայ: «Մնացածը ինքնությունը կորցրած են», ասում է զրուցակիցս` շեշտելով, որ «հայը լավ ուղեղ ունի, բայց անիկա ժանգոտած է»: Դժվար է ասել, թե ինչի՞ց: Չի բացառվում, որ ազգի հնությունից: Դե մենք աշխարհի ամենահին ազգն ենք չէ՞, մոռանալով, որ աշխարհի ամենահին մասնագիտությունն էլ պոռնկությունն է, հետեւաբար… Եկեք այլեւս աշխարհի ամենահին ազգը մեզ չհամարենք, մանավանդ որ մեզ այդպես համարողը միայն մենք ենք, բացի այդ, եթե հին ենք, ուրեմն ծեր ենք, իսկ ծերությունն այն է, երբ դու ամեն ինչ գիտես, բայց քեզանից ոչ ոք ոչինչ չի հարցնում: Ես, օրինակ, կգերադասեի, որ մենք ոչ թե ամեն ինչ իմանայինք, այլ մեզանից բան հարցնողներ լինեին, եթե կարելի է` այդ թվում ինդոնեզիացիները:

Այդուհանդերձ ծեր ենք, համենայն դեպս ծերունական ողբերգությունը մեզանում անհամեմատ ավելի մեծ տեղ ունի, քան երիտասարդական ուրախությունը: Այս առումով Փարթամյանը հիշում է իր հաղորդումներից մեկի թեման. կա 22 տարեկան աղջիկ, ով, ենթադրենք, վաղը չէ մյուս օրը ամուսնանալու է: Բայց նա ունի տատիկ, որը 89 տարեկան է, եւ, օ անեծք, վաղը մահանում է: Ի՞նչ են անում հարսանքավորները, իհարկե անորոշ ժամանակով հետաձգում են հարսանիքը, բա տատիկի տարին չտա՞նՙ նոր: Մինչդեռ այդ աղջիկը, լավՙ վաղը չէ, մյուս օրը չէ, այլ մեկ շաբաթից կարող էր ամուսնանալ, մեկ տարուց էլ երեխա ունենալ, որին թող որ անվաներ` Հեղուշ, ինչպես տատիկին, եւ ահա քեզ, տատիկը հարություն առավ… Նոր մարդ` նոր հայ ծնվեց:

2011-ին Փարթամյանն էլի էր եկել Հայաստան եւ այստեղ մնացել էր մեկ տարի: Իր խոսքով` ամեն տեղ եղել է: Դրանից ավելի շուտ էլի է եղել, բայց այդ անգամ` հատուկ նպատակով: Բանն այն է, որ 90-ականներին Ամերիկա տեղափոխված հայաստանցիները ասում էին, թե Հայաստանում սաստիկ ցուրտ է, Փարթամյանն էլ եկել էր Հայաստան, որպեսզի սեփական մաշկի վրա զգա, թե այդ ի՞նչ ցուրտ է: Զգացել եւ հասկացել, որ այդ տարիներին հայաստանյան ցուրտը ոչնչով չէր տարբերվում ամերիկյան ցրտից, նույն ցուրտն էր: Այս կապակցությամբ հիշեցի մեր հարեւաններից մեկին, ով Նոր տարվա սեղանը պարտքով քցելուց հետո հունվարին որոշեց գնալ Ռուսաստան, որպեսզի կարողանա փակել պարտքերը: Գնաց: Մեկ շաբաթից վերադարձավ: Հարցնում եմ` «Նորո ջան, բա էս ո՞նց եղավ, որ շուտ եկար»: Գիտե՞ք ինչ պատասխանեց, ասաց` «Դե շատ ցուրտ էր, եկա»: Հա, բայց Ռուսաստանի ցուրտը իրոք ցուրտ է, մեղադրելի չէ…

Դառնանք` Ամերիկա, ավելի ստույգ` Լոս Անջելես, ավելի ճիշտ` Լոս: Օրինակ դուք գիտեի՞ք, որ Լոսում հայկական ճաշարան չկա: Չէ, կան ճաշարաններ (Փարթամյանը այսպես է հայերեն թարգմանել ռեստորան օտար բառը), որոնք պատկանում են հայերին, բայց այդ ճաշարաններում հայկական խոհանոց չէ: Քյաբաբ սիրողները կարող են հանգիստ լինել, քյաբաբ այդ ճաշարաններում տալիս են, բայց հենց դրանով այդ ճաշարանները հայի են, բայց հայկական չեն: Ուտելու թեման պատահական չբացեցինք, բանն այն է, որ նախ հայերս ուտել շատ ենք սիրում (ինդոնեզիացիները` եւս), բացի դրանից հայկական ճաշարանների բացակայությունը Լոսում եղել է 20 տարի առաջ Փարթամյանի առաջին հաղորդման թեման: Ըստ զրուցակցիս, այդ ժամանակվանից ի վեր այս առումով ոչինչ չի փոխվել, թերեւս միայն քյաբաբի մսայնությունը եւ ճաշարանների սպասարկող անձնակազմը: Փարթամյանը հիշում է, որ այդ հաղորդման ժամանակ տաղավար է զանգահարել մի հայ մարդ եւ ուղիղ եթերում ասել` «Ախպեր ջան, մի հատ արի քեզ տանեմ իմ ռեստորանս, տես, որ սխալ բաներ ես ասում»: Փարթամյանն էլ պատասխանել է` «Ախպեր ջան, քանի դեռ դու ճաշարանին ռեստորան ես ասում, նշանակում է, որ Լոսում հայկական ճաշարան չունենք»: «Ախպերը», ով չի բացառվում, որ հիմա ամերիկահայ համայնքի զիլ ներկայացուցիչներից մեկն է դարձել եւ ամեն տարվա նոյեմբերին մի քանի հազար քեշ դոլար է բաշխում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ամենայն հավանականությամբ վրդովվել է, ինչն էլ, ըստ էության Փարթամյանի հիմնական նպատակն է, քանի որ ինչպես ինքն է ասում` «Վրդովված մարդու ուղեղը ավելի լավ է աշխատում»: Այս համատեքստում չի բացառվում, որ Փարթամյանն ինքը եւս վրդովված է, արդեն 20 տարուց ավել:

Օրինակ եկեղեցու` քրիստոնեական հավատքի վրա, ինչը ըստ զրուցակցիս կոմունիզմի պես մի բան է. «Կոմունիստներն ասում էին` բանվորներ (պրոլետարներ-Հ. Ա.) համայն աշխարհի, միացեք, քրիստոնեությունն էլ ասում է` ոչխարներ (գառնուկներ- Հ. Ա.) համայն աշխարհի համախմբվեք»: Հենց քրիստոնեության ընդունումից` 301-ից էլ սկիզբ է առնում հայի, ինչպես Փարթամյանն ասաց` «միակ թերությունը»` օտարամոլությունը ու ստրուկի հոգեբանությունը: «Ի՞նչ է ասում քրիստոնեությունը. դիմացիր այս կյանքում, այսինքն դիմացիր` իշխանությանը, օլիգարխներին, այն փաստին, որ շան պես աշխատում ես եւ չես վարձատրվում, եւ սպասիր քո հաջորդ կյանքին, որը կատարյալ երջանիկ է լինելու»: Քրիստոնեությունն, ուրեմն, մարդուն դարձնում է ստրուկ` իր վաղվա անտեսանելի, անհաստատ եւ անորոշ երջանկությանը, ով համաձայն չէ, կարող է ապտակել ինձ, ես մյուս այտս էլ դեմ կտամ:

Իսկ ի՞նչ իրավունքով եք ապուշ (անուշադիր), հետամնաց անվանում մի ամբողջ ազգի, հարցնում եմ զրուցակցիս: Սկզբում պարզաբանում է, որ հայերի 49 տոկոսը ապուշ չէ, իսկ ապուշ է 51 տոկոսը, եւ ինքը աշխատում է 2 տոկոսի հետ, որպեսզի չապուշների թիվը հասցնի` 51 տոկոսի, ինչից ելնելով էլ ազգն այլեւս ապուշ չի կոչվի:

Ապա ներկայացնում է իր բոլորովին այլ գործը: Ստեփան Փարթամյանը մի քանի գրքեր է գրել, օրինակ` «Ամերիկայի հայերը», ամերիկահայ գաղութի մասին անչափ կարեւոր մի տեղեկագիր, օրինակ` «Այո, Մենք ենք»… Բոլորովին վերջերս էլ համացանցում ներբեռնել է մի ծրագիր (որը մեզ հասանելի լինելուն պես առանձին կներկայացնենք), որտեղ այցելողները կարող են գտնել եւ տեղեկանալ հայկական յուրաքանչյուր շենք-շինության մասին, դրա պատմությունը, այսօրվա վիճակը, եւ հետաքրքրվողի գտնվելու վայրից` մինչեւ տվյալ շենքի գտնվելու վայրը եղած հեռավորությունը: Այսինքն այստեղ հնարավոր է գտնել այն ամենը, ինչը կա աշխարհում եւ ինչը` հայկական է: «Այս իրավունքով եմ ես ազգին ապուշ անվանում», ասում է Փարթամյանը եւ շարունակում` «Ցեղասպանության հարյուրամյակի սեմին ես առաջարկում էի ինքնաշարժով (ավտոմեքենա) երթ կազմակերպել, որի վրա փակցված կլինեն Ցեղասպանությունից փրկված այն հայերի որդիների եւ թոռների լուսանկարները, ովքեր այսօր անչափ կարեւոր դեր են խաղում տվյալ երկրների կյանքում: Այդպիսով` օտարները կիմանային, որ այդ հռչակավոր մարդիկ, ովքեր իրենց կյանքը ավելի հաճելի են դարձնում կամ հենց իրենք, կամ իրենց նախնիները Ցեղասպանությունից են փրկված: Բայց իմ այս ծրագիրը ֆինանսավորում չստացավ. պիտի ծրագիրը ողբալի լինի, չէ՞, անպայման պիտի ողբանք, չէ՞»: Այդուհանդերձ Փարթամյանը գտել է միջոցներ` իրականացնելու իր այս նախաձեռնությունը եւ պատրաստվում է արդեն դրա համար ինքնաշարժ գնել…

Այնուամենայնիվ, մեզանից ոչ ոք (այդ թվում` ինդոնեզիացիները) ապուշ չէ, այդ պարագայում, սակայն, ինչո՞ւ երբ էշերը շատ փող են ունենում, նրանց մեզ թագավոր ենք կարգում. Ձեր կարծի՞քը… Հենց այսպես էլ կոչվում Փարթամյանի հաղորդաշարը, որը, եթե 20 տարի է արդեն եթերում է, ուրեմն Բարի լույս կարելի է ասել անգամ ուշ երեկոյան ժամը 23-ին:

Իսկ ձե՞ր կարծիքը…

Փարթամ այս զրույցը հիշեց, մտապահեց եւ գրի առավ`

…Ի դեպ, վերնագիրը հոդվածի հետ ոչ մի կապ չունի, գրեթե ոչ մի. ուղղակի, ասում են` հայերենի ամենափարթամ բառն է:

 

 

Stepan

Գագիկ Ծառուկեան Այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին

0

24 Յուլիս 2015-ի երեկոյեան, Սուրբ Աստուածածին Վանքի Վեհարանին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Հայաստանի Ազգային Ողիմպիականի կոմիտէի նախագահ՝ Տիար Գագիկ Ծառուկեանին: Նոյն օրը ժամը 6-ին, Ծառուկեան նաեւ այցելեց Անթիլիասի Մայրավանքին զանազան բաժանմունքները:

Վեհափառ Հայրապետին եւ Գագիկ Ծառուկեանի հետ հանդիպումին ներկայ էին Լիբանանի եւ Բերիոյ թեմերու առաջնորդները, Ազգային Կեդրոնական Վարչութեան եւ Ազգային մարմիններու ներկայացուցիչները: Շուրջ մէկ ժամ տեւած հանդիպումին ընթացքին Նորին Սրբութիւնը ողջունելէ ետք Ծառուկեանի ներկայութիւնը նկատել տուաւ, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը ոչ միայն պատմական Աթոռ է, այլ նաեւ պատմական առաքելութիւն ունեցած է մեր ժողովուրդի կեանքէն ներս եւ յատկապէս Հայոց Ցեղասպանութենէն ետք կարեւոր դեր կատարած է Սփիւռքի մէջ` հայապահպանման, ինչպէս նաեւ եկեղեցաշինութեան ու դպրոցաշինութեան աշխատանքներուն մէջ: Մեր ժողովուրդի բռնաբարուած իրաւունքներու ձեռքբերման գծով եւս, մեր Սուրբ Աթոռը կարեւոր դերակատարութիւն ունեցաւ Սփիւռքի մէջ, հաստատեց Վեհափառ Հայրապետը: Շարունակելով իր խօսքը` Նորին Սրբութիւնը շեշտեց, որ Հայաստան-Սփիւռք կապը կը դիտենք մէկ համապարփակ ամբողջութեան մէջ, մասնակից դառնալով Հայաստանի հզօրացման համահայկական առաքելութեան, որովհետեւ կը հաւատանք, որ Հայաստանի հզօրացումը Սփիւռքի հզօրացումն է եւ փոխադարձաբար: Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ երբ մեր ժողովուրդին դիմագրաւած խնդիրներն ու մարտահրաւէրները համահայկական բնոյթ ունին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը նախ ընելիք եւ ապա ըսելիք ունի: Նորին Սրբութիւնը կարեւորութեամբ յիշեցուց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը միշտ աջակից եղած է Հայաստանի պետականութեան հզօրացման եւ Հայաստանի ժողովուրդի բարօրութեան նպաստող բոլոր ծրագիրներուն ու աշխատանքներուն, եւ միշտ կը մնայ յանձնառու այս ուղղութեան:

Անդրադառնալով Ծառուկեանի կատարած բարեգործութիւններուն՝ եկեղեցաշինութեան եւ մարդասիրական բնագաւառներէն ներս, Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց Գագիկ Ծառուկեանը, հայրենաշինութեան բերած անոր կարեւոր ներդրումին համար: Ան որ Հայաստանի հզօրացման, հայրենի ժողովուրդի կեանքի բարելաւման, Ղարաբաղի անկախութեան ամրապնդման եւ մեր ժողովուրդի ընդհանրական ու գերագոյն երազներու իրականացման իր մասնակցութիւնը կը բերէ, մեզի համար սիրելի ու գնահատելի անձ մըն է, ըսաւ Վեհափառ Հայրապետը եւ կո՛չ ուղղեց համախմբուելու մեր գերագոյն արժէքներուն ու ձգտումներուն շուրջ:

Բերիոյ Թեմի Առաջնորդ Շահան Արք. Սարգիսեան ընդհանուր գիծերու մէջ ներկայացուց վերջին հինգ տարիներուն տեղի ունեցած պատերազմին պատճառով Սուրիոյ հայութեան տագնապը եւ կարիքները:

Խօսք առաւ նաեւ Գագիկ Ծառուկեան: Ան իր ուրախութիւնը յայտնեց Լիբանանի մէջ իր ներկայութեան համար: Ծառուկեան գնահատեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հայապահպանման ի նպաստ տարած յոյժ կարեւոր աշխատանքը: Ան ըսաւ, որ հպարտ է գտնուելուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութենէն, ինչպէս նաեւ Սփիւռքի սիրտը հանդիսացող Լիբանանի հայ գաղութէն ներս: Ծառուկեան շեշտեց, որ մարդ արարածը իր կարելիութեան սահմաններուն մէջ պէտք է օժանդակէ եւ աջակցի ազգին. Մեծի Տանն Կիլկիոյ Կաթողիկոսութեան կատարած իր այցելութեան առիթով, ան 500 հազար ամերիկեան տոլար նուիրեց Կաթողիկոսութեան ծրագիրներուն եւ սուրիահայութեան կարիքներուն: Ապա, ան արծաթեայ մեծ խաչ մը նուիրեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին: Նորին Սրբութիւնը իր կարգին Բարձրբերդի Աւետարանի սահմանափակ թիւով տպագրուած օրինակներէն մին յանձնեց հայրենի հիւրին:

 

 

Վարդան Թաշճյանի պարգևատրման արարողություն Հասցեատեր՝ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն, Եվրոպայի վարչություն

0

Հունիսի 23-ին Հունաստանում Հայաստանի դեսպանությունում կայացավ Կիպրոսի Նարեկ վարժարանների հոգաբարձության ատենապետ Վարդան Թաշճյանի պարգևատրման արարողությունը Սփյուռքի նախարարության բարձրագույն` «Ոսկե մեդալ» պարգևով` հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար:

Բացման խոսքում դեսպան Ղալաչյանը նշեց, որ հայրենիքից հեռու ազգային ինքնությունը պահպանող յուրաքանչյուր հայ հերոս է, իսկ հայապահպան  ու հայրենանվեր գործունեություն ծավալող ամեն հայ` կրկնակի հերոս: Հակիրճ ներկայացնելով կրթության և արվեստի գործչի հարուստ կենսագրությունը` դեսպանն ընդգծեց, որ  ի դեմս Թաշճյանի` Սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևը կգտնի իր արժանի և լիիրավ տիրոջը:

Պարգևատրման արարողությանը հաջորդիվ` պարոն Թաշճյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով` իր երախտագիտությունը հայտնելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին, դեսպան Ղալաչյանին, իր գործընկերներին և ընտանիքի անդամներին:

Վաստակաշատ ուսուցիչը նշեց, որ ինքնությունը պահպանելու և իբրև հայ ապրելու ու գործելու պատգամը ժառանգել է Մեծ եղեռնից մազապուրծ փրկված իր ծնողներից, և իր կրթական ողջ գործունեության ընթացքում փորձել է այն սերնդեսերունդ փոխանցել Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության, Նարեկ  վարժարանների և լիբանանյան դպրոցների կամարների ներքո: Իրեն բնորոշելով իբրև «կրթության և արվեստի խոնարհ մշակ»` պարոն Թաշճյանը նշեց, որ պարգևատրումն իրեն խրախուսում է այսուհետ ևս բազմապատկված ջանքով ու հանձնառությամբ շարունակել ծառայել հայ ժողովրդին և Հայրենիքին:

 

***

Վարդան Թաշճյանը կիպրահայ անվանի գեղանկարիչ է և վաստակաշատ ուսուցիչ: Տասը տարի դասավանդել է Մելքոնյան կրթական հաստատությունում, շուրջ 27 տարի պաշտոնավարել որպես «Նարեկ» հայկակական վարժարանների տնօրեն: 2009-ից մինչ օրս Վարդան Թաշճյանը զբաղեցնում է Նարեկ վարժարանների հոգաբարձության ատենապետության պաշտոնը: Մասնակցել է անհատական և խմբակային ավելի քանի 100 ցուցահանդեսների, Կիպրոսը ներկայացրել բազմաթիվ միջազգային համաժողովներում, Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդում հանդես եկել որպես Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության պատվիրակ:

 

Pic 2

 

 

Pic 3

Լիբանան Կրնայ Հատել «Կինես»ի Նոր Չափանիշ Մը

0

ՍԵՒԱԿ  ՅԱԿՈԲԵԱՆ

Կ’ապրինք երկրի մը մէջ, որ ի պատիւ իր պատասխանատուներուն կ’ապրի չափանիշային անդունդի մը եզրին:

Ողբերգակատակերգութիւնը կը կայանայ այն բանին մէջ, որ մինչեւ օրս Լիբանան յաջողած է շատ մը չափանիշեր արձանագրել «Կինես» համաշխարհային չափանիշերու գիրքին մէջ հետեւեալ ձեւով.-

– Թապուլէի ամենամեծ պնակը աշխարհի մէջ:

– Համմուսի ամենամեծ պնակը աշխարհի մէջ:

– Ծոթրինով (զաաթար) ամենամեծ հացը աշխարհի մէջ:

Կարելի է վերոյիշեալներուն վրայ մեր կողմէ աւելցնել նաեւ՝

– Ելեկտրական հոսանքի ամենաերկար ժամերով անջատումի համաշխարհային չափանիշի հատում:

– Ոչխարամիտ ժողովուրդի ամենամեծ թիւով բնակչութիւն ունեցող երկրի համաշխարհային չափանիշի հատում:

– Ամենաերկար ժամանակամիջոցով Նախագահական թափուր աթոռ ունեցող երկրի չափանիշի հատում եւ այս բոլորին վրայ որոնց շարքը կարելի է անսպառ երկարել, այս շաբաթ եկաւ նաեւ ամենակարեւորը՝

– Մարդկային պատմութեան մէջ ամենամեծ աղբանոցը հանդիսացող երկրի չափանիշի հատում:

Վերոյիշեալ չափանիշը մենք այս շաբաթ արձանագրեցինք ի պատիւ մեր երկրին (ան)պատասխանատու պետական գործիչներուն, որոնց ապիկարութեան եւ իւրաքանչիւր հարց իր օրին լուծած չըլլալու անհոգութեան եւ երկրին հարցերը յաւէտ ձգձգելու եւ կուտակելու քաղաքականութեան մէջ միայն յաջող անպատասխանատու՝  պատասխանատուներուն, որոնք հակառակ երկար ատենէ ի վեր առկայ եղող՝ երկրին աղբերու մնացորդածը պարփակելու տեղերու այլեւս չգոյութեան հարցը տակաւին կը կ՛ուշանային լուծել մինչեւ, որ պատահեցաւ անխուսափելին՝ անցնող Կիրակի օրուընէ ի վեր աղփերը մնացին փողոցը՝ անհաւաք:

 

Կը մնայ մեր ձայնը միացնել ընկերային համացանցերու վրայ սկիզբ առած հետեւեալ կոչին, որ ինչպէս կոչին հետ տարածուած գծանկարն ալ կը լուսաբանէ, քաղաքացիները կը մղէ իրենց աղբերը թափելով կուտակելու այլեւս իրենք աղբ ըլլալու մակդիրը շահած Լիբանանի (ոչ)պատասխանատու քաղաքական գործիչներու բնակարաններուն առջեւ:

Երկրաչափ Շահէ Խաչեր Գալուստեան Խմբագրատանս Մէջ

0

«Խմբ.»

Երէկ երեկոյեան «Զարթօնք»-ի խմբագրատուն այցելեց Խաչեր Գալուստեան Մանկավարժական Կեդրոնի հիմնադիրներէն եւ «Ինթէրմարք» Մանկավարժական Խորհրդատու հաստատութեան տնօրէն՝ Երկրաչափ Շահէ Խաչեր Գալուստեանը՝ որուն, որպէս Լիբանանահայ յաջող երկրաչափ, ներդրումը մեծ եղած է Ռաֆիք Հարիրի Միջազգային Օդակայանի եւ Լիբանանի Վարչապետարանի շինարարական աշխատանքներուն մէջ:

Հանդիպման ընթացքին արծարծուեցան Հայ Սփիւռքն ու Հայրենիքը յուզող հարցեր, ի մասնաւորի եւ յարգելի հիւրին իսկ բառերով՝ Ազգապահպանումի եւ Ազգապահակութեան կրթութեան վերաբերող յոյժ կարեւոր նիւթեր:

Հանդիպումը առիթ մըն էր անդրադառնալու յարգելի հիւրին խմբագրած եւ վերջերս հրապարակի վրայ եղող Լիբանանահայ երախտաշատ երկրաչափ Խոսրով Երամեանի Twist of Fate արժէքաւոր գիրքին, որ կը բովանդակէ Լիբանանեան հայրենիքի շինարարութեան մէջ մեծ երախտիք ունեցող Խոսրով Երամեանի կեանքին ու գործին վերաբերող արխիւային նիւթեր:

Հաճելի էր Պրն. Գալուստեանէն լսել իր հաստատած նորագոյն հաստատութեան՝ «Ինթէրմարք»-ի մասին ու ծանօթանալու Կեդրոնին ընդգրկած մանկագիտական սկզբունքներուն, ներկայի հետազօտական միջազգային տուեալներու արդիւնքներու կիրարկումներու ընդմէջէն: Ուրախութեամբ իմացանք, որ Փետրուարի առաջին օրերու բացումէն ասդին, այցելողներու եւ կեդրոնի գործունէութեան մաս կազմողներու թիւը հազար հինգ հարիւրէ աւելի եղած է, շատերու պարագային ալ ամսական դրութեամբ:

Յաջողութիւն եւ արեւշատութիւն մեր յարգելի հիւրին:

Պուէնոս Այրէս – Արժանթին Համահայկական 6-րդ Խաղերու Ջահի Վառման Հանդիսաւոր Արարողութիւնը Պուէնոս Այրէսի Մէջ

0

Յուլիս 18-ին Պուէնոս Այրէսի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարի բակին մէջ, Հայոց ցեղասպանութեան յուշարձանին մօտ տեղի ունեցաւ Համահայկական VI-րդ խաղերու ջահի վառման հանդիսաւոր արարողութիւնը: Ջահը վառելու եւ կրելու պատուաւոր պարտականութիւնը կատարեց արժանթինահայ յայտնի մարզիկ Ալպերթօ Բարսեղեան: Այս մասին կը յայտնեն ԱԳՆ մամլոյ ծառայութենէն:

Արարողութեան մասնակցեցան Արժանթինի մէջ ՀՀ դեսպան Ալեքսան Յարութիւնեան, Արժանթինի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տէր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրատեան, արժանթինահայ համայնքնային կազմակերպութիւններու ղեկավարները, Համահայկական VI-րդ խաղերու Արժանթինի կազմակերպչական կոմիտէի անդամները, մարզիկներ եւ հիւրեր:

Արարողութեան սկիզբը Տէր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրատեանի հանդիսապետութեամբ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ համահայկական խաղերուն մասնակցող արժանթինական պատուիրակութեան շուրջ 200 անդամներու, ինչպէս նաեւ խաղերու բացումը խորհրդանշող ողիմպիական կրակի օրհնութեան եւ բարեմաղթանքի արարողութիւն:

Այնուհետեւ ելոյթներով հանդէս եկան Արժանթինի մէջ ՀՀ դեսպան Ալեքսան Յարութիւնեան, Տէր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրատեան, արժանթինահայ համայնքային եւ մարզական կառոյցներու ղեկավարները:

Իր խօսքին մէջ դեսպան Յարութիւնեան կարեւոր համարեց համահայկական խաղերու դերն ու նշանակութիւնը աշխարհասփիւռ հայութեան համախմբման, հայ երիտասարդներուն հայրենիք բերելու, Հայաստան-Սփիւռք կապերը ամրապնդելու առումով:

ՀՀ դեսպանը ընդգծեց նաեւ Համահայկական VI-րդ խաղերու իրականացման կարեւորութիւնը յատկապէս Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ձեռնարկներու ծիրէն ներս:

Թուրք Ազգայնականը, Որ Կը Սպառնար Սուրիոյ Մէջ Կտրել Հայերու Գլուխները, Սպաննուած Է

0

Թուրքիոյ ազգայնական «Ուլքու օճաքլար» (Իդէալիստական օճախներ) կազմակերպութեան անդամ Պուրաք Միշինճին, որ մեկնած էր Սուրիա` կռուելու, սպաննուած է:

Ըստ Ermenihaber.am-ին՝ թրքական «Demokrathaber» լրատուական կայքը կը գրէ՝ Միշինճին նախքան Սուրիա մեկնիլը յայտարարած էր, որ «կ՛երթայ հայերու գլուխները կտրելու»: Ան սպաննուած է Սուրիոյ Լաթաքիոյ շրջաններէն մէկուն մէջ տեղի թուրքմէններու եւ Սուրիոյ Ազգային պաշտպանական ուժերու միջեւ տեղի ունեցած բախումի ժամանակ:

Թուրքիոյ մէջ Միշինճիի յուղարկաւորութեան արարողութիւնը տեղի ունեցած է Սթամպուլի մէջ: Վերջինիս  թաղման մասնակցած են Միշինճիի ընտանիքը, Թուրքիոյ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցութեան Սթամպուլի պատգամաւոր Մերալ Աքշեները, ինչպէս նաեւ կազմակերպութեան բարձր պաշտօններ զբաղեցնող անձիք: Ներկայ եղած են նաեւ թուրքմէններ:

Յիշեցնենք, որ «Իդէալիստական օճախներ» ազգայնական ծայրայեղական կազմակերպութեան Կարսի մասնաճիւղի ղեկավար Թոլկա Ատըգիւզելը քննադատած էր աշխարհահռչակ ճազ-երաժիշտ Տիգրան Համասեանի տուած համերգը հայկական պատմական մայրաքաղաք Անիի մէջ: Ան նաեւ հանդէս եկած էր սպառնալիքներով, նշելով, որ իրենց կազմակերպութիւնը Կարսի փողոցներուն մէջ «որս» պիտի սկսի հայերուն դէմ, եթէ իրենց համբերութեան բաժակը լեցուի: