Երկուշաբթի, 30. 06. 2025

Մետալակիրը

0

ՀՐԱՆՈՅՇ ԽԱՌԱՏԵԱՆ

Հայաստանից դուրս Հրաւիրուած էի միջին կարգի մի երեկոյթի, որտեղ հանդիպեցի մի շատ գէր, մազմզոտ, կարճահասակ մարդու` աջ ձեռքի հաստ ճկոյթին գմբէթարդ անդամանդակուռ ծանր մատանիով, որը խիստ ընդգծուած էր նոյն ձեռքին բռնած երկարոտ ու սլացիկ շամպայնի նուրբ բաժակի հարեւանութիւնից: Ամառուայ կէսին թունոտ կանաչ գոյնի թանձր պիջակով էր` ողջ կուրծքը մինչեւ պիջակի փէշերը զարդարած մետալներով՝ էլ Խորենացի, էլ Մաշտոց, էլ Գօշ, էլ «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» (երեք մետալ), էլ ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան, էլ ՀՀ Մշակոյթի նախարարութեան, նաեւ զանազան յուշամետալներ…։ Ներքեւից վեր նայելով` մարդը մի նիհար ու բարձրահասակ գեղեցկուհու ներկայացնում էր իր պիջակին ամրացուած մետալներն ու շքանշանները: Ձախ կողմից միմեանց կողքի կախուած էին Առաջին եւ Երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանները, դրանց տակ` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը: Դրանց տակ կախուած էին «Արիութեան մետալը», «Մարտական ծառայութեան մետալը», «Մխիթար Գօշի մետալը», «Մխիթար Հերացու մետալը», «Անանիա Շիրակացու մետալը», «Մովսէս Խորենացու մետալը», «Տիգրան Մեծի», «Վարդան Մամիկոնեանի» շքանշաններ, ապա` Պատուոյ շքանշանը, Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար մետալը, Արիութեան մետալը, Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մետալը:
Վարդան Մամիկոնեանին զուգահեռ, նոյն հորիզոնականում էր ԼՂՀ Գրիգոր Լուսաւորչի շքանշանը: Այն շատ տիրական բազմել էր գէր փորից մի փոքր վեր, ճիշտ ստամոքսի վրայ, եւ Գր. Լուսաւորչի վեր բարձրացած աջը կարծես հաստատում էր մարդու` պիջակի աջ ու ձախ կողմերի շքանշանները կրելու բոլոր իրաւունքները:

Պիջակի ձախ «փէշին»` վերից վար ԼՂՀ շքանշաններն ու մետալներն էին` ԼՂՀ Մարտական խաչի Առաջին եւ Երկրորդ աստիճանների, առակագիր Այգեկցու դէմքով Անանիա Շիրակացու մետալը, ապա պարսիկի դէմքով Վաչագան Բարեպաշտի մետալն էր, որի վրայի Վաչագանը կարծես մի փոքր ամաչում էր: Յետոյ հերթով գալիս էին Մխիթար Գօշի, Մարտական ծառայութեան, Շուշիի ազատագրման համար, Արիութեան համար, Երախտագիտութեան մետալները:

Գօտկատեղից ներքեւ կպցրած էին ՀՀ եւ ԼՂՀ «Վաստակաւոր» եւ «ժողովրդական» պատուաւոր կոչումները հաստատող երկուական շքանշանները` ընդամէնը չորս հատ, եւ մնում էր զարմանալ այս ժուժկալ համեստութեան համար` ինչպէս է, որ այս մարդը բաւարարուել է ընդամէնը չորս հատով, երբ «Վաստակաւոր» եւ «ժողովրդական» պատուաւոր կոչումները աջ ու ձախ բռերով էին բաժանւում: Բայց ոչ, պարզուեց, որ դրանք փակցնելու տեղ չի եղել. «Մտածում էի` թիկունքից փակցնել, բայց յետոյ հասկացայ, որ տեսնողը չի հասկանալու ինչ մետալներն են»,շամպայնի երկու կումերի արանքում բացատրեց շքանշանների տիրակալը:
-Իսկ ահա այս մետալը ինչի՞ համար էք ստացել,-ակնածանքով հարցրեց երկարոտ գեղեցկուհին` նուրբ մատիկով հպուելով «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» համեստ մետալին:
-Օ՜, դա շատ կարեւոր մետալ է, այդ մետալից ես շատ ունեմ, հասարակական կարգի պահպանութեան համար է: Հասարակական կարգը ես խստօրէն պահպանել եմ Հայաստանի բոլոր իշխանութիւնների համար` Լեւոն Տէր Պետրոսեանի, Ռոպերթ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի: Դա հայրենի իշխանութիւններին բոլոր տեսակի բոմժերից ու թափթփուկներից պաշտպանելու եւ հաւատարիմ ծառայելուս վկայականն է:
-Միթէ Հայաստանում իշխանութիւնների համար բոմժերից ու թափթփուկներից պաշտպանուելու կարիք կա՞յ։
-Ի հարկէ, շատ կայ: Մեր երկրում բնակչութեան ութսուն տոկոսը բոմժեր ու թափթփուկներ են…տէ, Հայաստանը աղքատների երկիր է:
-Աղքատներից էք պաշտպանե՞լ։
-Այն էլ ինչպէ~ս:
-Իսկ այս մարդն ո՞վ է։ Սա կարծես թէ նոյն մարդն է, չէ՞։ Երկու տարբեր մետալների վրայ,-մատը դնում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի վրայ:
-Այո, նոյն մարդն է՝ Մեսրոպ Մաշտոցը: Մէկը Հայաստանի մետալն է, միւսը Ղարաբաղի:
-Ո՞վ է Մեսրոպ Մաշտոցը։
-Մեսրոպ Մաշտոցը… (յապաղում է, օգնութիւն հայցող հայեացքով աջ ու ձախ է նայում, ապա վճռական) հերոս է:
-Ի՞նչ հերոսութիւն է արել։
-Տէ, հերոս է (կրկին աջ ու ձախ է նայում, այտերը մի պահ կախ են ընկնում, կարծես ուզում է յիշել) … հայերին փրկել է Ցեղասպանութիւնից:
-Փրկել է՞։ Ինչպէ՞ս է փրկել։ Եթէ փրկել է` ինչպէս է Ցեղասպանութիւնը եղե՞լ։
-Ցեղասպանութիւնց փրկել է` այսինքն Ցեղասպանութեան ժամանակ շատերին է փրկել:
-Օ~, շատերին է փրկել: Նաեւ աղքատների՞ն։
-Այո, դժբախտաբար:
-Իսկ իրեն հետ ի՞նչ եղաւ յետոյ։
-Ո՞ւմ հետ։ Մեսրոպ Մաշտոցի՞։ Մահացել է ի հարկէ (ձեռքը դնելով կողք կողքի կախուած Մխիթար Գօշի ու Մխիթար Հերացու մետալների կողմը` այ մարդ, կրակն ընկայ, հիմի էլ կը հարցնի` սրանք ովքե՞ր են):
-Որտե՞ղ։ Ինչի՞ց։
-Ես ինչ իմանամ ինչից։ Դա ինձ չվերաբերող բան է: Իմ գործը իշխանութիւններին փրկելն էր: Ես իմ գործն էի անում: Տէ էդ մարդն էլ ծերացել է մահացել է:
-Այս բոլոր մետալները իշխանութիւններին աղքատներից փրկելու համար էք ստացե՞լ։
-Այո, այո, աղքատներից փրկելու համար:
-Իսկ այս մետալների մօտ ի՞նչ լեզուով է գրուած:
-Հայերէն: Հայերէն է գրուած: Սրանք Հայաստանի եւ Ղարաբաղի մետալներ են, պարզ է, որ հայերէն են գրուած:
-Ի՞նչ տառերով։
-Հայերէն տառերով: Չէ՞ք տեսնում` հայերէն տառեր են։ Ահա տեսէք` հայերէն տառերով գրուած է` Գրիգոր Ս. Լուսաւորիչ:
-Հայերէն տառե~ր…։ Գրիգոր Ս. Լուսաւորի~չ…։ Ո՞վ է Գրիգոր Ս.Լուսաւորիչը։
– Գրիգոր Ս. Լուսաւորիչը Գրիգոր Ս. Լուսաւորիչն է: Լուսաւոր մարդ է: Իշխանութիւն է:
-Նրան էլ էք փրկե՞լ։
-Չէ, նա էլ է վաղուց մահացել: Նրան ուրիշներն են փրկել:
-Ե՞րբ։ Ովքե՞ր են փրկել։ Ինչի՞ց են փրկել։
-Ինձ նման մարդիկ: Միշտ էլ ինձ նման մարդիկ են փրկում: Գուցէ պապս է նրան փրկել, ես ի՞նչ իմանամ։
-Իսկ այս տառերը… այս հայերէն տառերը… այս տառերը երբուանի՞ց էք օգտագործում։
-Սրա՞նք։ Հայերէն տառե՞րը։ Վաղուց, շատ վաղուց: Հարիւր տարուց աւելի է:
-Այսքան շատ մետալ Դուք աղքատների դէմ կռուելուց էք ստացե՞լ։
-Տա շատ դժուար գործ է: Ոստիկանները գնում են` մարդկանց իրենց ընտանիքի հետ իրենց տնից հանում են, փողոց են գցում, այդ մարդիկ էլ կատաղած գալիս են իշխանութիւնների դէմ: Աղքատացած, գազանացած…։ Թշնամի են փաստօրէն: Այդ ներքին թշնամիների դէմ պայքարելն աւելի դժուար է, քան արտաքին թշնամիների: Կեանքս անցաւ դրանց դէմ կռուելով: Երբ որ ինձ կեներալի կոչում տուեցին, դրանք ես յիսուն ասեմ` Դուք հարիւր հասկացէք, մի վոհմակով կանգնել` բողոքում էին: Քար էին շպրտում վրաս: Մի անգամ նոյնիսկ քարը գլխիս կպաւ: Հո չէի կատաղե~լ…։ Չէին թողնում գործս անեմ: Յատուկ վտանգաւոր պայմաններում եմ աշխատում (ժպտում է, դէմքը լուսաւորւում է, փորն աւելի է մեծանում, Գրիգոր Ս. Լուսաւորիչ մետալը վեր ու վար է անում` Լուսաւորչի աջը սպառնալի թեքւում է առաջ): Տէ,մեր Հայրենիքն է, պաշտպանել է պէտք այդ բոլոր բոմժերից…։ Ձեր կենացը գեղեցկուհի, եկէք Հայաստան, եկէք Լեռնային Ղարաբաղ,-բաժակը բարձրացնում է` աջ ձեռքի ճկոյթի ադամանդակուռ մատանու փայլն ընդգծւում է,-դուք փրոպլեմ չունէք Հայաստանում, երաշխաւորում եմ` ոչ մի աղքատ չէք տեսնի: Մեսրոպ Մաշտոցի շքանշան կը տանք…։ Մի հատ էլ եկեղեցի կը կառուցենք եւ Ձեր անունով կը կոչենք: Եկեղեցու «բացումն» էլ «փակ» կ’անենք: «Փակ բացումները» իմ նեղ մասնագիտացումն է (ձեռքը դնելով անկիրք խոժոռուած Գրիգոր Ս. Լուսաւորիչ մետալին, վարից վեր վաւաշոտ նայելով` անյաջող փորձ է անում նրբագեղ խոնարհուելու):

 

Ստեփանակերտի ԹՈՒՄՕ Կեդրոնը Պիտի Սկսի Գործել Սեպտեմբերին

0

Արցախի Հանրապետութեան վարչապետ Արա Յարութիւնեան՝ «Ղարաբաղ Թելեքոմ» ընկերութեան բաժնետիրոջ ներկայացուցիչ Ռալֆ Եիրիկեանի հետ, 13 Օգոստոսին այցելած է Ստեփանակերտի ԹՈՒՄՕ կեդրոն՝ ծանօթանալու հոն տեղի ունեցող շինարարական աշխատանքներուն:

Շրջելով կեդրոնի սենեակներուն մէջ՝ վարչապետը իր գոհունակութիւնը յայտնած է կատարուած աշխատանքին վերաբերեալ եւ համապատասխան պաշտօնատարներու տուած է նոր յանձնարարականներ, որպէսզի ուսումնական կեդրոնը կարելի ըլլայ օգտագործել Սեպտեմբերին:

Շէնքին աւարտին մօտեցող վերակառուցման համար «Ղարաբաղ Թելեքոմ»ը յատկացուցած է շուրջ 150 միլիոն դրամ, իսկ սարքաւորումները ձեռք բերուած են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան ներդրումով: Ըստ պատասխանատուներու զեկուցումներուն՝ Ստեփանակերտի ԹՈՒՄՕ կեդրոն կրնան յաճախել Արցախի 500է աւելի 7-17 տարեկան երախաները՝ տարբեր շրջաններէ:

 

 

Հայաստանի Կառավարութիւնը 30 Միլիոն Տոլարով Կը Վաճառէ Մարզահամերգային Համալիրը

0

ՀՀ կառավարութիւնը իր վերջին նիստին ընթացքին որոշեց՝ պաշտպանութեան նախարարութեան «Կարէն Տեմիրճեանի անուան մարզահամերգային համալիր»ի ամրացուած եւ Հայաստանի սեփականութիւնը հանդիսացող գոյքը վերստանձնել եւ սեփականաշնորհել:

Որոշուեցաւ, որ ուղղակի վաճառքի ձեւով սեփականաշնորհման ենթակայ անշարժ գոյքի վաճառքի գինը 30 միլիոն տոլարին համարժէք դրամ է: Գնորդը «ՆՏԱԱ ինվեսթմընթ կրուփ» ընկերութիւնն է:

Ընկերութիւնը պարտաւոր է վեց ամիս ժամկէտով եւ առնուազն 55 հազար դրամ նուազագոյն աշխատավարձով աշխատանքային պայմանագիր կնքել՝ Մարզահամերգային համալիրին մէջ փաստացի աշխատող 99 աշխատողի հետ, պահպանել «Կարէն Տեմիրճեանի անուան մարզահամերգային համալիր» անուանումը, պահպանել մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղուածութիւնը, 10 տարուան ընթացքին իւրաքանչիւր տարի ապահովել՝ Հայաստանի կառավարութեան դիմումով համապատասխան նշանակութիւն ունեցող մինչեւ 5 ձեռնարկ, բայց ոչ աւելի քան տարեկան 12 օր տեւողութեամբ, անվճար կազմակերպումը, համալիրի տարածքին մէջ քաղաքացիներուն համար ապահովել Ծիծեռնակաբերդ այցելելու անարգել ու անվճար իրաւունք` հողատարածքի նկատմամբ սեփականութեան իրաւունք ձեռք բերելու պարագային:

Կառավարութիւնը նաեւ համաձայն գտնուած է ընկերութեան ներդրումային ծրագիրին:

«ՆՏԱԱ ինվեսթմընթ կրուփ»ը նպատակ ունի Մարզահամերգային համալիրի ձեռքբերման եւ յարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել հսկայ  ներդրումային ծրագիր՝ նորոգել Մարզահամերգային համալիրի շէնքը, իրականացնել կառուցապատում եւ ստեղծել ընտանեկան ուղղուածութեան համալիր կեդրոն, որ  իր տեսակին մէջ առաջինը պիտի ըլլայ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ շրջանին մէջ: Այդ մէկը պիտի ներառէ պանդոկներ, փակ ջրաշխարհ, համերգային սրահներ, հանդիպումներու սրահներ, ճաշարաններ, խանութներ եւ խաղատուն:

Ծրագիրի իրականացումը նախատեսուած է եկող չորս տարուան ընթացքին, ընդհանուր ծախսը` ներդրումներուն չափը, պիտի գերազանցէ 100 միլիոն տոլարը: Պիտի ստեղծուի առնուազն 250 աշխատատեղ:

Համացանցի Մէջ Յաճախ Դժուար է Զանազանել Իրողութիւնը Կեղծիքէն

0

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Քալիֆորնիա Քուրիըր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Զարմանալի է, որ ժամանակակից գիտարուեստի մեր դարուն եւ ելեկտրոնային սարքերու միջոցով բոլորին տրամադրութեան տակ եղած տեղեկատուութեան յորձանուտի մէջ, աւելի ու աւելի դժուար է, իսկ երբեմն ալ անհնարին, իրողութիւնը տարբերել կեղծիքէն:

Համացանցը իւրաքանչիւր նիւթի վերաբերեալ իր անսահման հնարաւորութիւններով, կրնայ օրհնութիւն կամ անէծք ըլլալ, երբ որեւէ մէկը կը փորձէ պարզել այս կամ այն յօդուածի իսկութիւնը:

Հնարաւոր չէ իմանալ՝ արդեօք կարդացածը ճշմարիտ է, թէ՞ շինծու, եթէ ընթերցողը տուեալ նիւթի գծով մասնագէտ չէ կամ չի ստուգեր truthorfiction.comի կամ snopes.comի նման կայքեր՝ բամբասանքը իրականութենէն տարբերելու համար:

Ահա այդպիսի ապատեղեկատւութեան երկու թարմ օրինակներ, որոնք տարածուած էին համացանցի մէջ միլիոնաւոր հայերու եւ այլոց շրջանակէն ներս։

Առաջին յօդուածը իբր թէ The Moscow Times կայքէն, վերնագրուած էր. «Ռուսիոյ նախագահը թուրք դեսպանին. «Ըսէք Ձեր բռնակալ նախագահին, որ անոր ԻՊի ահաբեկիչներու հետ միասին դժոխք կ’ուղարկեմ. Սուրիան մեծ Ստալինկրատի կը վերածեմ անոր համար…»: Այս յօդուածը շրջանառուեցաւ աշխարհով մէկ, տեղադրուեցաւ հազարաւոր կայքէջերու մէջ եւ արտատպուեցաւ  անհամար թերթերու կողմէ:

Յղում կատարուած էր  նախագահ Փութինին, որ Մոսկուայի մէջ Թուրքիոյ դեսպան Ումիթ Եարտըմին իբր թէ ըսած է, որ Ռուսիան իր դիւանագիտական յարաբերութիւնները Թուրքիոյ հետ պիտի խզէ՝ եթէ Էրտողան իր աջակցութիւնը Սուրիոյ մէջ ԻՊի ահաբեկիչներուն անմիջապէս չդադրեցնէ: Յօդուածին մէջ կը մէջբերուէր «արտահոսած տեղեկութիւն… երկու ժամ տեւած դռնփակ հանդիպումէն», որուն ընթացքին Փութինը Թուրքիոյ նախագահը անուանած էր «կեղծաւոր» եւ սպառնացած Սուրիան վերածել «մեծ Ստալինկրատի Էրտողանի եւ Սէուտական Արաբիոյ դաշնակիցներու համար», զոր ան համեմատած է Հիթլերի հետ:

Ես բազմաթիւ հայերէ ելեկտրոնային փոստով ստացայ այս կեղծ յօդուածի մի քանի տասնեակ պատճէններ՝ «կեցցէ Փութինը», «վերջապէս մէկը համարձակեցաւ Էրտողանը իր տեղը դնել» բացականչութիւններով: Յոգնեցուցիչ էր բոլորին պատասխանել, որ անիկա կեղծ լուր էր…։

Ընթերցողները եւ նոյնիսկ թերթերու խմբագիրները ըստ երեւոյթին, իրենք իրենց նեղութիւն չէին տուած ստուգելու, որ նման յօդուած չկար The Moscow Times կայքէջի մէջ: Նաեւ  կը թուէր, որ ոչ ոք չէր զարմացած, թէ ինչպէս կրնար ռուսական թերթը նախագահ Փութինի ազգանունը սխալմամբ  ներկայացնել իբրեւ «Փուրին»:

Ապատեղեկատուութեան երկրորդ օրինակը կը վերաբերի աշխարհահռչակ երգչուհի Պէյոնսէին, որ իբր երգած է Հայոց Ցեղասպանութեան նուիրուած  երգ մը: «Ես այստեղ էի» երգի տեսահոլովակը,  որ կը սկսի  «Հայոց Ցեղասպանութիւն, 1915 Ապրիլ 24» գրութեամբ, «Եութիուպ»ի մէջ տեղադրուեցաւ 2015 Ապրիլ 24-ին մէկու մը կողմէն՝ «Եակօսամօ» կեղծանունով: Ապա տեսահոլովակը կը ցուցադրէ «Երբեք չմոռնալ» բառերը վառ կարմիրով, որուն կը յաջորդեն նկարներ՝ Երեւանի մէջ Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր այցելած մարդոց: Յաջորդ չորս վայրկեաններուն պաստառին վրայ կ’երեւին երեք զինուած թուրք զինուորներ, որոնք կը սպաննեն ամբողջ հայ ընտանիք մը եւ կ’առեւանգեն խումբ մը երիտասարդ հայուհիներ: Տեսահոլովակը եւ երգը կ’աւարտին վառ կարմիր գոյնով գրուած «Ապրիլ 1915» բառերով՝  այն պահուն, երբ թուրք զինուորը ատրճանակով ուղղակի կը կրակէ հայ տղու գլխուն…։

Հազարաւոր հայեր հաւանաբար խաբուած էին կարծելով, որ Պէյոնսէի երգը իրօք նուիրուած էր Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին: Տեսահոլովակի յղումը շնորհակալական հարիւրաւոր մեկնաբանութիւններով տեղադրուեցաւ անթիւ ու անհամար ֆէյսպուքեան էջերու եւ «Եութիուպ»ի մէջ:

Ես միայն անցեալ շաբաթ իմացայ այս երգի մասին: Սկիզբը քիչ մը վատ կը զգայի, որ թերթի խմբագիր ըլլալով Հայոց Ցեղասպանութեան մասին այսպիսի կարեւոր երգ մը կը լսեմ՝ անոր թողարկումէն ամիսներ անց: Ստուգեցի երգի բառերը եւ շատ արագ յայտնաբերեցի, որ ան բացարձակապէս կապ չունի հայերու կամ Հայոց Ցեղասպանութեան հետ: Երգչուհին անընդհատ կը կրկնէր. «Ես այստեղ էի, ես ապրեցայ, ես սիրեցի, ես այստեղ էի….»: «Հայ, Ցեղասպանութիւն կամ Թուրքիա» բառերը երգին մէջ գոյութիւն չունին…։

Ի վերջոյ հասկցայ, որ մէկը վերցուցած էր Պէյոնսէի երգը եւ անոր աւելցուցած էր պատկերներ Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող ֆիլմէն: Ցաւօք շատ հայեր հիացած էին, որ աշխարհահռչակ երգչուհին տեսահոլովակ թողարկած էր Հայոց Ցեղասպանութեան մասին…։

Ես կախարդական բանաձեւ չունիմ, թէ ինչպէս կարելի է զանազանել իրողութիւնը կեղծիքէն՝ համացանցի մէջ  տեղադրուած իւրաքանչիւր նիւթի համար: Հաւանաբար օգտակար ըլլայ յիշել յայտնի ամերիկեան ասացուածքը. «Եթէ բան մը անհաւատալի է իսկական ըլլալու համար, ապա հաւանաբար իսկական չէ….»: Ընթերցողները պէտք է թերահաւատութեան առողջ չափաբաժին ունենան, առանց ծայրայեղութիւններու մէջ մտնելու՝ չըլլալով կամ չափազանց կասկածամիտ ամէն ինչին հաւատալու հարցի մէջ կամ չափազանց դիւրահաւատ՝ կուրօրէն ընդունելու ամէն ինչ…։

Քարէն Եփփէ Ազգային Ճեմարանի Առաջնակարգ Շրջանաւարտները Գնահատուեցան

0

Երեք­շաբ­թի, 11 Օգոս­տոս 2015ի առա­ւօտ­եան, Ազգ. Քա­րէն Եփ­փէ Ճե­մա­րա­նի առաջնա­կարգ շր­ջա­նա­ւարտ­նե­րը, Ճե­մա­րա­նի տնօ­րէ­նութ­եան եւ խնա­մա­կա­լու­թեան ըն­կե­րակ­ցու­թեամբ հան­դի­պում ու­նե­ցան՝ Բեր­իոյ Հա­յոց Թե­մի Բա­րե­ջան Առաջ­նորդ Գերշ. Տէր Շա­հան Արք. Սար­գիս­եա­նին հետ, Ս. Աստ­ուա­ծա­ծին եկե­ղեց­ւոյ դահ­լի­ճին մէջ: Այս մասին կը յայտնէ Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթը։

Ճե­մա­րա­նի տնօ­րէն Յա­կոբ Քի­լէճ­եան ներ­կա­յա­ցուց պա­քա­լոր­իա­յի պե­տա­կան քննութեան բարձ­րա­գոյն գնա­հա­տա­նի­շեր ապա­հո­ված աշա­կերտ­նե­րը՝ դի­տել տա­լով, որ հա­կա­ռակ երկ­րին ծանր պայ­ման­նե­րուն անոնք լր­ջօ­րէն աշ­խա­տե­ցան եւ պատուա­բեր ար­դիւնք­նե­րով աւար­տե­ցին իրենց ու­սում­նա­կան հանգր­ուա­նը. անոնցմէ Գէ­որգ Եղ­իայ­եան Սուր­իոյ մա­կար­դա­կով 5րդ, իսկ Հա­լէ­պի մա­կար­դա­կով 3րդ բարձ­րա­գոյն գնա­հա­տա­նի­շը ապա­հո­վեց` ար­ժա­նա­նա­լով Կր­թու­թեան Նա­խա­րա­րու­թեան գնա­հա­տան­քին: Տնօ­րէ­նը նշեց, թէ այս հանգր­ուա­նին շր­ջա­նա­ւարտ­նե­րը կը նա­խա­պատ­րաստ­ուին հա­մալ­սա­րա­նա­կան ուս­ման:

Սր­բա­զան հայ­րը բա­րի գա­լուստ մաղ­թե­լով բո­լո­րին, շնոր­հա­կա­լու­թիւն յայտ­նեց տնօրէ­նին, որ իր երի­տա­սար­դա­կան խան­դով խրա­խու­սեց աշա­կերտ­ներն ու զա­նոնք մղեց աշ­խա­տան­քի, ինչ­պէս նա­եւ բարձ­րօ­րէն գնա­հա­տեց շր­ջա­նա­ւարտ­նե­րը նշե­լով, թէ հա­յե­րը ուր որ ալ գտն­ուած են մշ­տա­պէս նուա­ճած են բարձ­րա­գոյն դիր­քեր, ոչ միայն ուս­ման այլեւ տար­բեր աս­պա­րէզ­նե­րու մէջ:

Սր­բա­զան հայ­րը անդ­րա­դառ­նա­լով ճե­մա­րա­նա­կան­նե­րուն պա­տե­րազ­մի պատճառով Ճե­մա­րա­նի կա­ռոյ­ցէն ստի­պո­ղա­բար դուրս մնա­ցած ըլ­լա­լու երե­ւոյ­թին՝ նկա­տել տուաւ, թէ շէնքն ու վայ­րը մեծ կա­րե­ւո­րու­թիւն չեն ներ­կա­յաց­ներ, այլ մարդն ու գաղա­փա­րը: Մար­դը, որ նպա­տա­կա­կէտ ու­նի` անա­պա­տի մէջ ըլ­լայ թէ պա­լա­տի, անպայ­ման կը ձգ­տի իր նպա­տա­կին, իսկ անոր աշ­խա­տան­քը ան­պայ­ման կ՛արդիւնա­ւոր­ուի: Ճե­մա­րա­նը սոսկ կա­ռոյց չէ, նշեց սր­բա­զա­նը, այլ ոգի, որ կ՛արտացո­լայ ձեր բո­լո­րին ընդ­մէ­ջէն:

Այ­նու­հե­տեւ սր­բա­զան հայ­րը նշեց, թէ «մարդն է, որ կը մշա­կէ եր­կիրն ու կը ծաղ­կեց­նէ իր ապ­րած տա­րա­ծու­թիւնը, հե­տե­ւա­բար պա­տե­րազ­մը պէտք չէ յու­սա­հա­տութ­եան մատ­նէ ձեզ, որով­հե­տեւ դուք լա­ւին ու լոյ­սին ձգ­տե­լու կամ­քով տո­գոր­ուած էք»: Սր­բա­զան հայ­րը մէջ­բե­րեց Ամե­նայն Հա­յոց Գա­րե­գին Ա. Կա­թո­ղի­կո­սի հե­տեւ­եալ խօսքը. «Մարդն է, որ գոր­ծէ զեր­կիր»: Աւելց­նե­լով սր­բա­զան հայ­րը ըսաւ, որ մեր եկեղեցիները կր­նան այ­րել, մեր բնա­կա­րան­նե­րը քան­դել, սա­կայն մենք յուսահատութեան չենք մատն­ուիր, մենք կը հա­ւա­տանք վաղ­ուան, կը հա­ւա­տանք լոյսին ու գի­տու­թեան, ուս­տի պա­տե­րազ­մի խա­ւա­րին մէջ ան­գամ պի­տի ձգ­տինք լոյսին, իմաս­տու­թեան եւ գի­տու­թեան:

Սր­բա­զան հայ­րը թե­լադ­րեց. «Ձեր ու­սում­նա­կան ուղի­ին մէջ չմոռ­նաք Ճե­մա­րանն ու Ճե­մա­րա­նի ու­սու­ցիչ­նե­րը եւ ձեր գի­տու­թիւնն ու փոր­ձա­ռութիւ­նը ի սպաս դրէք նա­եւ ձեր վար­ժա­րա­նին, ձեր ազ­գին: Ի զուր չէ, որ ձեր սե­րուն­դը կոչ­ուե­ցաւ Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թեան 100ամ­եա­կիսե­րունդ, ձեր սր­բա­զան պար­տա­ւո­րու­թիւնն է նա­եւ տէր կանգ­նիլ մեր իրա­ւունք­նե­րուն, մեր ազ­գա­յին պա­հանջ­նե­րուն»:

Սր­բա­զան հայ­րը շնոր­հա­ւո­րե­լով շր­ջա­նա­ւարտ­ներն ու անոնց ծնող­նե­րը, ինչ­պէս նաեւ տնօ­րէ­նու­թիւնն ու խնա­մա­կա­լու­թիւնը շր­ջա­նա­ւարտ­նե­րուն փոխանցեց, թէ «ու­սում­նա­կան ձեր այս հանգր­ուա­նին որե­ւէ դժ­ուա­րու­թեան պա­րա­գա­յին դի­մե­ցէք մե­զի, տնօ­րէ­նութ­եան եւ մենք պատ­րաստ ենք սա­տար հան­դի­սա­նա­լու բո­լո­րին»:

Ապա տե­ղի ու­նե­ցաւ մտեր­միկ զրոյց մը, շր­ջա­նա­ւարտ­նե­րը խօ­սե­ցան իրենց նախասի­րած ճիւ­ղե­րուն մա­սին եւ կար­ծիք­ներ փո­խա­նա­կե­ցին դժ­ուա­րու­թիւն­նե­րու յաղ­թա­հար­ման գծով:

Աւար­տին սր­բա­զան հայ­րը Նա­րեկ աղօ­թա­մատ­եանէն օրինակներ նուի­րեց շրջանաւարտ­նե­րուն եւ թե­լադ­րեց ըն­թեր­ցել զայն, որով­հե­տեւ «փակ­ուած գիր­քը կուռ­քի կը նմա­նի»:

Լիբանան; Արեւմտահայերէն «Ուիքիփետիա»ի Զարգացման Նպաստող Անդրանիկ Ճամբարի Փակման Հանդիսութիւն

0
Ուիքի Ճամբարի Մասնակիցները

Հովանաւորութեամբ «Գալուստ Կիւլպենկեան» հիմնարկին եւ կազմակերպութեամբ «Ուիքիմետիա Հայաստան» հասարակական կազմակերպութեան, 3 Օգոստոս 2015ին Զմմառի «Հայր Շելհուպ» կեդրոնին մէջ սկիզբ առած «Ուիքի» ճամբարը վերջ գտաւ Չորեքշաբթի, 12 Օգոստոսի երեկոյեան ժամը 5:00-ին, Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահին մէջ տեղի ունեցած հանդիսութեամբ:

Արդարեւ լիբանանահայ 10 վարժարաններէ 43 աշակերտներ` ընկերակցութեամբ Հայաստանէն «Ուիքի» խմբագրող աշակերտներու, 10 օրերու ընթացքին սորվեցան գործածել «Ուիքիփետիա»ն եւ խմբագրեցին արեւմտահայերէնով:

Շահէն Արապօղլեան
Շահէն Արապօղլեան

Ճամբարին մասնակցող աշակերտներուն անունով խօսք առաւ Շահէն Արապօղլեան: Ան շեշտեց կատարուած աշխատանքին կարեւորութիւնը, որովհետեւ անիկա պիտի նպաստէ սփիւռքահայ պատանիներուն հարազատ ձեւով կարդալու «Ուիքիփետիա»ի նիւթերը, ինչպէս նաեւ պիտի օգնէ, որ արեւմտահայերէնը գոյատեւէ եւ զարգանայ: Ան նկատել տուաւ, որ ճամբարի ընթացքին բոլոր մասնակիցները ապացուցեցին, որ իրենք գիտակից են, ունին հետաքրքրութիւններ, կրնան փոփոխութիւններ յառաջացնել եւ նպաստել մեր լեզուին պահպանման: Խօսքի աւարտին ան իր ընկերներուն անունով հաստատեց, որ կը խոստանան շարունակել աշխատանքը, խմբագրել «Ուիքիփետիա»ի մէջ եւ դառնալ արեւմտահայերէնը պաշտպանող զինուորներ:

«Ուիքիմետիա Հայաստան» հասարակական կազմակերպութեան նախագահ Սուսաննա Մկրտչեան խօսք առնելով հաստատեց, որ ճամբարին մասնակցող աշակերտներուն ընտրութիւնը շատ լաւ կատարուած էր: Ան յայտնեց, որ Հայաստանի մէջ ամէն տարի երեք ճամբար կը կազմակերպուի՝ երկու ճամբար ամրան ընթացքին, իսկ մէկ ճամբար ալ ձմեռը` աւելցնելով, որ այսուհետեւ Սփիւռքի մէջ եւս տարեկան դրութեամբ պիտի կազմակերպուին ճամբարներ: Խօսելով ճամբարի առաւելութիւններուն մասին Ս․Մկրտչեան բացատրեց, որ սոյն նախաձեռնութեան նպատակը միայն արեւելահայերէն կամ արեւմտահայերէն «Ուիքիփետիա»ի զարգացումը չէ, այլ նաեւ` երբ աշակերտները իրենք կը ստեղծեն յօդուածներ, աւելի լաւ կը սորվին: Ան հաստատեց, որ մասնակիցները շատ խանդավառ եւ ուրախ էին: Իր խօսքի աւարտին ան շնորհակալութիւն յայտնեց բոլոր մասնակիցներուն, ինչպէս նաեւ ուսուցիչներուն:

Սուսաննա Մկրտչեան
Սուսաննա Մկրտչեան

Այնուհետեւ ցուցադրուեցաւ ճամբարին մէջ տեղի ունեցած գործունէութեան մասին տեսերիզ մը:

Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Աշոտ Քոչարեան իր ելոյթին մէջ հաստատեց, որ լիբանանահայութիւնը ամէնէն աշխոյժ եւ ծաղկուն համայնքն է, որ վերապրեցաւ Ցեղասպանութենէն եւ շատ կարճ ժամանակաշրջանի մէջ կրցաւ ստեղծել ծաղկուն օճախ իր բոլոր ենթակառոյցներով՝ եկեղեցիներով, դպրոցներով, մշակութային կեդրոններով եւ քաղաքական կուսակցութիւններով, երեւոյթ մը, որ հպարտալի է: «Երբ միասնական ենք, նաեւ նուիրուած` յաղթական ենք եւ կրնանք յաղթահարել բոլոր դժուարութիւնները», հաստատեց դեսպանը: Ան նկատել տուաւ, որ վերջերս Հայաստանի մէջ տեղի ունեցաւ գիտաժողով մը՝ արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի մերձեցման մասին` աւելցնելով, որ կարգ մը դժուարութիւններ կան, սակայն կազմակերպուած ճամբարները կարելիութիւն կը ստեղծեն շփուելու, կատարելագործելու եւ զարգացնելու: Ան մաղթեց, որ դժուարութիւնները անմիջապէս կարելի ըլլայ յաղթահարել, որպէսզի չկորսնցնենք մեր լեզուն, մեր հարուստ աւանդութիւնները, կրթական եւ բարոյական արժէքները: «Մենք ձեզմով հպարտ ենք: Դուք էք ապագան կերտողները, դուք էք լեզուն պահպանողը: Կը մաղթեմ, որ աւելի յաճախակի ըլլան Հայաստան ձեր այցելութիւնները, որպէսզի ձեր գիտելիքներով, ձեր գործով, ձեր կարելիութիւններով, ձեր ներուժով նպաստէք Հայրենիքի հզօրացման», ըսաւ դեսպանը` խօսքը ուղղելով աշակերտներուն: Ան եզրափակելով իր ելոյթը կոչ ուղղեց աշակերտներուն՝ բարձր պահելու մեր ազգի պատիւը

Լիբանանի մէջ ՀՀ դեսպան Պրն. Աշոտ Քոչարեան
Լիբանանի մէջ ՀՀ դեսպան Պրն. Աշոտ Քոչարեան

Ապա բեմ բարձրացան ճամբարին ընտրուած եօթը աշակերտները, որոնք իրենց մասնակցութիւնը պիտի բերեն 16-25 Օգոստոսին Հայաստանի մէջ տեղի ունենալիք «Ուիքի» ճամբարին: Անոնք են Սիլվիա Սերայտարեան, Ռիթա Սարգիսեան, Շահէն Արապօղլեան, Ռիթա Քէրթէնեան, Ասատուր Պասմաճեան, Յակոբ Թաշճեան եւ Նազօ Քէշիշեան: Սուսաննա Մկրտչեան յայտարարեց նաեւ չորս աշակերտներուն անունները, որոնք պիտի մասնակցին ձմրան ընթացքին տեղի ունենալիք ճամբարին՝ Հրակ Ստեփանեան, Կարօ Քէօշկերեան, Ուիլսըն Թամզարեան եւ Կասիա Գազանճեան: Բեմ հրաւիրուեցան նաեւ Հայաստանի մէջ տեղի ունեցած «Ուիքի» ճամբարի ընտրեալները, որոնք իրենց մասնակցութիւնը բերած էին Լիբանանի ճամբարին՝ Էտուարտ Խաչատուրեան, Լիլիթ Շահպազեան, Սուզաննա Մկրտչեան, Կարիկ Խաչատրեան եւ Հովինար Յովհաննիսեան: Բոլոր ընտրեալները, ինչպէս նաեւ մասնակցողները ստացան հաստատագիրներ եւ յուշանուէրներ: Այս առիթով իբրեւ գնահատանք, ուսուցիչներուն եւս տրուեցան հաստատագիրներ եւ յուշանուէրներ:

Ապա ճամբարի մասնակիցներէն Նարօտ Ադամեան ջութակի վրայ մեկնաբանեց «Առ այլուղս» երաժշտական կտորը:

Հանդիսութեան ընթացքին Լիզպոնէն «Սքայփ»ի ճամբով ներկաներուն իր խօսքը ուղղեց՝ «Գալուստ Կիւլպենկեան» հիմնարկի հայկական բաժանմունքի տնօրէն դոկտ․ Ռազմիկ Փանոսեան: Ան կարեւոր քայլ մը նկատեց այս նախաձեռնութիւնը, որ կը նպաստէ արեւմտահայերէնով ստեղծագործման` յոյս յայտնելով, որ նման ճամբարներ կը շարունակուին:

Ձեռնարկը փակուեցաւ «Ուիքի»ի «Քայլերգ»ով` կատարողութեամբ մասնակիցներուն:

Ըստ Դաւիթ Բաբայեանի Ազրպէյճանցիներուն Կողմէ Հրահրուող Սահմանային Լարուածութիւնը Ապրելակերպ Դարձած Է

0

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի մամլոյ  քարտուղար Դաւիթ Բաբայեան, «Երկիր»ին հետ տեղի ունեցած զրոյցի ընթացքին նշեց, որ ազրպէյճանցիներուն  կողմէ մշտապէս հրահրուող սահմանային լարուածութիւնը  արդէն որեւէ յատուկ բանի հետ կապուած չէ: Ըստ Բաբայեանի մեր դրացիներուն այդպիսի պահուածքը ապրելակերպ դարձած է:

«Մենք երբեք նախայարձակ չենք եղած, միայն հակահարուած տուած ենք անոնց գործողութիւններուն: Վերջին քանի մը օրերու ընթացքին սահմանը լարուած եղած է, բայց այդ մէկը արտառոց լարուածութիւն չէ, որովհետեւ նման պահուածք  անոնց բնորոշ է եւ զարմանալի չէ», ըսաւ Բաբայեան: Ան նշեց նաեւ, որ սահմանային լարուածութիւնը թերեւս կապուած է անոր հետ, որ Ազրպէյճանի մէջ իրենք կը հետեւին քաղաքացիական գործիչներուն, լրագրող կը սպաննեն, ինչ որ պետական պատուէր է:

«Ամբողջ աշխարհը փաստօրէն լարուած է անոնց դէմ: Անոնք ալ որպէսզի շեղեն միջազգային հանրութեան ուշադրութիւնը, սահմանային լարուածութեամբ կը փորձեն չէզոքացնել միջազգային հանրութեան ճնշումները», ըսաւ Դաւիթ Բաբայեան աւելցնելով. «Այս գիշեր (երէկ գիշեր, «Ա.») համեմատաբար կայուն եղած է եւ այնպէս մը չէ, որ իրավիճակը արմատապէս փոխուած է կամ ալ նախաձեռնութիւնը իրենց ձեռքն է: Բնաւ այդպէս չէ, անոնք պարզապէս ահաբեկչական գործողութիւններու կը դիմեն»:

 

«Այս Երկու Ամիսներու Ընթացքին Լարուածութիւնը Երբեմն Մեծ է». Սէյրան Օհանեան

0

ՀՀ սահմանին եւ ԼՂՀ շփման գիծին իրավիճակը վերահսկելի է, իսկ լարուածութիւնը երբեմն կը մեծնայ, երբեմն կը փոքրանայ, այս մասին կառավարութեան նիստին յայտարարեց ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեան՝ ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը։

Պաշտպանութեան նախարարը նշեց, որ Ազրպէյճանի մէջ կայացող եւրոպական խաղերու ժամանակ, ՀՀ զինուած ուժերը ապահովեցին հրադադարի կատարումը, դեռ աւելին՝ զսպուածութիւն ցուցաբերեցին ու որեւէ խախտում չկատարեցին։
«Լարուածութիւնը այս երկու ամիսներու ընթացքին մեծցած է ոչ միայն այն պատճառով, որ հրաձգային զէնքերով կը կրակեն, այլ նաեւ խոշոր հրաձգային զէնքով ու կրակային խոցման աստիճանը բարձրացած է 60,82, մինչեւ անգամ 125 մեթրնոց ականանետերէ կրակոցներ եղած են», ըսաւ ան։ Այս մասին յայտնեց Artsakhpressը։

Սէյրան Օհանեան նաեւ նշեց, որ վերջին օրերուն եղած են մի քանի յարձակողական հետախուզական գործողութիւններու փորձեր, որոնք կանխուած են հայկական զինուած ուժերուն կողմէ ։
«Մեր յորդորին, որ պէտք է երկխօսութեան եւ շփման գիծին վստահութեան հաստատման յարաբերութիւններ ձեւաւորել, հակառակորդը կը պատասխանէ իրավիճակի լարուածութեամբ», ըսաւ ան։

ՊՆ նախարարը ընդգծեց, որ հայկական զինուած ուժերու այն ստորաբաժանումները, որոնք առաջին գիծին մարտական հերթապահութիւն կ’իրականացնեն, հաստատակամ են, իրենց խնդիրները գիտեն, պարտականութիւններն ալ գերազանց կերպով կը կատարեն։

«Ցաւօք, վերջին օրերուն ունենցանք մէկ կորուստ եւ մեր սփոփանքի խօսքը պէտք է ուղղենք զոհուածի հարազատներուն, բայց մենք մեր առջեւ դրուած խնդիրները կը կատարենք ու պիտի կատարենք։ Պատրաստ ենք ոչ միայն պաշտպանութեան, այլ նաեւ կանխարգելիչ միջոցառումներ եւ հսկման ու համապատասխան կառուցակարգ իրականացնել», ըսաւ Օհանեան։

Մեր Կորուստներէն՝ Վարդուհի Քէշիշեան – Գոճայեան

0

ՄԱՀԱԶԴ

Վարդուհի Քէշիշեան – Գոճայեան

(1947-2015)

Սրտի խոր կսկիծով կը գուժենք մահը մեր շատ սիրելի տիկնոջ, մօր, մեծմօր, քրոջ, հօրաքրոջ, ազգականին եւ հարազատին՝ Վարդուհի Քէշիշեան – Գոճայեանի , որ պատահեցաւ Կիրակի, 9 Օգոստոս 2015-ի առաւօտեան, յետ կարճատեւ հիւանդութեան:

Հանգուցեալի յուղարկաւորութիւնը տեղի պիտի ունենայ Ուրբաթ, 14 Օգոստոս 2015-ին, Կ.Ե. ժամը 2:30-ին, Ս.Պետրոս Հայց. Առաք. Եկեղեցւոյ մէջ` Վէն Նայզ, որմէ ետք հանգուցեալին մարմինը պիտի ամփոփուի Forest Lawn Hollywood Hills գերեզմանատան մէջ:

Սգակիրներն են.

Ամուսինը՝ Տիար Գառնիկ Գոճայեան

Որդին՝ Տիար Արա Գոճայեան

Դուստրը՝ Տէր եւ Տիկին Հրաչ եւ Մարալ Պէյլէրեան եւ դուստրերը՝ Սեւանա եւ Վիվիան

Եղբայրները՝ Տէր եւ Տիկին Մանուէլ եւ Ռոզին Քէշիշեան

Տէր եւ Տիկին Հրաչ եւ Սիլվա Քէշիշեան

Տէր եւ Տիկին Յովհաննէս եւ Արփի Քէշիշեան

Եղբօր զաւակները՝ Տէր եւ Տիկին Ներսէս եւ Գլօտիա Աւետիքեան եւ զաւակունք

Տէր եւ Տիկին Յովիկ եւ Թամար Ախոյեան եւ զաւակունք

Տէր եւ Տիկին Խաժակ եւ Թալին Քէշիշեան եւ զաւակը

Օրիորդ Ցոլեր Քէշիշեան

Ինչպէս նաեւ համայն Գոճայեան, Քէշիշեան, Օհանեան,Պէյլէրեան, Այարեան, Շաար, Իսկենտէրեան, Գալայճեան, Մորոյեան եւ Ճեմճեմեան ընտանիքներ:

Փոխան ծաղկեպսակի նուիրատուութիւնները կը խնդրուի կատարել Հ.Բ.Ը.Մ. Մանուկեան-Տեմիրճեան Վարժարանին կամ City of Hope-ին:

[divide width=»medium»]

ՑԱՒԱԿՑԱԳԻՐ

«Զարթօնք»ի ատենի վաստակաւոր աշխատակից, Լիբանանեան պետական ռատիոկայանի հայկական ռատիոժամի առաջին խօսնակուհի, Հայ բեմի նուիրեալ եւ Լոս Անճելըսի ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան Վարժարանի երկարամեայ քարտուղարուհի՝ Ընկերուհի Վարդուհի Քէշիշեան – Գոճայեանի մահուան տխուր առիթով «ՌԱԿ ՄԱՄՈՒԼ» խորապէս կը ցաւակցի ողբացեալին ընտանեկան պարագաներուն եւ ՌԱԿ-ի ու ՀԲԸՄ-ի մեծ ընտանիքին:

ՍԵՐՈՒՆԴՆԵՐՈՒՆ ՄԻՋԵՒ ԽԱՐԽԱՓԵԼՈՎ

0

ՀՐԱՅՐ ՏԱՂԼԵԱՆ

Չեմ կարծեր, որ պատմութեան ընթացքին եղած է նման դար մը, ուր միատեղ գոյութիւն ունեցած են չորս տարբեր սերունդներու մտածողութիւն, որոնք տակաւին չեն կրցած իրար միջեւ հասարակաց գիծ մը գտնել ու համակերպիլ միմեանց, մինչ անդին ժամանակը կը շարունակէ իր վազքը, առանց կարեւորութիւն տալու այդ տարբերութիւններուն:

Անոնցմէ առաջինը այն սերունդն է, որ երթալով  կը նուազի երկրի երեսէն: Անոնք այն անձերն են՝ որոնք ծնած են ժամանակաշրջանի մը մէջ, ուր ոչ հեռատեսիլ կար, ոչ համակարգիչ եւ ոչ ալ արդիական միջոցներ ու այդպիսիներուն համար տակաւին անյստակ կը մնայ, թէ ինչպէ՞ս պարզ թելի մը մէջէն գրութիւններ, նկարներ ու ձայներ կրնան երկրէ երկիր ղրկուիլ եւ փոխադարձաբար խօսիլ այդ սարքին միջոցաւ:

Երկրորդ սերունդը այն է, որ իր  40-60 տարեկանին մէջ կամաց-կամաց սկսաւ սորվիլ ու իւրացնել արդիական սարքերը, ինչպէս համակարգիչ, հեռատեսիլ եւայլն: Այդպիսիները առաջիններուն աւելի արդիականացած տարբերակն են՝ այն իմաստով, որ հակառակ իրենք եւս անտեղեակ ըլլալուն, թէ թելի մէջէն այնքան բան ինչպէ՞ս կրնար փոխանցուիլ, սակայն կը փորձեն համոզուած ձեւացնել եւ կամ առանց իսկ միջոցները մտածելու օգտուիլ անոր բարիքներէն՝ հարց չէ, որ թելի կամ այլ բանի մը միջոցաւ կատարուած է փոխանցումը:

Երրորդ սերունդը հաւանաբար այն սերունդն է, որուն մաս կը կազմեմ նաեւ ես: Անոր ծնունդի ժամանակ հեռատեսիլը գոյութիւն ունէր, սակայն համակարգիչը գրեթէ գոյութիւն չուներ անոնց կեանքին մէջ: Հաւանաբար 3րդ կամ 4րդ դասարանին միայն, գծելու փոքր ծրագիրով մը այդ գործիքին ծանօթացած են, զայն գործածելով շատ հազուագիւտ: Սակայն ժամանակի ընթացքին հմտացան անոր մէջ եւ սկսան մրցանիշ արձանագրել՝ անոր գործածութեան մէջ ունեցած իրենց գիտութեան ճամբով: Իսկ խրախուսելին այն երեւոյթն է, որ անոնց մանկական խաղերը չեղան համակարգիչն ու բջիջայինը, այլ «աչքխփուկ»ը եւ նման «հին» ու չորրորդ սերունդին համար գրեթէ զզուեցուցիչ թուող խաղեր:

Չորրորդ սերունդը յետագայ մարդկութեան սարսափ ու վախ պատճառող իրողութիւնն է: Անոնք իրենց ծնած օրէն իսկ տեղեկացան ու կը տեղեկանան համակարգիչի եւ արդիական բոլոր տեսակի նորութիւններու, զանոնք դարձնելու իրենց մանկական խաղալիքները: Անոնք հաւանաբար երբեք չգիտցան եւ գուցէ չգիտնան ալ, թէ ինչ է «հինգ քար», «բարձր քայլ», «դաշկինակ մը ձգել» եւ նման բազմաթիւ խաղեր:

Հետեւաբար չորս իրար հակասող սերունդներու մէջ, ինչպիսի՞ միատեղութեան ու հասարակաց գիծի մը ստեղծման մտապատկերը կրնայ ստանալ մարդ արարածը։ Անցեալին եւս այլ սերունդներու մտածելակերպի փոփոխութիւններ կատարուած են, սակայն վստահաբար այդ մէկը պատահած է հանգրուանային ընթացքով եւ ոչ այնքան արագ՝ ինչ որ է պարագան այսօր: Առաջինէն չորրորդ սերունդին միջեւ կատարուած փոփոխութիւնը, մեծ հաւանականութեամբ անցեալին կատարուէր հազիւ քանի մը սերունդներու անցման միջեւ, սակայն ժամանակները այնպէս եղան, որ արագ ու մեծ քայլերով փոխուեցան մտածողութիւնները, սերունդներու միջեւ ստեղծելով անդունդային տարբերութիւններ:

Անցեալին  իւրաքանչիւր սերունդ յաջորդ սերունդին փոխանցում մը կը կատարէր եւ այդպիսով՝ կրթութեան ճամբով կարելի կ’ըլլար կապ հաստատել սերունդներուն միջեւ․ սակայն այսօր հասած ենք այնպիսի տեղ մը, որ առաջին եւ վերջին սերունդներուն միջեւ գրեթէ հասարակաց ոչ մէկ իրողութիւն գոյութիւն ունի, անոնք լոկ իրար կապուած են ազգականական եւ պատկանելիութեան կապերով, իսկ մտային ու կենցաղային ամէն պարագաները տարբեր են իրարմէ:

Առաջին սերունդը որքան ալ հանդիսատես փորձէ մնալ նման իրողութեան, միւս երեք սերունդներուն միջեւ պայքարը միշտ ալ կը շարունակուի՝ կենցաղային ու մտածելակերպի շատ մը եզրեր իրար պարտադրել փորձելով: Քաոսային  ներկայ իրավիճակին պատճառը մեծ հաւանականութեամբ այդ ստեղծուած մեծ տարբերութիւններն են, որով պատասխանատու ղեկավարները անհասկնալի կը դառնան երիտասարդներուն եւ հասարակաց եզրի մը խարխափումին մէջ, արդէն իսկ կը ստեղծուի սարսափազդու ներկայ վիճակը:

Ինչպէս որ ամէն իրողութիւններու պարագային միշտ ալ երկուութիւնը խնդիրներ եւ հարցեր կը յառաջացնէ, ալ ուր մնաց նոյն միջավայրին մէջ ստեղծուած չորսութիւնը։ Պետութիւններու եւ ազգերու դժբախտութիւնը այն է, որ առանց նկատի առնելու չորս սերունդներու մտածելակերպերը՝ երկրին մէջ կը ստեղծուի միայն մէկ ապրելակերպի դրութիւն եւ այդ հիման վրայ կը ստեղծուին օրէնքներ, որոնք կամ ամենամեծերը պիտի զայրացնեն եւ կամ ամենափոքրերը․ վերջինները ամէն պարագայի ի վերջոյ ըմբոստութեան դրօշ պիտի պարզեն:

Ամէն տեղ՝ պետութիւններու, եկեղեցիներու, դպրոցներու եւ կազմակերպութիւններու մէջ նոյն այդ ժամանակի հետ քայլ պահելու պայքարն է որ կը տարուի, սակայն կարգ մը հաստատութիւններ՝ ինչպէս օրինակ եկեղեցին, կը մնան ետեւ, որովհետեւ աշխարհը տարօրինակ արագ քայլեր կը նետէ, մինչ  միւս հաստատութիւնները ատակ չեն այնքան արագութեամբ քայլեր ձեռնարկելու:

Նման հարցի մը լուծման համար մեր մօտ, մանաւանդ Միջին Արեւելքի մէջ կը պակսին հոգեբանները, որ կը նշանակէ, թէ մեր այժմու մտածողութեան մէջ հիւանդութիւն եւ խենթութի՞ւն գոյութիւն ունին: Հոգեբաններ միշտ ալ  իրենց մասնագիտութեամբ կրնան կապ մը ստեղծել իւրքանչիւր տարիքի անհատի հետ՝ հասարակաց գիծ մը ստեղծելով հարցերու լուծումներու եւ ելքերու դիմելու, սակայն Միջին Արեւլքի մէջ ապրողին համար հոգեբանին դիմելը ամօթի համազօր իրողութիւն մըն է:

Սերունդներու միջեւ գոյութիւն ունեցող դժուարութիւն մը որոշ ժամանակ ետք կը սկսի ի յայտ գալ նաեւ՝ դպրոցներու դասաւանդման մեթոտներուն մէջ: Բիւր յարգանք մեր բոլոր ուսուցիչ-ուսուցչուհիներուն, որոնք իրենց ծառայութիւնը ի գործ կը դնեն նոր սերդունդներու դաստիարակման սրբազան գործին մէջ, սակայն կայ իրողութիւն մը, որ կան դպրոցներ, որոնց ուսուցիչներուն տարիքը անցած է 60-70ը, բայց անոնք կը շարունակեն դասաւանդել: Այդ մէկը պատճառ կը դառնայ, որ շատ անգամ անհամաձայնութիւններ ու կռիւներ ստեղծուին աշակերտներուն եւ ուսուցիչին միջեւ, որովհետեւ այդ ուսուցիչը հաւանաբար շատ սքանչելի մտային կարողութիւն ունեցող մը ըլլայ, սակայն ներկայի 15-16 տարեկան աշակերտին կարելի չէ  դասաւանդել այնպէս՝ ինչպէս որ էր պարագան 40-50 տարիներ առաջ, որովհետեւ անոնց միջեւ մտածելակերպի հսկայական տարբերութիւններ գոյութիւն ունին: Հաւանաբար այդ մէկն է պատճառը, որ ամէն տեղ վերաորակաւորման աշխատանքներ կը տարուին՝ ուսուցիչին գիտելիքին կողքին աւելցնելու նաեւ ժամանակակից պահանջքներն ու կենցաղակերպերը եւ հիմա նոր է, որ կամաց-կամաց սկսած են Միջին Արեւելքի մէջ ուսուցիչին մէջ փնտռել հոգեբանութեան ու   մանկավարժութեան գիտութիւնը զարգացնելը՝ աւելի առողջ պաշտօնավարութեան մը որպէս երաշխիք:

Գիտութիւնը իր ամէն նորութիւններով բարիք է մարդկութեան ու աշխարհին, սակայն բարիքը դժբախտաբար շատ անգամ կը վերածուի վնասի, որովհետեւ այնտեղ երբեք նկատի չառնուիր ժամանակն ու միջավայրը: Մարդիկ անյապաղ նորանոր գիւտերու, նոր նուաճումներու ետեւէ են, որ մեծ նպաստ է մարդկութեան ու աշխարհին, սակայն անոնց ներկայացման ձեւը, միջավայրն ու ժամանակը շատ անգամ պատճառ կ’ըլլան, որ ստեղծուած բարիքը ակամայ վերածուի չարիքի: Ասոր կողքին վստահաբար կան այդ մէկը լաւապէս գիտակցողներն ու այդ մասին մտածողներ, որոնք բազմաթիւ նորանոր գիւտեր ու սարքեր պահուած կը պահեն մարդկութեան գործածութենէն՝ կանխագուշակելով անոր բերելիք վնասները ընկերային ու հաւաքական կեանքին, որովհետեւ արդի միջոցները դժբախտաբար մարդը կղզիացնելու ուղղութեամբ միայն կը գործեն:

Կը յիշեմ վաստակաշատ ուսուցիչներէս մէկը, որ իր խօսքը համացանցին դիմաց նստածին ուղղելով կ’ըսէր. «Քովը մարդ նստած է, սակայն ան գործիքին մէջ ինկած մարդ կը փնտռէ, որ անոր հետ խօսի…», ինչ որ ներկայիս առաւել կամ նուազ չափով բոլորս կը կատարենք:

Անցեալին եթէ մարդկութեան մէջ սերունդներու փոփոխութիւնը կը կատարուէր կէս դարը եւ կամ 20-30 տարին անգամ մը, այդ մէկը ներկայիս կը պատահի 6էն 8 տարին անգամ մը, հսկայական անորոշութիւն ստեղծելով ուսումի, գիտութեան, հոգեբանական, ընկերային եւ հաւաքական միջավայրերու մէջ:

Յառաջընթացի գործողութիւնը երբեք ալ վերջ պիտի չունենայ եւ կարելի պիտի չըլլայ անոր վազքը կասեցնել որեւէ տեսակի յեղափոխութեամբ, ան միշտ պիտի շարունակէ առաջ երթալ, միշտ ալ մարդկային միտքը կասկածի մատնելով, որ «յառաջդիմութիւն» է կատարուածը թէ՞ ոչ «յետքայլ»: Այդ պատճառով է, որ արդէն արածներու շարքին անցած են այս խօսքերը. «Մարդկութիւնը որքան առջեւ երթայ, այնքան յետքայլի մէջ է» եւ կամ «Որքան բնակչութեան թիւը աւելնայ, մարդկութիւնը այնքան կը նուազի»: Վստահաբար աչքերնիս գոց գիտենք, թէ այս խօսքերը կը պատկանին կա՛մ չորրորդ եւ կամ երրորդ սերունդի մարդոց:

Թէ յառաջիկայ սերունդները ինչպիսի՞ աղէտներ եւ կամ յառաջդիմութիւններ պիտի բերեն աշխարհին, այդ մէկը կը մնայ անյստակ, սակայն այսպիսի ընթացքով միշտ ալ յեղափոխութիւններ ու ըմբոստութիւններ անպակաս պիտի ըլլան:

Երանի անոր, որ մարդկութեան սերունդին կը պատկանի, կարենալով հաւասարակշռել ամէ՛ն բան: