Չորեքշաբթի, 18. 06. 2025

Չինաստանը կարող Է փակել Ուհանում ԱՄՆ-ի հյուպատոսությունը. Reuters

0

Չինաստանը քննարկում Է Ուհանում ԱՄՆ-ի հյուպատոսությունը փակելու հնարավորությունը՝ Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը փակելու՝ Վաշինգտոնի պահանջից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուներ:

Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարությունը հայտնել Էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները պահանջել են փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարել Է, որ այդ որոշումն ընդունվել Է «պաշտպանելու համար ամերիկյան մտավոր սեփականությունը եւ ամերիկացիների անձնական տվյալները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Վրաստանում կտրուկ աճել Է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը

0

Վրաստանում կորոնավիրուսի նոր հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 24-ով եւ հասել՝ 1073-ի. իշխանությունների ներկայացուցիչները խուճապի համար հիմքեր չեն տեսնում հիվանդացածների թվի կտրուկ աճի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

Ախտահարման նոր դեպքերի մասին տվյալները հրապարակվել են հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության կայքում: Վերջին ամսվա ընթացքում մեկ օրում Վրաստանում սովորաբար հայտնաբերվել Է վարակման երկուսից մինչեւ 11 դեպք. ամենից հաճախ ախտահարման աղբյուրները եղել են բեռնատար ավտոմեքենաների վարորդները: Հուլիսի 21-ին հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել Է, որ համաճարակային ոչ մեծ բռնկում Է գրանցվել Գարդաբանի մունիցիպալիտետի գյուղերում, որտեղ սկսվել Է բնակչության ակտիվ թեստավորումը:

Վարակվածության կտրուկ ավելացումը իշխանությունները կապում են մունիցիպալիտետում հատկապես զանգվածային թեստավորում սկսելու հետ: «Ախտահարվածների այսօրվա տվյալներն ուշադրություն են պահանջում, բայց դա չի նշանակում, որ իրադրությունն անվերահսկելի Է: Խուճապի համար հիմքեր չկան»,- լրագրողներին հայտարարել Է Տիկարաձեն: Կառավարության կայքի տվյալներով՝ կարանտինի մեջ գտնվողների թիվը կազմել Է 5 692, իսկ ստացիոնարներում՝ 275, մահվան դեպքերը 16-ն են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 15 միլիոն դեպք, ավելի քան 607 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ադրբեջանցիները փորձել են միջամտել հայերի՝ Լոս Անջելեսում իրականացրած խաղաղ ցույցին

0

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործությունների դեմ բողոքելու նպատակով Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչները միասնության ակցիա են իրականացրել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի առջև: Ադրբեջանցիները ձգտել են միջամտել խաղաղ ցույցին՝ փորձելով ընդհարում հրահրել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանցիներին սանձել է ոստիկանությունը, որը ստիպված է եղել որոշ ժամանակով փակել ճանապարհը՝ հավաքվածներին խաղաղեցնելու նպատակով: 

Հայ ցուցարարները վեր են բարձրացրել հայկական դրոշները և հանդես եկել «Ո՛չ պատերազմին: Ո՛չ Ալիևին» կարգախոսով: 

Ակցիայի մասնակից հայ երիտասարդները երգել են, պարել՝ ցույց տալով մեր միասնականությունն ու համերաշխությունը: Նրանց է միացել նաև սիրված երգիչ Անդրեն, որն այժմ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, և կատարել է «Սարի աղջիկ» հայկական ժողովրդական երգը:

Խաղաղ ցույցին մի քանի ժամ հետևելուց հետո ադրբեջանցիները որոշել են հեռանալ, սակայն նրանցից մեկը հարվածել է հայ աղջկա, ինչի հետևանքով բախում է տեղի ունեցել: Տուժել են և՛ ադրբեջանցիներ, և՛ հայեր:

Ի վերջո ադրբեջանցիները փախել են և չեն տարել իրենց դրոշները:

50 տարի անց գիտամշակութային STARMUS փառատոնը կրկին գիտնականների կբերի Հայաստան

0

 Հայաստանում 2021թ․ սեպտեմբերի 6-11-ը կհյուրընկալի գիտության և արվեստի աշխարհահռչակ STARMUS-ի 6-րդ փառատոնը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 22-ին կայացած առցանց միջոցառման ժամանակ պաշտոնապես հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

 

«Երբ անցյալ տարի STARMUS 5-րդի անկացման շրջանակներում ես առաջարկեցի անցկացնել հաջորդ փառատոնը Հայաստանում, մասնակիցներից ոմանք մեծ ոգևորությամբ ընդունեցին այս առաջարկը, իսկ ոմանք, ըստ երևույթին, չգիտեին, թե ինչ երկրի մասին է խոսքը։ Հայաստանը STARMUS VI փառատոնը հյուրընկալելու է մեծ պատասխանատվությամբ, ոգևորությամբ և ակնկալիքներով»,-  ասաց Սարգսյանը։

6-րդ Starmus փառատոնը Հայաստան կբերի աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, արվեստագետների: STARMUS-ը փառատոն է, որտեղ միասին են հանդես գալիս արվեստը, գիտությունը և տեխնոլոգիաները: Այն երիտասարդ սերնդին ոգեշնչելու, գիտությամբ զբաղվելը պոպուլյար և գրավիչ դարձնելու ձևերից մեկն է:

Նախագահը շնորհակալություն հայտնեց փառատոնի խորհրդին՝ այն Հայաստանում անցկացնելու որոշման համար: 

«Մենք բարձր եք գնահատում  այս փառատոնը Հայաստանում անցկացնելու փաստը, Խորհրդի անդամները կարող են վստահ լինել, որ այս փառատոնը հիանալի կազմակերպված և առանձնահատուկ է լինելու: Նա նշեց, որ Խորհրդի անդամները չեն փոշմանի իրենց որոշման համար և հպարտ կլինեն փառատոնը Հայաստանում անցկացնելու մասին որոշմամբ»,- նշեց ՀՀ նախագահը:

STARMUS  փառատոնի խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը նշեց, որ մոտ 50 տարի առաջ` 1971 թվականին առաջին անգամ ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը համատեղ խորհրդաժողով էին իրականացրել և այն անց էր կացվել Բյուրականում։

«Ես այդ ժամանակ չկարողացա գալ, քանի որ ուսանող էի և հնարավորություն չունեցա մասնակցելու։ Այժմ ես հույս ունեմ, որ կկարողանամ հաջորդ տարի գալ և մասնակցել STARMUS 6-րդ փառատոնին։ Լիահույս եմ, որ ակտիվ ծրագիր կլինի, որպեսզի կարողանանք հնարավորինս շատ ուսանողների ու քաղաքացիների ներգրավել»,- ընդգծեց Ջիլ Տարտերը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ փառատոնի անցկացումը Հայաստանում հնարավորություն է նոր զարկ տալու գիտության, արվեստի և տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը։

«Հաշվի առնելով այս փառատոնի կարևորությունը՝ նախատեսում ենք առանձնահատուկ և նշանավոր համաժողովների և գիտաժողովների շարք անել, ինչպես նաև տարբեր միջոցառումներ, որոնք կմիավորեն գիտությունն ու արվեստը։ 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ փառատոնի թեմատիկ թիրախներից է գիտության և ռոք երաժշտության միավորման կարևորությունը։

«Սա կարող է նպաստել, որ երիտասարդ սերնդի հետաքրքրությունը մեծանա գիտության հանդեպ։ Զբաղվել գիտությամբ նշանակում է լինել առաջադեմ, լինել առաջնորդ և նորարար։ Աշխարհն առաջ տանող ուժերը նորարարական ուժերն են․ այս ոլորտում տեղի է ունեցել կտրուկ շրջադարձ դեպի տեխնոլոգիական, հատկապես գիտատեխնոլոգիական ուղղություններ»,- նշեց Արշակյանը։

 

Գիտության և արվեստի աշխարհահռչակ STARMUS փառատոնը 2021 թվականի սեպտեմբերին Երևանում գիտության շուրջ կմիավորի համաշխարհային մակարդակի գիտնականների, արվեստագետների և տիեզերագնացների: 

STARMUS VI-ը նվիրված կլինի Մարսին. առաջին՝ խորհրդային MARS 3-ից և ամերիկյան MARINER 9-ից մինչև NASA-ի տպավորիչ առաքելություններն ու Space X-ի հավակնոտ վայրէջքի ծրագրերը։

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ բուժաշխատողների համար առաքել են 28.000 պաշտպանիչ հանդերձանք և 20.000 դիմակ

0

Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ջանքերով Հայաստան է առաքվել 28.000 պաշտպանիչ բժշկական հանդերձանք և 20.000 N95 շնչառական դիմակ առողջապահական ոլորտի աշխատակացիների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, այս պարագաների շնորհիվ վարակակիրների հետ անմիջական շփման մեջ գտնվող բուժաշխատողները արդյունավետ և ավելի անվտանգ կպայքարեն «Քովիդ 19» համաճարակի դեմ:  

Պարագաները ձեռք է բերել ԱՀԿ-ն՝ ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ, համաճարակի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին շարունակաբար օժանդակելու նպատակով:   

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Հարավային Կովկասում ԱՀԿ գրասենյակի՝ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովը, նոր ստացված պաշտպանիչ պարագաները հուլիսի 22 հանձնել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին՝ դրանք հանրապետության ողջ տարածքում բաշխելու նպատակով:

Հայաստան առաքված պաշտպանիչ բժշկական հանդերձանքն ու շնչառական դիմակները ձեռք են բերվել՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահական համակարգի կարիքները, և դրանք տրամադրվելու են բացառապես բուժաշխատողներին: 

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ զեկույցը՝ ԳԱ «Անհայտ կորած անձինք» բանաձևի իրականացման վերաբերյալ

0

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատրաստած զեկույցը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 73/178 «Անհայտ կորած անձինք» («Missing Persons») բանաձևի իրականացման վերաբերյալ, որը հասանելի է հետևյալ հղումով:   
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ԱԳՆ-ից, զեկույցը համապարփակ տեղեկատվություն է ներկայացնում տվյալ բանաձևի իրականացման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորած անձանց խնդրի հետ կապված իրավիճակի և հրատապ հարցերի վերաբերյալ։

«Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցը ծագել է 1991 թ. Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմից շատ ավելի վաղ: Արդեն 1988-1989 թթ. Արցախում խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից տեղի էին ունեցել ազգությամբ հայերի պատանդառության և առևանգման դեպքեր։ Սակայն հետագայում՝ պատերազմական գործողություններով պայմանավորված, պատանդների և անհայտ կորածների խնդիրն ավելի սուր բնույթ ստացավ։

Զեկույցում ընդգծվում է, որ, դժբախտաբար, ադրբեջանական կողմի ապակառուցողական քաղաքականության պատճառով հակամարտության հետևանքով անհայտ կորածների ճակատագիրը որոշակիացնելու գործում հնարավոր չեղավ նշանակալի արդյունքներ արձանագրել: Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների հետ կառուցողական համագործակցության փոխարեն ադրբեջանական կողմը շարունակում է քաղաքականացնել անհայտ կորածների խնդիրը, որը բացառապես մարդասիրական բնույթ է կրում։ Նման համագործակցությունից հրաժարվելը ևս մեկ ապացույց է Ադրբեջանի՝ միջազգային մարդասիրական իրավունքներով իր ստանձնած պարտավորությունների չկատարման մասին:

 Փաստաթղթում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նպատակների արդյունավետ իրականացման համար պայմանների ստեղծման առումով նշվում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ անհայտ կորածների խնդիրը չի կարող կարգավորվել միակողմանի կարգով, նախ և առաջ՝ անհրաժեշտ է ապահովել այս հարցում հակամարտության բոլոր կողմերի գործուն ներգրավվածությունը, ինչպես նաև  ներդնել համակարգված և արդյունավետ մեխանիզմ՝ առաջընթացի ապահովման հստակ վերահսկողական չափանիշներ սահմանելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում կորոնավիրուսից ևս մեկ բուժաշխատող է մահացել

0

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով բուժաշխատողի մահվան ևս մեկ դեպք, կինը եղել է 56 տարեկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Կրկին խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր»,-գրել է Նիկողոսյանը:

Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին: 

«Առողջապահահության նախարարությունը կիսելով հարազատների վիշտը` իր խորը ցավակցությունն է հայտնում»,-նշել է խոսնակը:

Հուլիսի 22-ին ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսից մահացել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մանկաբույժ 59-ամյա Սիրանուշ Հարությունյանը:

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 439 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 16 քաղաքացի

0
Novel coronavirus 2019 nCoV pcr diagnostics kit. This is RT-PCR kit to detect presence of 2019-nCoV or covid19 virus presence in clinical specimens. Diagnostic test based on real-time PCR technology

Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35693 դեպք, որոնցից 24766-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10032 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 149 898 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 439 նոր դեպք և 560 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 678 (ավելացել է ևս 16-ով) դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 60, 76, 73, 60, 71, 49, 78, 73 տարեկան տղամարդիկ և 66, 56, 69, 54, 85, 85, 61, 59 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է։

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Ձեր սխրագործություններով սերունդներ պիտի կրթվեն. Վեհափառ Հայրապետն այցելել է զինվորական հոսպիտալ

0

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 21-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու վերջին օրերին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին։

Այս մասին տեղեկատվությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ և հոսպիտալի ղեկավարության առաջնորդությամբ Նորին Սրբությունը եղավ տարբեր բաժանմունքների հիվանդասենյակներում՝ հայրապետական իր օրհնությունն ու շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները բերելով մերօրյա հերոս զինվորներին։ Իր աղոթքը հնչեցնելով յուրաքանչյուր զորականի բժշկության համար՝ Վեհափառ Հայրապետը բարձրորեն գնահատեց հայորդյաց քաջարի ոգին, որի շնորհիվ մեր ժողովուրդն ապրում է խաղաղության մեջ, ապահովության զգացումով։

«․․․Մեր խոնարհումն ենք բերում ձեզ։ Ձեր սխրագործությունները պիտի հիշվեն մեր ժողովրդի պատմության բոլոր ժամանակներում։ Ձեր սխրագործություններով սերունդներ պիտի կրթվեն ու դաստիարակվեն։ Այդ սերունդներն են, որ պիտի հասակ առնեն նույն ոգով, նվիրումով և նույն հանձնառության գիտակցությամբ պիտի իրենց ծառայությունը բերեն մեր Հայրենիքին։ Ինչպես այսօր դուք, նաև ապագա սերունդները պիտի գիտակցեն, որ Հայրենիքն է մեր ուժը, զորությունն ու գոյության երաշխիքը», – ընդգծել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հայցելով Աստծո Աջի հովանին Հայոց բանակին, սպայական կազմին և զինվորներին, որպեսզի շարունակեն իրենց քաջագործություններով հպարտություն պարգևել մեր ժողովրդին։

Վեհափառ Հայրապետը նաև հավելեց, որ Հայոց Եկեղեցին և ողջ ժողովուրդն այսօր աղոթքով զորավիգ ու աջակից է հայրենյաց պաշտպաններին։ «Այդ բարձր գնահատանքի, երախտագիտության զգացումը ունի ոչ միայն հայրենաբնակ մեր ժողովուրդը, այլև սփյուռքի հայությունը։ Այսօր յուրաքանչյուրն իր հերթին զինվորագրված է մեր երկրի մղած արդար պայքարին՝ դուք սահմանի վրա, նրանք իրենց բնակության վայրերում։ Դուք նոր ոգի ներշնչեցիք մեր ժողովրդին, հաղթության ոգի և ձեր առ հայրենին սերը վստահաբար ոգևորում և խանդավառում է յուրաքանչյուր հայորդու», – ասաց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը։

Հայրապետը բոլորին ընծայեց Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթամատյան և մանրանկարներով տերունական խաչեր։ Այցի ընթացքում Նորին Սրբությունը զրույց ունեցավ հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ իր գնահատանքը փոխանցելով նրանց մատուցած կարևոր ծառայության, նվիրումի և մեծ ջանքերի համար ի նպաստ զինծառայողների առողջության վերականգնման։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև այցելեց կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մատուռ, ուր աղոթք բարձրացրեց հայրենի երկրի խաղաղ ու անվտանգ կյանքի համար:

 

Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատողի մահվան դեպք է արձանագրվել

0
A lab worker prepares solutions for the manufacture of coronavirus diagnostic test kits at the TIB Molbiol Syntheselabor GmbH production facility in Berlin, Germany, on Thursday, March 6, 2020. TIB has reoriented its business toward coronavirus, running its machines through the night and on weekends to make the kits, which sell for about 160 ($180) apiece. Photographer: Krisztian Bocsi/Bloomberg via Getty Images

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով բուժաշխատողի մահվան դեպք է արձանագրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում»,- գրել է Նիկողոսյանը:

Մամուլի խոսնակն Առողջապահության նախարարության անունից ցավակցություն է հայտնել բժշկուհու ընտանիքի անդամներին: