Երեքշաբթի, 17. 06. 2025

Սեւանա լճի մակարդակը նվազել է

0

Հուլիսի երրորդ տասնօրյակում Սեւանա լճի մակարդակը շարունակել է նվազել՝ նախորդ տարվա հուլիսի 22-ին գրանցված նիշից ցածր մնալով 3 սանտիմետրով:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի հուլիսի 22-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 77 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 80 սանտիմետր նիշի դիմաց: Նույն աղբյուրի տվյալներով՝ այս տարվա հունվարի 9-ից մինչեւ հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 154 միլիոն 785 հազար խորանարդ մետր ջուր: Հունիս-հուլիս ամիսներին ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 75 միլիոն 524 հազար խորանարդ մետր ջուր:

Մասիս Մայիլյանը շնորհավորել է Արցախի ԱԳՆ-ի հիմնադրման 27-ամյակի առիթով

0

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել երկրի արտաքին գերատեսչության հիմնադրման 27-ամյակի առիթով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Մասիս Մայիլյանի ուղերձը․

«Հուլիսի 23-ին լրանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 27-ամյակը։ Եվ չնայած այն հոբելյանական չէ, ձևավորված ավանդույթի համաձայն՝ ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել ԱԳՆ կենտրոնական ապարատի և Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների մեր գործընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր տարբեր տարիների աշխատելով Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ իրենց ավանդն ունեցան նրա կայացման, մեր պետության և քաղաքացիների շահերի պաշտպանության գործում։ 

 

Արցախի ԱԳՆ-ն ստեղծվեց մեր ժողովրդի համար բախտորոշ ժամանակահատվածում՝ երիտասարդ անկախ պետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի ամենաթեժ ժամանակահատվածում, և անմիջապես ստանձնեց երկրի կենսական շահերը պաշտպանելու դժվարին առաքելությունը, այդ թվում՝ բանակցություններ վարելով պաշտոնական Բաքվի հետ՝ ռազմական գործողություններին վերջ դնելու և մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Պետք է ասել, որ Արցախի պաշտպանության բանակի հաղթանակների և մեր դիվանագիտականջանքերի շնորհիվ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու առաքելությունը հաջողությամբ իրականացվեց. 1994 թվականի մայիսին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ադրբեջանը, Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին հրադադարի անժամկետ համաձայնագիր: Դժբախտաբար, Ադրբեջանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական դիրքորոշման և բացահայտ թշնամանքի պատճառով անցած տարիներին չհաջողվեց հրադադարը վերածել կայուն և տևական խաղաղության:

Այսօր՝ Բաքվի իշխանությունների հետ շարունակական դիմակայության պայմաններում, որոնք Թուրքիայի հետ տանդեմ կազմած՝ անթաքույց հայատյաց քաղաքականություն են վարում, Արցախի Հանրապետության ԱԳՆ առջև ծառացած են ոչ պակաս կարևոր և պատասխանատու խնդիրներ: Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի 2020-2025 թվականների ծրագրի համաձայն՝ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից են մեր պետության միջազգային ճանաչումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, հանրապետության միջազգային կապերի զարգացումը և խորացումը, նրան մեկուսացնելու ցանկացած փորձի չեզոքացումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդումը, որոնց ամբողջությունը բարենպաստ պայմաններ կստեղծեն Արցախի առաջանցիկ քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման համար: Խնդիրները, կրկնում եմ, պատասխանատու են, սակայն կցանկանայի վստահորեն ասել, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, որպես կայացած պետական ինստիտուտ, Հայաստանի և Սփյուռքի հետ սերտ համագործակցությամբ կօգտագործի իր ողջ ներուժը՝ այդ խնդիրները հաջողությամբ լուծելու, ներկայիս լուրջ մարտահրավերներին դիմակայելու և միջազգային ասպարեզում մեր պետությունն ըստ արժանվույն ներկայացնելու համար:

 

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության աշխատակիցներին այս նշանակալի օրվա կապակցությամբ, բոլորին մաղթում խաղաղություն, բարեկեցություն և նոր հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ»:

Հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

0

Հուլիսի 23-ին, ժամը 00։12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Գերմանիայում ՀՀ դեսպանության հաղորդագրությունից։  «ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են: Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Բայդենը Թրամփին համարել է առաջին ռասիստ նախագահն ԱՄՆ-ի պատմության մեջ

0

Առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատներից առավել հվանական թեկնածու Ջոզեֆ Բայդենն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին համարել Է առաջին ռասիստը, ում հաջողվել Է գլխավորել Միացյալ Նահանգները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է The Washington Post թերթը:

Հուլիսի 22-ին ընտրողների հետ առցանց-ձեւաչափով կայացած հանդիպման ժամանակ նախկին փոխնախագահը համաձայնվել Է մասնակիցներից մեկի կարծիքին, որն անհանգստություն Է հայտնել այն բանից, որ Թրամփը փորձում Է կորոնավիրուսի հայտնվելու եւ տարածվելու հարցում մեղադրել Չինաստանին եւ կորոնավիրուսն անվանում Է «չինական վիրուս»:

Բայդենը հավելել Է, որ Թրամփը «մարդկանց դատում Է մաշկի գույնով, ազգությամբ, ծագման երկրով, եւ դա միանգամայն նողկալի Է»: «Ոչ մի գործող նախագահ երբեք դա չի արել,- հավելել Է քաղաքական գործիչը:- Ո՛չ հանրապետական, ո՛չ դեմոկրատ: Մեզ մոտ եղել են ռասիստներ, եւ նրանք փորձել են դառնալ նախագահներ: Նա առաջինն Է, ում դա հաջողվել Է»:

Բայդենի խոսքով՝ նախագահի գործողությունները «մասնատում են երկիրը»: Հուլիսի 22-ին ավելի ուշ կայացած մամուլի ասուլիսում լրարգրողը դիմել Է Թրամին՝ խնդրելով մեկնաբանել նոյեմբերյան ընտրություններում իր պոտենցիալ մրցակցի հայտարարությունները: Ի պատասխան Թրափը պնդել Է, որ «ավելի շատ Է արել թխամորթ ամերիկացիների համար, քան եւս որեւԷ մեկը, բացառությամբ, հնարավոր Է, Աբահամ Լինկոլնի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայ և ռուս զինվորականները վարժանքներում խաղարկել են ԱԹՍ-ի կիրառման և հակազդման տարբեր սցենարներ

0

Հայ-ռուսական ՀՕՊ միավորված համակարգի վարժանքների շրջանակում խաղարկվել են հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման և հակազդման տարբեր սցենարներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հայ-ռուսական ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի վարժանքների շրջանակում խաղարկվել են հետախուզահարվածային ԱԹՍ-ի կիրառման և հակազդման տարբեր սցենարներ»,-գրել է Ստեփանյանը:

Իսպանացի սենատորը մտահոգություն է հայտնել ՀՀ-ի և ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

0

Իսպանացի սենատոր Վիսենց Վիդալը Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ հարցեր է ուղղել Սենատին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

«Ի՞նչ տեղեկություններ ունի իսպանական դիվանագիտությունը Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ միջազգային համաձայնագրերի խախտմամբ և Թուրքիայի աջակցությամբ իրականացրած ագրեսիայի մասին»,- հարցադրման մեջ գրել է Վիդալը:

«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Վիդալը նշել է, որ անհանգստացած է Ադրբեջանի ագրեսիայով, իսկ Արցախը Հայաստան է:

«Ինձ շատ է անհանգստացում Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Արցախը Հայաստան է»,- նշել է սենատորը:

Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Չինարի համայնքներում վերականգնվում են վնասված տներ

0

 Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը մասնագետների հետ այցելել է Տավուշի մարզի գյուղեր՝ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Չինարի, որոնք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առավել շատ են վնասներ կրել:

«Արդեն ընթացքի մեջ են 7 տան վերկանգնման աշխատանքները: Մաքրման աշխատանքներ են իրականացվում 10 տան ուղղությամբ: Կարծում ենք, որ առաջին հերթին պետք է վերականգնենք Չինարի գյուղում վնասված տունը. ընտանիքը բաղկացած է 10 հոգուց, որից 5-ը՝ երեխա: Տանտերն առաջարկել է նոր տունը կառուցել ոչ թե նախկինի տեղում, այլ տնամերձ հողամասի մեկ այլ՝ ավելի անվտանգ հատվածում, ինչին մենք համաձայնել ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում նշեց Արմեն Ղուլարյանը:

Նրա խոսքով՝ իրենք համայնքների ղեկավարներին առաջարկել են կատարել հողահատկացման աշխատանքներ, որտեղ պետք է նախագծել ազգային ճարտարապետական ոճով նոր կերպարի թաղամասեր. դրանք նույնպես կհատկացվեն կարիքավորներին:

Հակառակորդի կրակոցից ծանր վիրավորված զինծառայողը մահացել է

0

ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հուլիսի 23-ին մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան  ուղղությամբ  տեղակայված  զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, Արթուր Մուրադյանի կյանքը չի հաջողվել փրկել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Հայոց բանակը վերահաստատեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակի համարումը

0

 Հայաստանի զինված ուժերը, Հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին: Այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես գիտեք, ս/թ հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց Տավուշի մարզի մեր սահմանապահ դիրքերի ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը ոչ միայն ետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրան պատճառեցին էական վնասներ:

Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է:

Շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը, և սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչը այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների ներքին դժգոհության էներգիան Հայաստանի ու Արցախի դեմ ուղղորդելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը հարկ համարեց կատարել մի քանի կարևոր արձանագրումներ:

«Նախ՝ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, և ևս մեկ անգամ պիտի ընդգծեմ, որ այն դիրքերը, որոնք դարձել են վերջին երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետ, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են:  

Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ:

Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն ետ մղվեցին, և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում: Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և, հետևաբար, Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեց:

Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և ուժի սպառնալիքներով: Եվ հիմա կարող ենք ասել՝ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը: Երբ ասում եմ ուժերի հարաբերակցություն՝ նկատի չունեմ միայն սպառազինությունների և Զինված ուժերի քանակը, այլ նախ և առաջ նրանց գործողությունների որակը, կառավարման մակարդակը»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ հիմա կարող ենք վստահ ասել, որ Հայաստանի զինված ուժերը, Հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին:

«Եվ սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամասն վերլուծությունից բխող հետևություն: Մեր բանակը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր և Տավուշում ևս մեկ անգամ վերահաստատեց իր այս կարգավիճակը:

Կարևոր եմ համարում նաև այն, որ Հայաստանի հասարակությունը ցույց տվեց միահամուռ աջակցություն և վստահություն իր լեգիտիմ կառավարությանը և Զինված ուժերին: Կուզենայի առանձնահատուկ ընդգծել Սփյուռքի մեր հայրենակիցների միասնությունը, Հայաստանին իրենց օգնելու նվիրումը, խոհեմությունը և սթափությունը: Սփյուռքի մեր հայրենակիցներն այս օրերին ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ մենք մեկ ամբողջություն ենք, մեկ ընտանիք, մեկ ոգի և մեկ ինքնություն»,- ընդգծեց վարչապետը: 

Հուլիսյան մարտերից հետո ՀՀ-ի դիրքորոշումն ամրապնդվել է. վարչապետը ներկայացրեց այն մի քանի կետերով

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը հուլիսյան հաղթական մարտերից հետո ամրապնդվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետը ներկայացրեց դիրքորոշումը մի քանի կետերով:  

«Առաջին. Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսակետից մենք խիստ կարևորում եմ Արցախի Հանրապետության հետ մեր սերտ համագործակցությունը և այդ համագործակցությանն առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակության հաղորդելը:

 

Երկրորդ. Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ:

Երրորդ. Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:

Չորրորդ. բանակցությունները պետք է լինեն իմաստալից: Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է,  իմաստազրկում են բանակցային գործընթացը: Բանակցություններն իմաստ ունեն եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման: Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում:

Հինգերորդ. վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը և  ենթակառուցվածքներին: Արբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ միջազգային հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կոորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ: Արդեն երրորդ տասնամյակը ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին և Արցախում ապրող մարդկանց և խախտում է նրանց քաղաքական, տնտեսական, բնապահպանական, տեղաշարժի  և այլ իրավունքները: Այն մոտեցումը, որ այդ իրավունքները կարող են իրացվել միայն հակամարտության կարգավորումից հետո, ընդունելի չէ: Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս: 

Վեցերորդ. հրադադարի պահպանման մոնիթորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը, փաստացի խիստ սահմանափակ է: Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը: Նմանօրինակ մոնիթորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում՝ թե պետական սահմանին և թե շփման գծում:

 

Զինվորականների միջև տեղում ուղիղ կապի ապահովումը արդյունավետ գործիք է միջադեպերը կանխելու և պարզաբանելու ուղղությամբ:

Յոթերորդ. հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք վճառականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ  տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չենք կարող անտեսել այն ինչ տեղի է ունեցել: «Չենք կարող անտեսել այն փաստը, որ 2016թ. ապրիլից հետո երկրորդ անգամ Ադրբեջանն ուժ կիրառեց այն դեպքում, երբ առկա էր խաղաղ գործընթաց, երբ առկա էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից: Ադրբեջանն ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնում է մարդկությանը պատուհասած համաշխարհային համավարակի դեմ պայքարում»,- ասաց նա: