Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 16 միլիոն 450 հազարը: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 652 հազարը: Ապաքինվել է ավելի քան 10 միլիոն 072 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 4 միլիոն 371 հազար 992 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 149 հազար 852 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 419 հազար 901-ի, մահերինը՝ 87 հազար 052-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 1 միլիոն 440 հազար 371, մահերինը՝ 32 հազար 866:
Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 818 հազար 120 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 635 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 13 հազար 354 մարդ:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Հարավային Աֆրիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 445 հազար 433 է, մահերինը՝ 6 հազար 769: Հաջորդող երկիրը Մեքսիկան է 390 հազար 516 ընդհանուր, 43 հազար 680 մահվան դեպքով: Պերուն առանձնանում է 384 հազար 797 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 18 հազար 229 մարդ: Չիլիում վարկվածների ընդհանուր թիվը 345 հազար 790 է: Վարակի հետևանքով մահացել է 9 հազար 112: Իսպանիան հայտնվել է 9-րդ տեղում՝ 319 հազար 501 ընդհանուր, 28 հազար 432 մահվան դեպքով: Տասնյակը եզրափակում է Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 299 հազար 426 է, մահերինը՝ 45 հազար 752:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 26-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 61-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 891, որից ապաքինվել է 78 հազար 918-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1137-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 16 մարդ: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը 293 հազար 606 է, մահերինը՝ 15 հազար 912: Թուրքիան առանձնանում է 226 հազար 100 ընդհանուր, 5 հազար 613 մահվան դեպքով:
Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 268 հազար 934 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 109 հազար 597, մահերինը՝ 165: Եգիպտոսում առկա է 92 հազար 062 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 4 հազար 606 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 58 հազար 913 է, մահացածներինը՝ 344: Լիբանանում կա 3 հազար 750 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 51: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 650-ի: Վարակի հետևանքով մահացել է 38 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
Ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, հուլիսի 27-ին հայտնել է, որ անցում է կատարել կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկման հաջորդ մակարդակի, որում ներգրավվել է մոտ 30,000 չափահաս մարդ` չվարակված կորոնավիրուսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ սա առաջին փորձարկումն է, որն անցկացվում է կառավարության ծրագրի շրջանակում: Ծրագիրը նպատակ ունի նպաստել COVID-19-ի դեմ դեղամիջոցների ու պատվաստանյութերի որքան հնարավոր է շուտ ստեղծելուն, փորձարկելուն և մատակարարելուն:
ԱՄՆ-ի կառավարությունը «Moderna Therapeutics»-ի ծրագրի համար հատկացրել է շուրջ 1 մլրդ դոլար և ընտրել է ընկերության կողմից մշակված պատվաստանյութը մարդկանց շրջանում մասշտաբային փորձարկումների համար: Ընկերությունը տեղեկացնում է, որ հետազոտությունների գլխավոր նպատակն է հիվանդության սիմպտոմատիկ դրսևորումների կանխարգելումը:
Լիբանանի թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովը, Ուրբաթ, 24 Յուլիս 2020-ի երեկոյեան, Ազգային Առաջնորդարանին մէջ գումարեց արտակարգ նիստ մը, որուն ընթացքին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին կողմէ փոխանցուած եռանուն նախընտրական ցանկէն թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Շահէ Եպս. Փանոսեան միաձայնութեամբ ընտրուեցաւ թեմակալ առաջնորդ։
Երեսփոխանական Ժողովի դիւանը տեղեակ պահելով Վեհափառ Հայրապետը ընտրութեան արդիւնքին մասին՝ հայցեց անոր վաւերացումը։ Հայրապետը վաւերացուց յիշեալ ընտրութիւնը եւ այս առիթով նորընտիր առաջնորդին շնորհեց արքութեան տիտղոս։
Յայտնենք, որ Նորին Սրբութիւնը նաեւ վաւերացուց Լիբանանի թեմի նորընտիր Կրօնական եւ Քաղաքական ժողովները։
Եկեղեցւոյ պատմութեան մէջ երկու Կիպրիանոսներ գոյութիւն ունեցած են, որոնք պատմաբաններու կողմէ յաճախ շփոթութեան մատնուած են՝ մէկը միւսին առնչելով կամ խառնելով։ Առաջին Կիպրիանոսը արեւմուտքէն է եւ ափրիկեցի, իսկ երկրորդը արեւելքէն է եւ անտիոքացի։ Առաջինը՝ ափրիկեցին, արեւմուտքի եկեղեցւոյ մեծագոյն սուրբ հայրերէն մէկը եղած է, զոր ապրած է Գ. դարու առաջին կիսուն եւ եպիսկոպոս է եղած Կարթագինէի եկեղեցւոյ. իսկ երկրորդը՝ ապրած է Գ. դարու երկրորդ կիսուն եւ եպիսկոպոս եղած է Սուրիոյ շրջանին մէջ։
Մենք, բնականաբար, ամփոփ կերպով պիտի անդրադառնանք առաջինին՝ քրիստոնէական եկեղեցւոյ մեծագոյն հայրապետներէն եղած Ս. Կիպրիանոս Հայրապետին։
ԿԵԱՆՔԸ
Կիպրիանոս, մականուանեալ Թասկիոս Կիկելիոս, ծնած է շուրջ 200 թուականին (յստակ թուական չունինք), Կարթագինէի մէջ։ Ան զաւակն է եղած հեթանոս հարուստ ընտանիքի մը, որուն հայրը քրմապետ (հեթանոսական կրօնքի քահանայապետ) էր։ Կիպրիանոսի ընտանեկան պարագաները նկատի առնելով, ան ստացած է բարձր ուսում ու կրթութիւն։ Հօր անունն է Եդեսիա, իսկ մօր՝ Կղօդիա։ Նախքան քրիստոնէական կրօնքը ընդունիլն ու դաւանիլը, Կիպրիանոս եղած է ականաւոր հռետոր, օրէնսգէտ, փիլիսոփայ, ճարտար մոգ ու կախարդ եւ իր մանկութենէն նուիրուած է աստուածներու ծառայութեան, զոր ժառանգած է իր ծնողքէն։ Կիպրիանոս զարգացած է եղած մոգութեան ու կախարդութեան ծիրին մէջ, որ մոգապետերուն ու կախարդներուն յաւելեալ հնարներ ու գաղտնիքներ կը սորվեցնէր։ Ան այնքան հմտացած էր կախարդութեան մէջ, որ «բազում չարիս դիւականս առնէի ի վերայ երկրի. եւ այնչափ հմուտ եղէ դիւացն՝ զի ոչ մնաց գործ եւ ոչ խորհուրդ զոր ոչ գիտացի», դեւերը իրեն կը հնազանդէին, մարդոց միտքերը կը շփոթեցնէր, կը հիւանդացնէր, երկինքին մէջ կը պտըտէր, ծովուն խորերը կ’երթար, եւ տակաւին շարքը կարելի է շա՜տ երկարել. իր իսկ վկայութեամբ՝ այս բոլորը կ’ընէր, որովհետեւ «էի մոլորեալ ի գործս չարութեան, եւ ոչ ճանաչէի զԱստուած»։
Կը պատմուի, որ Յուստիանէ կամ Յուստինա անունով կոյս մը կար, քրիստոնեայ, որ իր գեղեցկութեան հռչակը տարածուած էր ամէնուրեք, «բայց աւելի գերազանց՝ հոգեկան առաքինութեամբ» («Վարք Սրբոց», Պէյրութ, 1975, էջ 271), եւ որ ամէն օր եկեղեցի կ’երթար։ Օր մը, Ագղաւիդոս անունով երիտասարդ մը, սքանչանալով ու հմայուելով կոյսին գեղեցկութենէն, Կիպրիանոս կախարդին կը դիմէ, որպէսզի կախարդական հնարներով կոյսը սիրահարի իրեն։ Կիպրիանոս կ’ուզէ տեսնել զինք. եւ երբ կը տեսնէ, ինք եւս կը հրապուրուի անոր գեղեցկութեամբ եւ սիրահարելով՝ կ’ուզէ իրեն համար կին առնել։ Կիպրիանոս իր կախարդական ու դիւային բոլոր հնարները ի գործ կը դնէ, սակայն՝ ապարդիւն։ Վերջին անգամ, Կիպրիանոս պառաւի մը կերպարանքով պոռնկութեան դեւը կ’ուղարկէ Յուստիանէ կոյսին մօտ, որպէսզի ցանկար Կիպրիանոսի եւ ամուսնանար անոր հետ։ Պառաւը միասնաբար աղօթելու պատրուակով գիշերով կու գայ կոյսին մօտ եւ աղօթքի պահուն պառաւը հարց կու տայ Յուստիանէին, թէ կուսութեամբ ո՞վ վարձք ստացած է։ Եւ այսպէս, կը սկսի համոզելու փորձեր ընել, որպէսզի զինք տանէր Կիպրիանոսի մօտ։ Սակայն, կոյսը երբ անդրադարձաւ դիւային ներկայութիւնը, Ս. Խաչին նշանը երեւեցաւ իր մարմինին վրայ եւ խաչակնքելով՝ հալածեց դեւը։ Վերջինս վախնալով ու դողալով կը վերադառնայ Կիպրիանոսի մօտ եւ երբ Կիպրիանոս կը հարցնէ իր վիճակին մասին՝ կը պատասխանէ, թէ խաչին նշանը տեսայ, վախցայ եւ դողալու սկսայ։ Եւ ապա, դեւը կը սկսի պատմել խաչին եւ Խաչեալին մասին. եւ Կիպրիանոս կը սկսի մտածել.- «Եթէ նշան Խաչին այդչափ զօրութիւն ունիցի, ապա Խաչեալն որչա՞փ եւս առաւել։ Ես հաւատամ ի Քրիստոս, եւ ի զօրութիւն Խաչին, եւ յԱստուած Հայր Ամենակալ՝ զի նա միայն է ճշմարիտ Աստուած, եւ կուռքն դեւք են եւ սատանայ»։ Այս բոլորէն ետք ան կ’այրէ իր մօտ գտնուող կախարդութեան բոլոր գրութիւններն ու թուղթերը, կ’երթայ եպիսկոպոսին մօտ, կը մկրտուի եւ կը ձեռնադրուի քահանայ։ Ան շուտով ձեռք ձգելով եկեղեցական աստիճանները՝ 249 թուականին Կարթագինէի եպիսկոպոս կ’ըլլայ։
Իր առաջնորդութեան օրերուն քրիստոնեայ համայնքը բազմաթիւ եւ բազմազան հալածանքներու ու զրկանքներու կ’ենթարկուի, որոնց ընթացքին, Աստուծոյ կամքով եւ օգնականութեամբ, կը յաջողի նամակագրութեանց եւ հաւատարիմ ու վստահելի անձերու շնորհիւ, կարելիութեան սահմաններու մէջ, կառավարել ու առաջնորդել իր հօտը։
257-ին, Վաղերիանոս կայսրին հալածանքներուն ժամանակ, Կիպրիանոս կ’աքսորուի Կուրուբա քաղաքը եւ մէկ տարի ետք կը վերադառնայ Կարթագինէ։ Ապա, կրկին կը ձերբակալուի, կը դատուի եւ կը գլխատուի Սեպտեմբեր 14-ին։
ԳՈՐԾԸ
Տարբեր հեղինակներ տարբեր կարծիքներ արտայայտած են Կիպրիանոսի գրական ու մտաւոր վաստակին մասին։ Ոմանք ըսած են, թէ ան միտքի մարդ ըլլալէ աւելի եղած է գործի մարդ։ Սակայն անոր կեանքն ու գործունէութիւնը մեզի ցոյց կու տան, թէ Կիպրիանոս ե՛ւ եղած է գործի մարդ, ե՛ւ միտքի մարդ։
Կիպրիանոսի մտաւոր արտադրութեանց մէջ կարեւոր ու յատկանշական տեղ ունի իր նամականին։ Անոր նամակները կը պարունակեն առաւելաբար դաւանաբանական ու եկեղեցագիտական խնդիրներ, որոնց լուծումը ան կու տար անմիջապէս ու վերջնականապէս։ Անոր գործերէն միայն յիշենք քանի մը նամակներ.- ուղղուած Դոնատոսին, ուղղուած Դեմետրիանոսին, կուռքերը աստուածներ չեն, տիեզերական եկեղեցւոյ միութեան մասին, ինկածներու (ուրացողներու) մասին, Տէրունական Աղօթքի մասին, բարի գործերու եւ ողորմածութեան մասին, համբերութեան բարիքի մասին, նախանձի եւ կասկածի մասին, կոյսերու հագուստի մասին եւ այլն…։
Յատկանշական աղօթագիրք մը կայ, որ կը կրէ սուրբին անունը «Կիպրիանոս»։ Աղօթագիրքը ունի տարբեր բովանդակութեամբ աղօթքներ՝ «Հաւատով Խոստովանիմ»ը, գոհաբանական աղօթքներ, «Նարեկ» աղօթամատեանէն հատուածներ, բարեխօսութեան աղօթք, առաքեալներուն ուղղուած աղօթք, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետին ուղղուած աղօթք, չար աչքի եւ լեզուի դէմ աղօթք, հրեշտակներուն ուղղուած աղօթք, զաւակ ծնանելու աղօթք, Աւետարանէն հատուածներ եւ այլն…։ Աղօթագիրքը կը սկսի «Հայր մեր»ով։
Այստեղ նաեւ կ’արժէ յիշել, թէ այս աղօթագիրքին մէջ կը գտնենք Ս. Կիպրիանոսի ինքնակենսագրութիւնը «Դարձ Կիպրիանոս Հայրապետի» խորագրեալ։ Այնտեղ կայ նաեւ հետաքրքրական աղօթք մը, զոր կը բովանդակէ Աստուծոյ աւելի քան 400 անուններ կամ տիտղոսներ. յիշելէ ետք այդ բոլորը՝ Ս. Կիպրիանոս կ’եզրափակէ. «Քո սուրբ եւ ահեղ անուանցդ զօրութեամբ՝ Տէր Աստուած ամենակալ, եղիցիս պահապան ծառայիս» (Քու սուրբ եւ ահեղ անուանդ զօրութեամբ, ամենակալ Տէր Աստուած, Քու ծառայիդ պահապան եղիր)։
ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ
Ս. Կիպրիանոսի վարդապետութիւնը կ’ընդգրկէ տարբեր նիւթեր, սակայն անոնցմէ կարեւորագոյններն են եկեղեցւոյ միութեան, աւանդութեան, Ս. Հաղորդութեան հացի ու գինիի եւ մարտիրոսներու հարցերը։
Կիպրիանոսի համաձայն եկեղեցւոյ միութեան կեդրոնն ու առանցքը եպիսկոպոսը ինք է։ Ան կ’ըսէ, թէ այն անձը, որ եպիսկոպոսին հետ չէ, կը նշանակէ որ եկեղեցւոյ մէջ չէ ու անոր մաս չի կազմեր. իսկ եպիսկոպոսներն ալ, իրենց կարգին, պէտք է առաջնորդուին սիրոյ օրէնքով։ Տեղական ու շրջանային եկեղեցիները առանձին կառոյցներ չեն, այլ անոնք կապուած են Եկեղեցւոյ, արմատին։ Ինչպէս որ արեւուն ճառագայթները շատ են, սակայն լոյսը մէկ է՝ արեւը. նոյնպէս ալ եկեղեցիները, թէեւ բազմաթիւ են, սակայն ունին մէկ արմատ՝ Եկեղեցին։ Նոյնն է պարագան նաեւ եպիսկոպոսներուն, որքան ալ ըլլան անոնց թիւը շրջաններու մէջ, անոնք կանգնած են մէկ հիմքի վրայ՝ Եկեղեցւոյ։ Ան յատկապէս կը շեշտէ եկեղեցւոյ դերակատարութիւնը փրկութեան հարցով։ Կ’ըսէ, թէ միայն եկեղեցւոյ մէջ կարելի է փրկուիլ. «եկեղեցիէն դուրս փրկութիւն չկայ». «ով որ Եկեղեցին որպէս Մայր չ’ընդունիր, զԱստուած որպէս Հայր ընդունած չ’ըլլար»։
Հետաքրքրական է անոր վարդապետութիւնը մարտիրոսներուն մասին։ Ան կը հաւատայ, թէ անոնք որոնք կը մարտիրոսանան՝ անմիջապէս կը տեսնեն Աստուծոյ դէմքը, իսկ անոնք որոնք կը մահանան՝ չեն տեսներ զայն եւ կը սպասեն մինչեւ դատաստանի օրը։
255 թուականին յառաջ կու գայ հերետիկոսներուն կողմէ կատարուած մկրտութեան հարցը։ Ս. Կիպրիանոսի կեցուածքը շատ պարզ ու յստակ էր։ Ան չէր ընդուներ հերետիկոսներուն կողմէ կատարուած մկրտութիւնը, իր մեծ ուսուցիչին՝ Տերտուղիանոսի եւ Փոքր Ասիոյ բոլոր եպիսկոպոսներուն նման։ 256-ին Կարթագինէի ժողովի ընթացքին ան կ’անդրադառնայ այս հարցին եւ ճակատումի ու բախումի մէջ կը մտէ Հռոմի եպիսկոպոս Ստեփանոսի հետ, զոր կ’ընդունէր ու կը պաշտպանէր հերետիկոսներու կողմէ կատարուած վերոյիշեալ մկրտութիւնը։
Եզրակացնելով, Ս. Կիպրիանոս հայրաբանութան եւ եկեղեցական կեանքին մէջ ակնառու հայրապետներէն մին է եղած՝ իր գործունէութեամբ ու վարդապետութեամբ։ Ս. Կիպրիանոսի կեանքը մեզմէ իւրաքանչիւրին համար օրինակ մըն է. օրինակ մը՝ աւելիով ճանչնալու Քրիստոսը, ճանչնալու Անոր զօրութիւնը, ճանչնալու Անոր ամենակարողութիւնը, ճանչնալու Անոր «Տէր տէրանց եւ Աստուած աստուծոց» ըլլալը եւ կատարեալ հաւատք ու վստահութիւն ունենալու Անոր նկատմամբ, ինչպէս նաեւ ամբողջական հաւատքով, սիրտով ու միտքով դաւանելու Քրիստոսի մեր Տէրը ու Փրկիչը ըլլալը։
Թող Ս. Կիպրիանոսի օրինակը վարակիչ ըլլայ մեզմէ իւրաքանչիւրին եւ իր աղօթքներով ու բարեխօսութեամբ զօրանանք ու հասուննանք մեր հոգեւոր կեանքին մէջ։
«Սրբազան հայրը հեռաձայնեց եւ քաջալերեց մեզ բոլորս, որ ցոյցին մասնակցինք»։
Ալիքն է։ Իմ դուստրս, որ կ՚ապրի ու կ՚աշխատի Լոնտոն։ Ան իր բաժինը կը բերէ տեղւոյն հայկական կեանքի գործունէութեան։ Իսկ սրբազան հայրը Յովակիմ սրբազանն է, որ կը քաջալերէ գաղութի անդամները հաւաքուելու Լոնտոնի Քենզինքթըն շրջանին մէջ՝ մասնակցելու համար ցոյցին, դատապարտելու համար վերջին օրերուն Ազրպէյճանի զինուորական յարձակումները Տաւուշի շրջանին վրայ եւ հայկական գաղութներուն կողմէ ի զօրակցութիւն Հայաստանի եւ հայկական բանակին։ Քենզինկթըն շրջանը Լոնտոնի մէջ ունի իր իւրայատկութիւնը. Հայաստանի դեսպանատունը կը գտնուի այդ շրջանին մէջ։ Անգլիոյ ազրպէյճանական գաղութի կազմակերպած ցոյցին առիթով Յովակիմ սրբազանը «ոտքի հանած» է գաղութը՝ հակադարձելու այդ ցոյցին։
Յովակիմ եպս. Մանուկեան հոգեւոր առաջնորդն է Մեծն Բրիտանիոյ եւ Իրլանտայի։ Մօտէն ճանչցած ըլլալով զինք, իրեն հետ ունեցած հաղորդակցութիւններուս ընդմէջէն տեսած եմ քրիստոնէական հաւատքի, հայ եկեղեցւոյ եւ հայութեան նկատմամբ իր անզիջող նուիրուածութիւնը։ Ան յոգնիլ չգիտցող կղերականն է, որ ոչ մէկ ճիգ կը խնայէ գաղութը պահելու իր ազգային եւ քրիստոնէական գիտակցութեան մէջ։Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը
Հետեւելով տեղեկատուական ցանցերուն՝ զգացական էր տեսնել ցոյցին լուսանկարները։ Եթէ մէկ կողմէ ազրպէյճանցի ցուցարարները կային Հայաստանի դեսպանատան հանդիպակաց կողմը, անոնց դիմաց սրբազան հօր գլխաւորութեամբ կար ամուր կեցած հայկական խումբը, որ շրջապատած էր դեսպանատունը՝ պաշտպանելու համար զայն։ Ցոյցի ընթացքը եւ անոր կուտակած զայրոյթը հասած են իրենց գագաթնակէտին, բայց առկայ եղած է ինքնութեան եւ անոր պահպանման գրաւականը։ Վերջապէս, դեսպանատունը՝ թէկուզ Լոնտոնի մէջ, հայկական հող է։ Հայաստան է։ Անգլիոյ հայորդիները կառչած էին իրենց հողին եւ ինքնութեան գիտակցութեան ու անոր պահպանումին։ Իսկ «ծեծկվռտո՞ւքը»։ Հայուն հողը եւ անոր արժանապատուութիւնը պահելու համար էին։
Այս օրերուն կը հետեւինք բազմաթիւ ցոյցերու՝ աշխարհի տարբեր հայկական գաղութներուն մէջ։ Ամերիկաներէն մինչեւ Եւրոպայի տարբեր գաղութներն ու անդին։ Հայն է, որ եթէ մտահոգ է ազրպէյճանական ռազմական գործողութիւններով, նոյնքան նաեւ բարկացած է։
Հայաստանի Տաւուշի մարզին մէջ տեղի ունեցած զինուորական գործողութիւնները փորձեցին դարձեալ վարանումի ենթարկել խաղաղասէր հայը՝ իր կեանքը ապրելու իրաւունքէն։ Հայկական բանակին քաջարի դիմադրութիւնը պահելու համար էր հայուն խաղաղասիրութիւնը։ Այդ խաղաղասիրութեան համար զոհուած հայ զինուորականները դարձան նահատակներ, որովհետեւ անոնք իրենց կեանքերը տուին՝ կառչելով այն հաւատամքին, թէ հայը իրաւունք ունի ապրելու իր սեփական հողին վրայ՝ Հայաստանի եւ Արցախի մէջ։ Բայց մանաւանդ ապրելու համար հայուն կեանքը իր արժանապատուութեամբ՝ կառչելով իր ազգային եւ քրիստոնէական ինքնութեան ու հաւատքին։ Այս կեանքը Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփիւռ հայութեան պահանջած արդարութիւնն է։ Արդարութիւն մը, որուն հայը կը հաւատայ հասնիլ ոչ թէ կեանքեր սպաննելով, այլ կեանքեր կերտելով։ Չորս տղոց նահատակութեան գրաւականը նոյնինքն այս կեանքերը կերտելուն մէջ է։
Այս կեանքը կերտելն ու իրականացնելը հայուն արդար պահանջատիրութիւնն է, որ նոյնքան ունի քրիստոնէական աստուածաբանական հիմք։
Քրիստոնէական աստուածաբանութեան հիմքը Քրիստոսի պարգեւած շնորհքն է, որուն միջոցով իրականացաւ նոր կեանքը։ Նոր կեանքը շնորհուեցաւ Քրիստոսի խաչելութեամբ եւ Անոր յարութեամբ։ Այս շնորհքը եւ անոր պարգեւած նոր կեանքը արդիւնք էին Քրիստոսի սիրոյն. «Վասնզի Աստուած սիրեց աշխարհը» (Յովհաննու 3:16)։ Քրիստոսի այս սէրը արդար է, որովհետեւ Ան ամբողջ աշխարհը սիրեց՝ անխտիր։ Քրիստոսի մահով եւ յարութեամբ կերտուած այս նոր կեանքին միջոցով մարդը ունեցաւ ապահովութիւնը չկորսուելու, բայց նաեւ «յաւիտենական կեանք ունենալու» (Յովհաննու 3:16)։
Քրիստոնէական աստուածաբանութեան մեծութիւնը կը կայանայ ճիշդ այս իրականութեան մէջ։ Քրիստոս «սպաննուեցաւ», որպէսզի իւրաքանչիւր մարդու շնորհէ կեանքը, որ նոր է ։ Մարդը իր այս նորութեան մէջ կը կերտէ նոր կեանքեր՝ առանց հարկադրուելու եւ սպաննելու ուրիշը, որովհետեւ Քրիստոս ինք սպաննուեցաւ անխտիր բոլորին համար։
Հայը որոշեց իր ընտրանքը՝ հաւատալ այս նոր կեանքին։ Հայը հաւատաց, որ կ՚ուզէ կեանք կերտել, եւ այն ալ՝ նոր, եւ ոչ երբեք սպաննել։ Հայուն պայքարը՝ կեանքը կերտելու, միշտ ալ եղաւ արդար միջոցներով եւ ոչ թէ բռնապետական ու վայրագ արարքներով եւ սպաննելով։ Հայը կառչեցաւ արդարութեան, որովհետեւ իր կեանքը ուզեց կերտել, բայց նաեւ ապրիլ զայն նոյնինքն իր արժանապատուութեամբ։ Այս եղաւ հայուն կեանքը Ցեղասպանութենէն ետք եւ այսօր տակաւին կը շարունակուի նոյն գիտակցութեամբ։
Այսօր Տաւուշի պատերազմը իր պատգամը ունի իւրաքանչիւր հայուն։ Պատգամը կու գայ հայկական ժողովրդային երգին ընդմէջէն. «Հայե՜ր միացէ՛ք, միացէ՛ք հայեր»։
Տաւուշի պատգամը հայուն համար այսօր միացումի կանչն է։ Այս միացումի կանչը ունի իր կանչողը։ Եթէ երգին մէջ կանչողը Արցախն է, բայց այսօր՝ ա՛լ աւելին։ Միացումի կանչը հայուն համար է՝ ապրելու եւ կերտելու համար իր հարազատ կեանքը իր ազգային եւ ընդհանրական հիմքերով։ Իսկ կանչողը-կանչողները Արցախը, Հայաստանը եւ սփիւռքն են։ Այս հայկական կեանքը կերտելու համար հայը պէտք է միանայ։ Այսօր երեւի ամէն ժամանակէ աւելի։
Եղիշէ Չարենց կրցաւ տեսնել իր օրերուն, թէ հայուն փրկութիւնը, իմա՛՝ իր ազգային ու հայկական կեանքը կերտելը, իր հաւաքական ուժին մէջ է։ Հայը այս հաւաքական ուժը դարձուց իր ազգային գաղափարախօսութեան միտքը եւ հիմքը, որ զինք տարաւ մինչեւ աքսոր եւ նահատակութիւն։ Հաւաքական ուժը՝ հայուն կեանքը կերտելու եւ ապրելու հրամայականը։
Հաւաքական ուժը եթէ ֆիզիքական է, բայց նաեւ մտաւոր է եւ հոգեկան։ Տաւուշը ապացուցեց, որ հաւաքական ֆիզիքական այս ուժը կրնայ կեանք պահել եւ նոյնպէս կերտել, երբ հայը պատերազմական ճակատին վրայ մնայ անդրդուելի ազրպէյճանական զինուորական յարձակումներուն դիմաց։ Բայց կայ տակաւին մտաւոր եւ հոգեկան հաւաքական ուժը։ Երբեք պէտք չէ ստորադասել միտքի ու հոգիի ուժը։ Անոնք կրնան հասնիլ հոն, ուր ֆիզիքական ուժը երեւի չի կրնար հասնիլ։ Արժէ ապաւինիլ նաեւ միտքի ու հոգիի հաւաքական ուժին։
Այս հաւաքական ուժին հասնելու համար, հայկական ժողովրդային երգը պէտք է վերածել ապրող կեանքի. «Հայե՜ր միացէ՛ք, միացէ՛ք հայեր»։ Հայաստան եւ Արցախ պարտին դասաւորել իրենց քաղաքական անհամաձայնութիւնները եւ տքնին հասնելու հաւաքական այս ուժին։ Սփիւռքը՝ իր ներգաղութային եւ համահայկական տարբերութիւններուն ընդմէջէն, կուսակցական, միութենական, համայնքային, կենցաղային ու աւելին, պարտի կերտել հասարակ յայտարարը՝ հասնելու համար հաւաքական այս ուժին։
Հայաստան, Արցախ եւ սփիւռք պարտին միանալ՝ միասին հասնելու համար այս հաւաքական ուժին։
Հայուն աշխարհասփիւռ կեանքերը այսօր ունին հազարումէկ մարտահրաւէրներ։ Հայաստանէն մինչեւ Արցախ, Ամերիկաներէն մինչեւ Եւրոպա ու տակաւին Միջին եւ Ծայրագոյն Արեւելք եւ քիչ մը ամէն տեղ։ Այս մարտահրաւէրները այսօր հայուն կեանքին համար կը դառնան զգաստութեան հրաւէր, որ պէտք է մղէ մեզ անդրադարձներ կատարելու։
Անդրադարձ՝ հայուն անցեալի ապրած պատմութեան տարբեր հոլովոյթներուն ընդմէջէն։ Պէտք է յիշել, որ հայը չդադրեցաւ իր կեանքը կերտելէ։
Անդրադարձ՝ հայուն կեանքին, իր ներկայի եւ ապագայի ապրող եւ ապրելու հոլովոյթներէն մեկնելով։ Կեանքը կերտելու յաջողութիւնը եւ զայն զետեղելը պատմութեան շարունակականութեան հոլովոյթին մէջ նոյնքան կը կայանայ այս հաւաքական ուժին եւ անոր կառչելու գրաւականին մէջ ։
Եւ այս հաւաքական ուժը կ՛իրագործուի, երբ հայկական ժողովրդային երգը կը դարձնենք ապրող իրականութեան։
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հայ Կաթողիկէ Ս. Խաչ – Հարպոյեան Բարձրագոյն Վարժարանի 2019-2020 տարեշրջանի շրջանաւարտից հանդէսը տեղի ունեցաւ Ուրբաթ, 24 Յուլիս 2020-ի, երեկոյեան ժամը 7:00-ին, Ս. Խաչ եկեղեցւոյ «Պետողլեան» սրահին մէջ՝ ներկայութեամբ Ս. Խաչ եկեղեցւոյ ժողովրդապետ Հայր Սեպուհ վրդ. Կարապետեանի, դպրոցի տեսչական եւ ուսուցչական կազմի, ծնողներու եւ հարազատներու:
Երեսունվեց շրջանաւարտներու մուտքին յաջորդեց Լիբանանի, Հայաստանի եւ Ս. Խաչ – Հարպոյեանի քայլերգներու ունկնդրութիւնը:
Շրջանաւարտներէն Խաչիկ Օքսազեան, Մելինա Լիպար եւ Սթեֆանի Փափազեան յաջորդաբար փոխանցեցին իրենց սրտի խօսքը հայերէն, արաբերէն եւ անգլերէն լեզուներով: Բոլորն ալ իրենց յուզումները արտայայտելով, շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն յայտնեցին վարժարանի տնօրէնութեան, ուսուցչակազմին եւ մանաւանդ իրենց ծնողներուն, որոնց շնորհած հոգեւոր, կրթական, դաստիարակչական ու գիտական պարգեւներով պատրաստ են վճռական ու հաստատ քայլերով նետուելու կեանքի նոր հանգրուան…
Յայտագրին գեղարուեստական բաժնով խումբ մը աշակերտուհիներ հանդէս եկան «Սասնայ պար»-ով: Սասունցիներու հզօր կամքն ու յաղթական ոգին տիրած ըլլալով, կարելի չէր 2019-2020 տարեշրջանի Լիբանանի ու Հայաստանի մշուշապատ իրավիճակին չյաղթահարել, հայ երիտասարդի ուժգին ապրումը արտայայտեց շրջանաւարտ Մեղրի Էքշեան ըսելով. «Հաւատքի արեւը վառ կը շողայ մեր հոգիներուն մէջ, կեանքի գարունը մշտադալար կը ծաղկի մեր սրտերուն մէջ, Սասնայ արիւնը կատաղի կ’եռայ մեր երակներուն մէջ, յարութեան աւետիսը ցնծագին կը ցայտքի մեր մէջէն, քանի որ մենք ենք Արարատը, մենք ենք Արցախը, մենք ենք Տաւուշը, եւ մերն է յաղթանակը:», ապա խումբ մը տղաք հայոց տհոլի ու զուռնայի ձայնով թնդացուցին բեմը. «Եարխուշտա» պարով կարծես մշուշը փառատեցին, ոտքերու խփումով իրենց կամքը արտայայտեցին ու ձեռք-ձեռքի զարնելով կեանքը փառաւորեցին…Պատուի կենալով հայկական բանակը ողջունեցին, ուժ եւ կորով մաղթելով՝ անոր յաղթանակը ապահովեցին:
Ապա Մարկրիթա Մալտոսեան, Անդրանիկ Յորդանեան եւ Մեղրի Էքշեան կատարեցին «Տուն իմ հայրենի» երգը:
Շրջանաւարտներ Սինթիա Ժամկոչեան, Արեգ Չաղլասեան եւ Մոսիկ Քիւրքճեան դպրոցի վահանը, որպէս տգիտութեան դէմ պաշտպան, ինչպէս նաեւ պատուի ու յաղթանակի խորհրդանիշ, փոխանցեցին11-րդ դասարանի երկու աշակերտներու` Անժէլա Յովհաննէսեանի եւ Հրակ ՏԷրտէրեանին, որպէսզի յաջորդ սերունդը շարունակէ վարժարանին գոյերթը:
«Հայաստանի բարեւ» երգով շրջանաւարտները ճոխացուցին մթնոլորտը, որմէ ետք Կրէյս Քէօշկերեանի «You raise me up» երգի ընկերակցութեամբ, բոլորը իրենց երախտագիտութիւնը արտայայտող յատկանշական ճերմակ վարդով մը բեմէն վար իջան պատուելու իրենց ծնողները:
Ս. Խաչ – Հարպոյեանի Մեծաւոր Պրն. Արամ Գարատաղլեան բեմ բարձրացաւ փոխանցելու տնօրէնութեան խօսքը: Սկսելով ան յայտնեց, որ երկար տարիներէ ի վեր սփիւռքի հայկական կառոյցներուն եւ յատկապէս Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ հզօրագոյն մարտահրաւէրներէն մին եղած է հայկական կրթօճախի պահպանումն ու զարգացումը, սակայն 2019-2020 դպրոցական տարեշրջանը իր անսպասելի հարուածներով, սկսելով Լիբանանի ընկերատնտեսական վատթարացող իրավիճակէն, եւ անոր պատճառաւ ծնունդ առած ժողովրդային բողոքի շարժումներէն, շարունակելով պսակաձեւ ժահրի անկանխատեսելի սպառնալիքէն, եկաւ անգամ մը եւս փորձելու հայ դպրոցին ու կրթական մշակին արհեստվարժութիւնն ու աննկուն կամքը:
Անդրադառնալով 2019-2020 տարեշրջանի գործունէութեան՝ ան յայտնեց, որ ժողովրդային բողոքի շարժումներուն պատճառած փոթորկալի ու անապահով օրերու ընթացքին, վարժարանիս տնօրէնութիւնը մօտաւոր երկու շաբաթ դադրեցնելէ ետք դպրոցէն ներս դասաւանդութիւնը՝ շնորհիւ գիտակից ու հեռատես տնօրինումի, յաջողեցաւ այդ շրջանին կորսուած դասապահերը վերադասաւորմամբ մատակարարել աշակերտներուն, որմէ ետք աշխարհատարած համաճարակին դիմաց, տնօրէնութիւնս անգամ մը եւս ի գործ դրաւ իր բոլոր ուժերը, կարելիութեան սահմաններէն ներս ոտքի պահելու համար դպրոցական տարեշրջանը, մարզումներու ենթարկեց ուսուցչակազմը անցնելու համար առցանց ուսուցման, վարժարանս շուտով անցաւ «թուային աշխարհ»: Այս առթիւ, երեք ամսուան միջոցին մէջ, տեղի ունեցան աւելի քան ինը հարիւր ուղիղ եթերով առցանց դասապահեր, ինչպէս նաեւ աւելի քան երկու հարիւր յիսուն ուղիղ եթերով առցանց ուղղախօսական եւ հոգեշարժական դասընթացքներ ուսումնական յատուկ կարիքներ ունեցող աշակերտներուն համար: Պատրաստուեցան աւելի քան չորս հարիւր յիսուն դասաւանդական տեսերիզներ, ինչպէս նաեւ աւելի քան ութ հարիւր աշխատանքային վարժութիւններու թղթածրարներ:
Ան նաեւ նշեց, որ վարժարանս առաջիններէն հանդիսացաւ կազմակերպելու պսակաձեւ ժահրի նիւթին շուրջ յատուկ բժշկական դասախօսութիւններ, ինչպէս նաեւ ժահրէն նախազգուշանալու համար կարեւոր օգտաշատ գիտելիքներու արեւմտահայերէնով ներկայացումներու նախաձեռնութեան: Նախանձախնդիր ըլլալով անձնակազմին եւ այցելուներուն առողջապահութեան, տնօրէնութիւնս վարժարանէն ներս օգտագործեց մաքրութեան ու հականեխման արդիական լաւագոյն միջոցները:
Գարատաղլեան շնորհակալութիւն յայտնեց ամենաբարին Աստուծոյ, որ միշտ Իր հովանիին տակ պահած է այս վարժարանը, ինչպէս նաեւ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամենապատիւ եւ Գերերջանիկ Գրիգոր Պետրոս Ի. Կաթողիկոս Պատրիարքին իր հայրական հոգատարութեան համար, ապա Պէյրութի Հայ Կաթողիկէ Թեմի ու Զմմառու Կղերի Միաբանութեան Պատրիարքական Փոխանորդ եւ Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան Վարժարաններու Վարչական Խորհուրդի Նախագահի տեղակալ Գերապայծառ Հայր Գաբրիէլ Թ.Ծ.Վ.Մուրատեանի, իր եղբայրական խրատներուն ու հսկողութեան համար, վարժարանիս տնօրէն եւ հոգեւոր հովիւ Հայր Գրիգոր Վրդ. Պատիշահին, Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան Վարժարաններու Վարչական Խորհուրդի անդամ-անդամուհիներուն, վարժարանիս ծնողական ու տիկնանց յանձնախումբներուն, Հայ Կաթողիկէ Ս. Խաչ եկեղեցւոյ ժողովրդապետութեան, Կիւլպէնկեան հիմնարկին ու «Հայաստան» Համահայկական հիմնադրամին: Յատուկ շնորհակալութիւն յայտնեց նաեւ օտարերկրեայ անանուն բարերարներուն, որոնց առատաձեռն նուիրատուութիւններով մեր վարժարանը կը շարունակէ կանգուն մնալ ի դէմ զանազան մարտահրաւէրներու:
Վերջապէս խօսքը ուղղելով շրջանաւարտներուն ան ըսաւ. «Տարիներ շարունակ այս կրթօճախը ձեւաւորեց ձեր նկարագիրն ու հոգին, լուսաւորեց ձեր միտքերը, ինչպէս նաեւ ուղղակի եւ անուղղակի ձեւերով ձեզի պատրաստեց ապագային: Այս գեղեցիկ երեկոյեան յաջորդող օրերը այնքան ալ դիւրին կրնան չըլլալ, պիտի հանդիպիք զանազան խոչնդոտներու, դժուարութիւններու եւ փորձառութիւններու, ուր գործնականի պիտի դնէք ձեր հաւատքը, կամքն ու տարիներու ընթացքին ամբարած գիտելիքները, եւ ձեր տքնաջան ու արդար աշխատանքի պտուղներով պարտաւոր էք դառնալ հայ ազգին ու հայրենիքին պարծանքը…»:
Տնօրէնութեան խօսքին յաջորդեց վկայականաց բաշխումը, որմէ ետք Հայր Սեպուհ վրդ. Կարապետեան փոխանցեց իր հայրական պատգամը: Ան ուրախութիւնը յայտնեց, որ մինչ համայն աշխարհը կը տագնապի պսակաձեւ ժահրէն, առաւել եւս մինչ Լիբանանը կը տարուբերի քաղաքական, տնտեսական ովկիանոսի դժուարութիւններու մէջ, եկած ենք ուրախանալու, յոյսը ապրելու եւ հպարտանալու մեր աշակերտ-աշակերտուհիներով… Շնորհաւորեց վարժարանիտնօրէնութիւնը, անձնակազմն ու ուսուցչակազմը, ինչպէս նաեւ ծնողները, որոնք իրենց ծով համբերութեամբ կը հնձեն այն ինչ որ տարիներով ցանած ու խնամած են:
Հայր Սեպուհ աշակերտներուն ուղղելով խօսքը անոնց առջեւ պարզեց կեանքի զանազան տեսակի դժուարութիւնները, պատուիրեց՝ չվախնալ անկումներէ, քանի որ իյնալով ոտքի պիտի սորվին կանգնիլ… Մէջբերելով Պօղոս առաքեալի կորնթացիներուն ուղղած նամակէն. « Ձգտեցէք գերազանց պարգեւներու եւ ես ձեզի ցոյց պիտի տամ լաւագոյն ճամբան» խօսքը, ըսաւ. «Ձեր պարտականութիւնն է ձգտիլ գերազանցին, ձգտիլ կարեւորագոյնին, ձգտիլ բարիին, լաւին ուգեղեցիկին, եւ Աստուծոյ պարտականութիւնն է ձեզի ցոյց տալ լաւագոյն ճամբան որպէսզի կարենաք հասնիլ…»: Ան խրատեց անոնց, որ իրենց կեանքի ընթացքին շարունակեն խոնարհ աշակերտ մնալ,որպէսզի յաջողութիւններու արժանանան, նաեւ թելադրեց չմոռնալ Աստուծոյ ճամբան, չդադրիլ եկեղեցի յաճախելէ, չհեռանալ քրիստոսի ուսուցումներէն:
Յայտագրի աւարտին խումբ մը աշակերտներ ճոխացուցին մթնոլորտը «Together» պարով: Իսկ ելքին, իւրաքանչիւր շրջանաւարտ իր ծնողքին հետ յիշատակի նկար մը ունեցաւ:
Յարգուած էին ընկերային հեռաւորութեան բոլոր պայմանները:
Հանդէսը ցուցադրուեցաւ դիմատետրի առցանց ուղիղ եթերով:
1951-52 տարեշրջանը բաւական փոփոխութիւններ բերաւ Աբգարեանին. տարիներու տնօրէն Արմէն Ղարիպը եւ կարգ մը այլ «գաւազանակիրներ» դադրեցան անդամակցելէ անոր կազմին, որմէ բաւական բան շահեցան մեր…ափերը:
Հայոց լեզուի մեր նոր ուսուցիչն էր արտասովոր մարդ մը, որ միաժամանակ դպրոցի տնօրէնն էր: Ան հետեւեալ բառերով նկարագրած է ինքզինք իր մէկ աշխատութեան մէջ. «Մազերի տեղ մի անթափանց մացառուտ, գլխի վրայ՝ դաժան տեսքով մի հարազատ սիկիլիական մաֆիոզ… Ասացի՝ ուշադիր լինել սրան, պայուսակներից մէկը չանհետացնի» («Մեծերը եւ միւսները», էջ 263):
Ինքզինք այսպէս «սիկիլիական մաֆիոզ»-ի նմանցնող անձը ոչ աւելի, ոչ պակաս Անդրանիկ Ծառուկեանն էր՝ «Նայիրի»-ի հիմնադիրը, տէրն ու տնօրէնը:
Խոստովանիմ, որ մեր մէջ ամէնէն հասունն ու իրազեկն ալ ոչ մէկ գաղափար ունէր իր մասին, իր՝ ազգային, գրական, գաղափարական ու հանրային փոթորկալի կեանքի հանգամանքներուն մասին, որոնք հետաքրքրական չէին բնաւ, եւ հետագայ երկու տարիները շատ բան չփոխեցին մեր հետաքրքրութեան այս մակարդակէն:
Միւս կողմէ, սակայն, դժուար է պատկերացնել ուսուցիչ մը, որ իր արտաքինով թէ մտաւորական պաշարով, աւելի ճիշդը՝ ուսուցման եղանակով ու նիստ-կացով, իր անհատականութեամբ, իր ողջ կերպարով այնքան շուտ, այնքան խոր տպաւորէ իր աշակերտները, որքան այս նոր տնօրէնը, որ անբացատրելի հրապոյր մը ու գրաւչութիւն մը ունէր մեր բոլորին համար:
Հակառակ իր մեծղի կազմին՝ ան դասարան կը մտնէր մանր, զգուշ ու հանդարտ, կարելի է ըսել՝ յուշիկ քայլերով, կարծես բամբակի վրայէն կը քալէր եւ կը վախնար գետին կոխելու: Հազիւ մտած՝ դէմքը թեթեւ մը ձախ կը թեքէր բարեւելու համար մեզ (կամ ալ այնպէս կը կարծէինք, թէ կը բարեւէր)՝ գրեթէ առանց լսելի դարձնելու իր ձայնը ու արդէն հասած կ’ըլլար ամպիոնին, ուր ակնթարթ մը կանգ կ’առնէր. անոր վրայ ելլելը որոշ ճիգ կը պահանջէր իրմէ, քանի ոտքերէն մէկը շատ առողջ չէր եւ թեթեւ կաղութիւն մը ունէր. թող որ շատ վայելուչ ու գրաւիչ էր այդ կաղութիւնը, այլեւ մինչեւ իսկ… վարակիչ, ինչպէս շուտով յայտնի դարձաւ բոլորիս:
Այո՜, վարակիչ էր այդ կաղութիւնը:
Ու մենք շատ շուտ վարակուեցանք անկէ:
Վասնզի ամիսը չլրացած՝ դասարանի բոլոր տղաքս սկսանք…կաղալ: Ծառուկեան այնքան տպաւորած էր մեզ, այնքան համակուած էինք իրմով, որ իւրաքանչիւրիս մէջ յառաջացած էր իրեն նմանելու անդիմադրելի մարմաջ մը: Եւ որովհետեւ ուրիշ ոչ մէկ ձեւով կրնայինք նմանակել զինք կամ չափուիլ իր հետ, ապա կը մնար մէկ միջոց, այն է՝ կաղալ իրեն պէս, մանաւանդ բակը, զբօսանքներուն եւ ի ցոյց աշակերտութեան, փողոցը:
Այլեւ ի մասնաւորի դասարանին մէջ՝ իր ներկայութեան:
* * *
– Յովհաննէ՛ս, գրատախտակին առջեւ:
Եւ Յովհաննէս կ’ելլէ տեղէն, անշուշտ որոշ…դժուարութեամբ, մէկ ձեռքով կը բռնէ գիրքը, միւսը կը տանի զիստին՝ օգնելու համար, որ շատ չցաւի ան, չի մոռնար դէմքին տալու այս բոլորին համապատասխանող սրտաճմլիկ արտայայտութիւն մը ու վերջապէս մեծ ճիգերով եւ ուժասպառ կը հասնի առջեւը գրատախտակին, որ նստած տեղէն հազիւ երկու մեթր անդին է:
– Ի՞նչ ունիս,– դասը մոռցած կը հարցնէ Ծառուկեան:
– Չեմ գիտեր, պարոն, կռնակի ցաւ մը, որ ոտքիս կը զարնէ կոր…
Եւ անկեղծօրէն ալ չի գիտեր, որովհետեւ բնախօսական իսկական ցաւ մը հազիւ թէ գոյութիւն ունենար:
Քիչ ետք միւսը, յաջորդ օրը ես կամ չորրորդ մը եւ այսպէս ամէն օր ու շարունակ. ամէն մէկը պատրուակ մը, շատ «լուրջ պատճառ մը» կ’ունենար կաղալու՝ կա՛մ պաղ առած կ’ըլլար, կա՛մ սխալ շարժում մը ըրած կ’ըլլար, կա՛մ ոտքը դարձած կ’ըլլար, կա՛մ ջիղը քաշուած կ’ըլլար…
Մինչեւ որ օր մըն ալ չի դիմանար ու կը պայթի Ծառուկեան.
– Ձեր մէջ մէկ հատ առողջ ոտք ունեցող չկա՞յ…
Առողջանալ ուզող կա՞ր, որ առողջ ոտք ունենայինք, հապա որո՞ւ ձգէինք իրեն պէս կաղալու պատիւը: Կայի՞ն մեզմէ աւելի արժանաւորները:
* * *
Տարիներ ետք բժշկական տարեգրութեանց մէջ կը կարդայի անցած-գացած պատմութիւններ, երբ աչքիս զարկաւ շատ ուշագրաւ դրուագ մը: 19-րդ դարու առաջին կէսին,– դուք ըսէք՝ երկրորդ քառորդին,– Անգլիոյ մէջ, աւելի ճիշդը՝ մի՛այն Լոնտոնի մէջ, կը տիրէ կաղութեան համաճարակ մը. երիտասարդ, առողջ, առոյգ պատանիներ կը սկսին մէկ օրէն միւսը կաղալ: Օրուան լաւագոյն բժիշկները կը փորձեն ախտաճանաչել այս արտասովոր երեւոյթը եւ ոչինչ կը հասկնան: Չեն հասկնար, որովհետեւ ժամանակով Ֆրէօյտէն հեռու են տակաւին, մինչ անդին օրերը կ’անցնէին, եւ անոնց հետ կ’աւելնար զոհերուն թիւը՝ հակառակ ամէն տեսակ կանխազգուշական միջոցներու եւ խուսափողական փորձերու՝ պետական թէ անհատական բարձրագոյն մակարդակներու վրայ:
Մինչեւ որ…
Տասնամեակներ անց շատ երիտասարդ բժիշկ մը կը համարձակի յայտնել իր դասախօսներուն, թէ այս բոլոր կաղացողներուն ենթագիտակիցին մէջ կը գտնուէր…Լորտ Պայրընը,– այդ անգլիացի կաղ բանաստեղծը,– որուն հմայքին զոհերն են այս պատանիները, քանի բոլորն ալ ի խորոց սրտի կը ցանկային Պայրըն մը դառնալ՝ թէկուզ …կաղալով:
Այս բոլորը տեղի կ’ունենան բանաստեղծին փառքի օրերուն, երբ ամբողջ Անգլիան,– եւ ոչ միայն Անգլիան,– հարբած էր Պայրընի հանճարով, այլեւ անոր ֆիզիքական տպաւորիչ գեղեցկութեամբ ու սիրային պատկերազարդ գայթակղութիւններու անվերջանալի պատմութիւններով, որոնք կը լեցնէին օրուան թերթերու էջերը, տուները, փողոցները, ամբողջ Լոնտոնը, եւ հետզհետէ պատճառ կը դառնային, որ ան չարախօսուէր ու բրտօրէն հալածուէր անգլիացի մաքրակրօններու (puritan) կողմէ:
Բայց ահա այս բոլորը իրապէս վերջ կը գտնեն, երբ օր մըն ալ անիծապարտ բանաստեղծը կ’ընէ շռնդալից յայտարարութիւն մը. «Եթէ այս բոլոր ըսի-ըսաւներն ու քսութիւնները ճիշդ են, ապա ես արժանի չեմ Անգլիոյ, իսկ եթէ սուտ են, ապա Անգլիան արժանի չէ ինծի»,– կ’ըսէ ու կը խզէ իր բոլոր կապերը հայրենիքին ու ժողովուրդին հետ, կը ծախէ ողջ ունեցուածքը եւ կը հեռանայ ընդմիշտ՝ հասնելու համար ի վերջոյ այդ օրերուն իր անկախութեան համար մարտնչող Յունաստանը, որուն ազատամարտիկներուն կը նուիրաբերէ իր ամբողջ հարստութիւնը, ուր եւ կը մեռնի 1827-ին՝ թոքատապի պատճառով:
Որմէ ետք…կաղութեան ոչ մէկ պարագայ կ’արձանագրուի, իսկ «հիւանդ»-ներն ալ կամաց-կամաց կը վերագտնեն իրենց առողջ ոտքերը…
ճիշդ մեզի պէս:
Ուրեմն պատմութիւնն էր, որ այսպէս հաւատարմօրէն կը կրկնէր ինքզինք յանձինս երկու մեծ, այլախոհ, բայց խորապէս առինքնող բանաստեղծներու, երկուքն ալ կաղ, մէկը՝ անգլիացի, Լոնտոնի մէջ, միւսը՝ հայ, Պուրճ-Համմուտի մէջ::
Իսկ մենք այդ պատմութիւնը նորովի կերտող ու անոր վաւերականութիւն դրոշմող անգիտակից դերակատարներն էինք:
Այս սիրոյ եւ նուիրուածութեան վրայ հիմնուած շատ հետաքրքրական պատմութիւնը մեզի կու գայ Ֆլորիտա նահանգի Ճէքսընվիլ քաղաքէն։
Սթիվ Տանիէլ եւ կինը Մէրի ամուսնացած են 24 տարի առաջ եւ շատ ուրախ կեանք մը կ՛ապրէին իրարու հետ, երբ յանկարծ եօթը տարի առաջ՝ Սթիվ կ՛սկսի տառապիլ Ալզհայմըրզի հիւանդութենէն։
Ալզմայմըրզի (Alzheimer’s) հիւանդութեան ախտանշաններն են յիշողութեան կորուստ եւ ապա աստիճանաբար անկարողութիւն՝ ինքզինքին հոգ տանելու։ Հիւանդը կը կարօտի ուրիշի օգնութեան՝ ուտելու, դեղ առնելու, հագուելու, լոգնալու եւ այլ հիմնական պէտքերուն համար։
Մէրի 2019 թուականի Յուլիսին Սթիվը կը տեղաւորէ անկարողներու հոգատարութեան (care facility) հաստատութեան մը մէջ եւ ամէն օր կ՛այցելէ զինք, թէ իր կարօտը առնելու եւ թէ ալ իր անմիջական պէտքերուն հոգ տանելու համար։
Եւ ահա Մարտ ամսուան սկիզբը՝ պսակաձեւ համաճարակը կը փոխէ ամէն ինչ։ Մէրիին չարտօնուիր այցելել իր ամուսինին եւ ան՝ Սթիվի սենեակին պատուհանին ետեւէն միայն կրնայ տեսնել զինք եւ սփոփուիլ, որ ամէն ինչ լաւ է եւ բնականոն։
Բայց Մէրի չի գոհանար այսքանով եւ հետեւեալ ճարպիկութեան կը դիմէ, աւելի մօտէն հետաքրքրուելու Սթիվի իրավիճակին մասին։ Հիմա թոյլ տուէք որ բացատրեմ թէ ի՞նչ է այդ սրամտութիւնը որ ի գործ դրաւ ան։
Մէրի կ՛իմանայ որ վերոյիշեալ հաստատութիւնը կարիքը ունի գործաւորներու։ Ան անմիջապէս կը դիմէ եւ կ՛ընդունուի աշխատող խոհանոցին մէջ՝ որպէս պնակ լուացող։ Այսպէսով, Մէրի աշխատանքային իր ժամերը լրացնելէ ետք՝ առիթը կ՛ունենայ այցելելու Սթիվին (տես նկարը) եւ քիչ մը որակաւոր ժամանակ անցնելու անոր հետ . . .
Հոս պէտք է աւելցնեմ որ Մէրի՝ իր ամուսնուն վերջին հանդիպումէն ետք, 114 օր ետք միայն (վեց շաբաթ) կրցաւ նորէն անոր հանդիպիլ, իր յղացած մէկ սխրագործութեան պատճառաւ։
Եզրակացութիւն՝ իրական սէրը կը յաղթահարէ ամէն խոչընդոտ, չէ՞ք խորհիր!
Մարդը Փոխարինել Ծառո՞վ . . .
Այս պատմութիւնն ալ մեզի կու գայ հեռաւոր Իսրայէլէն (գրաւեալ Պաղեստին – Խմբ.)։ Այս մէկն ալ դարձեալ առնչութիւն ունի պսակաձեւ համաճարակին հետ։ Մենք գիտենք որ այդ համաճարակին պատճառաւ՝ ողջագուրումը, ձեռնուիլն ու համբուրուիլը բացարձակապէս արգիլուեցան, տնային կալանքին հետ առընթեր։
Ուրեմն աւանդական ձեռնուիլը փոխարինուեցաւ արմուկներու հպումով, իսկ մարդկանց ողջագուրումն ալ փոխարինուեցաւ ծառերուն փաթթուելով։ Թերեւս անհաւատալի է այս մէկը, սակայն երբ կցուած նկարին նայիք՝ պիտի տեսնէք թէ իրական է եւ մարդիկ լրջութեամբ կը մօտենան այս հարցին։
Այս դէպքը պատահած է Իսրայէլի (գրաւեալ Պաղեստին – Խմբ.) Աբօլոնիա ազգային զբօսայգիին մէջ, որ միայն ինը մղոն հեռու է Թէլ Ավիւէն։ Իսկ միտք բանին այս գործողութեան հետեւեալն է։
Ազատօրէն ման գալ բնութեան ազատ ծոցին մէջ, շնչել մաքուր օդ եւ սէր արտայայտել՝ փաթթուելով ծառերուն, որոնք մարմնական որեւէ վնաս չեն պատճառէր քեզի . . .
Համաճարակին հետեւանքով՝ մարդիկ պէտք է իրարմէ վեց ոտք կամ երկու մեթր հեռու մնան, որպէսզի այդ ախտի վարակումէն զերծ մնան։ Սակայն ծառերու պարագային՝ այդ զգուշութիւնը առնելու պէտքը չկայ, քանի ծառերը անվնաս են եւ այդ ախտը փոխանցելու անկարող, չէ՞ք խորհիր!
Է՜հ, ի՞նչ օրերու մնացինք՝ երբ մարդիկ պիտի փոխարինուին ծառերով եւ կամ կինը լուացարարուհի պիտի դառնայ, ամուսնուն մօտ ըլլալու համար։
Բայց մենք պէտք չէ վհատինք երբեք որովհետեւ պսակաձեւ համաճարակն ալ անցաւոր է եւ մենք համբերութեամբ պէտք է բոլորենք այս նեղ կացութիւնը, որովհետեւ ուրիշ ճար չկայ եւ վերջ։
Յարութիւն վրդ. Պզտիկեան ծնած է 27 Յուլիս, 1937, Պէյրութ: Աստուածաբան, Փիլիսոփայութեան եւ Արուեստ-ի պատմութեան դոկտոր:
Յարութիւն վրդ. Պզտիկեան ծնած է Պէյրութ Մուսալեռցի ընտանիքի մէջ։ Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ ճեմարանին մէջ։ 13 տարեկանին մեկնած է Վենետիկի Մխիթարեան մայրավանք:
Հայագիտութեան կողքին ստացած է նաեւ իտալական Պաքալորէաթ յետոյ ղրկուած է Հռոմ համալսարանական ուսումը շարունակելու : Հոն մնացած է եօթը տարի, երեք տարիէն ստացած է Փիլիսոփայութեան Դոկտորան, ապա Աստուածաբանութեան, տարի մըն ալ հետեւած է «Musica Sara» երաժշտական դասընթացքներուն, որ Վատիկանի կողմէ հաստատուած հոգեւոր երաժշտութեան դասընթացքներն են:
Դոկտորայի համար աւարտաճառ ներկայացնելու այն միտումով , որ ապագային պիտի նուիրուի դաստիարակչական ասպարէզին. կընտրէ «Դաստիարակչական Հոգեբանութիւն» – «Յանցանքի զգացումը երեխաներու մօտ» նիւթը:
Հռոմի Գրիգորեան Համալսարանէն կը ստանայ Փիլիսոփայութեան եւ Աստուածաբանութեան դոկտոր աստիճան: 1962-ին կարտինալ Աղաճանեանի ձեռամբ վարդապետ կ՛օծուի: Մաս կը կազմէ Մխիթարեան ուխտին ծայրագոյն վարդապետ աստիճանով:
Նոյն համալսարանէն ստանալէ ետք արուեստի պատմութեան բարձրագոյն վկայական, կը վերադառնայ Վենետիկ, ուր կը յաճախէ տեղւոյն Գեղարուեստից Ակադեմիան, ուսուցիչ ունենալով Սանթոմազօ, Վետովա եւ Սաէթթի նշանաւոր արուեստագէտները:
Ծառայած է Եւրոպայի, Միջին Արեւելքի եւ Ամերիկայ-ի հայկական գաղթօճախներուն մէջ։ Ան հոգեւոր եւ ստեղծագործական կեանքին զուգահեռ վարած է նաեւ խմբագրական եւ վարչական գործեր՝ տնօրէնութեան պաշտօն վարած է Հալէպի Մխիթարեան վարժարանին:
Իր առաջին արուեստի ցուցահանդէսը կայացած է 1962-ին Վենետիկի մէջ, որմէ ետք ունեցած է բազմաթիւ ցուցահանդէսներ աշխարհի կարեւորագոյն մայրաքաղաքներուն մէջ։ Ստացած է բազմաթիւ մրցանակներ:
Հայր Յարութիւն վրդ. Պզտիկեան հեղինակ է շարք մը գիրքերու հայերէն եւ օտար լեզուներով:
Գործած է Փարիզ-ի մէջ՝ ուսուցանելով Փարիզի Սամուէլ Մուրատ վարժարանին մէջ։ Միեւնոյն ժամանակ ինքնաբուխօրէն կը գծէ եւ բազմաթիւ ցուցահանդէսներ պատրաստած է: Իր ծախած բոլոր նկարներուն հասոյթը ան յատկացուցած է վարժարանի նորակառոյց շէնքին ծախսերուն: