Ուրբաթ, 13. 06. 2025

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1155-ի

0

Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 10-ով եւ հասել 1155-ի, ապաքինվածները կրկնակի ավելի են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:

«Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը 1155 Է, ապաքինվել Է 929 մարդ, մահվան դեպքերի թիվը 16 Է»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Կայքի տվյալների համաձայն, նաեւ աճում Է կարանտինային ռեժիմի ներքո գտնվողների թիվը՝ 6489 մարդ, ստացիոնարներում բժիկների հսկողության տակ Է գտնվում 337 պացիենտ: Արտասահմանյան երկրներից բուժում ստանալու համար ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 41 Է, նրանց թվում կա 38 զինծառայող:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 16,3 միլիոն դեպք, ավելի քան 650 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

0

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, քննարկվել է անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

Երկրի ղեկավարն ընդգծել է պաշտոնական Ստեփանակերտի և Երևանի համապատասխան կառույցների սերտ ու համակարգված փոխգործակցության կարևորությունը, ինչը նպաստելու է ծագող մարտահրավերների արդյունավետ դիմակայմանը:

Մահացել է ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասթկելենյանը

0

Կյանքից հեռացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալակիր, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր քանդակագործ Թորոս Ռասթկելենյանը, որը հանրության լայն շրջանակին հայտնի է Ռասթ-Կլան ազգանվամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է ֆրանսահայ լրագրող Գրիգոր Ամիրզայանը:

«Ցավով իմացանք, որ անցած գիշեր մահացել է մեր ընկերը, քանդակագործ Թորոս Ռասթկելենյանը: Ցավակցում ենք նրա կնոջը՝ Մարիին, զավակներին՝ Էրսեին և Գայանեին, նրա բոլոր հարազատներին»,- գրել է Ամիրզայանը:

Թորոս Ռասթկելենյանը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 12-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Հեղինակի՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող քանդակները  տեղադրված են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Ռասթկելենյանը սիրահարված է եղել արդարությանն ու ազատությանը, ինչն արտահայտվել է նրա քանդակներում:

2015 թվականին քանդակագործը ժամանել էր Հայաստան: Նա Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտին է նվիրել Կոմիտաս վարդապետի քանդակը:

«Կոմիտասը մեզ լուսավորեց, և մեր պարտականությունն է միշտ հիշել և վառ պահել նրա հիշատակը: Մենք առավելություն ունենք այլ ազգերի նկատմամբ, քանի որ մեր ազգի ամեն մի ստեղծագործությունում առկա է ազգային ոճը»,- նշել է նա:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել Է 300 հազարի

0

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել Է 300 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

IRINN հեռուստաալիքի եթերում առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել Է, որ անցած 24 ժամվա ընթացքում հաջողվել Է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 2636 նոր դեպք, մահացել Է 196 մարդ:

Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին երկրում COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին, հասել Է 298 հազար 909-ի, մահացել Է 16 հազար 343 մարդ:

Միեւնույն ժամանակ ներկայում ապաքինվածների թիվը հասել Է առնվազն 259 հազար 116-ի: Հուլիս ամսվա ընթացքում Իրանը հինգ անգամ նորացրել Է կորոնավիրուսի զոհերի հակառեկորդը: Ներկայում առավելագույն ցուցանիշը՝ 235 զոհ մեկ օրում, գրանցվել Է հուլիսի 28-ին:

Համաճարակաբանական իրադրության վատթարացման կապակցությամբ իշխանությունները հուլիսի 5-ից սահմանել են դիմակների պարտադիր կրում երկրի անբարենպաստ շրջաններում, հասարակական վայրերում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավելի վաղ հայտարարել Էր, որ երկիրը վերապարում Է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որն սկսվել Է հունիսի կեսերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիան չի կարող դեր ստանձնել ԼՂ հարցում. Բրադկե

0

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Ռոբերտ Բրադկեն անհանգստացած է այն ամենով, ինչ կատարվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: «Արմենպրես»ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում դեսպան Բրադկեն նշել է, որ դա հրադադարի լուրջ խախտում է և կարող է ծանր հետևանքներ ունենալ: 

«Այս հակամարտությունն այդքան ժամանակ շարունակվում է: Հրադադարը հաստատվել է 1994 թվականին, բայց տեսնում ենք հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ: Այդ ժամանակվանից ի վեր խաղաղ գործընթացը շատ անկայուն է եղել: Մինսկի խումբը հայտարուրությամբ կոչ է արել դադարեցնել հրադադարի խախտումը: Դա տեղի է ունենում Հայաստան-Ադրբեջան սահմանին, որի կարգավիճակը կասկածի տակ չի դրվում»,-նշել է դեսպան Բրադկեն:  Հարցին, թե ինչու այդ սրացումն այս փուլում տեղի ունեցավ, Ռոբերտ Բրադկեն նշեց, որ միգուցե փորձ է արվում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել խնդիր վրա: Նրա խոսքով, լինում է իրավիճակ, երբ հակամարտության կողմերը սկսում են կարծել, թե միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում խնդիր վրա: Ըստ նրա՝  նման դեպքում առկա է գայթակղություն դիմելու ուժի: Դեսպանը նկատեց, որ դա տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ առկա է համավարակ, տնտեսական ճգնաժամ ամբողջ աշխարհում: 

 

Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանն ու հայտարարություններին՝ դեսպանը նշեց, որ Թուրքիան սահմանակից է Հայաստանին ու փակել է սահմանը՝ ի պատասխան պատերազմի ժամանակ տեղի ունեցածի: Նա ընդգծել է, որ այն շատ մոտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, որի բնակչությունն ունի թուրքական էթնիկ ծագում: 

«Պատմականորեն հայ-թուրքական հարաբերություններն այնքան էլ դրական չեն: Այնպես, որ Թուրքիան, որքան էլ ցանականա միջնորդական դեր ստանձնել, իրականում չի կարող անել դա: Հայաստանը չի վստահում Թուրքիային այն աստիճան, որ համաձայնվի այդ առաքելությանը»,-ասել է նա: 

Դեսպանը հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակում Թուրքիայի դերը պայմանավորված կլինի զսպվածության գործոնով Ադրբեջանին հիշեցնելու համար բացահայտ հակամարտության հետևանքների մասին:

«Հիշեցնելու այն աղետների մասին, որն անխուսափելի կլինի բոլոր կողմերի համար: Այն կվերացնի քաղաքական, տնտեսական որևէ հեռանկար այս տարածաշրջանի համար: Հույս ունեմ Թուրքիան կհասկանա, լինելով Ադրբեջանի կողմից, պետք է ճիշտ խորհուրդ տա իր դաշնակցին՝ կոչ անելով հետ կանգնել զինված բախումից և աշխատել խաղաղ գործընթացի վրա: Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմը չի բխում ոչ մեկի շահերից»,-նշել է դեսպանը: 

Վարչապետը հորդորում է քաղաքացիներին համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին չթուլացնել զգոնությունը

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստի հետո ճեպազրույցի ընթացքում հայտնեց Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլի մեկնարկի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը այն կապեց Կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ։

 «Այդ հակահամաճարակային միջոցառումների անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ և բաց տարածքներում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ճեպազրույցի նպատակը ոչ այնքան համաճարակային իրավիճակի բարելավման մասին հայտնելն է, այլ ահազանգելն է, որ թվերի նվազման և համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին քաղաքացիները չթուլացնեն զգոնությունը, որովհետև հնարավոր է շատ արագ վերադառնալ նախկին իրավիճակին և թվերի շատ լրջագույն ավելացում ունենալ։

 «Ուզում եմ հիշեցնել, որ նման նախազգուշական ահազանգերով հանդես էինք գալիս հունիս-հուլիսին արձանագրված պիկի ժամանակ և, հույս ունենք, որ այս անգամ մեր ահազանգին հանրության վերաբերմունքը կլինի մի փոքր այլ։ Այսինքն՝ անկախ բոլոր հանգամանքներից, անկախ լավատեսական լուրերից, հակահամաճարակային կանոնները պետք է պահպանվեն, մանավանդ, որ տեսել ենք երկրներ, որոնք որոշակի բարելավումից հետո զգոնության թուլացում են արձանագրել և այնտեղ իրավիճակը շատ արագ վերադարձել է նախկին մակարդակին կամ ավելի է վատթարացել»,- եզրափակեց Փաշինյանը։

Հնդկաստանն աջակցում է ՀՀ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում. նախագահն անդրադարձել է իրավիճակին

0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 29-ին հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը խնդրել է իր երախտիքի խոսքերը փոխանցել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին և իր վաղեմի բարեկամ, վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: 

Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել հակավիրուսային «Ռեմդեսիվիր» (Remdesivir) դեղամիջոցի խմբաքանակ: Դեղամիջոցը ամենաարդյունավետներից մեկն է համարվում կորոնովիրուսի դեմ պայքարում: «Ռեմդեսիվիր»-ի որոշ քանակ հնդկական արտադրողը՝ Hetero labs ընկերությունը, նվիրաբերել է Հանրապետության նախագահի աշխատակազմին:

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեղամիջոցը օգտակար կլինի համավարակի դեմ պայքարում: «Բոլորս գիտենք, որ Հնդկաստանը դեղագործական արտադրանքի ամենամեծ արտադրողներից է,-ասել է Հանրապետության նախագահը։ -Հայաստանն առաջիններից մեկն է, որ ձեռք է բերել դեղամիջոցը, հույս ունեմ, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն բոլորի համար: Մենք միասին կկարողանանք արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ»։

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև Hetero labs ընկերությանը՝ նախագահի աշխատակազմին դեղամիջոցի խմբաքանակ նվիրելու համար և նշել. «Մենք այն կտրամադրենք առողջապահության նախարարությանը՝ աջակցելու մեր հայրենակիցներին, որոնք առնչվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած դժվարություններին, հատկապես մեր երկրի սահմանային տարածքների բնակիչներին, քանի որ նրանք այս օրերին լրացուցիչ դժվարություններ ունեն՝ հարևան երկրի հրահրած ագրեսիայի պատճառով»:

Դեսպան Կիշան Դան Դևալը հնդկական ընկերության անունից հույս է հայտնել, որ աջակցությունը օգտակար կլինի Հայաստանի համար։ «Հույս ունենք, որ այս դեղամիջոցը կօգնի կորոնավիրուսի աճի կորը կտրուկ իջնեցնելուն։ Հուսով ենք նաև, որ այն կօգնի Հայաստանի ժողովրդին՝ վերադառնալու բնականոն կյանքի»,-ասել է դեսպանը։

Հանդիպմանը ներկա ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ անձնական կապերով իրենց աջակցելու և այդ կապերն ի շահ Հայաստանի օգտագործելու համար, ինչպես նաև, ի դեմս դեսպանի՝ երախտագիտություն հայտնել Հնդկաստանի Հանրապետությանը: Նա վստահություն է հայտնել, որ դեղամիջոցն օգտակար կլինի՝ հաղթահարելու կորնավիրուսի համավարակը:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև վերջին շրջանի հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և լարվածությանը: «Այս ընթացքում, երբ մենք ու ողջ աշխարհը պայքարում ենք մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի համավարակի դեմ, և չնայած այն հանգամանքին, որ գրեթե ողջ աշխարհում հակամարտությունները դադարեցվել են, մեր հարևան երկիրը՝ Ադրբեջանը, փորձեց օգտվել իրավիճակից՝ այս՝ բացասական իմաստով «հնարավորության պատուհանը» օգտագործելով հայ-ադրբեջանական սահմանին ագրեսիա հրահրելու համար»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: Նա նշել է, որ, որպես Հանրապետության նախագահ, հպարտ է, որ մեր զինված ուժերը վերստին իրենց հայրենիքը պաշտպանելու լիակատար ուժ և կարողություն դրսևորեցին:

Նախագահ Սարգսյանը միաժամանակ նշել է, որ որոշակի մտահոգություններ ունի, և դրանցից մեկը վերաբերում է մեր հարավային հարևանի՝ Թուրքիայի բավականին ագրեսիվ հռետորաբանությանը: «Թուրքիան միջազգային հարաբերություններին ոչ հարիր բառապաշար է օգտագործում Հայաստանի նկատմամբ, և սա արվում է առանց որևէ պատճառի,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը: -Դա այն երկիրն է, որտեղ 105 տարի առաջ ցեղասպանություն է իրականացվել մեր ժողովրդի նկատմամբ»:

Հանրապետության նախագահի մյուս մտահոգությունը վերաբերել է նրան, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքների համար: «Սա բացարձակ անհեթեթություն է»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Հանրապետության նախագահի հաջորդ մտահոգությունը վերաբերել է Ադրբեջանի կառավարությունից հնչող պաշտոնական հայտարարություններին, թե Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: «Ես ինքս ֆիզիկոս եմ ու շատ լավ պատկերացնում եմ այն իրական հետևանքները, որ կարող են լինել, եթե հանկարծ նմանատիպ գործողություն կատարվի,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: -Այդ դեպքում մենք ունենալու ենք կովկասյան Չեռնոբիլ, որից ո՛չ միայն Հայաստանն է տուժելու, այլև բոլորը, ողջ տարածաշրջանը»:

Հայաստանում հուլիսի 6-ին եղել է կորոնավիրուսային համաճարակի պիկը․ Արսեն Թորոսյան

0

 ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով ամենաշատ ակտիվ դեպքերը եղել են հուլիսի 6-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցին այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այսինքն՝ եթե դա համարենք համաճարակաբանորեն պիկ, մեր պիկը եղել է հենց այդ օրը։ Այդ օրվանից հետո ամեն օր ունեցել ենք ավելի քիչ թվով պացիենտներ, և վերջին օրերին արձանագրել ենք նույն տենդենցը»,- ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ եթե շարունակվեն պահպանվել հակահամաճարակային բոլոր պարզ կանոնները, ռեալ հնարավորություն կա տեմպը պահպանելու, ինչու ոչ նաև այն նվազեցնելու և ճգնաժամային իրավիճակից դուրս գալու։

Հուլիսի 6-ի հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28 936 դեպք, փաստացի բուժում էր ստանում 11 984 պացիենտ: 

Հայաստանում հուլիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ:

Տավուշում զոհված զինծառայողների համար Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցում հոգեհանգստի աղոթք հնչեցվեց

0

Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո հատուկ հոգեհանգստի արարողությամբ աղոթք է հնչեցվել հայ-ադրբեջանական սահմանին զոհված հայ զինվորականների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Կարապետյանի խոսքով՝ կորոնավիրուսային սահմանափակումներից հետո արդեն չորրոդ շաբաթն է, որ եկեղեցին բաց է մարդկանց համար:

 «Եվ, օգտվելով առիթից, այսօր աղոթեցինք սահմանին զոհված մեր զինվորականների և մեր սամանների խաղաղության համար»,- ասել է նա:

Եկեղեցու ծխական խորհրդի անդամ Արա Ավետիսյանի խոսքով՝ իրենց  աղոթքներն ուղղում են Հայաստանի և Արցախի ժողովրդին՝ հուսալով, որ բոլոր տեսակի հակամարտությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով:

«Մենք աղոթում ենք հակամարտության խաղաղ կարգավորման համար, աղոթում ենք, որ Աստված մեր ժողովրդի հետ լինի և պաշտպանի մեր ժողովրդին»,-նշել է Արա Ավետիսյանը:

«Hands off Tavush». ամերիկահայերն աջակցություն կցուցաբերեն ապաստարանների կառուցման գործում

0

 Հայաստանի սամանի Տավուշի հատվածում օրեր առաջ Ադրբեջանի սանձազերծած գործողություններն անտարբեր չթողեցին աշխարհի տարբեր հատվածներում գտնվող բազմաթիվ հայերի: Մի մասն իր աջակցությունն էր հայտնում տեղեկատվական դաշտում, մի մասն ակտիվորեն մասնակցում էր բողոքի ձայնը բարձրացնելու, համախմբվելու ցույցերին, որոշներն էլ մտածում էին, թե ինչ ֆինանսական աջակցություն կարող են ցուցաբերել Տավուշի մարզի սահմանամերձ բնակիչներին: Ամերիկացի գրող, իրավաբան և հայազգի դասախոս, իրավապաշտպան, ակտիվիստ, ծագումով Բաքվից Աննա Աստվածատուրյան-Թերքոթը, ով ներկայում ԱՄՆ-ում է բնակվում, հայտնի է Հայաստանին, Արցախին աջակցելու տարբեր ծրագրերով: Աննա Աստվածատուրյան-Թերքոթի ընտանիքը տասնամյակներ առաջ Բաքվում հայերի ջարդերի կազմակերպման ժամանակ մի կերպ կարողանում է փախչել: Պատմության թողած հետքը ուղեկցել է ամբողջ կյանքում: Աննա Աստվածատուրյան-Թերքոթը բոլոր առիթներն օգտագործել է պատմելու, ներկայացնելու, թե տասնամյակներ առաջ Բաքվում հայերի նկատմամբ ինչ վայրագություններ են տեղի ունեցել: Օրեր առաջ Տավուշում Ադրբեջանի սանձազերծած գործողությունները, սահմանային լարվածությունը, կարծես, վերաթարմացրեցին հիշողությունները:

«Մենք տասնամյակներ առաջ փախել ենք Բաքվից, հազիվ փրկվել ենք: Այն, ինչ մեզ հետ տեղի էր ունեցել Բաքվում, ոչ միայն ազդեցություն է թողնում Տավուշին աջակցելու իմ նախաձեռնության վրա, այլև ազդել է իմ բնավորության, այն ամենի վրա, ինչ ես դարձել եմ, թե ինչպես եմ նայում աշխարհին, ինչ եմ մասնագիտությամբ, ինչով եմ զբաղվում, ինչպես եմ օգնում Հայրենիքին: Ես օգնում եմ Հայաստանին ու Արցախին, միևնույն ժամանակ իմ քաղաքական ու հումանիտար նախագծերով պատասխանում ենք այն ամբողջ ցավին և կորուստներին, որոնք մենք՝ Ադրբեջանի հայազգի փախստականներս, վերապրել ենք: Իմ ծրագրերը տարբեր են, ու ես դրանք զգուշությամբ եմ ընտրում: Իմ նախագծերը երեք տիպի են՝ պահպանել Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի հիշողությունները, քաղաքական, տնտեսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու Արցախին և, իհարկե, պատասխանել ադրբեջանական քարոզչությանը: Այնպես, որ երբ Ադրբեջանը հարձակվեց Տավուշի վրա, ես պետք է ինչ-որ բան անեի»,-ասաց Աննա Ասվածատուրյան-Թերքոթը: 

 

Նա ձեռնամուխ եղավ «Ձեռքերը հեռու Տավուշից» կամ «Hands off Tavush» նախաձեռնության իրականացմանը, որի շրջանակում սոցիալական ցանցում սկսեց իրականացնել դրամահավաք՝ օգնելու Ադրբեջանի՝ հրետակոծությունից տուժած համայնքների բնակիչներին: Զանգերն ու նամակները չուշացան: Բազմաթիվ հայեր ու այլ ազգության ներկայացուցիչներ դիմում էին Աննա Ասվածատուրյան-Թերքոթին՝ հասկանալու, թե ինչպես աջակցեն: 

«Մարդիկ ցանկանում էին օգնել, ես` նույնպես: Ես չեմ սիրում նստել, սպասել, այն դեպքում, երբ ես կարող եմ, թեկուզ հեռու տեղից, ինչ-որ ձևով օգնել: Կարող եմ ասել, որ դրամահավաքը շատ ակտիվ սկսվեց: Բազմաթիվ դոնորներ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն են, սակայն կան նաև ոչ հայեր»,-ասաց նա: 

Մեկ շաբաթ առաջ դրամահավաքի համար սահմանվել էր 25 հազար ԱՄՆ դոլար: Դրան զուգահեռ Աննա Ասվածատուրյան-Թերքոթը տեղեկատվություն էր հավաքում, թե ինչի կարիք ունի Տավուշը: Ընդամենը երկու օրվա ընթացքում նախանշված 25 հազար դոլարը հավաքվեց: Այնուհետև սահմանվեց 50 հազար ԱՄՆ դոլար շեմը, որը նույնպես կարճ ժամանակում հավաքվեց: Այժմ սահմանվել է 75 հազար դոլար, որից շուրջ 59 հազարն արդեն հավաքվել է: Կոնկրետ ի՞նչ նպատակներով է ծախսվելու գումարը. հարցին ի պատասխան, Աննա Ասվածատուրյան-Թերքոթը նշեց, որ կապի մեջ է Տավուշի մարզպետի հետ, ով ծանոթացրել է «Պահապան զարգացման հիմնադրամ»-ի հետ, որն իրականացնում է ապաստարանների կառուցման և այլ նախագծեր: 

«Ես որոշեցի առաջին 30 հազար ԱՄՆ դոլարն ուղարկել ապաստարանների կառուցման գործին: Մնացած գումարը կմնա տնտեսական նախագծերի համար, որոնց իրականացումը բնականաբար կլինի մարզպետի հետ համագործակցությամբ: Գումարները կներդրվեն կոնկրետ ծրագրերում: Ես ցանկանում եմ աշխատել այն կազմակերպությունների հետ, որոնք հենց այդ մարզում են գործում, որոնք տնտեսական նախագծերի փորձ ունեն»,-հավելեց նա: 

 

Աննա Ասվածատուրյան-Թերքոթն անդրադարձավ նաև այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայերի ու ադրբեջանցիների միջև սրացումներին: Նա ընդգծեց, որ նման սրացումներին պետք է պատասխանել Հայրենիքի հանդեպ վերաբերմունքով: 

«Օգնեք Հայաստանին, մի տրվեք սադրանքներին, ձեզ ավելի բարձր պահեք: Եղեք զգույշ, պատմեք սենատորներին այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում Հայաստանում  և Սփյուռքում։ Եվ ամենագլխավորը, արեք այնպես, որ մեր նախնիները հպարտանան մեզնով»,-հավելեց նա: 

Աննա Ասվածատուրյան-Թերքոթը «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (Nowhere, a Story of Exile) գրքի հեղինակն է: Գիրքը գրել է՝ հիմնվելով մանուկ ժամանակ վարած օրագրի հիշողությունների վրա, որտեղ պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը Բաքվում առերեսվում ազգային բռնության և բնաջնջման: Նա  կարևոր դեր է խաղացել ԱՄՆ Մեն նահանգի կողմից 2013 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում։ Պարգևատրվել է Հայաստանի ու Արցախի նախագահների կողմից: