Կիրակի, 06. 07. 2025

Ե՞րբ է այդ ուշը. Տոնոյանի արձագանքն Ալիևի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը

0

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում Տոնոյանը հետաքրքրվում է, թե ե՞րբ է այդ ուշը: 

«Նախ առաջինը, հաշվի առնելով այն, որ մեր հանրապետության վարչապետը, Արցախի Հանրապետության նախագահը միշտ հանդես են գալիս ոչ այդպիսի հայտարարություններով, հակառակը՝ խաղաղասիրական, կոչ անելով բանակցությունների շարունակականությանը, մեր համար անհասկանալի են այդպիսի արտահայտությունները: Ես, որպես Պաշտպանության նախարար, կցանկանայի հասկանալ՝ այդ «քանի ուշ»-ը, ե՞րբ է»,- ասաց Տոնոյանը:

 

Նախարարը հավելեց, որ նման հայտարարություններով աչքի է ընկնում նաև Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը:

«Նրանց ռազմական ղեկավարությունը հայտարարում է, որ պատրաստ են ռազմական գործողությունները սկսելու, միայն սպասում են հրամանի: Առաջինը՝ այնպես չէ, որ մենք չենք սպասում նմանատիպ հրամանի, երկրորդը՝ Տավուշի մարտական գործողությունները վառ ապացույցն էին, որ շատ կարճ ժամանակահատվածում, չնայած նրան, որ հակառակորդը շատ խիտ օգտագործեց գերժամանակակից միջոցներ, հաջողության չհասավ, հակառակը՝ ունեցավ բազմաթիվ կորուստներ»,- նշեց նախարարը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Դավիթ Տոնոյանը ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ այցելել է արցախյան մի շարք զորամասեր

0

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Դավիթ Տոնոյանը հուլիսի 30-31-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն է այցելել հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության այն խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն:

Նախարար Տոնոյանն առաձին ուշադրություն է դարձրել նաև ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին:

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներն այցելել են ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, որտեղ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և այդ համատեքստում՝ մասնավորապես այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջև:

Մնացականյանն ու Մայիլյանը ընդգծել են հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ներդրման հրամայականը

0

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հուլիսի 31-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: 

Հանդիպմանն անդրադարձ են կատարվել ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի կողմից սահմանամերձ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղղակի զինված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։  Կողմերն ընդգծել են, որ հակամարտության գոտում լարվածությունը միտումնավոր կերպով սրելու Ադրբեջանի հերթական փորձը լուրջ հարված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և մեկ անգամ ևս ի ցույց է դնում ադրբեջանական իշխանությունների կողմից իր միջազգային պարտավորությունների նկատմամբ բացահայտ քամահրական վերաբերմունքը։ Այս համատեքստում կարևորվել է գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ զսպելու նոր ագրեսիա սանձազերծելու Ադրբեջանի նկրտումներն ու այդ երկրի իշխանություններին բերելու կառուցողական դաշտ։ ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են հակամարտության գոտում լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականը։

Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել են հայկական երկու պետությունների միջև անվտանգության ոլորտում  համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու արդիականությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նշված ոլորտում համագործակցության իրավական հիմքերի զարգացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով ընդհանուր անվտանգային մարտահրավերները։ Այս առնչությամբ կողմերն ընդգծել են տարածաշրջանում ապակայունացնող քաղաքականություն ներմուծելու անընդունելիությունը և դրա վճռական մերժումը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության նորանշանակ ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։

Նունե Սարգսյանը հեռավար զրուցել է Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցիչների հետ

0

Սփյուռքում գործող հայկական կրթօջախների հետ հեռավար հանդիպումների շրջանակում Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն այս անգամ առցանց զրույց է ունեցել Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցչական կազմի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սփյուռքի հայկական կրթօջախների հետ նման հեռավար հանդիպումներն իրականացվում են «Հայկաշխարհ» արևմտահայերեն ուսուցողական կայքի նախաձեռնությամբ: Մինչ այս՝ տիկին Նունե Սարգսյանը նմանատիպ հանդիպումներ էր ունեցել նաև Քուվեյթի հայկական ազգային վարժարանի և Բոստոնի «Սուրբ Ստեփանոս» ազգային վարժարանի ուսուցիչների և աշակերտների հետ:

Առցանց հանդիպումների այս շարքը նպատակ ունի նպաստել կրթական հաստատությունների միջոցով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Կողմերի միջև քննարկվել են արևմտահայերենի զորացմանն ուղղված հարցեր և միջոցառումներ, որոնք կորոնավիրուսի համավարակի պայմաններում անգամ ամուր կպահեն Հայաստանի և Սփյուռքի կրթօջախների միջև կապը: Սա հնարավորություն կստեղծի աշակերտների համար շփվել միմյանց հետ: Այդ նպատակի իրագործման համար նշված առցանց հանդիպումների ընթացքում տիկին Սարգսյանի կողմից առաջարկվել են մի շարք գաղափարներ և նախաձեռնություններ: Դրանցից է «Գրչի ընկեր» նախաձեռնությունը, որի շրջանակում մասնավորապես նախատեսվում է Հայաստանի և արտերկրի հասակակից աշակերտների միջև նորագույն տեխնոլոգիաների միջոցով նամակների փոխանակումը:

Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցչական կազմի հետ հանդիպման ընթացքում տիկին Սարգսյանն անդրադարձել է հայոց լեզվի երկու հիմնական ճյուղերի՝ արևմտահայերենի և արևելահայերենի կարևորությանը, ինչպես նաև բարբառներին՝ նշելով, որ բարբառները մեր լեզվի հարստությունն են: Նա կոչ է արել աշակերտներին ուսումնասիրել արևելահայերենը և նույնքան լավ տիրապետել, որքան արևմտահայերենը:

Այդ համատեքստում տիկին Սարգսյանն անդրադարձել է «Գրչի ընկեր» նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա ոչ միայն զարգացնել իրենց հայերենը, այլև՝ ակտիվորեն շփվել Հայաստանի իրենց հասակակիցների հետ:

Տիկին Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի երկու դպրոցներ՝ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի Լևոն Ադամյանի անվան միջնակարգ դպրոցը և Շիրակի մարզի Գյումրու ակադեմիական վարժարանը պատրաստակամություն և ուրախություն են հայտնել կապվելու Հալեպի վարժարանի հետ: «Հաշվի առնելով Տավուշի վերջին իրադարձությունները՝ այնտեղ ապրող երեխաները հատուկ ուշադրության կարիք ունեն»,– ասել է տիկին Նունե Սարգսյանը: Նա հույս է հայտնել, որ դպրոցների աշակերտների միջև շարունակական ընկերական հարաբերություններ կձևավորվեն, և հալեպահայ երեխաները Հայաստան ապագա այցի ընթացքում Տավուշում և Գյումրիում կհանդիպեն իրենց բարեկամ հասակակիցներին:

Օրերս «Գրչի ընկեր» սկզբունքի հիման վրա հանդիպում էր տեղի ունեցել Քուվեյթի ազգային վարժարանի եւ Երևանի Հակոբ Օշականի անվան դպրոցի միջև, որի արդյունքում երկու դպրոցները քույր դպրոցներ էին հայտարարվել:

Հետաքրքրիր պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Գրչի ընկեր» նախաձեռնության շրջանակում: Տիկին Սարգսյանի քաջալերանքով Քուվեյթի ազգային վարժարանի և Հակոբ Օշական դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների առցանց հանդիպման ընթացքում նրանք փոխանակել են էլեկտրոնային փոստի հասցեները՝ պայմանավորվելով նամակագրական կապ հաստատել: Ներկայում ընթացքի մեջ է նաև տիկին Նունե Սարգսյանի՝ Քուվեյթի վարժարանի սաներին ուղղված մեկ այլ առաջարկ՝ արևմտահայերենով բանաստեղծությունների մրցույթը, որի վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է, իսկ արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը:

Իսկ Հալեպի վարժարանի աշակերտներին տիկին Սարգսյանն առաջարկել է Հայաստանի դպրոցների հետ անցկացնել արևմտահայերեն-արևելահայերեն թարգմանչական մրցույթ: Հաղթողներին սպասվում են պարգևներ` Հանրապետության նախագահի կողմից: Մեկ այլ՝ իրենց բնակավայրերի լուսանկարների առցանց ցուցահանդեսի գաղափարը հավանության են արժանացրել թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները: Լավագույն աշխատանքները կտեղադրվեն «Հայկաշխարհ» և Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքերում:

«Մեր նպատակն է կամուրջ ստեղծել Հայաստանի և Սփյուռքի միջև: Ես ամբողջ կյանքում Սփյուռքի հետ կապված եմ եղել՝ չնայած երևանցի եմ: Ես շատ բարձր եմ գնահատում Սփյուռքի դերը: Հայերը երկու անգամ ավելի զորավոր ժողովուրդ են, որովհետև ունեն Սփյուռքի հետ կապը: Հայաստան-Սփյուռք կամուրջն ամրապնդելու համար մենք պետք է ապահովենք ապագա սերունդների կապը: Հուսով եմ՝ վիրուսը հաղթահարելուց հետո կշփվենք ոչ միայն համակարգչով, այլև՝ դեմ առ դեմ ֆիզիկապես, հատկապես՝ մեր երեխաները»,– ընդգծել է Նունե Սարգսյանը:

Քննարկման երկրորդ հատվածում Հալեպի վարժարանի ուսուցիչները ներկայացրել են կորոնավիրուսի համավարակի պայմաններում հեռավար ուսուցման դժվարություններին վերաբերող հարցեր: Նրանք ողջունել են տիկին Նունե Սարգսյանի առաջարկները և պատրաստակամություն հայտնել դրանք դարձնել իրականություն:

Ամփոփելով զրույցը՝ տիկին Սարգսյանը հանդիպման մասնակիցներին մաղթել է առողջություն՝ հույս հայտնելով, որ նմանատիպ հանդիպումները շարունակական լինեն:

Պետք է ունենանք լուծում, որի պայմաններում ԼՂ-ն կունենա միջազգային կարգավիճակ և կմնա հայկական.Փալոն

0

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը վճռական է՝ անդրադառնալու հայ-ադրեջանական հակամարտությանը, փորձելու հասնել այնպիսի լուծման, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային կարգավիճակ ստանա և մնա հայկական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը՝ ՀՀ ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի միջև տեսակապի միջոցով փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը:

«Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը շարունակելու է աշխատել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ: Ես գիտեմ, որ հիմա լարված շրջան է, և Ադրբեջանի կողմից ագրեսիա է տեղի ունենում: Եվ մենք գիտենք, որ պետք է ունենաք այնպիսի լուծում, որի պայմաններում Լեռնային Ղարաբաղը կունենա միջազգային կարգավիճակ և կմնա հայկական»,-ասաց Փալոնը:

Կոնգրեսականը շեշտեց՝ ուստի իրենք վճռական են այդ հարցերին անդրադառնալու՝ փորձելով այդ հարցերը լուծել և հավատարիմ մնալով հանձնախմբի և Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի միջև հարաբերություններն ամրապնդելու նպատակին:

Էստոնացի լրագրողը ծավալուն հոդվածով պատմել է 1990թ․ Աղդամում «գորշ գայլերի» հետ հանդիպման վերաբերյալ

0

Հայտնի էստոնացի լրագրող Աինար Ռուսսարը երկրի ամենախոշոր՝ Eesti Päevaleht թերթերից մեկում իր խմբագրական հոդվածում պատմել է 1990թ․ Աղդամ այցի և այնտեղ «գորշ գայլերի», գնդապետ Սուրաթ Հուսեյնովի (հետագայում Ադրբեջանի վարչապետ) հետ հանդիպման վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի թարգմանությունը:

«Մարտերը, որոնք կրկին սկսել են ցնցել Հարավային Կովկասը, առաջնային տեղ չեն զբաղեցնում ամենօրյա լուրերում: Այնուամենայնիվ, Հայաստանն ու Ադրբեջանը նորից զենքերը պարզել են միմյանց վրա, ինչի արդյունքում նախորդ շաբաթ կողմերը մոտ երկու տասնյակ զոհ ունեցան․ սա ավելին է քան վերջին տասնամյակներում երկու երկրներում գրանցված ցանկացած վիրուսային հիվանդությունից մահացածների թիվը (մինչև ԿՈՎԻԴ-ը): Կովկասում հարևանների միջև դեռևս չլուծված արյունալի այս հակամարտությունը մեկն է այն բազմաթիվ օրինակներից, որը հայտնի է պատմությանը աշխարհի տարբեր մասերում հազարամյակներ շարունակ:

 

Բաքու-Աղդամ, 1990

30 տարի առաջ, ուշ երեկոյան, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում չորս վագոններով մի գնացք սպասում էր Լեռնային Ղարաբաղի ծայրամասում գտնվող քաղաք մեկնելուն: Գնացքի պատուհանները ջարդված էին փամփուշտների կրակոցներից, իսկ չորս վագոն ունեցող գնացքը տեղափոխում էր վեց վագոնի չափ մարդկ, որոնք մայրաքաղաքից ուղևորվում էին առջնագծում տեղակայված այդ քաղաքը: Նրանց մեջ կային կերակրող մայրեր, տարեցներ և զինվորական անձնակազմ:

Երբ բարձրացա այդ գիշերային մարդատար գնացքը։ Հինգ բան գիտեի․ նախ և առաջ, գիտեի միայն ուղղությունը՝ Աղդամ, դատելով այն էժանագին սպիրտային գինուց, որը գարշելի համ ուներ: Այն Տարտուում ուսանողները գնում էին կրթաթոշակի վճարումից մեկ շաբաթ առաջ: Երկրորդ, ես նախկինում լուսաբանել էի կովկասցիների միջև կռիվներ և ինձ համարում էի բավականին պատրաստ պաշտպանելու ինքս ինձ այն էմոցիոներից, որոնց հյուսիսցիները սովորաբար պատրաստ չէին: Երրորդ, ես գիտեի որտեղ թաքնվել և բաշխել մոտս եղած ամբողջ գումարը: Չորրորդ բանը, որ ես գիտեի՝ այն էր, որ ամենավտանգավորը կարող են լինել հանկարծակի ընկերություն առաջարկող անծանոթները: Հինգերորդ, ես գիտեի ում և ինչքան կաշառել, այսօրվա տերմիններով, եթե հայտնվեի մեծ անախորժության մեջ:

Այս գիտելիքներն ինձ չօգնեցին 30 տարի առաջ տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմում: Ընդհակառակը, ամեն-ինչ այլ կերպ ընթացավ:

Մարդկանցով լի չորս վագոնները ամբողջ գիշեր ընթացքի մեջ էին, փամփուշտներից ծակծկված պատուհաններից բավականաչափ մաքուր օդ չէր հասնում ուղևորներին, և ոչ էլ օդը մաքրվում էր անընդհատ ծխող տղամարդկանց կողմից արտազատվող նիկոտինից: Առավոտյան գնացքը ժամանեց Աղդամ: Կայարանի հետևում երկու տուն էր վառվում, ակներև էր, որ դրանց հրթիռներ էին հարվածել, իսկ քիչ հեռու մի տանկ էր այրվում:

Տեղանքը վխտում էր ազերի (ադրբեջանցի՝ խմբ․) զինվորականներով, իսկ հեռվում լսվում էին մարտերի ձայներ: Վերջապես երեք զինվորական մոտեցան իմ փաստաթղթերս ստուգելու, նրանցից մեկն իր աջ ուսին գցած ուներ երկու «Կալաշնիկով» ինքնաձիգ, ձախ ուսին՝ նռնականետ, իսկ գոտուն ամրացված էր վեց նռնակ: «Արևմտյան»  լրագրողը նրանց համար շատ հետաքրքիր գտածո էր, այդ իսկ պատճառով ես մի քանի օր անցկացրի նրանց հետ: Մինչև ատամները զինված մարդը ցույց տվեց իր համազգեստին կարված կատաղի ցցված ժանիքներով գայլի տեսքով տարբերանշանը: Սա առանձնացնում էր իրենց զորքերը:

 

«Գորշ գայլերը»

 

Գայլի տարբերանշանով մարդկանց համար լրագրողին հյուրընկալելը հաճելի ընդմիջում էր իրենց կռվում: Սկզբի համար, նրանք ինձ պլաստիկ կեղտոտ շշից տեղական գինի առաջարկեցին (զինվորականնե՛րը), որն այնքան էլ վատը չէր ի տարբերություն այն սարսափեցնելու չափ ահավոր Աղդամ գինու, որը վաճառում էին Տարտուի խանութներում: Այնուհետև նրանք ինձ տարան քաղաքի ծայրամասը, որտեղ երեք ածխացած մարմիններ ընկած էին հայերի կողմից խփված տանկի մոտ, որոնց կողքին տասնյակ կանայք բարձրաձայն լաց էին լինում: Դա ահավոր տեսարան էր, և ես հասկացա, որ դեռ շատ պետք է բարելավեմ իմ էմոցիոնալ պաշտպանական համակարգը: Այնուհետև «գայլերն» ինձ տարան իրենց հրամանատարին հանդիպելու:

Աղդամի մասամբ ավերված արվարձանում մի տղամարդ բարձրաձայն ելույթ էր ունենում զինվորների խմբի առջև: Հարցազրույց տալու առաջարկիս նա մի առհամարհական հայացքով պատասխանեց, այդպես ավարտվեց իմ հանդիպումը լեգենդար գնդապետ Սուրաթ Հուսեյնովի հետ:

Նրա ղեկավարած զորքերը պաշտպանում էին Աղդամի շրջանը, որը նա հանձնեց հայերին 1993-ի ամռանը (Աղդամն ընկավ 1993-ի հուլիսի 23-ին): Հուսեյնովը Ադրբեջանի շուկայական մաֆիայի ղեկավարներից էր ԽՍՀՄ փլուզման տարիներին, և, բացի դրանից, նա ֆինանսավորում էր նոր ձևավորվող քաղաքացիական հրոսակախմբերին: Ղարաբաղում և նրա շրջակայքում ջախջախվելուց հետո Հուսեյնովը իր զորքերը թեքեց Բաքվի ուղղությամբ՝ նպատակ ունենալով զենքի  միջոցով հեռացնել Ադրբեջանի առաջին ազատ ընտրված նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին: Նախագահը, կանխատեսելով հեղաշրջումը, հեռացավ մայրաքաղաքից: Խելացի կովկասյան «աղվեսը» և տեղական կոմունիստական նախկին առաջնորդ Հեյդար Ալիևը զբաղեցրեց նրա տեղը՝ վերջ տալով հեղաշրջմանը և նշանակելով Հուսեյնովին վարչապետ: Հուսեյնովի՝ ամբոխի ղեկավարի հատկանիշներով օժտված առաջնորդի կարիերան երկար չտևեց. ակնկալվող պատժից խուսափելու համար Ռուսաստան ժամանակավոր փախուստը նույնպես նրան չփրկեց, և 1999թ. Ադրբեջանի դատարանի կողմից նա դատապարտվեց ցմահ բանտարկության: Միևնույն ժամանակ Իլհամ Ալիևը, երկրի նախագահի որդին, ներում շնորհեց գնդապետ Հուսեյնովին, ով այժմ իր 60 տարեկան հասակում ապրում է Բաքվի մոտ գտնվող երեք հարկանի առանձնատանը: Հնարավոր է նաև թոշակ է ստանում տեղի շուկաներում կարգ ու կանոն պահելու համար:

Կորսված փողերն ու ժամացույցը

«Գորշ գայլերն» ուղեկցեցին ինձ իրենց զորամաս:  Նրան հաճախ էին մարտերի գնում շրջակա անտառապատ լեռները և չէին թույլատրում ինձ միանալ իրենց:  Հեռվում լսվում էին կրակոցներ և պայթյունների ձայներ, և երբեմն որոշ պատառոտված ու արյունոտ մարտիկների էին բերվում «գայլերի բազա», իսկ դրան ի հակառակ ապուրն ու խորովածը անընդհատ եփվում էր: Երրորդ օրը ես հիվանդացա և խնդրեցի, որ ինձ տանեն Աղդամի կայարան:

Նույն երկու բարյացկամ տղաները, որոնց հետ մի քանի օր առաջ էի ծանոթացել, առաջարկեցին ինձ ուղեկցել: Ամայի կիրճում նրանք կանգնեցրին ամենագնաց մեքենան․ ստիպեցին դուրս գալ, լիցքավորեցին ինքնաձիգները, վերցրեցին գրպանումս եղած գումարն ու թևիս ժամացույցը: Նրանց մտքով չանցավ փող փնտրել վարտիքիս տակ: Այնուհետև նրանք ինձ ընկերաբար տարան Աղդամի կայարան՝ մայրաքաղաք ուղևորվող չորս վագոնանոց ինքնաձիգի գնդակներից ծակծկված գնացքը: Ես ստիպված չեղա տոմս առնել, քանի որ այդ երկուսը իրենց լեզվով ամեն ինչ կարգավորեցին մեքենավարի հետ: Սա հաստատեց իմ այն փորձը, որ նոր ընկերները կարող են լինել գողեր և, որ պետք է միշտ անդրավարտիքի տակ պահել փողերի մի մասը:

Բաքվի օդանավակայանում տոմսավաճառի դեմքից հասկացա, որ դեռևս Դոնեցկ-Տալլինն չվերթի տոմսեր առկա են, չնայած այն հանգամանքին, որ օդանավակայանում հայտարարում էին, որ դրանք սպառվել են: Ես կրկնակի վճարեցի տոմսի համար և վայրեջք կատարեցի Տալլիննում, դրանով իսկ ավարտելով ձեռք բերածս հինգերորդ փորձառնությունը: Ինձ թվում էր, որ գնացքով առաջնագիծ հասնելը կլինի միակ այդպիսի փորձը իմ կյանքում: Ցավոք սրտի այդպես չէր: Մի տարի անց մի ուղևորատար գնացք ինձ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբից հասցրեց Կառլովաց, որը այրվում էր և ջանասիրաբար կրակի տակ էր պահվում սերբիական ուժերի կողմից, երբ գնացքը հասավ կայարան:

Պատերա՞զմ թե հաղորդակցություն

Բոլոր պատմական էթնիկ, կրոնական և տարածքային վեճերը վերջնական առումով փորձության են ենթարկվում պատերազմի, սպառնալիքի կամ էլ հաղորդակցության հմտությունների միջոցով: Պատերազմելուց բոլորը պնդում են, որ պետք է բանակցել, սակայն հետո այնպիսի նախապայմաններ են առաջ քաշում, որ մյուս կողմը չի կարող իրագործել: Ներկայում Ադրբեջանը պնդում է, որ գազի և նավթի մատակարարումները դեպի Եվրոպա կարող են ընդհատվել վերսկսված պատերազմի պատճառով, Հայաստանն էլ իր հերթին Եվրոպային նախազգուշազնում է, որ ազերիները կարող են հարվածել Մեծամորի ատոմակայանին:

30 տարվա վաղեմության մարտական ՄԻ-24 ուղղաթիռները փոխարինվել են ԱԹՍ-ներով

Հարավային Կովկասում ընթացող պատերազմը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղից: Հնացած ՄԻ-24-ին, որն ունի 30 տարվա պատմություն, փոխարինելու են եկել ԱԹՍ-ները, հակառակորդ հաքերները երկու կողմից բազմաթիվ կիբեր հարձակումներ են անում միմյանց վրա: ԱՄՆ-ը Եվրոպական Միությունը և Ռուսաստանը զսպվածության կոչ են անում պատմական հակառակորդներին և հրավիրում բանակցությունների սեղանի շուրջ: Փաստն այն է, որ վերսկսված պատերազմում տասնյակ զոհեր կան՝ ներառյալ 76-ամյա Ազիզ Ազիզովը, ով ապրում էր Աղդամում և հայկական զինված ուժերի կրտսեր սերժանտ Սոս Էլբակյանը:

Ո՞ւմ ձեռքում են այս բազմադարյա հակամարտության բանալիները»:

Աինար Ռուուսսաարը եղել է BNS, ERR and Postimees ամսագրերի լրագրող, այժմ հանդիսանում է Kohtla-Järve Gymnasium-իի դասախոս: Ամսական երկու անգամ նա համեմատում է անցյալի և ներկայի իրադարձությունները LP-ում:

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ արևմտյան սահմանագոտի, որտեղ տեղադրվել է նոր մարտական հենակետ

0

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ արևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈւ-ն տեղադրել են նոր մարտական հենակետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Դավիթ Տոնոյանը նոր հենակետից տեսադիտարկման համակարգով հետևել է սահմանի պահպանության ընթացքին, լսել հրամանատարության զեկույցները, տվել համապատասխան հանձնարարականներ: 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հոդված է հրապարակել Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին

0

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը Newsmax ամերիկյան լրատվական կայքում հրապարակել է  հոդված Ադրբեջանի հետ մեր սահմանային վերջին բախումների մասին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը։

«Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի վրա Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի ներգրավվածությամբ վերջին սահմանային բախումները ցույց են տալիս, որ հիբրիդային պատերազմի սխալ հաշվարկները կարող են հանգեցնել քաղաքական և ռազմական լուրջ հետևանքների։ Վերջին շաբաթների ընթացքում ականատես եղանք Հայաստանի հարևան Ադրբեջանի կողմից ագրեսիայի մեծ աճի։ Հուլիսի 12-ին ադրբեջանական ուժերը անսպասելի հարձակվեցին հյուսիսային հատվածում գտնվող Տավուշի մարզի հայկական դիրքերի վրա։ Ագրեսիայի հետևանքով մահերի թվի աճին զուգահեռ, Ադրբեջանի կառավարությունը խրախուսեց հակահայկական ատելությունը և նույնիսկ սպառնաց հրթիռակոծել Հայաստանի ատոմակայանը։ Այդ սպառնալիքը միջազգային իրավունքի ու մարդասիրական չափորոշիչների խախտում է, որը հիշեցնում է 20-րդ դարի սկզբի կոտորածները։ ԵԱՀԿ հովանու ներքո ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից առաջնորդվող միջազգային հանրության որոշիչ գործողությունները կարող են հստակ տարբերակման հանգեցնել՝ կամ վերադառնալ լարված ռազմական գործողությունների, ներառյալ լայնածավալ պատերազմ կամ հակառակը՝ էսկալացիայի թուլացման։
Այս առումով արժե անդրադառնալ հակամարտության վերջին լարվածությանը:

 

Հուլիսյան ռազմական ընդհարումները, ներառյալ հատուկ նշանակության գործողությունները, հրետանային մարտերը, անօդաչու սարքերի օգտագործումը և կիբերպատերազմը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից նախաձեռնված ավելի մեծ հիբրիդային պատերազմի մաս են կազմել։ Ռազմավարությունը մանրակրկիտ նախագծվել է Ադրբեջանի կողմից 2011թ Լեռնային Ղարաբաղին վերաբերող կազանյան փաստաթուղթը մերժելուց ի վեր։ Այդ փաստաթուղթը խաղաղության առաջարկը էր, որ ամենաբարձր մակարդակով ներկայացրել էին ԱՄՆ, Ֆրանսիան ու Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի կողմից վարվող հիբրիդային պատերազմը ստացել է էլ ավելի ինտենսիվ բնույթ։

Մինչ վերջերս, հրադադարի խախտման գագաթնակետը 2016 թվականի ապրիլն էր, երբ ադրբեջանական զինուժը նախաձեռնեց լայնածավալ հարձակում՝ նպատակ ունենալով նվաճել Լեռնային Ղարաբաղը։ Այդ ժամանակ բանակցությունները հաջողությամբ չպսակվեցին, քանի որ Ադրբեջանը որդեգրեց առավելապաշտական դիրքորոշում, որը պահանջում էր միակողմանի զիջումներ հայկական կողմից։ Ակնհայտ է, որ այդ «հարկադրանքի դիվանագիտությունը» չաշխատեց։ Ադրբեջանական նավթային բռնապետությունը ստիպված էր բացատրել այդ ձախողումը իր սեփական ժողովրդին, ինչը հեշտ չէր։ Այդպիսով, Բաքվի ղեկավարությունը ուշադրությունը շեղելու համար դիմեց վտանգավոր քայլերի՝ առավել ակնհայտ ռազմական սադրանքների և ավելի ռազմատենչ հռետորաբանություն Հայաստանի հանդեպ:

 

Մինչդեռ հուլիսյան հարձակումները հաջողությամբ հետ են մղվել առ այսօր, սակայն Ադրբեջանը շարունակում է իրականացնել խախտումներ: Շաբաթվա սկզբին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից սպանվել է հայ զինվոր և ադրբեջանական զինուժը սկսել է լայնածավալ ռազմական վարժանքներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմաններին: Միևնույն ժամանակ, Թուրքիան սպառնում է «պատժել» Հայաստանին:

Այս զարգացումները ցույց են տալիս, որ վերջին հրադադարը դեռ չափազանց փխրուն է: Տարիներ շարունակ բռնապետական կառավարման հետևանքով զայրացած և հակահայկական քարոզչությամբ ռմբակոծվող բնակչությանն առերեսվելով, ադրբեջանական կառավարությունը դեռ գայթակղված է էլ ավելի լայնածավալ ռազմական բախումներ նախաձեռնելով: Թուրք ղեկավարների հրահրող հայտարարությոունները խախտել են տարածաշրջանի արդեն իսկ փխրուն խաղաղությունը: Նրանք ոչ միայն շարունակում են համառորեն ընդդիմանալ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլև սպառնում են շարունակել այդ հանցագործության ժառանգությունը՝ ոգևորելով Ադրբեջանի ագրեսիան:

Որո՞նք են այն քայլերը, որ միջազգային հանրությունը կարող է ձեռնարկել այժմ տարածաշրջանում վտանգավոր ռիսկերը կանխելու համար: Հայ-ադրբեջանական սահմանի և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծի երկայնքով վստահություն և անվտանգություն ապահովող գործուն մեխանիզմները կարող են կանխարգելել առանձին խախտման դեպքերի վերահսկողությունից դուրս գալը: Բոլորի շահերից է բխում նվազագույնի հասցնել պատերազմի հավանականությունը, որը կարող է բռնկվել սխալների արդյունքում: Միջազգային հանրությունը պետք է աջակցի միջնորդների գործունեությանը և ճնշում գործադրի ավելի վերահսկելի վստահության մեխանիզմների, ներառյալ՝ հետաքննության մեխանիզմների ներդրման համար, որոնք կօգնեն պահպանել հրադադարը: Հայաստանը, որն ընդամենը երկու տարի առաջ է ունեցել խաղաղ, ժողովրդավարական հեղափոխություն, կշարունակի գործել բարի կամքով և զուսպ, մինչդեռ իրեն վերապահում է իրավունք պաշտպանել իր սահմանները և ապահովել իր բնակչության համար խաղաղություն ու կայունություն: Ադրբեջանը պետք է անցնի այդ ճանապարհի իր հատվածը, չպետք է փորձարկի Հայաստանի վճռականությունը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն էր, ով հայտարարեց, որ հակամարտության ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների, այնպես էլ Ադրբեջանի ժողովրդի համար:

Փոխադարձության դուռը դեռ բաց է և խաղաղությունն առավել նախընտրելի է պատերազմից, հատկապես այնպիսի պատերազմից, որը հիմնված է վտանգավոր ու սխալ հաշվարկների ու թյուրընկալումների վրա»:

Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ հանցագործությունների խրախուսման հարցը ԵԱՀԿ ՄԽ օրակարգում է

0

Վիեննայում, Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում հուլիսի 30-ին ներառվել էր Ադրբեջանի կողմից ատելության հենքով հանցագործությունների խրախուսման վերաբերյալ հարցը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, ներկայացնելով ԵԱՀԿ մասնակից երկրներում և այլուր հայերի և հայկական համայնքների անդամների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները, որոշ երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բնականոն աշխատանքի խափանման և վերջիններիս ունեցվածքի միտումնավոր ոչնչացման դեպքերը, նշել է, որ դրանք ադրբեջանցիների որոշ խմբերի կողմից իրագործված էթնիկ պատկանելության հիմքով ատելության հանցագործություններ են՝ ազգությամբ հայերին, հայկական համայնքային կառույցների անդամներին ահաբեկելու և հետապնդելու նպատակով։ 

 

Այնուհետև դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ադրբեջանցիների այդ խմբերի ագրեսիվ գործողությունները կազմակերպվել և ուղղորդվել են այդ երկրներում Ադրբեջանի դեսպանությունների կողմից։ Ավելին՝ հայկական կողմի ունեցած ապացույցները վկայում են, որ առնվազն մեկ դեպքում այդ գործողությունների կազմակերպմանն աջակցել է նաև Թուրքիայի դեսպանությունը։ 

Դեսպան Պապիկյանն ընդգծել է, որ տարբեր երկրներում հայերի հանդեպ բռնությունները, լինելով կարծես թե նոր երևույթ, այնուամենայնիվ շարունակությունն են հակահայկական ատելության քարոզչության, որին ադրբեջանական հասարակությունը ենթարկվել է տասնամյակներով։ Այս առումով Հայաստանի Մշտական ներկայացուցիչը նշել է, որ վարվող հայատյացության քաղաքականությունը, ուղղված Ադրբեջանի բնակչության մոտ հայերի հանդեպ ատելություն և անհանդուրժողականություն արմատավորելուն, վարվում է պետական ամենաբարձր մակարդակով։

Դեսպան Պապիկյանը այնուհետև նշել է, որ Հայաստանը մշտապես միջազգային իր գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությանը և քարոզչությանը՝ զգուշացնելով որ հայատյացության նման բարձր մակարդակի պարագայում այն հեշտությամբ կարող է տեղափոխվել այլ երկրների տարածք, ինչին և ականատես ենք լինում այսօր. «Մենք համոզված ենք, որ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը, ինչը հավասարազոր է Ադրբեջանի և նրա բռնապետական իշխանությունների վարքագծի հանդեպ թողտվության, էլ ավելի է խրախուսում այդ երկիրը կառավարող ռեժիմին շարունակել հայատյացության քարոզչությունը»։

Իր ելույթում Հայաստանի մշտական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է տարբեր երկրներում հայերի դեմ ուղղված բռնությունները, որոնք Բաքվի անպատասխանատու քաղաքականության հերթական դրսևորումն են և համահունչ են երկու ժողովուրդների միջև առանց աշխարհագրական սահմանափակումների թշնամանք հրահրելու Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությանը և հռետորաբանությանը։ 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք, 10 մահ

0

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք, ապաքինվել է ևս 631 մարդ:

Արձանագրվել է մահվան 10 դեպք: Պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 228 է: