Հինգշաբթի, 31. 07. 2025

Մայրաքաղաքում առաջին անգամ օդագնացության միջազգային փառատոն կանցկացվի

0

Երեւանի հիմնադրման 2799-ամյակի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 14-17-ը մայրաքաղաքում առաջին անգամ կանցկացվի «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը Երեւանի քաղաքապետարանի   աշխատակազմի  արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ասաց, որ փառատոնը հետաքրքիր կդարձնի մայրաքաղաքը զբոսաշրջիկների համար: «Մենք Երեւանի ծննդյան օրը ցանկանում ենք մեր մայրաքաղաքը ցույց տալ երկնքից, քանի որ Երեւանը երկնքից եւս շատ լավ տեսք ունի»,-ասաց նա:

Արազ Բաղդասարյանի խոսքով`օդագնացության փառատոնը տեւելու է երեք օր: Մայրաքաղաքի երկնքում այդ օրերին կարելի կլինի տեսնել 14 օդապարիկ:

«Skayball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն էլ հավելեց, որ փառատոնին կմասնակցեն հինգ երկիր՝ Հայաստանը,  Բուլղարիան,  Լիտվան, Ռուսաստանը եւ  Բելառուսը: «Փառատոնի ընթացքում կանցկացվեն մի շարք մրցույթներ: Օդապարիկով հոկտեմբերի 14-ին իրավունք կունենան թռչել միայն լրատվամիջոցների նկարահանող խմբերը, ովքեր հնարավորություն կունենան 1.5 ժամվա թռիչքի ընթացքում նկարահանել մայրաքաղաքը երկնքից»,-ասաց նա:

Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը, սակայն, հնարավորություն կունենան օդապարիկով երկինք բարձրանալ հոկտեմբերի 15-ին՝ մասնակցելով եւ հաղթելով Հանրապետության հրապարակում անցկացվելիք մրցույթներին:  

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է հոլիվուդյան դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին

0

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին Հայաստանում՝ Նախագահը նշել է, որ մեծագույն հաճույք է տաղանդաշատ արվեստագետին հյուրընկալել մի երկրում, որտեղ շատ բարձր են գնահատում արվեստի ուժը, և որի ժողովուրդը դարերի ընթացքում կարողացել է ստեղծել մեծ մշակութային ժառանգություն ու ուրույն ներդրում ունենալ համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում:
«Գիտեմ, որ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենալու ըմբոշխնելու Ձեր արվեստի, Ձեր տաղանդի առանձնահատուկ մի դրսևորում, որտեղ միահյուսվում են երաժշտությունն ու գրականությունը: Վստահ եմ, որ Ձեր մասնակցությունը Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացման արարողությանը միշտ մնալու է հայ հանդիսատեսի հիշողության մեջ»,-ասել է Հանրապետության Նախագահը և հույս հայտնել, որ Հայաստան թեև կարճատև այցելությանը՝ Ջոն Մալկովիչը հնարավորություն կունենա տեղում ավելի լավ ճանաչելու Հայաստանն իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ և տաղանդաշատ մարդկանց մշտապես ակնածանքով վերաբերվող հյուրընկալ հայ ժողովրդին:
Ջոն Մալկովիչը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ խոսքերի, հյուրընկալության, ինչպես նաև այն աջակցության ու ուշադրության համար, որ Նախագահը հատկացնում է մշակույթի զարգացմանը, այդ թվում ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին, որի հետ համագործակցության շրջանակներում է ժամանել Հայաստան: Հայտնի արվեստագետը նշել է, որ անհամբեր է Երևանում ներկայացնելու նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Սերգեյ Սմբատյանի հետ մտահղացած համատեղ ձեռնարկը և հույս է հայտնել, որ այն սիրով կընդունվի հայ հանդիսատեսի կողմից:

Փրկարարները հրդեհի պատճառով Մոլդովական փողոցի շենքերից մեկից տարհանել են 16 բնակչի

0

Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում հոկտեմբերի 10-ին հրդեհ է բռնկվել:

 Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Նախնական տվյալների համաձայն`հրդեհը բռնկվել է հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Փրկարարները տարհանել են շենքի 16 բնակչի, որոնցից 4-ին ավտոսանդուղքի օգնությամբ:

Հայաստանն ու Իրանը խորացնում են համագործակցությունը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում

0

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 9-ին ստորագրվել են մի շարք համաձայնագրեր: «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ, ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարին:

Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հուշագրում ամրագրված է, որ Իրանի Իսլամական Հանրապետության Գիտության և տեխնոլոգիաների փոխնախագահությունը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման նպատակով, ելնելով փոխադարձ շահերից, իրենց իրավասությունների շրջանակում կնպաստեն և կաջակցեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը և նանոտեխնոլոգիաների տարբեր բնագավառներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փորձի փոխանակմանը։ Կողմերը կհամագործակցեն երկու երկրների համալսարանների և կազմակերպությունների միջև տեխնոլոգիաների փոխանակման գործընթացների պարզեցման ուղղությամբ։

Նախատեսվում է աջակցություն բուհական և ավագ դպրոցների մակարդակով նանոտեխնոլոգիաներին առնչվող կրթությանը, ներառյալ դասընթացների անցկացմանը և ենթակառուցվածքներին, որոնք անհրաժեշտ են կրթական և հետազոտական լաբորատորիաներին։ Կողմերը կհամագործակցեն նաև համատեղ դասընթացների, գիտաժողովների, սեմինարների կազմակերպման և նոնոտեխնոլոգիաների ոլորտի գիտնականների փոխանակման բնագավառներում։

Ըստ Հուշագրի, կողմերը կստեղծեն համատեղ աշխատանքային հանձնաժողով, որը կկազմի համագործակցության տարեկան ծրագրեր։ Աշխատանքային հանձնաժողովի հանդիպումները կկրեն կանոնավոր բնույթ, և դրանց ընթացքում կպլանավորվեն հետագա գործողությունները, կկատարվի փորձի փոխանակում, ինչպես նաև կդիտարկվի Հուշագրի իրականացման գործընթացում գրանցված առաջընթացը։ 

Ավարտվեց Բեյրութի մրցաշարը

0

Բեյրութի շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև հայ  շախմատիստներ, պատմության գիրկն անցավ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր Տիգրան Քոթանջյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Մարիա Գևորգյանը, 5 միավորով գրավեց 32-րդ տեղը:

Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող շախմատիստ Սերգեյ Վոլկովը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր

Հայաստանն ու Իրանը քննարկում են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր

0

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն իր կեցավայրում ընդունել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին և էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիին: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումների ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակից և վստահությամբ նշել, որ երկու հարևան պետություններն ունեն փոխգործակցության զարգացման մեծ հնարավորություններ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխշահավետ հարաբերություններին: Իրանական կողմն ընդգծել է, որ շահագրգռված են Հայաստանի հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ: 
Հանդիպմանը քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: 

Ջոն Մալկովիչի համար այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր ցավոտ դաս էր

0

 Հոլիվուդի լեգենդ, աշխարհահռչակ ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչը հոկտեմբերի 10-ին այցելեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ՝ նա շրջայց կատարեց թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին, ապա թանգարանի հուշամատյանում հակիրճ գրառում կատարեց.

«Ցավոտ դաս»:

Ջոն Մալկովիչը թանգարանում շրջայց կատարելուց հետո ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ, որից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա ասաց.

«Համոզված չեմ, որ կարող եմ ասել ավելին, քան ասվել է: Սա պարզապես ցավոտ դաս է այն մասին, թե ինչ են մարդիկ անում, թե ինչ սարսափելի արարքների են նրանք ընդունակ բացարձակ հիմար պատճառներով: Ամեն ինչն է հուզիչ, չեմ կարող որեւէ հատված, պատմության որեւէ մաս տարանջատել մյուսից: Դա սարսափելի էր»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց աշխարհահռչակ դերասանը՝ հավելելով, որ ցնցված է իր տեսածից ու լսածից:

Ջոն Մալկովիչի մասնակցությամբ հոկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը։ Մալկովիչը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Ամերիկացի դերասանը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի նովելից՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։

Կոսմետիկայի ոլորտում գործող հայաստանյան ընկերությունները առաջնորդվում են ԵԱՏՄ կանոնակարգով

0

Եվրասիական տնտեսական միությունում գործող տեխնիկական կանոնակարգման համակարգի գործառնությունը հայ մասնագետների համար առավել հասկանալի դարձնելու նպատակով Երևանում մեկնարկեց երկօրյա սեմինար: Միջոցառումն ունի պարբերական բնույթ և այս անգամ վերաբերում է չափագիտության ոլորտում ընդունված տեխնիկական կանոնակարգերին: Սեմինարը կազմակերպել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ համագործակցությամբ: Նպատակը՝ ԵԱՏՄ-ին համեմատաբար ավելի ուշ միացած երկրներում ապահովել կանոնակարգերի կիրարկման վերաբերյալ առավելագույն իրազեկվածություն: «Չափագիտական ոլորտում 10 նոր փաստաթուղթ է ընդունել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, այսօրվա հանդիպումն ուղղված է դրանց քննարկմանը, Հայաստանում դրանց կիրարկմանն ու լիազոր մարմինների կողմից բարձրացվող խնդիրների քննարկմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման բաժնի տնօրենի տեղակալ Լիլի Մաքսուդյանը:

Նա նշեց, թե որքան կարևոր է հայ տնտեսավարողների կողմից ակտիվության դրսևորումը նմանատիպ հարցերում, ցանկացած խնդրի դեպքում հանձնաժողով դիմելը, որպեսզի դրանց լուծման տարբերակներ մշակվեն: «Ես կխնդրեմ ԵԱՏՄ երկրների հետ աշխատող մեր տնտեսվարողներին ինչ-որ օղակում խնդիրներ ծագելու դեպքում դիմել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, ինչու չէ գրել մեզ ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով, քանի որ մենք շատ ուշադիր ենք անդամ հինգ երկրների տնտեսվարողների բարձրացրած հարցերին»,-ավելացրեց Լիլի Մաքսուդյանը:

Շուկայի վերահսկողության տեսչական ծառայության պետ Լևոն Խալիկյանը նկատեց, որ  իրենք որդեգրել են մի քաղաքականություն, ըստ որի՝ ցանկացած ոլորտում ստուգումներ իրականացնելուց առաջ հրավիրում են համապատասխան ոլորտի տնտեսավարողներին, նրանց տեղեկացնում առաջիկա ստուգումների մասին, մանրամասն ներկայացնում տեխնիկական կանոնակարգը, որպեսզի հետո անակնկալի չգան ստուգումների ժամանակ: «Տեսչական մարմնի հիմնական գործառույթը ոչ թե ստուգելն ու տուգանելն է, այլ՝ տվյալ ոլորտում օրենքի համապատասխանեցումը: Բավականին դրական արձագանքներ ունենք, կան տնտեսավարողներ, որ մինչ ստուգումը գրավոր դիմում են տեսչական մարմնին, որպեսզի ուսումնասիրենք իրենց փաստաթղթերը և մատնացույց անենք թերությունները, որ իրենք դա վերացնեն»,-ասաց Լևոն Խալիկյանը:

Հարցին, թե հիմնականում որ ոլորտներում են նկատվել ամենամեծ բացթողումները, Խալիկյանը նշեց՝ կոսմետիկայի և վառելիքի: Կոսմետիկայի ոլորտում Հայաստանը չուներ ազգային ստանդարտ ու մշակված տեխնիկական կանոնակարգ, ներկայում այդ ոլորտում գործող ընկերությունները՝ թե ներմուծող, թե արտադրող, առաջնորդվում են ԵԱՏՄ կանոնակարգով, այսինքն՝ պարտավորվում են ունենալ ապրանքի անվտանգության վերաբերյալ հավաստագիր և հայերեն մակնշում: Խախտումներ են նկատվել նաև վառելիքի ոլոտում, երբ բեզալցակայաններում թերալցման դեպքեր են արձանագրվել:

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական համակարգում մի շարք բարեփոխումներ են իրականացվում

0

Հայաստանի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում մի շարք բարեփոխումներ են իրականացվում: Ինչպես «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին  մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, դրանք հիմնականում միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերն են:

«Մեր ոլորտում այսօր գործունեություն իրականացնող դոնոր կազմակերպությունների թիվը հասնում է տասի, իսկ մեկուկես տարի առաջ աշխատում էին ընդամենը մեկ-երկուսը»,- ասաց նա:

Նոր ծրագրերից է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ իրականացվող «Դուալ» կրթական ծրագիրը: Արտակ Աղբալյանը նշեց, որ այն կիրականացվի փորձնական կարգով հանրապետության չորս ուսումնական հաստատություններում՝ չորս մասնագիտությունների գծով:

«Դուալ» կրթական ծրագիրը ենթադրում է երկակի կամ աշխատանքի ուսուցում, երբ ուսումնական գործընթացին զուգահեռ կիրականացվի նաև կոնկրետ պրակտիկայի վրա հիմնված ուսուցում: Այսինքն` հնգօրյա ուսուցման ընթացքում երկու կամ երեք օր ուսանողները կանցկացնեն քոլեջում կամ ուսումնարանում, մնացած երկու օրը՝ կոնկրետ գործատուի մոտ՝ կոնկրետ մասնագիտության գծով և ավելի պրակտիկ գիտելիքներ կստանան»,- նշեց Արտակ Աղբալյանը:

Նրա խոսքով՝ նախկինում անցկացվող ուսուցումը հիմնականում տեսական էր, իսկ որոշակի ժամաքանակով տրվող պրակտիկաներն ավելի ձևական բնույթ էին կրում:

«Այս պիլոտային ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններն են Տավուշի տարածաշրջանային քոլեջը (ավտոմեխանիկների, ավտոէլեկտրիկների պատրաստման գործընթաց), Վայոց Ձորի տարածաշրջանային քոլեջը (գինեգործություն), Երևանի հումանիտար քոլեջը (տուրիզմ), Շիրակի տարածաշրջանային քոլեջը (ՏՏ ոլորտ)»,- ասաց նա:

Արտակ Աղբալյանը նշեց, որ այս հաստատություններից յուրաքանչյուրն ունեն իրենց հստակ գործընկերը գործատուների դաշտում: Շիրակում Գյումրու տեխնոպարկն է, Եղեգնաձորում՝ գինեգործական ընկերությունները, Երևանում՝ մի քանի հայտնի հյուրանոցներ, իսկ Տավուշի մարզի Ենոքավանում տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող հայտնի ընկերություն է: Հետագայում փորձ է արվելու այս չորս մասնագիտությունների թիվն ավելացնել և «Դուալ» կրթական ծրագրում նորերը ընդգրկել:

Ոլորտում իրականցվող հաջորդ ծրագիրը ԵՄ բյուջետային աջակցությամբ է իրականացվում և ուղղված է գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացմանը՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևով: Ծրագիրն արդեն սկսված է և կավարտվի 2020 թվականին:

Իրականացվում է ծրագիր նաև «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հետ, որն ավելի շատ ուղղված է մասնագիտական կրթության ոլորտում ներառական կրթությանը:

Նախնական և միջին մասնագիտական հաստատություններն այս տարի աննախադեպ ընդունելություն են իրականացրել

0

Արհեստագործական և միջին մասնագիտական հաստատություններն այս տարի աննախադեպ ընդունելություն են իրականացրել: Ինչպես «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց   ՀՀ   կրթության    և  գիտության նախարարության նախնական (արհեստագործականև միջին մասնագիտական կրթության  վարչության պետ Արտակ Աղբալյանը, միջին մասնագիտական հաստատություններ են ընդունվել է 7 հազար 374 ուսանող, նախնական մասնագիտական հաստատություններ` 3 հազար 777:

«Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ ավելացել է: 2016-2017 ուսումնական տարվա տվյալների համեմատ այս երկու ուղղություններով ընդունելության ցուցանիշը 2000-ով ավելին է: Եթե նախորդ տարի մեծ թվով թափուր տեղեր էին մնում, չէին լրացվում, ապա այս տարի ունեինք մասնագիտություններ, որոնց գծով որոշ ուսանողներ նույնիսկ մրցույթից դուրս մնացին»,-ասաց Արտակ Աղբալյանը:

Շարունակում են մնալ, այսպես ասած, շաբլոն մասնագիտություններ, որոնք նախնական և միջին մասնագիտական հաստատություններ ընդունվողների կամ նրանց  ծնողների համար գրավիչ են: Դրանք են՝ հաշվապահական հաշվառում, աուդիտ, շուկայաբանություն, մենեջմենթ, բանկային գործ, ապահովագրական գործ: Մասնագիտություններ, որոնց աշխատանքի տեղավորման ցուցանիշը բավական ցածր է:

«Մենք գնում ենք այն ճանապարհով, որ մասնագիտությունները համապատասխանեցվեն շուկայական պահանջներին: Եվ դա արվի ըստ մարզերի զարգացման առանձնահատկությունների: Ասենք՝ Վայոց ձորը հայտնի է գինեգործության, զբոսաշրջության գծով, Սյունիքը` հանքարդյունաբերության, հենց այդ առանձնահատկություններից ելնելով էլ մասնագետներ պատրաստվեն»,-ասաց Արտակ Աղբալյանը:

Նախնական և միջին մասնագիտական հաստատություններն ավարտած ուսանողների շրջանում աշխատանքի տեղավորման միջին ցուցանիշը 45-65 տոկոս է: Կան մասնագիտություններ, օրինակ, սպասարկման ոլորտում, աշխատանքի տեղավորման ցուցանիշը հասնում է 90 տոկոսի: