Չորեքշաբթի, 30. 07. 2025

«Ես եմ» ծրագիրը որակապես կփոխի առաջնագծում ծառայության ընդհանուր մթնոլորտի պատկերը. Վիգեն Սարգսյան

0

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ակնկալում է, որ «Ես եմ»  ծրագրի արդյունավետ զարգացման պարագայում ծրագրի իրականացման երրորդ տարում առաջնագծում կլինեն միմիայն այս ծրագրով զորակոչված քաղաքացիներ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Պաշտպանության նախարարն այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում եւ հավելեց, որ ծրագիրը որակապես կփոխի առաջնագծում ծառայության ընդհանուր մթնոլորտի պատկերը:

«Ծրագրի հիմնական նպատակը պետք է լինի առաջնագիծը կամավոր ընտրած շարքային կարգի ձեւավորումը, սոցիալական վերելակի ստեղծումը երեք հիմնական սոցիալական ուղղվածության ծրագրերի ներդրմամբ. բնակարանային, կրթական, այսինքն՝ գումարը, որով կարող ենք փոխհատուցել ուսման վարձը, եւ գյուղատնտեսական, այսինքն՝ երբ այդպիսի ծառայություն անցած քաղաքացուն թույլ է տրվում այդ գումարն օգտագործել փոքր գյուղատնտեսական գործունեություն ծավալելու, օրինակ՝ ջերմոց կամ փոքր անասնաֆերմա ունենալու համար: Քննարկումների ընթացքում բազում առաջարկներ են հնչել այլ ուղղություններով ծրագրի կուտակածն օգտագործելու համար: Մենք բաց ենք այդպիսի քննարկումների համար: Օրենքը նախատեսում է, որ ծրագրերը սահմանվում են Կառավարության կողմից: Ժամանակ դեռ ունենք ավելի մանրամասն այն քննարկելու համար»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակներից է նաեւ հասարակություն-բանակ կապի ամրապնդումը:

«Քանի որ այս տեսակով ծառայություն անցնող մեր զինվորները յուրաքանչյուր ամիս ստանալու են մեկ շաբաթ արձակուրդ, այսինքն՝ մեկ շաբաթ տանն են անցկացնելու, մեկ շաբաթ զորամասում պատրաստվելու են մարտական հերթապահության, իսկ անմիջապես հաջորդ երկու շաբաթներն անցկացնելու մարտական հերթապահությունը: Ինչո՞ւ եմ ես ասում հասարակություն-բանակ կապի ամրապնդում, քանի որ զինվորների՝ այդ մեկ շաբաթում ընկերների, ընտանիքի հետ շփվելու պարագայում ձեւավորվելու են շատ ավելի մեծ թափանցիկություն եւ քաղաքացիական վերահսկողության հնարավորություն Զինված ուժերի նկատմամբ, այսինքն՝ ստեղծվելու է հնարավորություն՝ վեր հանելու խնդիրներ դրանց ձեւավորման պահին, այլ ոչ թե ծառայության ավարտին: Կարծում եմ՝ սա իրոք մեծ նշանակություն ունի»,-նշեց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ ժամկետային ծառայության պարտավորություն ունեցող քաղաքացիներին հնարավորություն է տրվելու անմիջապես անցնել պայմանագրային ծառայության եւ ստանալ որոշակի փոխհատուցում, եթե նրանք առաջնագծում ծառայությունն  ընտրում են կամավոր հիմունքներով:

Ադրբեջանական կողմի կրակոցից Հայաստանի սահմանային դիրքում զինծառայող է զոհվել

0

 ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Հրանուշ Հակոբյանը սփյուռքում հայկական մշակույթի ու լեզվի պահպանման մոտեցումները փոխելու անհրաժեշտություն է տեսնում

0

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայապահպանությունը սփյուռքի մեծագույն խնդիրն է համարում։ Նախարարը նշում է, որ սփյուռքում արդեն 4-րդ, 5-րդ սերունդն է ծնվում և ապրում օտար միջավայրում, օտար պայմաններում, առնչվում այլ մշակույթի և մոտեցումների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ այս պայմաններում հայերենը կամա թե ակամա «կուչ է գալիս», ավելի շատ դառնում է ընտանեկան լեզու, դրա օգտագործման տարածքը շատ նեղանում է: «Դրա համար մենք պետք է կարողանանք սփյուռքում աճող սերնդի, երիտասարդության մեջ հայոց լեզվի նկատմամբ սեր և ակնածանք ձևավորել, իսկ մեր սփյուռքի դպրոցները գնալով որակազրկվում են, քանի որ հայկական դպրոցը մրցունակ չէ անգլիական, ֆրանսիական, գերմանական դպրոցների կողքին: Բնականաբար, ծնողները նախընտրում են, որպեսզի իրենց երեխան օտար դպրոցում ավելի որակյալ կրթություն ստանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Նա շեշտեց, որ այստեղ հիմնական բեռն ընկնում է սփյուռքի կառույցների, համահայկական կազմակերպությունների, նաև եկեղեցու վրա՝ ինչպես տեղում կազմակերպել, որ հայկական դպրոցները սփյուռքում ծաղկեն և ավելանան: «Իսկ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ուսուցիչների վերապատրաստել, դասագրքերով ապահովել, ինչը մենք շատ հետևողականորեն անում ենք: Միայն այս տարի մենք արդեն 80 հազար կտոր գիրք ենք ուղարկել սփյուռքի 300-ից ավելի դպրոցներ, կառույցներ, կազմակերպություններ: Ես հիմա հպարտանում եմ, որ Վալենսիայում հայկական կառույցները միավորվել են, ձեռք ձեռքի են տվել և ամենօրյա հայկական դպրոց են բացում: Ես ինչպես չհպարտանամ և չխոնարհվեմ հայ կրթական-մշակութային միության ղեկավարության առջև, ովքեր Մարսելում մեր համազգային դպրոցն են պահում, իսկ այդ դպրոցը Ֆրանսիայի 5 հազար դպրոցների մեջ առաջին հարյուրյակում է: Այսինքն, եթե կա ցանկություն և նպատակադրում, պատասխանատվություն և հետևողականություն, ապա մենք կարող ենք նաև միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցներ պահել և զարգացնել: Իսկ այն համայնքները, որոնք թույլ են, կազմակերպված չեն, պատասխանատու չեն, միասնական չեն, այդ վայրերում դպրոցներ են փակվում կամ որակապես ավելի զիջում են»,- ընդգծեց նախարարը:

Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ սփյուռքում ավելի քան 1000  հայկական դպրոց կա, որոնցից 650-ը մեկօրյա կամ երկօրյա են՝ գործում են միայն շաբաթ և կիրակի օրերին: «Տեսեք, թե ինչ իրավիճակ է ստեղծվում: Օտար ափերում ապրող հայ երեխան տեսնում է, որ իր օտարազգի ընկերը շաբաթ և կիրակի օրերին գնում է հանգստանալու, ման գալու, իսկ իրենց ծնողը ձեռքից բռնած տանում է հայկական դպրոց, ինչն իրեն այդքան էլ հաճելի չէ: Մենք պետք է փոխենք մոտեցումը: Մենք պետք է կարողանանք 5 օրվա ընթացքում այն դպրոցներում, որտեղ շատ հայ երեխաներ են սովորում, անցկացնել հայոց լեզվի ֆակուլտատիվ կամ պարտադիր դասավանդում: Այդ նույն դպրոցներում մեր հայ ուսուցչուհիներին ուղարկենք, որպեսզի դասերից հետո թեկուզ մեկ ժամ հայերեն պարապեն, որպեսզի երեխաները չզրկեն հանգստից»,- մանրամասնեց Հակոբյանը:

Նախարարը ողջունում է «Արմաթ» խմբակի նախաձեռնությունը, որը ստեղծել է ինժեներական ռոբոտաշինություն, ինչի շնորհիվ բարձր տեխնոլոգիաների միջոցով  կարողանում են երեխաներին ստիպել հաճախել իրենց լաբորատորիաներ, որտեղ ամեն ինչ հայերեն լեզվով է: «Այսինքն, որպեսզի երեխան կարողանա աշխատեցնել ռոբոտը կամ համակարգիչը, նա անպայման պետք է հայերեն իմանա, որպեսզի կարողանա համապատասխան ստեղնը նշել, համապատասխան հրամանը տալ: Այս պարագայում հայերենը երեխայի համար հետաքրքիր է դառնում: Երեխան ձգտում է սովորել հայերեն, որպեսզի կարողանա այդ հրաշալի լաբորատորիաներում իրեն դրսևորել: Հետևաբար, այստեղ անելիք ունեն նաև մեր բարձր տեխնոլոգիաների մասնագետները; Մենք պետք է կարողանանք նաև բարձր տեխնոլոգիաները ծառայեցնել հայկական մշակույթի, լեզվի պահպանությանը»,- ասաց Հրանուշ Հակոբյանը՝ մատնանշելով նաև ՀԲԸՄ վիրտուալ քոլեջը, որտեղ ծով գիտելիքներ կան հայապահպանության, հայկական մշակույթի, հայերենի և այլնի մասին:

Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ շատ կարևոր նախաձեռնություն կլինի էլեկտրոնային դպրոցի ստեղծումը, որպեսզի ցանկացած հայ՝ անկախ տարիքից, հնարավորություն ունենա սեղմել ստեղնը և ստանալ գիտելիք հայերենով:

«Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնյաները կաշառքի դիմաց դատապարտյալներին թույլ են տվել զբաղվել թղթախաղով, օգտագործել թմրանյութ. նոր մանրամասներ

0

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների բազմաթիվ դրվագներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Այսպիսով, կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար պաշտոնատար անձինք և նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ վերը նշված կոռուպցիոն հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու, ինչպես նաև հանցավոր շղթայում ներգրավված պաշտոնատար բոլոր անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ կատարվում են օպերատիվ-հետախուզական և անհետաձգելի քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա  մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`  օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Կարաւան 1915»՝ Թուրքիոյ Մէջ Հայոց Ցեղասպանութեան Մասին Պատմող Նոր Ժապաւէն

0

Ուրբաթ, 6 Հոկտեմբերին, Թուրքիոյ մէջ ցուցադրուելու կը սկսի Հայոց Ցեղասպանութեան   մասին պատմող նոր ժապաւէն մը, որ կը կրէ «Կարաւան 1915» խորագիրը:

Ըստ «Ասպարէզ»-ի՝ թրքական «Պէյազփերտէ» (Beyazperde) կայքը կը հաղորդէ, որ տեղի պիտի ունենայ «Կարաւան 1915» ֆիլմի անդրանիկ ցուցադրութիւնը, որուն պիտի մասնակցի Թուրքիոյ մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Նուման Քուրթուլմուշ:

Ըստ կայքին՝ թուրք բեմադրիչը կը նշէ, թէ իր ֆիլմին մէջ ինք չի փորձեր ցոյց տալ թէ ցեղասպանութիւն եղած է կամ հակառակը, այլ պարզապէս կը ներկայացնէ կառաւանի մը պատմութիւնը, որուն յանձնարարած էին Կիրեսունի մէջ ապրող 200 հայեր տեղափոխել Հալէպ եւ ընթացքին ան «անձնուիրաբար» կը պաշտպանէ իրեն «վստահուած» հայերը աւազակներու յարձակումներէն:

Ան կը շեշտէ, թէ Կիրեսունէն Հալէպ երթալու ընթացքին զանազան վայրերու մէջ ֆիլմի հերոսները ականատես կ՛ըլլան կոտորածներու տեսարաններու:

Ֆիլմին երաժշտական ձեւաւորումը իրականացուցած է Սուրէն Ասատրեան:

Իրանի Մէջ Հայաստանի Արուեստի Հնագոյն Ստեղծագործութիւնները Պիտի Ցուցադրուին

0

Հոկտեմբեր 17-էն Յունուար 17, Թեհրանի Ազգային թանգարանին մէջ Հայաստանի հնագոյն արուեստի ստեղծագործութիւններ պիտի ցուցադրուին: Այս մասին, ըստ Artsakhpress.am-ի, կը հաղորդէ Financial Tribune- ը:

Հայաստանի Պատմութեան թանգարանի ներկայացուցիչները տարած են 103 արուեստի գործ, որոնք կը թուագրուին 4-րդ հազարամեակէն մինչեւ ՔԱ 1-ին դար: Յատուկ ուշադրութիւն կը դարձուի Ուրարտուի քաղաքակրթութեան հետ կապուած արուեստի գործերուն:

Ցուցահանդէսը նուիրուած է Իրանի Ազգային թանգարանի 80-ամեակին եւ կազմակերպուած է Իրանի Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան եւ Հայաստանի Մշակոյթի նախարարութեան միջեւ ստորագրուած յուշագիրի ծիրէն ներս:

Հայաստանի Ոսկերիչները Միջազգային «JUNWEX» Ցուցահանդէսէն 580 Միլիոն Դրամի Արտահանման Պատուէրներով Վերադարձած են

0

Հայաստանի զարգացման հիմնադրամին աջակցութեամբ՝ ոսկերչական 5 ընկերութիւններ աշնանային «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդէսին 1.2 միլիոն տոլարի արտահանման պատուէրներ ստացած են: Ըստ Armenpress.am-ի՝ այս մասին փոխանցած են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատուական ծառայութենէն։

Հայկական ընկերութիւնները ցուցահանդէսի օրերուն, յատկապէս ռուսական մեծածախ գնորդներու հետ, կնքած են արտահանման 5 պայմանագիր, եւս 16-­ը բանակցութիւններու փուլի մէջ են, որոնք էականօրէն պիտի աւելցնեն «JUNWEX Moscow­2017»-­ին կնքուած արտահանման պայմանագիրներու ընդհանուր ծաւալը: Հայկական թանկարժէք զարդերը ընդունուած են նաեւ ցուցահանդէսի ոչ մասնագիտացած այցելուներուն մէջ, որոնք ձեռք բերած են 34,000 տոլարի թանկարժէք զարդեր:

«Արաբական շուկան նոյնպէս մեզի համար թիրախային է, ուստի նպատակ ունինք միասնական հայկական տաղաւարով մասնակցելու նաեւ Տուպայի «Վինչենցաորօ» ցուցահանդէսին, որուն համար Մոսկուայի մէջ արդէն հանդիպած  եւ բանակցած ենք կազմակերպիչներու հետ` մեր արտադրողներուն աւելի լաւ պայմաններ տրամադրելու շուրջ»,- նշած է Հայաստանի զարգացման հիմնադրամի Ձեռնարկներու կազմակերպման խումբի ղեկավար Մարքուս Ազատեանը: ՀԶՀ խումբը նաեւ հանդիպում կազմակերպած է Հայ Ոսկերիչներու ընկերակցոթեան (AJA) նախագահ Գագիկ Գէորգեանի հետ, որ պատրաստակամութիւն յայտնած է աջակցելու ոսկերչական հայկական արտադրանքի առաջմղման` միջազգային շուկայի մէջ:

Գրախօսական – «Նրանք Նկարում Էին Պատերազմը»

0

*ՇԻՐԱԶ ՃԷՐԷՃԵԱՆ*

Ինչպէս օրին անդրադարձած էինք «Զարթօնք»ի 80 ամեակի առիթով կազմակերպուող ձեռնարկներու ծիրէն ներս7 Սեպտեմբեր 2017-ի Պէյրութի Թէքէեան Կեդրոնին մէջ տեղի ունեցաւ «Նրանք Նկարում Էին Պատերազմը» իւրայատուկ ժողովածոյին՝ Շնորհահանդէսին:

Շնորհահահնդէսի նիւթ գիրքը, պատրաստուած էր լրագրողներ՝ Անահիտ Յարութիւնեանի եւ Ռուզան Բագրատունեանի կողմէ կընդգրկէ հարցազրոյցներ 34 անձերու հետ, որոնք 1991-1994-ին եղած են Արցախի ճակատներուն վրայ եւ վաւերացուցած են Արցախեան պատերազմի տարեգրութիւնը: Գիրքին մէջ տեղ գտած են նաեւ անոնց կենսագրական տուեալները, ֆիլմագրութիւնը եւ անոնց նկարահանումներու ընտրանին` երկու խտասկաւառակով:

Նշեալ հատորը այդ օր հանգամանօրէն ներկայացուց երիտասարդ լրագրող՝ Շիրազ Ճէրէճեան:

 

Ստորեւ կը ներկայացնենք ժողովածուին շահեկան գրախօսականը (արտասանուած վերոյիշեալ ձեռնարկին) Շիրազ Ճէրէճեանի կողմէ՝ իր տեսանկիւնէն դիտուած:

 «Խմբ.»

«Ապրիլ 1-ի լոյս 2-ի գիշերը շփման գիծի հարաւին, հարաւ արեւելեան եւ հիւսիս արեւելեան ուղղութիւններով հակառակորդը ձեռնարկած է բացայայտ յարձակողական գործողութիւններու՝ այլ զէնքերու հետ միասին գործածելով նաեւ հրետանի, զրահապատ մեքենաներ եւ օդուժ: Արցախի պաշտպանութեան բանակը կը յայտարարէ, որ բացի առաջնագիծին վրայ ընթացող մարտերէն, հակառակորդը հրետանային հարուածներ հասցուց խաղաղ բնակավայրերու եւ շարք մը զօրամասերու մնայուն տեղակայման վայրերուն: Այս պահի դրութեամբ ղարաբաղա-ազրպէյճանական հակամարտ զօրքերու շփման գիծի ողջ երկարութեամբ տեղի կ’ունենան թէժ բախումներ: Պաշտպանութեան բանակի յառաջապահ ստորաբաժանումները կը վարեն յուսալի պաշտպանական մարտեր: Բացի ազրպէյճանական զինուժին հասցուցած այլ կորուստներէն, պաշտպանութեան բանակի հակաօդայինները հիւսիսային հատուածին մէջ խոցած են հայկական դիրքերուն ուղղութեամբ գրոհող թշնամական մէկ ուղղաթիռ»:

 

Այս Արցախի պաշտպանութեան բանակի հրապարակած առաջին յայտարարութիւնն էր, անցեալ տարուան ապրիլեան պատերազմի առաջին ժամերուն: Համացանցային էջերուն վրայ յայտարարութիւնը յայտնուեցաւ արդէն առաւօտեան ժամը 8:21-ին, բախումներու թէժացումէն շատ կարճ ժամանակ ետք: Եւ անշուշտ այդ յայտարարութեան յաջորդած չորս օրերու զարգացումներուն ծանօթ էք բոլորդ: Հայաստանի մէջ, Լիբանանի եւ այլուր, պահ առ պահ յաջողեցանք հետեւիլ ռազմական գործողութիւններուն, ոչ միայն գրաւոր եւ բանաւոր յայտարարութիւններով, այլ անմիջական լուսակարներով, շփման գիծին եւ թիկունքի վրայ նկարահանուած բազմաթիւ տեսագրութիւններով: Հակառակ Ազրպէյճանի ժխտումներուն, առաջին խոցուած ուղղաթիռին տեսարանները տարածուեցան համացանցով մէկ, կարճ ժամանակ ետք արցախեան բանակը նաեւ անօդաչու թռչող սարքերով նկարահանեց հայկական դիրքերուն մօտ սպանուած ազրպէյճանցի զինուորներուն մարմինները, Ստեփանակերտի մէջ հաստատուեցաւ տեղեկատուական պաշտօնական կեդրոն, տրուեցան մամլոյ ասուլիսներ, միջազգային լրատուամիջոցներու եւ գործակալութիւններու ներկայացուցիչները ներկայ էին հետեւելու զարգացումներուն, կացութեան մասին տեղեկացնելու աշխարհին: Սակայն այս բոլորը 2016 թուականին էր: 25 տարիներ առաջ, Արցախի ազատագրական պայքարի ամէնէն ծանր օրերուն, լրատուական արհեստագիտութիւնը այն չէր, ինչ է այսօր, համացանցի տարածումը տակաւին շատ սահմանափակ էր, թուային նկարահանումի հնարաւորութիւն չկար, նոյնիսկ լուսանկարչական եւ տեսագրական մեքենաներուն մարտկոցներուն կեանքը աւելի կարճ էր: Այսուհանդերձ, այդ օրերուն մենք ունեցանք յանդուգն մարդիկ, մէկ խօսքով հերոսներ, որոնք իրենց կեանքը վտանգեցին, ամէն եւ որեւէ գնով փորձեցին հասնիլ ճակատներ, հետեւիլ ազատագրական պայքարի իւրաքանչիւր հանգրուանին եւ վերադառնալ շատ սուղ նիւթերով, նիւթեր, որոնք օրին մասամբ գործածուեցան հաղորդումներու համար, աւելի ուշ անոնց վրայ հիմնուելով արտադրուեցան ֆիլմեր եւ հաղորդաշարեր: Մինչեւ օրս, արցախեան մարտերը նկարած հերոսներու տեսագրութիւններուն կը հանդիպինք ամէնուրեք, սակայն շատ քիչ գիտենք անոնց՝ իրենց կեանքը վտանգած նկարողներուն մասին: Այս գիրքը կը միտի լուսարձակի տակ առնել խումբ մը նկարողներու աշխատանքը, պատմել անոնց աշխատանքային պատմութիւնը, ընդգծել անոնց ապրած դժուարութիւնները, ապրումները, մտորումներն ու զգացումները: Այս առումով, գիրքը հայեացքները կը սեւեռէ արցախեան պատերազմի մէկ մութ անկիւնին վրայ, այն յոյսով, որ յետագային պարզուին յաւելեալ մանրամասնութիւններ:

«Նրանք Նկարում էին Պատերազմը. Կինովաւերագրողները Արցախեան Պատերազմում» գիրքը նուիրուած է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան եւ Հայաստանի զինուած ուժերու կազմաւորման 25 ամեակին: Անոր մէջ ընդգրկուած են 2012-2017 թուականներուն «kinoashkharh.am» կայքին մէջ «Պատերազմի վաւերագրողները» խորագրով հրապարակուած հարցազրոյցները: Խօսքը կը վերաբերի 34 նկարիչներու, բեմադրիչներու եւ սենարիստներու, որոնք 1991-1994 թուականներուն գործած են Արցախեան պատերազմի առաջին ճակատին վրայ, պատրաստած են պատերազմի տարեգրութիւնը: Գիրքին մէջ ներկայացուած են հարցազրոյցներ այդ 34 անձերուն հետ, անգլերէն եւ հայերէն լեզուներով: Իւրաքանչիւր հարցազրոյցի կից նաեւ ներկայացուած է անձին հակիրճ կենսագրութիւնը, ինչպէս նաեւ ֆիլմագրութիւնը: Անոնցմէ մէկ մասին կատարած նկարահանումներու ընտրանին գիրքին հետ ներկայացուած է երկու խտասկաւառակներու կամ DVD-ներու մէջ: 432 էջերէ բաղկացած այս գիրքը նախատեսուած է Հայաստանի նորագոյն պատմութեան, մասնաւորապէս Արցախի ազատագրական պայքարի, պատերազմի ֆիլմավաւերագրութեան հարցերով զբաղող մասնագէտներու, միջազգայնագէտներու, ուսանողներու եւ ընթերցողներու հանրութեան համար: Գիրքը կազմողներ՝ Ռուզան Բագրատունեանը եւ Անահիտ Յարութիւնեանը գիրքի մշակման աշխատանքներուն համար համագործակցած են պաշտպանութեան նախարարութեան եւ Արցախի պաշտպանութեան բանակի հասարակայնութեան հետ կապի բաժանմունքներուն հետ: Գիրքի խորհրդատուն է Սենոր Հասրաթեանը, խմբագիր՝ Անահիտ Յարութիւնեանը, իսկ թարգմանիչ՝ Սուզանա Սարգսեանը: Գիրքը հրատարակութեան պատրաստած են Հայաստանի ազգային կինոկեդրոնը եւ Հոգեւոր Հայաստան մշակութային հասարակական կազմակերպութիւնը, Հայաստանի մշակոյթի նախարարութեան ֆինանսական աջակցութեամբ: Գիրքի 34 հերոսներուն հետ հարցազրոյցներ վարած են Ալիսա Գէորգեանը, Նայիրա Փայտեանը, Նանա Պետրոսեանը եւ Ռուզան Բագրատունեանը: Հարցազրոյցներու նիւթերուն կողքին ներկայացուած են վաւերագրողներու դիմանկարները, նաեւ լուսանկարներ Արցախեան պատերազմէն: Վաւերագրողներու անձնական լուսանկարներուն կողքին նաեւ զետեղուած են Կարէն Գէորգեանի հեղինակած լուսանկարներ, որոնք կը պահուին Հայոց ազգագրութեան եւ ազատագրական պայքարի պատմութեան ազգային թանգարանին մէջ:

Արցախի ազատագրական պայքարի նկարահանումներու տարեգրութիւնը առաջին անգամ ներկայացնելուն կողքին, գիրքին արժէքը կը կայանայ իր պարունակած կենսագրական, մասնագիտական, պատմական եւ ռազմահայրենասիրական տեղեկութիւններուն ու բովանդակութեան մէջ: Գիրքին 34 հերոսները բեմադրիչներ են, նկարահանողներ եւ պատմագրողներ: Անոնք արցախեան պատերազմը վաւերագրած են գրեթէ բացառաբար սեփական, շատ սուղ միջոցներով, մեծամասնութեամբ անձնական նախաձեռնութեամբ, այս կամ այն ջոկատին հետ համագործակցելով: Քիչ եղած են պարագաներ, երբ կիսատ կազմակերպուած խմբակներ գործուղղուած են Արցախ, ապահովելու համար տեսագրութիւններ՝ տեղական ու միջազգային լրատուամիջոցներուն համար: Ապագայ վաւերագրողներէն ոմանք նոյնիսկ նկարելու տարրական կանոններուն եւ մեթոտներուն ծանօթ չէին: Ռուբէն Յովհաննիսեան կը պատմէ, որ պարզապէս կը սիրէր նկարել, ուստի տեսախցիկ մը ճարեց եւ սկսաւ նկարել: Վարդան Յովհաննիսեանին ընկերը տուած է տեսախցիկ, որպէսզի նկարէ 1988-ի շարժումը, իսկ Շաւարշ Վարդանեանին տեսախցիկ տրամադրած էր Գէորգ Էմինը: Շատերու համար պատերազմը տեսագրելը եղած է պարտականութիւն: Անոնք նաեւ լաւ իմացած են, թէ եթէ պատերազմին մասնացած չըլլային, յաւելեալ ֆիլմեր նկարելու առիթ կրնային ունենալ եւ աւելի դրամ շահիլ: Սակայն անոնք չեն հանդուրժած մնալ ճակատէն հեռու, մինչ այլ երիտասարդներ իրենց կեանքը կը զոհէին առաջին գիծին վրայ: Ուստի, ուզած են ինչ որ ձեւով օգնել ռազմական ընդհանուր ճիգերուն: Անոնք լաւ իմացած են, որ իրենց տեսագրութիւնները աւելի եւս պիտի գործածուին ապագային: «Պէտք է մեզմէ ետք եկողները իմանան, թէ ինչ պատահած է այնտեղ»: Այս առումով գիրքը կը շեշտէ վաւերագրողներուն նուիրումը, անձնազոհութիւնն ու հայրենասիրութիւնը:

Հարցազրոյցներուն մէջ կը բացայայտուին այն ահաւոր դժուարութիւնները, որոնց դէմ յանդիման կու գային նկարահանողները: Տեսախցիկներու բացակայութիւնը միայն մէկ օրինակ է: Գլխաւոր այլ հարց մը էր ժապաւէններու սակաւ թիւը: Այն ատեն համակարգիչ, USB եւ Memory Card չկար: Շատ մը պարագաներու նկարողները ստիպուած եղած են տեսագրել նախապէս տեսագրուած ժապաւէններու վրայ: Այսինքն, ջնջել ու վերստին նկարել: Իսկ նիւթերը տեղ հասցնելը ինքնին տագնապալի եղած է: Մերթ վտանգաւոր ճամբաներով, մերթ զինուորական ուղղաթիռներով անոնք նիւթերը փոխադրած են Երեւան ու սփռած աշխարհով մէկ: Եղած են պարագաներ, երբ օրինակ Արցախի հեռուստատեսութեան շէնքը ռմբակոծուած է, արխիւը գրեթէ ամբողջութեամբ՝ հրկիզուած: Ահա այսպիսի դժուարութիւններով անոնք կատարած են իրենց աշխատանքը: Այս առումով գիրքը լուսարձակի տակ կ’առնէ վաւերագրողներուն վճռականութիւնը եւ պատերազմական ջանքերուն օժանդակելու յանձնառութիւնը:

Գիրքին մէջ ներառուած հարցազրոյցները կը ներկայացնեն Արցախի հեռուստատեսութեան ծնունդը, 1988 թուականին: Ճիշդ է, գլխաւոր կեդրոնացումը 1991-1994 թուականներու պատերազմական գործողութիւններու ժամանակաշրջանին վրայ է, սակայն շատերու աշխատանքը սկսած է Արցախեան պայքարի ծնունդով՝ 1988 թուականին: Այդ օրերուն, անոնք գաղտնի նկարած են ժողովրդային հաւաքները, ապա Երեւան, Մոսկուա եւ այլ վայրեր ուղարկած տեսագրութիւնները: Հետեւաբար, գիրքը որոշ պատմական տուեալներ կը փոխանցէ արցախեան ազատագրական շարժումի ծննդեան, անոր առաջին հանգրուանի ցոյցերուն եւ լուրջ պատերազմական գործողութիւններուն նախորդած ընդհարումներուն մասին:

Հարցազրոյցներուն մէջ կը բացայայտուի նկարահանման եւ բեմադրութեան արուեստի մասնագիտական, գեղեցկագիտական բաժինը եւս: Յաճախ կը խօսուի զինուորներուն, թիկունքը պահող քաղաքայիններուն, անմեղ երեխաներուն, ցաւող կիներուն եւ ծերունիներուն դէմքի արտայայտութիւնները նկարելու մասին, որովհետեւ այդ դէմքերը կը պատմէին մէկ կողմէն պատերազմի արհաւիրքին, սիրելիներու կորուստին եւ վիրաւորներու ցաւին, միւս կողմէ ապրելու եւ յաղթելու վճռականութեան մասին: Այսպէս, Գագիկ Յարութիւնեան օրինակ կ’ըսէ, որ իրենք կը ներկայացնէին ժողովուրդին ընդհանուր ցաւը, ոչ միայն Արցախի հարցը: Հարցազրոյցները չեն քօղարկած որոշ սխալներ, որոնք օրին կատարած են վաւերագրողները: Անոնք կը խոստովանին, թէ անփորձ էին, ծանօթ չէին ռազմական նկարահանումի կանոններուն եւ օրէնքներուն, ուստի նոյնիսկ եղած են պարագաներ, որ ցուցադրուած հաղորդումներէն գուցէ օգտուած է հակառակորդը:

Արթուր Ներսիսեան կը պատմէ, թէ ինչպէս իր տեսախցիկին լամբը գործածած է վիրաւորի մը ասեղով սրսկումը դիւրացնելու համար: «Պատերազմի ժամանակ լրագրութեան բոլոր կանոնները, սկզբունքները կը խախտուին: Գուցէ այլ պատերազմ լուսաբանած ատեն կրնաս չէզոք ըլլալ, սակայն քու պատերազմիդ պարագային կը խախտես բոլոր կանոնները, որովհետեւ պատերազմող կողմերէն մէկը դուն ես», կ’ըսէ Էտիկ Պաղտասարեան: Այսուհանդերձ, պատերազմը վաւերագրողները կը ներկայացնէին իրականութիւնը՝ ինչպէս որ է, դիտուած ճակատի հայկական կողմէն: Չմոռնանք նաեւ, որ այդ օրերուն մոնթաժի հնարաւորութիւնները այսօրուայ նման զարգացած չէին: Այսօր շատ դժուար է առաջին հայեացքով հաւատալ որեւէ տեսագրութեան ճշմարտացիութեան, սակայն այդ օրերուն տարբեր էր:

Կռուո՞ղ, թէ վաւերագրող: Այս հարցումը յաճախ հարցուած է գիրքի հարցազրոյցներուն ընթացքին եւ պատասխանը գրեթէ միշտ եղած է՝ «երկուքը»: «Մէկ ձեռքին զէնք, միւսին տեսախցիկ», այսպէս մարտի դաշտ ուղղուած են շատեր: Գրիգոր Աւետիսեան Արցախ մեկնած է Սասունցի Դաւիթ ջոկատին հետ: Առաջին մարտին շատ զոհեր տուած են, ան ստիպուած եղած է տեսախցիկը մէկ կողմ դնել եւ զէնք վերցնել, որովհետեւ կռուողի պէտք կար: Վարդգէս Ուլուպապեան մինչ այդ կը պատմէ, թէ ինչպէս տեսախցիկին մարտկոցը միայն 15 վայրկեան կը բաւէր, որմէ ետք ինք տեսախցիկը ուսին կը նետէր, զէնքը կ’առնէր ու կը մասնացէր մարտերուն: Այս առումով լաւագոյն օրինակներէն է Սէրգէյ Համբարձումեանը, որուն պայքարը սկսաւ տեսախցիկով, ապա ան դարձաւ հրամանատար ու զոհուեցաւ Խոճալուի մէջ:

Եւ այսպէս, պատերազմին զոհուածներու եւ վիրաւորուածներու շարքին են նաեւ այս գիրքի հերոսները: Ոմանք գերի ինկած են ազրպէյճանցիներուն ձեռքը, ուրիշներ ուղղակի թիրախ դարձած են հակառակորդի կրակոցներուն եւ ռումբերուն: «Նկարիչը եւս կռուի դաշտ կ’երթայ առանց գիտնալու, թէ արդեօք պիտի վերադառնա՞յ: Եթէ լաւ պատկեր նկարես, կը նշանակէ որ լաւ դիպուկահար ես», կ’ըսէ Բենիամին Ղարախանեան:

Գիրքը միաժամանակ հայ զինուորի քաջութեան ապացոյցն է: Կը պատմուի, թէ ինչպէս նահանջի տեղ ունենալով հանդերձ, մարտիկներու խումբ մը մինչեւ վերջ որոշած էր մարտնչել, երեւոյթ մը որ նաեւ կրկնուեցաւ անցեալ տարուայ ապրիլեան պատերազմին ընթացքին: Ոչ միայն զինուորին, այլ հողին վրայ ապրող արցախցիին յանդգնութիւնը ներկայացուած է այստեղ: Կը պատմուի 13 տարեկան պատանիի մը մասին, որ առանց վախնալու հակառակորդի գնդացիրէն, քաջաբար լեռներուն վրայ կ’օգնէ վաւերագրողներու աշխատանքին:

Հարցազրոյցներուն մէջ նաեւ ակնյայտօրէն կը յայտնուի հայ մարտիկին, հայ հրամանատարին ազնուուոթիւնը եւ մարդասիրութիւնը: Վաւերագրողները կը պատմեն, թէ ինչպէս հայ հրամանատարը նոյնիսկ ամէնէն դժուար պահերուն կը փորձէր յարգել կանոնն ու մարդկայնութիւնը, անհրաժեշտութեան պարագային պատժելով նոյնիսկ սխալներ թոյլ տուած սեփական զինուորներուն, մինչ միւս կողմէ ազրպէյճանցիները տեղի կ’ու տային բազմաթիւ խախտումներու, որոնցմէ մասնաւորաբար կեդրոնացում կայ Խոճալիի մէջ պատահած դէպքերուն վրայ: Այս առումով, գիրքը յստակօրէն կը բացայայտէ հայ եւ ազրպէյճանցի կռուողներուն միջեւ բարոյահոգեբանական կառուցուածքի մեծ տարբերութիւնը:

Թէեւ պատմութեան գիրք չէ, այնուամենայնիւ այստեղ մենք կը գտնենք բազմաթիւ դրուագներ՝ Արցախեան ազատագրական մարտի բոլոր ճակատներէն: Շատեր խօսած են Գետաշէնի, Շահումեանի մարտերուն, ազրպէյճանական ուժերու իրագործած ՕՂԱԿ գործողութեան մասին, որուն ծիրին մէջ քննադատութեան ենթարկուած են օրին Խորհրդային Միութեան շրջանային պատասխանատուները: Վարդան Յովհաննիսեան, օրինակ, ֆետայիներուն նկարած է թիկունքէն, չբացայայտելու համար անոնց երեսները, որովհետեւ հայ ֆետայիները այն ատեն զինեալ ծայրայեղականներ կը համարուէին: Յատուկ կեդրոնացում կայ Շուշիի ազատագրութեան հերոսական գործողութեան վրայ, որուն տեսագրութիւնները եւ նկարները կը տեսնենք ամէն օր, առանց իմանալու թէ որոնք են հեղինակները: Անշուշտ, աշխատանքի բերումով, վաւերագրողները ծանօթացած, ապրած ու աշխատած են Արցախեան պատերազմի բազմաթիւ հրամանատարներու եւ հերոսներու հետ, ինչպիսին են Մոնթէն, Վազգէն Սարգսեանը, Թաթուլ Կրպէեանը, Սպիտակ Արջը, Ռէմ Մարտանեանը եւ շատ ուրիշներ: Գիրքին մէջ կը պատմուին նաեւ անոնց պատմութիւնները եւ հերոսութիւնները: Այս առումով գիրքը բաւական հարուստ է առաջին ականատեսի վկայութիւններով, ինչ որ կը հարստացնէ Արցախի մասին արդէն իսկ գոյութիւն ունեցող տարեգրութիւնը եւ նիւթերը:

Հարցազրոյցներէն անպակաս են Հայաստանի այսօրուայ որոշ ժխտական երեսներուն մասին անդրադարձները: «Այսօր ազատամարտիկներէն շատեր կ’աշխատին բարերարի կարգավիճակի մէջ յայտնուած մարդոց մօտ, որոնք այդ ժամանակ ոչ թէ կը կռուէին, այլ նիւթական կուտակումներով զբաղած էին», այսպէս նշուած է հարցազրոյցներէն մէկուն մէջ: Իսկ Վրէժ Պետրոսեան մտահոգութիւն կը յայտնէ դատարկուող գիւղերուն մասին եւ հարց կու տայ, թէ արդեօք կարելի չէ ազատագրուած հողերու վերաբնակեցում ապահովել: Ոմանք անուղղակիօրէն կը բողոքեն իրենց հետ ցուցաբերուած արհամարհական կեցուածքէն: «Շատ շքանշաններ ունիմ, վատ չէր ըլլար, եթէ փոքրիկ յուշամետալ մըն ալ յիշեցնէր արցախեան պատերազմի ժամանակ կատարած աշխատանքի մասին: Այդ ինծի համար կարեւոր չէ, բայց թոռնիկներուս համար, գուցէ ինչ որ բան նշանակէ», կ’ըսէ Պորիս Յովսէփեան: Այս ձեւով անգամ մը եւս լուսարձակի տակ կ’առնէ այսպիսի մարդոց արժէքը լաւապէս իմանալու եւ գնահատելու անհրաժեշտութիւնը, բան մը որուն յաճախ կ’անդրադառնայ գիրքը:

Խօսելով վաւերագրական ֆիլմերը այսօր քարոզչական նպատակներով գործածելու մասին, բեմադրիչ Ռուբէն Գէորգեան կ’ըսէ, որ այդ ուղղութեամբ յաջողութիւնները քիչ են, որովհետեւ չկայ համակարգուած աշխատանք: Յակոբ Պօղոսեան ցաւով կը նշէ, որ Արցախեան պատերազմի յաղթանակի քարոզչութիւն ժողովուրդին մօտ այսօր չի կատարուիր: Քարոզչութեան կարեւորութիւնը շեշտելու համար կարգ մը վաւերագրողներ կը պատմեն, թէ ինչպէս ազատագրական պայքարի ֆիլմեր ցուցադրած են այսօրուայ զինուորներուն, մեր սահմանի պաշտպաններուն, որպէսզի քաջալերուին նախորդ սերունդի իրագործումներով եւ հերոսութեամբ:

Հարցազրոյցներուն մէջ նաեւ կը խօսին հայ ֆիլմի դիմագրաւած խնդիրներուն մասին: Արա Շարբաթեան ցաւոտ կը համարէ հայ կինոյի այսօրուան վիճակը, մանաւանդ Հայֆիլմ սթիւտիոյի փակումէն ետք: «Դրամ ունեցողները այսօր Հայաստանի մէջ անդադար եկեղեցիներ կը կառուցեն: Լաւ կ’ըլլար, որ մէկն ալ հայֆիլմ կառուցէր: Այդ ալ իւրօրինակ եկեղեցի մըն է», կ’ըսէ Լեւոն Աթոյեանց: Անդրադարձ կայ նաեւ Հայաստանի մէջ «կինոյի մասին օրէնքի» ընդունման անհրաժեշտութեան: Այս առումով գիրքը կը ներկայացնէ արխիւները թուայնացնելու կարեւորութիւնը, ինչ որ կը կարօտի լուրջ նախաձեռնութիւններու եւ ֆինանսական միջոցներու, թէեւ ոմանք անհատական ջանքերով կատարած են որոշ աշխատանք:

Ամէնէն շատ սակայն, գիրքը հարցազրոյցի մասնակիցներուն միջոցաւ կը խօսի հայուն գոյատեւելու, ապրելու, արարելու եւ զարգանալու վճռականութեան մասին: Ինչպէս 1991-1994 թուականներուն, այնպէս ալ 2016-ին եւ վստահաբար ապագային եւս, յաղթելու եւ հողին վրայ ամուր կանգնելու որոշումը անբաժան է եթէ ոչ բոլորին, ապա շատերու կեանքէն եւ այս մասին յստակ անդրադարձներ կարելի է բացայայտել «Նրանք նկարում էին պատերազմը» գիրքին մէջ: «Այնտեղ բոլորս համոզուած էինք, որ յաղթելու ենք, որովհետեւ ուրիշ ճանապարհ չունէինք: Ապրելով այս տարածաշրջանին մէջ, մենք միշտ պէտք է պատրաստ ըլլանք պատերազմի, մեր երեխաներուն պէտք է որպէս զինուոր դաստիարակենք, եթէ չեն ուզեր կորսնցնել այս կտոր մը հողը: Այսօր ալ, եթէ պատերազմ ըլլայ, դարձեալ յաղթելու ենք: Այս մեր ճակատագիրն է Հակառակը չի կրնար ըլլալ», կ’ըսեն անոնք: Եւ իրապէս, հակառակը պէտք չէ ըլլայ, մեր բոլորին հաւաքական ջանքերով, իւրաքանչիւրը իր կարելիութեան սահմաններուն մէջ:

Հակառակը արգիլուած է որ ըլլայ:

Նախագահ Սերժ Սարգսեան Աշխատանքային Այցով Ռուսիա Կը Մեկնի

0

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեան, այսօր, աշխատանքային այցով կը մեկնի Ռուսիոյ Դաշնութիւն` մասնակցելու Սոչիի մէջ կայանալիք ԱՊՀ պետութիւններու ղեկավարներու խորհուրդի եւ Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհուրդի նիստերուն: Այս մասին կը տեղեկացնեն ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցներու հետ կապերու վարչութենէն:

Թեհրանի Մէջ Կայացած է Հայաստանի Վարչապետի եւ Իրանի Նախագահի Հանդիպումը

0

Իրանի նախագահի նստավայրին մէջ, Հոկտեմբեր 10-ին, կայացած է ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի եւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: 
Կարէն Կարապետեան շնորհակալութիւն յայտնած է հիւրընկալութեան համար եւ փոխանցած է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ողջոյններն ու բարեմաղթանքները: «Հայաստանը շատ կարեւոր կը համարէ հարեւան Իրանի հետ ունեցած ջերմ եւ բարեկամական յարաբերութիւնները, որոնք ունին դարաւոր պատմական լուրջ հիմքեր եւ հիմնուած են փոխադարձ շահերու վրայ: Կրնամ ուրախութեամբ նշել, որ այդ յարաբերութիւնները կը գտնուին բարձր մակարդակի վրայ, եւ երկկողմ համագործակցութիւնը կը շարունակէ զարգանալ փոխըմբռնման մթնոլորտի մէջ»,- ըսած է ՀՀ վարչապետը:
ՀՀ կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերու վարչութեան փոխանցած տեղեկութիւններով, Հասան Ռոհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեանի այցը Իրան, յայտնած է, որ անիկա պիտի նպաստէ հայ-իրանական բարեկամական յարաբերութիւններու յետագայ խորացման՝ տարբեր բնագաւառներու մէջ: ԻԻՀ նախագահը ընդգծած է, որ պատրաստակամ է օժանդակելու երկու երկիրներու կառավարութիւններու նախաձեռնութիւններուն, ինչպէս նաեւ համատեղ ծրագիրներու իրականացման:
Զրուցակիցները կարեւոր համարած են շարք մը ոլորտներու մէջ, մասնաւորապէս, ուժանիւթի բնագաւառին, գիւղատնտեսութեան, տեղեկատուական ճարտարագիտութիւններու, զբօսաշրջութեան, Սիւնիք եւ Արաս ազատ տնտեսական գօտիներու համագործակցութեան խորացումն ու ընդլայնումը, երկու երկիրներու միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալներու աճը: 
ՀՀ կառավարութեան ղեկավարը ընդգծած է հայ-իրանական քաղաքական երկխօսութեան բարձր մակարդակը: Կողմերը անդրադարձած են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ու տարածաշրջանային խնդիրներուն առնչուող հարցերու: Կարէն Կարապետեան նշած է, որ Հայաստանը բարձր կը գնահատէ Իրանի հաւասարակշռուած վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին գծով, որ տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովման կարեւոր երաշխիքներէն է:
Իրանի նախագահը ՀՀ նախագահին ու հայ ժողովուրդին փոխանցած է իր ջերմ բարեմաղթանքներն ու բարձր գնահատած հայ համայնքին դերը երկրի տարբեր ոլորտներու զարգացման գործին մէջ: