Համացանցում, մասնավորապես՝ https://arlenshah.wordpress.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթի հեղինակ և կազմակերպիչ՝ գրող Առլեն Շահվերդյանը, ցանկացել է բնապահպանության գաղափարի շուրջ համախմբել բնություն սիրող ու ստեղծագործող մարդկանց և գրականության միջոցով օգտավետ քայլ անել բնություն-ստեղծագործ միտք ներդաշնակ կապի զարգացման ուղղությամբ՝ փառաբանելով բնությունը և ստեղծագործ մարդու գրական տաղանդը: Այսպիսով՝ «Հանուն Բնության» գրական մրցույթը՝ որպես ուրույն մրցակցություն, կրում էր միայն գրական, բնապահպանական և բնաճանաչողական նպատակ: Մրցույթը չէր հետապնդում կոմերցիոն որևէ նպատակ:
Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, մեկնարկած «Հանուն Բնության» գրական մրցույթը անմիջապես մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդ ստեղծագործողների շրջանում՝ ձևավորելով բնության թեմայով ստեղծագործելուն միտված դրական, բարի միջավայր և տրամադրություն: Մեկ ամիս շարունակ ստեղծագործող բազմաթիվ երիտասարդներ համակված էին բնապահպանական ոգով: Որպես արդյունք՝ մրցույթի մասնակիցներն իրենց չափածո և արձակ գրական ստեղծագործություններով ուրույն քայլ արեցին հանուն բնության՝ սեփական լուման ներդրելով մարդ-բնություն կենսական, կարևոր և փխրուն կապի ամրապնդման գործում:
Հատկանշական է, որ այս գրական մրցույթը ոչ միայն բացառիկ հնարավորություն էր ցանկացած բնասեր հայ հեղինակի համար նպաստելու բնապահպանական ու բնաճանաչողական նյութերի և բնության նկատմամբ սիրո ու գորովանքի տարածմանը, այլև ինքնաարտահայտման ուրույն միջոց էր բնությանը իր ստեղծագործությունը ձոնելու և դրանով իսկ հանրությանը ներկայանալու համար: Այսպիսով՝ մրցույթի միջոցով հնարավորություն ստեղծվեց ավելի սերտացնելու գրող-ընթերցող կապը, ծավալելու ավելի սերտ և ուրույն ստեղծագործական համագործակցություն:
Մասնակիցների ստեղծագործությունները տեղադրվեցին Առլեն Շահվերդյանի հեղինակած մեկ այլ՝ «Արվեստասեր» բլոգ-կայքում: Որպես անակնկալ նվեր և ստեղծագործական խրախուսանք, մրցույթի մեկնարկից անմիջապես հետո նույն կայքում հետագայում մրցույթի մասնակիցների մյուս ստեղծագործությունները ներկայացնելու համար բացվեցին նրանց անվանական բաժինները:
Տասնյակ հազարավոր ընթերցասերների և բազմաթիվ տաղանդավոր ստեղծագործողների ուշադրության կենտրոնում գտնվող գրական այս մրցույթը համախմբեց տարբեր մասնագիտությունների տեր բազմաթիվ բնասեր մարդկանց, որոնք ողջունեցին, մեծապես գնահատեցին և սատարեցին այս գաղափարը: Շատերն էին համակվել բնությունը գովերգելու տրամադրությամբ:
Սեպտեմբերի 24-ին ավարտվեց հայտերի ընդունման ժամկետը: Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրեցին 6 հեղինակ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից (ըստ ազգանունների այբբենական կարգի)՝ Մարինե Աբգարյան, Աննա Անդրեասյան, Հռիփսիմե Պետրոսյան, Արմինե Պողոսյան, Նաիրե Սահակյան և Սոնա Վանյան:
Համաձայն մրցույթի կարգի՝ հաղթողներին որոշելու համար բլոգ-կայքում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը անցկացվեց օնլայն քվեարկություն, և մասնակիցների միջև ծավալվեց լարված և հետաքրքիր պայքար: Սակայն քվեարկության ավարտին նրանց սպասվում էր «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթի ամենամեծ և գլխավոր անակնկալը, քանի որ մրցույթի հաղթողներ ճանաչվեցին բոլոր 6 հեղինակները, իսկ օնլայն քվեարկության բաց արդյունքներով որոշվեցին մրցույթում նրանց զբաղեցրած 1-6 տեղերը՝ ըստ հավաքած ձայների քանակի: Մրցույթի օնլայն քվեարկությունը ընդամենը ազնիվ ու թափանցիկ մրցակցության միջոց էր հեղինակների միջև՝ իրենց ստեղծագործություններն ավելի մեծ լսարանի հասցնելու համար: Նրանք, ծանոթ ու անծանոթ ընթերցողներին հորդորելով քվեարկել իրենց օգտին, այդպիսով նպաստեցին գրական ստեղծագործության միջոցով բնության նկատմամբ ուշադրության և գորովանքի տարածմանը: Քվեարկությանը մասնակցած 3766 ընթերցող երիտասարդ և շնորհալի հեղինակների ստեղծագործությունների միջոցով հաղորդակից դարձավ բնությանն ու բնապահպանական խնդիրներին, ավելի մեծ գորովանքով լցվեց բնության նկատմամբ, ինչը «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթի գլխավոր նպատակն էր: Մրցույթի բոլոր մասնակիցներին հաղթող ճանաչելը ցույց տվեց, որ «Հանուն Բնության» մրցույթում պարտվողներ չկան, հաղթում են բոլորը՝ հեղինակներն ու ընթերցողները, հաղթանակում և արժեքավորվում է սերը, հոգածությունն ու հարգանքը բնության նկատմամբ: Մրցույթը ցույց տվեց, որ եթե ստեղծագործում ես բնության մասին և բնության համար, ապա դու արդեն հաղթող ես, արդեն շահել ես և քեզ հետ միասին շահում է բնությունը:
Հոկտեմբերի 9-ին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի («WWF-Հայաստան») Կոնֆերենց սրահում կայացավ «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխությունը: Մրցույթի կազմակերպիչ Առլեն Շահվերդյանին և բոլոր 6 հաղթողներին սիրով ընդունեց «WWF-Հայաստանի» տնօրեն Կարեն Մանվելյանը: Մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաև «WWF-Հայաստանի» ամբողջ անձնակազմը:
Կարեն Մանվելյանի և Առլեն Շահվերդյանի կողմից մրցույթի հաղթողներին հանդիսավոր կերպով հանձնվեցին նրանց պատվոգրերը, գրողի նվերները, մասնավորապես՝ «WWF-Հայաստանի» աջակցությամբ հրատարակված նրա հեղինակած «Ապրելու իրավունք» (գրանցված է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում) և «Լռության գինը» վերնագրերով բնապահպանական հայտնի գրքերը, ինչպես նաև «Գարնանային ռեքվիեմ» վերնագրով պատմվածքների ժողովածուն: «WWF-Հայաստանը» մրցույթի բոլոր հաղթողներին սիրով նվիրեց բնության վերաբերյալ «Կանաչ Հայաստան» մեծարժեք գիրքը և «WWF»-ի պատկերանշանով գեղեցիկ հուշանվերներ (պայուսակներ, գլխարկներ և այլն):
Հատկանշական է, որ մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցների հետ հանդիպումը «WWF-Հայաստանում» ինքնին խորհրդանշական էր: «WWF-Հայաստանը» աշխարհի ամենամեծ բնապահպանական կառույցի՝ «WWF»-ի հայաստանյան հարգարժան ներկայացուցչությունն է, որը մեծ ներդրում ունի հայրենի բնության պահպանության գործում: Այնպես որ, մրցույթի մասնակիցները հնարավորություն ունեցան հաղորդակից դառնալու «WWF-Հայաստանի» բազմամյա, շնորհակալ գործունեության արդյունքներին, ծանոթանալու «WWF-Հայաստանի»՝ բնապահպանությանն ուղղված նվիրական ջանքերին:
Առլեն Շահվերդյանը խորին շնորհակալություն հայտնեց «WWF-Հայաստանի» տնօրեն Կարեն Մանվելյանին, «WWF-Հայաստանի» Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանին և «WWF-Հայաստանի» ամբողջ անձնակազմին՝ մրցույթին աջակցելու համար: Նա մեծապես կարևորեց «WWF-Հայաստանի» բնապահպանական գործունեությունը և նշեց, որ այս կառույցի հետ իր ստեղծագործական-բնապահպանական հաջող և արգասաբեր համագործակցությունը տարիների պատմություն ունի: Նա նաև խորին շնորհակալություն հայտնեց մրցույթի մասնակիցներին, քանի որ նրանք իրենց ստեղծագործություններով նպաստեցին բնապահպանական խնդիրների վերհանմանը, ինչի շնորհիվ տասնյակ հազարավոր մարդիկ լցվեցին բնապահպանական ոգով:
Կարեն Մանվելյանը ջերմորեն շնորհավորեց մրցույթի հաղթողներին: Նա բարձր գնահատեց «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթի կազմակերպումը գրող Առլեն Շահվերդյանի կողմից և գոհունակությամբ նշեց նրա ջանքերը, որոնք մշտապես ուղղված են բնության նկատմամբ սիրո և գորովանքի տարածմանը: «WWF-Հայաստանի» տնօրենը կարևորեց մրցույթի երիտասարդ մասնակիցների կողմից գրական ստեղծագործությունների միջոցով բնապահպանական խնդիրների արծարծումը, ինչը նպաստում է բնության նկատմամբ հարգալից վերաբերմունքի տարածմանն ու արմատավորմանը և հասարակության էկոլոգական գիտակցության ձևավորմանը:
Մրցանակաբաշխությունն անցավ ջերմ, տոնական մթնոլորտում: Հանդիպման ընթացքում մասնակիցները կարծիքներ փոխանակեցին բնապահպանական արդի խնդիրների վերաբերյալ:
«WWF-Հայաստանում» անցկացված մրցանակաբաշխությունից հետո Երևանի գեղատեսիլ այգիներից մեկում, բնության գրկում տեղի ունեցավ մրցույթի մասնակիցների հանդիպումը Նարեկացիագետ Սամվել Պողոսյանի հետ: Նա իր կողմից հատուկ մրցանակներ շնորհեց մրցույթի երիտասարդ հաղթողներին՝ «Իմ Նարեկացին», «Գրիգոր Նարեկացի. Հավատարմատ» և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց. Յաճախապատում եւ լուսաւոր ճառեր» արժեքավոր գրքերը: Ծավալվեց հետաքրքիր քննարկում Նարեկացու հարուստ ժառանգության, ինչպես նաև Աստված-բնություն և մարդ-բնություն հարաբերությունների վերաբերյալ: Մասնակիցները խորին շնորհակալություն հայտնեցին բարեշնորհ հեղինակին՝ նվերների համար:
«Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթի ավարտին հաղթողներին ու բոլոր բնասեր ընթերցողներին անակնկալ նվերների շարքում իր բացառիկ տեղը զբաղեցրեց նաև հատուկ պատրաստված նկարազարդ և հարմարավետ էլեկտրոնային գիրք-ժողովածուն՝ մասնակիցների ստեղծագործությունների, արտամրցութային աշխատանքների ներկայացմամբ և մրցույթի մասին մանրամասն տեղեկույթով: Նշված «e-Book»-ը հրապարակվեց և սիրով տրամադրվեց հեղինակներին, ընթերցողներին և լայն կիրառություն ստացավ համացանցում, իսկ «Հանուն Բնության» գրական մրցույթի վերաբերյալ հատուկ հաղորդագրությունը լայնորեն տարածվեց ԶԼՄ-ներում:
Ավարտվեց «Հանուն Բնության» գրական մրցույթը, որը ցույց տվեց, որ Բնությանը ձոնված ինքնատիպ գրական ստեղծագործություններով մասնակցելով մրցույթին՝ հեղինակներն իրենց նպաստը բերեցին բնության նկատմամբ հետաքրքրության, սիրո և հարգանքի մեծացման նվիրական գործին:
Նյութի աղբյուրը՝ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ-կայք: