Երեքշաբթի, 29. 07. 2025

Վիգեն Սարգսյանն անիմաստ է համարում զինկոմիսարիատում բուժհանձնաժողով պահելու համար պետբյուջեից հսկայական գումարներ ծախսելը

0

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մտահոգիչ է համարում այն, որ նորակոչիկի առողջական վիճակի որոշման խնդիրը թողնված է 3-4 օղակի վրա, այն էլ՝ լղոզված պատասխանատվությամբ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում:

«Զինկոմիսարիատում ձեւավորվում է բուժհանձնաժողով, որը տալիս է եզրակացություն վիզուալ կոնտակտի և զրույցի հիման վրա, որովհետեւ չունի որեւէ ախտորոշիչ սարքավորում  կամ հնարավորություն մարդկանց զննում կազմակերպելու ու արդյունքները հանձնաժողով ներկայացնելու: Արդյունքում` բուժհաստատությունը կարեւոր որոշման համար մեծ պատասխանատվություն չի կրում»,- նշեց նա:

 Նախարարի հավաստմամբ՝ հանրապետական հանձնաժողովը շարունակելու է գործել, սակայն աշխատանքներ են տարվում ձեւավորելու փորձագիտական լուրջ կարողություններ, որպեսզի այդ հանձնաժողովը եւս վերջնական պատասխանատվություն կրի իր տված եզրակացության համար, ոչ թե նորակոչիկը միաժամանակ ուղղվի երեք տարբեր բուժհաստատություններ, ստացվեն տարբեր կարծիքներ,  եւ կայացվեն սուբյեկտիվ որոշումներ:

«Նոր օրենքի նախագծով հիմք ենք ստեղծում, որ բուժզննման կարգը սահմանի Կառավարությունը: Այսօր քաղաքացիներն ունեն ընտանեկան բժիշկների կցագրում, պետությունն էլ վճարում է նախքան զորակոչվելը 2 անգամ ստուգում անցնելու համար: Հետեւաբար, անիմաստ է հսկայական գումարներ ծախսել պետական բյուջեից զինկոմիսարիատում բուժհանձնաժողով պահելու համար: Քաղաքացին պետք է ունենա ստանդարտ առողջության գնահատման ձեւ, որի տակ պոլիկլինիկան կամ բուժամբուլատորիան պիտի իրավունք ու պարտականություն ունենան ստորագրելու, ասելու, որ զննել են, քաղաքացին այս հիվանդությունն ունի կամ չունի, որից հետո դա ավտոմատ որոշման կայացման հիմք է»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինար՝ ըմբշամարտի մարզիչների և ըմբիշների համար

0

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը Երևանում ըմբշամարտի մարզիչների և ըմբիշների համար կազմակերպել է հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինար:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` սեմինարը, որին մասնակցում է ըմբշամարտի համաշխարհային միության (UWW)  հակադոպինգային հարցերի պատասխանատու, UWW-ի փոխտնօրեն Կառլոս Ռոուն, անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի դրամաշնորհային ծրագրի շրջանակում: 

Սեմինարի մասնակիցները, դասընթացից բացի, ծանոթանում են նաև UWW-ի հակադոպինգային կանոնների և դոպինգի վնասակարության մասին հայերեն ձեռնարկներին ու 2018 թվականի արգելված նյութերի և մեթոդների ցանկին:

Սեմինարին մասնակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել  Ղազարյանը: «Մենք խստորեն դատապարտում ենք դոպինգի օգտագործումը և հետևողական պայքար ենք մղում այդ չարիքի դեմ: Նախարարության կողմից կազմակերպվող նմանատիպ ուսուցողական միջոցառումների նպատակն է բարձրացնել ազգային հակադոպինգային կրթական ծրագրերի արդյունավետությունը»,- ասել է Ղազարյանը:

UWW-ի փոխտնօրեն Կառլոս Ռոուն շնորհակալություն է հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը այս սեմինարը կազմակերպելու համար և ներկայացրել է հակադոպինգային կանոնների խախտման դեպքում UWW-ի կողմից կիրառվող պատժամիջոցները, ինչպես նաև դոպինգի դեմ պայքարում UWW-ի և ազգային ֆեդերացիաների համագործակցության ուղղությունները:

Սեմինարի հաջորդ դասը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 12-ին, Գյումրիում:

Ավագանու որոշումներով Երևանի ծննդյան օրվա առթիվ բնակարաններ կստանան Ռուբեն Մաթևոսյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը և Սևակ Ավետիսյանը

0

Երևանի ավագանու հոկտեմբերի 11-ին գումարած արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ ավագանին քննարկել և հաստատել է  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշման նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, անհատույց սեփականության իրավունքով բնակարան կտրամադրվի կինոյի և թատրոնի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանին:

Երևան քաղաքի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշման նախագիծը ևս քննարկվել և հաստատվել է Երևանու ավագանի կողմից:

 

ԱՄՆ կառավարության նպատակն է ՀՀ-ի հետ իր հարաբերությունները օժանդակությունից փոխակերպել առևտրայինի. Դեբորա Գրիզեր

0

 ԱՄՆ կառավարության երկարաժամկետ նպատակն է Հայաստանի հետ իր հարաբերությունները օժանդակությունից փոխակերպել առևտրայինի: «Արմենպրես»ի հաղորդմամբ այս մասին իր հոդվածում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

«ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտ է Հայաստանի հետ իր համագործակցությամբ և վերջին 25 տարվա զարգացումներով: Հիմնվելով մեր հաջողությունների վրա մենք պատրաստ ենք շարունակել մեր ջանքերը առավել ներառական, բարգավաճ և լավ կառավարվող հայաստանյան հասարակության կայացման ուղղությամբ»,-ասել է Դեբորա Գրիզերը` նշելով, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարել Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը:   

Նա իր հոդվածում ներկայացրել է 1992 թվականից Հայաստանում իրականացրած աշխատանքը: Դեբորա Գրիզերը նկատել է, որ 25 տարվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությունը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի կառավարության գործընկերությունը  զարգացել է՝ արձագանքելով Հայաստանի փոփոխվող կարիքներին՝ ժամանակակից ժողովրդավարական հասարակություն և ազատ շուկայական տնտեսություն դառնալու վերջինիս ճանապարհին: ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար՝  Հայաստանի ժողովրդի կյանքի բարելավման, ինչպես նաև ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման բարելավմանն ուղղված նրա ջանքերին օժանդակելու նպատակով:

1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ԱՄՆ ՄԶԳ-ն, այլ միջազգային կառույցների հետ մեկտեղ, սնունդ, կացարան, դեղորայք և վառելիք տրամադրեց աղետից տուժածներին:  1992 թվականին, Հայաստանի անկախացումից հետո  հիմնադրվեց Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը, իսկ ԱՄՆ ՄԶԳ-Հայաստան համագործակցությունը պաշտոնապես սկսվեց մարդասիրական օժանդակության ծրագրերից: 

Հայաստանի մասնավոր և պետական հաստատությունների զարգացման հետ զարգացավ և ԱՄՆ ՄԶԳ-Հայաստան գործընկերությունը: Այժմ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերն իրականացվում են տեղական կազմակերպությունների միջոցով և սատարում են հայաստանյան կողմի նախաձեռնություններին: ԱՄՆ ՄԶԳ-ն ուղղակիորեն աշխատում է  Հայաստանի կառավարության, հայաստանյան կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ, և  համակարգված աշխատանք է կատարում այլ միջազգային դոնորների և կազմակերպությունների հետ՝ զարգացման մնացած մարտահրավերներին անդրադառնալու նպատակով: 

«Միասին մենք խթանում ենք  տնտեսական աճը ագրոբիզնեսի և տուրիզմի ոլորտում՝ գյուղի զարգացման միջոցով, և աջակցում ենք քաղաքացիական ավիացիայի, էներգետիկ անկախության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:  Մենք խթանում ենք ժողովրդավարությունն ու կառավարման բարելավումը՝  տեղական ինքնակառավարման բարեփոխումների, հակակոռուպցիոն գործունեության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, անկախ ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանության միջոցով: Միասին մենք խթանում ենք երեխաների պաշտպանության բարեփոխումները, ներառական կրթության համակարգը, և աշխատում ենք տուբերկուլյոզի, ինչպես նաև մայրական և մանկական մահացության բեռի նվազեցման ուղղությամբ»,-գրել է Դեբորա Գրիզերը:

Դեբորա Գրիզերն ընդգծել է, որ ԱՄՆ ՄԶԳ համագործակցությունը ՀՀ Կառավարության, քաղաքացիների, միջազգային և տեղական գործընկերների հետ տպավորիչ արդյունքների է հանգեցրել:     

Արտավազդ Փելեշյանին, Նարա Շլեպչյանին, Ռազմիկ Դավոյանին և Ռալֆ Յիրիկյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

0

Երևանի ավագանին հոկտեմբերի 11-ին գումարած արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաստատել է Երևանի քաղաքապետի առաջարկը՝ Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Աշոտի Փելեշյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավագանու մեկ այլ որոշմամբ, Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, նկատի առնելով հայկական հեռուստատեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդը, բազմամյա վաստակն ու բեղմնավոր գործունեությունը, «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել  հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Սուրենի Շլեպչյանին։

Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, հաշվի առնելով հայ գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդը, ակնառու վաստակն ու բազմամյա գործունեությունը, Երևանի ավագանին քննարկել և հաստատել է բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Նիկողոսի Դավոյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը: 
Ավագանու մեկ այլ որոշմամբ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Երևան քաղաքում ակտիվ գործունեություն ծավալելու համար, Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել նաև «ՎիվաՍել–ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Սեզարի Յիրիկյանին:

 

Երևանի և մարզերի 120 երեխաներ արհեստներ են սովորել

0

Երևանից և Հայաստանի տարբեր շրջաններից 120 երեխաներ արհեստներ են սովորել ու անցել մասնագիտական կողմնորոշման դասընթացներ: Ծրագրում ներառվել են Գյումրիի, Վանաձորի, Կապանի, Դիլիջանի, Աշտարակի, Էջմիածնի, սահմանամերձ գյուղերից՝ Խաչիկի, Չիվայի՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:

Նրանց հետ մասնագիտական դասընթացներ իրականացնելու համար ընտրվել են հմուտ մասնագետներ: Շահառու երեխաներին հնարավորություն էր տրվել սովորելու իրենց նախընտրած արհեստը: Նրանք ընտրել են առավել պահանջված մասնագիտություններ, ինչպիսիք են՝ վարսահարդար, ավտոմեխանիկ, հրուշակագործ, տոնական սեղանների դիզայներ, ֆլորիստ, հացթուխ, քարտաշ, գորգագործ, խեցեգործ, հագուստի դիզայն, կար ու ձև և այլն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնագիտական ուսուցման ավարտից հետո բոլոր մասնակիցները կազմել են բիզնես պլան, և մրցույթային կարգով ընտրվել են լավագույն 20 շահառուները, որոնցից յուրաքանչյուրը ստացել է 400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այդ փոքրիկ դրամաշնորհով նրանք կկարողանան ձեռք բերել իրենց համար անհրաժեշտ մասնագիտական գործիքներ և նյութեր, ինչը մեծ խթան կլինի նրանց աշխատանքային առաջին քայլերի համար:

Ծրագիրն իրականացրել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Էյչ-Էս-Բի-Սի»-ի կողմից տրամադրված «Youth Opportunities Programme» կրթական ծրագրի դրամաշնորհի շրջանակներում:

 

 

Կայացավ «Հանուն Բնության» մրցույթի մրցանակաբաշխությունը. երբ ներդաշնակության մեջ են բնությունն ու ստեղծագործ միտքը

0

Համացանցում, մասնավորապես՝ https://arlenshah.wordpress.com/ գրական-բնապահպանական բլոգ-կայքում և «Ֆեյսբուքի» հայկական տիրույթում սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 9-ը, անցկացվեց բնությանը նվիրված բացառիկ գրական մրցույթ, որի մասնակիցներին ընձեռվեց եզակի հնարավորություն, առանց մեծ ջանքերի գործադրման, իրենց գրական տաղանդի շնորհիվ նպաստելու բնապահպանությանն ու բնաճանաչողության մակարդակի բարձրացմանը, իսկ մրցույթում հաղթելու դեպքում՝ նվեր ստանալու բնությանը վերաբերող բնապահպանական բացառիկ գրքեր և հուշանվերներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթի հեղինակ և կազմակերպիչ՝ գրող Առլեն Շահվերդյանը, ցանկացել է բնապահպանության գաղափարի շուրջ համախմբել բնություն սիրող ու ստեղծագործող մարդկանց և գրականության միջոցով օգտավետ քայլ անել բնություն-ստեղծագործ միտք ներդաշնակ կապի զարգացման ուղղությամբ՝ փառաբանելով բնությունը և ստեղծագործ մարդու գրական տաղանդը: Այսպիսով՝ «Հանուն Բնության» գրական մրցույթը՝ որպես ուրույն մրցակցություն, կրում էր միայն գրական, բնապահպանական և բնաճանաչողական նպատակ: Մրցույթը չէր հետապնդում կոմերցիոն որևէ նպատակ:

Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, մեկնարկած «Հանուն Բնության» գրական մրցույթը անմիջապես մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդ ստեղծագործողների շրջանում՝ ձևավորելով բնության թեմայով ստեղծագործելուն միտված դրական, բարի միջավայր և տրամադրություն: Մեկ ամիս շարունակ ստեղծագործող բազմաթիվ երիտասարդներ համակված էին բնապահպանական ոգով: Որպես արդյունք՝ մրցույթի մասնակիցներն իրենց չափածո և արձակ գրական ստեղծագործություններով ուրույն քայլ արեցին հանուն բնության՝ սեփական լուման ներդրելով մարդ-բնություն կենսական, կարևոր և փխրուն կապի ամրապնդման գործում:

Հատկանշական է, որ այս գրական մրցույթը ոչ միայն բացառիկ հնարավորություն էր ցանկացած բնասեր հայ հեղինակի համար նպաստելու բնապահպանական ու բնաճանաչողական նյութերի և բնության նկատմամբ սիրո ու գորովանքի տարածմանը, այլև ինքնաարտահայտման ուրույն միջոց էր բնությանը իր ստեղծագործությունը ձոնելու և դրանով իսկ հանրությանը ներկայանալու համար: Այսպիսով՝ մրցույթի միջոցով հնարավորություն ստեղծվեց ավելի սերտացնելու գրող-ընթերցող կապը, ծավալելու ավելի սերտ և ուրույն ստեղծագործական համագործակցություն:

Մասնակիցների ստեղծագործությունները տեղադրվեցին Առլեն Շահվերդյանի հեղինակած մեկ այլ՝ «Արվեստասեր» բլոգ-կայքում: Որպես անակնկալ նվեր և ստեղծագործական խրախուսանք, մրցույթի մեկնարկից անմիջապես հետո նույն կայքում հետագայում մրցույթի մասնակիցների մյուս ստեղծագործությունները ներկայացնելու համար բացվեցին նրանց անվանական բաժինները:

Տասնյակ հազարավոր ընթերցասերների և բազմաթիվ տաղանդավոր ստեղծագործողների ուշադրության կենտրոնում գտնվող գրական այս մրցույթը համախմբեց տարբեր մասնագիտությունների տեր բազմաթիվ բնասեր մարդկանց, որոնք ողջունեցին, մեծապես գնահատեցին և սատարեցին այս գաղափարը: Շատերն էին համակվել բնությունը գովերգելու տրամադրությամբ:

Սեպտեմբերի 24-ին ավարտվեց հայտերի ընդունման ժամկետը: Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրեցին 6 հեղինակ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից (ըստ ազգանունների այբբենական կարգի)՝ Մարինե Աբգարյան, Աննա Անդրեասյան, Հռիփսիմե Պետրոսյան, Արմինե Պողոսյան, Նաիրե Սահակյան և Սոնա Վանյան:

Համաձայն մրցույթի կարգի՝ հաղթողներին որոշելու համար բլոգ-կայքում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը անցկացվեց օնլայն քվեարկություն, և մասնակիցների միջև ծավալվեց լարված և հետաքրքիր պայքար: Սակայն քվեարկության ավարտին նրանց սպասվում էր «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթի ամենամեծ և գլխավոր անակնկալը, քանի որ մրցույթի հաղթողներ ճանաչվեցին բոլոր 6 հեղինակները, իսկ օնլայն քվեարկության բաց արդյունքներով որոշվեցին մրցույթում նրանց զբաղեցրած 1-6 տեղերը՝ ըստ հավաքած ձայների քանակի: Մրցույթի օնլայն քվեարկությունը ընդամենը ազնիվ ու թափանցիկ մրցակցության միջոց էր հեղինակների միջև՝ իրենց ստեղծագործություններն ավելի մեծ լսարանի հասցնելու համար: Նրանք, ծանոթ ու անծանոթ ընթերցողներին հորդորելով քվեարկել իրենց օգտին, այդպիսով նպաստեցին գրական ստեղծագործության միջոցով բնության նկատմամբ ուշադրության և գորովանքի տարածմանը: Քվեարկությանը մասնակցած 3766 ընթերցող երիտասարդ և շնորհալի հեղինակների ստեղծագործությունների միջոցով հաղորդակից դարձավ բնությանն ու բնապահպանական խնդիրներին, ավելի մեծ գորովանքով լցվեց բնության նկատմամբ, ինչը «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթի գլխավոր նպատակն էր: Մրցույթի բոլոր մասնակիցներին հաղթող ճանաչելը ցույց տվեց, որ «Հանուն Բնության» մրցույթում պարտվողներ չկան, հաղթում են բոլորը՝ հեղինակներն ու ընթերցողները, հաղթանակում և արժեքավորվում է սերը, հոգածությունն ու հարգանքը բնության նկատմամբ: Մրցույթը ցույց տվեց, որ եթե ստեղծագործում ես բնության մասին և բնության համար, ապա դու արդեն հաղթող ես, արդեն շահել ես և քեզ հետ միասին շահում է բնությունը:

Հոկտեմբերի 9-ին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի («WWF-Հայաստան») Կոնֆերենց սրահում կայացավ «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխությունը: Մրցույթի կազմակերպիչ Առլեն Շահվերդյանին և բոլոր 6 հաղթողներին սիրով ընդունեց «WWF-Հայաստանի» տնօրեն Կարեն Մանվելյանը: Մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաև «WWF-Հայաստանի» ամբողջ անձնակազմը:

Կարեն Մանվելյանի և Առլեն Շահվերդյանի կողմից մրցույթի հաղթողներին հանդիսավոր կերպով հանձնվեցին նրանց պատվոգրերը, գրողի նվերները, մասնավորապես՝ «WWF-Հայաստանի» աջակցությամբ հրատարակված նրա հեղինակած «Ապրելու իրավունք» (գրանցված է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում) և «Լռության գինը» վերնագրերով բնապահպանական հայտնի գրքերը, ինչպես նաև «Գարնանային ռեքվիեմ» վերնագրով պատմվածքների ժողովածուն: «WWF-Հայաստանը» մրցույթի բոլոր հաղթողներին սիրով նվիրեց բնության վերաբերյալ «Կանաչ Հայաստան» մեծարժեք գիրքը և «WWF»-ի պատկերանշանով գեղեցիկ հուշանվերներ (պայուսակներ, գլխարկներ և այլն):

Հատկանշական է, որ մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցների հետ հանդիպումը «WWF-Հայաստանում» ինքնին խորհրդանշական էր: «WWF-Հայաստանը» աշխարհի ամենամեծ բնապահպանական կառույցի՝ «WWF»-ի հայաստանյան հարգարժան ներկայացուցչությունն է, որը մեծ ներդրում ունի հայրենի բնության պահպանության գործում: Այնպես որ, մրցույթի մասնակիցները հնարավորություն ունեցան հաղորդակից դառնալու «WWF-Հայաստանի» բազմամյա, շնորհակալ գործունեության արդյունքներին, ծանոթանալու «WWF-Հայաստանի»՝ բնապահպանությանն ուղղված նվիրական ջանքերին:

Առլեն Շահվերդյանը խորին շնորհակալություն հայտնեց «WWF-Հայաստանի» տնօրեն Կարեն Մանվելյանին, «WWF-Հայաստանի» Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանին և «WWF-Հայաստանի» ամբողջ անձնակազմին՝ մրցույթին աջակցելու համար: Նա մեծապես կարևորեց «WWF-Հայաստանի» բնապահպանական գործունեությունը և նշեց, որ այս կառույցի հետ իր ստեղծագործական-բնապահպանական հաջող և արգասաբեր համագործակցությունը տարիների պատմություն ունի: Նա նաև խորին շնորհակալություն հայտնեց մրցույթի մասնակիցներին, քանի որ նրանք իրենց ստեղծագործություններով նպաստեցին բնապահպանական խնդիրների վերհանմանը, ինչի շնորհիվ տասնյակ հազարավոր մարդիկ լցվեցին բնապահպանական ոգով:

Կարեն Մանվելյանը ջերմորեն շնորհավորեց մրցույթի հաղթողներին: Նա բարձր գնահատեց «Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթի կազմակերպումը գրող Առլեն Շահվերդյանի կողմից և գոհունակությամբ նշեց նրա ջանքերը, որոնք մշտապես ուղղված են բնության նկատմամբ սիրո և գորովանքի տարածմանը: «WWF-Հայաստանի» տնօրենը կարևորեց մրցույթի երիտասարդ մասնակիցների կողմից գրական ստեղծագործությունների միջոցով բնապահպանական խնդիրների արծարծումը, ինչը նպաստում է բնության նկատմամբ հարգալից վերաբերմունքի տարածմանն ու արմատավորմանը և հասարակության էկոլոգական գիտակցության ձևավորմանը:

Մրցանակաբաշխությունն անցավ ջերմ, տոնական մթնոլորտում: Հանդիպման ընթացքում մասնակիցները կարծիքներ փոխանակեցին բնապահպանական արդի խնդիրների վերաբերյալ:

«WWF-Հայաստանում» անցկացված մրցանակաբաշխությունից հետո Երևանի գեղատեսիլ այգիներից մեկում, բնության գրկում տեղի ունեցավ մրցույթի մասնակիցների հանդիպումը Նարեկացիագետ Սամվել Պողոսյանի հետ: Նա իր կողմից հատուկ մրցանակներ շնորհեց մրցույթի երիտասարդ հաղթողներին՝ «Իմ Նարեկացին», «Գրիգոր Նարեկացի. Հավատարմատ» և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց. Յաճախապատում եւ լուսաւոր ճառեր» արժեքավոր գրքերը: Ծավալվեց հետաքրքիր քննարկում Նարեկացու հարուստ ժառանգության, ինչպես նաև Աստված-բնություն և մարդ-բնություն հարաբերությունների վերաբերյալ: Մասնակիցները խորին շնորհակալություն հայտնեցին բարեշնորհ հեղինակին՝ նվերների համար:

«Հանուն Բնության» գրական-բնապահպանական մրցույթի ավարտին հաղթողներին ու բոլոր բնասեր ընթերցողներին անակնկալ նվերների շարքում իր բացառիկ տեղը զբաղեցրեց նաև հատուկ պատրաստված նկարազարդ և հարմարավետ էլեկտրոնային գիրք-ժողովածուն՝ մասնակիցների ստեղծագործությունների, արտամրցութային աշխատանքների ներկայացմամբ և մրցույթի մասին մանրամասն տեղեկույթով: Նշված «e-Book»-ը հրապարակվեց և սիրով տրամադրվեց հեղինակներին, ընթերցողներին և լայն կիրառություն ստացավ համացանցում, իսկ «Հանուն Բնության» գրական մրցույթի վերաբերյալ հատուկ հաղորդագրությունը լայնորեն տարածվեց ԶԼՄ-ներում:

Ավարտվեց «Հանուն Բնության» գրական մրցույթը, որը ցույց տվեց, որ Բնությանը ձոնված ինքնատիպ գրական ստեղծագործություններով մասնակցելով մրցույթին՝ հեղինակներն իրենց նպաստը բերեցին բնության նկատմամբ հետաքրքրության, սիրո և հարգանքի մեծացման նվիրական գործին:

Նյութի աղբյուրը՝ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ-կայք:

Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

0

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 11-14-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահը կհանդիպի Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ-ի եւ ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նիստերին: Նախատեսվում են նաեւ աշխատանքային հանդիպումներ ՀԱՊԿ եւ ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակների հետ: 

ՀՀ զինված ուժերում ծառայող սպաների սահմանային տարիքը չի երկարացվելու

0

ՀՀ զինված ուժերում ծառայող սպաների սահմանային տարիքը չի երկարացվելու:

 «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված«Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Սահմանային տարիքի հասած սպայական անձնակազմի զորացրման հարցը այսօր լուրջ խնդիր է:  Օրենքով կարող էր երկարացվել մինչեւ հինգ տարի, և այդ գործընթացը սուբյեկտիվ էր, կամ կարող էին չերկարացնել, հետաձգել։ Սա արդարության նկատմամբ շատ լուրջ խնդիր էր ձեւավորում սպայական անձնակազմի մեջ, նախ որ կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում, ինչպես նաև սպայական կազմի հետագա աճի համար բարդություն էր առաջացնում: Այդ իսկ պատճառով այժմ մենք առաջարկում ենք չերկարացնել սպաների սահմանային տարիքը», – ասաց Պաշտպանության նախարարը։

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ համաձայն նոր օրենսդրական կարգավորումների՝ սպաների սահմանային տարիքը կմնա նույնը, եւ երբ ժամկետն ավարտվի, ապա զորացրումը կդառնա ավտոմատ։ Նախարարն այս ցանկում առանձնացրեց բացառություն կազմող մի քանի ոլորտներ: Դրանք են ռազմաբժշկության, ռազմադասախոսական ոլորտը, ինչպես նաեւ շարքային կազմի որոշ մասնագիտություններ։

«Այս մասնագիտությունների ցանկը սահմանում է Կառավարությունը։ Ասենք՝ հիմա մենք խոշոր տեխնիկա վարող մասնագետների պակաս ունենք, եւ ենթադրենք՝ 50-60 տարեկան լինելը բացարձակ չի խանգարում, որ հմուտ վարորդը շարունակի եւս 2-3 տարի վարել այդ մեքենան: Եթե կա մասնագիտության պակաս, ապա Կառավարությունը սահմանում է կատեգորիաները, իսկ որոշումը կոնկրետ անձի դեպքում երկարացման առումով կայացնում է  Պաշտպանության նախարարությունը կոլեգիալ հիմունքներով եւ ոչ թե անհատական, այսինքն՝ որոշակի հանձնաժողով է ձեւավորվում», – եզրափակեց նախարարը։

Նորածինների սեռերի անհամամասնության կայուն նվազում է նկատվում

0

Վերջին երեք տարիներին նորածինների սեռերի անհամամասնության կայուն նվազում է նկատվում Հայաստանում: Ամենամեծ անհամամասնությունը գրանցվել է Գեղարքունիքի և Արագածոտնի մարզում, իսկ համամասնության նորմային ամենամոտն է Վայոցի ձորի ցուցանիշը:

«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան   գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

«Տարվա ընթացքում ծնված աղջիկների և տղաների թվերը պետք է հարաբերակցել միմյանց: Իդեալական համամասնությունը պետք է լինի 102-106: Բնության կողմից ընդունված համամասնություն է, որ տղաները ծնվում մոտ 5 տոկոսով ավելի շատ: Հայաստանում, սակայն, 6 տոկոսով ավելի է: Սակայն այդ ցուցանիշն ավելի  բարձր էր 5 տարի առաջ, երբ 115-100 էր: Այս տարիներին ցուցանիշի կարգավորում ենք նկատում:  Այս տարվա առաջին 6 ամսին թիվը նվազող էր՝ 110-100»,-ասաց Հայրապետյանն ու հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ ցուցանիշը չի փոփոխվի:

Ըստ իրենց հետազոտությունների արդյունքների՝ հայ հասարակությունում տղա երեխայի գերակայության 14 տարբեր պատճառներ կան: Ամենաբարձր տոկոս հավաքած երեք պատճառներից մեկն այն է, որ տղան ընկալվում է  որպես տոհմը շարունակող, երկրորդը՝ տղան ընկալվում է  որպես ֆինանսական աջակից ծնողների համար մեծ տարիքում, երրորդ պատճառն այն է, որ տղամարդը հասարակությունում դիտարկվում է սոցիալապես ավելի շատ հնարավորություններ ունեցող:

Ամենաբարձր անհամամասնությունը Գեղարքունիքի և Արագածոտնի մարզում Է: ՄԱԿ-ի իրականացրած հետազոտության արդյունքում պարզ էր դարձել, որ 2013-ին նորածինների սեռերի համամասնությունը 124-100 էր, սակայն նախորդ տարվա հետազոտության համաձայն՝ անհամամասնությունը նվազել է ՝ դառնալով 117-100: Իսկ ամենացածր տարբերությունն ունեցող մարզը Վայոց ձորն է՝ 111-100 ցուցանիշով, որը շատ ավելի մոտ է նորմային: «2011-ի մեր հետազոտության համաձայն՝ եթե ցուցանիշը շարունակվեր այդպես մնալ, մոտ 93 000 աղջիկ չէր ծնվի, կկրճատվեր մայրական բազան»,-ասաց Գարիկ Հայրապետյանը:

Հայրապետյանի կարծիքով՝ անհամամասնության նվազմանը նպաստել են ԶԼՄ-ների, կառավարութան, հասարակական կազմակերպությունների իրականացրած ինֆորմացիոն արշավը, քննարկումները: «Խնդիրը կարևորվեց ժողովրդագրական ռիսկերի տեսակետից: Հենց այդ քարոզարշավն էր, որ հանգեցրեց դրական ցուցանիշի: Օրենքի շուրջ ծավալված քննարկումներն ավելի կարևոր դեր խաղացին: Այն ինֆորմացիոն քարոզարշավի դեր կատարեց  հասարակությանը խնդրին իրազեկելու համար»,-ասաց նա:

Օրենքով արգելվեց սեռով պայմանավորված հղիության ընդհատումը, բժիշկների համար սահմանվեց ադմինիստրատիվ պատիժ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում կատարելու համար:

Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի կարծիքով ևս ԱՆ-ի ջանքերով իրականացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններն են նպաստել սեռերի անհամամասնության նվազմանը:

 «Բացի այդ՝ հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ քարոզչական աշխատանք է կատարում ՀՀ առողջապահության նախարարությունը աղջկա դերը հասարակությունում բարձրացնելու նպատակով»,-ասաց նա:

Նախորդ  տարի իրականացվել է 6 500 հղիության արհեստական ընդհատում,1 400-ը՝ բժշկական ցուցումներով: «Ցուցանիշն իջել է նախորդ տարիների համեմատ: 2000 թվականին մեկ կնոջը բաժին էր ընկնում 2.6 հղիության արհեստական ընդհատում, 2015-ին՝ 0.6»,-ասաց Ավագյանն ու հավելեց՝ արհեստական ընդհատումների թվի իջեցումն ակնհայտ է: