«Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովը կխթանի աղետների և ռիսկերի նվազեցման ոլորտում երկրների համագործակցության ընդլայնումը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 11-ին աղետների և ռիսկերի նվազեցման միջազգային օրվան ընդառաջ նվիրված եռօրյա համաժողովի բացմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԻ նախարարԴավիթ Տոնոյանը:
«Հայաստանը տարածաշրջանում գնահատվում է որպես առավել աղետավտանգ երկիր: Աշխարհում ընթացող զարգացման գործընթացները և դրանց արագությունը շարունակաբար մեծացնում են խոցելիությունը տարբեր տեսակի բնական և տեխնածին աղետների նկատմամբ՝ ավելացնելով ռիսկերը: Այս համաժողովը հնարավորություն է ստեղծելու տարբեր երկրների գործընկերների միջև համագործակցության ընդլայնմանը: Այս պայմաններում կառավարությունը, խորհրդարանը, մասնավոր հատվածները պետք է միավորեն իրենց ջանքերը՝ ռիսկերի նվազեցման ոլորտում խնդիրների համակարգման և փոխօգնության մեխանիզմների ձևավորման համար»,-ասաց Տոնոյանը:
Մեքսիկայում մայիսին կայացած աղետների և ռիսկերի նվազեցման գլոբալ պլատֆորմի շրջանակում Հայաստանը հանդես էր եկել առաջարկությամբ՝ տարածաշրջանում ձևավորելու համագործակցային պլատֆորմ: Եվ այս համաժողովն այդ գործընթացի առաջին քայլն է: Համաժողովի շրջանակում կազմվելու է առաջարկությունների փաթեթ, որի վերաբերյալ ՀՀ ազգային ժողովում կկազմակերպվեն լսումներ: Ինչպես նշեց նախարարը՝ առաջարկություններից կլինի շինարարական ստանդարտների բարելավումը և փոփոխումը:
Համաժողովը շարունակվելու է ՀՀ ազգային ժողովում՝ թեմատիկ, խորհրդարանական լսումների անցկացմամբ: «Խորհրդարանը և պատգամավորները կարող են նշանակալիորեն արագացնել դիմակայության մշակույթի ներդրումը: Այս հարթակը խթան կհանդիսանա կայուն զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման համար՝ ընդգրկելով փորձի փոխանակման և տարածաշրջանային համագործակցության լայն աշխարհագրություն»,-ասաց նախարարը:
Կօգտագործվի նաև ԱԺ-ի պլատֆորմը՝ ցույց տալու, որ Հայաստանը ոչ միայն սպառողի դերում է լինելու աղետների դեպքում, այլ նաև օգտագործվելու է մեր փորձը:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ համաժողովը հիանալի հնարավորություն է Եվրոպայի և ԵՊՀ տարածաշրջանի բոլոր մասնակիցներին ներկայացնելու աղետների և ռիսկերի նվազեցմանն ուղղված ազգային քաղաքականությունները, թերությունները: «Տարածաշրջանում աղետների ռիսկի մեծացմանը նպաստում են երկու կարևոր գործոններ՝ կլիմայի փոփոխությունը և չկառավարվող ուրբանիզացիան: Հայաստանը բնորոշվում է կլիմայի չորայնությամբ, հաճախակի նկատվող տարերային աղետներով»,-ասաց նախարարն ու ներկայացրեց ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը Հայաստանում:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյը նույնպես կարծում է, որ համաժողովը կօգնի հետագա համագործակցության ընդլայնմանը: «Մենք շատ հպարտ ենք, որ վերջին 10 տարում աշխատել ենք ստեղծելու ուժեղ դիմակայունություն Հայաստանում : Եվ Հայաստանը մեծ աճ է արձանագրել այս ոլորտում»,-եզրափակեց նա: