Երկուշաբթի, 28. 07. 2025

Էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը Հայաստան կազատվի հարկերից, տուրքերից ու գույքահարկից

0

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման հարկերից, տուրքերից և գույքահարկից ազատելու վերաբերյալ հանձնարարական տվեց: «Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ Էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Հաշվի առնելով նշված մեքենաների՝ էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների խթանի անհրաժեշտությունը, Կարեն Կարապետյանը ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների, Բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը, հաշվի առնելով նաև ԵԱՏՄ  կարգավորումները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

Գեղարքունիքում համայնքների ղեկավարների պաշտոնների համար կպայքարեն 20 թեկնածու

0

Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Շողակաթ, Ճամբարակ, Ձորագյուղ, Գեղաքար, Ծովինար եւ Գեղամասար համայնքներում 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քվեարկվելու համար գրանցվել են համայնքների ղեկավարների 20 թեկնածու: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, առաջադրված 22 թեկնածուներից փաստաթղթերը ետ են վերցրել երկու թեկնածու՝ անկուսակցական, Գեղամասար համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Անդրանիկ Հախումյանը եւ Շողակաթ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված ՀՀԿ անդամ Աշոտ Կիրակոսյանը:
Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնի համար գրանցվել են ՀՀԿ անդամներ՝ Վարդենիսի գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի ՍԱՏԳ պետ Արամ Հարությունյանը, «Լիկա-Ալեն» ՍՊԸ հիմնադիր Կարեն Մկրտչյանը, ԲՀԿ անդամ,«Նար-Գրուպ» ՍՊԸ տնօրեն Սմբատ Սիմոնյանը, անկուսակցական Պարգեւ Խչեյանը: Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել եւ պաշտպանում է Վարդենիսի գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի թեկնածությունը:
Շողակաթ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար գրանցվել են՝ ՀՀԿ անդամ, Շորժայի գյուղապետ, ՀՀԿ կողմից առաջադրված Սուլիկո Շուշանյանը եւ անկուսակցական, Դրախտիկ համայնքի ղեկավար Վալենտին Պետրոսյանը: 
Ճամբարակ համայնքի ղեկավարի պաշտոնում գրանցվել են ճամբարակի գործող քաղաքապետ Յուրա Ավալյանը, Թթուջուր համայնքի ղեկավար Վիգեն Սահակյանը եւ «Գեգամետ պլյուս» ՍՊԸ ջարդիչ տեղամասի պետ Վազգեն Ադամյանը: 
Ձորագյուղ համայնքի ղեկավարի համար կպայքարեն երկու թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Լեւիկ Գրիգորյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված, «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր մասնագետ Դավիթ Մանուկյանը:
Ծովինար համայնքի ղեկավարի պաշտոնում կպայքարեն անկուսակցականներ, գործող գյուղապետ Մհեր Մարտոյանը եւ գյուղապետի տեղակալ Գեղամ Գյուրջյանը: 
Գեղաքարում գրանցված երկու թեկնածուն՝ համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ կողմից առաջադրված Կարինե Մարտիրոսյանը եւ ինքնաառաջադրված Ռաֆիկ Սաֆարյանը ներկայացնում են ՀՀԿ-ն: 
Գեղամասար համայնքի ղեկավարի պաշտոնում քվեարկվելու համար գրանցված թեկնածուները 4-ն են՝ ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված, Շատջրեք համայնքի ղեկավար Զոյա Գեւորգյանը, ՀՀԿ անդամներ, ինքնաառաջադրված թեկնածուներ՝ Փամբակ համայնքի ղեկավար Հարություն Ազարյանը, «Նար-Միլ» ՍՊԸ տնօրեն Հակոբ Ավետյանը, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տեսուչ Արայիկ Սաթյանը:

Խոսրով Խլղաթյան

Շևչենկոն շարունակում է միանձնյա գլխավորել Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» շախմատային մրցաշարի աղյուսակը

0

Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» շախմատային մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տուրում գրանցվեց 3 ոչ-ոքի: Մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շևչենկոն գրանցեց իր 6-րդ հաղթանակը. այս տուրում նրա մրցակիցն էր Արսենի Նեստերովը: Արամ Հակոբյանը հաղթանակ տարավ Թոր-Ֆրեդրիկ Կաասենի նկատմամբ, իսկ Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Վյաչեսլավ Զարուբիցկու հետ: Արագ ոչ-ոքի գրանցվեց Ռուսաստանի երկու ներկայացուցիչների՝ Կիրիլ Շուբինի և Սերգեյ Լոբանովի դիմակայությունում: Հաշտություն կնքվեց նաև Նիկոլոզ Կաչարավա-Մամիկոն Ղարիբյան պարտիայում, իսկ Պաուլյուս Պուլտինյավիչյուսը հաղթեց Ստեֆան Պողոսյանին:

7-րդ տուրից հետո 6.5 միավորով աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն: Հայաստանի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը իր ակտիվում ունի 6 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Շանթ Սարգսյանը, 5.5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ և Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ սթ հոկտեմբերի 3-16-ը Ջերմուկում անցկացնում է Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» մրցաշարի 2-րդ փուլը: Մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ Հայաստանից և արտերկրից:

Սփյուռքի բազմաթիվ գրողներ կարող են մեր դեսպանները դառնալ իրենց ապրած երկրներում. Ալեքսանդր Թոփչյան

0

Երևանում և Ծաղկաձորում օրերս անցկացվեց Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովը, որին մասնակցում էին տարբեր երկրներից Հայաստան ժամանած գրողներ, թարգմանիչներ, գրականագետներ: Համաժողովի կարևորության, թարգմանվող գրականության չափանիշների և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»ի թղթակիցը զրուցեց գրականագետթարգմանիչ, գրողԱլեքսանդր Թոփչյանիհետ:

«Առաջին իսկ համաժողովից մասնակցում եմ այդ միջոցառումներին: Թող անհամեստ չհնչի, բայց  Հայաստանում հայագիր և օտարագիր գրողներին անդրադարձող համաժողովներ կազմակերպելը նաև իմ նախաձեռնությունն է եղել: Այդ մասին  բազմիցս խոսել ենք ՀԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանի հետ ու եկել այն եզրակացության, որ դրանք ոչ միայն մշակութային, այլև քաղաքական նշանակություն ունեն: Համաժողովները նոր գաղափարներ են ծնում, ճանաչելի են դարձնում Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող գրողների գործերը: Համաժողովներին հայապահպանությանը վերաբերող հարցեր են քննարկվում»,-շեշտեց գրականագետը:

Նա հավելեց, որ Սփյուռքում տարբեր լեզուներով ստեղծագործողներ կան, որոնք այդ երկրներում նկատելի հաջողությունների են հասել, պատվավոր մրցանակների  արժանացել և կարող են հայոց հարցը ներկայացնել, մեր դեսպանները դառնալ օտար երկրներում: «Բնավ պարտադիր չէ, որ այդ գրողները Հայոց ցեղասպանության մասին գրեն: Իրենց լավ գրքերով կարող են հայերի շուրջ բարենպաստ  մթնոլորտ ստեղծել»,-ասաց Թոփչյանը:

Խոսելով համաժողովի հաջողություններից` գրականագետն ասաց, որ դրանցից հետո գրողների ստեղծագործությունները սկսեցին ավելի հաճախ թարգմանվել ու տպագրվել Ամերիկայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում: Այդ ստեղծագործողներն իրենց կապերը, հնարավորություններն օգտագործում են ի շահ հայրենիքի: «Բելգիայում ապրող գրող Ժան Բատիստ Բարոնյանը, որի գրքերից չորսը ես եմ թարգմանել հայերեն, նշանավոր ծանոթներ ունի Բելգիայի խորհրդարանում, նախարարների շրջանում և ամեն անգամ առիթը չի կորցնում ի նպաստ Հայաստանի որևէ քայլ անել: Այսպես կաթիլ առ կաթիլ է պետք աշխատել, որ ծով դառնանք: Ամերիկայում նույնպես կան օտարագիր հայ գրողներ` Պիտեր Բալաքյանը, որը Պուլիցերյան մրցանակի դափնեկիր է. նա էլ այնտեղ է լուրջ աշխատանքներ տանում, քիչ չեն նման գրողները նաև Ֆրանսիայում: Պետք է ավելի խորացնել, ընդարձակել գրողների կապերն ու գործունեության շրջանակը»,-նշեց նա:

Ալեքսանդր Թոփչյանը շեշտեց, որ հայաստանաբնակ և հայագիր գրողների գործերը նույնպես թարգմանվում են այլ լեզուներով, բայց դա տարերային բնույթ է կրում: Կազմակերպված աշխատանքը բացակայում է: Նրա խոսքով` եթե մարդն ունի կապեր, ծանոթներ, կարողանում է իր սեփական միջոցներով տպագրել իր գրքերը և թարգմանել: Սակայն հարց է, թե ի՞նչ որակի են դրանք, արդյոք վաճառվու՞մ են այլ երկրներում, պահանջարկ ունե՞ն: «Թարգմանում, նվիրում ենք, և վերջ: «Անհրաժեշտ է թարգմանել այն գրքերը, որոնք հետաքրքրում են եվրոպական, ամերիկյան հեղինակավոր հրատարակչություններին: Նրանք կարող են կազմակերպված աշխատանք իրականացնել և բարձրակարգ ձևով թարգմանել մեր արդի և դասական գրականության ներկայացուցիչների գրքերը: Ես այստեղի թարգմանիչների լեզվի իմացության վրա բնավ չեմ կասկածում, սակայն մի բան է, երբ գրական գործընթացում ես, այլ բան է, որ լավ լեզու գիտես: Պետք է հասկանալ գրական ստեղծագործության գեղագիտությունը»,-ընդգծեց նա:

Թոփչյանը խոսեց նաև հայերեն թարգմանվող գրականության ընտրության մասին:  «Ֆրանսերենից հայերեն 75 գիրք եմ թարգմանել, տպագրել: Ամեն անգամ գործը սկսելուց առաջ ինքս ինձ հարց եմ տալիս, թե  որքանով է տվյալ ստեղծագործությունն այդ պահին անհրաժեշտ: Իսկ ընտրության չափանիշները տարբեր են: Մենք ունենք ազգային հարցեր: Կան վեպեր, որոնք արդիական են, նոր խոսք են ասում, և դրանք անպայման պետք է ժամանակին թարգմանել: Կարևոր է նաև բարեկամության խնդիրը: Վահե Գոդելը հիանալի բանաստեղծ է, որը հայ բանաստեղծության հատորներ է թարգմանել, և մենք պարտավոր ենք ժամանակ առ ժամանակ հիշել նրան և ներկայացնել: Մի խոսքով, չափանիշներն ու խթանները տարբեր են, սակայն պետք է անել մի գործ` համոզված, որ եթե հեղաշրջում չես անում, գոնե մի քար ես դնում քո մշակույթի պատին»,-եզրափակեց Թոփչյանը:

Պահպանել սեփական լեզուն, հավատքը և մշակույթը. Հեռավոր Մալայզիայի հայերը ջանք չեն խնայում այդ ուղղությամբ

0

Հեռավոր Մալայզիայում թեպետ հայ համայնքը փոքրաթիվ է, սակայն մեծ է հայերի թողած հետքը: Դեռ 200 տարի առաջ, երբ Մալայզիան զարգացման նոր փուլ էր մտնում, իշխանությունները փորձում էին հրավիրել տարբեր կողմերի առևտրականների, բիզնեսմենների ուշադրությունը՝ նպաստելով ներդրումների զարգացմանը: Այդ փնտրտուքների ճանապարհին Մալայզիան հետաքրքրեց նաև հայերին: Հնում հայերը Մալայզիա են եկել հիմնականում Հնդկաստանից և Հին Ջուղայից, արմատավորվել այնտեղ և շատ կարճ ժամանակում վճռորոշ դեր են ունեցել տեղի տնտեսական, մշակութային և ճարտարապետական պատմության մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մալայզիայի հայ համայնքի ղեկավար Էմիլ Պետրոսյանը, հայերի թողած հետքը շատ նշանակալի է:

«Մինչև հիմա կան կանգուն շենքեր, որոնք ժամանակին կառուցվել են հայերի կողմից: Դրանց թվում կա մեծ թանգարան-հյուրանոց (Eastern and Oriental hotel), որտեղ պահպանվել են նաև հիմնադիր հայերի անունները: Հյուրանոցի մասնաշենքները, սենյակները հիմնադիրների անուններով են կոչված: Այսօր Կուալա Լումպուրում կան հայկական փողոցներ. մեկը կոչվում է Արմենիա (Armenian Street), մյուսը՝ Արատուն (Aratoon Road): Ի դեպ, դրանք ամենահայտնի փողոցներից են և միշտ զբոսաշրջիկների հետաքրքրությունների կենտրոնում են»,-ասաց Էմիլ Պետրոսյանը:

Տարիների ընթացքում տեղի հայերը տեղափոխվել են այլ երկրներ: Սկզբում Սինգապուր, այնուհետև առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Ավստրալիա, Նոր Զելանդիա: 1930-ական թվականներից հետո Մալայզիայում բնակվող հայերի մասին տեղեկություն չկա:

Տարիներ անց Մալայզիայում հայերը սկսել են հաստատվել 2000-ական թվականներից: Արդի հայկական համայնքի ձևավորումը սկսվում է այդ շրջանից: Ներկայում Մալայզիայում բնակվող փոքրաթիվ հայերը կենտրոնացած են հիմնականում Կուալա Լումպուրում։ Էմիլ Պետրոսյանի խոսքով, ներկայում մոտ 45 հայ է ապրում:

«Տեղի հայերը տարբեր երկրներից են: Հայաստանից տեղափոխված ընտանքիները մի քանիսն են: Քիչ չեն խառն ամուսնությունները: Նրանց գործունեության ոլորտները տարբեր են՝ բիզնես, հեռահաղորդակցություն, ծառայություններ, կրթություն, ֆինանսներ: Նրանցից շատերը առաջատար մասնագետներ են»,-ասաց Էմիլ Պետրոսյանը:

Մալայզիայում հայկական դպրոց չկա, հետևաբար հայոց լեզվի պահպանության գլխավոր պատասխանատվությունն ընտանիքիների ուսերին է: Մալայզիայում չկա նաև հայկական եկեղեցի, սակայն դա ամենևին չի խանգարում այնտեղ հայերենով աղոթք հնչեցնելուն:

Այս տարի հայ համայնքի համար պատմական իրադարձություն տեղի ունեցավ: Կուալա Լումպուրի Սուրբ Միքայել Հրեշատակապետ եկեղեցում (Ռուս Ուղղափառ) փետրվարի 4-ին առաջին անգամ մատուցվեց Սուրբ պատարագ՝ ձեռամբ Հոգեշնորհ Տեր Զավեն Վարդապետ Յազիչյանի:

«Սա իսկապես պատմական պահ էր: Տասնյակ տարիներ այստեղ հայերենով աղոթք չէր հնչել: Համայնքի կազմակերպչական ջանքերով արվեց դա: Պատարագին ներկա են եղել համայնքի բոլոր անդամները, հյուրեր, հայ ազգի բարեկամներ: Սուրբ Պատարագի ավարտին տեղի է ունեցել Սուրբ Մկրտություն: Երեք մանուկ կնքվել է»,-պատմում է Էմիլ Պետրոսյանը:

Անդրադառնալով մալայզիացիների շրջանում Հայաստանի մասին տեղեկացվածությանը՝ Էմիլ Պետրոսյանը նշեց, որ հայերի մասին գիտեն, բայց Հայաստան պետության մասին՝ ոչ: Շատերը ինֆորմացված չեն Հայաստանի, նրա աշխարհագրական դիրքի, զբոսաշրջային հնարավորությունների մասին: Այդ ուղղությամբ շատ աշխատանք կա կատարելու: Էմիլ Պետրոսյանը նկատեց, որ վերջին շրջանում Հայաստանի ճանաչմանը նպաստում է Հենրիխ Մխիթարյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանից Մալայզիա զբոսաշրջային հոսքին, ապա այն նույնպես պասիվ է: Էմիլ Պետրոսյանը դա կապում է ուղևորության թանկ լինելու հետ:

Աննա Գզիրյան

Սպասվող լրահոս. 12.10.2017

0

 «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Կքննարկվի 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին հարցը: Այն ներառված է այսօր` հոկտեմբերի 12-ին, կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում:

ՀՀ փաստաբանների պալատում տեղի կունենա քննարկում հայ և ֆրանսիացի իրավաբանների մասնակցությամբ: Բացման խոսքով հանդես կգան Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և այլք:

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հանդես կգա մամուլի ասուլիսով: Այն կացկացվի Մոսկվայում, Մինսկում, Բիշքեկում, Աստանայում և Երևանում գտնվող Sputnik-ի մամուլի կենտրոնների հետ ուղիղ տեսակապի միջոցով։ Նա կանդրադառնա «Փոխգործակցություն 2017» զորավարժությունների ընթացքին։

Լրագրողների հետ կհանդիպի արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նա իր վերլուծությունները կներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ սահմանային լարվածության, ինչպես նաև հայկական դիվանագիտության դերին Բյուլբյուլօղլուի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրություններից հետ կանչելու գործում:

Հոկտեմբերի 12-ը Ծխելու դեմ պայքարի ազգային օրն է: ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը, առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը կներկայացնեն ծխելու դեմ ուղղված Առողջապահության նախարարության ծրագրերը, վիճակագրություն:

Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտում կնշվի Ճարտարապետի միջազգային օրը: Միջոցառման ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարի, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի և Երևանի քաղաքապետի կողմից կհանձնվեն պարգևներ ոլորտի ներկայացուցիչներին և բնագավառը լուսաբանող լրագրողներին:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նշում է Հայաստանի ժողովրդի հետ գործընկերության 25-ամյակը: Այդ առթիվ այսօր նախատեսված է հանդիսավոր միջոցառում: Ներկա կլինեն ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության անդամներ և այլ ոլորտների ներկայացուցիչներ:

Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, հասարական կազմակերպությունների ներկայացուցիչներ կներկայացնեն ռազմավարության ծրագրի մանրամասները:

«Բուկինիստ» ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հանդես է գալիս «Գրքի գիշեր-2017» միջոցառմամբ: Նախատեսված ասուլիսին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը կներկայացնեն մանրամասներ սպասվող միջոցառման մասին:

Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվի Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի գեaղ.ղեկավար, առաջին ջութակ, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Աջակողմյան ղեկով մեքենաների շահագործումը դադարեցնելու որևէ իրավական ակտ չկա. նախարարության պարզաբանումը

0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարզաբանում է տարածել աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանման մեջ նշված է.
«Վերջին օրերին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների մասին:

Հաշվի առնելով վաղաժամ, երբեմն հակասական փաստարկները` հարկ ենք համարում պարզաբանել, որ այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որևէ իրավական ակտ չկա: Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կարգավորման բարեփոխումների համատեքստում քննարկվում են խնդրի կարգավորման բոլոր տարբերակները՝ դժվարություններ չստեղծելով այդ տրանսպորտային միջոցների գործող սեփականատերերի համար: Ընդ որում` այդ քննարկումները ներառում են ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացրած առաջարկները, որոնք ավարտուն տեսքի բերվելուց և ամփոփումներից հետո սահմանված կարգով կներկայացվեն թե՛ հասարակությանը և թե՛ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին»:

ՀՀ Նախագահը դեսպաններ է նշանակել Գվատեմալայում, Կիպրոսում և Սերբիայում

0

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին հրամանագրեր է ստորագրել՝ դեսպաններ նշանակելով Գվատեմալայում, Կիպրոսում և Սերբիայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի հրամանագրերով Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո), իսկ Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում և Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք):

Ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

0

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2017 թվականի սեպտեմբերի 28-ին «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանից հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքում նկարահանում կատարելու ժամանակ խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արդյունքում՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Վանաձոր քաղաքի Թումանյան և Լոռվա փողոցները միմյանց միացնող կամրջի սկզբնամասում ՍՊ ընկերության կողմից կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ: Ն.Ավետիսյանը, որպես լրագրող, նկարահանել է անձրևային եղանակին կատարվող աշխատանքները, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  վերցրել է լրագրողի բջջային հեռախոսը և արգելել նրան տեսանկարահանումներ կատարել։ Ն.Ավետիսյանը ճանաչվել է տուժող և ճանաչման ժամանակ, որպես իր գործունեությանը խոչընդոտող անձի, մատնանշել է ՍՊԸ-ի տնօրենին։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:  Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, նույն միջադեպի վերաբերյալ տուժողի, վկաների ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Նշանակված փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն          ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած                   դատավճռով:

Բասկետբոլիստ Քրիս Յանկու Օսկիյանը սկսել է ելույթները «Յալովա» ակումբում

0

 Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Քրիս Յանկու Օսկիյանը կարիերան շարունակում է Թուրքիայի առաջին լիգայի «Յալովա» ակումբում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախկինում Յանկուն հանդես էր գալիս Թուրքիայի «Սակարյա Բասկետ» ակումբում:

Թուրքիայի առաջին լիգայի երկրորդ տուրում «Յավոլան» 80-87 հաշվով պարտվել է «Բաղչեշեխիր» ակումբին: Յանկուն խաղադաշտում անցկացրել է 22 րոպե և վաստակել 11 միավոր: