Երկուշաբթի, 28. 07. 2025

Ավարտվել է «Արմենպրես»-ի ֆոտոարխիվի 10 հազար լուսանկարի թվայնացումը

0

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում «Արմենպրես»լրատվական գործակալության ֆոտոարխիվի 10 հազար լուսանկարի թվայնացման իրականացման մասին։ Թվայնացված բոլոր լուսանկարները հասանելի են ծրագրի շրջանակներում գործարկված history.armenpress.amկայքում։


Հանդիսանալով Հայաստանի հնագույն լրատվական գործակալությունը (հիմնադրվել է 1918թ.)՝ «Արմենպրեսը» լուսաբանել է երկրի պատմության վերջին հարյուր տարվա կարևորագույն բոլոր իրադարձությունները: Նախագծի գլխավոր աջակիցը Beeline-ն է։ Թվայնացման և կայքի ստեղծման աշխատանքներն իրականացվել են Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի կողմից։

«Արմենպրես. Պատմություն» նախագիծն արդեն իրականություն է։ Իր պատմությունը 1918թ․ սկսած Հայաստանի ամենահին լրատվական գործակալությունն ունի իր տեսակի մեջ եզակի թվային նախագիծ, որը հնարավորություն է տալիս նորանոր ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնել ֆոտոլրատվության ոլորտում։ Վստահ եմ, որ այս նորացված կարողություններով ու գործիքակազմով մենք բազմաթիվ առիթներ կունենանք զարմացնելու մեր բաժանորդներին ու ընթերցողներին։ Շնորհակալ եմ բոլոր այն կազմակերպություններին ու մարդկանց, ում շնորհիվ «Արմենպրես. Պատմությունը» հասանելի դարձավ մեր հանրությանը», – ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Այս ծրագրի ավարտը նշանակում է, որ լայն հանրություն համար արդեն հասանելի են մեր երկրի պատմության մեկդարյա վկայությունները։ Սա կարևոր աշխատանք էր պատմության պահպանման և ուսումնասիրության տեսակետից։ Շատ խորհրդանշական է, որ անցյալի պահպանման համար օգտագործվել են ապագայի տեխնոլոգիաները։ Դա նշանակում է, որ մեզ բոլորիս հաջողվել է պահպանել կապն անցյալի հետ և միևնույն ժամանակ վստահ քայլել առաջ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

«Նախագծի իրականացումը հետաքրքիր էր ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև բովանդակային առումով։ Ամեն լուսանկարի հետ բացվում էր Հայաստանի նոր և նորագույն պատմության հետաքրքիր մի դրվագ, ինչն էլ մեծ ոգևորություն էր առաջացնում թվայնացնումն իրականացնող թիմի մոտ՝ թույլ տալով անմիջապես վայելել անչափ պատասխանատու աշխատանքի պտուղները։ Թվայնացման աշխատանքներն իրականացրել ենք հատուկ սարքավորումների միջոցով, որոնք ապահովել են բովանդակության բարձր որակ։ Ստեղծել ենք նաև ժամանակակից կայք, որի միջոցով լուսանկարները հասանելի են դարձել հասարակության համար», – նշում է Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամը նախագիծն իրականացրել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Ծրագրի արդյունքում թվայնացված բոլոր լուսանկարների օգտագործման, ինչպես նաև հեղինակային և հարակից իրավունքները պատկանում են բացառապես «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

Մխիթարյանն ընդգրկվել է Մունդիալ-2018-ը բաց թողնող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականի կազմում

0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է այն ֆուտբոլիստների շարքը, ովքեր չեն մասնակցի աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` կազմված խորհրդանշական հավաքականում են Յան Օբլակը (դարպասապահ, Սլովենիա), Անտոնիո Վալենսիան (պաշտպան, Էկվադոր), Լյուկ Վան Դիյկը (պաշտպան, Նիդեռլանդներ), Դավիթ Ալաբան (պաշտպան, Ավստրիա), Դեյլի Բլինդը (պաշտպան, Նիդեռլանդներ), Նաբի Կեյտան (կիսապաշտպան, Գվենիա), Հենրիխ Մխիթարյանը (կիսապաշտպան, Հայաստան), Արտուրո Վիդալը (կիսապաշտպան, Չիլի), Ալեքսիս Սանչեսը (հարձակվող, Չիլի), Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը (հարձակվող, Գաբոն), Գարեթ Բեյլը (հարձակվող, Ուելս):

ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց սպառազինություն ձեռք բերելու համար ՌԴ-ից 100 մլն դոլար վարկի ներգրավմանը

0

 Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսավորման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարություն համաձայնություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ըստ համաձայնագրի՝ 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10 տոկոսի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:

Համաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության և «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր ժամանակակից սպառազինության և տեխնիկայի` ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:

Նախագծի հիմնավորման համաձայն` համաձայնագրի կնքումը համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին և դրա իրագործումը կծառայի ՀՀ անվտանգության ամրապնդման նպատակներին:

Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ 2015թ. հունիսի 26-ին ստորագրվել էր սպառազինություն ձեռք բերելու համար 200 մլն դոլարի վարկային համաձայնագիր, որն այժմ գործում է:

 

Կառավարությունը 2018 թվականին «Հայփոստ»-ը կմասնավորեցնի

0

 ՀՀ կառավարության կողմից «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին հանձնված «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման ժամկետը կերկարաձգի ևս երեք ամսով՝ մինչ 2017 թվականի տարեվերջ: Կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 24-ի որոշմամբ «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը հանձնվել է հավատարմագրային կառավարման՝ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին և 2016թ. դեկտեմբերի 14-ին ստորագրվել հավատարմագրային կառավարման պայմանագիր:

Պայմանագրով՝ հավատարմագրային կառավարման ժամկետը սահմանվել է 9 ամիս (ավարտը՝ 2017թ. սեպտեմբերի 30):

«Հաշվի առնելով, որ «Հայփոստ»-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում և կառավարության 2017թ. հունիսի 19-ի որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրի համաձայն՝ նախատեսվում է մինչև 2018թ.ավարտը իրականացնել «Հայփոստ»-ի մասնավորեցում, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերը նշված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին

0

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2017թ. տարեկան հանդիպումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ նախագահը հանդիպումներ է ունենալու ԱՄՀ և ՀԲ՝ Բելգիայի և Նիդերլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների ԿԲ-ների կառավարիչների և Միջազգային Ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումներ են նախատեսված ՀԲ փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի և ՀԲ գործադիր տնօրեն Ֆրենկ Հեմսկերկի, ՎԶԵԲ փոխնախագահ Ալան Պիլուի, նաև ԱՄՀ գործադիր տնօրեն Էնթոնի դը Լաննոյի և ԱՄՀ-ի Մերձավոր Արևելքի եւ Կենտրոնական Ասիայի մասով տնօրեն Ջիհադ Ազուրի հետ:

Միջոցառումների շրջանակում նախատեսված են մի շարք աշխատանքային քննարկումներ՝ տարածաշրջանային տնտեսական զարգացումների, միջազգային ֆինանսական շուկայի արդի վերլուծությունների շուրջ:

Խոշորացված համայնքներում կձևավորվեն բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոններ

0

 Համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով արդեն իսկ գործարկվել են համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոն։ Հետագայում այս կենտրոնները փոխանցվելու են համայնքներին: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Միաժամանակ, մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձևավորման ուղղությամբ»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Ելնելով վերոնշյալից և կարևորելով համայնքային ծառայությունները մեկ պատուհանի սկզբունքով մատուցելը՝ վարչապետն Աշխատանքի և սոցիալական հարցերի և Տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին, Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարեց 10-օրյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների՝ նույն հարթակում կազմակերպելու նպատակով միասնական կենտրոնների ձևավորման վերաբերյալ առաջարկություններ, մասնավորապես` հստակ անդրադառնալով համապատասխան տարածքներն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնելու հարցին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվեց միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ ամսական պարբերականությամբ Կառավարության աշխատակազմ ներկայացնելով տեղեկատվություն կենտրոնների ձևավորման ընթացքի և արդյունքների վերաբերյալ:

Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ բոլոր տարածաշրջաններում ստեղծվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենտրոններ, որպեսզի բնակչությանը մատուցվեն որակյալ նոր կարգի ծառայություններ: «Նախատեսված էին նաև ֆինանսական վարկային միջոցներ, որպեսզի դրանց համար համապատասխան շինություններ՝ կառույցներ կառուցվեն: Համայնքների խոշորացման ծրագիրը ցույց է տալիս, որ մարզերում ունենք տարածքներ, որոնք կարող ենք օգտագործել ու, այդպիսով, խնայել ֆինանսական միջոցները, մեկ պատուհան գաղափարով ստեղծել հարթակ, որտեղ բնակիչը բոլոր հնարավոր ծառայությունները կկարողանա ստանալ: Այս առումով ունենալու ենք ֆինանսական միջոցների օպտիմալացում, նաև ծառայությունների հարմարավետություն: Տարածքային կառավարման  և զարգացման ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հետ քննարկել ենք, որպեսզի տնտեսվող միջոցներն ուղղենք տեխնիկական վերազինմանը, ավելի որակյալ ծառայությունների մատուցմանը»,– ասաց Կարեն Կարապետյանը:

Գյուղատնտեսության նախարարն այցելել է CARD հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն

0

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Դարակերտ համայնքում գտնվող Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կենտրոնը հիմնվել է 2014 թվականին՝ Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացման նպատակով: Այստեղ անց են կացվում սեմինարներ և դասընթացներ Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից: Այն ծառայում է նաև որպես հաղորդակցման հարթակ 22 համայնքների 1000-ից ավելի ֆերմերների համար: Կենտրոնում նախարարը մասնակցել է փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվել են փոքր և միջին չափերի նոր տեսակի թաղանթային ջերմոցների առավելությունները, արդյունավետությունը, դրանց դերը գյուղատնտեսության զարգացման գործում: Մասնագետների հիմնավորմամբ՝ այդ ջերմոցները բարձր արդյունավետություն կարող են ապահովել փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների համար, որոնք իրենք փոքր հողակտորներից չեն կարողանում բավարար եկամուտներ ստանալ և արդյունավետ գյուղատնտեսություն վարել: Այնուհետև նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:  

  Կենտրոնի ջերմոցային տնտեսությունների և հողագործության զարգացման բաժնի տնօրեն Աննա Կարապետյանի  խոսքով՝ Կենտրոնի նպատակն է ջերմոցային տնտեսություններին ներկայացնել որակյալ ապրանքատեսակներ և նոր տեխնոլոգիաներ: Կենտրոնի հետ համագործակցում են աշխարհում ճանաչված շուրջ 13 կազմակերպություններ, այստեղ հիմնվել է փորձացուցադրական դաշտ, որտեղ կազմակերպվում են դասընթացներ, տարբեր տեսակի հիբրիդների և տեխնոլոգիաների փորձացուցադրություններ: Աննա Կարապետյանը հավելել է, որ փորձացուցադրման իմաստն այն է, որ ֆերմերը չկորցնի ռեսուրսներ և ժամանակ, բացի այդ, ամբողջ ծախսերը հոգում է Կենտրոնը:

Տեղի ջերմատներում աճեցվում են հոլանդական լոլիկ, վարունգ, հազար, ջերմատներից մեկը՝ իտալական կոնստրուկցիաներով է, մյուսը՝ իսրայելական: Կոնստրուկցիայի 1 մ2-ի արժեքը կազմում է 22 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 3 տարվա ընթացքում հնարավոր է այդ գումարը ետ վերադարձնել: Նման ջերմատներում արտադրությունը կարելի է կազմակերպել ինչպես ջեռուցման միջոցով, այնպես էլ առանց ջեռուցման: «Մենք հիմա փորձում ենք համախմբել փոքր ջերմոցային տնտեսություններին մեկ կոոպերատիվի ներքո և դրանց արտադրանքը մրցունակ դարձնել շուկայի համար, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել իրացումը»,-նշել է կենտրոնի ներկայացուցիչը: Կենտրոնում ֆերմերներին ապահովում են նաև անվճար մասնագիտական խորհրդատվությամբ, որը տրամադրում են Հայաստանում և արտերկրում վերապատրաստված մասնագետները: Բացի այդ, խորհրդատվական նպատակներով պարբերաբար Հայաստան են ժամանում մասնագետներ Հոլանդիայից, Իտալիայից, Ուկրաինայից և այլ երկրներից, որոնք դասընթացներ են կազմակերպում ոչ միայն Կենտրոնի մասնագետների, այլ նաև ֆերմերների համար: Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի տնօրեն, «Բերքառատ ջերմոց» ՍՊԸի տնօրեն Վարուժան Խոդեդանյանը հավաստիացնում է՝ նման ջերմատներն արդյունավետ են, ստացված արտադրանքը՝ մրցունակ: «Այստեղ մենք ավելի շատ բերք ենք ստանում, օրինակ մոտ 500 քառակուսի մետրից ստացել ենք մոտ 23 տոննա «կիբրիա» տեսակի վարունգ, պարբերաբար իրականացվում են բերքի ստուգումներ, այժմ մշակում ենք լոլիկ, վարունգ, պղպեղ և սմբուկ: Այստեղ ներդրումը թանկ է, բայց արդարացված: Բերքի իրացման խնդիրներ չունենք, այն հիմնականում իրացվում է տեղական շուկայում, մասամբ` Ռուսաստանում, շնորհիվ ստեղծված պայմանների՝ այստեղ արտադրվող գյուղմթերքը մրցունակ է»,-նշում է Վարուժան Խոդեդանյանը:

Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ Արարատյան հարթավայրում շատ են փոքր և միջին գյուղացիական տնտեսությունները, որոնց համար նման ջերմատների հիմնումը կարող է դառնալ զարգացման ծրագիր: «Արդեն այսօր այդ տնտեսությունները, օգտվելով 3-10 մլն դրամ սուբսիդավորման վարկերից, կարող են նման ջերմատներ հիմնել: Բացի այդ, քննարկեցինք ներդրումների ավելացմանն ու հողերի արդյունավետության բարձրացմանը զուգահեռ ենթակառուցվածքների՝ սառնարանային տնտեսությունների, մթերման կենտրոնների ստեղծման հարցը, որի ծրագիրը կներկայացնեն, և այն կներառենք մեր հետագա տեսլականի մեջ»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը: Նախարարի խոսքով՝ նման տնտեսությունների ստեղծումը և՛ զբաղվածության հարց կլուծի, և՛ եկամտաբերությունը կավելացնի, ինչպես նաև արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը կնպաստի, եթե տնտեսությունները կոոպերացվեն, կոնսոլիդացված աշխատեն և կարողանան իրենց արտադրանքը երաշխավորված արտահանել:

Վարչապետը Դավիթ Լոքյանի առջև խնդիր դրեց մինչ տարեվերջ 100 տոկոսով կնքել աղբահանության պայմանագրերը ու ապահովել հավաքագրումները

0

Անցած ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվել է ծավալուն աշխատանք, կազմակերպվել է 2 համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում, արդյունքում 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ:

«Մշակվել և Ազգային ժողով է ներկայացվել աղբահանության ու սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանն և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման վերաբերյալ հանձնարարականի արդյունքում, արդեն իսկ կնքված պայմանագրերի թիվն ավելացել է երկու անգամ և կազմում է սուբյեկտների շուրջ 25 տոկոսը, ինչպես նաև ավելացել են աղբահանության համար վճարումների ծավալները, առանց Երևանի, ընդամենը 51.2 տոկոսով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Հաշվի առնելով այն, որ չնայած արձանագրված արդյունքներին, առկա իրավիճակը դեռևս կարիք ունի համակարգված շարունակական միջոցառումների և լրացուցիչ արդյունքների՝ վարչապետը հանրապետական գործադիր, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին ու համայնքների ղեկավարներին առաջարկեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով հետևողականորեն շարունակել Մաքուր Հայաստան ծրագրի շրջանակներում աշխատանքները` համաձայն հաստատված ծրագրի ու աշխատանքային պլանների:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվեց ապահովել հոկտեմբերի 21-ին երրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

Դիմելով Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ Կարեն Կարապետյանը նշեց, որ պետք է հետևողական լինել իրականացվող ծրագրերին ու ժամանակացույցին: «Իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի 25 տոկոս ցուցանիշը բավարար չէ: Մինչև տարեվերջ պայմանագրերը պետք է կնքվեն 100 տոկոսով, նույնը վերաբերում է նաև աղբահանության հավաքագրումներին»,- ասաց վարչապետը:  

Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխող է

0

Հայաստանում հոկտեմբերի 12-ը նշում են որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխող է: Կանանց շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը հասնում է 5%-ի: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում: Այս տարվա վիճակագրական տվյալների համաձայն` Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Կոնվենցիայով օրենսդրությանը վերաբերող պահանջներն ապահովելու նպատակով մշակվել և օգոստոսի 3-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը», որի թիրախը առաջիկա 3-4 տարում ծխող տղամարդկանց թիվը շուրջ 10%-ով կրճատելն է։ Այժմ ձևավորվում է Ծխելու դեմ պայքարի գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։ Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում օրենսդրական դաշտը կատարելագործելու ուղղությամբ։ Մոտ օրերս ռեֆորմի շրջանակներում մշակված օրենսդրական փաթեթը կներկայացվի հանրությանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային Հայաստանը միացավ 2004 թվականի հոկտեմբերի 12-ին : 2008-ից, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հայտարարվեց «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»: ՀՀ-ում Ծխախոտի դեմ պայքարի գործողությունների նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման ու ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական կործանարար հետևանքներից: Պայքարի հիմնական գործիքներն են՝ գովազդի, հովանավորչության և վաճառքի խթանման ամբողջական արգելքը, հասարակական վայրերում ծխախոտի սահմանափակումը: Ամբողջ աշխարհում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում:

Կարեն Գրիգորյանը մեկնարկեց Ֆիլիպինների շախմատային մրցաշարում

0

 Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը սկսել է պայքարը Ֆիլիպինների մրցաշարում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Ֆիլիպիններում մեկնարկեց «Նեգրոս օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 6 երկրի 51 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր, 6 միջազգային վարպետ: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է անգլիացի հանրահայտ գրոսմայստեր Նայջել Շորթը:

Կայացած մրցաշարի առաջին տուրում Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Միչիանո Ջոն Մարվինի հետ: