Երկուշաբթի, 28. 07. 2025

Իրավական ոլորտի հայ և ֆրանսիացի մասնագետները միմյանց հետ քննարկումներ ունեցան

0

Հայ և ֆրանսիացի իրավաբանները միմյանց հետ իրենց փորձÁ կիսեցին փաստաբանների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության և հասարակ բաժնետոմսերով ընկերությունների ֆինանսական գործարքների ոլորտներում։ 
«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, հայ և ֆրանսիական իրավաբանների մասնակցությամբ բիզնես և իրավական ոլորտի վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀփաստաբանների պալատի նախագահ ԱրաԶոհրաբյանը։ 
«Նախկինում եղել են տարբեր թեմաներով միջազգային գիտաժողովներ։ Այսօր թեմաներից մեկը՝ հասարակ բաժնետոմսերով ընկերությունների ֆինանսական գործարքների իրականացումն է։ Մենք այսօր քննարկելու ենք հայկական բաժնետոմսերի վերաբերյալ  փորձը, ինչպես նաև ֆրանսիացիների փորձը, որն իրենց մոտ կոչվում է հասարակ բաժնետոմսերով բաժնետիրական ընկերություն։ Հայկական բաժնետոմսերով ընկերություններ ասելով հասկանում ենք բիզնես ընկերությունների գործունեություն։ Մեր ֆրանսիացի գործընկերները և՛ իրավունքի, և՛ բիզնեսի ոլորտում են ներկայանում, և, կարծում եմ, որ սա Հայաստանի համար շատ լուրջ հնարավորություն է ներդրումների տեսանկյունից։ Խոսելու ենք նաև փաստաբանների մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունից»,- ասաց Արա Զոհրաբյանը և նշեց, որ զարգացած երկրներում փաստաբանների պատասխանատվությունը ապահովագրված է, որպեսզի, եթե քաղաքացիները վնաս կրեն փաստաբանի ոչ արդյունավետ գործողություններից՝ կարողանան նաև ապահովագրական ընկերությունների միջոցով ստանալ փոխհատուցում։ 
Նրա խոսքով՝ Հայաստանում այդ ինստիտուտը դեռ ներմուծված չէ, և մենք պետք է կարողանանք տեսնել դրա զարգացման հեռանկարները մեր երկրում։ 
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ ցանկացած ներդրողի հետաքրքրելու է այդ երկրի դատաիրավական համակարգը, որտեղ կա դատարանների անկախությունը և կանխատեսելիությունը, ինչպես նաև փաստաբանների պրոֆեսիոնալիզմը։ 
«Պրոֆեսիոնալ փաստաբանը միշտ կարող է ստիպել դատարանին աշխատել։ Պետությունը այս հատկանիշները պետք է ունենա, և մենք մեր կողմից ցանկանում ենք ցույց տալ մեր գործընկերներին, որ հայ փաստաբաններս ի վիճակի ենք սպասարկել ձեռնարկատիրական ներդրումները»,- ընդգծեց Զոհրաբյանը։ 
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը նշեց, որ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որը տեղի է ունենալու Երևանում, ընդունելու է 80 պատվիրակություն։ 
«Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը շատ մեծ նշանակություն պետք է ունենա երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Ֆրանսիայի համար այդ գագաթաժողովը մեծագույն կարևորություն ունի։ Մենք ցանկանում ենք նոր համագործակցություններ հաստատել ,և իրավունքը մեր գործունեության համար չափազանց կարևոր է։ Իրավունքը զարգանում է գիտաժողովների, հնարավոր երկկողմանի հարաբերությունների միջոցով։ Ես գիտեմ, որ իրավաբանական ոլորտը Հայաստանում կարևոր դերակատարություն ունի»,- նշեց դեսպանը։ 
Ջոնաթան Լաքոտն ընդգծեց, որ իրավաբանական ոլորտը մեծապես նպաստում է Ֆրանսիայի ազդեցության զարգացմանը և տարածմանը աշխարհով մեկ։ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը, իր դիվանագիտական փորձից ելնելով, ասաց, որ պետք է աշխատել համագործակցության ոլորտում։ 
«Մենք արդյունավետ աշխատանքի արդյունք կունենանք, եթե հիբրիդային մոտեցում դրսևորենք և կառավարենք մեր իրավական փորձառությունը։ Համագործակցային դիրքորոշումը թույլ է տալիս նաև զարգացնել մեր՝ սեփական, իրավաբանական ոլորտը, մեր քաղաքացիների բարեկեցությունը։ Այս ամենը թույլ կտա մեզ միջազգային մակարդակով նվաճել շուկան»,- ասաց Լաքոտը։ 
Դեսպանի խոսքով՝ իրավական ոլորտը ամենագլխավորներից է Հայաստանում ֆրանսիական համալսարանում։ Նրա պնդմամբ՝ հաստատության գործունեությունն այդ համագործակցության լավագույն դրսևորումներից է։ 

Սարգսյան-Ալիև հանդիպման բովանդակությունն ակնհայտորեն Բաքվին ձեռք չի տալիս. Շավարշ Քոչարյան

0

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների մասին հստակություն չկա, եթե լինի կհայտարարվի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Ակնհայտորեն այդ հանդիպման բովանդակությունը Բաքվին ձեռք չի տալիս: Այդ տեսակետից, պատահական չէ Ալիևի սադրիչ հայտարարությունը, երբ փորձում է խեղաթյուրել բովանդակությունն ու այլ բան ներկայացնել: Բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը:

Հանդիպման կազմակերպման կողմերի պատրաստակամության մասին հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ չնշելով կոնկրետ ժամկետներ:  

Վահան Մարտիրոսյանը «Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչների հետ քննարկել է փոխշահավետ համագործակցության հնարավորությունները

0

 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է «Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչներին՝ միջազգային բիզնես ծրագրերի ղեկավար Դանիիլ Ալգուլյանի գլխավորությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ներկայացնելով բանկի գործունեության շրջանակներն ու համագործակցությունը տարբեր երկրների տրանսպորտային ոլորտների ծրագրերում՝ բանկի ներկայացուցիչները հույս են հայտնել համագործակցության եզրեր գտնել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերում: 

Նախարար Վահան Մատիրորոսյանը ներկայացրել է համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, միասնական երթուղային ցանց ստեղծելու, մուլտիմոդալ բեռնափոխադրումների, ինչպես նաև տարածաշրջանային «Դատա կենտրոն» հիմնելու ծրագրերը։

Բանկի ներկայացուցիչներն իրենց հետաքրքրությունն են արտահայտել ներկայացված ծրագրերի առնչությամբ և պատրաստակամություն հայտնեկ ակտիվ մասնակցություն ունենալ այդ ծրագրերում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրերի հանգամանալի ուսումնասիրությունից հետո քննարկել նաև փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։

 

 

ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում առաջընթացի դրական որևէ միտում չկա. Շավարշ Քոչարյան

0

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում որևէ դրական միտում չկա, որը թույլ կտար խոսել առաջընթացի մասին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հարցին՝ արդյոք նախագահների հանդիպման համար միջազգային հանրությունից հայկական կողմը ստացել է ռազմական գործողություններ չսկսելու երաշխիքներ՝ փոխնախարարն ասաց, որ հանդիպումն ու երաշխիքը միմյանց հետ չի կարելի կապել: «Հիշեցնեմ մի բան, որն այսօր շատ է շահարկվում, խոսքը վերաբերում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին: Իրականում կրակի, ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու մասին կա 1995 թվականի եռակողմ համաձայնագիր՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, և դա ըստ էության Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Տրամաբանությունը շատ պարզ է, 1994-ին ստորագրվեց ռազմական գործողությունների և կրակի դադարեցման համաձայնագիր՝ այն ակնկալիքով, որ պետք է լինի համապարփակ կարգավորում: Եվ կա շատ պարզ տրամաբանություն, դրա համար պետք է լինի փոխվստահություն: Այն հանգամանքը, որ անցել է 20 տարուց ավելի և բանակցային գործընթացում առաջընթաց չկա՝ պայմանավորված է հենց դրանով: Նույնը մենք տեսանք ապրիլին, երբ Ադրբեջանը փորձեց վերսկսել ռազմական գործողությունները»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, հրադադարի ռեժիմի ամրապնդումը հայկական կողմի նախապայմանը չէ, դա մի կողմից Ադրբեջանի պարտավորությունն է, մյուս կողմից՝ համանախագահների շատ տրամաբանական մոտեցումը: «Ի՞նչպես կարելի է խոսել առաջընթացի մասին, եթե կողմերի միջև չկա վստահություն: Ավելին, ինքնին այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է իր միջազգային պարտավորություններից՝ արդեն հարցականի տակ է դնում ապագա ցանկացած համաձայնություն: Նա կարող է ստորագրությունը դնել համաձայնության տակ և վաղը չկատարել, ինչի ապացույցն են հենց այդ նույն համաձայնագրերի խախտումները»,– ասաց փոխնախարարը:

Հարցին, ունե՞նք երաշխիք, որ ադրբեջանական կողմը բանակցելով ռազմական գործողությունները չի վերսկսի, Շավարշ Քոչարյանը նշեց. «Իհարկե չունենք, ավելին, բանակցային գործընթացի տեղում դոփելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ի սկզբանե Բաքուն ընտրել էր ուժային քաղաքականություն՝ ի պատասխան ինքնորոշմանը, և առ այսօր դրանից չի հրաժարվում»:

Հարցին, այդ պարագայում ո՞րքանով է նպատակահարմար գնալ բանակցությունների՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ միշտ պետք է գիտակցել, երբ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, ապա կա երկու հարթություն՝ մեկը վերաբերում է նրան, որպեսզի չվերսկսվեն ռազմական գործողությունները, դա նաև եռանախագահների առաքելությունն է, մյուսը՝ ապահովել առաջընթաց բանակցային գործընթացում: «Այս երկու հարթությունները միմյանց հետ սերտ կապված են ու հաշվի առնելով նաև ապրիլյան պատերազմը, ակնհայտ է, որ եռանախագահները շեշտադրումն առաջին հերթին դնում են վստահության մթնոլորտի վրա: Այդ տեսակետից, պետք է հստակ գիտակցենք, քանի որ շատ անգամ մոտեցումն այսպիսին, թե գնում են հանդիպման՝ կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու: Ցավոք դա դեռևս այդպես չէ և առաջնային խնդիրը վստահության մթնոլորտն է, որն իր հերթին նշանակում է վերջ տալ սադրանքներին: Ադրբեջանը պետք է բերվի կառուցողական դաշտ, ավելին՝ պետք է լինեն երաշխիքներ, որ կբացառվեն ստորագրությունից հրաժարվելու իրավիճակները, որից հետո նոր հնարավոր կլինի խոսել առաջընթացի մասին: Ակնհայտ է, որ այսօր չկա որևէ դրական միտում, որը թույլ կտա խոսել առաջընթացի մասին բանակցային գործընթացում»,- ասաց ՀՀ փոխարտգործնախարարը: 

Գեղարքունիքում կարտոֆիլի բերքահավաքը նպաստել է հազարավոր ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմանը

0

Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում շարունակվում է կարտոֆիլի բերքահավաքը, որում ընդգրկված են ինչպես տնտեսությունների անդամները, այնպես էլ՝ օրավարձով աշխատող հազարավոր բանվորներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը, մարզի կարտոֆիլի ցանքերի մեծ մասը գտնվում է Վարդենիսի տարածաշրջանում, առավելապես՝ Մասրիկի հարթավայրում, որտեղ հոկտեմբերի ընթացքում սկսված համատարած բերքահավաքում ընդգրկված են մի քանի հազար մանր ու մեծ տնտեսությունների ներկայացուցիչներ, օրավարձով աշխատող բանվորներ, հարյուրավոր քանդող մեխանիզմներ: Նախնական տվյալներով՝ կարտոֆիլի բերքը Գեղարքունիքում հավաքվել է մոտ 60 տոկոսի չափով: Վարդենիսի տարածքի առանձին համայնքների ղեկավարների հավաստմամբ՝ օրավարձով աշխատող բանվորները գալիս են Գեղարքունիքի մարզի տարբեր տարածքներից, անգամ՝ Հրազդանից: 
«Նրանց թիվը հասնում է մի քանի հազարի: Կարտոֆիլ հավաքող բանվորն օրական վաստակում է 5 հազար դրամ, իսկ բեռնող-բեռնաթափող բանվորները, կախված բեռի քաշից, ստանում են 7-8 հազար դրամ: Եթե նկատի ունենանք, որ բերքահավաքը կարող է շարունակվել առնվազն եւս 10 օր, ապա ստացվում է, որ միջինը մեկ բանվորը հոկտեմբերի ընթացքում վաստակելու է մինչեւ 100 հազար դրամ, դրան ավելացրած, որ վարձու աշխատանքում շատ դեպքերում ընդգրկված են նույն ընտանիքի մի քանի անդամներ: Միայն Սոթքի կարտոֆիլի դաշտերում այժմ դրսից եկած 150-200 բանվոր են աշխատում»,-պատմեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը:

Խոսրով Խլղաթյան

Նոր ռազմավարական ծրագրով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում

0

Քրեակատարողական համակարգում նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում, դատապարտյալների զբաղվածության ապահովում, ծառայությունների պատվիրակման ինստիտուտի ներդրում: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի  12-ին լրագրողների հետ հանդիպմանը քրեակատարողական համակարգի 2018-2038 թթ. ռազմավարական ծրագրի մասին խոսեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ  Սուրեն Քրմոյանը:

«Քրեակատարողական համակարգում ունենք շատ խնդիրներ, որոնք տարիներ ի վեր պահանջում են նաև լուրջ ֆինանսական ներդրումներ: Այդ պատճառով հանձնարարվել է մշակել հաջորդ 20 տարվա մեր տեսլականը: Մենք հիմնվում ենք երկարաժամկետ փոփոխությունների վրա: Ողջ ռազմավարությունը կառուցված է պատժի նպատակների վրա: Մենք ամրագրել ենք մի սկզբունք՝ քրեակատարողական համակարգը պետք է հստակ ապահովի պատժի նպատակների իրականացումը»,-ասաց Քրմոյանը:

Համակարգում պլանավորել են կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ, որպեսզի օրենսդրությունը համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային: Հաշվի են առել նաև հասարակական դաշտի գործընկերների ամրագրած բոլոր խնդիրները:

Ինստիտուցիոնալ պատշաճ համակարգ ապահովելու համար պլանավորում են քրեակատարողական հիմնարկները օպտիմալացնել և արդիականացնել: «Սա նշանակում է կառույցների օպտիմալացում, անհրաժեշտության դեպքում փակում, նոր կառույցների ձևավորում: Ռազմավարական ծրագրով մեծ ուշադրություն է դարձված նաև անվտանգության համակարգին: Փախուստի դեպքերը կանխելու համար պետք է կիրառվեն ժամանակակից տեխնոլոգիաներ: Նախատեսվում է ինչպես գործող կառույցների վերակառուցում, այնպես էլ նորերի կառուցում: Ռազմավարության մեջ ամրագրված են նաև հիվանդանոցային բուժօգնության բարելավմանն ուղղված միջոցառումներ»,-ասաց Քրմոյանը:

Կլինի նաև քրեակատարողական ծառայության և հիմնարկների կառավարման փոփոխություն: Կարևորվել է նաև վերասոցիալականացման կոմպոնենտը, որպեսզի կանխվի կրկնահանցագործությունը, և անձանց պատրաստեն ապրելու հանրության մեջ: «Մենք պետք է պատրաստենք անձանց, որոնք,  հասարակություն վերադառնալով, վտանգ չներկայացնեն: Ըստ դրա՝ կարևորվել է զբաղվածությունը՝ աշխատատեղերի ստեղծումը»,-նշեց Քրմոյանը:

Նախատեսված է նաև ծառայությունների պատվիրակման ինստիտուտի ներդրում: Օրինակ՝ սննդի մատակարարումը և այլ գործողությունները պետք է իրականացնեն պատվիրակված մասնավոր սուբյեկտները, որպեսզի ապահովվի թափանցիկություն:Կարևորվել են նաև քրեակատարողական ծառայողների վերապատրաստումը, բազային կրթությունը,  սոցիալական վիճակի բարելավումը: Կոռուպցիայի  դեմ պայքարի համար ևս նախատեսված են կանխարգելիչ  և իրավապահ գործողություններ:

Մինչև 30 տարեկան երիտասարդ մայրերը կկարողանան մասնակցել վերապատրաստման կուրսերի

0

Հայաստանում մինչև 30 տարեկան երիտասարդ մայրերին գործատուների մոտ կառաջարկվեն վերապատրաստման կուրսեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 12-ի նիստում:

Ապագայում մասնագիտություն ունենալու համար նրանց կառաջարկվի նաև 6-ամսյա կրթաթոշակ: Պետությունը կվճարի նաև այն ձեռնարկությունների աշխատակիցներին, որոնք կհամաձայնեն ստանձնել այդ գործը: Նրանք աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելավճար կստանան։ Ծրագիրը պլանավորվում է սկսել 2018 թվականից: Առաջին խմբում կընդգրկվի 100 կին: Նրանց ամսական կվճարվի 78 հազար դրամ՝ երեխայի խնամքի համար։

 

Նախկին բանտարկյալների և գործազուրկների համար պետությունը մասնագիտական ուսուցում կապահովի

0

Կառավարությունը նախկին բանտարկյալների համար մասնագիտական ուսուցում կազմակերպելու ծրագիր կիրականացնի: 

«Արմենպրես»ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 12-ի նիստում։

Ուսուցմանը կկարողանան մասնակցել նաև գործազուրկներն ու նրանք, ում աշխատանքից ազատում է սպառնում։ Ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից կհատկացվի 45 մլն դրամ։ Ծրագիրը նախատեսված է 500 մարդու համար։

Արդարադատության նախարարությունում կատարվում են կառուցվածքային փոփոխություններ

0

 ՀՀ կառավարության որոշմամբ արդարադատության նախարարությունում կիրականացվեն կառուցվածքային փոփոխություններ: Նախարարության աշխատակազմում ստեղծվելու է էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժին, քարտուղարությունը և արխիվային բաժինը միացման միջոցով վերակազմակերպվելու են նախարարության աշխատակազմի քարտուղարության, վերահսկողական ծառայությունում ստեղծվելու է վեցերորդ բաժին՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով:

Նախագծով աշխատակազմում ստեղծվում է էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժին, որը կապահովի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցմանն ուղղված ծրագրերի մշակման, համակարգի գործարկմանն ուղղված քաղաքականության մշակման, նախարարության կառուցվածքում առկա էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգի արդյունավետ շահագործման և հետագա կատարելագործմանն ուղղված աշխատանքների իրականացումը:

Ստեղծվող կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնելու է քաղաքացիների և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների ու դիմումների օրենքով սահմանված կարգով քննարկելու, քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար համապատասխան միջոցներ ձեռնարկելուն ուղղված գործառույթները:

Դեսպան Սարգսյանը Բուլղարիայում քննարկել է համագործակցության խթանման հարցեր

0

 Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 11-ին Բուլղարիայի խորհրդարանի շենքում հանդիպել է  Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նորընտիր կազմի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են միջխորհրդարանական կապերի ամրապնդման, երկու երկրների բարեկամանական խմբերի միջև համագործակցության խթանման, երկկողմ քաղաքական և սոցիալ-տնտեսական հարաբերություններում խորհրդարանների և պատգամավորական խմբերի, որպես հանրային դիվանագիտության օղակների կառուցողական դերակատարության, ինչպես նաև Բուլղարիա-Հայաստան ավանդական բարեկամական հարաբերություններում բուլղարահայ համայնքի առավել ակտիվ մասնակցության հետ կապված հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին: Հաշվի առնելով ապրանքաշրջանառության ծավալների ցածր մակարդակը` կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ` օգտագործելով երկու երկրներում առկա ներուժը:

Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են բուլղարահայ համայնքի կառուցողական դերն ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ Բուլղարիայի կառավարության կողմից ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը:

Կողմերը կարևորել են նաև ԲՀ-ՀՀ պատգամավորական խմբի և հայ համայնքի միջև ավանդական բարեկամական կապերի հետագա զարգացումն ու այդ գործում ՀՀ դեսպանության ակտիվ ներգրավվածությունը: