Կիրակի, 27. 07. 2025

Հայկական դիվանագիտությունը մեծ դեր է ունեցել Բյուլբյուլօղլուի թեկնածությունը հետ կանչելու գործում

0

Հայկական դիվանագիտությունը մեծ դեր է ունեցել Բյուլբյուլօղլուի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրություններից հետ կանչելու գործում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արտակարգ և լիազոր դեսպան, Հայ ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը:

«Արտգործանախարարության հետ սկսեցինք աշխատել, եղան բազմաթիվ հանդիպումներ, հոդվածներ, բազմաթիվ կապեր հաստատեցինք տարբեր երկրների հետ: Փաստորեն մենք գործի դրեցինք հանրային դիվանագիտության փափուկ ուժի հնարավորությունները, և դա հոյակապ արդյունք տվեց»,-ասաց Արման Նավասարդյանը` նշելով, որ նման քաղաքական գիծը պետք է շարունակվի:

Իհարկե, հայկական դիվանագիտությունը լավ աշխատեց, սակայն Արման Նավասարդյանն ընդգծեց, որ այդ գործին նպաստեց հենց ինքը Բյուլբյուլօղլուն: «Նրա ելույթը կառանձնացնեի, այն աստիճանի էր, որ ծիծաղ էր առաջացնում ներկաների մոտ, դրանում կովկասյան բաժակաճառեր կային, կարմիր թելի պես ասում էր հետևյալը` ես շատ փող կբերեմ և բոլորիդ համար լավ կլինի: Այն աստիճան, որ ներկաներից մեկն ասաց` դուք միայն փողի մասին եք խոսում, իսկ ինչ ծրագրեր ունեք: Մի խոսքով, և էթիկայի, և դիվանագիտության, և քաղաքական մշակույթի ամենացածր մակարդակն էր»,-ասաց Արման Նավասարյանը: Արդյունքը եղավ այն, որ առաջին փուլում նա ստացավ երկու ձայն, որից հետո Ադրբեջանը պաշտոնապես հանեց նրա թեկնածությունը: Այս ամենը ցույց է տալիս, որ չօգնեցին այն հսկայական ֆինասնական ռեսուրսները, որ Ադրբեջանը դրել էր գործի մեջ:

Հոկտեմբերի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունների երկրորդ փուլում Ադրբեջանի թեկնածու, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն դադարեցրել է պայքարն այդ պաշտոնի համար՝ հետ կանչելով իր թեկնածությունը:

58 քվեներից ստանալով 20-ը՝ ընտրություններում առաջատարն է Կատարի թեկնածու դոկտոր Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քաուարին: Նա գլխավորում էր թեկնածուների ցուցակը նաև ընտրությունների առաջին փուլում: Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 13-ին:

Հայաստանում այս տարվա ինն ամիսներին 2016-ի համեմատ գնաճը կազմել է 0.6 տոկոս

0

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.2 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 1.3 տոկոս գնաճով: 2016 թվականի ինն ամիսների համեմատ այս տարվա հունվար-սեպտեմբերին նկատվել է 0.6 տոկոս գնաճ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:  2017-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.4 տոկոսով, հանրապետության՝ ԱՎԾ-ի կողմից դիտարկվող 5 քաղաքներում գրանցվել է 0.6-0.1 տոկոս գնանկում, իսկ 5-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Նախորդ տարվա վերջի համեմատ սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը կազմել է 98.3 տոկոս, այսինքն` նկատվել է 1.7 տոկոս գնանկում:  Մինչդեռ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ այս տարվա նույն ամսին արձանագրվել է 1 տոկոս գնաճ:

2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 0.2 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է մրգի, շաքարի և շաքարավազի ապրանքախմբերի՝ համապատասխանաբար 9.5 և 4.6 տոկոս գնանկումով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մրգի գները նվազել են 11.6-4.9 տոկոսով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 4.6 տոկոս գնանկում: հացաբուլկեղենի և ձավարեղենի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 5.7 տոկոս գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. օգոստոսի համեմատ 0.3 տոկոս, իսկ 2017թ. սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է 6.6 տոկոս գնաճ:

Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-1.3 տոկոսով (մայրաքաղաքում մսամթերքի գնաճը կազմել է 0.5 տոկոս), իսկ 7-ում արձանագրվել է 0.7-0.1 տոկոս գնանկում:

Ընթացիկ տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ` պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.3 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է հագուստի և կոշիկի՝ համապատասխանաբար 5.2 և 6.4 տոկոս գնաճով:

2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար՝ 0.8 և 0.1 տոկոսով, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.1 և 13.9 տոկոս գնաճ:

Մեկ շաբաթում տարածաշրջանից դուրս 6 երկրաշարժ է գրանցվել

0

Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 5-11-ը գրանցված երկրաշարժերից 12-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:

«ՍՊԾ» գործակալությունից «Արմենպրես»ին տեղեկացրին, որ տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 3-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում: Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 երկրաշարժ 6.0 և ավելի մագնիտուդով:

Հոկտեմբերի 6-ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում՝ Իշինոմակի քաղաքից (Միյագի պրեֆեկտուրա) 259 կմ դեպի hարավ-արևելք:

Հոկտեմբերի 8-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Տոնգայի Պանգաի քաղաքից 178 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Հաջորդ օրը 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բալենի, իսկ 6.6 մագնիտուդով՝ Ալեուտյան կղզիների տարածքում:

Սեյսմիկ իրադարձություններից վերջին երկուսը գրանցվել են հոկտեմբերի 10-ին Չիլիի Արիկա քաղաքից 77 կմ դեպի արևելք՝ 6.3 մագնիտուդով և Բուվե կղզու տարածքում՝ 6.7 մագնիտուդով:

Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Աջ ղեկով ավտոմեքենաները շահագործումից հանելու վերաբերյալ քննարկումներ չկան. նախարար

0

Հայաստանում այս պահին աջ ղեկով ավտոմեքենաները շահագործումից հանելու վերաբերյալ քննարկումներ չկան: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան  Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ երբ օպտիմալ լուծումը գտնեն, այն կներկայացնեն հանրությանը:

Նրա խոսքով՝ աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման ուղղությամբ համակարգային լուծումներ գտնելու դեպքում տրանսպորտային համակարգը կբարելավվի: «Այդ հարցը պետք է ինչ-որ ձևով լուծվի: Տեսեք, դուք ասում եք՝ ժամանակին արգելեիք, բայց եթե ժամանակին չի արգելվել, գոնե ինչ-որ մի օր պետք է գա, որ կանոնակարգենք»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց նա: Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ ձախակողմյան ղեկով մեքենաների ներմուծման մաքսատուրքերը էժանանան՝ Վահան Մարտիրոսյանը նշեց. «Կան քննարկումներ: Մենք ունենք կոնկրետ համաձայնագիր ԵԱՏՄ-ի հետ, որը 2020 թվականին կմտնի ուժի մեջ: Մաքսային գոտու ընդունած նորմեր ու չափեր կան՝ տոկոսադրույքների մասով»: Հարցին՝ արդյոք աջակողմյան ղեկով մեքենաների երթևեկությունն արգելելու դեպքում պետությունը կաջակցի՞ դրանց վաճառքի կամ ղեկի տեղափոխման հարցում՝ Վահան Մարտիրոսյանը նշեց. «Իսկ եթե չպարտադրվի՞ ղեկը փոխել: Եթե որոշում չկա, ինչի՞ մասին է խոսքը»:

Կներդրվի էլեկտրոնային քրեակատարողական համակարգ

0

Էլեկտրոնային համակարգի ներդրմամբ կբացառվեն ռիսկերը, կպարզեցվեն մի շարք ընթացակարգեր:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 12-ի լրագրողների հետ հանդիպմանը ՀՀարդարադատության նախարարիտեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ այս դրույթը նախատեսված է քրեակատարողական համակարգի 2018-2038 թթ. ռազմավարական ծրագրով:  

«Էլեկտրոնային ծառայությունները ներդնելով՝ մենք  հնարավորություն կունենանք շատ խնդիրներ լուծել: Քրեակատարողական ծառայողների թիվը բավարար չէ: Սակայն նորագույն էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ կօպտիմալացնենք  քրեակատարողական ծառայողների աշխատանքը»,-ասաց Քրմոյանը:

Բոլոր գործառույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով՝ դատապարտյալի գործի, տույժերի վարում, դիմումների ներկայացում: Նախնական մշակվել է էլեկտրոնային քրեակատարողական համակարգ, որը դեռ փորձարկման փուլում է: Մոտակա տարիներին համակարգը պետք է կատարելագործվի: Փաստաթղթերի կորելը բացառելու, տույժերի և ծանուցումների համակարգը հստակեցնելու նպատակով կներդրվեն  նոր մոդուլներ:

«Հաճախ մենք ստիպված ենք լինում բողոքի համար հարցում կատարել քրեակատարողական վարչություն, հիմնարկ: Էլեկտրոնային համակարգի շնորհիվ մեր վերահսկողական ծառայությունն անմիջապես կարող է տեսնել անձի տույժերը, սոցիալական, ինչպես նաև առողջական խնդիրները»,-եզրափակեց նախարարի տեղակալը:

ԵԱՏՄ-ում նույնիսկ Ադրբեջանի դիտորդ դառնալու մասին խոսք լինել չի կարող. ՀՀ ԱԳՆ

0

 Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ցանկության պարագայում Հայաստանի դիրքորոշումը կլինի հստակ ու պարզ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ցանկացած պետության՝ ԵԱՏՄ անդամ դառնալը պայմանավորված է բոլոր երկրների համաձայնությամբ: Ադրբեջանը չի դիմել ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցով, երբ դիմի՝ մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է: Նույնիսկ ԵԱՏՄ-ում դիտորդ դառնալ չի կարող այն պետությունը, որը քայլեր է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի: Եթե հաշվի առնենք միայն տնտեսական դաշտը, ապա բավական է նշել, որ միայն շրջափակումը հնարավոր չէ գնահատել այլ կերպ, քան քայլ՝ ի վնաս անդամ պետության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը՝ ավելացնելով, որ այդ տեսակետից նույնիսկ դիտորդի մասին խոսք լինել չի կարող, ինչ մնաց անդամակցության:

 

 

Ադրբեջանը հայտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության ճնշման տակ. ՀՀ ԱԳ փոխնախարար

0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները գնալով ավելի հասցեական են դառնում, միշտ չէ, որ անունը տրվում է, բայց արդեն հասցեատերը երևում է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Պատահական չէ, որ համանախագահող երկրները հստակ խոսում են կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու, սարքավորումներ տեղադրելու, Ադրբեջանի պարտավորությունների կատարման, հետաքննության մեխանիզմի ներդրման մասին և այլն: Գնալով Ադրբեջանը հայտնվելու է միջազգային ճնշման տակ՝ բոլոր պարագաներում, լինի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, թե եվրոպական կառույցներն այլասերելու հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, այսօր Ադրբեջանն իրեն դրել է խաղի կանոններից դուրս ու ակնհայտ է, որ այս պարագայում այդ ամենը չի կարող անվերջ շարունակվել: «Ակնհայտ էր, որ Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդում կաշառելու գործընթացը կհասնի այն տրամաբանական ավարտին, որին այսօր հասնում է: Նույնը վերաբերվում է Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ կապված բանակցային գործընթացի հետ: Վերջիվերջո, նա գործ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների հետ: Վերջիններիս թիվ մեկ առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի պատերազմ չլինի աշխարհի որևէ ծայրում, բայց եթե նրանք միջնորդ են և դրանով հանդերձ լինելում են ռազմական գործողություններ, ապա դա ապտակ է ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամներին: Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է և ինչ-որ կերպ փորձում է ազատվել այդ ֆորմատից, ինչը նրան չի հաջողվի»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:  

Քոչարյանի դիտարկմամբ՝ եթե արցախյան հակամարտության գոտում ինչ-որ չափով նվազել են միջադեպերը, դա պայմանավորված է նրանով, որ հայկական կողմերն ավելի պատրաստ են դրանց, ավելի են համալրվել անհրաժեշտ սարքավորումներով: Անդրադառնալով նրան, որ նախօրեին Տավուշի մարզում նորից հայ զինվոր է զոհվել Ադրբեջանի զինուժի գնդակից՝ ԱԳ փոխնախարարն ասաց. «Ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ Ադրբեջանի նպատակն անընդհատ վնաս հասցնելն է: Դա նրանց հետևողական քաղաքականությունն է: Այո, կարևորագույն հանդիպումներից առաջ, ընթացքում, հետո սադրանքներն ավելի հաճախակի են դառնում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նկատեց Շավարշ Քոչարյանը:

Հայաստանը «նորարարական նվաճում արձանագրող» երկրների խմբում է

0

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ.» կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության, INSEAD գործարարության դպրոցի և Քորնել համալսարանի կողմից՝ Նյու Յորքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նորարության ոլորտի առաջատար փորձագետների, ակադեմիական շրջանակների, ՄԱԿ-ի անդամ-երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած միջոցառմանը քննարկվել են նորարարության դերը՝ տնտեսական աճ և կայուն զարգացում խթանելու առումով, 2017թ․ վարկանիշավորման արդյունքներն ու մեթոդաբանությունը։

Հայաստանի օրինակով արձանագրվել է, որ նորարարությունը չի սահմանափակվում տնտեսության ոլորտում աշխարհի առաջատար երկրներով։ «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ.» վարկանիշավորման համաձայն, Հայաստանն ընդգրկվում է «նորարարական նվաճում արձանագրող» երկրների խմբում, որտեղ ներկայացված է թվով 17 զարգացող երկիր՝ նորարարության արդյունավետության և կատարողականի բարձր ցուցանիշներով։

«Գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցը վարկանիշավորում է երկրների տնտեսությունների նորարարական ներուժը։ «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ» վարկանիշը կազմվել է 81 չափորոշիչների հիման վրա՝ 127 երկրների տնտեսությունների համար (աշխարհի բնակչության 92.5%-ը և համաշխարհային ՀՆԱ-ի 97.6%-ը)։

Տեսողության համաշխարհային օրն է. կատարակտը, գլաուկոման Հայաստանում ամենահաճախ հանդիպող հիվանդություններն են

0

Հայաստանում մեծահասակների մոտ աչքի ամենահաճախ հանդիպող հիվանդությունները կատարակտը, գլաուկոման եւ դիաբետիկ ռետինոպատիան են: Երեխաների մոտ հիմնականում գերակշռում են շլությունը, կարճատեսությունն ու հեռատեսությունը:

«Արմենպրես»ի հետ զրույցում «Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ի  ակնաբույժ,  Աչքի Բանկի տնօրեն Անի Համբարձումյանն ասաց, որ կատարակտն այսօր 100 տոկոս բուժելի հիվանդություն է: Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կուրության կանխարգելման նպատակով Երեւանում եւ մարզերում տեղակայված 8 բժշկական կազմակերպություններում անվճար իրականացվել է  3000 վիրահատություն: «Գլաուկոման հիմնականում ժառանգականորեն է փոխանցվում, իսկ դիաբետիկ ռետինոպատիան հանդիպում է շաքարային դիաբետ ունեցողների մոտ»,-ասաց նա:

Ակնաբույժը խորհուրդ տվեց աչքի հիվանդություններից հնարավորինս խուսափելու համար բոլորին տարեկան մեկ կամ, ցանկալի է, երկու անգամ պրոֆիլակտիկ ստուգում անցնել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր (World Sight Day): Օրացույցում այս օրը ներառվել է՝ կուրության, տեսողության խանգարումների եւ նման խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնման ուղղությամբ գլոբալ ուշադրություն հրավիրելու նպատակով: Այս օրը նաեւ«2020-ի տեսլական. տեսողության իրավունք» կուրության կանխարգելման գլոբալ նախաձեռնությունների հիմնական իրադարձությունն է, որը ստեղծել են ԱՀԿ-ն ու Կուրության կանխարգելման միջազգային գործակալությունը:

Քրոնիկ կուրության առաջատար պատճառներից են կատարակտը, գլաուկոման, դեղին բծի տարիքային դեգեներացիան, ոսպնյակի մթագնումը, տրախոման եւ երեխաների աչքերի հիվանդությունները (օրինակ՝ պայմանավորված A վիտամինի դեֆիցիտով): Աշխարհում ավելի ու ավելի լայն տարածում է ստանում տարիքի հետ, ինչպես նաեւ չվերահսկվող դիաբետի հետեւանքով առաջացող կուրությունը:

Կուրության կանխարգելման միջազգային գործակալության տվյալներով՝ շուրջ 284 մլն մարդ  տեսողության հետ կապված խնդիրներ ունի, նրանցից 39 մլն-ն ընդհանրապես չի տեսնում: Աչքերի  հիվանդություններ ունեն ավելի քան 19 մլն երեխա: Ժամանակին բուժվելու դեպքում կուրության  դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել: 

 

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան

0

 ՀՀ  պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան՝ մասնակցելու այսօր Դուշանբեում մեկնարկող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգային հարցեր և կստորագրվեն համաձայնեցված փաստաթղթեր։