Կիրակի, 27. 07. 2025

Ակադեմիկոս Լևոն Օրբելու հոբելյանի առթիվ գիտաժողով է կազմակերպվել

0

Հանրահայտ ֆիզիոլոգ, գիտության վաստակավոր գործիչ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից ակադեմիկոս Լևոն Օրբելու 135-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում մեկնարկել է «Կենսաբանական օբյեկտների ինֆորմացիոն պոտենցիալը» միջազգային գիտական նստաշրջանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից,  նստաշրջանին ներկա էին  գիտնականներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Լևոն Օրբելու թոռը` Աբգար Օրբելին, և ֆիզոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Կոնրադ Լորենցի թոռը` Ռիկարդո Դրագի-Լորենցը:

ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը ներկայացրել է Լևոն Օրբելու դերը ֆիզիոլոգիայի ինստիտուտի կայացման և զարգացման գործում: ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից նստաշրջանը ողջունել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը: Նա իր ելույթում մասնավորապես ասել է. «Լևոն Օրբելու հանճարն այն է, որ նա առաջինը մշակեց ֆիզիոլոգիական գիտության ինֆորմացիոն պոտենցիալը: Նա զարգացրեց ֆիզիլոգիայում էվոլուցիոն և ֆիզիկաքիմիական մոտեցումները: Լևոն Օրբելու վաստակը նաև այն է, որ նա կարողացավ Խորհրդային Միությունում կենսաբանական գիտությունների զարգացման համար դժվարին 40-50-ական թվականներին պահպանել իր կողմից ստեղծված ֆիզիոլոգիական գիտության նորագույն ուղղությունները»:

 Լևոն Օրբելու և Կոնրադ Լորենցի կյանքից և գործունեությունից ուշագրավ դրվագներ են ներկայացրել Լևոն Օրբելու թոռը` Աբգար Օրբելին և Կոնրադ Լորենցի թոռը` Ռիկարդո Դրագի-Լորենցը:

Լևոն Օրբելու աշխատանքները հիմնարար ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում և ունեն համաշխարհային ճանաչում։ Օրբելու մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են ժամանակակից հետազոտություններում։ Օրբելին կարևոր ավանդ ունի Հայաստանում ֆիզիոլոգիայի զարգացման գործում և ստեղծել է Հայաստանում ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը։ Նրա անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ Ֆիզոլոգիայի ինստիտուտը:

Սեմինարն ունի շարունակական բնույթ և հաջորդ նստաշրջանը տեղի կունենա հաջորդ տարի Սանկտ-Պետերբուրգում: 

«System of A Down»-ի տղաների նվիրատվությունը կօգնի հոգալ Հայաստանում ապրող անապահով երեխաների ու ծերերի կարիքները

0

Աշխարհահռչակ երաժիշտ, «System of A Down» խմբի անդամ Սերժ Թանկյանն «Օրրան» բարեգործական կազմակերպությանն է նվիրաբերել իր կիթառը, որով հանդես է եկել վերջին համաշխարհային շրջագայության ժամանակ: Այն հոկտեմբերի սկզբին ԱՄՆ Գլենդել քաղաքում կայացած «Օրրան»-ի ամենամյա 5-րդ բարեգործական ընթրիքի ժամանակ վաճառվել է տասնյոթ հազար դոլարով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նվիրատվություններ են կատարել նաև խմբի մյուս տղաները: Միջոցառմանը մասնակցել են հայտնի արվեստագետներ, երաժիշտներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, որոնք համախմբվել են «Օրրան»-ի շուրջ՝ օգնելու Հայաստանի կարիքավոր ընտանիքներին:

Ընթրիքն ընթացավ ջերմ և աշխույժ մթնոլորտում, որի արդյունքում հնարավոր եղավ հանգանակել երկու հարյուր հազար ԱՄՆ դոլար, որը կօգնի «Օրրան»-ին՝ շարունակել տրամադրել սննդի, կրթական, հոգեբանական, սոցիալական, բժշկական համալիր ծառայություններ իր երևանյան և վանաձորյան կենտրոններ հաճախող300 կարիքավոր երեխայի և 100 միայնակ տարեցի:

Միջոցառման ավանդական մաս կազմող կենդանի աճուրդի նմուշներն այս տարի բազմաթիվ էին և բազմազան: Աճուրդի հաջող իրականացման մեջ իրենց ներդրումն ունեցան «System of A Down» խմբի անդամները, որոնք վաճառքի համար նվիրաբերել էին թանկարժեք առարկաներ: Շավո Օդադջյանի նվիրաբերած արծաթե վզնոցը հնարավոր եղավ վաճառել երկու հազար դոլարով: Ջոն Դոլմայանի նվիրաբերված ձայնապնակը, որը նկարազարդվել էր վերջինիս կողմից, վաճառվեց տասնվեց հազար հինգ հարյուր դոլարով:

Իսկ Սերժ Թանկյանը նախորդ տարի ևս «Օրրան»-ին նվիրաբերել էր իր կիթառը, որով նա 2015թ.-ին նվագել էր Հանրապետության հրապարակում կայացած համերգի ժամանակ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 «Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը բարեգործական ընթրիքի հաջող կայացման առթիվ նշել է. «Օրրանի ընթրիքը գալիս է փաստելու այն, որ աշխարհասփյուռ հայությունը, օվկիանոսի որ ափում էլ բնակվի, միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել հայրենիքում ապրող կարիքավոր ընտանիքներին: Ոգեշնչող է տեսնել այսքան մարդկանց, որոնք, լինելով տարբեր ոլորտներից, համախմբվել են Օրրանի շուրջ, որպեսզի ծայրահեղ սոցիալական պայմաններում հայտնված փոքրիկներն ու տարեցներն ունենան անհոգ կյանք»:

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.-ին Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների կողմից՝ կարիքավոր ընտանիքներին օգնելու առաքելությամբ: Յուրաքանչյուր տարի Հայաստանում և ԱՄՆ-ում տեղի է ունենում Օրրանի բարեգործական ընթրիքը, որի ընթացքում հանգանակվում են անհրաժեշտ դրամական միջոցները՝ շարունակելու կարիքավոր ընտանիքներին օգնելու առաքելությունը: 

Հարուցվել է քրգործ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ

0

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցչից 2017թ. սեպտեմբերի 27-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ն հանդիսանում է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների իրավատերը, իսկ «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված ապրանքային նշանների ապօրինի օգտագործմամբ սույն թվականի սեպտեմբերին կազմակերպել է «Միսս Հայաստան» 2017 գեղեցկության մրցույթը, որի արդյունքում «Միսս Հայաստան-ազգային գործակալություն» ՀԿ-ին պատճառվել է նյութական վնաս:

Հաղորդման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ  «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված մրցույթի համար եկամուտ է ստացել տոմսերի վաճառքից, բջջային հաղորդագրությունների միջոցով անցկացված քվեարկությունից, որի արդյունքում «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ին պատճառվել է նյութական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով՝ ապրանքային նշանի ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ, որը հոկտեմբերի 10-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեում։ 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Ծխելու արգելք հանրային վայրերում, ծխախոտի վաճառքի սահմանափակում

0

Ծխելու արգելք հանրային վայրերում, ծխախոտի վաճառքի սահմանափակում, հանրային իրազեկում. մասնագետները կողմ են ծխելու դեմ պայքարի խստացմանը: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆգլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանընշեց, որ մարդու առողջության վրա ծխախոտի բացասական ազդեցությունը վաղուց ապացուցված է, և ոչ ոք դա կասկածի չի ենթարկում:

«Ծխախոտի բացասական ազդեցությունը սկսվում է դեռ այն ժամանակ, երբ երեխան մոր արգանդում է: Հետագայում դա արտահայտվում է երեխայի շնչառական ֆունկցիայի վրա: Եթե գործ ունենք հաճախ հիվանդացող երեխայի հետ, ուրեմն հստակ կարող ենք ասել, որ ծխախոտը նրա վրա ազդեցություն է ունեցել: Էլ չասեմ, որ ապացուցված է` ծխախոտն ասթմայի առաջացման պատճառ է, ուռուցքների առաջացմանը նույնպես նպաստում է: Արդյունքում` մարդկանց կյանքն է կրճատվում, աշխատունակությունն է նվազում»,-ասաց Սերգեյ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ ծխող մարդկանց թվի ավելացմամբ պայմանավորված պետությունների հանրային առողջության ծախսերն են ավելանում: Այսինքն՝ ծխելը, առողջականից բացի, նաև տնտեսական վատ հետևանք ունի:

Խոսելով վիճակագրության մասին` բժիշկը նշեց, որ 16 տարեկան և բարձր տղամարդկանց 52 տոկոսը ծխող է, իսկ աղջիկների շրջանում այդ թիվը կազմում է 2 տոկոս, սակայն նշվում է, որ այն համարվում է թաքնված ցուցանիշ: Ինչ վերաբերում է 15 տարեկաններին, ապա մասնագետը նշեց, որ, ըստ ուսումնասիրությունների,18 տոկոսը ծխողներ են, որոնց 4 տոկոսը կանոնավոր ծխողներ են: Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ նվազել է, այն ցածր է համարվում այլ երկրների հետ համեմատությամբ: Այդ տարիքային խմբում ծխողների միջին եվրոպական ցուցանիշը կազմում է 35 տոկոս:

Առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը կարևոր համարեց Առողջապահության նախարարության նոր նախաձեռնությունը ծխելու դեմ պայքարը խստացնելու ուղղությամբ: Ըստ նրա` կարևոր են վաճառքի սահմանափակումները: Պետք է խստացվի անչափահասներին ծխախոտային որևէ արտադրանք վաճառելը:

«Ինքս եմ ականատես եղել, որ այդ դրույթը ոչ միշտ է օգտագործվում, սակայն պետք է եղածը խստացնել ու հետևողական լինել, պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, եթե վաճառողը կասկած է ունենում գնորդի չափահաս լինելու հարցում: Ընդհանրապես, այնպիսի աշխատանք պետք է արվի, որ ծխախոտ գնելը լինի ամոթի նման մի բան»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նա կարևոր համարեց ընդհանուր վաճառասրահներում ծխախոտի վաճառքն արգելելը: Հիվանդանոցներում, մշակութային կենտրոններում, մարզական համալիրներում գտնվող խանութներում ծխախոտ չպետք է վաճառվի: Խանութներում էլ աչք ծակող գովազդային պաստառները պետք է արգելվեն: Բացի այդ, Արսեն Թորոսյանը գտնում է, որ ծխախոտի գինը պետք է բարձրացնել:

«Ծխախոտը պետք է լինի դժվար հասանելի: Դեռահաս, թե չափահաս՝ պետք է ազդի ծխախոտ գնողի գրպանի պարունակության վրա: Լսում ենք, շատերն ասում են, թե ինչու եք թանկացնում, այս փող չունեցող ժողովուրդը ոչինչ չի հասցնում… Այո, պետք է թանկացնել, որ փող չունեցող ժողովուրդը չգնի ծխախոտ, այլ գնի պետքական իրեր»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նա կարևորեց նաև հանրային վայրերում ծխելու սահմանափակումները, տուգանքների չափը բարձրացնելը: Ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, թե վերահսկողությունը լիարժեք չի արվելու, թերացումներ են լինելու, Արսեն Թորոսյանը նշեց, որ դա պարզապես օրենքը չխստացնելու պատրվակ է:

«Գրքի գիշեր»-ը զեղչված գներով սիրելի գրքերը գնելու հնարավորություն կընձեռի

0

Գրքասերներին բազում անակնկալներ խոստացող «Գրքի գիշեր-2017»-ի շրջանակում «Բուկինիստ» գրախանութի բոլոր գրքերը ընթերցասերները կարող են գնել 30 տոկոս զեղչով:  Դրան զուգահեռ գրքին առնչվող մի շարք միջոցառումներ կանցկացվեն նաև հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակում: «Գրքի գիշեր-2017»-ը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին «Էրեբունի-Երևան-2799» տոնակատարության շրջանակում: Միջոցառման մասին հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառման կազմակերպիչներն ու աջակիցները:

«Պուրակում 19 միջոցառում է իրականացվելու: Հրավիրել ենք գրողների, որոնց հետ մարդիկ կարող են զրուցել և նրանց գրքերը ձեռք բերել ինքնագրերով: Պուրակում տեղակայված կլինեն երկու լուսանկարչական տաղավար, որտեղ երեխաները և մեծահասակները կարող են անվճար լուսանկարվել: Նախատեսվում է Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա տիկնիկային ներկայացում ցուցադրել: Երեկոյան համերգային ծրագիր կիրականացվի. մեր համաքաղաքացիների տրամադրությունը բարձր կպահեն հեղինակային երգիչները` կատարելով իրենց ստեղծագործությունները: Ներկաները հնարավորություն կունենան դիտել «Ալիսը հրաշքների աշխարհում» կինոնկարը»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ`նշեց   «Բուկինիստ»   ընկերության  տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

Նա հավելեց, որ վերջին տարիներին գրքերի վաճառքի աճն ավելացել է: «Մենք նախատեսել ենք անակնկալներ նաև գրադարանների համար. հաջորդ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին մեր պահեստներում կսպասենք բոլոր այն գրադարանների ներկայացուցիչներին, որոնք կցանկանան գրքեր նվեր ստանալ»,-շեշտեց Վարդանյանը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով`անցյալ տարի անցկացված «Գրքի գիշեր»-ը ապացուցեց, որ սին են կարծիքները, թե հասարակությունը հեռացել է գրքից: «Գրքի, գրականության միջոցով մենք մեր երեխաներին ուղղորդում ենք հրաշքների կախարդական աշխարհ, ծանոթացնում մեր պատկերացրած հայրենիքին: Հուսամ`այս միջոցառումը կխթանի գրավաճառության աճին, կնպաստի գրքի հանրահռչակմանը»,- ասաց նախարարը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ «Գրքի գիշեր»-ը ևս մեկ լավ հարթակ  է  դեպի գիրքը և գրականությունը սեր արթնացնելու համար: Այս ծրագիրը կդառնա ավանդույթ և ամեն տարի Երևանի տոնին ավելի խոշոր մասշտաբներով «Գրքի գիշեր» կիրականացվի, հնարավոր է, որ հետագայում նաև մյուս գրախանութները ներգրավվեն»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

 «Գրքի գիշեր»-ն իրականացվում է «Բուկինիստ» ընկերության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

 

 

 

Համայնքները ցանկացած նախագիծ հաստատելիս պետք է ֆիքսեն կտուրների գույները և ֆասադների ոճային լուծումները

0

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը տանիքների գունային լուծումների վերաբերյալ վարչապետի կողմից տրված հանձնարականի շրջանակում որոշման նախագիծ ներկայացրեց: Նա նշեց, որ փոքր-ինչ ավելի ընդլայնված են մոտեցել այս հարցին և ոչ միայն կտուրների գունային լուծումների վերաբերյալ, այլ առհասարակ միջավայրից թելադրվող՝ ճակատների, ֆասադների ոճային, դեկորային լուծումների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել:

«Այս քայլից հետո տեղական ինքնակառավարման մարմինները կտան իրենց առաջարկները: Մինչև տարվա վերջ քաղաքաշինական հատուկ կարգավորման բոլոր տարածքներում, հայտնի քաղաքներում և մայրուղային հարակից գյուղերում մենք կհաստատենք երաշխավորված գունային լուծումների ռեեստրը, տարբերակները: Այժմ մի փոքր զգույշ ենք գույները ֆիքսելուց, դա կանենք մոտակա երկու ամսվա ընթացքում, որովհետև ցանկանում ենք ուսումնասիրել շուկան, որպեսզի հանկարծ տնտեսվարողների արտադրանքի գույների հետ կապված թելադրող իրավիճակում չհայտնվենք, բայց մինչև տարեվերջ մենք այս խնդիրը կլուծենք»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Այսպիսով, Նարեկ Սարգսյանն ասաց, որ համայնքները ցանկացած նախագիծ հաստատելիս պետք է պարտադիր ֆիքսեն միջավայրից թելադրվող կտուրների գույները և ֆասադների ոճային լուծումները:

Նախագծի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց. «Պարոն Սարգսյան, մենք այդ խաղի կանոնները ձևակերպելու ժամանակ հաշվի ենք առնում, չէ՞, որ մենք ներդրողին, շինարարին չսահմանափակենք, հստակ ձևակերպենք, որ տեղերում վարչարարության ավել առիթ չտանք»,- ասաց նա, իսկ նախարարը պատասխանեց՝ միանշանակ:

Վարչապետը կոչ արեց դրան հատուկ ուշադրություն դարձնել, որպեսզի  ինքնարժեքի թանկացման չբերի, ազատության աստիճանը չսահմանափակի:

ՀՔԾ վարույթ են ընդունվել ԴԱՀԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով հարուցված քրեական գործեր

0

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին են հանձնվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի ու Կոտայքի մարզային քննչական վարչություններում հարուցված երկու քրեական գործերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, քրեական գործերից մեկի նյութերի համաձայն, Իջևան քաղաքի բնակիչ Տիգրան Պապյանը 2014թ.-ից մինչև 2016թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում մասնատել և վաճառել է բանկում գրավադրված` 1.800.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ford transit» մակնիշի ավտոմեքենան: Այնուհետև, դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում, որոշում է կայացվել Տ. Պապյանի ավտոմեքենայի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին: Այդ նպատակով 17.06.2017թ.-ին հիշյալ քաղաքացու բնակարան է այցելել ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողը, ով, առանց ավտոմեքենան տեսնելու, կազմել է արգելանք դնելու մասին արձանագրություն, որում ներառել է փաստացի գոյություն չունեցող` Տ. Պապյանի կողմից մասնատված և վաճառված «Ford transit»-ը գույքագրելու և արգելանքի վերցնելու կեղծ տեղեկություններ:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և քաղաքացու կողմից գրավադրված` բռնագանձման ենթակա գույքն օտարելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Մյուս քրեական գործով ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Եղվարդ քաղաքի բնակչուհի Թեհմինա Պետրոսյանը դիմում բողոք է ներկայացրել Կոտայքի մարզի դատախազություն այն մասին, որ 05.03.2017թ.-ին օրինական ուժի մեջ մտած դատավճռով` նախկին ամուսնուց ալիմենտի կայուն դրամական գումարի բռնագանձման որոշում է կայացվել ամսական 50.000 դրամի չափով: Սակայն դրա վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի ընթացքում Թ. Պետրոսյանը հարկադիր ծառայությունից իրեն ուղարկված համապատասխան որոշումներում կեղծիքներ է հայտնաբերել. մասնավորապես,  պարզել է, որ ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողը նշված որոշումներում ներառել է կեղծ թվագրումներ և անձնային կեղծ տվյալներ, որի հետևանքով չի բռնագանձվել կուտակված` 350.000 ՀՀ դրամի չափով ալիմենտի պարտքը, ու Թ. Պետրոսյանին պատճառվել է գույքային վնաս:

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Հաշվի առնելով, որ այս քրեական գործի նյութերում ևս առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը նույնպես ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ  նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի`օրինական    ուժի  մեջ  մտածդատավճռով:

ՔԿՀ-ներում բջջային հեռախոսների օգտագործումը կարող է թույլատրվել հանձնուկների ինստիտուտի միջոցով

0

Ոլորտի մասնագետների պնդմամբ՝ բջջային հեռախոսների թույլատրումը քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտություն է: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատությաննախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հնարավոր է հեռախոսների կիրառումը թույլատրվի ՔԿՀ-ներում, սակայն միայն հանձնուկների ինստիտուտի միջոցով:

«Բջջային հեռախոսները նոր մարտահրավեր են ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր երկրների քրեակատարողական հիմնարկների համար: Տույժերի մեծ մասը կապված է բջջային հեռախոս ունենալու հետ: Բջջային հեռախոսները բավականին տարածված են, ծայրահեղ աղքատ մարդը միայն չի կարող ձեռք բերել: Մենք առաջարկում ենք օրինականացնել դրանց կիրառումը քրեակատարողական հիմնարկներում»,- ասաց ՔԿՀ – ներում հասարակական  վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ  Ռևազյանը:

Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ ցանկության դեպքում անձը հեշտությամբ ձեռք է բերում հեռախոս: Օրինականացման դեպքում հնարավոր է նաև որոշակի վերահսկողություն իրականացնել, սահմանել հեռախոսների գրանցում: Ընտանիքի հետ կապը նաև կանխարգելիչ, անձի ուղղման գործառույթ է իրականացնում, նա չի կտրվում հասարակությունից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով ևս՝ հեռախոսների թույլատրումը ՔԿՀ-ներում անհրաժեշտություն է: «Հեռախոսները, այսպես թե այնպես, մուտք են գործում ՔԿՀ-ներ, սակայն՝ կոռուպցիոն մեխանիզմով:  Եվ կոռուպցիան կանխելու նպատակով ևս օրինականացումը կարևոր է»,-ասաց նա:

Սուրեն Քրմոյանի խոսքով՝ մարդու իրավունքների ռազմավարությունում իրենք նշել են նաև համապատասխան կետ՝ դիտարկել բջջային հեռախոսների թույլատրման  հարցը: Սակայն վերլուծությունները վկայում են, որ աշխարհում շատ քիչ երկրներ են դրանք թույլատրում: Չթույլատրելու պատճառներից մեկն այն է, որ հեռախոսներն օգտագործվում են հանցագործություններ, խարդախություններ կատարելու համար: «Մենք խնդրի լուծումը պատկերացնում ենք մի քանի եղանակով: Նախ՝ փորձում ենք ներդնել հանձնուկների ինստիտուտ: Բջջային հեռախոսները կարող են ներթափանցել ՔԿՀ-ներ հանձնուկների ինստիտուտով»,- եզրափակեց Քրմոյանը:

«Էրեբունի-Երևան 2799»-րդ տարեդարձի առթիվ քաղաքապետը նոր բնակարանների բանալիներ է հանձնել

0

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ Երևանի ավագանու որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով նոր  բնակարանների բանալիներ է հանձնել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին, կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանին և Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով արվեստագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ նոր բնակարանը նրանցից յուրաքանչյուրի համար դառնա նոր հաջողությունների ու ձեռքբերումների սկիզբ: 

«Արդեն բարի ավանդույթ է դարձել Երևանի ծննդյան տարեդարձի առթիվ նաև բնակարաններ նվիրել մեր այն համաքաղաքացիներին, ովքեր իրենց կարևոր ներդումն են ունենում մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի զարգացման, ինչպես նաև մեր հայրենիքի սահմանների պաշտպանության և հայկական մշակույթի տարածման գործում: Անշուշտ, մեծ է ցանկությունը, որ բնակարանի կարիք ունեցող մեր բոլոր արժանավոր համաքաղաքացիներին կարողանանք ապահովել բնակարաններով, բայց առայժմ մեր հնարավորությունները սահմանափակ են: Ամեն դեպքում ուրախ եմ, որ թեկուզև սահմանափակ քանակով, բայց այնուամենայնիվ կարողանում ենք երկար սպասված այս նվերը մատուցել մեր արժանավորներից որոշներին: Շնորհավորում եմ ձեզ Երևանի ավագանու որոշմամբ նոր բնակարաններ ստանալու առթիվ և մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում: Առո՛ղջ վայելեք», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ նմանատիպ նախաձեռնությունները Երևանի քաղաքապետարանի կողմից լինելու են շարունակական:

Իրենց գոհունակությունը փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին երկար տարիներ սպասված խնդրի լուծման համար՝ նոր բնակարանների երջանիկ տանտերերը նկատել են, որ յուրաքանչյուր ընտանիքի համար առաջնայինն ու ամենաանհրաժեշտը բնակարան ունենալն է: Օգտվելով առիթից` նրանք նաև շնորհավորել են Երևանի քաղաքապետին՝ մայրաքաղաքի գալիք տոնի առթիվ՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր օր են զգում սիրո քաղաք Երևանի ջերմությունն ու հոգատարությունը: 

Վարչապետը հանձնարարեց այլընտրանքային էներգիա առաջարկել սահմանամերձ բնակավայրերին

0

ՀՀ կառավարությունը համայնքներին կնվիրաբերի 6 միլիարդ դրամ արժողությամբ գույք: «Դա 15 համայնքներին փոխանցվող գույք է՝ գազատար և ոռոգման համակարգեր: Նախադեպը շատ լավն է, որովհետև մենք այսպիսի խոշորածավալ ակտիվ կապիտալ չենք փոխանցել համայնքներին: Սրանով մենք համայնքների համար կարող ենք սկիզբ դնել լուրջ ֆինանսական գործընթացի՝ համայնքային վարկավորմանը»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Անդրադառնալով սահմանամերձ համայնքներում գազի հասանելիության ներքին չլուծված խնդրին` հատկապես Կոթի, Ոսկևան, Ոսկեպար համայնքների համար, նախարարը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին խնդրեց լուծումներ գտնել:

Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով վերջինիս, ասաց, որ  սահմանամերձ բնակավայրերի համար պետք է սահմանել հատուկ ռեժիմ, որպեսզի այն բնակավայրերը, որոնց մոտ գազիֆիկացումն անտրամաբանական ծախսերի հետ է կապված, առաջարկվի այլընտրանքային էներգիա: «Խնդրում եմ քննարկել բոլոր տարբերակները, եթե գազի խնդիրը շատ չի տարբերվում ծախսի առումով, ապա խնդրենք «Գազպրոմ-Արմենիա»-ին, որ այս բնակավայրերի համար հատուկ ռեժիմ սահմանի»,- ասաց նա: