Շաբաթ, 26. 07. 2025

Ինքնազբաղվածներին արտոնություն տվող օրենքից օգտվել են 1600 անձ

0

Հայաստանում տարեսկզբին ընդունված ինքնազբաղված անձանց հարկային արտոնություն տրամադրող օրենքից այս տարվա ընթացքում օգտվել են 1600 տնտեսավարող:

Հոկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԱ ՊԵԿ  վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման  Պողոսյանը:«Օրենսդրական այս փոփոխության նպատակն էր ինքնազբաղվածների համար ստեղծել նպաստավոր հարկային միջավայր, որպեսզի նրանք հիմնեն իրենց բիզնեսն ու ավելի մեղմ հարկային քաղաքականության պայմաններում զարգանան»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց պաշտոնյան:

Նրա խոսքով` արտոնություններից օգտված անձանց քանակը ավելի շատ կլիներ, եթե Հայաստանը միկրոձեռնարկատիրության համար այլ համակարգեր որդեգրած չլիներ: «Սա, ըստ էության, մի նոր համակարգ է միկրոձեռնարկատիրության ոլորտում, որը լրացնում է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը և նոր հնարավորություններ է տալիս փոքր տնտեսավարողներին իրենց գործունեությունը ծավալելու համար»,-ավելացրեց Արման Պողոսյանը:

Ինքնազբաղված անձինք են համարվում տարեկան մինչև 9 միլիոն դրամ շրջանառությամբ, վարձու աշխատող չունեցող  ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր տնտեսական գործունեությունը կազմակերպում են ինքնուրույն,  մեկ վայրում և չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ: Խոսքը վերաբերում է բնակչության  պատվերով կատարվող մի շարք ծառայությունների` հագուստի արտադրության և վերանորոգման, փայտյա իրերի  պատրաստման, կահույքի և տան կահավորանքի, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների,  օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգման, ծրագրային սպասարկման, լեզուների ուսուցման դասընթացների,     զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների սպասարկման և այլն:

 

Մեկնարկեց սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը

0

ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության եւ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանում մեկնարկեց սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը: «Արմենպրես»ի հաղորդմամբ, բացման խոսքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն  ասաց, որ համաժողովի ընթացքում կլինեն նոր համագործակցություններ մասնակից երկրների մասնագետների միջեւ: «Կարծում եմ համաժողովը կծառայի իր նպատակին: Այն բարեկամանալու,ընկերանալու լավագույն վայր է: Կարեւորն այն է, որ մեր օտարերկրյա բարեկամները կներկայացնեն այն ձեռքբերումներն ու հաջողությունները, որոնք արձանագրվել են սրտաբանության ոլորտում: Ուզում եմ նաեւ հավատալ, որ այս օրերը կլինեն Հայաստանը տեսնելու, վայելելու եւ նոր հաջողություններ արձանագրելու ժամանակահատված»,-ասաց նա:

Հանրահայտ սրտաբան Փոլ Բարագանի խոսքով` այս տարի անցկացվող երկօրյա համաժողովին տեսականորեն եւ գործնականորեն անդրադարձ կկատարվի սրտանոթային ամենատարբեր խնդիրներին: «Մենք գործնականորեն կփորձենք պատասխան տալ բազմաթիվ կլինիկական խնդիրների: Ես առաջարկում եմ բոլորիս ուշադիր լսել միմյանց»,-ասաց նա:

Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովին այս տարի մասնակցում է 38 օտարազգի եւ սփյուռքահայ հայտնի սրտաբաններ` Ֆրանսիայից, Իրանից, Իտալիայից, Մոնակոյից: Շուրջ 250 սրտաբաններ Հայաստանից եւ Արցախից կմասնակցեն համաժողովի շրջանակներում կազմակերպվելիք սեմինարներին:

Համաժողովի նպատակն է նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը, Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի սրտաբանների համագործակցությանը , մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը:

 

ԱԻ նախարարությունը ստեղծել է օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված նախագծերի մշակման աշխատանքային խումբ

0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը  ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված«Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում ներկայացրեց նախարարության հնգամյա ծրագրի կարեւոր ուղղությունները:

«Դրանք են թվային կապի կիրառմամբ աղետների վաղ ազդարարման եւ բնակչության իրազեկման ժամանակակից համակարգի ներդրումն ու զարգացումը, փրկարարական արագ արձագանքման ուժերի շարունակական զարգացումը, այդ թվում՝ անտառային հրդեհների մոնիթորինգի եւ կանխատեսման կարողությունների զարգացումը կամ ինժեներասակրավորային եւ կինելոգիական խմբերի կարողությունների զարգացումը, աղետների բժշկության համակարգի կատարելագործումը, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կարողությունների զարգացումը, աղետների ռիսկերի կառավարման մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման համար, սեյսմիկ պաշտպանության եւ հիդրոմետ ծառայության աշխատանքների էական բարելավումը, մթնոլորտային ակտիվ ներգործության հակակարկտային ժամանակակից միջոցների կիրառմամբ գյուղատնտեսության կանխատեսելի զարգացման օժանդակումը»,-ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում ոլորտի կարգավորման համապատասխան օրենսդրական դաշտի բարելավման ու համապատասխան քաղաքականության ձեւավորմանը:

«Մի շարք կանոնակարգերի մշակումը կնպաստի օրինակ՝ շենքերի եւ շինությունների սեյսմակայունության եւ հուսալիության բարձրացմանը, արտադրական վտանգավոր օբյեկտների նվազ ռիսկայնությամբ շահագործմանը»,- ասաց ԱԻ նախարարը՝ տեղեկացնելով, որ փոխնախարարի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետներում կմշակի համապատասխան օրենսդրական եւ այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր:

Դավիթ Տոնոյանը նաեւ անդրադարձավ արտակարգ իրավիճակներում անդրսահմանային եւ միջազգային համագործակցության կարեւորությանը:

«Օրեցօր մարտահրավերները նոր պահանջներ են թելադրում մեր կարողությունների զարգացմանը: Ակնհայտ է, որ ոչ մի երկիր  ի վիճակի չէ, աղետների մասշտաբներից ելնելով, համալիր կերպով ապահովել բոլոր անհրաժեշտ կարողությունները: Այս առումով կարեւոր է անդրսահմանային եւ միջազգային համագործակցությունը: Մեր տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած արտակարգ իրավիճակների  եւ դրանց հետեւանքների վերացումը նման համագործակցության արդյունավետության ցայտուն օրինակ են»,-եզրափակեց նախարարը:

«Փոփոխությունների կառավարում» խորագրով 6-րդ տարածաշրջանային մարդկային ռեսուրսների համաժողովին 200 մասնակից են գրանցվել

0

 «Փոփոխությունների կառավարում» խորագրով 6-րդ տարածաշրջանային մարդկային ռեսուրսների (ՄՌ) համաժողովին գրանցվել են մոտ 200 մասնակիցներ ավելի քան  60 տեղական և միջազգային  կազմակերպություններից, շուրջ 15 երկրից: Համաժողովի նպատակը կառավարման ոլորտի խորքային հարցերի քննարկումն է: Երկօրյա միջոցառումները մեկնարկեցին հոկտեմբերի 13-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Համաժողովն ավանդաբար կազմակերպում է «Cascade People & Business» ընկերությունը և Հայաստանի ՄՌ ասոցիացիան:

«Համաժողովը փորձի փոխանակման հիանալի հարթակ է ստեղծում: Ամեն տարվա թեման հիմնվում է նախորդ տարիներին արված հարցումների վրա: Այս անգամ անդրադարձել ենք փոփոխությունների կառավարմանը, քանի որ դա շատ  արդիական է, և բազմաթիվ բիզնեսներ ներկայումս անցնում են փոփոխությունների  կառավարման միջով: Այս համաժողովը հետաքրքիր կլինի բոլոր այն մարդկանց, ովքեր տարբեր կազմակերպություններում որոշումներ ընդունող անձինք են»,-«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում նշեց «Cascade People & Business» ընկերությանհիմնադիր և գործադիր-տնօրեն Անի Կարապետյանը:

Այս տարվա համաժողովի գործընկերներն են ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և Մայքրոսոֆթ Արէյ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը:

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ուսուցման և զարգացման բաժնի պատասխանատու Ռուբինա  Ալումյանի խոսքով` իրենք աջակցում են համաժողովի իրականացմանը, քանի որ շատ են կարևորում արծարծվող թեման: «Մեր բանկը  նույնպես փոփոխությունների փուլում է. նոր տեխնոլոգիաներ ենք կիրառում, նոր մոտեցումներ ենք ցուցաբերում: Հուսանք, որ այստեղ արժեքավոր տեղեկատվություն կստանանք, որը հետագայում կքննարկենք մեր գործընկերների հետ ու կփորձենք այն կիրառել գործնական ոլորտում»,- եզրափակեց Ալումյանը:

Համաժողովին հրավիրված էին փոփոխությունների կառավարման ոլորտում միջազգային որակավորում ունեցող 15 փորձագետ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Դանիայից, Լեհաստանից և Ղրղզստանից:

Համաժողովին քննարկվեցին փոփոխությունների կառավարման ոլորտի խորքային հարցեր`փոփոխությունների կառավարումը պետական կառավարման համակարգում, կազմակերպությունների տրանսֆորմացիա agile մոտեցմամբ, փոփոխությունների գեյմիֆիկացիա, փոփոխությունների հոգեբանություն և այլն: Համաժողովին զուգահեռ՝ 2 օրերի ընթացքում, կգործի նաև ՄՌ Էքսպո:

«Cascade People & Business» ընկերությունը մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար ընկերություն է: Իր գործունեության ութ տարվա ընթացքում միջազգային և տեղական կազմակերպությունների հետ իրականացրել է 150 ծրագիր:

Հայաստանի ՄՌ ասոցիացիան հիմնադրվել է 2010 թվականին: Այն համախմբել է մարդկային ռեսուրսների ոլորտի առաջատար մասնագետների` այդ բնագավառում փորձի փոխանակման, աշխատանքային հարաբերությունների բարելավման, ոլորտի ինստիտուցիոնալիզացման, այդ դաշտի մասնագետների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման և դրանց իրականացման նպատակով:

Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը. Էդուարդ Շարմազանով

0

 ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ-ի եւ Բելառուսի ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 13-ին հանդիպել է Բելառուսի ԱԺ-ի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: 

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականների համագործակցված աշխատանքը միջազգային հարթակներում:

 «ՀԱՊԿ անդամ երկրների պատգամավորները պետք է միջազգային հարթակներում սատարեն միմյանց եւ չանեն հայտարարություններ, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումից: Անընդունելի է, երբ ՀԱՊԿ անդամ երկրի ներկայացուցիչները դաշնակցին հակասող հայտարարություն են անում»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Զրուցակիցները կարեւորել են ՀԱՊԿ եւ ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Արցախի խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում:

«Հակառակ ադրբեջանական պնդումներին՝ մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ իրական սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: ՀԱՊԿ պատգամավորները պիտի դատապարտեն Ադրբեջանին, որի գործողությունների պատճառով զոհվում են մարդիկ»,-նշել է Էդուարդ Շարմազանովը: Նա հավելել է նաեւ, որ Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ Ազգային ժողովի եւ ԲՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպմանն առնչվող հարցերին:

Հայաստանում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ը կնվազի 3-4 աստիճանով

0

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 15-16-ը շրջանների զգալի մասում, 17-18-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը 16-17-ը՝ հատկապես գիշերը, կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում սպասվում է, իսկ 17-18-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Ավան համայնքի բնակիչները բողոքում են տեղադրված նոր ջրաչափերից

0

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատոր «Վիոլա ջուր» ընկերությունը նոր ջրաչափեր է տրամադրում բաժանորդներին, ինչից, սակայն, բողոքում են քաղաքացիները: Ավան համայնքի բնակիչները զանգահարել են «Արմենպրես»-ի խմբագրություն եւ ասել, որ «Վիոլա ջուր» ընկերության կողմից նոր ջրաչափերի տեղադրումից հետո իրենք ստիպված են լինում նախկինի համեմատ գրեթե երկու անգամ ավելի վճարել ջրի սակագնի համար: Քաղաքացիներից մեկը նշեց, որ եթե նախկինում ջրի համար վճարում էր 4000-5000 դրամ, հիմա ստիպված է վճարել 8000-9000 դրամ: Բնակիչների՝ տեսուչին ուղղված հարցերին, վերջինս պատասխանել է, որ բողոքները շատ են: «Ուղղակի նոր ջրաչափերը  բավական զգայուն են եւ ֆիքսում են ջրի անգամ մեկ կաթիլը»,-ասել է նա:

«Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան «Վիոլա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանն ասաց, որ նոր ջրաչափերը նախկինների համեմատ բավական բարձրակարգ են եւ դրանց փորձարկումը սկսվել է Ավան համայնքի Նարեկացի թաղամասից (ի դեպ հենց այս շենքից էին մեզ զանգահարողները-հեղ.): «Ջրաչափերն աստիճանաբար փոխվում են եւ առաջիկա տարիներին 730 հազար բաժանորդ կունենա նոր ջրաչափեր` անվճար հիմունքներով: Առաջնային կարգով կսպասարկվեն այն բնակիչները, ում ջրաչափերը հին են կամ կոտրված»,-ասաց նա` փաստելով, որ հին ջրաչափերը մոտավոր, իսկ նորերը ճշգրիտ պատկեր են տալիս:

Բողոքների առնչությամբ պատասխան ստանալու համար, Մուրադ Սարգսյանը հորդորեց քաղաքացիներին դիմել ընկերության համապատասխան գրասենյակներ կամ էլեկտրոնային նամակ ուղղել եւ 10 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ սպառիչ պատասխան:

Ի դեպ, «Վիոլա ջուր» ընկերության շուկա մուտք գործելուց հետո ջրի սակագինը մեկ խորանարդ մետրի համար 170 դրամից դարձել է 180 դրամ:

Հայաստանը հայտ է ներկայացրել՝ հյուրընկալելու աղետների ռիսկերի նվազեցման թեմայով տարածաշրջանային համաժողով

0

 Վերջին տարիներին Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման ոլորտում արձանագրված առաջընթացը եւ նվաճումները տեսանելի եւ ճանաչելի են այս տարածաշրջանում, ինչպես նաեւ գլոբալ մակարդակում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում այս մասին ասաց ՀՀ արտակարգ  իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ ընդգծելով, որ դրա վառ ապացույցներից է հայկական պատվիրակության մասնակցությունը միջազգային համաժողովների, ինչպես նաեւ դրանց հյուրընկալումը Հայաստանում:

«2018 թվականի համար Հայաստանը հայտ է ներկայացրել հյուրընկալելու եւս մի տարածաշրջանային՝ աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում ասիական տարածաշրջանի պլատֆորմի  համաժողովը»,-տեղեկացրեց Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ  այս կերպ Հայաստանը հերթական քայլը կկատարի՝ ամրապնդելու իր տարածաշրջանային դերակատարումն առկա ոլորտում:

 

«Լեո»-ն պարտությամբ մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում

0

Հայաստանը ներկայացնող ֆուտզալի «Լեո» թիմը պարտությամբ մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 12-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի առաջին տուրի հանդիպումը խորվաթական «Նացիոնալի» և Հայաստանի չեմպիոն «Լեոյի» միջև: «Նացիոնալը» հաղթեց 4:1 հաշվով:

Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

0

Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմը կմասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 18-24-ը Հունգարիայում կկայանա մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի 10-րդ խմբի մրցաշարը:

Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Հունգարիայի, Շոտլանդիայի և Թուրքիայի հավաքականները: Հոկտեմբերի 18-ին մեր հավաքականը կմրցի Շոտլանդիայի, հոկտեմբերի 21-ին՝ Թուրքիայի, հոկտեմբերի 24-ին Հունգարիայի հավաքականների հետ: Պատրաստվելով այդ մրցաշարին՝ Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականը հոկտեմբերի 14-16-ը կանցկացնի նախապատրաստական հավաք ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում: Թիմը Հունգարիա կմեկնի հոկտեմբերի 17-ի առավոտյան: Հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հրավիրել է 20 ֆուտբոլիստուհիների. 

Դարպասապահներ 

Մարիամ Ցոլակյան, «Տրիբունա» (Գյումրի)

Լենա Անդրիասյան, «Երևան-Լ.Հ.» 

 Պաշտպաններ

 Նորա Եղյան, «Երևան-Լ.Հ.» 

Նելլի Խալաթյան, «Երևան-Լ.Հ.» 

Մարիա Սախինովա, «Երևան-Լ.Հ.» 

Անի Կարապետյան, «Երևան-Լ.Հ.» 

Կարինե Խաչատրյան, «Երևան-Լ.Հ.» 

Անյուտա Գալստյան, «Արթիկ ՖԴ»

Լիանա Ղազարյան, «Տրիբունա» (Գյումրի) 

 Կիսապաշտպաններ

 Գայանե Սարդարյան, «Երևան-Լ.Հ.» 

Լուիզա Ղազարյան, «Երևան-Լ.Հ.» 

Պայծառ Ասատրյան, «Երևան-Լ.Հ.»

Կարինե Սանոսյան, «Երևան-Լ.Հ.» 

Հեղինե Չոփիկյան, «Երևան-Լ.Հ.» 

Էմմա Բաբոյան, «Արթիկ ՖԴ»

Հարձակվողներ

 Գայանե Անտոնյան, «Երևան-Լ.Հ.» 

Սաթենիկ Հովհաննիսյան, «Տրիբունա» (Գյումրի)

Աննա Դալաքյան, «Տրիբունա» (Գյումրի)

Գյուլնարա Սահակյան, «Տրիբունա» (Գյումրի)

Ռիտա Մարի Գրիգորյան, «ՖԱ Լոս-Անջելես» (ԱՄՆ)