Շաբաթ, 26. 07. 2025

Վահան Մարտիրոսյանն իրանցի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տարածաշրջանային «Դատա կենտրոն» հիմնելու ծրագիրը

0

 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին Վահան Մարտիրոսյանին ներկայացրել է վերջին երկու տարիներին Իրանի կապի և հաղորդակցության ոլորտում իրականացված ծրագրերը, գրանցված առաջընթացը։ Նա նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի սարքավորումների, փոստային ծառայությունների ոլորտում իրանական ընկերությունները պատրաստ են համագործակցել հայկական ընկերությունների հետ:

«Առաջին իսկ առիթի դեպքում իրանական ընկերությունները պատրաստ են հյուրընկալվել Հայաստանում և քննարկել երկկողմ համագործակցության խնդիրները»,- ասել է Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վահան Մարտիրոսյանն իրանցի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տարածաշրջանային «Դատա կենտրոն» (datacenter) հիմնելու ծրագիրը։ Նա ընդգծել է, որ այն կարող է շահավետ լինել ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար, ուստի կենտրոնի կառուցման գործում ցանկալի է իրանական մասնավոր կամ պետական ընկերության հետ համագործակցությունը։ Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին նույնպես ընդգծել է մասնավոր ընկերությունների ներգրավվածության նպատակահարմարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև ինտերնետ կապի փոխանակման, դրանց ծավալները մեծացնելու, տեղեկատվական տեխնոլոգիաների և փոստային ծառայությունների, կիբերանվտանգության բնագավառներում համագործակցության նոր հեռանկարները և հնարավորությունները։ Նախարար Վահան Մարտիրոսյանը իրանցի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ տեղում քննարկելու համագործակցության զարգացման կոնկրետ ուղղությունները:

Հայաստանը Միջխորհրդարանական միության գլխավոր վեհաժողովում կներկայացնի ՀՀ ձեռքբերումները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում

0

Միջխորհրդարանական միության գլխավոր վեհաժողովը կմեկնարկի hոկտեմբերի 15-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որի շրջանակներում կայանալու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմային առնչվող մի շարք քննարկումներ։ Պատգամավորների աշխատանքային, խորհրդատվական խումբը հանդիպումներ է ունենալու տարբեր շահագրգիռ կողմերի հետ, քննարկելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում արձանագրած առաջընթացն ամբողջ աշխարհում և, մասնավորապես, ազգային մակարդակներում։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը խորհրդարանի կողմից առաջադրվել է որպես Միջխորհրդարանական միության առողջապահական խմբի անդամ։ Միջխորհրդարանական միությունը համախմբում է աշխարհի բոլոր խորհրդարանների ներկայացուցիչներին։ Կարեն Ավագյանն առողջապահական խմբում ՀՀ օրենսդիր մարմինը կներկայացնի մինչև 2019թ. ավարտը։ Վեհաժողովի աշխատանքների շրջանակներում Կարեն Ավագյանը ներկայացնելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում ՀՀ ԱԺ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումները։ Ըստ պատգամավորի՝ Հայաստանը, ի թիվս երեք այլ պետությունների` Կուբա, Թաիլանդ, Բելառուս, ճանաչվել է երկիր, որն էլիմինացրել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը։

Այսինքն՝ այս չորս երկրներում մորից երեխային ՄԻԱՎ այլևս չի փոխանցվում։ Եթե հղիները վաղ հայտնաբերվում են և ստանում համապատասխան կանխարգելիչ բուժում, երեխաները ծնվում են առողջ։ Բոլոր այդ ձեռքբերումների ընթացքում Հայաստանում իրականացվել են մի շարք օրենքների փոփոխություններ. մասնավորապես՝ ճամփորդական տարբեր արգելքների վերացում ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ, պարտադիր հետազոտության պահանջի վերացում և այլն։

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի հայաստանյան համակարգող Լենա Նանուշյանը նույնպես նկատում է, որ ՄԻԱՎ-ի առումով խոցելի խմբերի կամ ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ պատժիչ միջոցների հետևանքով այդ խմբերը հեռու են մնում առողջապահական համակարգից, և հնարավորություն չի լինում նրանց թեստավորել, հիվանդությունը հայտնաբերել և բուժում նշանակել։ Լենա Նանուշյանն ընդգծում է ՄԱԿ-ի կոչը՝ վերացնել բոլոր տեսակի պատժիչ օրենսդրությունը, որպեսզի մարդիկ խարանից և խտրականությունից զերծ միջավայրում հնարավորություն ունենան ստանալու բժշկական ծառայություններ և իմանան իրենց կարգավիճակի մասին։

Կիևում ներկայացվել է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքը

0

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ  Գիլոյանը հոկտեմբերի 9-10-ը մասնակցել է Կիևում կայացած «Վարչական ծառայությունների մատուցման համակարգի բարեփոխումներ և հեռանկարներ. վարչական ծառայությունների մատուցման ոլորտում ապակենտրոնացում» թեմայով միջազգային համաժողովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաժողովը կազմակերպել էր Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունը Ուկրաինայի տարածաշրջանային զարգացման, շինարարության և բնակարանային և կոմունալ ծառայությունների նախարարության հետ համատեղ`Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:

Համաժողովի նպատակն էր վարչական ծառայությունների մատուցման համակարգի բարեփոխումների գործընթացում իրականացնել փորձի փոխանակում:

Աշոտ Գիլոյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև անդրադարձել  խոշորացվող համայնքներում ներդրվող Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) և Քաղաքացիների սպասարկման գրասենյակների (ՔՍԳ) մասին: «Այս համակարգի շնորհիվ խոշորացված համայնքի ցանկացած բնակավայրում բնակիչը կարող է օգտվել ՏԻՄ կողմից մատուցվող վարչական ծառայություններից: Այս պահի դրությամբ նման գրասենյակները 21-ն են, սակայն մինչև  տարեվերջ նախատեսվում է հիմնել ևս մի քանի գրասենյակ»,-ասել ՏԿԶՆ ներկայացուցիչը:

Համաժողովին մասնակցում էին Ուկրաինայի Վերին Ռադայի, նախագահի աշխատակազմի, նախարարների կաբինետի, կենտրոնականև տեղական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, վարչական ծառայությունների տարածաշրջանային կենտրոնների, Հայաստանի և Վրաստանի նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց երկրներում ներգրավված են հանրային ծառայությունների մատուցման քաղաքականության ձևավորման եւ իրականացման գործընթացներում:

Համաժողովի ընթացքում մասնակիցները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները, ծանոթացել Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում վարչական ծառայությունների մատուցման փորձին:Միջոցառման ավարտին ամփոփվել են  արդյունքները՝ հատկապես շեշտադրելով Ուկրաինայում վարչական ծառայությունների մատուցման ընթացակարգերի բարելավման հեռանկարները և հետագա քայլերը:

Հայաստանի մասնակցությունը գիտաժողովին իրականացվել է  Deutsche Gesellschaftfür Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH- ի կողմից իրականացվող `«Լավ տեղական ինքնակառավարման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և  զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։

«Tax free» համակարգով տարվա ինն ամիսներին 420 միլիոն դրամի ԱԱՀ վերադարձ է կատարվել օտարերկրացիներին

0

 «Tax free» համակարգում կատարված օրենսդրական փոփոխությունները, որով 2 անգամ նվազեցվել է օտարերկրացիների գնումների մեծության նվազագույն սահմանաչափը (100 հազար դրամի փոխարեն սահմանելով 50 հազար դրամ), տվել է ցանկալի արդյունքներ: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԱ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը:

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ կատարված օրենսդրական փոփոխություններով ընդլայնվել են օտարերկրյա քաղաքացիների կողմից ԱԱՀ գումարներ ստանալու հնարավորությունները և ըստ այդմ` նրանց կողմից ՀՀ տարածքում կատարված ձեռքբերումները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Արման Պողոսյանը:

Մասնավորապես, պաշտոնյայի խոսքով, եթե նախկինում մեկ տարվա կտրվածքով 650 միլիոն դրամ է վերադարձվել օտարերկրացիներին, ապա միայն այս տարվա ինն ամիսներին արդեն վերադարձվել է 420 միլիոն դրամ:

Համաձայն կարգի` օտարերկրյա զբոսաշրջիկը երկրից դուրս գալու ժամանակ «Tax free» կենտրոնում մաքսավորին է ներկայացնում ԱԱՀ վերադարձի հաշիվները: Մաքսային տեսուչն իր հերթին իրավունք ունի ստուգելու այդ ապրանքների ֆիզիկական գոյությունը և պարզելու դրանք նոր վիճակում են, թե ոչ, որպեսզի օգտագործված ապրանքները նորի տակ չարտահանվեն: Կա երկու տարբերակ այդ գումարները հետ ստանալու: «Հենց այդ պահին օդանավակայանում` համապատասխան սպասարկումն իրականացնող  բանկի մասնաճյուղի միջոցով կամ անհրաժեշտ փաստաթղթերը փոստարկղով ուղարկվում են Ֆինանսների նախարարության գանձապետարան, որտեղից համապատասխան գումարները փոխանցվում են այդ քաղաքացու նշած բանկային հաշվեհամարին»,-նշեց Արման Պողոսյանը` հավելելով, որ գումարի վերադարձը կատարվում է դրամով:

 

Երկու տավիղ և վաղեմի երազանքը կատարված է. Չայկովսկու անվան դպրոցը համալրվեց նոր երաժշտական գործիքներով

0

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը համալրվել է երկու տավիղներով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը։ 
«Մեր վաղեմի երազանքներից էր դպրոցում ունենալ տավիղ։ Այդ երազանքը կատարվեց շնորհիվ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ով միշտ շատ ջերմ վերաբերմունք է ցուցաբերում մեր դպրոցի նկատմամբ և անտարբեր չէ ոլորտի խնդիրներին։ Նա իր համար որդեգրել է մշակույթի պահպանման և զարգացման քաղաքականություն։ Իր գործունեությամբ Ռիտա Սարգսյանը շատ մեծ քայլ է անում ոչ միայն դպրոցի, այլ նաև երաժշտական աշխարհի համար»,- ասաց Մարտուն Կոստանդյանը։ 
Նրա խոսքով՝ տավիղները շատ թանկ արժեն, բայց այս նվիրատվության շնորհիվ՝ ունենալով այդ գործիքին տիրապետող քիչ մասնագետ, դպրոցը հնարավորություն է ստանում շատ կարճ ժամանակահատվածում դառնալ տարածաշրջանում ամենալուրջ երկրներից մեկը, որը տավիղի մասնագիտական կայացած դասարան ունի։ 
«Դպրոցը տարիներ շարունակ ունեցել է տավիղ չունենալու խնդիր և այսօր այն արդեն լուծված է։ Ես համարում եմ մեզ բախտավոր երկիր, որ առաջին տիկինը տեղյակ է նմանատիպ հարցերից։ Մշակույթը պահպանելն ու զարգացնելը նմանատիպ հարցերին լուծում տալով է լինում։ Այս քայլն արվել է նրա կողմից, որպես մարդ, ով սիրում է մշակույթը, աջակցում ոլորտին։ Ես չեմ ուզում ժամկետներ ասել, բայց մեր կողմից առավելագույնս կարվի ամեն ինչ այդ կետին հասնելու համար։ Աշխարհում տավիղը շատ հարգի և ամենահին գործիքներից մեկն է, որը նվագախմբային, անսամբլային և մենակատար նվագարան է»,- շեշտեց դպրոցի տնօրենը։ 
Միառժամանակ հետո Չայկովսկու անվան դպրոցը նշելու է իր 80-ամյակը։ Կոստանդյանի հավաստմամբ՝ դպրոցի վերանորոգումն ու գործիքների համալրումը, որպես մասնագիտական դոմինանտ կրթօջախ, տվեց իր դրական պտուղները։ 
«Դպրոցում գործիքների համալրումը շատ լուրջ քայլ է և կարևոր է մեր երկրի համար։ Մեզ հաջողվեց շատ լուրջ քանակով համալրել մեր հիասքանչ լարային գործիքների թիվը։ Այսօր մենք հասել ենք այն մակարդակին, որ ունենք բավականին մեծ հնարավորություն՝ մոտ 1/5 մրցութային կարգով աշակերտներ ընդունելու դպրոց։ Սա այն դեպքերից է, երբ քանակը որակ է տալիս։ Ոգևորված աշխատանքային պրոցես է ընթանում՝ թե՛ երեխաների, թե՛ ողջ աշխատակազմի կողմից»,- ընդգծեց Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենը։ 
Այս տարի դպրոցում ամբողջությամբ փոխվել են դաշնամուրները։ Նվիրատվությունը իրականացվել է ֆրանսահայ դաշնամուրի վարպետ Ժան Կլոդ Դումիկյանի կողմից, իսկ տեղափոխման ծախսը հոգացել է Հայաստան համահայկական հիմնադրամը։ 
«Այսպիսով տրվել է հնարավորություն, որպեսզի բոլոր մասնագիտական առարկաները՝ սոլֆեջիո, հարմոնիա, երաժշտական տեսություն, ընդհանուր դաշնամուր, մեր երեխաները սովորեն ավելի լավ պայմաններում։ Դպրոցում համալրված են նաև նվագախմբային բոլոր դասարանները՝ հոբոյի, ֆագոտի, տուբայի, կոնտրաբասի։ Եղել են դեպքեր, երբ այս գործիքների դասարաններում երեխաները շատ քիչ են եղել կամ ընդհանրապես չեն եղել։ Հիմա այդպես չէ»,- վստահեցրեց Մարտուն Կոստանդյանը։ 
Այս պահին Չայկովկսու անվան դպրոցում կան 2-9 հոգանոց դասարաններ, որտեղ դասավանդում են լավագույն մասնագետները։ Այս ամենը, տնօրենի խոսքով, հնարավորություն է տալիս ապացուցելու, որ դպրոցում գործիքների համալրումը շատ կարճ ժամանակահատվածում կտա իր պտուղները։ 
Դեկտեմբերին դպրոցը պլանավորել է շատ լավ ամանորյա համերգ, որտեղ կընդգրկվեն իրենց մի քանի կոլեկտիվներ՝ սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա երգչախմբի հետ, իսկ ջազ բենդն առաջին անգամ՝ երգչախմբի։ 
«Շատ ուրախ եմ՝ տեսնելով մեր երեխաներին այսքան ոգևորված և դասերին ավելի սիրով մասնակցելիս։ Ունենալով տարբեր կոլեկտիվներ՝ կարծում եմ դրանք մեզ համար կարող են այցեքարտ լինել։ Ես համարում եմ, որ ուսումնական հաստատության համար այդ փաստը պարտադիր պայման է, քանի որ այդ երեխաների 90 տոկոսը հետագայում դառնում է նման կոլեկտիվների մի մաս։ Երեխաները դեռ փոքր տարիքից հնարավորություն և ունակություն են ունենում լսելու կողքինին, ինչպես նաև բազմաձայնությունը ճիշտ ընկալելու և ականջը զարգացնելու, և սա շատ կարևոր հանգամանք է»,- ասաց Մարտուն Կոստանդյանը։ 
Դեկտեմբերի համերգին պլանավորված է, որ երեխաները մեկ-երկու ելույթով հանդես կգան անսամբլի շրջանակում՝ տավիղը թավջութակով կամ տավիղը երգչախմբի համադրությամբ, նայած որ պիեսը կընտրվի։ Դպրոցի տնօրենը հույս ունի դեռ տասնյակ տարիներ օգտագործել այդ գործիքներն ու զարգացնել ոլորտը։ 
«Այն բացթողումը, որը մենք ունեինք՝ քիչ էր գործիքների քանակը, որակը լավը չէր, հարթված է. այսօր կարող ենք ունենալ իդեալական արդյունք»,-վստահեցրեց Կոստանդյանը:
Մշակութային կանգառ ծրագրի շրջանակում՝ հոկտեմբերի 16-ին՝ Դիլիջանի միջազգային դպրոցում և հոկտեմբերի 20-ին՝ Էջմիածնի Եկմալյանի անվան դպրոցում, դպրոցը համերգներ կունենա: Կլինեն նաև մի շարք համերգներ՝ բաժնի, հաշվետու, թեմատիկ. եզրափակիչ միջոցառումներից մեկը կլինի տավիղով համերգը։ 
Այս տարի դպրոցի 0 դասարանում սովորում է 80-ից ավելի երեխա։ 
«Մեր հաշվարկներով դպրոցը հաջորդ տարի դրսից ընդունելություն չի ունենալու, քանի որ այս տարի 80-ից ավելի երեխա սովորում է զրո դասարանում։ Այդ երեխաների հետ մեր մասնագետները կաշխատեն մեկ տարի, որից հետո լավագույնները կընդունվեն առաջին դասարան։ Մենք ունենք նաև մի մեծ բանակ, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել այստեղ կամ սկսեն հենց այստեղից»,- նշեց դպրոցի տնօրենը։ 
Հաստատությունը երեք տարի է, ինչ համագործակցում է Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիայի հետ, այս տարվանից շրջանակն ընդլայնվել է՝ գործունեություն է ծավալվում՝ Լիոնի, Ռոմանի և Ժնևի կոնսերվատորիաների հետ նույնպես։ Ռոմանի կոնսերվատորիայի շնորհիվ Չայկովսկու անվան դպրոցը փորձում է ձեռք բերել լուրջ գրականություն կապված տավիղի հետ։

Հայաստանում կան 247 հազար սրտանոթային հիվանդներ

0

Հայաստանում կան 247 հազար սրտանոթային հիվանդներ, իսկ դա նշանակում է, որ նրանք զրկված են լիարժեք կյանքով ապրելուց: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին սրտաբանների 6-րդ համաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Նրա խոսքով` Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների մասով գերակշիռ դեր ունեն  սրտանոթային, օնկոլոգիական հիվանդությունները: «Սրտանոթային հիվանդությունները հիմնականում առաջանում են ծխելու հետեւանքով: Ոչ պակաս դեր ունի նաեւ չբալանսավորված սնունդը»,-ասաց նախարարը՝ մարդկանց հորդորելով ավելի հետեւողական լինել իրենց առողջության նկատմամբ ու մասնակցել մի շարք հիվանդությունները կանխարգելող սկրինինգային ծրագրերին:

Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովին այս տարի մասնակցում են 38 օտարազգի եւ սփյուռքահայ   հայտնի  սրտաբաններ` Ֆրանսիայից, Իրանից, Իտալիայից, Մոնակոյից: Շուրջ 250 սրտաբան Հայաստանից եւ Արցախից  կմասնակցեն համաժողովի շրջանակներում կազմակերպվելիք սեմինարներին:

Համաժողովի նպատակն է նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի  համախմբմանը, Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների  բարձրացմանն ու կատարելագործմանը:

Խոսրովի անտառի վերականգնողական աշխատանքները կսկսվեն մասնագիտական գնահատական ստանալուց հետո. Դավիթ Տոնոյան

0

Հրդեհի հետեւանքով Խոսրովի անտառին հասցված վնասների չափի գնահատման գործընթացը դեռեւս ընթացքում է, եւ  դա կպահանջի որոշակի ժամանակ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում այս մասին ասաց ՀՀ արտակարգ  իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք գնահատվե՞լ է Խոսրովի անտառի հրդեհի վնասի չափը, եւ ե՞րբ են սկսվելու վերականգնողական աշխատանքները:

«ՀՀ բնապահպանության նախարարությանը ամերիկյան կողմից աջակցություն է տրամադրվել, իսկ Միացյալ Նահանգներից ժամանած փորձագիտական խումբը պետք է աշխատի վերականգնողական ծրագրի շուրջ։ Խումբն այցելելու է նոյեմբերին, և ստանալու ենք առաջին միջազգայնացված աջակցությունն այդ ոլորտում», – ասաց նախարարը՝ ընդգծելով, որ վերականգնողական աշխատանքները կսկսվեն մասնագիտական գնահատականը ստանալուց անմիջապես հետո:

Դավիթ Տոնոյանը նաեւ ընդգծեց, որ նախարարության կողմից ավելի շատ ուշադրություն է դարձվելու նման աղետների կանխարգելման պայմաններին:

Օգոստոսի 12-ին լայնածավալ հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:  Խոսրովի տեղամասում  հրդեհի դեմ պայքարում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ,  ՀՀ ՊՆ Արարատի  զորամասի զինծառայողներ, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արարատի մարզային  վարչության  աշխատակիցներ, կամավոր դեպքի վայր մեկնած բնապահպան ակտիվիստներ և քաղաքացիներ, Արարատի մարզի  համայնքների բնակիչներ: Հրդեհի դեմ պայքարում էին ՀՀ բնապահպանության նախարարության 150 աշխատակից:  Աշխատանքներին ներգրավվել էր նաեւ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը: Օգոստոսի16-ի երեկոյան միայն հնարավոր եղավ Խոսրովի արգելոցում հրդեհի հիմնական օջախները մարել, հրդեհը մեկուսացնել և վերցնել վերահսկողության տակ:

 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 16-ին Ժնևում

0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների միջև։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 

Դավիթ Տոնոյանը վտանգ չի տեսնում Մեծամորի ատոմակայանի շահագործման հարցում

0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ  Մեծամորի ատոմակայանի շահագործման հետ կապված անհանգստանալու որեւէ խնդիր չկա:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում՝ պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցին, թե վտանգավոր չէ՞, արդյոք, ատոմակայանի շահագործումը:

«Ատոմակայանի ռիսկայնությունը որոշակի վտանգի առումով եղել է հենց կառուցման և շահագործման պահից՝ Խորհրդային Միության ժամանակներից սկսած, մինչդեռ միջազգային կառույցների գնահատմամբ՝ եղել է համապատասխան զեկույց, եւ կառավարությունը նախագիծ է ներկայացրել: Ըստ միջազգային եզրակացությունների՝ երկրորդ էներգաբլոկը գործում է լիովին անվտանգ, իսկ մյուս էներգաբլոկի կարողություններն օգտագործվելու են երկրորդի ռիսկայնության նվազեցման համար»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Վարդան Բոստանջյանի դիտարկմանը, թե  Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ընթացքում Էներգետիկ անվտանգության կոմիտեի կողմից ներկայացված զեկույցում ադրբեջանական պատվիրակությունը մտավախություն էր հայտնել, որ Մեծամորի ատոմակայանը տարածաշրջանի համար մեծ վտանգ է ներկայացնում, նախարարը պատասխանեց, որ ադրբեջանական կողմի նման գնահատականը անսպասելի չէ, մինչդեռ ինքը ոչ մի վտանգ չի տեսնում։

«Ադրբեջանական բոլոր գնահատականները, իհարկե, տեղեկատվական առումով պիտի լինեն ի վնաս մեզ», – եզրափակեց Դավիթ Տոնոյանը:

Երևանը փոխշահավետ համագործակցում է Փարիզի և ֆրանսիական այլ քաղաքների հետ. Տարոն Մարգարյան

0

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետի տեղակալ Նեկտար Բալյանի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ֆրանսիական քույր և գործընկեր քաղաքների միջև  բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդումը, երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր ոլորտներում ծրագրային համագործակցությունն իսկապես կարևորված է Երևանի համար:   

«Երևանն այսօր փոխշահավետ համագործակցություն է իրականացնում ինչպես մայրաքաղաք Փարիզի, այնպես էլ ֆրանսիական մի շարք քաղաքների հետ: Այս համատեքստում  գործընկերային լավ հարաբերություններ են հաստատված նաև Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի և Առնուվիլ քաղաքի միջև: Այս հարցում, անշուշտ, իրենց կարևոր ներդրումն  ունեն նաև մեր հայրենակիցները, և ուրախ եմ, որ պատվիրակության կազմում Առնուվիլի հայ համայնքի ներկայացուցիչները ևս ընդգրկված են»,- նշել է քաղաքապետն ու համոզմունք հայտնել, որ հյուրերը հաճելի ժամանակ կանցկացնեն ջերմ և հյուրընկալ Երևանում՝ մասնակցելով տոնական միջոցառումներին:

Առնուվիլ քաղաքի քաղաքապետի տեղակալ Նեկտար Բալյանը, ի դեմս Տարոն Մարգարյանի, շնորհավորել է բոլոր երևանցիներին՝ մայրաքաղաքի տոնի առթիվ և նկատել, որ շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող Երևանն իրոք շատ ջերմ ու հյուրընկալ քաղաք է:

«Շատ ուրախ եմ գտնվել դարավոր հարուստ պատմություն ունեցող համայն հայության մայրաքաղաքում, որն արդեն 2799 տարեկան է: Իսկապես կա գործակցության խթանման մեծ ներուժ, և մենք, հաշվի առնելով նաև հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պետք է նոր թափ հաղորդենք մեր հարաբերություններին՝ այդ գործում ներդնելով նաև հայ համայնքի ներուժը», – նշել է Նեկտար Բալյանը՝ հավելելով, որ տպավորված է Երևանի տոնական հանդերձանքով և, որ պատրաստվում է ներկա գտնվել տոնական բոլոր միջոցառումներին, ընդ որում, ոչ թե որպես հյուր, այլ լիարժեք մասնակից:

Հանդիպման շրջանակում օգտվելով առիթից՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Առնուվիլ քաղաքի պատվիրակության անդամներին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան և դառնալ 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումների մասնակիցը: