Ուրբաթ, 25. 07. 2025

Սեպտեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 762 դիմում

0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2017 թվականի սեպտեմբեր ամսին քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 762 դիմում, որից 601-ը գրավոր, 161-ը բանավոր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված դիմումներից 246-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 271 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 517 քաղաքացի:

Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 77 (13%),  հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 67 (11%), ավանդի փոխհատուցման 37 (6%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 32 (5%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման 30 (5%), աշխատանք տրամադրելու 20 (3%) և բնակարան հատկացնելու 11 (2%) վերաբերյալ դիմումները:

Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 36 (22%), ավանդի փոխհատուցման 36 (22%), դիմումի ընթացքի ճշգրտման 32 (20%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 13 (8%)  և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 10 (6%)  վերաբերյալ դիմումները:

Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 275 դիմումի: Պատասխաններն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 210 (76%)-ը պարզաբանվել է, 43 (16%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 12-ը (4%) վերահասցեագրվել է պետական այլ  մարմիններ, իսկ 10-ին (4%) տրվել է մերժողական պատասխան:

Սեպտեմբեր ամսվա ընթացքում նախարարի մոտ ընդունելություն չի կայացել: Փոխնախարարների մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել է երկու քաղաքացի:    

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դրագինյան քաղաքի պատվիրակության անդամների հետ

0

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ֆրանսիայի Դրագինյան քաղաքի  քաղաքապետի առաջին տեղակալ Պրիմոզելլի Քրիստինի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  հրավերն ընդունելու համար և համոզմունք հայտնել, որ այս այցը ևս իր դրական ազդեցությունը կունենա Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Դրագինյան քաղաքի միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու գործում:

«Երևանի քաղաքապետարանը տարեցտարի ընդլայնում է քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության ծրագրերը, որոնց շրջանակում ոչ միայն իրականացվում են փոխշահավետ ծրագրեր, այլ նաև ամրապնդվում են տվյալ քաղաքներում հայ համայնքների հետ կապերը: Լավագույն ապացույցը, թերևս, պատվիրակության կազմում նաև Դրագինյանի հայ համայնքի ներկայացուցչի ընդգրկված լինելն է: Իսկ ընդհանուր առմամբ, մեզ համար, անշուշտ, կարևոր է նաև տարբեր պետությունների քաղաքների հետ Երևանի 12 վարչական շրջանների համագործակցությունը: Այս համատեքստում է նաև այս տարվա մարտ ամսին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Ֆրանսիայի Դրագինյան քաղաքի  միջև Երևանում վերաստորագրված բարեկամության հուշագիրը, որը, համոզված եմ, լավ մեկնակետ է արդյունավետ փոխագործակցությունը երկուստեք ամրապնդելու համար», – նշել է Տարոն Մարգարյանը:

Դրագինյան քաղաքի  քաղաքապետի առաջին տեղակալ Պրիմոզելլի Քրիստինն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և, շնորհավորելով Երևանի քաղաքապետին՝ մայրաքաղաքի տոնի առթիվ, նաև ընդգծել է, որ սա լրացուցիչ առիթ է` քննարկելու համագործակցության ծրագրերի ընթացքը, և նախանշել առաջիկա անելիքները:

«Ես նույնպես վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ առաջիկայում մենք հնարավորություն կունենանք էլ ավելի ընդլայնել համագործակցության շրջանակներն ու նոր թափ հաղորդել երկուստեք փոխգործակցությանը: Ի դեպ, իսկապես հիացած ենք Ձեր ջերմ և հյուրընկալ քաղաքի տոնական մթնոլորտով: Իրոք հաճելի է գտնվել Երևանում և դառնալ այս տոնի լիարժեք մասնակիցը», – նշել է Պրիմոզելլի Քրիստինը:

Շնորհակալություն հատնելով ջերմ խոսքերի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դրագինյան քաղաքի  պատվիրակության անդամներին հրավիրել է հաջորդ տարի՝ Դրագինյանի քաղաքապետի գլխավորությամբ, կրկին այցելել Երևան՝ մասնակցելու Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Վարչապետը ծանոթացել է «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ցուցահանդեսին ներկայացված արտադրանքին

0

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 13-ին այցելել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «ԱրմՊրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում են գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ցուցահանդեսին ներկա էր նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:
Կառավարության ղեկավարը շրջել է տաղավարներով, ծանոթացել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացրած ապրանքատեսականիին, արտադրական, իրացման և արտահանման ծավալներին, ինչպես նաև զարգացման ծրագրերին: «ԱրմՊրոդԷքսպո»-ի բացօթյա ցուցադրության հատվածում վարչապետին են ներկայացվել գյուղատնտեսական տեխնիկայի, ինտենսիվ այգիների և կաթիլային ոռոգման համակարգերի հնարավորությունները: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է նաև ֆերմերային տնտեսությունների հետ տարվող աշխատանքներով՝ կարևորելով ֆերմերների վերապատրաստման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացումը: 
Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այս տարի «ԱրմՊրոդԷքսպո»-ն իրենից ներկայացնում է որակապես նոր ցուցահանդես՝ բիզնես տրամաբանությամբ և կոնկրետ արդյունքների արձանագրմամբ:  Տաղավարներով շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության ոլորտի ընկերությունների գործունեությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ընդլայնման ծրագրերին:
«ԱրմպրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության և հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, հաստատել գործարար կապեր և խթանել արտահանումը: 2017 թ. ցուցահանդեսին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտն սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն: 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀԱՊԿ ԽՎ ամբիոնից խոսել է ադրբեջանական ցինիզմի ու սադրանքի մասին

0

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ-ի հանրային կապերի վարչություն-ից, Արա Բաբլոյանը նիստում հանդես է եկել հայտարարությամբ:

«Խիստ ցավում եմ, որ ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի աշխատանքին առաջին մասնակցությանս նախորդեց ադրբեջանական հերթական ցինիկ արարքը, որը կատարել է այդ երկիրը Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանում: Այն օրերին, երբ Հայաստանում անցկացվում էին ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, ադրբեջանական կողմից արձակված գնդակից սպանվել է Հայաստանի զինված ուժերի 19-ամյա զինծառայող»,- նշել է Արա Բաբլոյանը:

Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ տվյալ իրավիճակում սա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին:

Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնին

0

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հոկտեմբերի 14-22-ը տեղի կունենա Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնը։ Ծրագրին մասնակցելու են շուրջ 180 երկրի ավելի քան 25 000 պատվիրակ, ինչը ռեկորդային մեծ ցուցանիշ է փառատոնային շարժման պատմության մեջ։  

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, համաշխարհային փառատոնին Հայաստանից կմասնակցեն մոտ 250 երիտասարդ, որոնք ներկայացնում են ՀՀ տարբեր կուսակցությունների երիտասարդական թևեր, երիտասարդական կազմակերպություններ, ուսանողական կառույցներ։ Պատվիրակների թվում են նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները։

 Երիտասարդության և ուսանողության առաջին համաշխարհային փառատոնը տեղի է ունեցել 1947 թվականին։ Այս տարի նշվում է փառատոնային շարժման 70-ամյակը։ Փառատոնի շրջանակում տեղի կունենան  էկոլոգիային և առողջապահությանը, մշակույթին, ավիացիային, համաշխարհային քաղաքականությանը,  արդյունաբերությանը, տնտեսությանը, նոր մեդիային առնչվող թեմատիկ քննարկումներ։ Փառատոնին հայաստանյան  պատվիրակության   մասնակցությունը տեղի է ունենում Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնի նախապատրաստական հայկական կոմիտեի կազմակերպմամբ և Հայաստանի երիտասարդական  հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Եվս երկու սուտ մատնություն. պաշտոնատար անձինք հանիրավի են մեղադրվել հանցագործությունների կատարման մեջ

0

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ Շիրակի դատախազության պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման` պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, քրեական գործերից մեկը հարուցվել է գողության դեպքերի վերաբերյալ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Հուսիկ Առաքելյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Հ. Առաքելյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում հաղորդում է տվել, որ ինքը գողությունների հետ որևէ կապ չունի, և ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի օպերլիազորն է իրեն համոզել խոստովանել գողությունները, իսկ վերջինիս կողմից լրացված փաստաթղթերն ինքն առանց կարդալու ստորագրել է: Հ. Առաքելյանը հայտնել է նաև,  որ քրեական գործի քննության ընթացքում  ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչը ևս իրեն համոզել է ընդունել իր կողմից չկատարված հանցանքը` խոստանալով, որ դրա համար քրեական պատասխանատվության չի ենթարկվի:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հերքվել են Հ. Առաքելյանի հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել օպերլիազորի և քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ: Հ. Առաքելյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ավագ օպերլիազորի և ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Վերջինս ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազին մեղադրել է իրեն սպանության սպառնալիքներ տալու մեջ: Մասնավորապես, Ս. Մխիթարյանը 07.09.2017թ.-ին հաղորդումներ է տվել, որ դատախազի մոտ ընդունելության ժամանակ վերջինս, գրպանից հանելով ավտոմեքենայի բանալին և դանակը, սպառնացել է դրանցով սպանել իրեն: Այդ պատճառով ինքը քրեակատարողական հիմնարկում ինքնավնասումներ է կատարել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` Ս. Մխիթարյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հիմնավորվել է, որ վերջինս ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել նախաքննական մարմնին ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Ս. Մխիթարյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով:

Սուտ մատնության փաստերով հարուցված երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վանաձորում հրդեհի հետևանքով մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

0

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում հրդեհի հետևանքով մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20:45-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ահազանգ է ստացվել առ այն, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում գտնվող առանձնատներից մեկում, որտեղ հայտնաբերվել է 2013թ. ծնված երեխայի դի՝ մասնակի այրված վիճակում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, անհետաձգելի դատավարական այլ գործողություններ: Նախնական տվյալներով՝ հրդեհի բռնկման ժամանակ մանկահասակ երեխան տանը գտնվել է մենակ. մայրը մյուս երեք երեխաների հետ տանից բացակայել է:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրդեհի առաջացման պատճառները, երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«+Խոսրովի արգելոցի հրդեհը միտումնավոր չի եղել. Դավիթ Տոնոյան

0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը չի կարծում, որ Խոսրովի արգելոցի հրդեհը դիտավորության կամ չարակամության հետևանք էր: Նրա հավաստմամբ՝ դա պարզապես անփութության հետեւանք էր: «Դուք, երեւի, լսել եք, որ նախաքննական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել որոշ պատասխանատուների նկատմամբ: Հրդեհը միտումնավոր չի եղել, հնարավոր է՝ եղել է ոչ արհեստավարժ մոտեցում հրդեհաշիջմանը: Դա հանգեցրել է այլ վայրերում հրդեհի բռնկման, ինչին նպաստել է նաեւ երեկոյան ժամերի ուժեղ քամին: Անփութություն է եղել որոշ անձանց կողմից, եւ նրանց ոչ արհեստավարժ լինելը կհիմնավորվի նախաքննության արդյունքում»,-  նշեց նախարարը:

Լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի նախարարը Մոնումենտում էկոլոգիական նորմերի խախտմամբ կառուցված առանձնատների մասին, նա պատասխանեց, որ չգիտի, թե որ պաշտոնյան ինչ առանձնատուն ունի տվյալ տարածքում: Նախարարը, սակայն, ընդգծեց, որ նմանօրինակ դեպքերի նկատմամբ պետք է ձեւավորել անհանդուրժողական վերաբերմունք:

«Չեմ կարծում, որ կոնկրետ ինչ-որ վայրում կա ռիսկայնություն, եւ շինարարություն է շարունակվում: Ինչ վերաբերում է դպրոցների հարեւանությամբ կառուցված բազմահարկերին, ապա վտանգի լրացուցիչ գնահատման խնդիր կա»,-  ասաց նա:

Խոսելով քաղաքաշինության ոլորտի հնարավոր կոռուպցիոն ռիսկերից՝ ԱԻ նախարարը նշեց, որ դրանք չեն բացառվում:

«Ինչպե՞ս կարող է կոռուպցիա չլինել մի ոլորտում, որտեղ ֆինանսական մեծ հոսքեր կան: Իսկ ո՞վ է ասում, որ չկա: Ինձ ոչ մի բան չի կաշկանդում բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրների մասին»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը:

Արսեն Ջուլֆալակյանը հանդես կգա ֆրանսիական ակումբում

0

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նոր ակումբ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն այսուհետև հանդես կգա ֆրանսիական «CPBesançon Lutte» ակումբի կազմում: «Նպատակը Ֆրանսիայի գավաթը նվաճելն է»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Ջուլֆալակյանը:

Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի 2014 թվականի առաջնության և Եվրոպայի 2009 թվականի ոսկե մեդալակիր է:

Գիտության պետական կոմիտեն ու Հայ Առաքելական եկեղեցին համատեղ ծրագրեր են անցկացրել

0

Գիտության պետական կոմիտեն ու Հայ Առաքելական եկեղեցին համագործակցել են Ռուսաստանի Ուղղափառ Սուրբ եկեղեցու և Նոր Նախիջևանի Թեմի հետ։ 
«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրեց իրենց կատարած աշխատանքները 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում։ 
Կոմիտեի նախագահի խոսքով՝ իրենց կառույցը մեկ տարվա ընթացքում անցկացրել է մրցույթներ, որոնցից մեկը՝ Հայ Առաքելական եկեղեցու հետ համատեղ։ 
«Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայկական թեմի հետ համագործակցության շրջանակում հայտարարված մրցույթին ներկայացվել են 12 հայտ, որոնցից ֆինանսավորվել է 6-ը։ Մրցույթի թեմաները կապ չունեն եկեղեցու հետ, այլ հայ ժողովրդի ունեցած ներդրմանը Ռուսաստանի մշակույթի, գիտության և արվեստի ոլորտներում։ Յուրաքանչյուր կողմից այս ծրագրերի իրականացման համար հատկացվել է 150-հազարական ԱՄՆ դոլար»,- նշեց Սամվել Հարությունյանը։ 
Մեկ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն տարբեր աշխատանքներ է իրականացրել։ 
«Իրականացրած կարևորներ աշխատանքներից մեկն այն է, որ շուտով կներկայացվի գիտության մասին օրենքը, որի շուրջ վերջին 3-4 տարին քննարկումներ են եղել։ Այս օրենքի շուրջ եղել են բազմաթիվ դիտողություններ և առաջարկություններ, որոնք հաշվի առնելով կազմել ենք ՀՀ գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին նոր օրենքը։ Այն շուտով կներկայացնենք Կառավարություն։ Անցյալ տարի «ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագիրն է ներկայացվել Կառավարություն, որն օգոստոսի 17-ին հավանության է արժանացել։ Ռազմավարական ծրագիրն իր մեջ ներառում է բազմաթիվ խնդիրներ, որոնք վերաբերում են գիտության ոլորտում կատարվող աշխատանքներին։ Դրանցից են՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտի կառավարման համակարգի կատարելագործումը, գիտական կադրերի վերարտադրության արդյունավետ համակարգի ներդրումներն ու գիտության ենթակառուցվածքների արդիականացումը և այլն»,- նշեց Հարությունյանը։ 
Նա շեշտեց, որ 2016 թվականին ստեղծվել է «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն, որին իրենք շատ մեծ կարևորություն են տալիս։ 
«Կենտրոնը պետք է զբաղվի եվրոպական և միջազգային ծրագրերի և գիտական աջակցության խնդիրներով, օգնի, որպեսզի մեր գիտնականները կարողանան հստակ ձևակերպել իրենց ծրագրերն ու ներկայացնել տարբեր մրցույթների»,- ասաց կոմիտեի նախագահը։ 
Մրցույթներից նա առանձնացրեց նաև հիմնարար հետազոտությունների բելառուսական հիմնադրամի հետ համատեղ մրցույթը, որտեղ եղել են 57 հայտ, որոնցից ֆինանսավորվել են 19-ը։