Չորեքշաբթի, 23. 07. 2025

Կորյուն Նահապետյանը մոտակա ժամանակահատվածում չի ակնկալում Ադրբեջանի կողմից քաղաքականության վերանայում

0

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը կարեւոր նշանակություն կարող է ունենալ բոլոր կողմերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներից հետո՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին  Ժնևում կայանալիք հանդիպումից:

Նրա խոսքով՝ ակնկալիքները գնահատելիս պետք է հաշվի առնել  հանդիպմանը նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները:

«Այդ առումով որեւէ դրական բան չեմ կարող ասել, որովհետեւ Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, իրականացնում է ագրեսիվ գործողություններ, որոնք փաստում են միայն մի բանի մասին, որ հազիվ թե մոտակա ժամանակահատվածում  կարելի է ակնկալել այդ երկրի քաղաքականության վերանայում: Բայց բոլոր դեպքերում սպասենք՝ տեսնելու համար, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները: Գուցե որոշակի անակնկալներ լինեն այս պահին, որեւէ բան չենք կարող բացառել»,-ասաց Կորյուն Նահապետյանը:
Նա վստահեցրեց, որ հայկական կողմը հավատարիմ է իր դիրքորոշմանը, իսկ Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները անհրաժեշտ է կյանքի կոչել:

«Հուսամ՝  այդ հանդիպման քննարկումների առանցքում կլինեն այդ հարցեր: Գիտենք, որ խոսքը միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման, ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի մանդատի ընդլայնման եւ ձեռք բերված մյուս բոլոր պայմանավորվածությունների իրականացման մասին է: Մենք հետեւողական ենք մեր մոտեցումներին.  իհարկե, որոշակիորեն կարող են նոր, ճկուն մոտեցումներ ցուցաբերվել՝ կախված բանակցությունների ընթացքից»,-նշեց ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ կարեւոր է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչի հարցում Հայաստանի Հանրապետությունն ունի իր ստանձնած պարտավորությունները:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին հոբելյանի առթիվ

0

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 13-ին շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.

«Դուք մշակույթի այն երախտավորներից եք, որի վաստակն ու երաժշտարվեստին անմնացորդ ծառայությունն ակնածանքի են արժանի: Որպես հայ ժողովրդի արժանավոր զավակ՝ Դուք մեծ ներդրում ունեք մեր պետականության կայացման, նրա մշակույթի զորացման գործում: Երկար տարիներ ղեկավարելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ արվեստագետի, մտավորականի, հայրենասեր հայի վառ կերպարով մեծ դերակատարություն եք ունեցել մեր երկրի մշակութային-հասարակական կյանքում: Ուրախալի է, որ այսօր էլ, շարունակելով Ձեր ակտիվ գործունեությունը, հարստացնելով դիրիժորական և կոմպոզիտորական արվեստի լավագույն ավանդույթները՝ մեծ ավանդ եք բերում միջմշակութային երկխոսության կայացման և ամրապնդման գործում»: 

Իգնատի Առաքելյանն ընդունել է Վրաստանի գյուղնախարար Լևան Դավիթաշվիլիին

0

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Վրաստանի գյուղնախարարը Հայաստան է ժամանել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հրավերով` մասնակցելու «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային ապրանքների միջազգային ամենամյա ցուցահանդեսին: Ողջունելով հյուրերին` նախարար Առաքելյանը կարևորել է երկու հարևան երկրների միջև կապերի ամրապնդումն ու փոխգործակցության խթանումը գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերի իրականացումը: Կողմերը մտքեր են փոխանակել գյուղոլորտում ընթացիկ տարվա ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշների, բնակլիմայական պայմանների ազդեցությամբ արձանագրված զարգացումների շուրջ: Երկու երկրների գյուղատնտեսության նախարարները հատկապես կարևորել են փորձի և տեղեկատվության փոխանակումն ու համագործակցության զարգացումն ապահովագրական համակարգի ներդրման, անասնապահության` մասնավորապես ոչխարաբուծության ճյուղի զարգացման, օրգանական գյուղատնտեսության, ինտենսիվ այգիների հիմնման ուղղություններով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային ձևաչափ մշակել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և համագործակցության առավել իրատեսական և շահավետ ուղղություններն ուսումնասիրելու նպատակով: Հանդիպման ավարտից հետո Իգնատի Առաքելյանը և Լևան Դավիթաշվիլին մեկնել են մասնակցելու «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային ապրանքների միջազգային ամենամյա ցուցահանդեսի բացման արարողությանը: Նախատեսվում է նաև Վրաստանի գյուղնախարարի այցը մի շարք վերամշակող ընկերություններ:

Նախագահ Սարգսյանին Կադաստրի պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ

0

 Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը հոկտեմբերի 13-ին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների, կադաստրի համակարգի վերջին շրջանի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, կոմիտեի նախագահը, մասնավորապես, ներկայացրել է իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ իրականացված աշխատանքները, հավաքագրված գումարների և կատարված ծախսերի, անշարժ գույքի շուկայում կայունացման միտումների մասին տեղեկատվություն: Այս համատեքստում Մարտին Սարգսյանը զեկուցել է նաև անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տվյալների բազայի ձևավորման, առցանց էլեկտրոնային ծառայությունների ավելացման, մատուցվող ծառայությունների ընդլայնման ու սպասարկման որակի առավել բարելավման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող քայլերը՝ կարևորելով նշված ուղղությունների զարգացման նպատակով էլեկտրոնային արդի ծրագրերի ներդրումը, ինչը կնպաստի նաև այլ ոլորտների հետ կապի ամրապնդմանն ու համատեղ միջոցառումների ձեռնարկմանը:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ավարտման փուլում գտնվող Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև կոմիտեի գեոպորտալի՝ թվային առցանց աշխատող հարթակի ստեղծումը, որը պարունակում է աշխարհագրական տարածական տվյալներ և օժտված է վերլուծական ու որոնման համապատասխան գործիքակազմով: Այդ հարթակում ներառվել են շահառու ՀՀ պետական կառավարման մարմինները, ինչպես նաև գծային ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպությունները:

Մարտին Սարգսյանը նշել է, որ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է առաջիկա տարիներին կադաստրի պետական կոմիտեի համակարգում ստեղծել ՀՀ միասնական երկրատեղեկատվական համակարգ, որը կներառի բոլոր քաղաքների բազային հիմքի (այդ թվում՝ տեղագրական քարտեզների, վարչատարածքային սահմանների, անշարժ գույքի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների և այլն) ստեղծումը:

Զեկուցվել է նաև ՀՀ Նախագահի նախորդ հանձնարարականների հիման վրա կոմիտեի կողմից իրականացվող Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը, որը ներառում է 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելի ձևավորումը: Նկատի ունենալով, որ դրա համար օգտագործվել է 2010 թվականի դրությամբ առկա հանութագրման նյութը, ըստ Մարտին Սարգսյանի, ներկայումս «Սևան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի հետ աշխատանքներ են տարվում 2010-2017թթ. փոփոխությունները վերոնշյալ համակարգում ներառելու ուղղությամբ: Կոմիտեի Նախագահը հավաստիացրել է, որ նախատեսված աշխատանքները հնարավորություն կտան հետագայում հնարավորինս ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող առափնյա խնդիրների վերաբերյալ:

Զեկույցի հիման վրա հանձնարարվել է կառավարությանը՝ ձևավորել շահագրգիռ մարմիններից կազմված միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ հանրապետության ողջ տարածքի քարտեզագրման աշխատանքների ճշգրտման և դրան զուգահեռ հողային ֆոնդի ամբողջական մոնիտորինգի իրականացման նպատակով՝ ժամանակացույցի և համապատասխան ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

Միաժամանակ, կադաստրի տվյալների միասնական էլեկտրոնային բազայում առկա իրավունքի սուբյեկտների տվյալների լիարժեքությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ սեղմ ժամկետներում ամբողջականացնել համայնքներից ստացվող անհրաժեշտ տեղեկատվությունը:

Մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է արտաքին գործերի նախարարի հետ համատեղ քննարկել ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կադաստրի սպասարկման գրասենյակներին բնորոշ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծման հնարավորությունները՝ համապատասխան իրավական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով կառավարության քննարկմանը:

ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել շուկայական գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ՝ մեծացնելով գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը: 

Երիտասարդ փորձագետների «Yes Armenia» ծրագրին դիմողների մեկ երրորդը սփյուռքից է

0

Երիտասարդներին ՀՀ պետական գերատեսչություններում աշխատելու հնարավորություն ընձեռող «Yes Armenia» ծրագրին հոկտեմբերի 10-ի դրությամբ դիմել են ավելի քան 170 անձ:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ծրագիրն իրականացնող Ռազմավարական  նախաձեռնությունների կենտրոնի (ՌՆԿ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, դիմողների 30-40 տոկոսը սփյուռքից են: «Ծրագիրն իրականացնում ենք Եվրամիության տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ, որի շրջանակներում ազգությամբ հայ կամ ՀՀ քաղաքացիություն ունեցող շուրջ 20 երիտասարդ 12 ամիս կաշխատեն ՀՀ  նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում»,-ասաց Խաչատուրյանը` ավելացնելով, որ ծրագրի մեկնարկը կտրվի նոյեմբերին:

«Yes Armenia» ծրագրի նպատակն է մշակել և իրականացնել այնպիսի ռազմավարական  նախաձեռնություններ և նախագծերորոնքկնպաստեն Հայաստանի զարգացման ռազմավարականինչպես նաև ՀՀ  կառավարության 2017-2022 թթծրագրերով նախատեսվածառանցքային բարեփոխումների իրականացմանըև համահունչ  կլինեն ԵՄ – Հայաստան գործընկերության առաջնահերթություններին։ Երիտասարդ փորձագետների  գլխավոր խնդիրն է լինելու այս առաջնահերթությունների և բարեփոխումների հետ կապված հա տուկծրագրերի  մշակումն ու իրականացումը։

Կարինե Դանիելյանը վտանգավոր է համարում դպրոցների կողքին բազմահարկ շինությունների առկայությունը

0

«Հանունկայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանըով մասնակցում էր ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներին, իր զեկույցում անդրադարձ կատարեց քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներին: Նա, մասնավորապես, որակեց Երեւանի վերջին տարիների կառուցապատումը բացարձակ հակաէկոլոգիական  եւ նշեց, որ այն բարձրացրել է աղետների ռիսկերը:

«Ըստ Կառավարության նախնական որոշման՝ Հյուսիսային պողոտայի շենքերը չպետք է բարձր լինեին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքից, բայց այսօր տեսնում ենք, թե ինչ բազմահարկեր են այնտեղ: Կարծես այդ բազմահարկերը հատուկ կառուցվում են հենց դպրոցների կողքին՝ հաճախ մի քանի մետր հեռավորությամբ»,-նշեց բնապահպանը՝ ընդգծելով, որ երկրաշարժերի ժամանակ դրանք անչափ մեծ վտանգ են պարունակում:  

Բնապահպանը խոսեց նաեւ պոչամբարներից՝ նշելով, որ Հայաստանում այսօր կա 21 պոչամբար, որոնցից ոչ մեկը որեւէ ստանդարտի չի համապատասխանում:

«Ախթալայի պոչամբարը, օրինակ, շատ մոտ է դպրոցին, կողքը խմելու ջրի աղբյուրն է»,- ասաց բնապահպանը:  

 

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալներից կասկածելի զանգվածներով փաթեթներ են առգրավել

0

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, կարճատև տեսակցությունից հետո դատապարտյալ Վ. Մ.-ի մոտից անձնական զննությամբ հայտնաբերել են չորս փոքր փաթեթներ, որոնց մեջ առկա էին 0,8 գրամ կոտրված սպիտակ դեղահաբեր, 10 գրամ սպիտակ և 6 գրամ դեղնականաչավուն զանգվածներ, ինչպես նաև մեկ բջջային հեռախոս` իր բաժանորդային քարտով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից,  «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Դ. Գ.-ին: Վերջինիս մոտից հայտնաբերել են թղթով փաթեթավորված, կանաչավուն յուրահատուկ հոտով, կասկածելի զանգվածով երկու փաթեթ` ընդհանուրը 2,4 գրամ քաշով:

Հոկտեմբերի 11-ին` ժամը 16:00-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Կ.Ս.-ի անվամբ քաղաքացի Տ. Բ.-ի կողմից բերված հանձնուքում` 200 գրամ տարողությամբ թթվասերի տարայի մեջ լցված տոմատի մածուկի մակերեսին, նկատել են սպիտակ փոշենման զանգված: Առգրավվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:

 

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբն Իսրայելում կմասնակցի Աբու-Գոշ փառատոնին

0

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբն այս օրերին գտնվում է Իսրայելում՝ մասնակցելու Աբու-Գոշ փառատոնին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ, երգչախումբն արդեն իսկ համերգներով հանդես է եկել Իսրայելի մի շարք քաղաքներում՝ Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր։

Ավետյաց երկրում համերգային շրջագայություն ունենալու հրավերը Տիգրան Հեքեքյանը ստացել է Իսրայելի Արտաքին գործերի նախարարության, Իսրայելի Երգչախմբային Ֆեդերացիայի Աբու-Գոշ միջազգային փառատոնի և «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի լավ բարեկամ, իսրայելական հայտնի «Էֆրոնի» երգչախմբի հիմնադիր Մայա Շավիթի կողմից։ Եղեռնի 100-ամյակի օրերին, երբ Մայա Շավիթը Տիգրան Հեքեքյանի հրավերով գտնվում էր Հայաստանում, շփվել, աշխատել և մի շարք ելույթներ էր ունեցել«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի հետ, նա հավետ դարձավ այս խմբի ընկերն ու երկրպագուն։ Այդ օրվանից նա փոքրիկ երգիչներին անվանում էր «երգչախումբ այլ մոլորակից» և սրտում փայփայում երազանք՝ հնարավորություն ստեղծել, որ Իսրայելի երաժշտասեր հասարակությունն ու արվեստի ներկայացուցիչները ևս կարողանան առընչվել, իր խոսքերով, «խմբերգային արվեստի հայկական ֆենոմենի» հետ։

Հոկտեմբերի 5-ին մեկնարկած և առ այսօր ընթացքի մեջ գտնվող շրջագայության շրջանակներում «Հայաստանի Փոքրիկ Երգիչների» կատարմամբ հնչող դասական, հայ և արտասահմանյան հոգևոր, ժամանակակից, ջազային, հրեական ստեղծագործությունների կատարումները բուռն, ոտընկայս ծափերով են դիմավորում իսրայելական ամենատարբեր դահլիճներում և տաճարներում։

Յուրաքանչյուր ելույթ եզրափակվում է Մայա Շավիթի ոգեշունչ խոսքերով հայ ժողովրդի, Ցեղասպանության մասին նրա հիշողության, շուրջ 100 տարի մղվող պայքարի մասին, որն այս ժողովուրդն անում է նաև ծաղիկների լեզվով, իսկ առավել արդյունավետ՝ այս բարձրակարգ երգչախմբի գործունեության միջոցով։ Հույս էր հայտնում, որ իսրայելական կառավարությունը պաշտոնապես կընդունի հայոց ցեղասպանության փաստը, ինչն ամենուր հանդիսատեսն ընդունում է ջերմ ծափերով։

Ռեհովոտ քաղաքի կոնսերվատորիայի տնօրեն, քաղաքի մշակույթի բաժնի ղեկավար Ռիտա Վինոկուրի խոսքով՝ նման որակի երգչախումբ չկա Իսրայելում։ «Ոչ մի տեղ չկա։ Նման պրոֆեսիոնալիզմ, սեր՝ առ արվեստն ու երաժշտությունը, որը կատարողից փոխանցվում է հանդիսատեսին։ Համաշխարհային մակարդակի երաժիշտներ եք, և մեզ համար մեծ պատիվ էր ձեզ լսելու հնարավորությունն ունենալը։ Շնորհակալ ենք»,-ասել է նա։

Երգչախմբի սաներն  այցելել են Սուրբ երկրի խորհրդանշական ու նվիրական վայրերն, ինչպես Բեթղեհեմի Ծննդյան տաճարի՝ սրբատեղի դարձած մսուրը, որտեղ մասնակցել են Հայ եկեղեցու կողմից մատուցվող ս․ Պատարագին։ Ելույթ են  ունեցել Նազարեթի Սելեզյան տաճարում, եղել Ակկոյի հին քաղաքում, որտեղ այս օրերին մեծ թատերական փառատոն է ընթանում, Երուսաղեմի՝ հայկական ճեմարանի տարածքում, նաև՝ Սուրբ Հակոբյանց տաճարում, որտեղ ևս ծրագրվում է մասնակցություն ունենալ հոկտեմբերի 14-ի, լույս 15-ի գիշերվա Պատարագի արարողությանը։

Առջևում Աբու-Գոշ փառատոնն է, որին մասնակցում են աշխարհի լավագույն երգչախմբերն ու մենակատարները։ Այնուհետև՝ ևս երկու ազատ օր Սուրբ քաղաքում՝ Երուսաղեմում, որտեղի հայկական եկեղեցում նպատակ ունեն սուրբ Մկրտություն ստանալ երգչախմբի այն երեխաները, ովքեր մինչ այս մկրտված չեն եղել։ Թերևս՝ լավագույն եզրափակումն Ավետյաց երկիր կատարած երաժշտական ուխտագնացության համար։

Սեպտեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 762 դիմում

0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2017 թվականի սեպտեմբեր ամսին քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 762 դիմում, որից 601-ը գրավոր, 161-ը բանավոր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված դիմումներից 246-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 271 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 517 քաղաքացի:

Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 77 (13%),  հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 67 (11%), ավանդի փոխհատուցման 37 (6%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 32 (5%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման 30 (5%), աշխատանք տրամադրելու 20 (3%) և բնակարան հատկացնելու 11 (2%) վերաբերյալ դիմումները:

Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 36 (22%), ավանդի փոխհատուցման 36 (22%), դիմումի ընթացքի ճշգրտման 32 (20%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 13 (8%)  և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 10 (6%)  վերաբերյալ դիմումները:

Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 275 դիմումի: Պատասխաններն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 210 (76%)-ը պարզաբանվել է, 43 (16%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 12-ը (4%) վերահասցեագրվել է պետական այլ  մարմիններ, իսկ 10-ին (4%) տրվել է մերժողական պատասխան:

Սեպտեմբեր ամսվա ընթացքում նախարարի մոտ ընդունելություն չի կայացել: Փոխնախարարների մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել է երկու քաղաքացի:    

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դրագինյան քաղաքի պատվիրակության անդամների հետ

0

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ֆրանսիայի Դրագինյան քաղաքի  քաղաքապետի առաջին տեղակալ Պրիմոզելլի Քրիստինի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  հրավերն ընդունելու համար և համոզմունք հայտնել, որ այս այցը ևս իր դրական ազդեցությունը կունենա Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Դրագինյան քաղաքի միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու գործում:

«Երևանի քաղաքապետարանը տարեցտարի ընդլայնում է քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության ծրագրերը, որոնց շրջանակում ոչ միայն իրականացվում են փոխշահավետ ծրագրեր, այլ նաև ամրապնդվում են տվյալ քաղաքներում հայ համայնքների հետ կապերը: Լավագույն ապացույցը, թերևս, պատվիրակության կազմում նաև Դրագինյանի հայ համայնքի ներկայացուցչի ընդգրկված լինելն է: Իսկ ընդհանուր առմամբ, մեզ համար, անշուշտ, կարևոր է նաև տարբեր պետությունների քաղաքների հետ Երևանի 12 վարչական շրջանների համագործակցությունը: Այս համատեքստում է նաև այս տարվա մարտ ամսին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Ֆրանսիայի Դրագինյան քաղաքի  միջև Երևանում վերաստորագրված բարեկամության հուշագիրը, որը, համոզված եմ, լավ մեկնակետ է արդյունավետ փոխագործակցությունը երկուստեք ամրապնդելու համար», – նշել է Տարոն Մարգարյանը:

Դրագինյան քաղաքի  քաղաքապետի առաջին տեղակալ Պրիմոզելլի Քրիստինն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և, շնորհավորելով Երևանի քաղաքապետին՝ մայրաքաղաքի տոնի առթիվ, նաև ընդգծել է, որ սա լրացուցիչ առիթ է` քննարկելու համագործակցության ծրագրերի ընթացքը, և նախանշել առաջիկա անելիքները:

«Ես նույնպես վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ առաջիկայում մենք հնարավորություն կունենանք էլ ավելի ընդլայնել համագործակցության շրջանակներն ու նոր թափ հաղորդել երկուստեք փոխգործակցությանը: Ի դեպ, իսկապես հիացած ենք Ձեր ջերմ և հյուրընկալ քաղաքի տոնական մթնոլորտով: Իրոք հաճելի է գտնվել Երևանում և դառնալ այս տոնի լիարժեք մասնակիցը», – նշել է Պրիմոզելլի Քրիստինը:

Շնորհակալություն հատնելով ջերմ խոսքերի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դրագինյան քաղաքի  պատվիրակության անդամներին հրավիրել է հաջորդ տարի՝ Դրագինյանի քաղաքապետի գլխավորությամբ, կրկին այցելել Երևան՝ մասնակցելու Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: