Երեքշաբթի, 22. 07. 2025

Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել ԱՀ Նախագահի 2017-2020 թթ. ծրագրի հիմնական դրույթների վերաբերյալ

0

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020 թվականների ծրագրի հիմնական դրույթներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը ներկայացրել է իրականացվելիք աշխատանքների կարեւորագույն ուղղություններն ու առաջադրանքները:

Երկրի ղեկավարն անդրադարձել է պետականաշինության, բանակաշինության, անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման, արտաքին քաղաքականության, տնտեսության, սոցիալական, մշակույթի, սպորտի, առողջապահության, ժողովրդագրության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում մոտակա երեք տարիների ընթացքում իրականացվելիք աշխատանքներին ու ծրագրերին:

Նախագահն ընդգծել է, որ ծրագրային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է իշխանության բոլոր թեւերի ու կառույցների, պետության ու հասարակական հատվածի համատեղ, կազմակերպված ու համակարգված աշխատանք, որը պահանջում է պարտականությունների կատարման հանդեպ պատասխանատվության բարձր աստիճան:

Նախագահ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ մեր ժողովրդի բարեկեցության հետեւողական բարձրացմանը, երկրի անվտանգության ու պաշտպանունակության համակարգի ամրապնդմանն ու ուժեղացմանն ուղղված խնդիրները հաջողությամբ կլուծվեն:

Խորհրդակցության մասնակիցներին Նախագահը ներկայացրել է իր հրամանով նշանակված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին՝ մաղթելով հաջողություններ ծառայության մեջ:

Բացահայտվել է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը. կան ձերբակալվածներ

0

Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երևանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանը:
Աշտարակի բնակիչ, 1988 թ. ծնված Պյոտր Ցիգանովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Դավիթ Գրիգորյանը բերման է ենթարկվել դեպքից հինգ օր անց, մայրաքաղաքի Չեխովի փողոցից: 
Արսեն Գրիգորյանն ու Մարատ Գալստյանը բերման են ենթարկվել հաջորդ օրը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից:
Հոկտեմբերի 15-ին Մարատ Գալստյանի տանը և օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան և «ԱԿ» ինքնաձիգի նմանվող, առանց գործարանային համարի հրազեն:
Քննվող գործի շրջանակներում դարձյալ հոկտեմբերի 15-ին խուզարկվել են նաև Երևանի բնակիչ, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվել է կանեփանման զանգված, «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվել է, սեպտեմբերի 29-ին գողացվել էին Մաշտոցի վարչական տարածքից:
Աշոտ Մանուկյանը ևս ձերբակալվել է:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքնության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Պյոտր Ցիգանովին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարոնակվում է:
Պյոտր Ցիգանովի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը հորդորում է զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է:

Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Կրթություն-աշխատաշուկա ճեղքվածքը փոքրացնելու լուծումը մասնավորի ներգրավվածությունը մեծացնելն է

0

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի (ՌՆԿ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը  կրթություն-աշխատաշուկա շղթայում առաջացող խնդիրները կարգավորելու, Հայաստանից ուղեղների արտահոսքը կանխարգելելու գործում կարևորում է կրթության ոլորտում մասնավորի ներգրավվածության մեծացումը:

«Արմենպրես»ի հետ զրույցում Խաչատուրյանը նկատեց, որ ՏՏ ոլորտն արդեն այս մոդելով աշխատում է, երբ ընկերություններն իրենց ցանկալի աշխատակիցներն ունենալու համար հիմնում են սեփական լաբորատորիաներ ու վերապատրաստում բուհերն ավարտած կադրերին: Պրոակտիվ քայլեր են ակնկալվում նաև մյուս ոլորտներից:

«Մենք ունենք իրավիճակ, երբ մարդը համալսարան է ավարտում, բայց այս կամ այն պատճառով աշխատանք չի գտնում, փորձում ենք հասկանալ, թե ինչու է այդպես»,-ասաց Ալեքսանդր Խաչատուրյանը: Նրա խոսքով` պայմանականորեն վերցնում են ոլորտը ու փորձում հասկանալ, թե այնտեղ տարբեր մասնագիտացումների առումով թվային ի՞նչ պատկեր է, ավարտածներից քանի՞սն են աշխատանք գտել, քանի՞սը` ոչ: Ինչո՞ւ: Եթե չեն գտել աշխատանք, հետո վերապատրաստվե՞լ են, թե ոչ: Վերապատրաստվելուց հետո գտե՞լ են աշխատանք, ի՞նչ ժամկետներում: Ներկայում Հայաստանո՞ւմ են, թե ոչ: Այս հարցերի պատասխանը թույլ կտա մշակել քաղաքականություն, որպեսզի կրթություն-աշխատաշուկա ճեղքվածքը փոքրանա:

Ներկայում ուսումնասիրում են իրավիճակը ՏՏ ոլորտում: «Եթե վերլուծությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացնենք, հետո ավելի բարդ ոլորտ ենք վերցնելու`  գյուղատնտեսությունը: ՏՏ-ն հեշտ է, քանի որ մոդելը գործում է, տեղեկատվություն ստանալը հեշտ է: Իրականում այսպիսի վարժություն անելու տեսանկյունից ամենադժվարը ինֆորմացիայի ծավալ գեներացնելն է, ըստ որի կարողանաս ճիշտ եզրակացություններ անել: Գյուղատնտեսության ոլորտում շատ դժվար կլինի, քանի որ գյուղռեգիստրն ամբողջությամբ չի գործում, գյուղատնտեսների, ֆերմերների մեծ մասը հարկային դաշտում չեն, դու չես տեսնում, թե տարեկան որքա՞ն բերք են ստանում, ինչպե՞ս են կադրերն աճում կամ հակառակը, վերապատրաստում ստանո՞ւմ են, թե ոչ»,-նշեց Ալեքսանդր Խաչատուրյանը:

Խաչատուրյանը կարևոր համարեց նաև ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO)` տեքստիլի և կոշկագործության ոլորտը զարգացնելու ծրագիրը, որով այդ ոլորտի հայ մասնագետներին կփոխանցվեն արտադրության պլանավորման և արտահանման խթանման, ֆինանսական կառավարման, հմտությունների զարգացման հմտություններ:

ՌՆԿ-ն կրթության ոլորտում նախաձեռնել է կրթության ոլորտում նախաձեռնել են մի շարք ծրագրեր, այդ թվում` կրթության 2018-2030 զարգացման պետական ծրագրի վերանայումը, պետական հանրակրթական  ուսումնական հաստատությունների կառավարմանհամակարգի բարեփոխումները, բարձրագույն կրթական  հաստատությունների նոր օրենքի նախագծի մշակումն ու կրթությանազգային ինստիտուտի գործունեության վերանայումը:   

 

 

 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում

0

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, ողջունելով Մայա Գոյկովիչին, կարեւորել է Միջխորհրդարանական միության շրջանակում հանդիպելու հնարավորությունը: ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել երկկողմ հարաբերությունների շարունակական կատարելագործումը՝ հիմք ընդունելով հայ-սերբական բարեկամական հարաբերությունների բազմամյա պատմությունը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ երկխոսության ձեւավորումը, բարեկամական խմբերի փոխայցերը, որոնք կարող են նպաստել Հայաստանի եւ Սերբիայի միջեւ ոչ միայն երկկողմ, այլ նաեւ միջազգային կառույցներում համագործակցության զարգացմանն ու մի շարք հարցերի շուրջ համաձայնեցված աշխատանքին:

Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ Արա Բաբլոյանը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը հայկական կողմը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

«Մեր երկիրը կարեւորում է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը. շփման գծից դիպուկահարների հետքաշումը, պատահարների հետաքննման մեխանիզմների ստեղծումը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ջանքերը»,-ասել է պարոն Բաբլոյանը:

Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նույնպես կարեւորել է երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, տարբեր հարթակներում փոխգործակցությունը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Մայա Գոյկովիչը փաստել է, որ Սերբիան պաշտպանում է Հայաստանի՝ ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշումը:

Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ կապերի զարգացումը տարբեր ոլորտներում:

Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հրավիրել է Սերբիա:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալի ալ-Ղանիմի հետ:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Կողմերը փաստել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք եւ երաշխիք է տարբեր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:

Երկու պետությունների օրենսդիր մարմինների ղեկավարները կարեւորել են միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը, միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման վերաբերյալ եւ հույս հայտնել, որ առկա չիրացված ներուժն արդյունավետ կօգտագործվի: 

«Եվա» ֆիլմն ընդգրկվել է 90-րդ «Օսկար» մրցանակաբաշխության նախընտրական ցանկում

0

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է 90-րդ «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկը, որում ընդգրկված է նաև Հայաստանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայկական ազգային կինոակադեմիայից:

Հայկական ազգային կինոակադեմիան տվյալ անվանակարգի համար այս տարի ընտրել էր Անահիտ Աբադի  «Եվա» ֆիլմը:

Ամերիկյան կինոակադեմիայի  «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի ռեկորդային թվով երկրներ են հայտեր ներկայացրել՝ 92 երկիր, որոնցից 6-ը՝ պատմության մեջ առաջին անգամ: 

Հայալեզու ֆիլմը հանդիսանում է  Հայաստանի և Իրանի համատեղ արտադրություն: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

«Եվա»-ն դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան…

Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։

Նախարար Վարդան Արամյանը շարունակել է հանդիպումները Վաշինգտոնում

0

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորած պատվիրակությունը Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում մասնակցել է Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին նվիրված քննարկմանը, որը վարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի տեղակալ Թաո Զանգը: Քննարկման առանցքում եղել են հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում ի հայտ եկող մարտահրավերները, այդ գործընթացում ԱՄՆ-ի կողմից առաջարկվող աջակցության գործիքները, ինչպես նաև պատասխանատու ինստիտուտների կարողությունների զարգացման հեռանկարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Վարդան Արամյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ պետական պարտքի կայունությանը, ֆիսկալ կանոնների և հարկային քաղաքականության բարելավմանն ուղղված աշխատանքները:

Ֆիսկալ հարցերի վարչության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայումս ֆիսկալ կանոնների վերանայման գորցընթացում ԱՄՆ- ի կողմից Հայաստանին ցուցաբերվող հետագա աջակցության հնարավորություններն ու ուղիները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՀ կողմից հարկային քաղաքականության բարելավման, մասնավորապես՝ գույքահարկի ուղղությամբ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

Նախարար Վարդան Արամյանը մասնակցել է նաև Dutch Constituency-ի հանդիպումներին, որում ընդգրկված է նաև Հայաստանը: Անդրադարձ է կատարվել Constituency-ի կողմից Համաշխարհային բանկի կայուն զարգացման 2030 օրակարգին աջակցության, Համաշխարհային բանկի նոր բնապահպանական և սոցիալական քաղաքականությանը, կրթության և ուսուցման Համաշխարհային բանկի զարգացման զեկույցին: Ամփոփվել են նաև Constituency-ի շրջանակներում աշխատանքները, և նշվել է, որ հաջորդ Constituency-ի հանդիպումը կկայանա Խորվաթիայում:

Հանդիպման ավարտին հայկական կողմին նաև շնորհակալություն հայտնեցին Դիլիջանում կազմակերպված նախորդ հանդիպման համար:

Բասկետբոլի մինչև 16 տարեկանների առաջնությունում կայացան երրորդ տուրի հիմնական խաղերը

0

Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների առաջնությունում հանգստյան օրերին տեղի ունեցան երրորդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երրորդ տուրում ԽՄՕՄՄ-ը տարավ իր երրորդ անընդմեջ հաղթանակը` 51-36 հաշվով առավելության հասնելով «Արաբկիր»-ի նկատմամբ:
«Պոլիտեխնիկ»-ը սեփական հարկի տակ 30-36 հաշվով պարտվեց «Արարատ»-ին: «Արաբկիր»-«Աջափնյակ» հանդիպումն ավարտվեց 62-47՝ ի օգուտ «Արաբկիր»-ի:
«Գրանդ սպորտ»-ը ևս տոնեց իր երրորդ անընդմեջ հաղթանակը, այս անգամ 61-44 հաշվով հաղթելով «Վանաձոր»-ին:
Տուրի վերջին խաղում «Արթիկ»-ը սեփական հարկի տակ 60-38 հաշվով առավելության հասավ «Գյումրի»-ի նկատմամբ:

Հոկտեմբերի 16-ին ՀՀ մինչև 16 տարեկանների առաջնությունում իր առաջին հանդիպումը կանցկացնի «Արցախը», մրցելով «Վանաձորի» հետ:

Հայաստանում առաջին անգամ կներկայացվի Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան

0

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Ստեղծագործությունը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայաստանյան հանդիսատեսը կծանոթանա ծանր ռոք, ալտերնատիվ մետալ, արտ ռոք, ֆոլկ ռոք և այլ ժանրերում հանդես եկող Սերժ Թանկյանի սիմֆոնիկ գործին։ Ինքը` Թանկյանը, նշում է, թե իր համար պատիվ է, որ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարում է իր հեղինակած սիմֆոնիան: 

«Orca Symphony No 1»-ն ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013թ. հունիսի 25-ին:

Երաժիշտն ասում է, որ գրել է «Օրկան» մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքի ճանապարհը:

«Ստեղծագործության առաջին բաժինը կոչվում է Victorious Orcinus, և այն հիմնականում ներկայացնում է խոյադելֆինի կյանքը, թե ինչպես է նա կարողանում դառնալ հաղթական կենդանի, սպանել, ֆիզիկական տեսանկյունից հասնել այն ամենին, ինչ հնարավոր է այս մոլորակում:

Երկրորդ բաժնում խոյադելֆինը որոշում է խորանալ ջրի տակ՝ մեդիտացիայի և խորն ինքնավերլուծության նպատակով: Երկրորդ և երրորդ բաժինների միջև խոյադելֆինը գիտակցում է, որ ինքը նման է դելֆինի: Մենք նրան անվանում ենք խոյադելֆին, բայց այն պատկանում է կաթնասունների տեսակին, դելֆին է: Այս տեսանկյունից խոյադելֆինն ու դելֆինը մարդկության լավ ու վատ տարատեսակներն են: Ես փորձում եմ ասել, որ մենք և՛ լավն ենք, և՛ վատը: Մենք մեր ներսում ունենք բազում գույներ ու խավար: Եվ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ գնալ դեպի լույսը և հավատալ կյանքին: 

«Օրկա» սիմֆոնիայի վերջին մասը կոչվում է Lamentation of the Beached: Այստեղ խոյադելֆինը կամ կարող ենք ասել՝ մարդկությունը, գիտակցում է, որ մեր կյանքն այս մոլորակում սահմանափակ է և ոչ տարիքի ու ֆիզիկական գոյության տեսանկյունից: Այն սահմանափակ է մոլորակի տարիքի կամ մոլորակի համար արածի տեսակետից։ Այս գիտակցումը հսկայական ինքնակայացում է: Հույս ունեմ, որ կհավանեք «Օրկայի» չորս բաժինները, և ևս մեկ անգամ շնորհակալ եմ, որ լինելու եմ Խաչատրյանի փառատոնի մասնիկը»,- ասում է Սերժ Թանկյանը:

Հոկտեմբերի 19-ին խաչատրյանական փառատոնի համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի նաև Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Որպես մենակատար հանդես կգա վիրտուոզ դաշնակահար Լևոն Կարապետյանը։

Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։  

Փոստային առաքանիների փոխադրման գործընթացը կիրականցվի ավտոմատացված համակարգով. ՊԵԿ

0

«Միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգին արդեն ինտեգրվել են բոլոր փոստային և սուրհանդակ ծառայությունները: Ավտոմատացված համակարգում առաքանու վերաբերյալ անհրաժեշտ տվյալների մուտքագրումն իրականացվում է առանց քաղաքացիների մասնակցության` էլեկտրոնային եղանակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախկինում առաքանիների հայտարարագրումն իրականացվում էր բացառապես մաքսատանը և հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում քաղաքացին հաճախ Հայաստանի տարբեր մարզերից ստիպված էր լինում գալ Երևան՝ մաքսային ձևակերպումներ իրականացնելու, ինչը ժամանակատար և ծախսատար գործընթաց էր: Նման ընթացակարգը խոչընդոտում էր նաև փոստային փոխադրումների ծավալների աճին և ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի զարգացմանը: Այսօր քաղաքացին հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում, դրանք վճարում և առաքանին ստանում է մոտակա փոստային մասնաճյուղից: Մաքսային հսկողության իրականացման տեսանկյունից համակարգը հնարավորություն է տալիս ավտոմատացված եղանակով վարել առաքանիների ամբողջական հաշվառում, դրանց նկատմամբ իրականացնել անհրաժեշտ վերահսկողություն, ապահովել հաշվետվությունների ավտոմատ ձևավորում, կիրառել տվյալների վերլուծության գործիքներ և իրականացնել ռիսկերի գնահատում:

 

 

 

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է. դերասանի քույրը մանրամասներ է հաղորդել եղբոր վիճակից եւ սկանդալային միջադեպից

0

Դերասան, բեմադրիչ, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դերասանի քույրը` Մարինա Ջիգարխանյանը, «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին մանրամասներ է ներկայացրել եղբոր առողջական վիճակից եւ նրա շուրջ ծագած սկանդալային միջադեպից:

Օրեր առաջ դերասանի կինը` Վիտալինա Ցըմբալյուկ- Ռոմանովսկայան, հաղորդել էր, որ Արմեն Ջիգարխանյանին առեւանգել են: Դերասանի կինը դրանում մեղադրել է ամուսնու  գործընկերներ Հայրապետ Հովհանիսյանին ու Արթուր Սողոմոնյանին, ովքեր, ըստ Ջիգարխանյանի կնոջ, աչք են դրել թատրոնի վրա: Վիտալինան այս մասին հաղորդել է նաեւ ոստիկանությանը:

Հետագայում հայտնի է դառնում, որ կնոջ մասին ոստիկանությունում հաղորդում է տվել նաեւ հենց ինքը` Ջիգարխանյանը: Համացանցում լուրեր են պտտվում, որ Արմեն Բորիսովիչը «վռնդել» է Վիտալինային ոչ միայն իր կյանքից, այլեւ թատրոնից:

Դերասանի քույրը, սակայն, պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ Արմեն Ջիգարխանյանը երիտասարդ չէ, եւ բավական լուրջ հիվանդություններ ունի: «Դա պետք է հաշվի առնել: Նախ՝ նրան օգնություն ցուցաբերեց շտապօգնությունը, ապա եղբորս նորից թատրոն բերեցին, իսկ հետո նորից հիվանդանոց տեղափոխեցին»,-ասաց նա:

Մարինա Ջիգարխանյանի խոսքով` այս ամենը կատարվել է նյարդային պոռթկումների պատճառով: «Ես խոսել եմ հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ: Եղբորս հետ ամեն ինչ կարգին է, նա այժմ բժիշկների հսկողության տակ է: Նրա մոտ շաքարն էր բարձրացել, իսկ երբ մարդու շաքարը բարձրանում է, նա իրեն շատ վատ է զգում եւ հաճախ ոչ ադեկվատ քայլեր է անում: Նրան արդեն օգնություն են ցուցաբերում, նա բուժվում է»,-ասել է Մարինա Ջիգարխանյանը:

Անդրադառնալով` Ջիգարխանյանի կնոջ դեմ ուղղված մեղադրանքներին եւ ոստիկանությանը տված հաղորդմանը, դերասանի քույրն ասաց, որ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանություն հաղորդում չի ներկայացրել: «Կան մարդիկ, ում դուր է գալիս միջամտել ուրիշների ընտանեկան հարցերին: Ամեն բան սկսվեց նրանից, որ Արմենի մոտ եկել էին ընկերները, հետո եղբայրս իրեն վատ է զգացել եւ նրան հիվանդանոց են տեղափոխել: Արմենի ընկերները, չգիտես ինչու, այդ մասին չեն տեղեկացրել Արմենի կնոջը, եւ նա դրանից նյարդայնացել է, քանի որ միայն նա գիտեր, թե ինչ դեղեր պետք էր տալ եղբորս: Ես խոսել եմ  Արմենի ընկերներից մեկի հետ եւ ասել, որ նման բան անել չի կարելի: Ամեն ինչ պետք է համաձայնեցված անել: Ես չգիտեմ, թե նրա այսպես կոչված «ընկերները» որտեղ են տարել եղբորս եւ ինչ փաստաթղթեր են ստորագրել տվել, երբ նա գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, սակայն նրանց այդ արարքը ես համարում եմ խայտառակություն»,-թղթակցի հետ զրույցում պատմել է Ջիգարխանյանի քույրը հավելելով, որ նրա «ընկերներն» Արմենի վաղեմի բարեկամներն էին, ովքեր նրան լրիվ այլ հիվանդանոց էին տեղափոխել, փոխանակ տանելու այն բուժհաստատություն, որտեղ բժիշկները ծանոթ էին իր հիվանդության պատմությանը. «Փառք Աստծո, հիմա ամեն բան կարգին է»:

Թղթակցի այն հարցին, թե ինչու Վիտալինային չեն թողնում տեսակցել ամուսնուն, Մարինա Ջիգարխանյանը պատասխանել է, որ Արմենը հիմա այնպիսի վիճակում է, որ բժիշկները արգելում են տեսակցությունները, քանի որ դա կարող է նրա համար մեծ սթրես լինել:

Ջիգարխանյանի քույրը վստահեցրել է նաեւ, որ Վիտալինան շատ լավ անձնավորություն է, եւ եթե նա չլիներ, իր եղբայրն արդեն վաղուց կենդանի  չէր լինի: «Վիտալինան շատ անգամներ է եղբորս դուրս բերել անդունդի միջից: Արմենն այդ օրը ամեն ինչ արել է հիվանդության բռնկման ազդեցության տակ: Եղբայրս այսօր ողջ է միայն Վիտալինայի աղոթքների շնորհիվ»,-եզրափակել է Մարինա Ջիգարխանյանը: