Չորեքշաբթի, 18. 06. 2025

Բուխարեստում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով

0

Հոկտեմբերի 13-14-ին Բուխարեստի քաղաքային թանգարանում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը. պատմություն, հիշողություն, պատասխանատվություն» թեմայով գիտական կոնֆերանս, որը կազմակերպել են Ռումինիայի Հայոց միությունը (ՌՀՄ), «Orbis Tertius» ասոցիացիան, «Lepsiushouse Podstam» ինստիտուտը և Բուխարեստի քաղաքային թանգարանը:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Կոնֆերանսի նախաձեռնման ակունքներում կանգնած են ռումին պատմաբան, հայերի ցեղասպանությանը նվիրված մի շարք հոդվածների ու նախաբանների հեղինակ Սորին Անտոխին եւ ռումինահայ գրող-հրապարակախոս, «Observatorul Cultural» հայտնի հանդեսի սյունակագիր Պետրոս Խորասանջյանը:

 Երկօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել գիտնականներ և ուսումնասիրողներ Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Ռումինիայից ու Թուրքիայից, որոնց մեջ Պոդստամի «Lepsiushouse» անկախ ինստիտուտի ակադեմիական տնօրեն Ռոլֆ Հոսֆելդը, ֆրանսահայ հայտնի պատմաբան Ռայմոնդ Գևորգյանը, Թուրքիայի Իբն Հալդուն համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Հալիլ Բերքթայը, Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանի պրոֆեսորներ Կարոլ Յանկուն և Ժերար Դեդեյանը, Իսրայելից պրոֆ. Յաիր Աուրոնը, Բուխարեստի հրեական ուսումնասիրությունների «Գոլդսթայն Գորեն» կենտրոնի պրոֆեսոր Ֆելիչիա Վալդմանը, Բուխարեստի Քաղաքական գիտությունների եւ հանրային կառավարման ազգային դպրոցի պրոֆ. Գաբրիել Անդրեեսկուն, Լայպցիգի համալսարանի դոկտորանտ Հակոբ Մատթևոսյանը: Հայաստանից կոնֆերանսին մասնակցել են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմենուհի Ղամբարյանը:

 Կոնֆերանսի 5 նիստերում լսվել են ընդհանուր առմամբ 15 զեկուցումներ, որոնք նվիրված էին Հայոց ցեղասպանության պատմական, քաղաքական, իրավական, ժողովրդագրական, կրոնական, բարոյական և տարբեր այլ ասպեկտները ներառող լայն շրջանակի, ցեղասպանության միջազգային ճանաչման, հայկական սփյուռքի պատմությանն ու ներկային առնչվող հարցերին: Յուրաքանչյուր նիստի ավարտին անցկացվել են զեկուցումների վերաբերյալ հարցուպատասխաններ եւ կարծիքների փոխանակումներ:

 Գիտաժողովին ներկա են եղել Ռումինիայում ՀՀ դեսպան Հ. Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը: Կոնֆերանսի նիստերի դահլիճում ցուցադրված էին Հայոց ցեղասպանությանը նվիրված մենագրություններ և գիտական աշխատություններ, Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» գրքի տարբեր լեզուներով հրատարակություններ:

Ֆուտբոլի ազգային թիմն առաջիկայում երկու ընկերական հանդիպում կանցկացնի

0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը երկու ընկերական հանդիպում կանցկանցի նոյեմբեր ամսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ի կայքը: Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 9-ին ընկերական հանդիպում կունենա Բելառուսի ազգային հավաքականի հետ: Մեր թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կիպրոսի ազգային հավաքականի հետ:

Երկու հանդիպումներն էլ կկայանան Երևանում՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: 

Ժնևում ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը

0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ հանդիպումից հետո ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: «Բանակցությունների ավարտից հետո այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը»,-նշում է Հակոբյանը:

Շուրջ 2000 անձ ստացան անվճար լսողական սարքեր

0

Լսողական խնդիր ունեցող մոտ 2000 սոցիալապես անապահով  անձեր Հայաստանում ստացան անվճար լսողական սարքեր: Սարքերը տրամադրել է  «Սթարկի» ընկերությունը Լոս Անջելեսի Կավուկչյան ընտանիքի ջանքերով և «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 16-ին սարքերը տրամադրեցին և տեղադրեցին բրիտանացի և տեղացի մասնագետները:

«Մենք արդեն 10 տարի է, ինչ աշխատում ենք «Սթարկի» հիմնադրամի աջակցությունը Հայաստան բերելու համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Արաբկիր»  միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ մենք գտանք այն կարիքավորներին, ովքեր լսողական սարքերի կարիք ունեին:  Գրանցել ենք 2000 անձի, որոնց համար այժմ առկա է 4000 լսողական սարք: Իսկ ովքեր այս տարի չեն ստացել աջակցություն, գրանցվում են հաջորդ ծրագրով ստանալու համար»,-ասաց աջակցող ընտանիքի ներկայացուցիչ Հայկուհի Կավուկչյանը:

 «Սթարկի» հիմնադրամը տարբեր երկրներում կարիքավորներին  տրամադրում է  լսողական սարքեր: Այս նախաձեռնությամբ նրանք արդեն հանդես են եկել աշխարհի 107 երկրում, որոնցից 52-ում այն  կրում է շարունակական բնույթ: «Կարծում եմ՝ Հայաստանը ևս կընդգրկվի շարունակական ծրագրերում: Նրանք ուզում են, որ աշխարհը լսի, և որպես նվեր մատուցում են «լսողություն»,-նշեց տիկին Կավուկչյանը:

Սարքերը տեղադրելուց զատ ապահովելու են նաև հետխնամք: «Հայաստանում մարդիկ են լինելու, որոնք անհրաժեշտության դեպքում փոխելու են ականջի ներդիրները, խողովակները, տրամադրելու են մարտկոցներ»,-նշեց պարոն Արմեն Կավուկչյանը՝ աջակցող ընտանիքի հայրը:

«Սթարկի»-ի հիմնադիրնախագահ Բիլ Ասթնը ևս այստեղ է և բարդ դեպքերում անձամբ է տեղադրում լսողական սարքերը: «Մեզ համար շատ կարևոր է լինել Հայաստանում: Կարևոր էր նաև աջակիցներ ունենալ այստեղ, քանի որ այդ գործը չէինք կարող անել միայնակ: Ուստի շնորհակալ ենք, որ մեզ օգնեցին գնահատելու կարիքները և միասին իրագործելու ծրագիրը»,-ասաց  Բիլ Ասթնը:

«Արաբկիր»-ի աուդոլոգների թիմը Թամարա Մանուկյանի գլխավորությամբ ևս ակտիվորեն մասնակցում է առաքելությանը:  «Սա աննախադեպ ակցիա է: Ծրագրով յուրաքանչյուրին ապահովելու ենք երկուական լսողական սարքով: Հիմնադրամը նախատեսում է ծրագիրը դարձնել շարունակական: Եթե այս անգամ ներգրավել ենք Երևանը, Վանաձորը, Գյումրին և Տավուշի մարզը, մյուս տարիներին կներգրավենք մյուս մարզերը»,-ասաց Թամարա Մանուկյանն ու կարևորեց ծրագրի մատուցումը հատկապես մեծահասակներին, որոնց համար գրեթե չկան ուրիշ այսպիսի ծրագրեր:

Հայ արիները փառաբանել են Հայոց իմաստնության Աստված Տիրին

0

Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հոկտեմբերի 16-ին հերթական անգամ նշել են վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ նաեւ Տիրատոն են կոչում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ներկայացուցիչների առաջին խումբը Տիրատոնը նշել է վաղ առավոտյան Զվարթնոցի հինավուրց տաճար այցով: Այս տաճարում, որտեղ պահպանվում են Տիր Աստծո տաճարի մասնիկները, խորհրդապաշտական երկրպագություն է եղել, որի ժամանակ հայ արիները Տիր Աստծուց խնդրել են իմաստնություն եւ տիեզերահաս մտածողություն, որ Հայ Աստվածների կամոք միշտ հարստանա եւ զորանա հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, իմաստուն, ավանդապաշտ եւ ազգային սովորույթներին հետեւող զավակներ:

Հայ արիների ու հեթանոս ազգայնականների երկրորդ խումբը միաժամանակ, դարձյալ վաղ առավոտյան, ծիսական արարողություն է կատարել Քարահունջի աստղադիտարանի տարածքում: Ծեսը սկսել են ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչներ Արմոգը, Արեգն ու Արամը՝ ծիսական կրակը վառելով ութանկյուն ջահով: Սրբազան ծեսը կատարվել է ի փառս հայի արարչական գենի անաղարտության ու աստվածազարմ զորության: Քրմերը խոկալու պայծառություն են խնդրել Իմաստնության Աստծուց, որպեսզի կարողանան վերագտնել հայոց ծինաբանական գաղտնիքներն ու խորհրդապաշտական ծածկագրերը: Եվ խոհեմություն ու ուժ են խնդրել` այլեւս երբեք չկորցնելու գտնվածն ու գտնվելիքը: Ու քանի որ Տիր Աստվածը համարվել է նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայ մշակույթի, ավանդույթ-սովորույթների պահապան հովանավորը, ուստի սրբազան ծեսի մասնակիցները Տիրատոնի օրը երդում են կերել՝ ամեն օր անդադրում պայքար մղել  ընդդեմ մեր մշակույթն ու ավանդույթները կործանել ցանկացողների:

Լինելով արարչածին ազգ, ունենալով արարչակնիք գեն, եւ ունենալով Տիր Աստված, մենք չէինք կարող լինել անգրաճանաչ եւ անայբուբեն… Քրմերը ձոն հղեցին առ Տիր Աստված՝ ցանկալով, որ Նա հայոց միտքը միշտ արթուն ու զգոն պահի:

Սրբազան ծեսից հետո ութանկյուն ջահից կրակ է ստացել ծեսի մասնակից զույգը, որի ամուսնության 44-րդ տարեդարձը հենց Տիրատոնի օրը լրացավ: Նրանք էլ իրենց հերթին վառել են մյուս մասնակիցների լապտերները: Տիրատոնի կրակները նրանք իրենց օջախներ կտանեն՝ ի պատգամ հայոց ընտանիքների մեծ սիրո ու հարգանքի հենքով կառուցքի անխախտության:

Տիրատոնը կշարունակվի գինըմպումով, երգ ու պարով, 44-ամյա ընտանիքի՝ տոնին նվիրաբերած 44 գաթաների համտեսով:

Երեկոյան Տիրատոնի երկու խմբերն էլ կհավաքվեն ՀԱՄ երեւանյան գրասենյակում՝ Հոգեւոր հանձնախմբի հետ  քննարկելու ներքին որոշ հարցեր, որոնց «լուծման» օրենսդրական ներկայիս «տեսքը» մտահոգում է մեր հանրությանը: Քննարկմանը կմասնակցի նաեւ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

Մեկնարկել է ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ

0

 2017 թվականի հոկտեմբերի 12-ից հոկտեմբեր 15-ը ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ)  Վաշինգտոն քաղաքում տեղի է ունենալու Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովը, որին մասնակցելու են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովի շրջանակներում նախատեսվում են տնտեսական կարևորություն ներկայացնող մի շարք  հանդիպումներ, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նախագահի տեղակալ պարոն Սիրիլ Մյուլլերի և տարածաշրջանի տնօրեն՝ պարոն Ֆրանկ Հիմսկերկի, Արժույթի Միջազգային Հիմնադրամի գործադիր տնօրեն՝ պարոն Էնթնի դը Լանոյի, Արժույթի Միջազգային Հիմնադրամի տարածաշրջանի հարցերով տնօրեն պարոն Ջիհադ Ազուրի հետ  և այլն: Քննարկումների հիմնական շրջանակը ներառում է համաշխարհային տնտեսության, տնտեսական իրավիճակի զարգացման ընթացիկ միտումների, համաշխարհային ֆինանսական շուկաներում ֆինանսական կայունության, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի և զարգացող երկրներում աղքատության մակարդակի կրճատմանը վերաբերող հարցեր:

Հոկտեմբերի 13-ին Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ տիկին Բրիջիթ Բրինքի հետ:

Հոկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը աշխատանքային այցով կմեկնի Կալիֆոռնիա, որտեղ հանդիպում կունենա նահանգապետ Ջերի Բրաունի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

 

 

Փոթորիկի լուրերից հետո աշակերտներին ու մանկավարժներին տուն են ուղարկել զգուշավորությունից ելնելով

0

Ուժեղ քամու մասին կանխատեսումների պատճառով Հայաստանի դպրոցներից երեխաներին և մանկարավարժներին տուն ուղարկելը պայմանավորված է զգուշավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:

«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկության համաձայն` զգուշացրել է հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` այդ մասին իրազեկել ծնողներին և շահառուներին` պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները` բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը»,-նշում են ՀՀ ԿԳՆ-ից:

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ քամու ուժգնացման վտանգ կա (25-30 մ/վ արագություն) Լոռու, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում: Հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում են բնակչությանը մնալ շինությունների ներսում: ԱԻՆ-ի կողմից Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվել:

Հանրապետության տարբեր մարզերի և մայրաքաղաքի բնակիչներից ստացած հեռախոսազանգերից տեղեկացել ենք, որ թե մանկապարտեզներից, թե դպրոցներից աշակերտներին ու մանկավարժներին տուն են ուղարկել` կանխատեսվող «փոթորիկի» վտանգներից խուսափելու համար:

ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի համար բարենպաստ պայմաններում. Ալեքսանդր Մանասյան

0

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի համար բարենպաստ պայմաններում: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից  տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ, որոնք շահեկան են Հայաստանի համար:

Վերջին 2, 3 տարիների ընթացքում կարևոր տեղաշարժեր են եղել: «Եվրոպան հասկացել է, թե ում հետ գործ ունի և վերջին բացահայտումները` կապված ադրբեջանական լվացքատան, մարդու իրավունքների շարունակական խախտման հետ, Եվրոպային հուշել են, որ այլևս չի կարող Ադրբեջանին հին ձևով հանդուրժել Եվրոպայի խորհրդի կազմում: Հետևաբար` ձեռնարկում է դաստիարակչական քայլեր: Սկսում է մի երկար գործընթաց, որի ընթացքում փորձում է փոխել այդ երկիրը, ինչպես անում է Թուրքիայի դեպքում: Այս իրավիճակում Ադրբեջանն արդեն կներկայանա ոչ թե որպես երկիր, որը բարձր ձայնով խոսում է ժողովրդավարության մասին, Հայաստանին էլ մեղադրում ագրեսիայի մեջ, այլ նա դեռ պետք է ապացուցի, որ արժանի է լինել եվրոպական ընտանիքի անդամ»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա`այդ իմաստով Ադրբեջանն ու Թուրքիան դառնում են նույն գործընթացներում հայտնված պետություններ, աշխարհը, ի դեմս Եվրոպայի, փորձում է փոխել այդ երկրների քաղաքական վարքը:

Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, նույն Եվրոպան ամենայն հավանականությամբ Հայաստանի հետ կունենա փաստաթուղթ, որի գլխավոր բովանադակությունն այն է, որ համակրում է Հայաստանին, համարում է  քաղաքակրթական արժեքներ դավանող  պետություն: Ալեքսանդր Մանասյանը նկատեց, որ նման ուղերձ Հայաստանն ստացել է նաև ԱՄՆ-ից: Երբ ընթանում էին ՀԱՊԿ զորավարժությունները, ամերիկյան գեներալը հայտարարել է, որ Հայաստանի հետ խորացնում են ռազմական համագործակցությունը, և ռուսական զորքերն այդ հարցում չեն խանգարում: Չինաստանի ԱԳՆ-ն էլ նշել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է:

«Եվրոպայից, ԱՄՆ-ից ստացված ուղերձները տրամագծորեն հակառակ բովանդակությունն ունեն Ադրբեջանի համար: Ինչպես տեսնում եք, որ շատ լավ քաղաքական իրավիճակ է, այս պայմաններում է տեղի ունենում Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Քաղաքագետներն ասում են, թե պահը հարմար է Ղարաբաղի հարցում բացահայտ գրոհների անցնելու համար, սակայն կարծում եմ` շտապել պետք չէ: Մենք պետք է դանդաղ, հետևողականորեն քայլ առ քայլ, բառ առ բառ ամրապնդենք մեր դիրքերը: Ինչպես նաև շարունակենք ամրապնդել մեր կապերը Եվրոպայի, ԵԱՏՄ-ի, Իրանի, ԱՄՆ-ի հետ: Ղարաբաղյան հակամարտության մեջ էլ այս բարենպաստ շրջանում աշխատենք փոխել խնդրի աղճատված կերպարը: Ադրբեջանի` որպես ցեղասպան պետության կերպարը, չի արտացոլվում որևէ փաստաթղթում, մեր խնդիրն է տանել այդ գործն առաջ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի, Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում ընթացող բուն հանդիպմանը, ապա Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ վճռական ճեղքումների ականատես չենք լինելու, Ադրբեջանը մնում է իր դիրքերին, Հայաստանն էլ պաշտպանում է իր շահերը:

«Հանդիպմանը, կարծում եմ, կխոսվի անվտանգության հարցերից: Լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ, սակայն այս հանդիպումներն անհրաժեշտ են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացը կանգ չառնի»,-հավելեց քաղաքագետը:

Գյուղատնտեսության նախարարությունը տոհմային անասնապահությանն ուղղված ծրագրեր կիրականացնի

0

Գյուղատնտեսության նախարարությունը 2018 թվականին իրականացնելու է ծրագրեր, որոնք նպատակաուղղված կլինեն մսի և կարագի գների բարձրացման հետ կապված խնդիրների լուծմանը։ 
«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության  փոխնախարար Արմեն Հարությունյանը։
«Ծրագրերից մեկը տոհմային անասնապահության զարգացումն է, որի շրջանակում մեր միջազգային գործընկերների հետ քննարկում ենք Հայաստանի մի քանի մարզերում տոհմային կայաններ ստեղծելու հարցը։ Դրա շնորհիվ կբարելավվի ցեղատեսակը, ավելի որակյալ կենդանիներ կարտադրվեն Հայաստանում և կբաշխվեն գյուղացիական տնտեսությունների միջև»
,- նշեց Արմեն Հարությունյանը։ 
Նրա խոսքով՝ պլանավորվում է սկսել կենդանիների համարակալման հաշվառման աշխատանքները, որոնց կհետևի անասնաբուժության տեսանկյունից շատ կարևոր խնդիրներ լուծող սպանդանոցային ենթակառուցվածքների զարգացումը։ 
«Կերի արտադրությունը անասնապահության զարգացման ոլորտում հիմնական խոչընդոտներից մեկն է։ Վերջին տարիներին կառավարության օժանդակությամբ և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ ստեղծվել են 19 անասնաբուժական և գյուղի աջակցության կենտրոններ։ Այնտեղ մատուցվում են տարբեր ծառայություններ, անասունների արհեստական սերմնավորում է իրականացվում, որի շնորհիվ բարելավվում են կաթնատվությունն ու մսային հատկանիշները»,- ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը։ 
Գերատեսչությունը միտված է խթանել սննդի անվտանգությունն ու առողջ ապրելակերպը։ 
«Այն ռեսուրսները, որոնք այսօր սպառվում են, շատ նպատակային են, բայց պետք չէ ակնկալել, որ մոտակա մեկ տարվա ընթացքում պարենային ապահովության մակարդակով էական զարգացում կլինի։ Ապագա երկու-երեք տարիների համար, այդ բոլոր ծրագրերի հաշվին, մենք ունենք մոտ 5-10 տոկոսով ավելացնելու խնդիր, որը բավականին մեծ արդյունք կունենա»,- ընդգծեց Արմեն Հարությունյանը։ 
Եթե 2018  թվականին հնարավոր լինի խթանել անասնապահության զարգացումը, առաջարկի բարձրացման հետ մեկտեղ կնվազեն նաև գները։

Երևանի քաղաքապետարանի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը մշտական ուշադրության կենտրոնում են

0

Հոկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 143 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 128-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 15 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 57 հեռախոսազանգ, որոնցից 48-ին լուծում է տրվել, իսկ 9-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: