Չորեքշաբթի, 18. 06. 2025

Ժամանակակից Սպառազինութիւն Գնելու Նպատակով Ռուսիա Հայաստանին Կը Տրամադրէ 100 Միլիոն Տոլարի Նոր Վարկ

0

Ռուսիա Հայաստանին կը տրամադրէ 100 միլիոն տոլարի պետական արտահանման նոր վարկ` ժամանակակից սպառազինութեան եւ ռազմական սարքեր ձեռքբերման, մատակարարումներու ֆինանսաւորման համար, կը հաղորդէ «Արմենփրես»-ը:

Հայաստանի եւ Ռուսիոյ կառավարութիւններու միջեւ Հայաստանին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկութեան համաձայնութիւն տալու մասին հարցը ընդգրկուած է ՀՀ կառավարութեան Հոկտեմբեր 12-ի նիստի օրակարգին վրայ:

Ըստ համաձայնագրի` 100 միլիոն տոլարի չափով ներգրաւուող պետական արտահանման վարկը պիտի տրամադրուի 20 տարի ժամկէտով, որմէ 5-ը` արտօնեալ, տարեկան 3 տոկոս տոկոսադրոյքով։

Համաձայնագրի դրոյթներու հիման վրայ ՀՀ պաշտպանութեան նախարարութեան եւ «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջեւ պիտի ստորագրուին առանձին պայմանագիրներ վերոնշեալ ժամանակակից սպառազինութեան եւ զինամթերքի Հայաստանին տրամադրելու կարգի, ժամկէտներու, այդ ռազմական սարքերու կիրառման վերաբերող տեղեկատուութեան տրամադրման պայմաններու, կողմերու պարտաւորութիւններու, անոնց նորոգման եւ տեխնիկական սպասարկման պարտաւորութիւններու, ձեռքբերման համար վճարումներու եւ այլ հարցերու վերաբերեալ:

Նախագիծի հիմնաւորման համաձայն համաձայնագրի կնքումը կը համապատասխանէ ՀՀ ռազմավարական շահերուն եւ ատոր իրագործումը պիտի ծառայէ ՀՀ անվտանգութեան ամրապնդման նպատակներուն:

Ռուսիոյ կառավարութեան հետ 2015-ի Յունիս 26-ին ստորագրուած էր սպառազինութիւն ձեռք բերելու համար 200 միլիոն տոլարի վարկային համաձայնագիր, որ այժմ կը գործէ:

Նախագահ Սարգսյանը Ժնևում հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ

0

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների վայրից մեկնել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

Հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում անցկացվել են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Հանդիպումից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Մենք արտադրում ենք Հայաստանում սպառվող պարենի շուրջ 40 տոկոսը. հոկտեմբերի 16-ը Պարենի համաշխարհային օրն է

0

Գյուղատնտեսության նախարարությունն առաջիկայում անասնակերերի արտադրության խթանմանն ուղղված ծրագրեր է իրականացնելու, որպեսզի կաթի և մսի ոլորտում ավելացվի տեղական արտադրությունը։ 
«Արեմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն  Հարությունյանը։  
«Պարենի միջազգային օրը նվիրված է գյուղատնտեսության կայուն զարգացմանը, ինչպես նաև այն բոլոր խնդիրներին, որոնք առկա են պարենային անվտանգության ոլորտում։ Պարենային ապահովության հարցը կարևոր նշանակություն ունի թե՛ մեր հանրապետությունում, թե՛ ամբողջ աշխարհում։ Մենք արտադրում ենք Հայաստանում սպառվող պարենի շուրջ 40 տոկոսը, բայց պարենային ապահովությունը չի ենթադրում միայն ինքնաբավության մակարդակի ապահովումը։ Երրորդ երկրի հետ ազատ առևտրի համաձայնագրեր կնքելը նպաստում է, որպեսզի մենք կարողանանք վաճառել այն ապրանքները, որտեղ մենք ունենք մրցակցային առավելություն»,- նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը։ 
Պարենային անվտանգության մակարդակը վերջին տարիներին Հայաստանում հասել է 60-65 տոկոսի։ Մրգի, բանջարեղենի, կաթնամթերքի, մսի որոշ տեսականու մասով  ինքնաբավության մակարդակը բավարարում է։ 
«Այսօր Հայաստանը ներկրում է խոզի միսը և թռչնամիսը, բայց պետական քաղաքականությունը գնում է այն ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի զարգացնել անասնապահությունը։ Հետագայում մեր ծրագրերը նպատակաուղղված կլինեն կերի արտադրության խթանմանը և տոհմային անասնաբուծությանը, որպեսզի կաթի և մսի ոլորտում ավելացվի տեղական արտադրությունը»,- ընդգծեց Արմեն Հարությունյանը։ 
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության անդամ երկրների կողմից ամբողջ աշխարհում 1979 թվականից հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Պարենի համաշխարհային օր՝ հանրության ուշադրությունը սևեռելով սննդի ոլորտում առկա արդի հիմնախնդիրներին։ 
ՄԱԿ-ի որոշմամբ 2017 թվականին Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն անց են կացվում «Փոխենք միգրացիայի ապագան, ներդրումներ կատարենք պարենային անվտանգության և գյուղական համայնքների զարգացման գործում» խորագրի ներքո։  

ՀՀ տարբեր մարզերում հիմնվելու են տեխնոպարկեր

0

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը  և « Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի տնօրեն Ժորա Սարգսյանը հոկտեմբերի 16-ին ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ`համաձայնագրով  ՏԿԶ և ԿԳ նախարարությունները պարտավորվել են  ՀՀ տարբեր մարզերում իրենց ենթակայության տակ գտնվող նախատեսված գույքը  անհատույց օգտագործման իրավունքով հանձնել հիմնադրամին և ընկերությանը, իսկ վերջիններս էլ նախատեսված տարածքներում հիմնելու են տեխնոպարկեր, որտեղ ներգրավված կազմակերպությունները կազմակերպելու են տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական մշակումների, ինժիներիայի և տեխնոպարկերի ցանցի կառուցման համար դասընթացներ:

Նախարար Դավիթ Լոքյանը անդրադառնալով ստորագրված համաձայնագրին, ասել է, որ քառակողմ փաստաթուղթը հնարավորություն է ընձեռելու Հայաստանի մի շարք քաղաքային  բնակավայրերում ստեղծել տեխնոպարկեր: «Հայաստանում  և Արցախում «Փյունիկ» հիմնադրամի ծավալած աշխատանքին  լավատեղյակ եք, և այսօր էլ հիմնադրամի և «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ ստորագրեցինք համաձայնագիր, որի արդյունքում մեր երիտասարդները 9-ից մինչև 1 տարի ուսուցում են ստանալու:  ՀՀ ԿԳ նախարարությունը՝ Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ, և մեր նախարարությունը պետք է  ապահովենք շենքային պայմանները, իսկ «Փյունիկ» հիմնադրամի  օժանդակությամբ «Կաճար տեխնոպարկ» ընկերությունը պետք է դրանք  վերանորոգի, հագեցնի համապատասխան սարքավորումներով »,-ասել է Դավիթ Լոքյանը:

Նրա տեղեկացմամբ, առաջին նման կենտրոն Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում է  բացվելու, որտեղ շուրջ նվազագույնը 300 երիտասարդ են վերապատրաստվելու: «Մենք ունենք այն քաղաքների ցանկը, որոնք պետք է ներառվեն այս ծրագրի մեջ: Շուրջ 20 քաղաք արդեն ունենք առանձնացված, որոնք հերթականությամբ ներգրավվելու են այս գործընթացում, և հաջողության պարագայում ծրագիրն ավելի ընդգրկուն է դառնալու»,-ասել է  նախարար Լոքյանը:

Դասընթացների ժամանակ մասնակիցներին  տրամադրվելու են բարձր տեխնոլոգիական գիտելիքներ, ինչպես նաև հնարավորություն են ստեղծելու ուսում անցած անձանց տեխնոպարկում ապահովել համապատախան գործունեությամբ և տարածքներով: «Փյունիկ» հիմնադրամը և « Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ  պարտավորվել են  իրենց տրամադրվելիք  տարածքներում իրենց միջոցների հաշվին կատարել ընթացիկ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև ապահովել համապատասխան տեխնիկայով:

«Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի հիմնադիրներից Արմեն Մանուկյանն էլ իր խոսքում կարևորելով կառավարության հետ համագործակցությունը, նշել է, որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվում են համակարգեր, որոնք թույլ են տալիս մարդուն ոչ թե գնալ աշխատանքի վայր,  այլ աշխատավայրը մոտեցնել իրեն: «Մեր խնդիրն է ունենալ մարդ, որը բարձր որակավորմամբ կկարողանա աշխատել եվրոպական շուկաների համար: Սկսում ենք մի ծրագիր, որը մեր երիտասարդներին տրամադրելու է համապատասխան գործիքային միջոցներ ու  գիտելիքներ, որոնց միջոցով էլ  կկարողանան դրսևորել իրենց կարողությունները: Ծրագրի իմաստը բարձր տեխնոլոգիաների ուսուցումն է, ինչպես նաև աշխատանքով ապահովումը տեխնոպարկի ներսում. մարդը ֆիզիկապես գտնվելու է տեխնոպարկում, իսկ վիրտուալ գործիքակազմի օգնությամբ աշխատելու է եվրոպական և ամերիկյան շուկաներում»,-ասել է  Մանուկյանը:

«Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի հիմնադիրներից Ժորա Սարգսյանի տեղեկացմամբ էլ, ծրագրի շրջանակներում նախատեսում են տրամադրվել 3 տարվա աշխատանքային պայմանագրեր: «Մեր հիմնական նպատակներց մեկն էլ հենց մարզերում մեր երիտասարդներին աջակցելն է, որպեսզի իրենց բնակավայրերում  ապահովենք հեռանկարային  աշխատանքով»,-ասել է նա:

 

 

Սարգիս Ադամյանը մասնակցել է «Յան Ռեգենսբուրգ»-ի հերթական խաղին

0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը մասնակցել է «Յան Ռեգենսբուրգ»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Բունդեսլիգա-2-ում Ադամյանի «Յան Ռեգենսբուրգ»-ը հյուրընկալվել էր «Ունիոն»-ին և պարտվել 0:2 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը թիմի մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է 78-րդ րոպեին:

«Յան Ռեգենսբուրգ»-ն ունի 9 միավոր և 15-րդ տեղում է:

Առաջիկա տարիներին կներդրվի պարենային ապահովագրության համակարգը

0

Պարենային ապահովագրության առաջին պիլոտային ծրագիրը Հայաստանում կիրականացվի 2018 թվականին։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն   Հարությունյանը։    
«Մոտակա 3-5 տարում ամբողջությամբ ներդրվելու է պարենային ապահովագրության համակարգը։ Հաջորդ տարի կիրականացվի առաջին պիլոտային ծրագիրը։ Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, որպեսզի ներդնենք այնպիսի համակարգ, որը ձեռնտու կլինի գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններին, ինչպես նաև շահավետ՝ ապահովագրական կազմակերպությունների համար։ Այն տարբերությունը, որը կձևավորվի, կսուբսիդավորվի կառավարության կողմից։ Այդ ծրագրի շրջանակում մենք հատկացնելու ենք 5 մլն եվրո ֆինանսավորում, նույնչափ կտրամադրվի նաև Գերմանիայի զարգացման բանկի կողմից, որպեսզի մենք 2018 թվականին իրականացնենք այդ պիլոտային ծրագիրը»,- նշեց Արմեն Հարությունյանը։ 
Ծրագրի շրջանակում ստեղծվելու է բյուրո, որի գործառույթը կլինի վնասների գնահատումը։ 
«Բյուրոն ունենալու է աշխատակիցներ Հայաստանի բոլոր մարզերում։ 5 տարվա ընթացքում մեր ֆինանսական միջոցները կուղղենք 4 հիմնական ռիսկերի ուսումնասիրմանն ու վերացմանը։ Ապահովագրությունը կգործի կարկտահարության, երաշտի, ցրտահարության և ուժեղ քամիների դեպքում»,- ընդգծեց Արմեն Հարությունյանը։ 
     

Ժնևում ավարտվել են Սարգսյան-Ալիև բանակցությունները

0

Ժնևում ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: «Բանակցություններն ավարտվեցին,Ալիևը լքեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը»,-նշում է Հակոբյանը:

Հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում անցկացվել են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Հանդիպումից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Վահան Մարտիրոսյանը Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրիի հետ քննարկել է երկու երկրների միջև տրանսպորտային փոխադրումներին առնչվող հարցեր

0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը  հոկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին և  Հայաստանում Կանադայի դեսպանության նախարար-խորհրդական Անիկ Գուլեին

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին հայ-կանադական ՏՀՏ համաժողովի անցկացմանն աջակցելու, այդ ոլորտում համագործակցության հաստատմանն ուղղված ջանքերի համար։ Նա նշել է, որ երկու երկրների միջև ՏՀՏ ոլորտում համագործակցության մեծ հեռանկարներ է տեսնում և ուրախ կլինի գործակցական հարաբերությունները զարգացնելու նաև ճանապարհաշինության, տրանսպորտի, երկաթուղային կառուցվածքների, ճարտարագիտական տեխնոլոգիաների ոլորտներում։

Ներկայացնելով համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նախարար Վահան Մարտիրոսյանը, անդրադարձել է միասնական երթուղային ցանց ստեղծելու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրերում կանադական ընկերությունների մասնակցության հնարավորությանը։ Նա նշել է, որ եթե կանադական ընկերություններին հետաքրքրի, առաջիկայում կարող են քննարկումներ կազմակերպել և առավել հանգամանալի ներկայացնել ծրագրերի մանրամասները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ՏՀՏ ոլորտի մի շարք ծրագրեր կիրառելու, համատեղ ծրագրերում այդ ոլորտի հայ մասնագետների կարողությունները ներգրավելու հնարավորությունները, Հայաստանի և Կանադայի միջև տրանսպորտային փոխադրումներին առնչվող մի շարք հարցեր։

Պայքարել պատմական կեղծարարության դեմ, պատմությունը ներկայացնել օբյեկտիվ

0

Պայքարել պատմական կեղծարարության դեմ, պատմությունը ներկայացնել օբյեկտիվ և համաշխարհային պատմական գործընթացներին համահունչ: Այս և այլ հարցերը լինելու են «Հայաստանի պատմագետների միության» աշխատանքային օրակարգում: «Հայաստանի պատմագետների միություն»-ը ներկայացնում է առաջիկա անելիքները:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Հայաստանի պատմագետների  միություն» ՀԿ խորհրդի անդամ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական  համալսարանի դոցենտ պ.գ.թ. Էդգար Հովհաննիսյանը:

«Միության նպատակներից է հայոց պատմությունը ներկայացնել համաշխարհային պատմական գործընթացներին համահունչ` որպես համաշխարհային պատմության կարևոր մի մասնիկ: Մեր նպատակն է պատմությունը ներկայացնել օբյեկտիվ` զերծ գաղափարական, քաղաքական հոսանքների ազդեցությունից: Հաջորդ կարևոր քայլը պատմական կեղծարարության դեմ պայքարն է»,-ասաց Էդգար Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Հայաստանի հարևան պետությունների կողմից տարբեր լեզուներով տպագրվում է հսկայական ծավալի գրականություն, երկու, երեք անգամ սուտ գրելուց հետո, այն դառնում է հղման աղբյուր որոշ շրջանակի ներկայացուցիչների կողմից, որոնք լավ չեն տիրապետում տարածաշրջանի պատմությանը: Գիտնականը նշեց, որ խնդիր ունենք օտարալեզու հրատարակությունների, այդ իսկ պատճառով միությունը նախատեսում է անգլերեն հրատարակել գիտական հանդես` ներկայացնելով պատմական մտքի նորանոր ձեռքբերումները:

«Հայաստանի պատմագետների միություն»-ը գործում է մեկուկես տարի: 2016 թվականին Երևանի պետական, Հայկական պետական մանկավարժական, Հայ-ռուսական (սլավոնական), Վանաձորի պետական, Արցախի պետական համալսարանների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության, հնագիտության և ազգագրության, Արևելագիտության ինստիտուտների, ՀՀ ազգային արխիվի պատմագիտության ոլորտի ներկայացուցիչների համագումարի որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահ ընտրվեց պ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: 

«Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ գործադիր տնօրեն պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը նշեց, որ այսօր կառույցին անդամակցում է շուրջ 100 պատմագետ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել կառույցի ընթացիկ գործունեությանը: Արդեն անդամակցության հայտեր են ընդունվում Սփյուռքից:

«Կառույցը որևէ ուղղություն տալու նպատակ չունի, մեր գլխավոր խնդիրն է` նպաստել ոլորտի զարգացմանը: Առաջին քայլը, որ մենք կատարեցինք, երիտասարդ պատմաբանների համար ամառային դպրոցի անցկացումն էր: Հաջորդ կարևոր քայլը միջազգային ատյանների հետ գործակցությունն ակտիվացնելն է: «Հայաստանի պատմագետների միություն»-ն արդեն ավելի քան 5 տասնյակ պետության պատմագետների միավորող կառույցի` «Պատմագիտության միջազգային կոմիտե»-ի, անդամ է»,-ասաց Մհեր Հովհաննիսյանը` նշելով, որ նպատակ ունեն օգտագործել այդ կառույցի ամբիոնը  մեր պատմագիտության խնդիրները վեր հանելու, միջազգային գործընկերների հետ համագործակցելու համար:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից պ.գ.դ. պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը կարևոր համարեց «Հայաստանի պատմագետների միության» ստեղծումը, «Պատմագիտության միջազգային կոմիտե»-ին անդամակցելը:

«Հայ պատմաբանները մեծ աշխատանք են կատարում, և անհրաժեշտություն կա դրանք մեր միջազգային գործընկերներին ներկայացնելու: Ասեմ, որ մեր պատմաբանները միջազգային կառույցներում անդամակցության փորձ ունեն: Մենք թեմաներ ենք առաջադրելու, որոնք ընդգրկվելու են այս կառույցի ապագա կոնգրեսների օրակարգում, ի դեպ, մեր կողմից առաջարկված թեմաներից մեկն արդեն ընտրվել է: Փորձելու ենք այս մարմնի ղեկավար կառույցներում ունենալ մեր ներկայացուցիչը, որպեսզի կարողանանք ակտիվ իրականացնել մեր առջև դրված խնդիրները»,-ասաց նա:

Լրագրողները հարց հնչեցրին «Պատմագիտության միջազգային կոմիտե»-ում թուրքերի հետ հնարավոր համագործակցության մասին: Պատմագետները նշեցին, որ թուրք պատմաբանների հետ կարող են աշխատել, սակայն ընդգծեցին, որ չեն պատրաստվում նրանց հետ մտնել Հայոց ցեղասպանության լինել չլինելու հորինված հարցի քննարկման մեջ:

 

 

Անկախացումից ի վեր հայկական մամուլը և՛ հաջողություններ, և՛ բացթողումներ է ունեցել. այսօր Հայկական մամուլի օրն է

0

Հայաստանի կառավարության որոշմամբ 2004 թվականի ապրիլի 22-ից «Մամուլի աշխատակցի» տոնը հաստատվել է որպես «Հայկական մամուլի օր», որը նշվում է հոկտեմբերի 16-ին: Անկախացումից ի վեր հայկական մամուլի ձեռքբերումների, ներկայիս խնդիրների մասին «Արմենպրես»ի թղթակիցը զրուցեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանի հետ:

«Անկախությունից հետո հայկական մամուլը հեղափոխություն ապրեց, քանի որ միակուսակցական մամուլից անցում կատարվեց մամուլի բազմակուսակցական համակարգի, կրպակներում անթիվ, անհամար պարբերականներ հայտնվեցին, որոնք անդրադառնում էին բազմաթիվ թեմաների: Անկախության մեծագույն ձեռքբերում եմ համարում մամուլի ազատությունը. այն առանց գրաքննության, կարծիքը հասարակությանը բացահայտ ներկայացնելու հնարավորություն տվեց լրատվամիջոցներին: Այդ հանգամանքը ժողովրդավարական հասարակության կարևոր մասն է»,-նշեց Գևորգյանը:

Նա ընդգծեց, որ այդ ժամանակներից սկսած` մամուլը դարձավ առավել ազնիվ ու մարտական, նաև բացահայտ քննադատական հոդվածներ սկսեցին լույս տեսնել, որոնցում վեր էին հանվում բոլոր մակարդակների իշխանավորների թերացումները, սխալները կառավարման գործում:

Նաև մեր իսկ պատմությունը, անաչառ լուսաբանմամբ, դարձավ մեր հասարակության սեփականությունը: Եվ դա արվեց մամուլի օգնությամբ: «Կարծում եմ` առանց ԶԼՄ-ների նվիրյալների շատ բան բաց կմնար մեր հասարակական կյանքում, և աճող սերունդը նվազ տեղեկություն կունենար նախորդ տասնամյակներում տեղի ունեցած իրադարձությունների մասին»,-ասաց ՀԺՄ նախագահը:

Գևորգյանն անդրադարձավ նաև ազատ մամուլի բացթողումներին` նշելով, որ այն շատ դեպքերում հանգեցրեց անպատժելիության զգացողության: «Իհարկե, կա մի ճշմարտություն, որի համաձայն ժողովրդավարական հասարակությունում պետք է լինեն ներկապնակի բոլոր գույները` դեղին մամուլ, կուսակցական մամուլ, անկախ մամուլ և այլն, սակայն դրա շնորհիվ մենք կորցրեցինք փաստարկված նյութերի առատությունը, ստորագրության պատիվն ու, որոշ դեպքերում, նաև պատասխանատվությունը: Կայքերի ի հայտ գալուց հետո պարբերական մամուլը սկսեց մարել: Գոյատևելու համար բազմաթիվ լրատվամիջոցներ անթույլատրելի ճանապարհներ են ընտրում. Թերություններն անձնավորում, հրապարակավ վիրավորում են մարդկանց, չհաստատված փաստեր շրջանառության մեջ դնում»,-շեշտեց Աստղիկ Գևորգյանը:

Նրա խոսքով`Հայաստանում, դժբախտաբար, ձևավորվում է պատվերի ինստիտուտը: Ըստ նրա՝ պատվիրված հոդվածի տպագրությունն անչափ տհաճ երևույթ է և՛ մամուլի, և՛ հասարակության համար: «Հուսամ, որ ժամանակի ընթացքում այդ հարցը կլուծվի, և մենք կվերադառնանք բարձր մակարդակ ունեցող, պատասխանատու մամուլին: Ճշգրիտ տեղեկություններ հաղորդող լրատվամիջոցները, ստուգված փաստերի հիման վրա գրված հոդվածները, մեր պետությանը, իշխանություններին, կօգնեն բուժել հասարակության վերքերն ու լրացնել բացթողումները»,- եզրափակեց ՀԺՄ նախագահը: