Երեքշաբթի, 17. 06. 2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել Է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները

0

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիեւի բանակցությունների արդյունքները, որոնք հոկտեմբերի 16-ին կայացել են Ժնեւում, եւ հորդորել Է երկու երկրներին՝ զարգացնել այդ հաջողությունը եւ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Ժնեւի գագաթնաժողովը:

Նրա խոսքով՝ համաշխարհային կազմակերպության ղեկավարը ոգեւորված Է բանակցային գործընթացի ակտիվացման եւ շփման գծում լրավածության թուլացմանն ուղղված հավելյալ քայլերի ձեռնարկման շուրջ երկու պետությունների ղեկավարների միջեւ պայմանավորվածության ձեռքբերմամբ:

«Գլխավոր քարտուղարն ընդգծում Է, որ ՄԱԿ-ը պաշտպանում Է (ԵԱՀԿ Մինսկի խմբի) համանախագահների միջնորդական ջանքերը եւ հորդորում Է կողմերին՝ օգտվել այդ գագաթնաժողովի շնորհիվ ստեղծված դրական դինամիկայից եւ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային լուծման»,- ասված Է Դյուժարիկի հայտարարության մեջ:

Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում բազմաբովանդակ միջոցառումներ կանցկացվեն

0

Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ Ռուսաստանում նոյեմբերի 15-23-ը կանցկացվեն Հայաստանի մշակութային օրեր: Բազմաբովանդակ ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր և այլ միջոցառումներ կիրականացվեն Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում: Այս մասին «Արմենպրես»ի թղթակիցը զրուցել է Հայաստանի մշակույթի նախարարության Արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանի հետ:

«Միջոցառումների պաշտոնական մեկնարկը կտրվի նոյեմբերի 15-ին Տրետյակովյան պատկերասրահում: Այնտեղ կբացվի Մարտիրոս Սարյանի  ստեղծագործությունների ցուցահանդեսը: Նույն օրը Մոսկվայի հայոց եկեղեցական համալիրի տարածքում   խաչքարերի ցուցահանդես կբացվի, այնուհետև կկայանա «Հովեր» երգչախմբի համերգը: Հայաստանի մշակույթի նախարարությունը ժամանակակից խաչքար կնվիրի եկեղեցուն»,-նշեց Քարամյանը:

Նա ընդգծեց, որ միջոցառումների ցանկը բավականին մեծ է և ընդգրկուն: «Մենք փորձել ենք ներկայացնել հայկական մշակույթի բոլոր շերտերը՝ ներառելով դասական երաժշտությունը, կերպարվեստը, քանդակագործությունը և այլն»,- շեշտեց վարչության պետը:

Նոյեմբերի 17-24-ը Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական թանգարանում կբացվի Արա Հարությունյանի քանդակների և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Լուսինե Քարամյանի խոսքով՝ ցուցադրվելու են այն գործերը, որոնք ներկայացված են Ռուսաստանի տարբեր թանգարաններում, մասնավոր  հավաքածուներում:

«Շատ եմ կարևորում հատկապես նոյեմբերի 18-ին Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայանալիք համերգային ծրագիրը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և առաջատար օպերային երգիչներ Հասմիկ Թորոսյանի, Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ:  Համերգը կղեկավարեն չորս դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյանը, Սերգեյ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը և Վլադիմիր Սպիվակովը: Կարծում եմ, նրանք հիանալի մշակութային տոն կպարգևեն»,- ասաց Լուսինե Քարամյանը:

Նոյեմբերի 22-ին Նկարիչների կենտրոնական տանը տեղի կունենա «Հայաստանի տարրերը» համալիր միջոցառում: Կներկայացվեն հայկական կերպարվեստը, արծաթագործությունը, տարազները, կհնչեն դուդուկ և ջազ երաժշտություն:

Միջոցառումների փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում: Եզրափակիչ համերգային ծրագրում հանդես կգան Վահագն Հայրապետյանի ջազային կվինտետը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

Քարամյանը շեշտեց, որ Ռուսաստանի հայկական համայնքում միջոցառումների մասին տեղեկություններ տարածելու պարտավորվածությունն իր վրա է վերցրել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը: Նա հավելեց, որ մշակութային օրերի շրջանակում Ռուսաստանում հյուրախաղերով հանդես կգան Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը:

Անդրադառնալով հաջորդ տարի արտերկրում իրականացվելիք միջոցառումներին՝ Լուսինե Քարամյանն ասաց, որ  հաջորդ տարի  քաղաքակրթական ցուցահանդեսներ կանցկացվեն Պեկինում, Չեխիայում, Վարշավայում և Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում: Մետրոպոլիտենում կներկայացվեն ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից, Մատենադարանից ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Անժելա Համբարձումյան

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում նախատեսվում է ներառական ամբողջական կրթություն իրականացնել

0

 ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով նախատեսում է նախակրթարաններում ներառական կրթություն իրականացնել։ 
«Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության  հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման  և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը։ 


– 
Ի՞նչ են իրենցից ներկայացնում նախադպրոցական հաստատությունները, և ո՞րն է սահմանված տարիքը։ 
– Նախադպրոցական ուսումնական հաստատությունը մի կառույց է, որն իրականացնում է նախադպրոցական կրթադաստիարակչական ծրագրեր։ Նախադպրոցական կրթությունը ՀՀ շարունակական կրթության համակարգի սկզբնական բաղկացուցիչ մասն է։ Նախադպրոցական տարիքը սկսվում է 0-ից և շարունակվում մինչև 6 տարեկան, իսկ 6-18 տարեկանը համարվում է դպրոցահասակ փուլ։  
– Ինչպիսի՞ ծրագրեր կան երեխաների համար։ 
– Նախադպրոցական հաստատությունում իրականացվում է նախադպրոցական կրթական ծրագիր, որը հաստատվում է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով։ Բոլոր տարիքային խմբերի համար մենք ունենք հաստատած ծրագրեր՝ վաղ մանկություն (0-3 տարեկան), միջին (3-5 տարեկան) և ավագ (5-6 տարեկան) տարիքային խմբեր։ Ցանկացած նմանատիպ հաստատություն՝ անկախ կազմակերպական ձևից (պետական, մասնավոր, համայնքային, գերատեսչական), իրականացնում է այդ կրթական ծրագիրը։ Նախադպրոցական հաստատությունների կազմակերպչական ձևերը համայնքային են և նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Կրթության և գիտության նախարարությունը իր ենթակայության տակ գործող նախադպրոցական հաստատություն չունի։ Նախադպրոցական կրթությունը կարգավորվում է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև կան մի շարք իրավական ակտեր, որոնք ամբողջությամբ կարգավորում են այդ ոլորտի գործունեությունը։ 
– Ինպե՞ս են իրականացվում այդ հաստատությունների ֆինանսական հարցերը։ 
– Նախադպրոցական հաստատությունների ֆինանսական հարցերը լուծվում են և՛ քաղաքապետարանի, և՛ վարչական շրջանների որոշմամբ, իսկ մարզերում որոշում են ավագանիները, թե իրենց նախադպրոցական հաստատությունում որքան գումար պիտի ծախսվի յուրաքանչյուր սանի՝ սննդի, կոմունալ ծախսերի համար։ Մեր գերատեսչությունը մասնակցում է նախադպրոցական կրթությանը բովանդակային մասով, ինչպես նաև հաստիքային ցուցակներն ենք հաստատում։ 


– Կրթական ի՞նչ ծառայություններ են իրականացվում նախակրթարաններում։ 
– ՀՀ-ում իրականացվում է երկու տիպի կրթական նախադպրոցական ծառայություն, սակայն մտածում ենք ավելացնելու մասին, որովհետև այդ տարիքի ընդգրկվածությունը փոքր է։ Համաշխարհային բանկի աջակցությամբ մենք մի քանի տարի իրականացնում ենք նախակրթարանների ծրագիրը։ Այդ բանկի կողմից հատկացվում է գումարի 75 տոկոսը, իսկ 25 տոկոսը՝ համայնքի մասնակցությամբ։ Այն համայնքը, որտեղ որոշվում է, որ իրենք պատրաստ են նախակրթարան բացել և չունեն մանկապարտեզ՝ մասնակցում են այդ ծրագրին, և մենք հաջողությամբ իրականացնում ենք այն։ Սա միայն ավագ տարիքայինների համար է՝ 5-6 տարեկանների, որոնց ընդգրկվածությունը մոտ 78 տոկոս է։ Ընդհանուր ընդգրկվածության խնդիր, այնուամենայնիվ, կա։ Մենք այսօր արդեն մի շարք ծրագրեր ենք մշակում, որոնցից մեկն արդեն Կառավարության ծրագրով էլ ամրագրված է՝ այլընտրանքային մոդելների կիրառման մեխանիզմները։ Այսինքն՝ ոչ միայն ավագ տարիքային խմբերի համար լինեն նախակրթարաններ, ոչ միայն ավանդական գործող մանկապարտեզներ, այլ նաև տնային կամ կարճաժամկետ (օրվա մեջ մի քանի ժամ) մանկապարտեզներ լինեն։ Այս մոդելները փորձնական կիրառել է UNICEF-ը։ Այս մոդելների կիրառումը կնպաստի, որպեսզի մեր երեխաները՝ հատկապես ավագ տարիքային խումբը, մինչև դպրոց հաճախելը հնարավորություն ստանան հավասար մեկնարկ ունենալ իրենց հասակակիցների հետ։ 
– Ընդհանուր առմամբ այսօր քանի՞ հաստատություն կա և քանի՞ երեխա է սովորում։ 
– Եթե խոսենք թվային տվյալների մասին, ուրեմն մենք այսօր ունենք մոտ 608 մանկապարտեզ, որոնցից 160-ը Երևանում են։ Սրանք մանկապարտեզներն են, այլ ոչ թե նախակրթարանները։ Այսօր 3-5 տարեկան երեխաների թիվը 125 490-ի է հասնում, որից 5-6 տարեկանները 42 704 են։ 3-6 տարեկանների պարագայում ամբողջ ընդգրկվածությունը 83 363 է կազմում, իսկ 5-6 տարեկաններինը՝ 33 730։ Այս ընդգրկվածությունը մենք դեռևս համարում ենք ոչ բավարար։ 
– Մինչև դպրոց հաճախելը ներառական կրթության կարիք ունեցող երեխաների համար հատուկ ուսուցում  իրականացվո՞ւմ է։ 
– Ներառական կրթություն կազմակերպելուց առաջ մենք պետք է գնահատենք երեխային և հասկանանք՝ արդյոք այդ երեխան առանձնահատուկ կրթության կարիք ունի՞, թե ոչ։ Ստուգումն իրականացվում է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից։ 2016 թվականից մենք համընդհանուր ներառման ենք անցնում՝ վերակազմակերպում հատուկ դպրոցները։ Արդեն ստեղծվել են մեկ հանրապետական և յուրաքանչյուր մարզում տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններ, որոնք աջակցելու են դպրոցին, մանկապարտեզին և, առհասարակ, այդ տարածքում ապրող երեխաներին։ Մինչ այս մենք չենք ունեցել այդ հնարավորությունը, և այդ պատճառով երեխան մեծ մասամբ ուշադրության կենտրոնում է եղել դպրոց հաճախելուց հետո։ Այժմ մենք այդ տարածքների միջոցով՝ Սյունիքի, Լոռու, տարեվերջում նաև Տավուշի մարզերում, այդ կարիքի գնահատումը կապահովվի։ 
– Ի՞նչ խոչընդոտներ կան ներառական կրթությունը նախակրթարանից սկսելու համար։ 
– Մի քանի խոչընդոտներ կան՝ շենքային պայմանները և ֆինանսավորումը։ Դպրոցներում երեխաները աշակերտի թվով ֆինանսավորում են ստանում, և դա հստակ որոշված գումար է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։ Նախադպրոցական հաստատություններում ֆինանսավորման մեխանիզմը մի փոքր այլ է, և հարց է առաջանում, թե ով և ինչպես պետք է ֆինանսավորի կրթական կարիքն ապահովող միջոցները։ Մեկ խնդիր էլ կա այս հարցում՝ դաստիարակները, տնօրենները դեռևս վերապատրաստված չեն և դժվարությամբ կարող են իրականացնել այդ ներառական կրթության ծրագիրը։ Սա, իհարկե, շատ ավելի հեշտ լուծելի խնդիր է, քան ֆինանսավորման աղբյուրներ գտնելը։ Այդ հարցը մեր առաջիկա նախագծերում լինելու է, և մենք անպայման անդրադառնալու ենք այդ հարցին։ 
– «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը փոփոխվում է. ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը։ 
– Մենք հիմա սկսել ենք «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության հանրային լսումները, որը երկու առումով վերանայվել է։ Մի կողմից ներառական կրթությունն է, այսինքն՝ մենք նախադպրոցական հաստատություններում էլ ենք հռչակում ներառական ամբողջական կրթություն։ Երկրորդ մասը կազմված է մի քանի բաղադրիչներից՝ ֆինանսավորում, դաստիարակների և տնօրենների վերապատրաստում և այլընտրանքային մոդելներ։ Այժմ մենք փորձում ենք բարելավել և մի քանի աստիճանով բարձրացնել նախադպրոցական կրթության մատուցման ձևը։ Կրթության առումով մենք բավականին մոտ ենք միջազգային ծրագրերին, և սա միջազգային փորձագետների գնահատականն է։ 

ԼՂ հարցում բանակցային գործընթացը պահպանելը կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը. Ստանիսլավ Տարասով

0

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման փաստն արդեն ողջունելի է: «Արմենպրես»ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպմանը:

«Կողմերը պետք է պահպանեն բանակցային գործընթացի ձևաչափը, որը կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը: Հանդիպման մասին այսքանը կարող եմ ասել, քանի որ եղած տեղեկատվությունը շատ քիչ է: Նման մակարդակով հանդիպումների ժամանակ սովորաբար կամ հայտնի է լինում օրակարգը, կամ ինֆորմացիոն արտահոսք է լինում այն մասին, թե ինչ հարցեր կարող են քննարկվել, որը  հնարավորություն է տալիս վերլուծաբաններին մեկնաբանություններ կատարել: Այս դեպքում մինչ հանդիպումը իրար հակասող հայտարարություններ եղան: Մասնավորապես, նախագահ Ալիևն ասում էր, թե իբր Հայաստանն ընդունել է ինչ-որ նախապայմաններ, իսկ թե ինչ նախապայմաններ, չի էլ ասում: Հայաստանն ընդգծում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Համանախագահներն էլ խոսում են ինչ-որ փաստաթղթի մասին, որի մանրամասները քննարկվում են: Այս իրար հակասող հայտարարությունների ֆոնին դժվար է ինչ-որ մեկնաբանություն անել»,-ասաց Ստանիսլավ Տարասովը:

Անդրադառնալով սահմանային անվտանգության հարցերին, նա նշեց, որ այդ մասին հեշտ է խոսելը, բայց դրա համար անհրաժեշտ է ընդունել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, մասնավորապես, սահմանին վերահսկողական մեխանիզմներ դնելու հարցը:

«Ադրբեջանն, ինչպես տեսանք, չի ընդունում այդ պայմանավորվածությունները, նույնիսկ չի ցանկանում քննարկել այդ թեման: Կընդունի այս անգամ այդ պայմանավորվածությունները, դժվար է ասել, բայց ես, անկեղծ ասած, կասկածում եմ»,-ասաց ռուս վերլուծաբանը: 

Շվեյցարիայի Ժնև քաղաքում հոկտեմբերի 16-ին կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարություն են տարածել`նշելով, որ հանդիպումն անցել է  կառուցողական մթնոլորտումՆախագահներըհամաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ  մղելու և հավելյալ քայլեր կատարել շփման գծումլարվածությունը նվազեցնելու նպատակով: Համանախագահները  գոհունակությունեն հայտնել երկար դադարից հետո կայացածուղղակի բանակցությունների առթիվՆրանք  պատրաստակամեն կողմերի հետ շարունակել միջնորդական աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության  խաղաղ բանակցային  կարգավորման ուղղությամբՈրպես հաջորդ քայլ՝ համանախագահները մոտապագայում  աշխատանքային   քննարկումներ կանցկացնեն  նախարարների հետ»:

Սպասվող լրահոս. 17.10.2017

0

«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ժնևում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այսօր` հոկտեմբերի 17-ին, քաղաքագետներ, դիվանագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ կանդրադառնան հանդիպմանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում: 

Երևանում Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը լրատվամիջոցներին կներկայացնեն Արևելյան գործընկերության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար նախատեսված մի շարք ծրագրերի արդյունքները:

Կանցկացվի «Էլ-կառավարման համակարգերի մշակում արդարադատության ոլորտում» թեմայով քննարկում: Կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և այլք:

Լրագրողների հետ կհանդիպի  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա կանդրադառնա տնտեսական, քաղաքական զարգացումներին, ինչպես նաև «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծին:  

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումներ են սպասվում Ազգային ժողովում:  Այն իրականացվում է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Մամուլի ասուլիսով հանդես կգան ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները: Վեհաժողովը կայացել է հոկտեմբերի 6-9-ը Բուխարեստում:

Հայաստանյան փորձագիտական դաշտը քննարկում է «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հեռանկարներն ու հնարավորությունները: Թեմայի վերաբերյալ իրենց վերլուծությունները կներկայացնեն Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Միջազգային փորձագետ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: 

Հոկտեմբերի 17-ն Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրն է: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը կանդրադառնան թեմային և կներկայացնեն աղքատության վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Մատենադարանում հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» ամենամյա 3-րդ միջազգային «Գանձեր և Տաղեր» խորագրով գիտաժողովը: Այն նվիրված է Տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացու գրական ժառանգությանը:

Հայաստանի գրողների միությունում նշում է արձակագիր Ներսես Խառատյանի 70-ամյակը: Միջոցառման շրջանակում նախատեսված է գրքերի շնորհանդես:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Երեւանի Տօնին Ընդառաջ Լուացուած Են Մայրաքաղաքի Արձանները

0

Ըստ տարիներու սովորութեան՝ Երևանի օրուան նուիրուած հիմնական միջոցառումները սկսելէ առաջ, լուացուած՝ մաքուր ու պատշաճ տեսք կը ստանան նաև Երևանի արձանները: Հերթական անգամ այս կարևոր ու շնորհակալ պարտականութիւնը ստանցնած էին ՝  Երևանի քաղաքապետին կից երիտասարդութեան հարցերու խորհուրդի անդամներն ու բազմաթիւ երիտասարդ կամաւորներ: 

Ինչպէս «Արմենփրես»-ին տեղեկացուցած են Երևանի քաղաքապետարանի տեղեկատուութեան և հասարակայնութեան հետ կապերու վարչութենէն, ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչութեան տարածքային ստորաբաժանումներու ու հրշէջ փրկարարական խումբերու ծառայողներու աջակցութեամբ, երիտասարդները լուացած ու պատշաճ տեսքի բերած են մայրաքաղաքի բազմաթիւ արձաններ:

Նշենք, որ Շաբաթ օր Երեւանի մէջ յատուկ ձեռնարկներով նշուեցաւ քաղաքամայր Երեւանի 2799 ամեակը:

 

 

Հայաստանի Մէջ Արհեստագիտական Համալսարան Պիտի Հիմնուի

0

Հայաստանի մէջ միջազգային ամենաբարձր չափանիշներուն համապատասխանող արհեստագիտական համալսարան պիտի հիմնուի: Նախագահ Սերժ Սարգիսեանին ներկայացուած է Հայաստանի արհեստագիտական համալսարան հիմնելու հայեցակարգը:

Համալսարանի հիմնական նպատակը պիտի ըլլայ բարձր արհեստագիտութիւններու բեկումնային ուղղութիւններու զարգացումը:

Կրթութեան ոլորտի պատասխանատուներու եւ շահագրգիռ այլ անձերու մասնակցութեամբ կայացած խորհրդակցութեան Հանրապետութեան նախագահի խորհրդական Տէր Մեսրոպ քահանայ Արամեան եւ կրթութեան եւ գիտութեան փոխնախարար Դաւիթ Սահակեան իրենց զեկոյցներով անդրադարձած են արհեստագիտական համալսարանի ստեղծման մօտեցումներուն ու սկզբունքներուն:

Անոնք նշած են, որ անցած մէկ տարուան ընթացքին իրականացուած ծաւալուն աշխատանքը, ըստ էութեան, շարունակութիւնն է 2016-ին Մասաչուսէթսի արհեստագիտական հիմնարկ հանրապետութեան նախագահին այցին, որմէ ետք մշակուած է ծրագիր` Հիայաստանի մէջ միջազգային ամենաբարձր չափանիշներուն համապատասխանող արհեստագիտական համալսարան հիմնելու` Մասաչուսէթսի արհեսատգիտական հիմնարկի եւ նման այլ հեղինակաւոր համալսարաններու հետ գործընկերութեան ձեւաւորման ու համագործակցութեան արդիւնքով:

 Հայաստանի եւ արտերկրի համալսարաններու ու գիտահետազօտական հիմնարկներու հետ համագործակցութեան շնորհիւ համալսարանի շրջանաւարտները, ըստ զեկուցողներու, հնարաւորութիւն կ՛ունենան ստանալ երկու վկայական` արհեստագիտական համալսարանի եւ գործընկեր համալսարանի կողմէ:

Նախագահը յանձնարարած է լրամշակել հայեցակարգը եւ փաստաթուղթը վերջնական տեսքով ներկայացնել կառավարութեան:

Մոսկուայի Մէջ Կայացած է Ցեղասպանութեան Մասին Պատմող «Փրկութեան Քարտէզ» Ֆիլմին Շնորհանդէսը

0

Մոսկուայի «Ռոլան» թատերասրահին մէջ, Հոկտեմբեր 11-ին, տեղի ունեցած է Մեծ Եղեռնի 100–ամեակին առիթով նկարահանուած «Փրկութեան քարտէզ» փաստավաւերագրական ֆիլմին անդրանիկ ներկայացումը, որ կազմակերպուած է ՌԴ-ի մէջ ՀՀ դեսպանութեան եւ «Առնօ Բաբաջանեան» հիմնադրամին աջակցութեամբ:

Ռուսիոյ մէջ ՀՀ դեսպանութեան տեղեկութիւններով՝ շարժանկարը կը պատմէ հինգ մարդասէր կիներու`  միսիոներներ Քարէն Եփփէի, Մարիա Ճաքոպսընի (Դանիա), Պոտիլ Պէորնի (Նորուեկիա), Ալմա Եոհանսընի (Շուէտ) եւ Աննա Հետուիկ Պիւլի (Էսթոնիա) մասին:

Ցուցադրութեան սկիզբը՝ ողջոյնի խօսքով հանդէս եկած են ՌԴ-ի մէջ ՀՀ դեսպանութեան դեսպանորդ Պորիս Սահակեանը եւ  Առնօ Բաբաջանեան հիմնադրամի նախագահ Ա.Սարգիսեանցը, որմէ ետք տեղի ունեցած է ֆիլմը արտադրող Մանուէլ Սարիբէկեանի ելոյթը` շարժանկարի ստեղծման գաղափարին ու անոր իրագործման, հեղինակային խումբին եւ հերոսուհիներու հայրենիքներուն մէջ ֆիլմի ցուցադրման մասին:

Ձեռնարկին մասնակցած են ՌԴ-ի մէջ հաւատարմագրուած շարք մը դիւանագէտներ, ներառեալ նաեւ ՌԴ-ի մէջ Նորուեկիոյ դեսպանը եւ ՌԴ-ի մէջ Շուէտի ու Էսթոնիոյ դեսպանութիւններու խորհրդականները, ինչպէս նաեւ հասարակական գործիչներ:

Նինոծմինդայի Մէջ Բանաստեղծութեան Ամենամեայ Փառատօնը Նուիրուած էր Վահան Տէրեանին

0

Հոկտեմբեր 7-ին, Նինոծմինդայի մշակոյթի կեդրոնէն ներս տեղի ունեցած է պոէզիայի ամենամեայ փառատօն, որ այս անգամ նուիրուած էր Վահան Տէրեանի ստեղծագործութեան:

Ըստ akhaltskha.net-ի՝ փառատօնին իրենց մասնակցութիւնը ցուցաբերած են վիրահայոց թեմի «Ռաֆայէլ Ջաւախ» կրթամշակութային երիտասարդական կեդրոնի «Պառնաս» ասմունքի արուեստանոցի 7 սան` Յասմիկ Պոտօղլեանը, Հռիփսիմէ Մուրատեանը, Աննա Այվազեանը, Յասմիկ Ղազարեանը, Մարինա Մոսոյեանը, Տիանա Ալթունեանը եւ Ֆիալա Բաբոյեանը: Անոնք փառատօնին մասնակցած 56 ասմունքողներուն մէջ ուշադրութիւն գրաւած են իրենց վարպետութեամբ, լեզուի մաքրութեամբ եւ զգացմունքայնութեամբ:

Մրցութային յանձնաժողովը Յասմիկ Պոտօղլեանին արժանացուցած է ամենաբարձր` Ա. կարգի վկայականի եւ նուէրներու, իսկ Հռիփսիմէ Մուրատեանը գրաւած է Գ. տեղը: Յանձնաժողովը շնորհակալութիւն յայտնած է արուեստանոցի ղեկավար Սաթիկ Սնխչեանին` արդիւնաւէտ աշխատանքին համար: Փառատօնին ելոյթ ունեցած է կեդրոնի ղեկավար, Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակոյթի եւ մարմնակրթութեան ծառայութեան պետ Ժորա Սնխչեանը:

 

Նախագահ Սերժ Սարգիսեանը Ներկայ Գտնուած Է «Այբ» Դպրոցի Նոր Մասնաշէնքի Բացման Արարողութեան

0

Նախագահ Սերժ Սարգիսեանը ներկայ գտնուած է Երևանի մէջ  «Այբ» դպրոցի նոր՝ երրորդ մասնաշէնքի բացման հանդիսաւոր արարողութեան, որու հիմնարկութիւնը  տեղի ունեցած էր 2015 թուականին՝ Հանրապետութեան Նախագահի ներկայութեամբ:

Ինչպէս «Արմենփրես»-ին տեղեկացուցին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնութեան և տեղեկատուութեան միջոցներու հետ կապերու վարչութենէն, Նախագահ Սարգիսեանը կրթութեան և գիտութեան նախարարի, «Այբ» դպրոցի հոգաբարձուներու խորհուրդի նախագահի և միջոցառումի հրաւիրուած «Այբ»-ի բարերարներու ու այլ հիւրերի հետ շրջած է իւրօրինակ ճարտարապետական լուծումներով քառայարկ նոր մասնաշէնքի մէջ, ծանօթացած  ստեղծուած պայմաններուն եւ մասնաշէնքի թէքնիք միջոցներուն: «Այբ» դպրոցի 4200 քմ. տարածքով նոր մասնաշէնքը նախատեսուած է 180 աշակերտի համար: