Երեքշաբթի, 17. 06. 2025

Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է

0

Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Երևան-Սևան ուղղությամբ 36-57-րդ կմ-ում և Սևան-Երևան ուղղությամբ 64-57-րդ կմ-ում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Շինարարությունն իրականացվել է աննախադեպ արագությամբ և որակով: Աշխատանքների բարձր որակի մասին են փաստում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքները և տեխհսկիչների տված գնահատականները: Աշխատանքների որակից գոհ է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ով «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանի հետ շինարարության ամբողջ ընթացքում պարբերաբար այցելել է շինտեղամասեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հիմնանորոգումը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը և վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։ Պայմանագրով աշխատանքների ավարտը նախատեսված էր նոյեմբերի վերջին, սակայն ինչպես խոստացել էին ճանապարհաշինարարները, ասֆալտապատման աշխատանքներն ավարտվեցին սահմանված ժամկետից շուտ՝ հոկտեմբերի 10-ին: Ճանապարհի երկկողմանի երթևեկությունն ամբողջությամբ արդեն վերականգնվել է: Ներկայում ընթանում են հիմնանորոգված հատվածների կահավորման աշխատանքները. տեղադրվում են նոր արգելափակոցներ, կատարվում են գծանշումներ: Ճանապարհի հիմնանորոգումն արագ ավարտելու նպատակով աշխատանքները վստահվել են մրցույթում հաղթող ճանաչված երեք շինարարական կազմակերպությունների՝ «Ճանապարհ», «Կապավոր» և «Սուարդի»: Կատարվել են ճանապարհահատվածների երկու երթևեկելի մասերի և կողնակների 5սմ հաստությամբ ֆրեզավորման և ասֆալտապատման աշխատանքներ: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվել են զգուշացնող նշաններ, հիմնանորոգվող հատվածների բաժանիչ գոտում` մետաղական պաշտպանիչներ։ Հիմնական ճանապարհի աշխատանքներն ավարտելուց հետո «Կապավոր» և «Ճանապարհ» ճանապարհաշինական ընկերություններն իրենց միջոցներով ասֆալտապատել են նաև մայրուղուց դեպի Ծաղկաձոր և Սևան-Երևան ուղղությամբ դեպի Արզնի տանող ուղեանցերը: Վերջինը տարիներ շարունակ եղել է անբարեկարգ վիճակում:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայ պատգամավորներն արժանի հակահարված են տվել ադրբեջանցիների հակահայկական քարոզչությանը

0

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ավարտված նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության անդամները արդյունավետ հակազդել են ադրբեջանցի պատվիրակների հակահայկական քարոզչությանը:

Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում ՆԱՏՕի խորհրդարանական  վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հայտնեց, որ քաղաքական հարցերի հանձնաժողովում Ռուսաստանի հետ կապված զեկույցի քննարկման ժամանակ ադրբեջանցիները փորձել են ընդգծել Ռուսաստանի բացասական դերակատարումը հակամարտությունների ստեղծման և կարգավորման հարցերում: «Մասնավորապես, Հայաստանի մասով այսպիսի ուղղակի անդրադարձ եղավ, որ Ռուսաստանը արտոնյալ պայմաններով զենք է վաճառում Հայաստանին: Քանի որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանը ներկայացված չէ, ադրբեջանցիները փորձում են արևմտյան երկրների ներկայացուցիչների մոտ ցույց տալ, որ Ռուսաստանը բացասական դերակատարում ունի մեր տարածաշրջանում: Մենք, իհարկե, արձագանքեցինք այս ամենին և հստակեցրինք, թե ինչի մասին է խոսքը: Նախ մենք նշել ենք, որ հակառակը՝ հենց Ադրբեջանն է և Ռուսաստանից, և բազմաթիվ այլ երկրներից ձեռք բերում հարձակողական զենք-զինամթերք և ահռելի գումարներ է ծախսում դրա վրա»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ ընդգծեց Նահապետյանը

Նա հավելեց, որ եվրոպացի խորհրդարանականներն արդեն հոգնել են նման իրավիճակներից, երբ ադրբեջանցի պատվիրակներն ամեն անգամ հանդես են գալիս օրակարգից դուրս ելույթներով: Կորյուն Նահապետյանը շեշտեց, որ իրենք արձագանքում են ադրբեջանական պատվիրակությանը, երբ նրանք փորձում են սուտ տեղեկատվություն տարածել, սակայն զգում են, որ եվրոպացի պատվիրակներն արդեն հոգնել են այդ բախումներից, քանի որ նույն մարդիկ միշտ նույն բաներն են ասում՝ օգտագործելով այդ հարթակը:

ՆԱՏՕի ԽՎում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց, որ անվտանգության և քաղաքացիական չափման հանձնաժողովում քննարկվել է զեկույց՝ կապված Սևծովյան տարածաշրջանի խնդիրների հետ, որի ժամանակ ադրբեջանցիները ևս փորձել են հակահայկական դրույթներ ներառել զեկույցում: «Նրանք փորձում էին այդ փաստաթղթում ավելի լայն մեկնաբանության հիմք ստեղծել այդ փաստաթղթի, որտեղ խոսք էր գնում Սև ծովին ուղիղ հարող երկրների մասին: Նրանք փորձում էին զեկույցում ներառել ՙՍև ծովի ավազանին հարող երկրներ՚ ձևակերպումը, որպեսզի Ադրբեջանը նույնպես ներառեն, իսկ դրանից հետո մյուս հարցերը վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այդ համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և սուվերենությանը: Այդ առաջարկներից որևէ մեկը չանցավ, քանի որ հիմնական զեկուցողը քարտեզի վրա ցույց տվեց Սև ծովը և դրան ուղիղ հարող երկրները՝ նշելով, որ Ադրբեջանին օրակարգի հարցը չի վերաբերում»,- մանրամասնեց Մարուքյանը:

Մարուքյանը «մանր ժուլիկություն» որակեց ադրբեջանցի պատվիրակների  կողմից ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանը որպես հակամարտությունների կարգավորմանը խանգարող երկիր ներկայացնելու փորձերն այն պարագայում, երբ այլ հարթակներում նրանք շատ սերտ համագործակցում են Ռուսաստանի հետ: «Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ այս քննարկումների ընթացքում Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ներկայացուցիչները քննադատում են Ռուսաստանին, խոսում են իրենց տարածքային ամբողջականության մասին՝ բացասական լույսի ներքո ներկայացնելով Ռուսաստանի դերը և փորձում են ցույց տալ, թե տեսեք ինչքան վատն է Ռուսաստանը, որն օգնում է նաև հայերին: Սա բոլորն են տեսնում, իսկ մենք շատ լավ տեսնում ենք, թե նրանք ինչպես են տարբեր ոլորտներում համագործակցում Ռուսաստանի հետ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում»,- եզրափակեց Մարուքյանը:

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նորընտիր նախագահին

0

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովին Ղրղզստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ հաղթելով նրան բարօրություն և հաջողություններ պետության ղեկավարի պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.
«Ցանկանում եմ հաստատել հայ-ղրղզական բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման գործում մեր հետաքրքրվածությունը: Համոզված եմ, որ վերջին տարիներին արձանագրած երկկողմ համագործակցության արդյունքները հետագա զարգացում, իսկ համատեղ ջանքերը նոր դինամիկա կունենան՝ ի շահ միջպետական համագործակցության ներուժի ավելի լիարժեք բացահայտման:
Հայաստանի և Ղրղզստանի ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները ամուր հիմք են ծառայում մեր պետությունների քաղաքական երկխոսության ընդլայնման, փոխշահավետ տնտեսական և մշակութային-հումանիտար ծրագրերի իրականացման, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ միավորումների շրջանակներում փոխգործակցության աճի համար»:
 

Լարսը փակ է բեռնատարների համար

0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ բեռնատարների:

Լոռու մարզպետարանում Կարեն Կարապետյանին է ներկայացվել Վանաձորի զարգացման հայեցակարգը

0

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 16-ին այցելել է Վանաձոր: Լոռու մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքի իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայեցակարգի քննարկումից և հաստատումից հետո նախատեսվում է մշակել քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որով ընդգծվելու են նաև ներդրումների համար գրավչություն ներկայացնող վայրերը: Հայեցակարգով վեր են հանվել քաղաքի խնդիրները, քաղաքաշինական,  ճարտարապետական, տրանսպորտային և այլ ոլորտներում առկա բացերը, ներկայացվել ենթակառուցվածքների, զբոսաշրջության զարգացման ուղղությունները: Մասնավորապես, հայեցակարգի հեղինակները ներկայացրել են այն պոտենցիալ վայրերը, որոնք կարող են ապագայում դառնալ զվարճանքի կենտրոններ: Նշվել է, որ հայեցակարգով նախատեսվում է Վանաձորում ստեղծել ամառային և ձմեռային հանգստի գոտիներ, կառուցել հեծանվային ճանապարհ, սահուղիներ և այլն:

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հայեցակարգը մշակած թիմին և առաջարկել Վանաձորի ղեկավարներին նշանակել կոնկրետ պատասխանատու, ով մշտական կապի մեջ կլինի ռազմավարության հեղինակների հետ: «Մենք այս հայեցակարգի ու քաղաքի զարգացման մաստեր պլանի հիման վրա պետք է Վանաձորում իրականացնենք հստակ ծրագրեր, քայլեր՝ հասկանալով մեր նպատակն ու ունենալով ընդհանուր տեսլական: Անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի բիզնեսի համար ստեղծենք բարենպաստ պայմաններ, որ նա ցանկանա այստեղ գործել: Այսօր կան կոնկրետ ներդրողներ, ովքեր պատրաստ են Վանաձորում ներդրումներ իրականացնել, և մենք պետք է նրանց ուղղորդենք, ներկայացնենք հստակ ծրագրեր»,- ասել է Կարեն Կարապետյանը: 

Վարչապետը քաղաքային իշխանություններից պահանջել է մշտական ուշադրության կենտրոնում պահել քաղաքի բարեկարգման, սանմաքրման, չգործող օբյեկտների պայմանագրերի վերանայման, աղբահանության և մյուս խնդիրները:  

Հայեցակարգի քննարկումից հետո ներկայացվել է նաև Վանաձորի ինդուստրիալ տուրիզմի զարգացման ռազմավարությունը:

Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է քաղաքի նախկին «Արտեկ» ճամբարի, ճոպանուղու և մարզադաշտին հարող տարածքներ, որտեղ ներդրումային տարբեր ծրագրեր է նախատեսվում իրականացնել:

Սյունիքի մարզի «Ագարակ» սահմանային անցակետում Իրանի քաղաքացու մոտ ափիոնի հումք է հայտնաբերվել

0

 Սյունիքի մարզի «Ագարակ» սահմանային անցակետում, Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահները ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցների հետ, ՀՀ պետական սահմանը հատող տրանսպորտային միջոցների ստուգման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձին պատկանող բեռնատար ավտոմեքենայի քնելու հատվածում հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ ՝ մոտ երկու գրամ քաշով մուգ շագանակագույն բուսական ծագման պարունակությամբ:

Հայտնաբերված նյութը սահմանված կարգով հանձնվել է Մեղրիի ոստիկանություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված նյութը ափիոնի հումք է:

Ներկայում տվյալ անձը ձերբակալված է, դեպքի հանգամանքները պարզվում են:

2016-2017 թվականներին Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահները, իրականացնելով պահպանություն հայ-իրանական սահմանին, հայտնաբերել և կանխել են Հայաստանի տարածք ընդհանուր քաշով մոտ 5.5 կգ թմրանյութերի անցկացման փորձեր:

Կարեն Գրիգորյանը կրկին հաղթել է Ֆիլիպինների մրցաշարի հերթական տուրում

0

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակվում է հաջող ելույթները Ֆիլիպիններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Նեգրոս օփեն»-ում կայացել է 6-րդ տուրը: Գրիգորյանի մրցակիցը Վիետնամը ներկայացնող գրոսմայստեր Դուկ Նգույենն էր: Հայ շախմատիստը առավելության է հասել մրցակցի նկատմամբ:

Այս հաղթանակից հետո Գրիգորյանը առաջատարից ետ է մնում ընդամենը կես միավորով, նա ունի 4,5 միավոր:

Ֆրանսիական կազմակերպության միջոցներով Գեղարքունիքում հիմնանորոգվել են չորս սահմանամերձ գյուղերի բուժկետեր

0

ՀՀ Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ կնքված համագործակցության շրջանակում այս տարի ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության միջոցներով Գեղարքունիքի մարզում հիմնանորոգվել են սահմանամերձ 4 համայնքների բուժկետեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Բժշկական օգնություն եւ զարգացում կազմակերպության ներկայացուցիչ Ժան-Պոլ Մասնադան, շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերին եւ ավարտվել հոկտեմբերի 16-ի դրությամբ: 6 միլիոն 600 հազար դրամի ներդրմամբ հիմնանորոգվել են Արփունքի, Նորակերտի, Արեգունու եւ Փամբակի բուժկետերը: Յուրաքանչյուր բուժկետում հիմնանորոգվել են երկու սենյակ, Արփունքում ջրագիծ է անցկացվել, որոշ տեղերում կահավորում իրականացվել: Վերոնշյալ բուժկետերը բերվել են ժամանակակից ու բարեկարգ տեսքի: Միայն մտահոգիչ է անկանոն ջրամատակարարումը, ինչը, կարծում ենք, տեղի իշխանության ուժերով կստանա իր լուծումը: Շինարարության որակը մենք բավարար ենք գնահատել: Առաջիկայում Գեղարքունիքի մարզպետի հետ կքննարկենք եւ կընդունենք եկող տարվա ծրագիրը, որից պարզ կդառնա, թե որ համայնքների բուժկետերը կընդգրկվեն հիմնանորոգման ցանկում»,-պատմեց Ժան-Պոլ Մասնադան:

«Ֆրանսիական կողմը փոքր բյուջեներով մեզ մոտ արդյունավետ խնդիր է լուծում՝ իր հնարավորությունների չափով օժանդակելով մեր մարզի առողջապահական ձեռնարկություններին: Մենք էլ պետք է հետամուտ լինենք, որպեսզի հիմնանորոգված բուժկետերում ապահովվի մշտական ջրամատակարարում, առանց որի անհնար է պատկերացնել բուժկետերի արդյունավետ գործունեությունը»,-նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը:

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ֆավորիտ-Մ» կազմակերպությունը:

Խոսրով Խլղաթյան

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Վարշավա

0

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-20-ը պաշտոնական այցով կլինի Լեհաստանի Հանրապետությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարինե Պողոսյանը: 

Ստեփանավանում քամու հետեւանքով էլեկտրասյուներն ընկել են գազատարի վրա. հրդեհ է բռնկվել

0

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տեղեկացմամբ` հոկտեմբերի 16-ին հանրապետության երեք մարզերում` Լոռիում, Տավուշում եւ Գեղարքունիքում գրանցվել են ուժեղ քամիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Լոռիում ուժեղ քամիներ են գրանցվել եւ դրանց հետեւանքով երկու քաղաքներում` Ստեփանավանում եւ Տաշիրում ավերածություններ են արձանագրվել: «Ստեփանավան քաղաքում քամու հետեւանքով կոտրվել են էլեկտրասյուներն ու ընկել գազատարի վրա, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով»,-ասաց նա՝ հավելելով, որ Տաշիր քաղաքում եւս ավերածություններ են եղել, որոնց չափերը դեռ ճշտվում են:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության տեղեկացմամբ` մարզում որեւէ ավերածություն չի գրանցվել:

Տավուշի մարզի Իջևան քաղաքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին ծառ է ընկել, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել թիվ 62 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից: Դիլիջան քաղաքից էլ ահազանգ է ստացվել այն մասին, որ Դիլիջանի ոլորաններում՝ «Հաղարծին» հյուրանոցի մոտակայքում, քամուց ծառի ճյուղ է կոտրվել, ընկել երթևեկելի հատվածում և խանգարում է երթևեկությանը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել թիվ 63 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ մեզ տեղեկացրին, որ ինչպես եւ նախապես զգուշացվել էր, նշված երեք մարզերում քամու ուժգնացում գրանցվել է: Հոկտեմբերի 17-ին նման երեւույթներ չեն սպասվում: