Երեքշաբթի, 17. 06. 2025

ՀՔԾ վարույթ է ընդունվել ոստիկանության աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով հարուցված քրգործը

0

 ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ-ից,  ապօրինի ծառահատումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի ավագ հետաքննիչի կողմից կատարված առերևույթ հանցագործության` պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ: Ըստ քրեական գործի նյութերի` ապօրինի ծառահատումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության հիշյալ պաշտոնյան Հաղարծին գյուղի բնակչից բացատրություն վերցնելու վերաբերյալ արձանագրություն է կազմել Դիլիջան քաղաքի բնակչուհի Ս. Ասլանյանի մասնակցությամբ, սակայն վերջինս քրեական գործի նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, որ նշված գործողությանը չի մասնակցել:

Բացի այդ, Տավուշի մարզի ևս մեկ բնակիչ` Է. Սահակյանը, նախաքննության ընթացքում հայտնել է, որ իր տան բակում հայտնաբերված փայտանյութի ծագման աղբյուրը պարզելու նպատակով նույն պաշտոնյայի` Դիլիջանի բաժնի հետաքննիչի հետ այցելել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս, որտեղ ոստիկանության աշխատակիցն իրեն ուղղորդել է մատնացույց անել, իբր, իր կողմից ապօրինի հատված ծառերը, սակայն իրականում դրանք իր կողմից չեն հատվել: Այսինքն, ըստ Է. Սահակյանի, զննման հիշյալ գործողությունը ձևական բնույթ է կրել և ուղղորդվել է հետաքննիչի կողմից: Ավելին` զննության և իր կողմից տրված բացատրության արձանագրություններում առկա տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել նվել նաև Է. Սահակյանի որդին:

Վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա  մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

«Նարեկացիական ընթերցումներ» գիտաժողովում ներկայացվող հետազոտություններն անսպառ նյութ են տալիս աստվածաբաններին և պատմաբաններին

0

«Նարեկացիական ընթերցումներ» խորագրով գիտաժողովում ներկայացվող հետազոտությունները անսպառ նյութ են տալիս գրականագետներին, աստվածաբաններին և լեզվաբաններին: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 17-ին Մատենադարանում կայացած գիտաժողովում նման կարծիք հայտնեցին կազմակերպիչները:

«Հայաստանը նոր պատասխանատվություն է ստանձնել իբրև նարեկացիագիտության խոշոր կենտրոն այն բանից հետո, երբ Հռոմի  Ֆրանցիսկոս պապը Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Այս պատմական որոշման հռչակումը աննախադեպ հետաքրքրություն առաջացրեց աշխարհում ոչ միայն Նարեկացու ստեղծագործության, այլ նաև հայ միջնադարյան ողջ մատենագրության և հայկական մշակույթի հանդեպ: Ահա այս մոտեցմամբ և տեսլականով Հրաչյա Թամրազյանը 2015-ին հիմք դրեց «Նարեկացիական ընթերցումներին»,-ասաց Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:

Նախորդ տարվա քննարկումներին գաղափար էր առաջացել ուշադրության կենտրոնում պահել նարեկացիագիտության որոշակի թեմա կամ բնագավառ: Եվ ներկա գիտաժողովը նվիրվեց Նարեկացու հեղինակած տաղերին և գանձերին: «Ոչ մեծ ծավալով այդ գործերից մեզ են հասել ընդամենը երեք տասնյակ, սակայն դրանք հայ միջնադարյան քերթողական արվեստի անգերազանցելի գոհարներ են: Պատահական չէ, որ բանասերներն արդեն երկու դար ուսումնասիրում են նրա ստեղծագործությունները, և դեռ շատ բան կա անելու: Նարեկացու գանձերին ու տաղերին են անդրադարձել Գաբրիել Ավետիքյանը, Նորայր Գոհարյանը, Հակոբ Նաղյանը, Մանուկ Աբեղյանը և այլք: Գանձը որպես գրական երկի տեսակ սկիզբ է առել հենց Նարեկացուց»,-ասաց Տեր-Ղևոնդյանը:

Զեկուցումներով հանդես եկան նաև ԵՊՀ պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը, բանասիրության դոկտոր Վարդան Դևրիկյանը և արվեստագիտության թեկնածու Արուսյակ Թամրազյանը: Գիտաժողովին զեկույցներով հանդես գալու համար արտերկրից ժամանել էին նաև անվանի հայագետներ Ժան-Պիեռ Մահեն, Աբրահամ Տերյանը, Թեո Մաարտըն վան Լինտը և այլք:

Ժան-Պիեռ Մահեի կարծիքով՝ երբեմն դժվար է Նարեկացու ստեղծագործությունները ճիշտ ըմբռնել: Աբրահամ Տերյանի խոսքով՝ Նարեկացու տաղերի, գանձերի և ներբողների մասին իր զեկույցում ուշադրություն է դարձրել հատկապես ավանդական ազդեցություններին: «Անշուշտ, Նարեկացին ավանդության ստրուկը չէր, նա ստեղծագործական մտքով ընդարձակել է այդ միստիկ ավանդությունը, որի հիմքն այլաբանական մեկնությունն է»,-ասաց նա:

Ներկայացվեցին նաև նոր լույս տեսած գրքեր՝ Գրիգոր Նարեկացու տաղերի, գանձերի և ներբողների անգլերեն թարգմանությունը, որը կատարել է Աբրահամ Տերյանը, «Մատյան ողբերգության» լատիշերեն ծաղկաքաղ թարգմանությունը, «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» եռագրության երրորդ հատորը, որը կազմել է Արուսյակ Թամրազյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ներկայացուցիչ, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի կարծիքով՝ հայ եկեղեցական և աշխարհիկ գրականությունում Նարեկացին ճանաչվում է որպես հոգու վերածնության ռահվիրա:  «Անքննելի է հայ եկեղեցու եռամեծար վարդապետ Նարեկացու աղոթքի մեծությունը: Նրա տաղերում, գանձերում կարող ենք հանդիպել սրբին իր բացառիկ մարդասիրությամբ: Նարեկացու «Մատյան ողբերգությանն»  ամեն անգամ նորովի է բացատրում Աստծու սերը»,-ասաց նա ու փոխանցեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գնահատանքն ու օրհնությունը կազմակերպիչներին և մասնակիցներին:

Արդեն երրորդ տարին է, որ Մատենադարանում կազմակերպվում է «Նարեկացիական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովը:

Վահե Էնֆիաջյանն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենքի նոր նախագծի նկատմամբ լավատեսորեն տրամադրված չէ

0

ԱԺ«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումների շրջանակում անդրադարձավ նոր նախագծի 6-րդ հոդվածին, որը վերաբերում է վարչապետին կից ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդի ստեղծմանն ու գործունեությանը: Նա Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին, մասնավորապես, հարցրեց, թե ո՞րն է խորհուրդը վարչապետին կից ստեղծելու նպատակը, երբ վարչապետին կից  արդեն իսկ  ստեղծված են 20-ից ավելի խորհուրդներ, որոնցից շատերի վերջին նիստն անցկացվել է տարիներ առաջ: 

«Այս տենդենցներով լավատեսություն հաղորդել հնարավոր չէ: Ընտանիքներում խնդիրներն ու տարաձայնությունները հիմնականում կապված են տնտեսական եւ սոցիալական վիճակի հետ, մինչդեռ այդ խորհուրդների բիզնես, սոցիալական թեմաներով նիստերը տեղի են ունեցել 5-6 տարի առաջ, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց նա:

Վիգեն Քոչարյանն, ի պատասխան պատգամավորի հարցադրմանը, նշեց, որ այդ խորհուրդները կարեւոր օղակ են գործադիր իշխանության եւ հանրության երկխոսության համար:

«Տեղյակ չեմ այդ բոլոր խորհուրդների գործունեությունից, սակայն կարող եմ վկայել, որ գործարարության աջակցման խորհրդի նիստերին ես մասնակցել եմ մոտ երկու-երեք ամիս առաջ, եւ գուցե այստեղ հիշատակված խորհուրդների գործունեությունն ավելի  հստակ լուսաբանելու խնդիր կա, որ այդպիսի հարցադրումներ չառաջանան»,-ասաց փոխնախարարը: 

Վահե Էնֆիաջյանն արձագանքեց, թե  այսօր թիվ մեկ խնդիրը պետք է լինի ընտանիքներում տնտեսական, սոցիալական վիճակի բարելավման ամրապնդումը, դրա նկատմամբ ուղղված քայլերը:

Արդարադատության  փոխնախարարն էլ ընդգծեց, որ Կառավարության հիմական նպատակը պետք է լինի քաղաքացիների ընտանիքների նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը:

 «Կարծում եմ, Կառավարության գործող ծրագիրը դրան է միտված»,-հավելեց Վիգեն Քոչարյանը:

 

Երևանում ԵՄ աջակցությամբ էլեկտրոնային կառավարման ծրագրեր են ներդրվել

0

Տարբեր բնագավառներում ներդրվել և գործարկվում են էլեկտրոնային կառավարման ծրագրեր, որոնք իրականացվում են Եվրոպական Միության աջակցությամբ։ 
«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ էլեկտրոնային կառավարման ծրագրերն ուղղված են պետության գործունեության թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների հասանելիության և որակի բարձրացմանը։ 
«Էլ-կառավարման համակարգերի մշակում արդարադատության ոլորտում» թեմայով շնորհանդեսի ժամանակ, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ էլեկտրոնային ծառայությունների մատուցումը շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից։ 
2017 թվականին որպես էլեկտրոնային ժողովրդավարության գործիք ներդրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքը։ Այն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և ներկայացված առաջարկները ամփոփելու գործուն մեխանիզմ։ Այն ուղղված է պետության իրավաստեղծ գործունեությանը հասարակության մասնակցության ապահովմանը, իրավական ակտերի նախագծերի մշակման առավել բաց, թափանցիկ ու հաշվետու գործընթացի կազմակերպմանը։ Մեկ այլ էլեկտրոնային գործիք է էլեկտրոնային նոտարի համակարգը։ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել են e-notary.am կայքի արդիականացման աշխատանքներ։ Դրա արդյունքում ստեղծվել է բոլոր նոտարական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով գեներացնելու, առցանց եղանակով նոտարին որոշակի հարցումներ ուղարկելու հնարավորություն, զարգացել՝ նոտարական ծառայությունների համար նախապես առցանց դիմելու համակարգը։ 
«Մենք պետք է խստացնենք պատասխանատվությունը կոռուպցիայի համար և ծախսենք որոշ ռեսուրսներ, որպեսզի փորձենք բացահայտել կոռուպցիոն դրսևորումները, որից հետո էլ կծախսենք ռեսուրսներ, որպեսզի այն մարմիններում, որոնց վրա դրված է վերահսկողությունը, նույնպես վերանա կոռուպցիան։ Որոշ ոլորտներում կարելի է ընտրել ավելի պարզ ճանապարհ՝ էլեկտրոնային ծառայությունների մատուցում։ Մենք այսօր արդեն ներդրել ենք այդ ծառայությունները, և դրանք պահանջված են։ Սա նշանակում է, որ մենք արդյունավետ ուղի ենք ընտրել և կարող ենք այդ ուղիով շատ արագ առաջ գնալ։ Որոշ ծառայություններ աճի արագության հաշվին կրկնապատկվում են մի քանի ամիսը մեկ։ Սա նշանակում է, որ մեր հասարակությունը պատրաստ է, և պետությունը պետք է կատարի իր պարտավորությունը՝ մատուցելով այդ ծառայությունը»,- նշեց Դավիթ Հարությունյանը, կարևորելով բոլոր ներդրված համակարգերը։ 
Արդարադատության նախարարության կողմից ներդրվել է նաև էլեկտրոնային ապոստիլի e-apostille.am համակարգը, որը հնարավորություն է ընձեռում փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու դիմումներն ընդունել էլեկտրոնային եղանակով, իսկ ստացված ապոստիլների վավերականությունը ստացող պետության իրավասու մարմինը կարող է ստուգել առցանց։ 
ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան, պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասաց, որ Հայաստանի քաղաքացիները կարող են օգուտ քաղել հաջողությամբ ներդրված և արդեն իսկ գործարկվող էլեկտրոնային կառավարման ծրագրերից։ 
«Շատ կարևոր է մեզ համար այս ամենը, քանի որ ցանկանում ենք, որպեսզի հասարակ քաղաքացին զգա, որ մեր համագործակցությունն ունի արդյունք։ E-apostille.am կայքի շնորհիվ Հայաստանից դուրս ապրող ՀՀ քաղաքացիները կարող են լինել դրա հիմնական շահառուները։ Իմ կարծիքով, յուրաքանչյուրը, ով դրսում կարիք ունի որևէ գործարք կատարել, հաստատ կգնահատի այս կայքը։ Օրենսդրական նախաձեռնությունների հրապարակման e-draft.am կայքը, կարծում եմ, շատ լավն է, և դրա շնորհիվ կարելի է գրավել սեփական քաղաքացիներին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումների գործընթացում։ Այս ծրագրերը կարող են կողմնակի արդյունքներ ունենալ, բոլորը նպաստում են կոռուպցիայի նվազեցմանը, օգտակար են չարաշահումներին վերջ դնելու գործում։ ԵՄ-ի համար այս ծրագիրը նույնպես շատ կարևոր է, քանի որ միտված է ապագային՝ Հայաստանում ներդրվում է տեխնոլոգիայի «վերջին խոսքը»։ Այս ծրագրերը այլ պետությունների, անգամ ԵՄ երկրների համեմատ ավելի առաջատար երկիր են դարձնում Հայաստանը։ Ուրախ ենք, որ Հայաստանը փորձում է յուրացնել և կիրառել նոր տեխնոլոգիաները»,- նշեց Պյոտր Սվիտալսկին։ 
Նրա խոսքով՝ իրենք մտածում են նոր, կարևոր հանձնառություններ ստանձնել ԵՄ-ի կողմից, որպեսզի կարողանան մոտ 20 մլն եվրո գումար ծախսել՝ Հայաստանում նոր էլեմենտներ ներդնելու էլեկտրոնային կառավարման համակարգում։ 
«Կարևոր էլեմենտներ են հանդիսանում՝ էլեկտրոնային նույնականացումը, էլեկտրոնային առողջ ապահովությունը, որը, իմ կարծիքով, ՀՀ քաղաքացիները շատ գնահատեն»,- ընդգծեց ՀՀ-ում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպանը։ 

Հայաստանում հաջորդ տարվա բյուջեն ուղղվելու է կապիտալ ծախսերի առաջանցիկ աճի ապահովմանը

0

 Առաջին անգամ բյուջետային քաղաքականության վեկտորն ուղղվելու է ոչ այնքան սոցիալական ծախսերի կատարմանը, որքան կապիտալ ծախսերի՝ ենթակառուցվածքների ու կապիտալ կարողությունների զարգացմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ խոսելով 2018-ի բյուջեի նախագծի վերաբերյալ:

«Առաջին անգամ բյուջետային քաղաքականության մեջ շատ հստակ արձանագրվում է, որ պետք է ապահովել կապիտալ ծախսերի առաջանցիկ աճ սոցիալական պաշտպանության ծախսերի նկատմամբ: Ազգաբնակչության հանդեպ սոցիալական պարտավորությունների կատարման և սոցիալական ծախսերի տպավորիչ զարգացում ու ավելացում ունենալու համար մենք պետք է բյուջետային եկամուտների երաշխավորված ու անընդհատ աճ արձանագրենք, իսկ դրանց հնարավորությունը պայմանավորված է կապիտալ ծախսերի ու ներդրումների ծավալներով ու տեմպով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը ևս 1-2 տարի կշարունակվի, և բյուջետային կարողությունները կօգտագործվեն Հայաստանի տնտեսական հզորությունը, ներուժը ավելացնելու ուղղությամբ և բյուջեի եկամուտներն անընդհատ երաշխավորելու համար:

Կապիտալ ծախսերը, համաձայն բանախոսի, վերաբերելու են ճանապարհների վերակառուցմանը և խոսքը միայն հանրապետական նշանակության ճանապարհների մասին չէ, այլ մարզային, ինչու ոչ նաև միջհամայնքային ճանապարհների, էներգետիկ ենթակառուցվածքների, ջրամատակարարման: «Սրանք այն ենթակառուցվածքներն են, որ անհրաժեշտ են որևէ տնտեսավարողի գործունեությունն արդյունավետ իրագործելու համար»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

Խոսրով Հարությունյանը հիշեց՝ 2008-ին առկա էր բարվոք իրավիճակ սոցիալական պաշտպանության առումով, սակայն, երբ 2009-ին ՀՆԱ-ի 14 տոկոսանոց անկում գրանցվեց, եկամուտները էապես նվազեցին, սոցիալական պարտավորությունները չնվազեցին: Դրա համար պետությունը սկսեց պարտքեր վերցնել իր քաղաքականությունն իրականացնելու համար, որը, ըստ Խոսրով Հարությունյանի, ամենաանարդյունավետ քաղաքականությունն է: «Հիմա, եթե մենք պարտք ենք վերցնում, ապա դա պետք է դա օգտագործվի կապիտալ ծախսերի առաջանցիկ տեմպ ապահովելու համար»,-ավելացրեց պատգամավորը:

Համաձայն ՀՀ 2018 թվականի պետբյուջեի նախագծի` եկամտային մասը կազմելու է 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ, ծախսային մասը՝ 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ, դեֆիցիտը` 157 միլիարդ դրամ:

Եվրոպական կոնֆեդերացիան Հայաստանի դպրոցներում վոլեյբոլի զարգացմանն ուղղված ծրագիր կիրականացնի

0

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: «Սկսել ենք անցկացնել բասկետբոլի հանրապետական առաջնություն։ Հուսով եմ, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահի արհեստավարժ աշխատանքի շնորհիվ կհասնենք այնպիսի մակարդակի, որ հնարավոր կլինի անցկացնել նաև վոլեյբոլի ներքին առաջնություն»,- ասել է Ռոստոմյանը:

Բորիչիչը նախարարին տեղեկացրել է եվրոպական կոնֆեդերացիայի կողմից հանրակրթական դպրոցներում վոլեյբոլի զարգացմանը միտված ծրագրի մասին, որը մեծապես կնպաստի մարզաձևի մասսայականացմանը: «Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի եռակողմ համագործակցության շնորհիվ կկարողանանք հասնել լավ արդյունքների»,- նշել է հյուրը:

Նախարար Ռոստոմյանը եվրոպական կառույցի ղեկավարին տեղեկացրել է, որ հանրակրթական դպրոցներում ծրագրի ներդրման վերաբերյալ համապատասխան նախագիծը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայից ստանալուց հետո ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սկսել քննարկումներ՝ այդ ծրագրի իրագործման շուրջ:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը և ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: 

 

Հայաստանում Կանադայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստել փոխայցերի ակտիվացմանը

0

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ հայ-կանադական հարաբերությունները կայուն զարգանում են, երկու երկրներն ունեն բարեկամության ու համագործակցության լավագույն ավանդույթներ: ՀՀ ԱԺ փոխնախագահն այս համատեքստում ընդգծել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը, բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը:

Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-կանադական խորհրդարանական հարաբերությունների առավել խորացմանը, փոխայցերի ակտիվացմանը: Ջոն Ռոնալդ Քյուրի խոսքով՝ տարին յուրահատուկ է նրանով, որ նշվում է Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2018 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը: Կարեւորվել է համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում:

Նախարարը քննարկել է Հայաստան-Վրաստան օդային գծի և Կապսի ջրամբարի կառուցման ֆինանսավորման հարցերը

0

 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են էներգետիկայի և ջրային տնտեսության ոլորտներում նախատեսվող մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժնից, կարևորելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և KFW բանկի դերը Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացման, վերազինման և արդիականացման գործում՝ Աշոտ Մանուկյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է մասնավորապես Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օդային գծի և Կապսի ջրամբարի կառուցման ծրագրերին։ Ընդգծելով դրանց նշանակությունը Հայաստանի տնտեսության համար՝ նախարարը ներկայացրել է ծրագրերի հետ կապված կառավարության մտադրությունները։

«Պետական պարտքի վրա ճնշումը թուլացնելու համար կառավարությունը նպատակ ունի ինքնածախսածածկում ապահովող մի շարք վարկային ծրագրեր իրականանացնել պետություն-մասնավոր համագործակցության ճանապարհով»,- նշել է Աշոտ Մանուկյանը։

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է զրուցակիցներին հետաքրքրող հարցերին, մանրամասն ներկայացրել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի և Կապսի ջրամբարի կառուցման ծրագրերի իրականացման ուղիներն ու նախատեսվող ֆինանսավորման մեխանիզմները։ Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել հետագայում՝ ծրագրերի հետ կապված որոշ հարցերի հստակեցումից հետո։

ՀՀ պատվիրակությունը հանդիպել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ

0

 ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում հանդիպել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հայկական պատվիրակության կազմում եղել են փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և այլ պաշտոնյաներ:

Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել ՀԲ փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի և ՀԲ  Dutch Constituency –ի  գործադիր տնօրեն Ֆրանկ Հիմսկերկի հետ: Քննարկման հիմնական թեմաներն են եղել «Երկրի գործընկերության շրջանակ» փաստաթղթի պատրաստման և համաձայնեցման ժամկետները, 2018 թվականին «Զարգացման քաղաքականության գործիքից» օգտվելու նպատակահարմարության հարցը և «Պարտքը բնապահպանության դիմաց» ծրագրի իրագործմանն ուղղված հետագա համատեղ քայլերը:

Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ԱՄՀ գործադիր տնօրեն Էնթոնի դը Լաննոյի և Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի գծով վարչության պետ Ջիհադ Ազուրի հետ: Քննարկման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱՄՀ նախորդ ծրագրի հաջող ավարտին և հայկական կողմի` ԱՄՀ –ի հետ External Fund Facility գործիքի շրջանակներում նոր ծրագիր սկսելու հնարավոր առաջարկին ու ֆիսկալ կանոնների վերանայման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր ծրագրի ուղղությամբ հետագա աշխատանքների ժամանակացույցի վերաբերյալ: Կողմերը համաձայնության են եկել հետագայում ևս շարունակել համատեղ ջանքերը ՀՀ ֆիսկալ կանոնների վերանայման, մասնավորապես նաև` ԱՄՀ կողմից նոր տեխնիկական աջակցության ներգրավման մասով:

Ընտանեկան բռնության դեմ օրենքի նոր նախագիծն ընտանիքի ավանդական արժեքների համար որեւէ վտանգ չի ներկայացնում. Վիգեն Քոչարյան

0

Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը վստահ է, որ Կառավարության նախաձեռնությամբ ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագիծն ուղղված է հայ ընտանիքի պաշտպանությանը եւ ներառում է հավասարակշռված, ընտանիքը խնայող մոտեցումներ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ փոխնախարարն այս մասին ասաց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումների շրջանակում:

«Քաղաքական որոշումը՝ ունենալ նման օրենսդրական կարգավորում, երեկ չէ, որ առաջացել է: Համապատասխան որոշումն ընդունվել է դեռեւս 2004 թվականին, երբ Կառավարությունն ընդունեց մարդու իրավունքների ոլորտում համապատասխան գործողությունների ազգային ծրագիրը, ինչը նախատեսում էր համապատասխան կարգավորումներ: Դրան ի պատասխան՝ 2006 թվականին  ստեղծվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ: Իրականում, որեւէ  արտառոց օրենսդրական կարգավորում այստեղ առաջարկված չէ, եւ նման օրենսդրություն ունեն աշխարհի 120 երկրներում: Այս օրենսդրական կարգավորումը  որեւէ վտանգ  չի ներկայացնում մեր ավանդական ընտանեկան արժեքներին, այլ լրիվ հակառակը՝ կարող ենք ասել, որ այն ուղղված է այդ արժեքների ամրապնդմանը»-ասաց նա:

Վիգեն Քոչարյանը հստակեցրեց, որ այս օրինագիծը միտված է ընտանեկան բռնությունների կանխարգելմանը եւ որեւէ կապ չունի ՀՀ քրեական օրենսգրքի հետ:

«Շատերը գնահատական են տալիս, որ համապատասխան հանրային պահանջ գոյություն չունի, մի քիչ տարօրինակ է դա  լսել այնպիսի մարդկանցից, ովքեր համապատասխան ոլորտում գործունեության որեւէ փորձ չունեն եւ  աշխատանքներ այս խնդրահարույց ոլորտում, փաստորեն, չեն կատարել: Այս պահանջի մասին կարող են հնչեցնել այն կառույցները, որոնք ամենօրյա աշխատանք են տանում այս ոլորտում, խնդիրներն են տեսնում: Նախեւառաջ, խոսքը գնում է մեր իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասին, ովքեր մատնանշում են այն մեխանիզմների բացակայության մասին, որոնք նախատեսված են սույն օրինագծով»,-ասաց Արդարադատության փոխնախարարը:

Նա նաեւ խոսեց վիճակագրական մի քանի տվյալների մասին,  որոնք, ըստ փոխնախարարի, բավականին մտահոգիչ են:

«Որոշ մարդկանց թվում է, որ այդ վիճակագրությունն աննշան է եւ ոչ մտահոգիչ, սակայն այդպես չէ:  Ոչ մասնագիտական հաշվարկներով՝ օրական երկու անգամ դիմում են ոստիկանություն՝ կապված ընտանեկան բռնության դեպքերի հետ: Ընդհանուր սպանությունների տասնյոթ տոկոսն ուղղակիորեն կապված է ընտանեկան բռնության հետ: Մտահոգիչ է նաեւ այն, որ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերի 47 տոկոսը հենց կատարվում է ընտանեկան միջավայրում: Սահմանադրական կարգավորումները հստակ նախատեսում են, որ հասարակության բնական եւ հիմնական բջիջը  ընտանիքն է, որը պետք է գտնվի պետության հոգածության ներքո: Սա նմանատիպ հոգածության նշան է»,-եզրափակեց Վիգեն Քոչարյանը: