Երեքշաբթի, 17. 06. 2025

Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Ղրիմի աստղ» միջազգային մրցույթ-փառատոնում

0

Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Ղրիմի աստղ» միջազգային մրցույթ-փառատոնին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:

Մրցույթի գրան-պրին շահել է երգիչ Հայկ Թոնգուրյանը:

Երգչուհիկոմպոզիտոր Մայա Աֆրիկյանը միջազգային ստուգատեսում արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվանակարգում, ինչպես նաև ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում: «Երբ ես նկատեցի, որ մրցույթում առկա է հեղինակային երգի անվանակարգ, շատ ոգևորվեցի, և որոշեցի տանել երգերս և այնտեղ ներկայացնել»,-նշում է Մայա Աֆրիկյանը: Նրա տեղեկացմամբ՝ մրցույթ-փառատոնին մասնակցել են տարբեր երկրների արտիստներ: Ժյուրիի կազմում եղել են բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ, պրոֆեսորներ, ոլորտի առաջատարներ: «Մրցույթի կազմակերպիչ քաղաքին նվիրված երգ էի գրել՝ կոչվում է «Ձոն Սևաստոպոլին», և այդ երգը կատարել եմ գալա-համերգին: Նշեմ, որ երգի խոսքի հեղինակը Սվետլանա Հովսեփյանն է: Այն շատ մեծ արձագանք ստացավ, շատ ջերմ ընդունվեց: Կազմակերպիչներին եմ նվիրել նաև երգի նոտաները»,-հավելում է Մայա Աֆրիկյանը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` ներկայացված երգերի տեքստերի հեղինակներն էին Սվետլանա Հովսեփյանը և Կորյուն Առաքելյանը:

 Հաղթական դափնի է հայրենիք բերել նաև դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը: Նա «Գործիքային երաժշտություն» անվանակարգում որպես կոնցերտմայստեր ստացել է դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ: Դաշնակահարուհին ամբողջ մրցույթի ընթացքում նվագակցել է Մայա Աֆրիկյանին, իսկ երգչուհին իր հերթին հանդես է եկել Լիլիանա Դարբինյանի մրցութային կատարման ընթացքում:

Փառատոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենքոր 2018 թմարտի 25-ին դափնեկիրներըայդ թվում՝ հայ  արտիստները, համերգով հանդես կգան Մոսկվայում:

Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը ժամանակին կստորագրվի. քաղտեխնոլոգ

0

Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը ժամանակին կստորագրվի: «Արմենպրես»ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Վիգեն  Հակոբյանն ասաց, որ փաստաթղթում ընդգրկված բոլոր դրույթները դեռ շատ վաղուց քննարկել են բոլոր շահագրգիռ կողմերը:«Համաձայնագրի ստորագրման ձգձգման հետ կապված պատճառներն ուղղակի ծիծաղելի են, եւ ես չեմ կարծում, որ նման բան կլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ այնտեղ չկան դրույթներ, որոնք հակասում են այսօրվա Հայաստանի կարգավիճակին:

Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին:

Հայաստանում հոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա

0

Հայաստանի տարածքում hոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: «Արմենպրես»ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի գիշերը կնվազի 1-2 աստիճանով, իսկ հոկտեմբերի 18-ի ցերեկը, ինչպես նաև 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 5 օրերին մայրաքաղաքում ցերեկը ջերմաստիճանը կլինի 19-21 աստիճանի սահմաններում:

Գնային առումով արդյունավետ լինելու դեպքում Հայաստանը նոր ատոմակայան կունենա. Դավիթ Հարությունյան

0

Գնային առումով արդյունավետ լինելու դեպքում Հայաստանը նոր ատոմակայան կունենա։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության   նախարար Դավիթ Հարությունյանը։ 
«Էներգետիկայի ոլորտում ունենք երկու մոտեցում, առաջինը՝ փորձելու ենք երկրում էներգակիրների գինը նվազեցնել, երկրորդը՝ նվազեցնել հոսանքի գինը։ Մենք պլանավորում ենք էներգետիկ ոլորտի զարգացում՝ ելնելով երկրի հիմնական ռազմավարական նպատակներից։ Սա քաղաքական որևէ ազդեցության ենթակա չէ, այլ էներգակիրների շուկայում առկա իրավիճակով է պայմանավորված, գներով, սպառմամբ և ժամանակակից տեխնոլոգիաներով»,- նշեց նախարարը։ 
Հարությունյանը ատոմակայան ունենալու քաղաքական որոշման վերաբերյալ ասաց, որ նոր ատոմակայան կլինի, եթե այն գնային, սակագնային առումով լինի արդյունավետ։ 
«Կառավարության երկարաժամկետ ռազմավարությունում հստակ նշված է, որ այն պարբերաբար ենթակա է վերանայման։ Կիրառվում է մաթեմատիկական մոդել և կանխատեսումների հիման վրա գնահատում են, թե որ ճանապարհն է ավելի արդյունավետ սպառողների համար։ Անընդհատ վերանայելու ենք՝ կախված տեխնոլոգիական զարգացումներից։ Հիմա նոր տեխնոլոգիա է ի հայտ եկել, որը հնարավորություն է ընձեռել ատոմակայանը 50-մեգավատանոց բլոգներով աշխատեցնել, և սա փոխում է դրա գնահատումը»,- ընդգծեց Արդարադատության նախարարը։ 
Նա նշեց, որ այս ամենի արդյունքում կարելի է գնալ լրիվ այլ ճանապարհով, որ ստեղծվի շատ ավելի փոքր հզորությամբ ատոմակայան։ Հարությունյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր անգամ գնահատելու են, թե որ մոդելն է առավելագույնս արդյունավետ լինելու։ 
«Եթե դուք ունեք արդեն իսկ կառուցված ատոմակայան, շատ էժան էլեկտրաէներգիա եք ստանում, բայց հենց որ սկսում եք հաշվարկել նոր ատոմակայանի վրա ներդրումները, դուք ունենում եք բացարձակապես այլ պատկեր։ Այն ամենևին նույնքան էժան չի լինելու, ինչ այսօրվա ատոմակայանի արտադրանքը»,- նշեց Դավիթ Հարությունյանը։ 
Ատոմակայան ունենալու փաստն անկախություն տալիս է, թե ոչ, ՀՀ արդարադատության նախարարը նշեց, քանի որ երկիրը չունի հումքի արտադրություն, ապա կախվածություն կա հումք արտադրողից։ 
«Պետք է հաշվի առնել նաև, որ մենք հումքի արտադրություն չունենք, այսինքն՝ այն միշտ ներմուծվում է ,և միշտ որոշակի կախվածության մեջ ենք լինում հումք արտադրողներից։ Սա հատկապես կարևորվում է, երբ խոսքը վերաբերում է հարստացված ուրանին։ Այս ամենից ելնելով՝ մենք փորձում ենք գնահատել բոլոր տարրերը։ 
Նրա խոսքով՝ ոչ հարստացված ուրանի շուկան ավելի մեծ է, իսկ հարստացվածի պարագայում շուկան անհամեմատ ավելի փոքր է, և արտադրողները կարող են թելադրել իրենց գները։ 
Դավիթ Հարությունյանն ասաց, որ ատոմակայանի կառուցումը չի կարող լինել գիտական զարգացումների խթանիչ։ 
«Արագացուցիչ ունենալը և դա զարգացնելը զարկ է տալիս գիտությանը, բայց ատոմակայանի առկայությունը չի խթանի գիտական զարգացումների»,- եզրափակեց ՀՀ արդարադատության նախարարը։ 

Պատգամավորը մտավախություն ունի, որ ընտանեկան բռնության դեմ նոր օրինագիծը չի նպաստի ներընտանեկան հաշտության ամրապնդմանը

0

ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մտավախություն ունի, որ Կառավարության նախաձեռնությամբ ներկայացված ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նոր նախագիծը հաջողություն չի ունենա:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումների շրջանակում:

Նրա կարծիքով, փորձ է արվում իրականություն ներմուծել այնպիսի օրենք, որի մոտեցումները հայերի  մտածելակերպին հատուկ չեն։

«Նախագծի համաձայն՝ ոստիկանությունը, որպես կանխարգելիչ միջոցառում, իրավունք ունի արգելել ծնողի և երեխայի տեսակցությունը, բայց չե՞ք կարծում, որ սա սահմանափակում է ՀՀ սահմանադրության 37-րդ հոդվածը, համաձայն որի միայն ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կարող է սահմանափակվել երեխաների և ծնողների տեսակցությունը»,- ընդգծեց պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանը մտահոգություն հայտնեց նաեւ այն հարցի վերաբերյալ, որ օրինագիծը չի նպաստի ներընտանեկան հաշտության ամրապնդմանը:
«Եթե հայրը, դաստիարակչական մղումներից ելնելով, երեխայի հետ կոպիտ խոսի, պետք է աշխատանքից վերադառնալով տեսնի, որ այնտեղ կանգնած ոստիկանը 100 մետրից չի՞ թողնում նրան մոտենալ»,- ասաց նա։

ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն էլ ընդգծեց, որ ծնողների եւ երեխաների տեսակցության սահմանափակումները միայն դատարանի որոշմամբ են լինելու, իսկ օրենքում խոսք է գնում ոստիկանության կողմից երեխաների տեսակցության ժամանակացույց սահմանելու մասին:

Յենս Ստոլտենբերգը ողջունել է Սիրիայում խաղաղարարության քննարկումներին մասնակցելու ՀՀ պատրաստակամությունը

0

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Սիրիայում խաղաղարար գործողություններ իրականացնելու քննարկումներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը: Հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշեց, որ վեհաժողովի նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ինքը հարց է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին` Սիրիայում տիրող իրավիճակի և այնտեղ խաղաղարար գործողություններ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ:

«Մեզ հետաքրքրում էր, թե ՆԱՏՕ-ն ինչ ուղղություններ է տեսնում Սիրիայում խաղաղարար գործողությունների իրականացման հարցում:  Մենք նաև հայտնեցինք Հայաստանի պատրաստակամությունը նման քննարկումներին ակտիվ մասնակցելու վերաբերյալ, ինչի մասին խոսել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից: Գլխավոր քարտուղարը ներկայացրեց Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպիսին է տեսնում ՆԱՏՕ-ի դերակատարումն այնտեղ խաղաղարար գործողություններ իրականացնելու առումով: Նա ողջունեց այդ քննարկումներին մասնակցելու մեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր մյուս պետությունների պատրաստակամությունը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Նահապետյանը:

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ այս պահին նպատակահարմար է Սիրիայում խաղաղարար գործողություններ իրականացնել ՄԱԿ-ի շրջանակներում:

 

 

Կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառումը դրական կանդրադառնա կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա. Դավիթ Հարությունյան

0

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր մասնակցել է «Էլ-կառավարման համակարգերի մշակում արդարադատության ոլորտում» թեմայով շնորհանդեսին, որին ներկա է եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Միջոցառման ընթացքում ներկայացվել են արդարադատության նախարարության կողմից Եվրոպական միության աջակցությամբ  էլեկտրոնային արդարադատության ոլորտում ներդրված էլեկտրոնային կառավարման ծրագրերը, որոնք ուղղված են պետության գործունեության թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների հասանելիության, որակի և արդյունավետության բարձրացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը և բոլոր գործընկերներին՝ ՀՀ-ի պետական կառավարման համակարգում առանցքային բարեփոխումների իրականացմանը շարունակաբար աջակցելու համար: «Պետական կառավարման համակարգի թվայնացումը, կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառումը դրական կանդրադառնա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին՝ պետական կառավարման համակարգին, ենթակառուցվածքներին, տնտեսությանը, հասարակական կյանքին, կրթությանը, անվտանգությանը և Հայաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացներին»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի պետական համակարգի արդիականացումը Կառավարության առաջնահերթություններից է:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին դրական է գնահատել ծրագրի արդյունքները և կարևորել էլ-կառավարման կիրառումը՝ կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարում: ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով, ծրագրի շնորհիվ Հայաստանում ներդրվում է աշխարհի լավագույն փորձն ու ժամանակակից կառավարումը, որի արդյունքում Հայաստանն առաջատար է դառնում մյուս երկրների՝ անգամ Եվրամիության երկրների նկատմամբ:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը վստահեցրել է, որ Նախարարությունը շարունակելու է ջանքեր գործադրել էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառմամբ պետական կառավարման համակարգը արդիականացնելու և թափանցիկ, մասնակցային ու արդյունավետ կառավարման համակարգ ձևավորելու ուղղությամբ:

  «Էլ-կառավարման համակարգերի մշակում արդարադատության ոլորտում» թեմայով շնորհանդեսին ներկայացվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքը, որն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և ներկայացված առաջարկները ամփոփելու գործուն մեխանիզմ՝ ուղղված  պետության իրավաստեղծ գործունեությանը հասարակության մասնակցության ապահովմանը, իրավական ակտերի նախագծերի մշակման առավել բաց, թափանցիկ և հաշվետու գործընթացի կազմակերպմանը, Էլեկտրոնային նոտարի համակարգը, որի արդյունքում ստեղծվել է բոլոր նոտարական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով գեներացնելու հնարավորություն,  զարգացել է նոտարական ծառայությունների համար նախապես առցանց դիմելու համակարգը, ստեղծվել է առցանց եղանակով նոտարին որոշակի հարցումներ ուղարկելու  հնարավորություն:

Համակցման աշխատանքներ են իրականացվել նաև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի, ՀՀ ոստիկանության էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ:

Արդարադատության նախարարությունը ներդրել է նաև էլեկտրոնային ապոստիլի www.e-apostille.amհամակարգը, որը հնարավորություն է ընձեռում փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու դիմումներն ընդունել էլեկտրոնային եղանակով, իսկ ստացված ապոստիլների վավերականությունը ստացող պետության իրավասու մարմինը կարող է ստուգել առցանց:

Պատգամավորը տարին հուսադրող է համարում 9 ամսվա տնտեսական ցուցանիշների առումով

0

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը 2017 թվականի ինն ամսում գրանցված տնտեսական ցուցանիշները հուսադրող է համարում: Նրա խոսքով` առկա է գործարար մեծ ակտիվություն՝ 6-6.1 տոկոս, բյուջեի եկամուտների գերակատարում: «Սա խոսում է այն մասին, որ տնտեսական ակտիվությունն ու տարվա ընթացքում կառավարության կողմից իրականացված քաղաքական նախաձեռնությունները կամաց-կամաց իրենց զգացնել են տալիս: Պետք է արձանագրենք, որ արտահանման բավականին տպավորիչ աճ (21 տոկոս) ունենք թե Եվրամիության երկրներ, թե ԵԱՏՄ ուղղությամբ: Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել ԵԱՏՄ արտահանման աճը, որը պայմանավորված է ռեալ սեկտորի տարբեր ոլորտներով»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց պատգամավորը:

Ինչպես Խոսրով Հարությունյանն է նշում, եթե ԵՄ Հայաստանից հիմնականում արտահանվում է հումք, հանքահումքային արտադրանք, ապա ԵԱՏՄ երկրներ`
գյուղատնտեսական մթերքներ, վերամշակող և արդյունաբերական այլ ճյուղերի արտադրանք: «Այսինքն` ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը թույլ է տալիս ռեալ սեկտորի տարբեր ոլորտներ զարգացնել և դիվերսիֆիկացված քաղաքականություն իրականացնել»,-ավելացրեց Խոսրով Հարությունյանը: 
Անդրադառնալով ներմուծման աճին, որը, ըստ պատգամավորի, 24 տոկոս է, բավականին լավ ցուցանիշ է նախորդ երկու տարիների համեմատ: Տրանսֆերտների, ոչ այնքան մեծ, բայց աճն էլ պատգամավորը պայմանավորում է ռուսական տնտեսության մեջ դրական տեղաշարժերով:

 

Երեկվա տեղումները մի քանի օրով հետաձգել են կարտոֆիլի բերքահավաքը Գեղարքունիքում

0

Գեղարքունիքում հոկտեմբերի 16-ին տեղացած անձրեւը, որը որոշ տեղեր գիշերային ժամերին փոխվել է ձյան, շատ տնտեսություններում խաթարել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքը՝ այն հետաձգելով եւս մի քանի օրով: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, հետկեսօրին տեղացել է առատ անձրեւ, որն ուղեկցվել է քամու ուժգնացմամբ, անմիջապես ընդհատվել են բերքահավաքի եռուն աշխատանքները կարտոֆիլի դաշտերում, նույնիսկ հնարավոր չի եղել ցեխոտ դաշտերից տեղափոխել պարկերի մեջ լցված բերքը: «Բեռնատար մեքենաներն ի վիճակի չէին դաշտեր մտնելու եւ հավաքած բերքը բեռնելու: Տարբեր համայնքների տնտեսություններում դեռ չհավաքած է մնում կարտոֆիլի, կաղամբի, գազարի բերքի մոտ 30 տոկոսը: Տեղումներն այնքան առատ են, որ առաջիկա մի քանի օրերին դժվար թե հողը չորանա, ձյունը հասել է մինչեւ մեր գյուղի փեշերը: Եթե գոնե մի շաբաթ ժամանակ տա, մարդիկ կհասցնեն հավաքել բերքը, թեեւ ցրտահարության վտանգն էլ առկա է գիշերային ժամերի ընթացքում: Մարդիկ ամբողջ տարին պայքարեցին երաշտի դեմ, հիմա էլ ջանում են օր առաջ անկորուստ հավաքել բերքը, սակայն եղանակային անբարենպաստ պայմաններն, այդուհանդերձ, անում են իրենց գործը»,- ասաց Շատվանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ պարենային կարտոֆիլը տեղում վաճառվում է 120-130 դրամով, ինչը մոտ 20-30 դրամով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շուկայական գնից:

Խոսրով Խլղաթյան

Գեղարքունիքում ինքնաբացարկ են հայտնել համայնքի ղեկավարի 3 թեկնածու

0

Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներում հոկտեմբերի 17-ի դրությամբ համայնքի ղեկավարի թեկնածուների կողմից ներկայացվել է ինքնաբացարկի 3 դիմում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժաղովից, ինքնաբացարկ են հայտնել Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Կարեն Մկրտչյանը, Ծովինար համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական, Ծովինարի գյուղապետի տեղակալ, ինքնաառաջադրված Գեղամ Գյուրջյանը եւ Ձորագյուղ համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական, ինքնաառաջադրված, «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր մասնագետ Դավիթ Մանուկյանը:

Այսպիսով, եթե Վարդենիսում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պայքարը շարունակելու են 4 թեկնածու, ապա Ծովինարի եւ Ձորագյուղի գործող ղեկավարները քվեարկվելու են առանց մրցակցության:

Խոսրով Խլղաթյան