Երկուշաբթի, 16. 06. 2025

Սպասվող լրահոս. 18.10.2017

0

«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հոկտեմբերի 18-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նարարար Սուրեն Կարայանը հանդես կգա մամուլի ասուլիսով: Նա կներկայացնի վերջին մեկ տարվա աշխատանքների արդյունքները:

Անցկացվում է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխություն: Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը և Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը կներկայացնեն մանրամասներ մրցանակաբաշխության մասին:

ՀՀ փաստաբանների պալատը, hաշվի առնելով «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ բուռն արձագանքը, շրջանառվող տարակարծությունները՝ նախաձեռնել է թեմայի շուրջ կլոր սեղան-քննարկում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հոկտեմբերի 18-19-ը տեղի կունենան 8-րդ Ազգային սոցիալական գործընկերության համաժողովը՝ «Սոցիալական և համերաշխ տնտեսություն ու սոցիալական գործընկերության խթանում. Շվեյցարիայի լավագույն փորձը» խորագրով: Շվեյցարիայից ժամանած կազմակերպությունները կներկայացնեն նշված խնդիրների կարգավորման իրենց երկրի փորձը:

Սատանդարտացման ոլորտի մասանգետները նշում են մասնագիտական տոնը: Ստանդարտների համաշխարհային օրը նպատակաուղղված է արժանին մատուցել հազարավոր փորձագետների աշխատանքին, որոնք մշակում են ազգային, տարածաշրջանային և միջազգային ստանդարտները։ 2017 թվականի կարգախոսն է՝ «Ստանդարտները քաղաքները դարձնում են խելացի»։ Օրվա առթիվ, Երևանում կանցկացվի միջոցառում, որին կմասնակցեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար, ՄԱԿ-ի դեսպան Բրեդլի Բուզետտոն և այլք: Միջոցառման ընթացքում պարգևներ ու շնորհակալագրեր կհանձնվեն որոշ ընկերությունների։

Լրագրողների հետ կհանդիպի պատմաբան, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը: Նա կխոսի զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ:

Հոկտեմբերի 21-ին Երևանում հայ հանդիսատեսին կներկայացվի «Փրկության քարտեզ» ֆիլմը: Լրագրողների հետ հանդիպմանը «Փրկության քարտեզ» ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը, «Man Pictures» ստուդիայի հիմնադիր-տնօրեն, ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը կներկայացնեն մանրամասներ ֆիլմի մասին: Այն Հայոց ցեղասպանության ականատեսների՝ եվրոպացի 5 միսոներ կանանց ճակատագրական պատմությունների մասին է, որոնք հայտնվելով «արյան և արցունքների երկրում» միայնակ կարողացան փրկել հազարավոր հայ երեխաների ու կանանց:  Ֆիլմը նկարահանվել է 9 երկրում՝ 45 դերակատարների մասնակցությամբ: Ցուցադրումները կայացել են 14 երկրում 31 քաղաքներում:

Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի մամուլի սրահում էլ լրագրողների հետ կհանդիպի ջութակահար Նիկոլայ Մադոյանը՝ Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանելու կապակցությամբ: Ն.Մադոյանը հայ երաժիշտներից առաջինն է, որ գրանցվել է Գինեսի գրքում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Ծանրորդ Իզաբելլա Յայլյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր

0

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Իզաբելլա Յայլյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Կանանց 58 կգ քաշային կարգում Յայլյանը հրում վարժությունում բարձրացրել է 85 կգ՝ դառնալով փոքր բրոնզե մեդալակիր, իսկ հրումում նա գլխավերևում պահել է 110 կգ (փոքր արծաթե մեդալակիր): Երկամարտի 195 կգ Իզաբելլա Յայլյանը դարձել Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:

    

Տեսակէտ. Պաշտօնազրկում Փոխան Գնահատանքի

0

ՆԱՅԻՐԻ ՄԿՐՏԻՉԵԱՆ

Հիմնուելով ազատ խօսքի եւ բազմակարծութեան մշակոյթի մեր դաւանանքին վրայ, (որոշ յապաւումներով) տեղ կու տանք մեր պաշտօնակիցին սոյն յօդուածին:

Նոյն սկզբունքներէն ելլելով մեր էջերը բաց կը պահենք հակառակ տեսակէտներու եւս՝ եթէ կան:

Մինչ այդ եւ այս առիթով, տուեալ վարժարանին ինչպէս նաեւ Հայ Վարժարանին ընդհանրապէս կը մաղթենք հեզասահ եւ բեղմնաւոր դպրոցական տարեշրջան մը:

«Խմբ.»


Լիբանանի  Հայ Կաթողիկէ  Սուրբ Խաչ – Հարպոյեան վարժարանի (անհասկնալօրէն նախկին) Տնօրէնուհի Տիկին Ռիթա Ժամկոչեան – Պոյաճեանին ծանօթ եմ շնորհիւ անոր  բեղուն գործունէութեան, եռանդուն կերպարին, նորարար ծրագրերուն եւ պատրաստակամ համագործակցութեան։

Աշխատանքիս բերումով ծանօթ եմ նաեւ Սփիւռքի մէջ տիրող իրավիճակին եւ յատկապէս իրարու ետեւէ փակուող կամ աշակերտներու թիւի նուազեցում արձանագրող հայկական դպրոցներուն, որոնց մէջ բացառութիւն էր Ռիթա Պոյեաճեանի կառավարած դպրոցը, որ իր պաշտօնավարման տասը տարիներուն ընթացքին (2007-2017) դպրոցի աշակերտութեան թիւը 304-էն հասած էր 475-ի։

Թիւի այս աճը պատահական չէ. նման յաջողութիւն ունենալը արդիւնք է, նախ՝ դպրոցին կարիքները լաւապէս հասկնալու, մանկավարժական առողջ մօտեցում ունենալու եւ անսակարկ զոհողութիւններու, որոնք օգուտ բերած են դպրոցին եւ անոր աշակերտութեան, հետեւաբար՝ ազգին։

Տասը տարիներու ընթացքին, Տիկին Ռիթան դպրոցը օժտած է նոր բաժանմունքներով ու կրթական ծրագրերով, նոր ենթակառոյցներով ու նորարական ծրագրերով, որոնց շնորհիւ դպրոցը դարձաւ լիբանանահայ առաջատար ուսումնական հաստատութիւններէն մէկը։ Այս մէկը միայն իմ վկայութիւնս չէ, այլեւ, Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Երջանկայիշատակ Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս Պատրիարքի, որ գնահատել գիտէր,-

«Ուրախ ենք, որ դուք իբրեւ այս կրթական հաստատութեան մեծաւորուհին՝ ձեր աշխատանքով արդարացուցիք մեր նախանձախնդրութենէն բխած ակնկալութիւնները։

Մեր այս օրհնութեան գիրով կ’ուզենք մեր գնահատանքը արտայայտել ձեր նուիրեալ ու անխոնջ աշխատանքին՝ ի խնդիր Պատրիարքութեանս Սուրբ Խաչ-Հարպոյեան երկրորդական Վարժարանի վերելքին, որուն շնորհիւ այս կրթական օճախը կը դառնայ լիբանանահայ առաջատար ուսումնական հաստատութիւններէն մէկը»,- 2015 թուականին Տիկին Ռիթային յղած օրհնութեան գիրին մէջ, բառացիօրէն ըսած է երջանկայիշատակ Պատրիարքը։

Տիկին Ռիթան շարունակեց գործել նոյն եռանդով, անոր աշխատանքային ծիրը ընդլայնուեցաւ՝ հասնելով Հայաստան ու Արցախ. ան իր լայնածաւալ գործունէութեան համար արժանացաւ նաեւ ՀՀ սփիւռքի նախարարի գնահատանքին, բայց այսօր՝ փոխան գնահատանքի՝ պատրիարքարանի որոշումով Տիկին Ռիթան պաշտօնազրկուեցաւ։ Ինչո՞ւ, երբ ինք այդ նոյն «կրթական մեծաւորուհին» է, արդեօ՞ք պատրիարքութեան «նախանձախնդրութիւններն ու անոնցմէ բխած ակնկալութիւններ»-ը փոխուած են, դժուար է ըսել…

Բայց Տիկին Ռիթայէն տեղեկացայ, որ տնօրէնի պաշտօնը նախ ուզած են կիսել իր եւ այլ նախկին ուսուցիչի մը միջեւ, որուն հետ ատենին ունեցած է տարակարծութիւններ։ Բնականաբար, Տիկին Ռիթան մերժած է եւ հետեւաբար հեռացուած` դպրոցէն։

Այսօր, Սուրբ Խաչ-Հարպոյեան վարժարանը՝ մէկի փոխարէն ունի երեք տնօրէն: Մթնոլորտը փոթորկոտ եղած է: Ծնողներն ու աշակերտները նախ բողոքեցին, բայց ապարդիւն, հիմա ստիպուած են տարին շարունակել իրենց վճարած կրթաթոշակներուն դիմաց՝ միւս տարի այլ դպրոց մը տեղափոխուելու որոշումով։ Այս բոլորը պատրիարքարանին պէտք չէ՞ յուզէ…:  

Ուրկէ՞ եկած է եւ ինչո՞ւ սկսած է այս փոթորիկը պարզ չէ, բայց որ ան մեծ վտանգ կը կը սպառնայ մեծ հեղինակութիւն ունեցող հայկական դպրոցի գոյութեան՝ փաստ է եւ բնական հետեւանք, երբ այսքան գործունեայ տնօրէնուհին գնահատուելու փոխարէն՝ կը պաշտօնազրկուի։

 

 

 

 

Հայաստանի Անկախութեան 26-ամեակին Նուիրուած Ձեռնարկ՝ Պոլ

0

Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան մէջ (ՍԾՏՀԿ) Հայաստանի Հանրապետութեան մշտական ներկայացուցչութեան նախաձեռնութեամբ եւ պոլսահայ համայնքի աջակցութեամբ Հոկտեմբեր 14-ին Սթամպուլի մէջ առաջին անգամ ըլլալով ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնին նուիրուած ձեռնարկ, որու ընթացքին ելոյթ ունեցան Հայաստանէն ժամանած «Կադանս» անսամպլը եւ պոլսահայ «Մարալ» պարային համոյթը:

Բացման խօսքին մէջ ՍԾՏՀ-ի մէջ ՀՀ մշտական ներկայացուցիչ Արսէն Աւագեան նշած է, որ անցած 26 տարիները եղան հայկական պետականութեան ամրապնդման եւ հզօրացման, ժողովրդավարութեան զարգացման եւ կայացման ժամանակահատուած՝ դժուարութիւններու յաղթահարմամբ եւ կարեւոր ձեռբքերումներով: Արսէն Աւագեան ընդգծած է նաեւ Հայաստանի դերը համայն հայութեան ներուժը համախմբելու գործին մէջ:

Համերգին ներկայ էին Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Պեքճեան, Արամ արքեպիսկոպոս Աթէշեան, Սահակ եպիսկոպոս Մաշալեան, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Թուրքիոյ Ազգային մեծ ժողովի հայ պատգամաւորներ Սելինա Տողան եւ Կարօ Փայլան, համայնքային կառոյցներու եւ հաստատութիւններու ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

Պտոյտներ Հայաստանի Մշակոյթի Գանձարաններուն Մէջ – ԺԳ – Բացառիկ են Բացառութիւնները – Դերենիկ Դէմիրճեանի Տուն-թանգարան

0

*ՏԱԹԵՒ ԴԱՒԹԵԱՆ*
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից


Իմաստուն էր կենսափորձով, հարուստ` փիլիսոփայի պէս եւ յաճախ ալ միամիտ` երեխայի նման, խորամանկ էր դիւանագէտի արուեստով, եւ յաճախ բորբոքուող ու անմիջական` զինուորի պէս:

Բացառիկ են բացառութիւնները: Եւ այդ մեծ երկունքէն ծնած «Վարդանանք»-ը, որուն նման գիրքեր ստեղծելը՝ գրողին համար հաւասար է բախտորոշ ճակատամարտ շահող զօրավարի սխրագործութեան եւ դիւցազուն զաւակ ծնող մօր երախտիքին։

Հրաչեայ Քոչար

Թէ ո՞վ էր այդ խորունկ հոգին, այդ ինքնատիպ, անկրկնելի տաղանդը, որ ըստ արժանւոյն չգնահատուեցաւ իր կենդանութեան օրով եւ աշխարհէն հեռացաւ՝ առանց ճաշակելու մեծ գրողի եւ մտածողի երջանիկ ինքնազգացողութիւնը։

Դէմիրճեանի տուն-թանգարանը հիմնադրուած է 1977-ին, Երեւանի այն բնակարանին մէջ, ուր 1929-էն մինչեւ իր մահը ապրած է նշանաւոր գրողը (1877-1956): Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանի մասնաճիւղն է: Ունի 670 հիմնական եւ գրեթէ նոյնքան գիտաօժանդակ նիւթեր, որոնք լաւագոյնս կը ներկայացնեն գրողի անցած բազմամեայ ստեղծագործական ուղին: Տուն-թանգարանին մէջ պարբերաբար կը կազմակերպուին գրական-թատերական  ցերեկոյթնր, հանդիպումներ, գիրքի շնորհանդէսներ, քննարկումներ`նուիրուած թէ՛ դասական գրողի կեանքին ու ստեղծագործութեան եւ թէ՛ գրական արդի խնդիրներուն ու երեւոյթներուն:

«Զարթօնք»-ի այս անգամուան զրուցակիցն է Դերենիկ Դէմիրճեանի տուն թանգարանի վարիչ Կարինէ Ռաֆայէլեան, որ արդէն 23 տարի է իր առօրեան նուիրած է Դէմիրճեանի տուն-թանգարանին եւ անոր գործունէութեան կազմակերպման:

 

«Զ.» – Թանգարանը կը հանդիսանայ Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանի մասնաճիւղերէն մէկը: Հիմնադրման ի՞նչ պատմութիւն ունի թանգարանը:

«Կ. Ռ.» – Թանգարանը  հիմնադրուած է 1977-ին, երբ կը նշուէր Դերենիկ Դէմիրճեանի ծննդեան 100-ամեակը: Բացման առիթով եղած է շատ մեծ տօնակատարութիւն։ Այդ տարի, բացի թանգարանէն, Երեւանի մէջ բացուած է նաեւ «Քաջ Նազար» սրճարանը, որ դարձաւ երեւանցիներուն ամենասիրելի վայրերէն մէկը: Ես այդ ժամանակ դեռ դպրոցական էի եւ մեր ընտանիքին համար նոյնպէս ժամանցի համար հաճելի վայր էր: Յոբելեանին առիթով՝ սկսան նաեւ տպագրուիլ Դէմիրճեանի գիրքերը, թաշկինակներ  տպագրուեցան Դէմիրճեանի Քաջ Նազարը հերոսի պատկերներով, որոնց օրինակներէն կրնաք տեսնել մեր թանգարանին մէջ: Այսպէս, տարբեր միջոցներով փորձեցին ժողովուրդի գիտակցութեան հասցնել, որ իրենց մեծի, դասականի 100-ամեակն է եւ ի հարկէ հիմնական մնայուն արժէքը եղաւ եւ մնաց այս թանգարանը: Այսպէս, իւրաքանչիւր մեծ ու փոքր գործի շարժիչ ուժը անպայման կ՝ենթադրէ նուիրեալ անհատի գոյութիւն, որ այս պարագային նուիրեալ անհատ  դարձաւ Դերենիկ Դէմիրճեանի քրոջ դուստրը` Նաթալիա Շիրինեան, որուն ջանքերով ստեղծուեցաւ թանգարանը: Այդ ժամանակ Դէմիրճեան արդէն ողջ չէր՝ 1956-ին ան մահացած էր: Անկէ ետք, այս տան մէջ կը շարունակէին ապրիլ անոր ընտանիքի անդամները եւ երբ ցաւօք սրտի անոնք ալ մահացան, Դէմիրճեանի քրոջ դուստրը որոշեց այս տունը վերածել գրողի տուն-թանգարանի: Մենք պէտք է Նաթալիա Շիրինեանին մեր մեծագոյն երախտագիտութիւնը յայտնենք, ցաւօք ան նոյնպէս երկրային կեանքին հրաժեշտ տուած է, բայց իր ըրած գործը՝ բարեբախտաբար կը շարունակուի կենդանի մնալ:

«Զ.» – Քանի՞ ցուցասրահ ունի թանգարանը: Որքա՞ն կը կազմէ յուշային մասը:

«Կ. Ռ.» – Ամբողջ մասը յուշային է, որովհետեւ թանգարանը բնակարան եղած է։ Մենք այստեղ կցակառոյցներ չունինք: Ինչ որ այսօր կայ, եղած է Դէմիրճեանի ապրելու տարիներուն եւս, պարզապէս այսօր որոշ փոփոխութիւններու ենթարկուած է շինութիւնը: Օրինակ՝ պատշգամը վերածուած է սրահի: Ամէն պատ մենք հաշուարկած ենք, որպէսզի կարենանք բան մը ցուցադրել, որովհետեւ Դէմիրճեանի արխիւը շատ հարուստ է եւ քանի որ ան ապրած է շատ համեստ կեանքով՝ ընդամէնը երեք սենեականոց բնակարանի մէջ, ուստի մեր տարածքը շատ սուղ է: Նոր ցուցադրութեան մէջ մենք կ՝օգտագործենք ածանցեալ հնարաւորութիւններ `մեր առաջին ձեռքբերումը պաստառի առկայութիւնն է եւ այն նիւթերը, որոնք մենք պատերուն վրայ չենք կրնար ցուցադրել, պաստառի միջոցով կը հասցնենք այցելուներուն: Այսօր, թանգարանը ունի երեք յուշային սրահ եւ հատուած պատշգամէն, որ փակուած է վերածուելով սրահի:

Առաջին սրահին մէջ վահանակներով եւ ըստ տասնամեակներու՝ կը ներկայացուի Դէմիրճեանի կենսագրութիւնը, գրական գործունէութիւնը, ընտանիքը՝ այնքան որքան հնարաւոր է՝ տասը վահանակի մէջ տեղաւորել: Երկրորդ սրահը յուշային սրահ է՝ Դէմիրճեանի աշխատասենեակը: Անիկա պահպանուած է այնպէս, ինչպէս եղած է Դէմիրճեանի օրով`պատերուն գոյները, յատակը, կահոյքը, վարագոյրները: Երրորդ սրահը ընտանեկան հիւրասենեակ եղած է, ուր ճաշած են ամբողջ ընտանիքով, հիւրեր ընդունած են: Եւ պատշգամի փոքրիկ սրահը, ուր մենք աշխատած ենք՝ Դէմիրճեանի շարժանկարը եւ թատրոնը տեղաւորած, որ իսկապէս դժուար է, որովհետեւ Դէմիրճեանի ներկայացումները իսկապէս բեմադրած են եւ կը բեմադրեն ժամանակի թատերական գործիչները:

«Զ.» -Ի՞նչ ձեռնարկներ կ՝իրականցուի թանգարանին մէջ:

«Կ. Ռ.» – Տուն-թանգարանի նիւթերուն հիման վրայ ստեղծուած են հեռատեսիլի եւ ձայնասփիւռի հաղորդումներ: Այստեղ պարբերաբար կը կազմակերպուին գրական-թատերական ցերեկոյթներ, հանդիպումներ, քննարկումներ` նուիրուած գրողի կեանքին ու ստեղծագործութեան, գրական արդի խնդիրներուն ու երեւոյթներուն, ընթերցումներ, դպրոցականներու համար` դասընթացներ, նկարներու մրցոյթներ եւ այլն: Մենք տեղ յատկացուցած ենք նաեւ այն գիրքերուն, որոնք այս տարիներու ընթացքին լոյս ընծայած է թանգարանը, որովհետեւ մենք նաեւ կը զբաղինք գրական հրատարակչական գործունէութեամբ: Թանգարանի հրատարակած գիրքերը ներկայցուած են առանձին ցուցափեղկով. այցելուն կրնայ գալ եւ ծանօթանալ անոնց:

«Զ.» -Ի՞նչ համագործակցութիւն ունիք Սփիւռքի հետ: Ի՞նչ գործունէութիւն կը ծաւալէք Սփիւռքի մէջ։

«Կ. Ռ.» – Սփիւռքի հետ համագործակցութիւնը այն է, որ ես, ամէն տարի, Լիբանանի Հայկազեան հայագիտական հանդէսին մէջ Դէմիրճեանի մասին ընդարձակ ուսումնասիրութեամբ որեւէ յօդուած կը տպագրեմ, որպէսզի դուրսը եւս յիշեն եւ ճանչնան Դէմիրճեան հեղինակը: Ի հարկէ Դէմիճեանի ժառանգներէն շատերը նոյնպէս կ՝ապրին Սփիւռքի մէջ եւ բնականաբար կան կապեր, հիւրընկալութիւններ, յարաբերութիւններ: Կ՝ուզեմ, որ մեր այցելուները նախկինի նման եւ աւելի աշխոյժ այցելեն մեր թանգարանը, որովհետեւ մեր աշխատանքը կ՝իմաստաւորուի, երբ մենք մարդոց կը ներկայացնենք այդ աշխատանքը:

«Զ.» -Ի՞նչ կրթական ծրագիրներ կ՝իրականացուին թանգարանէն ներս:

«Կ. Ռ.» – Թանգարանը ունի երկու ուղղուածութիւն: Մենք ունինք նաեւ դասաժամեր տարբեր տարիքի խումբերու՝ պզտիկներու համար, որոնք մենք շատոնց կ՝իրականցնենք տարբեր թեմաներով: Մենք կ՝աշխատինք անդրադառնալ ո՛չ միայն Դէմիրճեանի կեանքին ու գործունէութեան, այլ՝ առհասարակ գրականութեան երեւոյթին, շեշտադրելով Դէմիրճեանը:

 Մենք աշխատանքի մէջ շատ կարեւոր կը համարենք այն պահը, երբ կը ներկայացնենք ժամանակակից յայտնի հայ գրողները: Դէմիրճեանի տան մէջ կը հիւրընկալուի ժամանակակից գրողը եւ մենք կը խօսինք անոր մասին, մեր տեսանկիւնէն կը ներկայացնենք զինք եւ կու տանք հնարաւորութիւն ներկայանալու, որովհետեւ Դմիրճեանը կենդանութեան օրով եղած է շատ ուշադիր իր կրտսեր գրչակիցներու նկատմամբ: Այստեղ ժամանակին եկած են երիտասարդներ` Համօ Սահեան,  Սերօ Խանզադեան, Գուրգէն Բորեան, Հրաչեայ Յովհաննիսեան եւ շատ շատեր, որոնք եղած են Դէմիրճեանէն տարիքով փոքր, բայց անոնց հետաքրքրած է Դէմիրճեանի կարծիքը, իսկ անոր կարծիքը սկսնակ հեղինակի համար ուղեկցողի, խորհրդատուի առաքելութիւն կատարած է:

Յամառ աշխատող էր Դէմիրճեանը, ապրող, թափանցող-սրամիտ ու ինքնատիպ ոչ միայն գրականութեան մէջ, այլեւ՝ կեանքի, որուն մասին կրնաք համոզուիլ անոր տուն-թանգարանին մէջ: Թանգարանը կը գտնուի Երեւանի կեդրոնը` Աբովեան փողոց 29, բնակարան 4 հասցէին: Ել. հասցէ՝ karine.rafaekyan@mailru – հեռախօս`+374 10 52 77 74

Ցեղասպանութիւնը Ուրացողներ Կեղծ Բանաձեւով Մը Կը Փորձեն Ժխտումը Շարունակել

0

Հայոց Ցեղասպանութեան յստակ ճանաչումը ապահովելու եւ ապագայ ցեղասպանութեանց առաջքը առնելու նպատակով հանրապետական եւ դեմոկրատական քոնկրեսականներու կողմէ յառաջ մղուող թիւ 220 բանաձեւը ձախողութեան մատնելու նպատակով, Ներկայացուցիչներու տան մէջ Հայոց ցեղասպանութիւնը ուրացող երեք քոնկրեսականներ ներկայացուցած են Հայաստան-Թուրքիա յարաբերութեանց առնչուող բանաձեւ մը, ուր ոչ մէկ նշում կայ Ցեղասպանութեան:

«Հիւանդագին եւ լկտի այս դաւադրութիւնը, որուն մէջ պատմական իրողութիւնները կ՛ոտնակոխուին, յո՛յժ վիրաւորական է: Ամբողջ աշխարհին համար յստակ է, թէ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու բարելաւումը կրնայ սկսիլ միայն Անգարայի կողմէ Հայոց ցեղասպանութեան իրողութեան ճանաչումով: Քոնկրեսականներ Սթիվըրզի, Քոհընի եւ Սեշընզի այս արարքը պարզապէս Թուրքիոյ նախագահ Էրտողանի ուրացման քաղաքականութիւնը իրականացնելու փորձ մըն է», կը յայտնէ Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարեան:

Նշենք, որ թիւ 573 բանաձեւը ներկայացուած էր քոնկրեսականներ Սթիւ Սթիվըրզի (Հանրապետական Օհայօ), Սթիւ Քոհընի (Դեմոկրատական, Թենըսի) եւ Փիթ Սեշընզի (Հանրապետական Թեքսաս) կողմէ:

Կորյուն Նահապետյանը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքները

0

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դրական է գնահատում Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կորյուն Նահապետյանը նշեց, որ այդ հանդիպումից սպասելիքների վերաբերյալ նախնական հարցազրույցներում ինքն  ասել էր, որ այդքան էլ մեծ սպասումներ չունի, սակայն հավելեց, որ հանդիպման ընթացքում արձանագրված արդյունքները կարող են լավ հիմք լինել հետագայում որոշակի առաջընթաց ապահովելու համար: «Շփման գծում  լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ քայլերի ձեռնարկումը, կարծում եմ` մոտակա ժամանակահատվածի համար պետք է, որ ունենա մեծ ազդեցություն: Գիտեք, որ շփման գծում լարվածությունը շատ մեծ է: Մեր ակնկալիքը, որ պետք է ադրբեջանական կողմը միջոցներ ձեռնարկի այդ լարվածությունը մեղմացնելու առումով, արձանագրվեց այն վերջնական հայտարարության մեջ, որը տարածվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այս առումով, իհարկե, հանդիպման արդյունքները պետք է դրական համարել»,- ընդգծեց Նահապետյանը:

Դիտարկմանը, թե Ադրբեջանը մշտապես խախտել է բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, և ոչ մի երաշխիք չկա, որ այս անգամ էլ չի գնա այդ քայլին, Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Առաջին հերթին շատ կարևոր է հասնել որոշակի համաձայնությունների: Դա հեշտ չի տրվում: Հատկապես այն լարված պայմաններում, որում գտնվում են կողմերը: Դա նշանակում է, որ մեծ աշխատանք են կատարել թե միջնորդները, թե երկու կողմերի համապատասխան գերատեսչությունները: Որպես առաջին քայլ, իհարկե, պետք է հասնել համաձայնության: Երկրորդ ամենակարևոր քայլը այդ համաձայնությունների պահպանումն է: Հայկական կողմն ամբողջությամբ կատարում է իր ստանձնած պարտավորությունները, բայց կյանքը ցույց է տվել, որ ադրբեջանական կողմը կարող է մի բան հայտարարել, բոլորովին այլ բան իրականացնել»:

Պատգամավորն ընդգծեց, որ միջազգային հանրությունը և հատկապես Մինսկի խմբի համանախագահները պետք է հետամուտ լինեն, որպեսզի այդ համաձայնությունները կատարվեն: «Եթե կա պայմանավորվածություն լրացուցիչ միջոցներ ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու վերաբերյալ, ապա մոտակա ժամանակահատվածում պետք է տեսնել, թե ինչ գործողություններ են արվել այդ ուղղությամբ: Եթե մենք մոտակա ժամանակահատվածում արձանագրենք այլ իրավիճակ, երբ ադրբեջանական կողմը շարունակում է լարել իրավիճակը, օգտագործում է տարբեր տեսակի զինատեսակներ, խախտում է հրադադարի ռեժիմը, դա արդեն ցույց կտա, որ Ադրբեջանը բանակցությունների ժամանակ գալիս է համաձայնության, սակայն իրականացնում է լրիվ հակառակ գործողություններ»,- եզրափակեց Նահապետյանը:

Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը հաջորդեց նախագահների առանձնազրույցը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, մանրամասներ ներկայացնելով բանակցությունների արդյունքներից, նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել շփման գծում լարվածությունն էլ ավելի թուլացնելու ուղղությամբ:

 

 

 

Կառավարությունում քննարկվել են համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերը

0

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր: 
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է այդ նպատակով Հայաստանի մի քանի մարզում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին: Նշվել է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ամփոփվել է արդեն շուրջ 50 ծրագիր, որոնք ուղղված են բնակչության՝ եկամուտներ ստանալու հնարավորությունների ավելացմանը, ներդրումային միջավայրի և սոցիալական վիճակի բարելավմանը: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարապետյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները և լրամշակել համայնքային զարգացման նպատակով մշակված ծրագրերը՝ կարևորելով դրանց հիմքում հստակ բիզնես տրամաբանության ներդնումը, որը կնպաստի համայնքներում տնտեսական ակտիվության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը:  

2017 թվականի 9 ամիսներին գրանցվել է անչափահասի նկատմամբ բռնության 146 դեպք

0

 Ընտանիքում բռնությունները բացառելու համար պետք է ունենալ համապատասխան օրենք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ   հրավիրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումների շրջանակում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

«Պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր ընտանիքում գրեթե կա առնվազն մեկ երեխա, ով եթե նույնիսկ չի ենթարկվում ֆիզիկական, ապա հոգեբանական բռնության անպայման ենթարկվում է: Միգուցե օրենքում կա հստակեցումների կարիք, բայց կարծում եմ՝ դա զուտ տեխնիկական  հարց է: Շուրջ քսան տարի աշխատելով ընտանիքների, երեխաների հետ, չեմ ուզում աչք փակել այն հանգամանքի վրա, որ այո, ունենք ընտանիքում բռնություն: Պետք է  ամեն ինչ անել,  որպեսզի օգնենք  զոհերին, երեխաներին ու կանանց եւ ինչու չէ, նաեւ այն անձանց, ովքեր հենց իրենք են բռնություն գործադրում: Կարծում եմ՝ այս օրենքը հենց միտված է դրան»,-ասաց նա:

Նելլի Դուրյանը նաեւ ներկայացրեց Հայաստանում վերջին տարիներին գրանցված ընտանեկան բռնության դեպքերի ընդհանուր վիճակագրական տվյալները:

«Դեռեւս 2012 թվականի  12 ամիսների ընթացքում  արձանագրվել է ընտանեկան բռնության 728 դեպք, 2014-2015 թվականներին պատկերը գրեթե նույնն է եղել,  2016  թվականին այդ ցուցանիշը հասել է 756-ի: Եթե 2012 թվականին ամուսնու կողմից կնոջ նկատմամբ գրանցվել է  410  եւ կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝16 դեպք, ապա  2016 թվականի 12 ամիսների ընթացքում ցուցանիշները եղել են՝ կնոջ նկատմամբ ամուսնու կողմից 481 դեպք եւ ամուսնու նկատմամբ կնոջ կողմից 20 դեպք: Ծնողների կողմից զավակի նկատմամբ գրանցվել է 66 դեպք: 2017 թվականի 9 ամիսների ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 602 դեպք, որից  142-ի հիման վրա հարուցվել է քրեական գործ: 2016  թվականի 9 ամիսների ընթացքում այդ թիվը կազմել է 521, որից  97-ի հիման վրա է հարուցվել քրեական գործ: Իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքերը  2017  թվականի 9 ամիսների ընթացքում  եղել են 1791-ը 2016  թվականի նույն ժամանակահատվածում գրանցված 1875  դեպքերի դիմաց»,-ներկայացրեց Նելլի Դուրյանը՝ հավելելով, որ  2017 թվականի 9 ամիսների ընթացքում անչափահասի նկատմամբ գրանցվել է բռնության 146 դեպք, որից 52-ը՝ սեռական ազատության դեմ:

 

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունի հետ

0

 Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հոյտեմբերի 16-ին ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում հանդիպում է ունեցել Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունի հետ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումների, վերականգնվող էներգիայի, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր:

Կողմերը համաձայնել են սկսել Հայաստանի Հանրապետության և Կալիֆոռնիա նահանգի միջև համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքման գործընթացը:

Նահանգապետ Ջերրի Բրաունը ողջունել է Հայաստանի Հանրապետության  Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերի կողմից Գլոբալ կլիմայական փոփոխությունների կառավարման փոխըմբռնման հուշագրին միանալու հանգամանքը, որն ուղղված է պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ:

Հայաստանի երեք մարզերի համալրման արդյունքում Գլոբալ կլիմայական փոփոխությունների կառավարման փոխըմբռնման հուշագիրը ստորագրող կողմերի թիվը 190 է դարձել: