Երկուշաբթի, 16. 06. 2025

ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը կվերապահվի կառավարությանը

0

 Հայաստանում սահմանադրական կարգի ապահովմանը սպառնացող վտանգի դեպքում արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը երկրի նախագահի փոխարեն կվերապահվի կառավարությանը:  Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ խորհրդարանի նստաշրջանի օրակարգում ընդգրկեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հստակեցրեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՀ նախագահի որոշ լիազորություններ փոխանցվել են պետական այլ մարմինների: «Մասնավորապես, նոր Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն` սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը հանրապետության Նախագահի փոխարեն վերապահվում է կառավարությանը: Նշված դրույթը ուժի մեջ կմտնի հանրապետության նորընտիր Նախագահի կողմից պաշտոնն ստանձնելու օրը»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ` մանրամասնեց Եղիազարյանը:

Նա հավելեց, որ ներկայացված նախագծի նպատակն է օրենքով ամրագրել կառավարության կողմից արտակարգ դրության հայտարարելու վերաբերյալ իրավակարգավորումները, ինչպես նաև հստակեցնել պետական այլ մարմինների դերը և լիազորությունները արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման գործում: «Մասնավորապես, նախագծով արտակարգ դրություն հայտարարելու, արտակարգ դրության դադարեցման, արտակարգ դրության տարածքում պետական կառավարման հատուկ մարմին ստեղծելու իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,- ընդգծեց Վարդան Եղիազարյանը:

Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին դրական եզրակացություն տալու հարցին:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

0

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ստորագրել է«Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքները: 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 

 

 

Քաղաքական ապաստան տալու լիազորությունները ՀՀ նախագահից կփոխանցվեն կառավարության կողմից լիազորված մարմնին

0

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե  Տերտերյանը տեղեկացրեց, որ օրենքում փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական բարեփոխումներով, և քաղաքական ապաստան տրամադրելու հետ կապված լիազորությունները ՀՀ նախագահից փոխանցվում են կառավարության կողմից լիազորված մարմնին: «Բովանդակային առումով հիմնական փոփոխությունը սա է, և նաև մեկամսյա ժամկետը փոխարինել ենք եռամսյա ժամկետի այն պարագայում, երբ հայցողը դիմում է քաղաքական ապաստան ստանալու համար: Սա ընդհանուր եվրոպական վեկտորի մեջ է տեղավորվում, որպեսզի ավելի երկար ժամանակ լինի ավելի մանրամասն ուսումնասիրություններ անելու համար»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ`ընդգծեց Տերտերյանը:

 Հանձնաժողովի անդամները նախագծի հետ կապված հարցեր և առաջարկություններ չունեին, ուստի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հարցը դրեց քվեարկության: Հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ քվեարկեցին, և նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում:

 

 

Կյանքից հեռացել է բարերար Լևոն Հայրապետյանը

0

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց հայ գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Զորի Բալայանը: «Նա տառապում էր ծանր հիվանդությամբ, ու վերջին օրերին կարծես կանխազգում էր իր՝ կյանքից հեռանալը: Լուսադեմին նա լքեց մեզ եւ մահից ժամեր առաջ ասել էր, որ իրեն հուղարկավորեն Մոսկվայում՝ ծնողների կողքին»,-ասաց նա:

Լևոն Գուրգենի Հայրապետյանը ծնվել է 1949 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։

Ավարտել է ՄՊՀ-ի Փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանավորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։

2008 թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպվեց նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվեց Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։

Նա ձերբակալվել էր Մոսկվայում՝ խարդախության կասկածանքով, սակայն չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Առաջնորդությունը կենսաձև է, հաջողության բանաձևն էլ երջանկության բանաձևն է. Վիգեն Սարգսյանի ուշագրավ մտքերը

0

 Առաջնորդն իր շուրջը պետք է առաջնորդներ ստեղծի, ոչ թե հետևորդներ: Դա հաջողակ առաջնորդի ամենամեծ տարբերանշանն է: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի «Առաջնորդությունը հանրային հատվածում» թեմայով հանրային դասախոսության առավել ուշագրավ հատվածները:

Հանրային առաջնորդության երեք կարևոր բաղադրիչ Վիգեն Սարգսյանից

Առաջին` գիտակցումը, որ դու չունես «քո հանրություն» և «ոչ քո հանրություն», այլ ունես մեկ ամբողջական հանրություն, որին պատասխանատու ես քո յուրաքանչյուր քայլի համար: Երկրորդ՝ դու չունես շքեղություն կայացնելու որոշումներ, որոնք կարելի է իրականացնել, կարելի է և չիրականացնել. քո կայացրած որոշումները պարտադիր են իրականացման համար, որովհետև ստանում են օրենքի ուժ: Երրորդ՝ պարտավոր ես ունենալ հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմ՝ հասկանալու քո գործունեության արդյունավետությունն ու քո առաջարկած քաղաքականության մեջ հնարավոր դրական ու բացասական ազդեցությունները:

Բոլոր առաջնորդներին բնորոշ երեք կարողություն

Տեսլական, որը համոզիչ է ու կարող է մարդկանց տրամադրել ստեղծագործ աշխատանքի:

Հսկայական աշխատունակություն, ոչ թե աշխատասիրություն, այլ կարողություն այդ աշխատասիրությունը կյանքում իրականացնելու, որովհետև դա հսկայական ծավալ ու բեռ է:

Հսկայական համբերություն. հանրության այն հատվածը, ով քեզ քվե չի տվել, ևս քոնն է ու դա պահանջում է համբերություն այդ հատվածի ներգրավումն արդյունավետ դարձնելու համար:

Առաջնորդությունը կենսաձև է

Առաջնորդությունն աշխատանք չէ, չկա աշխատանքային ժամ, երբ դու առաջնորդ ես, և ժամ, որից հետո ազատ ես ու կարող ես ապրել քո պատկերացրած կյանքով: Առաջնորդությունը կենսակերպ է` քո միտքը, խոսքն ու գործը պետք է իրարից բխեն:

Հաջողության բանաձևը երջանկության բանաձևն է

Պետք է սիրես այն, ինչ անում ես, պետք է այն անես մեծ նվիրումով, անվերապահ տալով քո ժամանակը և միշտ ներս թողնես հնարավորությունները: Մարդու կյանքը լի է հնարավորություններով. ամեն օր, ամեն վայրկյան մեր առջև մի նոր հնարավորություն է բացվում, դրանց մի մասը մենք տեսնում ենք, մի մասը` ոչ: Երբ դու նկատում ես այդ հնարավորությունը և քո կես կամ մեկ քայլն անցնում այդ հնարավորությանն ընդառաջ, դու անպայման հաջողում ես:

Ինձ համար մեծ պատիվ է միշտ եղել, որ ես մեր պետության ձևավորման առաջին տարիներից առիթ եմ ստացել իմ ծառայությունը բերել պետությանը: Դա իրոք բացառիկ ու պատմական հնարավորություն է մասնակից լինել քո պետության կերտմանը: Մենք կարող ենք նեղանալ պետությունից, կարող ենք համարել, որ պետությունը բավարար չի վերադարձնում մեր աշխատանքի, ջանքերի դիմաց, բայց դա անիմաստ գործ է: Պետությունն այն է, ինչ մենք ստեղծում ենք ամեն մեկս մեր տեղում: Դրա համար պարտադիր չէ լինել պետական սեկտորում, հանրային հատվածում ևս կարելի է անել աշխատանք, որը պետության համար ունի բացառիկ նշանակություն:

1998 թվականին ես Ազգային ժողովի նախագահի խորհրդականն էի, այդ ժամանակ արտասահման մեկնելու և ուսումս շարունակելու հնարավորություն ստեղծվեց: Ես մտածում էի՝ ճիշտ բան եմ անո՞ւմ, թե ոչ, որովհետև մարդիկ գնում-սովորում են, որ հետո գան ԱԺ նախագահի խորհրդական լինեն, ես, խորհրդական լինելով, ինչու եմ թողնում ու գնում երկու տարով մագիստրատուրա սովորելու: Բայց հետո պարզվեց, որ դա ոչ միայն շատ օգտակար էր, այլ գրեթե կանխորոշիչ իմ հետագա հաջողությունների համար:

Անհաջողության մասին հորինված պատմությունը

Ես կարծում եմ` հաջողությունը բոլորի համար միշտ կա, ուղղակի պետք է փորձել բոլոր բաց դռները ու անպայման գտնել ճանապարհները, որ տանում են հաջողության: Ես չեմ կարող նշել մի անհաջողություն, որը չափազանց մեծ դեր է խաղացել իմ կյանքում: Իհարկե, եղել են բազմաթիվ փորձություններ, դժվարություններ, ու, եթե չեմ սխալվում Միացյալ Նահանգներ բուհ ընդունվելիս էսսեներից մեկը պետք է գրեի հենց այդ թեմայով` «Ձեր որ անհաջողությունից եք մեծ բան սովորել»: Ես հորինեցի ու անհաջողության մասին պատմություն գրեցի, որովհետև արժանի տապալում չէի հիշում, որը կարող էր ինձ ճանապարհ հարթել դեպի Ֆլեթչերի Իրավունքի ու դիվանագիտության դպրոց:

«Հաջողության բանաձև» նախագիծն իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի և «Երևան Փրոդաքշնսի»  նախաձեռնությամբ: Նախագծի նպատակն է հաջողված տարբեր պատմությունների միջոցով երիտասարդներին հավատ  ներշնչել սեփական ուժերիկարողությունների հանդեպօգնել խորհուրդներով և ուղղորդել իրականպատմությունների  օրինակներով:

Կարեն Գրիգորյանը Ֆիլիպինների մրցաշարի առաջատարից ետ է մնում մեկ միավորով

0

 Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է ելույթները Ֆիլիպինների մրցաշարում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` «Նեգրոս օփեն»-ում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Գրիգորյանի մրցակիցը հնդիկ Սրինատ Նարայանան էր: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի:

Այս տուրից հետո Գրիգորյանն ունի 5 միավոր, իսկ առաջատարները երկուսն են և ունեն 6-ական միավոր:

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:  

«Տղաներ, որ ելան մարտի». Ռուբեն Առաքելյանը ցանկանում է շուտ բուժվել և վերադառնալ Հայաստան

0

 «Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում«Արմենպրես»-ը ներկայացնում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ռուբեն Առաքելյանի պատմությունը։ 

Ռուբենի հետ «հանդիպեցինք» համացանցում, քանի որ նա ժամանակավորապես հաստատվել է Գերմանիայում։ Շատ անմիջական, բարի և պարզ, ինչպես նաև քչախոս երիտասարդ է։ Հարցերիս շատ լակոնիկ պատասխաններ էր տալիս, բայց դրանցում երևում էին նրա նպատակասլացությունն ու զսպվածությունը։ 
Ունի բազմաթիվ նախասիրություններ՝ սիրում է երգեր լսել, կինո դիտել, կարդալ, ընկերների և հարազատների հետ շփվել ինտերնետի միջոցով։ 
Դպրոց է հաճախել մինչև 9-րդ դասարան, ապա ընդունվել է արհեստագործական ուսումնարան. «Դպրոցից հետո սովորել եմ արհեստագործական ուսումնարանում՝ փայտամշակման բաժնում։ 3 տարի սովորել եմ այնտեղ և ավարտելուց հետո զորակոչվել բանակ։ Դեռ ուսումս շարունակելու պլաններ չունեմ»։ 
Բանակ գնալուց առաջ՝ սիրողական մակարդակով, զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով։   
Ինչպես բոլոր մարդիկ, Ռուբենն էլ հեռանկարային նպատակներ ուներ իր առջև դրած, բայց ինչպես ինքն է ասում, ապրիլյան պատերազմն իր կյանքի ընթացքն ամբողջությամբ փոխեց։ 
«2016 թվականի ապրիլ ամսվա դեպքերն իմ կյանքը լիովին փոխեցին։ Հիմա երազանքներս ու նպատակներս այլ են՝ ցանկանում եմ շուտ բուժվել, ոտքի կանգնել և վերադառնալ Հայաստան»,- պատմում էր Ռուբենն, ով ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ողնուղեղային վիրավորում էր ստացել։ Նա այդքան էլ շատ չի սիրում պատմել այդ դեպքերի մասին, ուղղակի ցանկանում է, որպեսզի խաղաղություն լինի և հայ ազգն այլևս պատերազմ չտեսնի։ 
Ապրիլի 7-ին շարքային Ռուբեն Առաքելյանը, ով դեռ 9 ամսվա զինծառայող էր, Թալիշում ստացել էր ողնուղեղային վիրավորում և դիրքերից տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այսօր Ռուբենը բուժում է ստանում Գերմանիայի Բոն քաղաքում։ 
«Ներկա պահին միայն ձախ ձեռքս եմ շարժում։ Վիրահատություն դեռ չեմ ունեցել և դեռ պարզ չէ կլինի՞ ընդհանրապես վիրահատություն, թե ոչ։ Բժիշկներն էլ ասում են, որ ժամանակ է հարկավոր լիարժեք վերականգնվելու համար»,- ասում է մեր պատմության հերոսն ու ավելացնում, որ Հայաստան կվերադառնա, երբ ինքնուրույն լինի։ 

Լիլիթ Դեմուրյան

Մեզ համար անընդունելի է, որ ՀԱՊԿ անդամ երկիրը կարող է զենք վաճառել Ադրբեջանին. Կորյուն Նահապետյան

0

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն անընդունելի է համարում Հավաքական պայմանագրի կազմակերպության անդամ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր վաճառելու հավանականությանը, Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ Հայաստանի համար ցավալի է, որ ՀԱՊԿ անդամ երկիրը կարող է զենք վաճառել մի պետության, որը ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում նույն այդ կազմակերպության անդամ երկրի դեմ:

«Սա մենք պետք է փաստենք և սրա մասին պետք է բարձրաձայն խոսենք: Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել տարբեր պետություններից, և որևէ պետություն ինքն է որոշում, թե ինչպիսի համագործակցություն իրականացնի մեկ այլ երկրի հետ, այդ թվում` ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում»,- ասաց Նահապետյանը:

Պատգամավորը հավելեց`  եթե մենք ՀԱՊԿ շրջանակներում ունենք միասնական մոտեցում, և մեր շահերն անվտանգության ապահովման տեսանկյունից պետք է լինեն համընդհանուր, ապա հավաքական անվտանգության կազմակերպումը գերակա պետք է լինի կազմակերպության բոլոր անդամների համար: «Այդ իսկ պատճառով ես դա համարում եմ անընդունելի»,- եզրափակեց Կորյուն Նահապետյանը:

Բելառուսական և ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել այն մասին, թե Ադրբեջանի և Բելառուսի նախագահները քննարկել են Բաքվին բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի մատակարարման հարցը: 

 

 

 

Բժիշկներ, ռեստորանի, գործարանի սեփականատերեր, գիտնականներ. Մարոկկոյի փոքրաթիվ հայ համայնքը նշանակալի հետք է թողնում

0

Մարոկկոյում ներկայում բնակվում է 100-110 հայ: Տարբեր ժամանակներում Մարոկկոյում հայ համայնքը երբևէ մեծաթիվ չի եղել: Հայերը Մարոկկոյում հաստատվել են հիմնականում Մեծ Եղեռնից, որոշ ընտանիքներ` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ինչպես «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց Մարոկկոյի հայ համայնքում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Պողոս Կարապետյանը, Մարոկկոյի հայ համայնքի ձևավորման մասին հստակ տեղեկությունները քիչ են: Կան տեղեկություններ, որ համայնքը կազմավորվել է 1920-ական թվականներից: Հայկական բարեգործական ընդհանուր միության արխիվներն էլ վկայում են, որ 1931 թվականին Կասաբլանկայում կազմավորվել է միության առաջին մասնաճյուղը:

«Չնայած այստեղ հայերը երկար տարիներ առաջ են հաստատվել, սակայն նրանք հայկական մշակութային կենտրոններ կամ դպրոցներ չեն ունեցել: Մարոկկոյում առաջին հաստատված հայերից է Սուրմենյան ընտանիքը, որը հետագայում հիմնել է արդյունաբերական ձեռնարկություններ, մասնավորապես, կաուչուկի գործարան: Ներկայում Կասաբլանկայում ապրում են այդ ընտանիքի սերնդի ներկայացուցիչները՝ Վահրամ Սուրմենյանը եւ թոռը՝ Նարեկը»,-ասաց Պողոս Կարապետյանը:

1950-ական թվականի տվյալներով Մարոկկոյում բնակվել է շուրջ 400 հայ: Նրանցից հայտնի են Սողոմոն Թեհլերյանը, ով հաստատվել է Կասաբլանկայում և այլք:  Հայերը Մարոկկոյում զբաղվել են առևտրով ու արհեստներով: Կասաբլանկայում և Ռաբաթում սուրճի, նպարեղենի և այլ ապրանքների առևտրում հայտնի են եղել Հարությունյանների, Պալթայանների ընտանիքները: Հագուստեղենի և կտորեղենի առևտրով են զբաղվել Ափիկյան եղբայրները և Սալիպյան ընտանիքը: Համայնքում հայտնի են եղել բժիշկ Արթահելվաճյանը, ճարտարագետ Պերճ Վարժապետյանը և ուրիշներ:

Պողոս Կարապետյանի խոսքով, այսօր էլ հայերը ակտիվ աշխատում են տարբեր ոլորտներում: Բժշկության ոլորտում գործունեություն է ծավալում Հովհաննես Դուրյանը, գիտության ոլորտում՝ Հ. Սյուլահյանը, Է. Ռամիչյանը տեքստիլի գործարանի տնօրեն է, Գևորգ Համամճյանը ռեստորանների սեփականատեր է և այլք:

Չնայած համայնքը փոքրաթիվ է, Պողոս Կարապետյանը նշեց, որ այդուհանդերձ այն առանձնապես կազմակերպված չէ: Պողոս Կարապետյանը նատեց նաև, որ մարոկկացիների շրջանում զգալի աշխատանք կա կատարելու Հայաստանի մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: 

Վիգեն Սարգսյանի համար հայրենասիրությունը սկսվում է Նարեկացու ընկալումից

0

Հայկական հայրենասիրություն չի կարող գոյություն ունենալ առանց Նարեկացու ընկալման և պատկերացման, առանց ողջ աշխարհում քո ազգային ինքնության ու ժառանգության իմացության: Հայրենասիրությունն այսպես է մեկնաբանում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Հայրենասիրությունն իմ խորին համոզմամբ` ազգային ինքնության լիարժեք գիտակցումն է, որովհետև երբ հայրենասիրությունը չի հենվում քո երկրի, քո ժողովրդի, քո պատմության, քո արմատների խորը իմացության վրա, ուրեմն այն ավելի շատ ձև է, քան բովանդակություն: Այն պահանջում է ինքնաճանաչում ու ինքնագիտակցում, անընդհատ աշխատանք քո արմատները հասկանալու ու գնահատելու»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը հանրային դասախոսության ժամանակ` պատասխանելով «Ի՞նչ է հայրենասիրությունը Ձեզ համար» հարցին:

Վիգեն Սարգսյանի խոսքով` սահմանափակ տարածքով ու փոքր բնակչությամբ Հայաստանը պետք է գիտակցի, որ համաշխարհային ժողովուրդ է, որն աշխարհի ամենատարբեր վայրերում թողել է իր կարևոր մասնիկը: «Խոսքը Երուսաղեմից մինչև Լիբանանի Զմառի վանքում պահվող մեր ժառանգությունն է, Սուրբ Ղազար կղզուց մինչև Միացյալ Նահանգների ազգային գրադարանում պահվող ժառանգությունն է: Այն ամենը, որ մեզ դարեր շարունակ սնել է ու դարձրել այնպիսին, ինչպիսին այսօր կանք»,-հավելեց նախարարը:

Նախարարի համար որքան զարմանալի, այնքան էլ օրինաչափ է, որ հայերը հայրենասեր եղել են նույնիսկ այն ժամանակ, երբ չեն ունեցել պետություն ու պետականություն: «Այն յուրահատուկ հայրենասիրություն է, դա նշանակում է, որ մեր սերն ու հավատարմությունն ավելին է, քան 29 հազար քառակուսի կիլոմետրն ու երեք միլիոն բնակչությունը»,-եզրափակեց նախարարը:

Վիգեն Սարգսյանի` «Առաջնորդությունը հանրային հատվածում» ելույթը կայացավ «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում, որի նպատակն է հաջողության տարբեր պատմությունների միջոցով երիտասարդներին հավատ ներշնչել սեփական ուժերի, կարողությունների հանդեպ: