Երկուշաբթի, 16. 06. 2025

«Ելք»-ն առաջարկում է հստակեցնել կալանավորված կամ ձերբակալված անձանց պահման վայր անարգել մուտք գործելու պատգամավորի իրավունքը

0

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում  և հստակեցնել կալանավորված և ձերբակալված անձանց պահման վայր անարգել այցելելու պատգամավորի իրավունքը: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը քննարկում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

 Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասը նախատեսում է առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցողների ցանկը, որի մեջ են նաև Ազգային ժողովի պատգամավորները:

«Սակայն երկար տարիներ այս դրույթի կիրառման հետ կապված խնդիրներ են առաջանում: Մասնավորապես, քրեակատարողական ծառայությունը սահմանափակում է Ազգային ժողովի պատգամավորների իրավունքը: Շատ հաճախ պատգամավորներին արգելում են ազատ ելք ու մուտք ունենալ քրեակատարողական հիմնարկ` պատճառաբանելով, թե նախաքննության մարմինն արգելել է այս կամ այն կալանավորի կամ ձերբակալված անձի հետ տեսակցությունները»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ` ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը հավելեց, որ նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը և արձանագրել, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որևէ պարագայում չի կարելի արգելել։ Օրենքի ընդունման արդյունքում ԱԺ պատգամավորների գործունեության առաջ վերոնշյալ ձևով հարուցվող խոչընդոտը կվերացվի, իրավակիրառ պրակտիկայում կվերանա օրենքի տարաբնույթ մեկնաբանության հնարավորությունը, ձերբակալված կամ կալանավորված անձինք իրենց իրավունքները առավել արդյունավետ պաշտպանելու հնարավորություն կունենան։  

ՀՀ կառավարությունն արդեն բացասական եզրակացություն է տվել «Ելք» խմբակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի հետ կապված առարկությունները կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:  «Նախագծի հիմնավորման համաձայն, որոշակի դեպքերում վարույթ իրականացնող մարմինը՝ քննիչը, սահմանափակում է տեսակցությունները կալանավորված անձի հետ, և պատգամավորները առաջարկում են, որ այդ սահմանափակումը չտարածվի այն անձանց վրա, ովքեր իրավունք ունեն անարգել մուտք ու ելք անել ՔԿՀ-ներ: Այսօր օրենսդրությունը տարանջատում է երկու հասկացություններ՝ անարգել մուտք ու ելքը և տեսակցությունը»:

Հայաստանն ու ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը ծրագրեր են իրականացնում հայկական գենետիկական ռեսուրսները պահպանելու ուղղությամբ

0

 ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջեւ համաձայնագիրը, որը  շուտով կստորագրվի, թույլ կտա դյուրացնելերկուստեք աշխատանքներն ու ավելի լայնամասշտաբ  ծրագրեր իրականացնել ՊԳԿ-ի միջոցով:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի  Առաքելյանն ասաց, որ համագործակցության ուղղություններն արդեն նախանշված են: «Դրանք վերաբերում են անասնաբուծությանը, անասնաբուժությանը, բուսասանիտարիային, սննդի անվտանգությանը, կայուն պարենային ապահովության ծրագրերին»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօր կազմակերպության հետ բավական լուրջ ծրագրեր են իրականացվում հայկական գենետիկական ռեսուրսները պահպանելու ուղղությամբ: «Հիմա տնկարան ենք հիմնում ֆիլոքսերադիմացկուն հայկական խաղողի տեսակ ստանալու համար, ինչը թույլ կտա պահպանել տեսակն ապագայում»,-նշեց նախարարը:

ՊԳԿ գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային  ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինն իր խոսքում նշեց, որ  համաձայնագիրը թույլ կտա ավելի ամրապնդել եւ ընդլայնել համագործակցությունը: «Ես շատ շնորհակալ եմ գյուղատնտեսության նախարարությանը արդյունավետ համագործակցության համար: Մենք գյուղատնտեսության նախարարության հետ  մշակում ենք համատեղ ծրագրեր եւ մինչ 2020 թվականը ուրվագծել ենք համագործակցության կոնկրետ ուղղություններ»,-ասաց Ռախմանինը:

Հայաստանը 1993 թվականից անդամակցում է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությանը: 2004 թվականից կազմակերպությունն ունի իր մշտական ներկայացուցչությունը Հայաստանում:

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունը կնպաստի սփյուռքում հայկական կառույցների զարգացմանը

0

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունը կնպաստի սփյուռքում հայկական կառույցների զարգացմանը և հայապահպանության ավելի գործուն աշխատանքին: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:

«Մրցանակաբաշխության նպատակը հենց իր անվանման մեջ է: Այն արդեն ունի պատմություն՝ իրականացվում է 2010 թվականից: 7 տարիներին մասնակիցների թիվը և աշխարհագրությունը բավական ընդլայնվել է: Մասնակիցներ ունենք  գրեթե բոլոր մայրցամաքներից: Ամեն տարի սահմանվում են պայմաններ և նոր անվանակարգեր: Այս տարի սահմանել ենք 4 անվանակարգ»,-ասաց Գյանջումյանը:

Անվանակարգերն են. «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «Լավագույն երիտասարդական/ ուսանողական կազմակերպություն», «Ազատ Արցախ Մայիս՝ հաղթանակների ամիս» մանկապատանեական ստեղծագործությունների մրցույթ: Կարող է դիմել անվանակարգերի պահանջներին համապատասխանող սփյուռքի ցանկացած կառույց, անհատ: Մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց կամ իրենց կառույցի պատմության, հաջողությունների մասին: Արդյունքներն ամփոփվում են դեկտեմբերին, տրվում են հավաստագրեր, դիպլոմներ կամ դրամական խրախուսանք:  «Ամփոփվում են նաև մասնակից անհատների, կառույցների փորձը, առաջարկությունները, որոնք մենք փորձում ենք տարածել նաև մնացած սուբյեկտների վրա»,-նշեց Գյանջումյանը:

Մրցանակաբաշխությունը ՀՀ սփյուռքի նախարարությունն իրականացնում է Ռուսաստանի հայերի միության, ինչպես նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ: Տարվա սկզբից տարածաշրջանային վարչությունների, բոլոր կառույցների միջոցով տեղեկացվում է մրցանակաբաշխության մասին, և հիշեցվում են անվանակարգերը: «Ուզում ենք մեկ անգամ ևս համայնքներին տեղեկացնել ու հորդորել՝ ակտիվորեն մասնակցել»,-ասաց Գյանջումյանն ու հավելեց՝ հայտերն ընդունվում են մինչ նոյեմբերի 30-ը:

Նախորդ տարի մրցույթին ներկայացվել են 192 հայտ: Մասնակցել են ավելի քան 700 մարդ: Նախորդ տարվա անվանակարգերն եղել են. «Մայրենիի պաշտպան»«Լավագույն հայկական կրթօջախ», «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակում» սփյուռքի լրատվամիջոցների և «Սիրում եմ քեզ, իմ հայրենիք» մանկապատանեկան ստեղծագործությունների մրցույթներ: 2010-2016-ին մրցանակաբաշխությանը մասնակցել են ավելի քան 700 մասնակից՝ աշխարհի 48 երկրից:

 

Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեները համագործակցությունը բարձրացնում են նոր մակարդակի

0

ՀՀ քննչական կոմիտեն երկկողմ փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների հետ: Այդ նպատակով Երևանում են գտնվում ՌԴ և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներ Ալեքսանդր Բաստրիկինը և Իվան Նոսկևիչը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հուշագրի ստորագրումից հետո նշեց, որ դրանք խորացնելու են երեք երկրների քննչական կոմիտեների միջև համագործակցությունը:

«Երեք պետությունների քննչական կոմիտեների համագործակցությունն այսուհետև իրականացվելու է նոր, ավելի բարձր ձևաչափով: Այդ հուշագրերը կնպաստեն, որ մեր համագործակցությունը թևակոխի մի նոր, ավելի սերտ փուլ, և մեր աշխատակիցները, օգտագործելով հուշագրի դրույթները, ավելի օպերատիվ լուծումներ տան մեր առջև ծառացած հարցերին: Հուշագրերը նաև տարածաշրջանում կստեղծեն յուրահատուկ իրավական դաշտ հանցագործությունների դեմ պայքարի բնագավառում»,Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աղվան Հովսեփյանը:

Հուշագրի ստորագրումից հետո մեկնարկեց երեք երկրների քննչական կոմիտեների՝ եռակողմ կոլեգիայի երկրորդ նիստը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ նիստում ընդգրկված են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ նաև ուղղված հետագա մարտահրավերների  կանխագուշակմանը:

«2016 թվականի սեպտեմբերին Մինսկում քննչական կոմիտեների միջև ստորագրվեց փաստաթուղթ եռակողմ  միջազգային իրավական փոխգործակցության մասին: 2017 թվականին ապրիլին Սանկտ Պետերբուրգում կայացավ համատեղ կոլեգիայի առաջին նիստը, որը պատմական նշանակություն ուներ մինչդատական վարույթ իրականացնող մարմինների միջազգային իրավական փոխգործակցության առումով: Կոլեգիայի երկրորդ նիստի անցկացումը ցույց է տալիս երեք երկրների քննչական կոմիտեների միջև համագործակցության բարձր մակարդակը»,- ասաց Աղվան Հովսեփյանը:

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը համաձայնեց, որ այն պատմական  իրադարձություն է:

«Վստահ եմ, որ այն նպաստելու է երեք պետությունների, երեք գերատեսչությունների ավելի սերտ համագործակցությանը հանցագործությունների դեմ պայքարում՝ ուղղված մեր քաղաքացիների պաշտպանությանը»,-ընդգծեց պաշտոնյան:

Բելառուսի  քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը հույս հայտնեց, որ նիստի շրջանակում կհնչեն կառուցողական և օգտակար առաջարկություններ:

«Թեման շատ արդիական է: Հարցերը՝ կապված մինչդատական վարույթ իրականացնող մարմինների համագործակցության, աշխատանքի արդյունավետության հետ, ընդհանուր են մեր երեք երկրների համար: Նոր ուղղություններով համագործակցության ամրապնդումը մեր կարևոր նպատակներից է»,- նշեց Բելառուսի քննչական կոմիտեի նախագահը՝ իր խոսքում նաև անդրադառնալով կիբեռհանցագործության դեմ առավել արդյունավետ աշխատանք իրականացնելու անհրաժեշտությանը:

Նրա խոսքով՝ այն գլոբալ անվտանգության ներկայիս ամենակարեւոր սպառնալիքներից է: 

ՖԻԴԵ-ն Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին և Արման Միքայելյանին շնորհել է գրոսմայստերի տիտղոս

0

Շախմատի Հայաստանի երիտասարդական  հավաքականի երեք անդամի շնորհվել է գրոսմայստերի կոչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի 88-րդ Կոնգրեսի ընթացքում Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին և Արման Միքայելյանին շնորհվել է գրոսմայստերի տիտղոս, Ռաֆայել Բակունցին՝ միջազգային վարպետի, իսկ Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճելու համար Սոնա Ասատրյանին միանգամից շնորհվել է կանանց միջազգային վարպետի կոչում:

Քաղավիացիայի ԳՎ պետն ընդգծում է Հայաստանում ուղղաթիռներով թռիչքներ իրականացնելու անհրաժեշտությունը

0

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է 1964 թվականին հիմնադրված իտալական ուղղաթիռների Elitaliana ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսսանդրո Գիուլիվիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՔԱԳՎ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում իտալացի գործընկերները ներկայացրել են Elitaliana ընկերության ծավալած գործունեությունը, ընկերության կողմից իրականացվող ծառայությունները և նշել են իրենց հետաքրքվածությունը՝ Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու շուրջ: 

Սերգեյ Ավետիսյանը, ողջունել է գործընկերներին և վերջիններիս հետաքրքվածությունը, նշել է իրականացվող քայլերը՝ միտված քաղաքացիական ավիացիայի զարգացմանը և շեշտել՝ Հայաստանում ուղղաթիռներով թռիչքներ իրականացնելու առկա անհրաժեշտությունը:

ՔԱԳՎ պետն առաջարկել է նաև իր պատրաստակամությունը՝ աջակցելու հետագա աշխատանքների կատարմանը:

 

Հայաստանը քայլեր կձեռնարկի արտերկրի պատգամավորական պատվիրակությունների այցերն Արցախ ակտիվացնելու ուղղությամբ

0

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի18-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովում ԱՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ողջունելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների միջեւ առկա կառուցողական համագործակցության եւ արդյունավետ հանդիպումների վերաբերյալ:

Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունները բոլոր խորհրդարանական վեհաժողովներում մշտապես պաշտպանում են Արցախի ժողովրդի արդար դատը եւ ներկայացնում արցախահայության խնդիրները:

«Արցախի անկախությանն այլընտրանք չկա. հետագա ճակատագիրն Արցախի քաղաքացիների որոշելու խնդիրն է»,-փաստել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Պարոն Շարմազանովի կարծիքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն արտերկրի պատգամավորական պատվիրակությունների այցերն Արցախ ակտիվացնելու ուղղությամբ, որպեսզի բոլորը տեսնեն ժողովրդավար Արցախը:

Վահրամ Բալայանն իր հերթին ընդգծել է երկու խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների բարձր մակարդակը եւ հավելել, որ իրենք մշտապես զգում են ՀՀ Ազգային ժողովի աջակցությունը: Պարոն Բալայանը նշել է, որ Արցախի խորհրդարանականները պարբերաբար հանդիպում են Հայաստանի պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների հետ, քննարկում տարբեր ոլորտներում համագործակցությանը եւ փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

0

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացրել է բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքում մարզական կյանքի աշխուժացմանը:

«Մենք կարևորում ենք Երևանում սպորտի զարգացումն ու տարբեր մարզաձևերի մասսայականացումը, և պետք է նշեմ, որ վերջին տարիներին այդ ուղղությամբ նպատակային հստակ ծրագրեր ենք իրականացրել: Անշուշտ, վոլեյբոլը ևս սիրված մարզաձև է Երևանում, և վստահ եմ, որ Հայաստանի ֆեդերացիայի նոր ղեկավարության հետ համատեղ, Ձեր աջակցության շնորհիվ, կկարողանանք Երևանում այս սպորտաձևում ևս ունենալ շոշափելի առաջընթաց», – ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչն առանձնակի կարևորել է Երևանի քաղաքապետի համագործակցության պատրաստակամությունը՝ նկատելով, որ դա իսկապես կնպաստի կոնֆեդերացիայի կողմից Երևանում նախաձեռնած բոլոր ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելուն:

«Պարոն քաղաքապետ, մենք ևս նպատակ ունենք Երևանում զարգացնել վոլեյբոլը՝ որքան հնարավոր է շատ երեխաներ ներգրավելով մարզաձևում: Ունենք տարբեր նախաձեռնություններ ինչպես դպրոցներում սպորտաձևի զարգացման, այնպես էլ մարզական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Եվ մեզ համար անչափ կարևոր է վերոնշյալ ծրագրերի իրականացման հարցում Ձեր աջակցությունը, ինչը, համոզված եմ, հնարավորություն կտա կյանքի կոչելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նախատեսում ենք իրականացնել Երևանում», –  նշել է Ալեքսանդր Բորիչիչը:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է Հայաստանի ֆեդերացիայի հետ համատեղ քննարկել ու ներկայացնել ծրագրային առաջարկությունների հստակ փաթեթ՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է համագործակցել և աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են Երևանում առողջ ապրելակերպի խթանմանն ու սպորտի մասսայականացմանը: 

Երևանում մեկ շաբաթում ծնվել է 425 երեխա

0

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 425 երեխա՝ 214 տղա, 211 աղջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 35467 քաղաքացի: 

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնաբերել է շրջակա միջավայրին հասցված 1,5 միլիոն դրամի վնաս

0

 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման և  փայտանյութի տեղափոխման 14 դեպք, մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք, ապօրինի որսի (խեցգետին, ձուկ, կաքավ, լոր) 5 դեպք, հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 2 դեպք, բուսական աշխարհի պահպանության և օգտագործման պահանջների խախտման 2 դեպք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, արձանագրված 29 իրավախախտումների դեպքերից 13-ով անցկացվել է քննություն, որոնցով նշանակվել 1 միլիոն 210 հազար ՀՀ դրամի վարչական տուգանք։ 16 գործ դեռևս գտնվում է ընթացքի մեջ:

Ընդհանուր առմամբ բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1 միլիոն 414 հազար 900 դրամ: Ընդամենը գանձվել է 1 միլիոն 140 հազար 700 դրամ: