Կիրակի, 15. 06. 2025

Ձյուդոյի ֆեդերացիայում փոփոխություններ են տեղի ունեցել

0

Տեղի է ունեցել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահության նիստը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահության նիստում ընտրվել է ֆեդերացիայի նոր գլխավոր քարտուղար: Այդ պաշտոնում Դավիթ Խիթարյանին փոխարինել է Թաթուլ Հովհաննիսյանը:

Ֆեդերացիայի նախագահության մեկ այլ որոշմամբ Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ձյուդոյի պատանիների հավաքականը կմարզվի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ:

Նոյեմբերի 25-ին Երևանում տեղի կունենա մեծահասակների ձյուդոյի ՀՀ առաջնությունը:

Սփյուռքահայ բարերարները լուծում են սահմանամերձ 48 գյուղի առաջնահերթ խնդիրները

0

 Սահմանամերձ շրջաններին աջակցության ծրագրով մի շարք գյուղեր օգնություն են ստանում սփյուռքահայ բարերարներից:  Նախարարությունը նպաստում է լուծելու առաջնահերթ խնդիրներ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:

«Այս տարվանից նախարարությունն իրականացնում է մի նոր ծրագիր: Մենք սփյուռքում գտնում ենք բարերարների, կազմակերպությունների, որոնք աջակցություն են ցուցաբերում, լուծում Հայաստանի սահմանամերձ գյուղերի առաջնահերթ խնդիրները: Ընտրվել են աջակցության կարիք ունեցող մոտ 48 գյուղ: Մենք նախօրոք ուսումնասիրում ենք այդ գյուղերի խնդիրները, ներկայացնում դրանք սփյուռքի մեր գործընկերներին»,-ասաց Գյանջումյանը:

Գյուղերն ընտրվում են այնպես, որ ոչ մի կարիքավոր գյուղ չվրիպի ուշադրությունից: Լինում են կենցաղային, մշակութային, քաղաքաշինական, բարեկարգման, ոռոգման ցանցի և շատ այլ խնդիրներ: Եղել է նաև ջրագծերի անցկացման օգնություն:

Խնդիրները ներկայացնելուց հետո նախարարությունը ստացել է բավական լուրջ արձագանքներ: Եվ առաջիկա տարիներին դրանց իրականացման դեպքում մեծ ներդրում կունենանք: «Վերջերս արգենտինահայ մի երիտասարդ միջոցներ էր գտել և երաժշտական գործիքներ բերել սահմանամերձ շրջանների երաժշտական կրթօջախների համար»,-նշեց  համահայկական ծրագրերի վարչության պետը:

Ծրագրի շրջանակում այս տարի հիմնովին վերանորոգվել է Այգեհովիտ գյուղի  մանկապարտեզը և բժշկական հաստատությունը, որից օգտվում են մի քանի գյուղեր: Վերանորոգմանն աջակցել է շվեյցարահայ բարերար:

 

Նախագահն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներին

0

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչին, ովքեր Երևան են ժամանել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել իրավապահ մարմինների միջև սերտ և ամենօրյա համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը խրախուսում է տարբեր ոլորտներում գործընկեր երկրների պետական կառույցների միջև մասնագիտական սերտ շփումներն ու փորձի փոխանակումը՝ նկատի առնելով, որ արագ փոփոխվող աշխարհում նոր տեխնոլոգիաներ և հնարավորություններ են ի հայտ գալիս, որոնք նպաստում են առավել արդյունավետ լուծումներ գտնելուն և աշխատանքի կատարելագործմանը: Նախագահ Սարգսյանը համատեղ նիստի ձևաչափը փոխգործակցության լավ հարթակ է համարել և հաջողություններ մաղթել կոլեգիայի աշխատանքներին:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նիստը Երևանում բարձր մակարդակով անցկացնելու համար և գոհունակությամբ խոսել համատեղ աշխատանքի արդյունքների մասին: Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները կարևորել են նիստի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը նախատեսում է խրախուսել համագործակցությունը ու համատեղ կարևորություն ունեցող մի շարք ուղղություններով փորձի փոխանակում իրականացնել: 

«Կոնվերս բանկ»-ից հափշտակության գործով մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

0

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու  ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղում վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ պայթյուն իրականացնելու՝ գրավոր ներկայացրած սպառնալիքով, մասնաճյուղի կառավարչից պահանջել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար։ Նախնական հաշվարկներով՝ հափշտակվել է տարբեր արժույթների մոտ 95.750.000 ՀՀ դրամին համարժեք կանխիկ գումար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախնական համաձայնություն են ձեռք բերել  Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գործող «Կոնվերսբանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու շուրջ, կատարել դերաբաշխում:

Ըստ դերաբաշխման՝ խմբի անդամներից մեկը հոկտեմբերի 5-ին գնացել է բանկի նշված մասնաճյուղ, կառավարչին հայտնել 60.000 Եվրո՝ ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին և ձեռք բերել նախնական պայմանավորվածություն։ Նշված խոշոր գործարքը կատարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին մասնաճյուղի կառավարչի մոտ է գնացել մեկ այլ երիտասարդ, անվտանգության նկատառումներից ելնելով առաջարկել գործարքը կատարել գանձապահի աշխատասենյակում, որտեղ էլ գրավոր սպառնացել է պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում, ապա հափշտակել առանձնապես խոշոր չափի գումարը և դիմել փախուստի։

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործարքի պատրվակով հափշտակություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Արագածոտնի բնակիչ է, ծնված՝ 1988թ.։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել 29-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նշենք, որ քրեական գործի շրջանակներում ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա  մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`  օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Վլադիմիր Ռախմանինը միգրացիան կանխելու համար առաջարկում է խթանել ներդրումները գյուղատնտեսության ոլորտում

0

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն ու Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) համատեղ ծրագրեր են նախանշել` գյուղատնտեսության ոլորտները զարգացնելու ուղղությամբ:

 «Արմենպրես»ի հաղորդմամբ, գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր   տնօրենի օգնական, Եվրոպայի  եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինը:

Մեջ բերելով` Պարենի համաշխարհային օրվա «Փոխենք միգրացիայի ապագան: Ներդրումներ կատարենք պարենի անվտանգության եւ գյուղի զարգացման ոլորտներում» կարգախոսը՝  նա նշեց, որ միգրացիան պատմականորեն կատարում է դրական դեր տնտեսության մեջ, քանի որ սեզոնային աշխատանքները նպաստում են տնտեսության զարգացմանը: «Մեզ համար շատ կարեւոր է, եւ մենք պետք է հասկանանք, որ առանց այն մարդկանց, ովքեր աշխատում են գյուղատնտեսության ոլորտում, մեզ դժվար կլինի ապահովել գյուղատնտեսական արտադրանքի ծավալը, որն անհրաժեշտ է»,-ասաց Ռախմանինը: Դրա համար, ըստ բանախոսի, ՊԳԿ-ն առաջարկում է խթանել ներդրումները գյուղատնտեսության ոլորտում, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն, եւ ավելանան ֆերմերների եկամուտները, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն լքել իրենց բնակության վայրերը: «Միգրացիան պետք է լինի ընտրություն, այլ ոչ անհրաժեշտություն»,-հավելեց բանախոսը:

Ամեն տարի հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Պարենի համաշխարհային օր, որը հիմնվել է 1979 թվականին, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի ժամանակ: Օրվա գլխավոր նպատակն աշխարհում  գոյություն ունեցող պարենային խնդրի շուրջ բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է:

Արցախի անկախությունը հայ ժողովրդի իրավունքն է. Արամ Ա Կաթողիկոս

0

 Մեծի ՏաննԿիլիկիո կաթողիկոսությունն իր շարունակական զորակցությունն է հայտնում Եվրոպայի Հայ դատի հանձնախմբին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպահայության չորրորդ համագումարի պաշտոնական բացմանն այս մասին ասաց Մեծի ՏաննԿիլիկիո կաթողիկոս Արամ Ա -ն: 
«Մենք այստեղ հավաքվել ենք ևս մեկ անգամ որպես նույն ընտանիքի պատկանող անձինք: Պայմանների բերումով տարբեր տեղերում ենք ապրում, հարցերին տարբեր հայեցակետերով մոտենում, սակայն մեր կյանքի ճամփին մեկ նպատակ կա, որովհետև մեր հայրենիքը նույնն է, մեր պահանջատիրությունը նույնն է: Տարբեր մոտեցումներով և շեշտադրումներով խոսում ենք և պետք է խոսենք՝ մեր առջև ունենալով մեկ սրբազան նպատակ, որն ինձ համար ազգային պահանջատիրությունն է: Այն եկեղեցու և հատկապես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության համար սովորական երևույթ չէ, սովորական դատ չէ, այն գոյության իրականություն է դարձել: Այսօր առավել, քան երբևէ անկախ Հայաստանն ինքն է  իրավատերը, պահանջատերը մեր ժողովրդի արդար իրավունքների, և  հարյուրամյակի հռչակագիրը, որը Հայաստանի նախագահը կարդաց Ծիծեռնակաբերդում,  համայն աշխարհի դիմաց, եկավ փաստելու, որ  Հայաստանն ինքն իրավատեր է»,-ասաց Վեհափառը:  

Նրա խոսքով՝ ազգային պահանջատիրության հիմքը նաև Արցախի ժողովրդի ինքնիշխանության, անկախության իրավունքի պաշտպանությունն ու ամրապնդումն է:

«Հայաստանը,  Արցախը, Հայ դատի գրասենյակները,  մենք բոլորս զանազան կերպով  աշխատանք ենք տանում և պետք է տանենք: Ես նկատում եմ Հայաստանի և Սփյուռքի ամբողջական զորակցությունը Արցախի նկատմամբ: Մեր ժողովրդի իրավունքն է Արցախի անկախությունը, ամենից առաջ դա մեր ժողովրդի պատմական իրավունքն է, քանի որ մեր ժողովուրդն այնտեղ է, Արցախում: Այն չգրավեց մեր ժողովուրդը, ուրիշները ուրիշին նվեր տվեցին: Մեր ժողովուրդն իր պատմական հողի վրա է»,-ասաց Արամ Ա Վեհափառը՝  ընդգծելով, թե կարևոր է նաև հարցի իրավական կողմը, քանի որ  ժողովրդի արդար իրավունքն է իր հողի վրա կազմակերպել իր անկախությունն ու  ինքնիշխանությունը:

«Եվ այս գիտակցությամբ մենք զորավիգ կանգնած ենք Արցախի անկախ պետությանը»,-ասաց նա:  

Վեհափառնն ընդգծեց, որ անհրաժեշտ է ազգային պահանջատիրությունը տարածել ամենուր և միասնական պայքար մղել ու այդ առումով նա առաջարկում է, բացի Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից, Հայ դատի գրասենյակներ ունենալ աշխարհի այլ հատվածներում:

«Հյուսիսային Ամերիկան և Եվրոպան կարևոր են, սակայն կարծում եմ՝ նաև կարևոր է իսլամական աշխարհը, քանի որ այնտեղ մենք չունենք այնպիսի ներկայացվածություն, որքան պետք է լինի»,- շեշտեց Վեհափառը:

Լևոն Հայրապետյանի ոսկե տառերով է գրվել բոլորիս սրտերում. Արցախի պետնախարար

0

Մեծ բարերար Լևոն Հայրապետյանի մահը մեծ կորուստ է համայն հայության համար: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

«Խորին ցավով տեղեկացա հայ ազգի մեծ բարերար Լևոն Հայրապետյանի մահվան մասին: Անխոս, սա մեծ կորուստ է համայն հայության համար: Անգնահատելի է Լևոն Հայրապետյանի նվիրումն ու ավանդը Արցախի զարգացման և պաշտպանության ապահովման գործում: Նրա անունը վաղուցվանից ոսկե տառերով է գրվել հայոց պատմության մեջ և բոլորիս սրտերում: Համոզված եմ, որ հայ ժողովրդի մոտ երկար տարիներ վառ կմնա նրա պայծառ հիշատակը, որի խոսուն վկաները կլինեն նրա կողմից կատարված բազում գործերը հայրենիքում»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին, երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը: Նա տառապում էր ծանր հիվանդությամբ:

Լևոն Հայրապետյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր  հովանավորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակիցպատմության մեջ։  Նրա ծրագրերն իրագործվել են ՍտեփանակերտումՄարտակերտի շրջանի Վանք գյուղում։Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարիվանական համալիրը (13-րդ դար ),  որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերիցմեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել  Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայվածենթակառուցվածքների զարգացման գործում։ 2008 թհոկտեմբերի 16-ինԼեռնային ՂարաբաղիՀանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝  հինավուրց Շուշիում  և պատմական Գանձասարումբարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ  արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբիր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախումայլև  ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500  զույգպսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։

Նա ձերբակալվել էր Մոսկվայում՝ խարդախության կասկածանքովսակայն չէր ընդունում իրեն առաջադրվածմեղադրանքը:

Սուրեն Կարայանն արտահանելի տնտեսության մեկամյա նպատակադրումն իրագործված է համարում

0

 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը տնտեսական զարգացման ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունն արդարացված է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց նախարարը՝ հենվելով ընթացիկ տարվա ութ ամիսների տնտեսական ցուցանիշների վրա: «Մեկ տարի առաջ հայտարարած տեսլականը ևս իրականացվել է և արդարացված է: Մեր հիմնական նպատակադրումն էր, որ հետագա զարգացումը տեսնում ենք արտահանելի տնտեսության ձևավորման մեջ: Առաջին ութ ամիսներին արձանագրված արդյունքներով՝ մենք տեսնում ենք դա»,-ասաց նախարարը:

Մասնավորապես, նա նկատեց, որ ապրանքների արտահանման աճը 2017-ի ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 21.7 տոկոս, ապրանքերի ու ծառայությունների արտահանման ընդհանուր աճը գերազանցել է 20 տոկոսը: «Սա թույլ է տալիս մեզ ենթադրել, որ այս տարվա արդյունքներով ՀՆԱ-ի մեջ ապրանքների ու ծառայությունների արտահանման տեսակարար կշիռը կկարողանանք հասցնել 37-38 տոկոսի: Սա էլ իր հերթին հիմք է տալիս մտածելու, որ առաջիկայում կարողանանք ապահովել այն ցուցանիշը, որ կառավարության ծրագրում է ամրագրված՝ ապրանքների և ծառայությունների արտահանման կշիռը ՀՆԱ-ում հասցնել 40-45 տոկոսի»,-ավելացրեց Սուրեն Կարայանը:

Նախարարի խոսքով՝ տնտեսական ակտիվության 5.5 տոկոսանոց ցուցանիշը պայմանավորված է արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ճյուղերում երկնիշ աճով: «Հատկանշական է, որ արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն աճել են 12.4 տոկոսով, որն էլ հիմնական շարժիչ ուժն է եղել տնտեսական ակտիվության աճի համար: Մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալների 16.4-տոկոսանոց աճն էլ ապահովել է ընդհանուր ադյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների աճը»,-հավելեց նախարարը:

Խոսելով արտահանման խրախուսմանն ուղղված աշխատանքների մասին՝ Սուրեն Կարայանը նշեց, որ քայլեր են ձեռնարկել ԵԱՏՄ երկրներում հայկական արտադրանքի լայն ներկայացվածության համար: «Աշխատանքներ ենք իրականացրել ԵԱՏՄ շուկայում հայկական արտադրանքի մուտքի դյուրացման ուղղությամբ՝ փորձելով վերացնել առաջացող հնարավոր խոչընդոտները»,-ասաց նա: Նրա տեղեկացմամբ՝ ԵԱՏՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճել է 33.4 տոկոսով, ԵՄ երկրներ՝ 32.6 տոկոսով:

Մխիթարյանը և Ղազարյանը հանդիպել են Լիսաբոնում

0

 Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը և Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լիսաբոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում հոկտեմբերի 18-ին կմրցի «Բենֆիկա»-ի հետ:

Գևորգ Ղազարյանը, ով հանդես է գալիս պորտուգալական «Մարիտիմու»-ի կազմում, հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին խաղից առաջ և հաջողություն մաղթել նրան:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Բենֆիկա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Բռնցքամարտի երիտասարդական թիմը վերջին մարզումն է անցկացրել Եվրոպայի առաջնությունից առաջ

0

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականն անցկացրեց վերջին մարզումը Եվրոպայի առաջնությունից առաջ:

Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին բռնցքամարտի ֆեդերացիայից: «Նախապատրաստական շրջանի առաջին մասը ֆիզիկական պատրաստվածության համար էր, երկրորդ փուլն անցկացրեցինք Օլիմպավանում՝ շեշտը դնելով տեխնիկատակտիկական պատրաստվածության վրա: Հավաքականում նորեկներ կան, բայց դա չի խանգարի նրանց, քանի որ բոլորն էլ միջազգային մրցաշարերի փորձ ունեն: Սպասում ենք մեդալների, իսկ թե ինչ գույնի կլինեն դրանք, արդեն ռինգը ցույց կտա»,- Ոսկանյանի խոսքերը մեջ է բերում ֆեդերացիան:

Հայաստանի երիտասարդների հավաքականն ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ այս գիշեր կմեկնի Թուրքիայի Անթալիա քաղաք, որտեղ հոկտեմբերի 20-29-ը կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Անթալիայում Հայաստանը կներկայանա 9 մարզիկով: