Կիրակի, 15. 06. 2025

Սիրիան ու Հայաստանը կհամագործակցեն կապի, տրանսպորտի և ՏՏ ոլորտներում

0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան  Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարարն անդրադարձել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ փոխգործակցության հնարավորություններին։ Նա նշեց, որ ուրախ կլինի, եթե սիրիական ընկերությունները մասնակցեն մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ծրագրերին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը խոսել է Սիրիայում տիրող ներկա իրավիճակի և տրանսպորտային կապուղիները վերականգնելու խնդրի մասին, ընդգծել է, որ լիահույս է՝ Հայաստանի հետ վերականգնելու և զարգացնելու հարաբերությունները հատկապես ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներում: Նա նշել է, որ առաջիկայում Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ կներկայացնեն համագործակցության կոնկրետ առաջարկներ:

Նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ պատրաստ է համագործակցելու ոչ միայն տրանսպորտի, այլև կապի ոլորտներում, քննարկելու առաջարկված ծրագրերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարաբերությունների ստեղծմանն ուղղված քայլերին: Դեսպանը նշել է, որ տեղյակ է Հայաստանի ՏՏ ոլորտում գրանցված հաջողությունների և առաջընթացի մասին և ասել է, որ ներկայում Սիրիան նման մասնագետների կարիքը շատ ունի։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպվելիք հանդիպման վերաբերյալ:

 

Արցախի անկախության խնդիրը պետք է վերջնական լուծում ստանա. Հրանուշ Հակոբյան

0

Պետք է հասնել նրան, որ Արցախի անկախության խնդիրը վերջնականապես լուծում ստանա: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 18-ին Բելգիայում Եվրոպահայության չորրորդ համագումարի պաշտոնական բացմանն այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Մենք պետք է գնահատենք այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք անցնող 26 տարում: Հայ ժողովուրդը Հայաստանի եւ Արցախի հետ համախմբված կարողացավ երկու հայկական պետություն ստեղծել. սա մեծ արժեք է, անկախ հայրենիք ունենալը մեծագույն պարգեւ է: Կարծում եմ՝ այն դարձել է ժողովրդավարության մի փոքրիկ հոյակապ կղզյակ, եւ մենք պետք է հստակ ներկայացնենք այն, ինչ կատարվում է Արցախում: Սա ամբողջ հայ ժողովրդի, հայ պետության ակտիվ գործունեության առանցքային հարցերից է: Ես շատ կցանկանայի, որ Եվրոպայի մեր հայերը իրենց գլուխը բարձր պահեին, որովհետեւ դուք Եվրոպայի հավասար քաղաքացիներն եք, ձեր ներկայությամբ եւ աշխատանքով, մտքի պայծառությամբ դուք կառուցում եք Եվրոպան»,-ասաց Սփյուռքի նախարարը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այդ ուղղությամբ Եվրոպայում առավել ակտիվ աշխատանքներ  պետք է իրականացվեն:

«Նման տարածքում, որը զարգացածության, ժողովրդավարության եւ քաղաքակրթության կենտրոն է, մեր իրավունքների խնդրում պետք է լինենք  նախանձախնդիր: Պետք է հասնենք նրան, որ Եվրոպայում չլինի մի երկիր, որը ճանաչած չլինի Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակեց Հրանուշ Հակոբյանը:

Մոսկվայում տաքսու հայազգի վարորդը թունավորել է ուղևորներին և թալանել նրանց

0

Մոսկվայում հայ տաքսու վարորդ է կալանավորվել ուղևորին թունավորման միջոցով սպանելու և թալանելու կասկածանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, 29-ամյա Վահագն Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 1.5 ամիս ժամկետով կալանավորումը:

Կասկածյալի վարձակալած բնակարանի խուզարկության արդյունքում իրավապահ մարմինները հայտնաբերել են 20 բջջային հեռախոս, ուժեղ ազդեցություն թողնող 190 դեղահաբ և ձեռքի 98 ժամացույց:

Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով` «մարդու առողջությանը միտումնավոր կերպով ծանր վնաս հասցնելը, որն անզգուշորեն մահվան պատճառ է հանդիսացել» և «առողջությանը ծանր վնաս հասցնելու եղանակով թալանելը»:

2017թ. ապրիլի 9-ին Մոսկվայում հայտնաբերվել է 51-ամյա ռադիոհաղորդավար Արթուր Բիտովի դին` առանց երևացող մարմնական վնասվածքների: Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով տուժողի մահվան պատճառ է հանդիսացել թունավորումն  էթիլային սպիրտից  և հոգեմետ դեղահաբերից: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել հունիսին, իսկ հոկտեմբերի 16-ին որպես մեղադրյալ կալանավորվել է 29-ամյա Վահագն Կարապետյանը:

Հետաքննության տվյալներով նա 2015թ.-ից  իրականացրել է մասնավոր փոխադրումներ և ուղևորներին տարբեր առիթներով առաջարկել է հանքային ջուր խմել, որի մեջ նախօրոք հոգեմետ դեղահաբեր է լցրել: Այնուհետև, սպասելով, մինչև դեղահաբերը կթողնեն իրենց ազդեցությունը, նա գողացել է նրանց թանկարժեք իրերը:

 

 

Երևանում հոկտեմբերի 21-ին մեծ էկրան կբարձրանա «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը

0

Երևանում հոկտեմբերի 21-ին մեծ էկրան կբարձրանա Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ նկարահանված «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը: Կինոնկարը պատմում է հինգ մարդասեր կանանց՝  միսիոներներ Կարեն Յեպպեի, Մարիա Յակոբսենի (Դանիա), Բոդիլ Բյորնի (Նորվեգիա), Ալմա Յոհանսոնի (Շվեդիա) և Աննա Հեդվիգ Բյուլի (Էստոնիա) մասին:

«Նրանք ցուցաբերել են անգնահատելի խիզախություն և կարողացել են փրկել հազարավոր կյանքեր` ստեղծելով ապաստարաններ, վերականգնողական կենտրոններ: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, նյութեր տրամադրել են տարբեր երկրների արխիվները, մարդասիրական կազմակեպությունները, թանգարանները: Խաղարկային դրվագներով 88-րոպեանոց ֆիլմում նկարահանվել են 45 դերակատար: Գլխավոր դերակատարը, ով ներկայացնում է միսիոներների հումանիտար առաքելությունը,  ֆինն պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենն է»,- «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Փրկության քարտեզ» ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը:

Ֆիլմն արդեն ցուցադրվել է 14 երկրի 31 քաղաքում, վերջին ցուցադրությունը կայացել է Մոսկվայում: Մանվել Սարիբեկյանը նշեց, որ բոլոր ցուցադրություններից արձագանքը բավական մեծ է եղել:

«Շատերն էին իրենց խոսքում նշում, որ ֆիլմն իրենց համար բացառիկ է, ֆիլմում խոսում են օտարները, այն մարդասիրությունը կրողների, մարդասիրության դրսևորումների մասին է: Ոմանք ֆիլմը դիտելուց հետո ամաչում էին, որ չէին ճանաչում իրենց հերոսհուիներին»,-ասաց Մանվել Սարիբեկյանը:

Ֆիլմը նկարահանվել է 9 երկրում` Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Լիբանանում, Հունաստանում, Թուրքիայում, Սիրիայում: Մանվել Սարիբեկյանը նշեց, որ դժվարություններ շատ են եղել, սակայն նկարահանման ընթացքում, ի զարմանս իրենց, այնպիսի փակ դռներ էին բացվում, այնպիսի խնդիրներ էին լուծվում, որ իրենք անակնկալի էին գալիս:

Մանվել Սարիբեկյանը նշեց, որ նոր ֆիլմ է սպասվում, գործընթացը շարունակություն է ունենալու: Շարունակելու են ներկայացնել այլ երախտավորների պատմությունները` առանցքում ունենալով Հայոց ցեղասպանության դեպքերը:

Հայաստանում դպրոցական ագրեսիայի, բռնարարքների թվի նվազեցմանն ուղղված ծրագիր մշակելու անհրաժեշտություն կա

0

 Դպրոցահասակ երեխաների շրջանում ագրեսիվ դրսևորումների, բռնության դեպքերի, ֆիզիկական կռիվներին մասնակցության թվաքանակով հայաստանյան ցուցանիշները միջազգային համեմատությամբ բարձր են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը անհրաժեշտություն է համարում Հայաստանում դպրոցական ագրեսիայի դրսևորման, բռնարարքների թվի նվազեցմանն ուղղված ծրագիր մշակել: «Դպրոցական ագրեսիան, բռնությունը անդրադառնում է երեխաների, դեռահասների հոգեկան առողջության վրա՝ ի հայտ բերելով բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, որոնք ժամանակին չբացահայտվելով և չհաղթահարվելով, չափահաս տարիքում կարող են առավել լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Ուստի, դպրոցներում ագրեսիայի կանխարգելման միջոցառումների կազմակերպումը, մանկավարժների և հոգեբանների համատեղ աշխատանքը, բռնության դեպքերի ամբողջական և համակողմանի վերլուծությունը մեծ կարևորություն ունեցող հիմնահարց է»,-նշում են կենտրոնից, հավելելով, որ այս ոլորտում հոգեբանական ծառայությունների կենտրոնի գործունեության 12 տարիների ընթացքում հսկայական փորձ է հավաքվել՝ նմանատիպ հայտերով երեխաների և դեռահասների հետ հոգեբանական խորհրդատվության, նրանց ծնողների հետ զրույցների, մանկավարժների հետ վերապատրաստման ծրագրերի, դպրոցներում տարբեր միջոցառումների և ակցիաների արդյունքում։

Մեկ այլ կարևոր խնդիր, որ բարձրացնում է հոգեբանական կենտրոնը, դա դպրոցականների մասնագիտական կողմնորոշումն է, քանի որ միայն մասնագիտության ճիշտ և գիտակցված ընտրության արդյունքում է հնարավոր մասնագիտական զգալի նվաճումներ ձեռք բերել, ինչպես նաև աշխատավայրում ունենալ լիարժեքության, բավարարվածության և ներդաշնակության զգացում: «Կատարել մասնագիտական ճիշտ ընտրություն՝ նշանակում է ընտրել այնպիսի մասնագիտություն, որն առավելագույնս համապատասխանում է սեփական ընդունակություններին, հետաքրքրություններին և անձնային առանձնահատկություններին: Ի հավելումն այդ ամենին՝ պետք է հաշվի առնել տվյալ մասնագիտության պահանջարկն ու առաջխաղացման, ինքնակատարելագործման հնարավորությունները: Ցավոք, դեռահասները չունեն բավարար փորձ և գիտելիքներ տարբեր մասնագիտությունների մասին, որպեսզի կարողանան անսխալ որոշում կայացնեն»,-տեղեկացնում են հոգեբանական կենտրոնից՝  հավելելով, որ այս տարիների ընթացքում կենտրոնի մասնագիտական կողմնորոշման ծառայությանը դիմած դեռահասների մեծ թիվը վկայում է, որ կարիք կա դպրոցների հետ համատեղ իրականացնելու մասնագիտական կողմնորոշմանը նպաստող տարբեր ընդգրկուն ծրագրեր։

Ջութակահար Նիկոլայ Մադոյանը «Գինեսի» համաշխարհային ռեկորդ է սահմանել

0

 Հայտնի ջութակահար Նիկոլայ Մադոյանը «Գինեսի» ռեկորդակիր է դարձել 2017 թվականի փետրվարի 11-12-ը Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը 33 ժամ, 2 րոպե, 41 վայրկյան անընդմեջ նվագով: Նա ժամը մեկ հինգ րոպե դադարի հնարավորություն է ունեցել: Մադոյանը ռեկորդը սահմանել է հանուն հայրենիքի և այն նվիրում է Արցախյան քառօրյա պատերազմի անմահ հերոսներին:

Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների  հետ հանդիպմանը խոսեցին ջութակահարը և «Դյուցազնագրքի» հեղինակ, Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը:

«Ռեկորդը գրանցելու համար ընտրել եմ 59 հանրահայտ և բավականին բարդ ստեղծագործություններ: Ներառել եմ նաև չորս հայկական գործեր` Կոմիտասի «Ծիրանի ծառ»-ը, «Քելեր, ցոլեր»-ը, «Կռունկ»-ը և Էդվարդ Բաղդասարյանի «Նոկտյուրն»-ը»»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ջութակահարը:

Նա ընդգծեց, որ ութ ժամում 59 ստեղծագործությունները կրկնվել են ութ անգամ, սակայն ինքը դրանցից յուրաքանչյուրը յուրովի է մատուցել, նոր մեկնաբանությամբ:

Նիկոլայ Մադոյանի խոսքով` այդ փորձն իրեն հիանալի հնարավորություն է տվել ստուգել իր տեխնիկական հնարավորությունները: «Ես կարողացա գտնել մեթոդներ ու միջոցներ, որոնք ինձ թույլ տվեցին ժամեր շարունակ նվագելով հանդերձ բարելավել ծանրաբեռնված մկաններիս վիճակը ու շարունակել նվագը»,-շեշտեց ջութակահարը:

Անդրադառնալով «Գինեսի» ռեկորդակիր լինելու ընձեռած լայն հնարավորություններին` նա ասաց, որ այդ հանգամանքը յուրաքանչյուր արտիստի առաջ մեծ դռներ է բացում: «Եթե համերգային ծրագրի համար նախատեսված պաստառի վրա նշվում է, որ տվյալ երաժիշտը «Գինեսի» ռեկորդակիր է, նրա նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծանում է»,-եզրափակեց Մադոյանը:

Վարդան Թովմասյանի խոսքով` Նիկոլայ Մադոյանը ևս մեկ ռեկորդ է սահմանել, որը ներկայացվել է «Գինեսի» ռեկորդների գրասենյակ, սակայն դրա պատասխանը դեռ չի ստացվել: «Նա Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Բոռի թռիչքը» ստեղծագործությունը սովորական ջութակով նվագել է 46 վայրկյանում, իսկ անգլիացի մի երաժիշտ էլեկտրական ջութակով նույն գործն ավելի երկար է նվագել»,-ասաց Թովմասյանը և հավելեց, որ Հայաստանում Նիկոլայ Մադոյանն առաջին ռեկորդակիրն է մշակութային ոլորտում:

Նիկոլայ Մադոյանը ծնվել է 1973 թվականի հունիսի 1-ին Երևանում: Սովորել է Երևանի թիվ 12 երաժշտական դպրոցի Էմմա Գեսելևայի (Նուրազյանի) ջութակի դասարանում, այնուհետև` Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, Հրաչյա Բոգդանյանի ջութակի դասարանում: 1986թ. տեղափոխվել է Նովոսիբիրսկ և ուսումը շարունակել տեղի Գլինկայի անվան կոնսերվատորիայում՝ Զախար Բրոնի դասարանում: Կրթվել է նաև Լյուբեկի Երաժշտական բարձրագույն դպրոցում, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Արամ Շամշյանի ղեկավարությամբ և որոշ ժամանակ դասավանդել կոնսերվատորիայում:

Նա Գևորգ Կլենկամպֆի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող է: 1988-ին Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ և այնպիսի հայտնի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Կ. Մազուրը, Ռ. Հիքոքսը, Կ. Աբբադոն, Ա. Կացը, Դ. Կիտաենկոն, Վ. Գերգիևը, Լ. Հագերը, Մ. Բամբերտը, Պ. Դուֆալոն, Ն.Ալեքսեևը և այլք: Թողարկել է շուրջ 25 ձայնասկավառակ: 2004-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:  

Լևոն Օրբելու անվան ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը վերընտրվել է

0

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հոկտեմբերի 18-ի նախագահության նիստում Լևոն Օրբելու անվան ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Նաիրա Այվազյանը ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը ղեկավարում է 2012թ-ից: Նա ծնվել է 1973թ-ին` Երևանում: 1995թ-ին նա ավարտել է ԵՊՀ-ի կենսաբանական ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնը: Նաիրա Այվազյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է տոքսիկոլոգիան, կենսաֆիզիկան, նեյրոքիմիան, կենսաքիմիան: Նա 91 գիտական աշխատանքի հեղինակ է, այդ թվում հեղինակել է 3 ուսումնամեթոդական ձեռնարկ և 1 մենագրություն: Նաիրա Այվազյանը Համահայկական կենսաֆիզիկական ասոցիացիայի, Ֆիզիոլոգիական հայկական միության փոխնախագահն է, անդամակցում է ԵՊՀ 051 մասնագիտական խորհրդին, «Սթրես, ուղեղ և վարքագիծ» միջազգային ամսագրի խմբագրական կազմին, Թունաբանության միջազգային միությանը, Եվրոպական կենսաքիմիական ասոցիացիաների Ֆեդերացիային, Եվրոպական կենսաֆիզիկական ասոցիացիաների Ֆեդերացիային, Նեյրոքիմիայի միջազգային միությանը, Նյարդագիտության հայկական միությանը: Նաիրա Այվազյանը պարգևատրվել է միջազգային գիտական կազմակերպությունների պատվոգրերով:

Վարչապետը ծանոթացել է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին

0

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 18-ին այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,վարչապետ Կարապետյանը շրջել է շինհրապարակի տարածքում, ծանոթացել շինարարության և, մասնավորապես, երկաթբետոնե աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել հյուրանոցային համալիրի կառուցվածքի և հետագա քայլերի վերաբերյալ: Նշվել է, որ վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2018 թ. սեպտեմբերի 1-ը:

«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագիրն իրականացնում են «Սի-Սի-Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունը և «Դավիթ Բեկ Էնթերթեյնմենթս» ՍՊԸ-ն:  Ծրագրի համաձայն՝ «Դվինի» վերակառուցումն իրականացվելու է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Արդյունքում ստեղծվելու է հյուրանոցային համալիր, որը կլինի Երևանում նման դասի միակ կառույցը՝ 55000 քառ. մետր ընդհանուր մակերեսով: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է շուրջ 42 մլրդ ՀՀ դրամ, նախատեսվում է առնվազն 400 աշխատատեղի ստեղծում: Ընդհանուր համալիրը կվերանվանվի և հանդես կգա նոր՝ «Դավիթ Բեկ» բրենդով: Հյուրանոցի հիմնական մրցակցային առավելությունը լինելու են կենտրոնական տեղակայվածությունը, մեծ հողային մակերեսը, ստանդարտ սենյակների ընդհանուր մակերեսի ավելի մեծ չափսը, ժամանակակից և բացառիկ հյուրանոցային ենթակառուցվածքը: Նոր շենքում նախատեսվում է ունենալ մոտավորապես 200 հյուրանոցային համար: Համալիրը ներառելու է նաև բազմաթիվ ենթակառուցվածքներ և կառույցներ, այդ թվում նաև՝ առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»)՝ բազմահարկ մասնաշենք, որում կլինեն առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: Կառուցվելու են նաև ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիներ:

Գյուղնախարարությունն ու ՄԱԿ-ի ՊԳԿ-ն Հայաստանում ստորգետնյա ջրերի օգտագործումը տնտեսող ծրագիր են մշակել

0

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ ձկնաբուծարան է հիմնել, որում ներդրվելու է ջրի օգտագործման կիսափակ շղթայի տեխնոլոգիան: «Արմենպրես»ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության   նախարար   Իգնատի  Առաքելյանը:

Նրա խոսքով`այն շուտով կփորձարկվի, ինչի արդյունքում հնարավոր կլինի ոլորտի համար հիմնավորել այդ տեխնոլոգիաների ներդրման արդյունավետությունը. «Դա կարեւոր խնդիր է Արարատյան դաշտավայրում, եւ եթե այդ պիլոտային ծրագիրն ապացուցի, որ կիսափակ շղթան արդյունավետ է, մենք աստիճանաբար կզարգացնենք այդ ուղղությունը, ինչով կտնտեսենք նաեւ ստորգետնյա ջրերի օգտագործումը՝ պահպանելով ձկնաբուծությունը Հայաստանում»,-ասաց նախարարը:

Ըստ հաղորդման` ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը

0

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ փաստաբան Ս. Գևորգյանի հաղորդման հիման վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ս. Գևորգյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ դատարանի համապատասխան որոշմամբ արգելվել է իր վստահորդ Ս. Մնացականյանի` Երևան քաղաքում գտնվող տան նկատմամբ որոշակի գործողություններ, այդ թվում` վտարում կատարելը: Սակայն 02.08.2017թ.-ին Ս. Մնացականյանի տուն են այցելել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները և այնտեղ բնակվող նրա ազգականներին տեղեկացրել, որ պատրաստվում են վերջիններիս վտարել նշված հասցեից: Նրանք ոստիկանության ծառայողներին ներկայացրել են վտարման գործողությունն արգելող` դատարանի համապատասխան որոշումը, սակայն ոստիկանները, անտեսելով այդ հանգամանքը, 14.08.2017թ.-ին Ս. Մնացականյանի ազգականներին վտարել են տնից:

Նկատի ունենալով, որ հիշյալ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: