Շաբաթ, 14. 06. 2025

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահը վստահեցնում է` Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում առաջացող աղտոտիչները չեն լցվի շրջակա միջավայր

0

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ընդունել է Ամուլսարի հանքավայրի շահագործումն իրականացնող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության  մի խումբ ներդրողների՝ ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ։  «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը Հայաստանում ձևավորված ներդրումային մթնոլորտի և Ամուլսարի հանքի շինարարության ընթացքի վերաբերյալ պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին:

-Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետն ընդունել է Լիդիան Ինթերնեյշնլի մի խումբ ներդրողների: Կներկայացնե՞ք Ձեր տպավորությունները հանդիպումից:   «Լիդիան»-ն ամենախոշոր ներդրողն է երկրում, ինչպիսի՞ն էին ներդրողների տպավորությունները Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ: Ի՞նչ հարցեր քննարկվեցին: 

-Մեր ինստիտուցիոնալ ներդրողներից շատերը նախկինում երբեք չեն այցելել Հայաստան, և կարևոր է, որ նրանք հանդիպեն տարբեր շահագրգիռ կողմերի հետ և վստահություն ձեռք բերեն, որ Հայաստանը ներդրումների համար բարենպաստ երկիր է: Այցելուների խմբում կային տարբեր ինստիտուցիոնալ ներդրողներ և ֆինանսական վերլուծաբաններ, ովքեր քաջատեղյակ են շուկայի միտումներին: Նրանք ներկայացնում են կանադական, բրիտանական, ամերիկյան և եվրոպական բանկեր, ֆոնդեր և ինստիտուտներ: Հյուրերը հետաքրքրված էին Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ, տնտեսական հեռանկարով, տնտեսական զարգացումների վերաբերյալ կառավարության կանխատեսումներով:  Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վարչապետ Կարեն Կարապետյանին և Հայաստանի կառավարությանը խմբին ընդունելու և Հայաստանի օտարերկրյա ներդրումների համար բաց լինելը ևս մեկ անգամ ընդգծելու համար: Սա կարևոր է, քանի որ այս ուղերձը գնում է միջազգային շուկաներ, և ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում: 

-Շինարարական աշխատանքները սկսվել են անցյալ տարի սեպտեմբերին, և դուք ծրագրում եք ոսկու արդյունահանումը սկսել 2018թ.-ին: Ի՞նչ փուլում է Ծրագիրը հիմա: 

-Ծրագիրը ակտիվ շինարարական փուլում է: Մենք սկսել են ենթակառուցվածքների շինարարությունը: Շինարարության մեջ արդեն իսկ ներդրել ենք խոստացված 370 մլն ԱՄՆ դոլարի կեսից ավելին: Հանքի տարածքում այժմ լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվում և տնտեսական աճը հարակից համայնքներում արդեն տեսանելի է: Այս պահին շինարարության վրա աշխատում է ավելի քան 1200 մարդ: Աշխատուժի ավելի քան 30% տեղական համայնքներից է: Վերջին ամիսներին Ամուլսարն ապահովել է ամսական ավելի քան հարյուր հազար դոլարի գնումներ շրջակա համայնքներում, որը մեծապես անդրադարձել է տարածաշրջանի տնտեսության վրա: Ակնկալում ենք, որ մյուս տարի այս ժամանակահատվածում ծրագիրը կսկսի գործել ողջ ծավալով: 

-Ինչպե՞ս եք ընդունում ակտիվիստների քննադատությունը: Ո՞րն է Ձեր պատասխանը:  

-Մեծ ըմբռնումով եմ ընդունում: Հայաստանը, ինչպես շատ հետխորհրդային երկրներ, հանքարդյունաբերության ոլորտում բացասական փորձառություն ունի:  Իրականում, նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղից ինքս եմ, հանքարդյունաբերությունը 30 տարի առաջ և այսօր կատարելագործված տեխնոլոգիաների և բնապահպանական կառավարման տեսանկյունից բացարձակապես տարբեր են:  Հայաստանում ժամանակակից հանքարդյունաբերության շատ օրինակներ չեն եղել, և թերահավատություն ու վստահության պակասը ինչ-որ չափով հասկանալի է: Սակայն ժամանակակից հանքերն այսօր ունեն ժամանակակից հնարավորություններ ինժեներական  լուծումներով կանխելու շրջակա միջավայր անկառավարելի արտահոսքերը:  Աղտոտիչները չեն լցվում շրջակա միջավայր, դա կանխարգելվում է հանքում կառուցվող բազմաթիվ համակարգերի միջոցով: Ի դեպ, եթե գնաք Ամուլսարի շինարարական տեղամաս, կտեսնեք թե ինչպես են կառուցվում դրենաժային համակարգերը, ինչպես են պաշտպանիչ շերտերը դրվում ենթակառուցվածքների տակ: Այս բոլորը ժամանակակից միջոցներ ու լուծումներ են, որոնք ներդրվում են Ամուլսարում: Ես ինքս աշխատել եմ ԱՄՆ-ից մինչև Հարավային Ամերիկա տասնյակ հանքերում, որտեղ այս մեթոդները արդյունավետ կիրառվում են: Այս նույն մեթոդները մենք կիրառում ենք Հայաստանում: Այդուհանդերձ, ես իսկապես հասկանում եմ մտահոգությունները: Մենք ուրախ կլինենք շահագրգիռ կողմերին, ովքեր ցանկանում են տեսնել, թե ինչպես ենք մենք կառուցում հանքը, հյուրընկալել տեղամասում:

Հայաստանյան եվրաբոնդերը գնած օտարերկրյա ներդրողները վստահում են ՀՀ կառավարության քաղաքականությանը

0

Քանի դեռ հայաստանյան եվրաբոնդերի շահութաբերության անկում կամ դրանց ակնհայտ օտարման միտում չի նկատվում, ուրեմն կառավարության ֆինանսական կամ հարկաբյուջետային քաղաքականությունը վստահություն է ներշնչում Հայաստանի արժեթղթերում ներդրում կատարածներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով 500 միլիոն դոլար արժողությամբ եվրաբոնդերի և բյուջեի դեֆիցիտը ներքին պարտքի թողարկման միջոցով ֆինանսավորելու որոշումներին։ «Առաջին անգամ մենք քննարկում ենք արտաքին պարտքի կառավարման նոր ռազմավարություն և փորձելու ենք աստիճանաբար արտաքին պարտքի մեջ մեծացնել մեր ներքին պարտքի կշիռը։ Ավելի շատ կփորձենք պարտք վերցնել մեր սեփական ռեզիդենտներից, այսինքն՝ կարճաժամկետ պետական պարտատոմսերի թողարկման ճանապարհով»,-ասաց պատգամավորը։ Նրա դիտարկմամբ՝ այն դեպքում, երբ ներքին պարտքը գերազանցում է արտաքին պարտքը, պարտքի պատճառով ճգնաժամի մեջ հայտնվելու հավանականությունը էապես նվազում է, քանի որ երկրի ներսում կարգավորումներ անելն ավելի հեշտ է։

Պատգամավորը նկատեց, որ դեռևս վերջնական գնահատական չկա այն հարցադրմանը, թե արդյոք, արտաքին պարտքում եվրաբոնդերի առկայությունն արդարացված է, թե ոչ։ «Եվրաբոնդերը մի շատ հետաքրքիր ցուցիչ են, օրինակ, համոզված եք, չէ՞, որ այն ընկերությունները, որոնք գնել են հայաստանյան եվրաբոնդերը, այսինքն՝ վարկ են տվել մեզ, նրանք շատ ուշադիր հետևում են Հայաստանի կառավարության իրականացրած քաղաքականությանը, ու եթե մի փոքր սպառնալիք զգան իրենց շահերին, իսկույն այդ եվրաբոնդերը կվաճառեն, կազատվեն դրանցից, ինչը մենք այսօր չենք տեսնում»,-հավելեց Խոսրով Հարությունյանը։

Իսկ առկա վստահությունը, ըստ պատգամավորի, պայմանավորված է իրականացվող քաղաքականության կանխատեսելիությամբ։ Նրա խոսքով՝ կառավարությունը չի գնում պոպուլիստական քայլերի ճանապարհով, ինչը, հնարավոր է, հետագայում սպառնալիքի տակ դներ այդ նույն պարտատերերի փողերը։

«Բացի այդ՝ կան պարամետրեր ու ցուցանիշներ, օրինակ, արտաքին պարտքի ամենամյա սպասարկման գումարի տեսակարար կշիռը բյուջետային եկամուտների մեջ, պարտքի առավելագույն շեմը և այլն, որոնցով նույնպես կարելի է գնահատել, թե այն պարտքային քաղաքականությունը, որ վարում է կառավարությունը, օգտակար է, թե չէ։ Այսպիսի վերլուծություն անում են նաև նրանք, ովքեր ՀՀ կառավարությանը  գումար են տվել, քանի որ նրանք ամեն ինչ անում են, որ չկորցնեն այն»,-ավելացրեց մեր զրուցակիցը։

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն օրերս Reuters-ին տված հարցազրույցում ասել էորկառավարությունը  պլանավորել է 2019 կամ 2020 թվականներին 500 միլիոն դոլար արժողությամբ եվրաբոնդերթողարկելվերաֆինանսավորելու 2013 թվականին թողարկած յոթ տարի մարման ժամկետով պարտատոմսերը:

Նախարարն ասել էոր կառավարությունն առաջիկա տարիներին արտերկրից գումար ներգրավելու կարիք չունի և  կֆինանսավորի բյուջեի դեֆիցիտը ներքին պարտքի թողարկման միջոցով:

Գործազուրկների թիվը նվազել է, սակայն աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն կա

0

Գործազուրկների թիվը 2017-ին նվազել է 7 տոկոսով նախորդ տարվա համեմատ: Այնուամենայնիվ, աշխատաշուկայի գերակա խնդիրն է շարունակում մնալ առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը. գործատուները փնտրում են մի քանի հմտություններով օժտված մասնագետների: Գործազրկության, աշխատաշուկայի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի  վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանի հետ:

-Տիկին Թադևոսյան, աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվն այս տարի որքա՞ն է:

 Հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 88609 մարդ, որոնցից գործազուրկի կարգավիճակ ունի 73621-ը:  Գործազուրկների թվաքանակում ամենաշատը ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողներն են՝ 54.8 տոկոս: Բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների քանակը կազմում է 12.5 տոկոս, միջին մասնագիտական կրթություն ունեցողներինը՝  18.1,  նախնական մասնագիտական կրթություն ունեցողներինը՝ 5.5 տոկոս: Հիմնականում նրանք աշխատանք են փնտրում իրենց մասնագիտությամբ, իսկ չունեցողներին ցանկության դեպքում ընդգրկում ենք մասնագիտական ուսուցման դասընթացներում:

Իսկ ինչպիսի՞ն է ցուցանիշը նախորդ տարվա համեմատ:

-2016-ին աշխատանք փնտրողների թիվը եղել է 96 106, գործազուրկներինը՝ 79 195: Նախորդ տարվա համեմատ այս տարի ցուցանիշները նվազել են՝ 7.8 տոկոսով աշխատանք փնտրողների թիվը, իսկ մոտ 7 տոկոսով՝ գործազուրկներինը:

-Ո՞ր մարզում է ամենաբարձ և որո՞ւմ ամենացածր գործազրկությունը: Ինչո՞վ է պայմանավորված:

-Ամենաշատ գործազուրկների թիվն այս տարի գրանցվել է Շիրակում: Հոկտեմբերի 1-ի դրությամբ ունենք 16244 աշխատանք փնտրող, որից 13236-ն ունեն գործազուրկի կարգավիճակ: Ամենաքիչ գործազրկությունն ունի Վայոց ձորը: 1810 աշխատանք փնտրող կա գրանցված, որոնցից 1275-ն ունեն գործազուրկի կարգավիճակ: Նման ցուցանիշը, իհարկե, կապված է բնակչության թվաքանակի հետ:

-Գործակալության միջոցով այս տարի որքա՞ն մարդ է տեղավորվել աշխատանքի և ո՞ր ոլորտներում:

 Հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 6162 աշխատանք փնտրող: Աշխատատեղերը եղել են ՝ արդյունաբերության , մեծածախ  և մանրածախ  ավտոմեքենաների, մոտոցիկլների նորոգման, սպասարկման  և այլ ոլորտներում: Ի դեպ, նախորդի համեմատ այս տարի ավելի շատ մարդ է տեղավորվել աշխատանքի:

-Ցուցանիշի բարելավումն ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ:

 – Այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր: Ակտիվացրել են ԶՏԿ-ների և գործատուների միջև համագործակցությունը: Սեպտեմբերից սկած իրականացնում ենք նաև տոնավաճառներ, որի արդյունքում հայտնաբերվում են թափուր աշխատատեղեր, ինչպես նաև առաջիկայում կանխատեսվող աշխատատեղեր:  Կառավարությամբ համապատասխան որոշումը ևս նպաստել է ցուցանիշի բարելավմանը:

-Աշխատանքի տեղավորվածներից քանի՞սն են եղել անմրցունակ և նրանցից քանի՞սը հաշմանդամություն ունեցող անձինք: Ի՞նչ ծրագրեր են նպաստել նրանց տեղավորմանը:

Աշխատանքի տեղավորվածներից անմրցունակ անձանց թիվը 5405 է: Հաշմանդամություն ունեցողներինը՝ 117-ը: Անմրցունակ անձանց աշխատաքի տեղավորմանը նպաստելու համար իրականացրել ենք երկու հիմնական ծրագիր՝ գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում՝ 680 անմրցունակ անձի և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործատուներին աջակցության տրամադրման ծրագրով՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ 240 անձի: Նախորդ տարի նույն ժամանակում աշխատանքի էր տեղավորվել  ավելի շատ անմրցունակ անձ՝ 5900:

-Իսկ ինչո՞վ կպայմանավորեք այս տարի աշխատանքի տեղավորված անմրցունակ անձանց թվաքանակի կրճատումը:

– Նախորդ տարվա ցուցանիշը փոքր-ինչ բարձր էր, քանի գործում էին նաև այլ ծրագրեր: Դրանցից էին այլ վայր գործուղման, ձեռնարկատիրական , սեզոնային աշխատանքներին վերաբերող ծրագրերը: Այս ծրագրերը 2016-ի սեպտեմբերին կառավարության որոշումով  հաստատվել էին: Սակայն 2017-ի մարտին կառավարության արձանագրային որոշմամբ՝ ավելի շատ շեշտադրում արվեց նվազ ծախս պահանջվող ծրագրերին՝  գործատուին միանվագ փոխհատուցման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործատուներին աջակցության տրամադրմանը:

-Որքա՞ն և ո՞ր ոլորտներում են առկա ամենաշատ թափուր աշխատատեղերը:

 Տարեսկզբից հավաքագրվել է շուրջ 6839 թափուր աշխատատեղ: Առյուծի բաժինը թեթև արդյունաբերության,  սպասարկման և առևտրի ոլորտներում է: Այս երեք ոլորտներում պահանջարկն ավելի շատ է, սակայն առկա են թափուր տեղեր նաև կրթության, գյուղատնտեսության, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում:  Առողջապահության ոլորտում ունենք 469, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 489  թափուր աշխատատեղ: Մարզերում ամենաշատ թափուր աշխատատեղեր կան բժշկի, դասավանդողների, ճարտարապետների մասնագիտությամբ:  Երևանում և մարզերում միջին մասնագիտական կրթությամբ պահանջված մասնագիտություններն են ֆինանսի, առևտրի բնագավառի  գործակալները, գանձապահները, միջին բժշկական անձնակազմը, արվեստի, մարզական բնագավառների աշխատողները, փականագործները:

-Ո՞րն է աշխատաշուկայի գերակա խնդիրն այսօր:

-Ամենամեծ խնդիրն առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունն է: Բոլոր մասնագիտություններով մենք առաջարկ ունենք, սակայն առկա է որակի խնդիր՝ պահանջում են բարձր որակավորման մասնագետներ: Հաճախ գործատուները փնտրում են մի քանի հմտություններով օժտված մասնագետի՝ օտար լեզուների, համակարգչային գիտելիքների իմացությամբ, ինչը դժվար է գտնվում:  Կան աշխատատեղեր, որոնք երկար ժամանակ թափուր են մնացել, քանի որ գործատուն չի գիտել համապատասխան հմտություններ ունեցող մասնագետի: Սա դեռևս աշխատաշուկայի գերակա խնդիրն է:

Հարցազրույցը` Աննա Գրիգորյանի

Սպասվող լրահոս. 19.10.2017

0
«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

2018 թվականից ՀՀ  բուհերում երկու նոր մասնագիտություն կներմուծվի: Բուհական մասնագիտությունների ցանկը վերանայելու որոշումն ընդգրկված է այսօր` հոկտեմբերի 19-ին, կայանալիք կառավարության նիստի օրակարգում: Մասնագիտությունների ցանկի վերանայման արդյունքում բուհերում կներդրվի «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա»` բակալավր և մագիստրոսի համապատասխան որակավորումներով:

Երևանում կանցկացվի «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողով: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, FAST-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը և այլք:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կկայանա գործարար համաժողով՝ «Նոր բիզնես հնարավորություններ ՓՄՁ-ների համար Հայաստանում: Սովորելով շվեյցարական փորձից» թեմայով: Ներկա կլինեն Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ /ՀԳՀՄ/ Գագիկ Մակարյանը, ֆրանսախոս Շվեյցարիայի ձեռնարկությունների միության գլխավոր տնօրեն Բլեյզ Մաթեյը: Նախատեսված են կլոր-սեղան քննարկումներ B2B ձևաչափով:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգ-երեկո: Մասնակցում է Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Համերգներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ կբացվի ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնը՝ նվիրված հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը և Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն» -ը:

Եվս մեկ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի մասին: ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատունը, ՀՀ մշակույթի նախարարության և Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համագործակցությամբ, հրավիրում է ունկնդրելու Բրազիլիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգը: Համերգի պատվավոր հյուրն է դիրիժար Ռիկարդո Ավերբախը (Բրազիլիա):

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա նաև դաշնակահար Լևոն Կարապետյանը՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում

Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տոնել Ֆիլիպինների մրցաշարի 8-րդ տուրում

0

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակվում է հաջող ելույթները Ֆիլիպինների մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նեգրոս օփեն»-ում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Գրիգորյանի մրցակիցն այս տուրում 18-ամյա միջազգային կարգի շախմատիստ Վիետնամը ներկայացնող Տրան Թանգն էր: Գրիգորյանն առավելության հասավ պարտիայի 45-րդ քայլին:

Այս տուրից հետո Գրիգորյանն ունի 6 միավոր, իսկ առաջատարը՝ 7: Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:

 

Կը Շինեմ Կոր

0

Երէկ գիշեր ազգային մտահոգութիւններով տարուած կը մտածէի, թէ արդեօք ի՞նչ պիտի գրէր մեծանուն երգիծագիր Երուանդ Օտեան, եթէ բախտը կամ դժբախտութիւնը ունենար ապրելու ամէն մակարդակով անկումի մեր այս օրերը: Սակայն շուտով անդրադարձայ, որ ան արդէն գրած է իր անժամանցելի վէպը, որուն անմահ հերոսն է` Ընկեր Փանջունին: Օտեանի հանճարը մեծ է եւ անարարկելի: Մեր ժողովուրդի ցաւերն ալ նոյնն են ու անբուժելի:

Կը յիշե՞ս սիրելի ընթերցող իր գլուխ գործոց վիպաշարին նշանաւոր նախաբանը՝ «Կենսագրական նօթեր Ընկ. Բ. Փանջունիի մասին»:

Կարելի՞ է մոռնալ անոր մէկ այս հատուածը.

…Փոքրիկ Փանջունի յաճախ սխալ կը գործածէր բառերը, բոլորովին աղաւաղելով անոնց նշանակութիւնը։ Օր մը սեղանի մը վրայ դրուած արժէքաւոր անօթ մը կ՚առնէ ու գետին նետելով ջարդ ու փշուր կ՚ընէ։

Հայրը, իրիկունը գործէն վերադարձին, կը տեսնէ եղածը և տղան կանչելով ու անօթին կտորտանքները ցոյց տալով կը գոչէ․

— Ծօ՛, ի՞նչ ըրած ես անօթը։

— Շինեցի, հայրի՛կ,— կը պատասխանէ փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը։

— Ծօ ի՜նչ շինել, կոտրեր ես, շա՛ն զաւակ։

— Չէ՛, հայրիկ, շինեցի.— Կը պնդէ տղան։

Ի զո՜ւր հայրը երկար-բարակ կը բացատրէ, թէ՝ երբ առարկայ մը գետին նետելով կտոր-կտոր կ՚ընենք, այդ գործողութիւնը շինել բայով չի բացատրուիր, այլ՝ կոտրել։ Անկարելի եղաւ բառագիտական այդ նրբութիւնը հասկցնել Փանջունիի, որ շարունակեց տանը մէջ գտնուած գաւաթները, պնակները, շիշերը կոտրտել և ամէն անգամ որ «Ի՞նչ կ՚ընես կոր» ըսելով զինքը կը յանդիմանէին, անդրդուելի ու անխռով կը պատասխանէր.

— Կը շինեմ կոր։

Քանի՜ քանի ազգային հաստատութիւններ այսօր դժբախտաբար կը ղեկավարուին ընկեր Փանջունիներով սիրելիս, որոնք իրենց կոտրածին՝ կը շինեմ կոր կ՛ըսեն: Եթէ այդ հաստատութիւններուն իրավիճակը տեսնես շա՜տ կը ցաւիս սակայն չես զարմանար, որովհետեւ նման (ան)պատասխանատու մարդոց այսպէս կոչուած ղեկավարութիւնը կամ տնօրինումը տուեալ հաստատութեանց՝ ըլլան անոնք կրօնական, կուսակցական, միութենական, թէ կրթական հաստատութիւններ, աւելի լաւ արդիւնք տուած պիտի չըլլար, մինչ տարբեր արդիւնք ակնկալելն ալ մեր կողմէ ոչ միայն միամտութիւն, այլ՝ ցնորամտութիւն պիտի ըլլար…:

Այդ (ան)պատասխանատուներէն ոմանք  գիտեն, որ իրականութեան մէջ իրենք բան մըն ալ չեն շիներ: Ասոնք նուազ վտանգաւորներն են իրենց տեսակին, որովհետեւ օր մը «կը շինեն» (չես գիտեր ինչ անձնական նպատակի համար), երկու օր «կը շինեն» դարձեալ գիտակցաբար, յետոյ կը ձանձրանան իրենց «արարչութենէն»:

Վտանգաւորները սիրելիս այն այսպէս կոչուած ղեկավարներն են, որոնք լրջօրէն հաւատացած են, որ իրենք՝ «կը շինեն կոր»…:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայաստանի Մէջ Գանատայի Դեսպանը Պատրաստակամութիւն Յայտնած է Նպաստելու Փոխայցերու Աշխոյժացման

0

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինէ Յովհաննիսեան, Հոկտեմբեր 17-ին, ընդունած է Հայաստանի մէջ Գանատայի արտակարգ եւ լիազօր դեսպան Ճոն Ռոնալտ Քիւրը:

ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերու վարչութենէն փոխանցուած տեղեկութիւններով՝ Արփինէ Յովհաննիսեան նշած է, որ հայ-գանատական յարաբերութիւնները կայուն կերպով կը զարգանան։ Երկու երկիրները ունին բարեկամութեան ու համագործակցութեան լաւագոյն աւանդոյթներ: ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ այս ծիրէն ներս՝ ընդգծած է միջխորհրդարանական կապերու զարգացման կարեւորութիւնը, բարեկամական խումբերու աշխոյժ փոխգործակցութիւնը:

Հայաստանի մէջ Գանատայի արտակարգ եւ լիազօր դեսպանը պատրաստակամութիւն յայտնած է՝ նպաստելու հայ-գանատական խորհրդարանական յարաբերութիւններու առաւել խորացման, փոխայցերու աշխոյժացման: Ճոն Ռոնալտ Քիւրի խօսքով` տարին իւրայատուկ է անոր համար, որ կը նշուի Հայաստանի եւ Գանատայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման 25-ամեակը:

Հանդիպման ընթացքին անդրադարձ եղած է 2018-ին Հայաստանի մէջ ֆրանսախօս երկիրներու գագաթաժողովին իրականացման: Կարեւոր համարուած է համագործակցութիւնը կաշառակերութեան դէմ պայքարին, տեղեկատուական նոր ճարտարագիտութիւններու եւ այլ ոլորտներու մէջ:

«Հայապահպանութեան Գործին Մէջ Նշանակալի Աւանդի Համար» Համահայկական Մրցանակաբաշխութիւն – 2017

0

Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը, Համաշխարհային հայկական կոնգրէսը եւ Ռուսաստանի հայերու միութիւնը «Հայապահպանութեան գործին մէջ նշանակալի աւանդի համար»  2017 թ. մրցանակաբաշխութեան ծիրէն ներս կը յայտարարեն մրցոյթներու պայմանները հետեւեալ անուանակարգերուն`

  1. «Մայրենիի պաշտպան» (անհատներ),
  2. «Լաւագոյն հայկական կրթօճախ»,
  3. «Երիտասարդական, ուսանողական կ’ազմակերպութիւն»,
  4. «Ազատ Արցախ»եւ «Մայիս` յաղթանակներու ամիս» մանկապատանեկան լաւագոյն   ստեղծագործութիւններու մրցոյթ (նկար, քանդակ (լուսանկար), երգ, բանաստեղծութիւն, պատմուածք, շարադրութիւն, գրական փորձ եւ այլն):

«Հայապահպանութեան գործին մէջ նշանակալի աւանդի համար» մրցանակաբաշխութեան նպատակն է խրախուսել Սփիւռքի մէջ հայ ազգային ինքնութեան պահպանման ու զարգացման հարցով կազմակերպութիւններու, տարբեր խումբերու, առանձին անհատներու ունեցած ներդրումը, գնահատել եւ արժեւորել այս ուղղութեամբ հայկական համայնքներու գործունէութիւնը:

  1. «Մայրենիի պաշտպան»(անհատներու համար) մրցոյթի կազմակերպման նպատակն է խրախուսել սփիւռքեան կառոյցներ ու անհատներ, ովքեր մեծ ներդրում ունին մայրենիի պահպանման, տարածման, հայեցի կրթութեան եւ դաստիարակութեան գործին մէջ:

Մրցոյթին կրնան մասնակցիլ Սփիւռքի մէջ գործող համայնքային կազմակերպութիւններ, կրթօճախներ, մշակութային հաստատութիւններ, մայրենի լեզուի ուսուցիչներ, լեզուաբաններ, մշակոյթի եւ գրական գործիչներ:

  1. «Լաւագոյն հայկական կրթօճախ»մրցոյթի նպատակն է խրախուսել Սփիւռքի մէջ հայ ազգային ինքնութեան պահպանման ու զարգացման, սերունդներու հայեցի կրթութեան եւ դաստիարակութեան, հայապահպանական ծրագիրներու իրականացման գործին մէջ նշանակալի ներդրում ունեցող հայկական կրթօճախները, խթանել անոնց ստեղծումն ու ազգապահպան գործունէութիւնը:
  2. «Երիտասարդական, ուսանողական կազմակերպութիւն»մրցոյթի նպատական է աշխոյժացնել եւ խրախուսել Սփիւռքի երիտասարդական, ուսանողական կազմակերպութիւններու գործունէութիւնը` կարեւորելով անոնց դերակատարութիւնը համահայկական, համազգային խնդիրներու լուծման գործին մէջ:

Մրցոյթին կրնան մասնակցիլ Սփիւռքի մէջ գործող երիտասարդական կառոյցները, ինչպէս նաեւ` ուսանողական կազմակերպութիւնները, որոնք.

  • Գրանցուած են տուեալ երկրի օրէնսդրութեան համապատասխան կամ կը գործեն տեղի հայկական համայնքի, մշակութային, եկեղեցական կառոյցներուն կից կամ համալսարաններու մէջ:
  • Ունին առնուազն երեք տարուան գործունէութեան փորձ:
  1. «Ազատ Արցախ»եւ «Մայիս` յաղթանակներու ամիս»մանկապատանեկան լաւագոյն ստեղծագործութիւններու մրցոյթը (նկար, քանդակ (լուսանկար), երգ, բանաստեղծութիւն, պատմուածք, շարադրութիւն, գրական փորձ եւ այլն) նպատակ ունի նպաստել հայրենասիրական զգացումներու, ազգային ինքնագիտակցութեան, պատմական եւ մշակութային գիտակցութեան ձեւաւորման ու զարգացման:

Մասնակիցները կրնան ներկայացնել արուեստի տարբեր ոլորտները ներկայացնող աշխատանքներ` նկար, քանդակ, փայտագործական, խեցեգործական իր/առարկայ, երաժշտական ստեղծագործութիւն, բանաստեղծութիւն,  շարադրութիւն եւ այլն:

Աշխատանքները ներկայացնելու ժամանակ պէտք է նշել` հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, բնակութեան երկիրը, քաղաքը, ստեղծագործութեան անուանումը, հասցէն (ելեկտրոնային) եւ հեռաձայնի թիւը, ինչպէս նաեւ կրթօճախը, մշակութային հաստատութիւնը, մանկապատանեկան կեդրոնը, արուեստի դպրոցը կամ խմբակը, ուր կը սորվի ստեղծագործութեան հեղինակը (տուեալները թերի ներկայացնելու պարագային դիմումը չ՛ընդունուիր):

Մրցոյթը կ՛իրականացուի երկու հանգրուանով.

  1. Համայնքներէն ներս կ՛իրականացուի մրցոյթի առաջին հանգրուանը, որուն արդիւնքով ընտրուած ստեղծագործութիւնները կ՛ուղարկուին ՀՀ սփիւռքի նախարարութիւն:
  2. Երկրորդ հանգրուանին նախարարութեան կողմէն ձեւաւորուած մրցութային յանձնախումբը աշխատանքներու գնահատման արդիւնքով կը յայտարարէ մրցոյթի յաղթողները:

Մրցոյթներուն Մասնակցելու Ցանկութիւն Ունեցողները Լրացուած Դիմումները Պէտք Է Ներկայացնեն Հհ Սփիւռքի Նախարարութիւն Մինչեւ 30 Նոյեմբեր 2017:

Մրցոյթներու արդիւնքները կ’ամփոփուին 2017 թ. Դեկտեմբեր ամսուն:

Մասնակցութեան դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել.

– Կրթութեան մասին փաստաթուղթ (պատճէնը),

– Համայնքի, կառոյցի կամ դպրոցի կողմէն տրուած բնութագիր-երաշխաւորագիր (հաստատուած կնիքով եւ ղեկավարի ստրոագրութեամբ),

– Իւրքանչիւր անուանակարգի համար դիմողի գործունէութեան նկարագիր,

–Նիւթեր, ներառեալ` տեսանիւթեր, որոնք կը փաստեն մրցանակաբաշխութեան մասնակցելու դիմողներու կողմէն իրականացուած հայապահպանական ծրագիրներու մասին: Մրցութային յանձնախումբը կրնայ դիմել դիմորդին` վերջինիս գործունէութիւնը լուսաբանող լրացուցիչ տպագիր նիւթեր, գիրքեր, հրատարակութիւններ, տեսաերիզներ, լուսանկարներ եւ այլ լրացուցիչ նիւթեր տրամադրելու խնդրանքով:

Ներկայացուած դիմումները կ’ուսումնասիրուին մասնագիտական մրցութային յանձնախումբի կողմէն:

Դիմումը կրնաք ներբեռնել www.mindiaspora.am նախարարութեան պաշտօնական կայքէջէն կամ www.hayernaysor.am ելեկտրոնային թերթէն, լրացնել, ստորագրել, համայնքային կազմակերպութեան (կամ եկեղեցւոյ) կամ կրթօճախի կողմէ տրուած երաշխաւորագրի հետ միասին ուղարկել gitakrtakan.diaspora@yandex.ru, gitakrtakan-diaspora@mail.ru,   mshakuyt.diasopora@mail.ru ելեկտրոնային հասցէներուն:

Մրցանակաբաշխութեան իրականացման պատասխանատու` ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի համահայկական ծրագիրներու վարչութիւն (հեռ.` +374 10 58 56 01 (7-00), +374 60 500-830):

«Հայապահպանութեան գործին մէջ նշանակելի աւանդի համար» համահայկական ամենամեայ մրցանակաբաշխութեան 2017 թ. մրցոյթներու արդիւնքներու մասին տեղեկատւութիւնը կը տեղադրուի ՀՀ սփիւռքի նախարարութեան պաշտօնական կայքէջի մէջ` www.mindiaspora.amկամ www.hayernaysor.am «Հայերն այսօր» ելեկտրոնային թերթի մէջ:

ՀՀ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ

 

ՀՀ Կառավարութիւնը Քննարկած է Համայնքային Զարգացման Ուղղուած Ծրագիրները

0

ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի մօտ, Հոկտեմբեր 17-ին, տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցութեան ընթացքին, քննարկուած են համայնքներու զարգացման ուղղուած ծրագիրներուն վերաբերող հարցեր: 
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Դաւիթ Լոքեան զեկուցած է այդ նպատակով՝ Հայաստանի քանի մը մարզի մէջ կատարուած ուսումնասիրութիւններու արդիւնքներուն մասին: Նշուած է, որ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարութեան մօտ ամփոփուած է արդէն շուրջ 50 ծրագիր, որոնք ուղղուած են բնակչութեան` եկամուտներ ստանալու հնարաւորութիւններու աւելացման, ներդրումային միջավայրի եւ հասարակական վիճակի բարելաւման: 
ՀՀ կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերու վարչութեան տեղեկութիւններով՝ վարչապետ Կարապետեանը յանձնարարած է շարունակել աշխատանքները եւ լրամշակել համայնքային զարգացման նպատակով մշակուած ծրագիրները` կարեւոր համարելով անոնց հիմքին յստակ գործարար տրամաբանութեան ներդնումը, որ պիտի նպաստէ համայնքներուն մէջ տնտեսական աշխոյժութեան խթանման, ենթակառուցուածքներու զարգացման եւ աշխատատեղերու ստեղծման:  

ՀՀ Նախագահը Շնորհաւորական Ուղերձ Յղած է Խրխզիստանի Նորընտիր Նախագահին

0

ՀՀ նախագահ Սերժ Սարգիսեան շնորհաւորական ուղերձ յղած է Սոորոնպա Ժէենպեքովին Խրխզիստանի Հանրապետութեան նախագահ ընտրուելուն առիթով` մաղթելով բարօրութիւն եւ յաջողութիւն պետութեան ղեկավարի պատասխանատու գործունէութեան մէջ, իսկ Խրխզիստանի բարեկամ ժողովուրդին` խաղաղութիւն եւ բարգաւաճում:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցներու հետ կապերու վարչութեան տեղեկութիւններով, հանրապետութեան Նախագահի շնորհաւորական ուղերձին մէջ ըսուած է.
«Կ՝ուզեմ հաստատել հայ-խրխզական բարեկամական եւ փոխշահաւէտ յարաբերութիւններու յետագայ զարգացման գործին մէջ մեր հետաքրքրուածութիւնը: Համոզուած եմ, որ վերջին տարիներուն արձանագրած երկկողմ համագործակցութեան արդիւնքները՝ յետագայ զարգացում, իսկ համատեղ ջանքերը նոր ընթացքին պիտի ունենան` ի շահ միջպետական համագործակցութեան ներուժի աւելի լիարժէք բացայայտման:
Հայաստանի եւ Խրխզիստանի ժողովուրդներու բարեկամութեան եւ փոխադարձ յարգանքի բարի աւանդոյթները ամուր հիմք կը ծառայեն մեր պետութիւններու քաղաքական երկխօսութեան ընդլայնման, փոխշահաւէտ տնտեսական եւ մշակութային-մարդասիրական ծրագիրներու իրականացման, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ եւ այլ բազմակողմ միաւորումներու ծիրէն ներս փոխգործակցութեան աճին համար»: