Ուրբաթ, 13. 06. 2025

FAST-ը առաջիկա 5 տարում 250 միլիոն դոլարի ներդրում է նախատեսում Հայաստանում

0

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) Հայաստանում առաջմղման չորս հիմնական ուղղություն է առանձնացրել։ Նախորդ վեց ամիսներին կատարված հետազոտության արդյունքում դուրս է բերվել տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, դրոնների կառավարման և առաջադեմ նյութերի (Advanced materials) ոլորտում նախագծերի իրականացման հնարավորությունը։ Առաջիկա հինգ տարում FAST-ը նախատեսում է 250 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր ապահովել Հայաստանում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին  հայտարարեց FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։ «Հիմնադրամը գործում է այս տարվա ապրիլից, մենք ներկայում ռազմավարական պլանավորումների փուլում ենք։ Մեր նպատակն է ստեղծել գիտական հետազոտությունների խթանման համար բարենպաստ միջավայր Հայաստանում։ Մի քանի նախաձեռնություններ ունենք, որոնց մասին այսօր կհայտարարենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Օրուջյանը։

Անդրադառնալով «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովին ու ԱՄՆ Գիտության ազգային հիմնադրամի (NSF) հետ համագործակցությանը՝ Արմեն Օրուջյանը նկատեց, որ իրենց հիմնական նպատակը հայ և արտասահմանցի գիտնականների միջև կապերի հաստատումն է, որը նպաստի հետագայում համատեղ հետազոտությունների իրականացմանը։ «Ուրախ ենք, որ մեր երիտասարդ մասնագետները, ովքեր սովորում են մաթեմատիկական գիտություն, ֆիզիկա, համակարգչային տեխնոլոգիաներ, շփվում են առաջադեմ գիտնականների հետ, ու շատ լավ է տեսնել այսպիսի մեծ հետաքրքրություն»,-հավելեց մեր զրուցակիցը։

Առողջապահական 2 հիմնարկների միավորման արդյունքում կտնտեսվի 9 մլն դրամ

0

Կառավարությունը հաստատեց «Ն.Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ին միացնելու որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ նշված փոփոխությունը բխում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործման ու օպտիմալացման անհրաժեշտությունից: «Նախատեսվում է 11 հաստիքի կրճատում և 9 միլիոն դրամի խնայողություն»,- ասաց փոխնախարարը:

«Թվային Հայաստան» հիմնադրամին հատկացվեց 39 մլն դրամ

0

ՀՀ կառավարությունը «Թվային Հայաստան» հիմնադրամին 2017 թվականի գործունեության ծախսերն իրականացնելու նպատակով հատկացրեց 39 մլն դրամ: 

«Արմենպրես»ի փոխանցմամբ, «Թվային Հայաստան»-ի բյուջեն հավանության է արժանացել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:

ՀՀ կառավարման արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովման համար, ինչպես նաև ժամանակակից թվային օրակարգի իրագործման նպատակով ստեղծվել է միասնական մասնագիտացված կենտրոնացված օղակ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամ, որին   պատվիրակվել է միասնական տեսլականի հիման վրա ՀՀ թվային օրակարգի մշակման և իրականացման  համակարգման ողջ գործընթացը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների էլեկտրոնային համակարգերի զարգացումը և պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության մակարդակի բարձրացումը:

Միջոցները կհատկացվեն պահուստային ֆոնդից: 

 

Կառավարություն ներկայացնել առաջարկություններ Երևանում խցանումների նվազեցման վերաբերյալ

0

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց քայլեր ձեռնարկել նվազեցնելու Երևանում աշխատանքային օրերին առաջացող խցանումների դեպքերը: Վարչապետը հիշեցրեց, որ վերջին ժամանակահատվածում կառավարության կողմից նախաձեռնվել են օրենսդրական և գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման ու նվազ նշանակության իրավախախտումների նախազգուշացման կիրառման ուղղությամբ:

«Ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքներին հավելվող տույժերը վերացվել են: Մշակված նոր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծով նախատեսվել են նախազգուշացման ինստիտուտի կիրառման ճկուն մեխանիզմներ: Միաժամանակ, փաստ է, որ աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծումներ: Մասնավորապես, խնդիրներ են առաջանում նաև ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի պահպանման մասով»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Ոստիկանության պետին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել Երևանում խցանումների նվազեցման հնարավորությունները՝ հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության խստացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը,  և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և Ոստիկանության պետին հանձնարարվեց 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով կանգառ կատարելու դեպքերում սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի գերազանցումների արձանագրման մոտեցումների վերանայման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

 

Ծանրորդ Ժորժ Եղիկյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

0

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականի անդամ Ժորժ Եղիկյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Ալբանիայում շարունակվող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 140 կգ, իսկ հրումում` 175 կգ, ինչի արդյունքում նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Երկամարտի 315 կգ արդյունքով Եղիկյանը գրավեց 5-րդ  տեղը:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալ էր նվաճել Իզաբելլա Յայլյանը:

Երևանում շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2017թ. ծրագիրը

0

Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով ընթանում են  բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2017 թվականի աշխատանքները: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը, ընդհանուր առմամբ, կվերանորոգվի 1518 մուտք: Վաղ գարնանից մեկնարկած գործընթացով արդեն իսկ վերանորոգվել է 1051 մուտք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,հարկ է նշել,  որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերի նորոգման նկատմամբ ցուցաբերվում է համալիր մոտեցում. շքամուտքերից բացի, ամբողջությամբ նորոգվում են նաև շենքերի հարկաբաժինները: Աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն, իսկ որակի նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն:

Վահան Մարտիրոսյանը տրանսպորտային միջոցներ արտադրող իտալական ընկերության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

0

 Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է «Էլիտալիանա» (ELITALIANA) ընկերության ներկայացուցիչներին՝ գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Ջիուլիվիի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը, ողջունելով իտալացի գործարարների այցը Հայաստան, հույս է հայտնել, որ արդյունավետ համագործակցություն կձևավորվի։

«Էլիտալիանա» ընկերության մասնագետները նախարարին ներկայացրել են ընկերության գործունեության շրջանակները։ Նշվել է, որ այն ավելի քան 50 տարվա պատմություն ունի։ Սկզբնական շրջանում գործունեություն են ծավալել տարբեր բնագավառներում, իսկ 1980-ական թվականներից սկսած՝ մասնագիտացել են տրանսպորտային միջոցների արտադրության ոլորտում:

Ընդգծվել է  արտադրված տեխնիկայի բարձր որակը, որը հաստատված է համապատասխան հավաստագրերով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են իտալական տրանսպորտային տեխնիկան Հայաստանում շահագործելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմերի մասնագետների մասնակցությամբ մշակել հնարավոր համագործակցության ծրագիր և այն առավել մանրակրկիտ քննարկել հաջորդ հանդիպման ընթացքում։

Հայաստանն ու Կանադան ակտիվ համագործակցում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում

0

 Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը հոկտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհակալություն հայտնելով Օտտավայի քաղաքապետին ՀՀ դեսպանության հետ ծավալած սերտ համագործակցության համար` դեսպան Մարտիրոսյանը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս շարունակել համատեղ աշխատանքները:

Ջիմ Վաթսոնն իր հերթին շնորհավորել է ՀՀ դեսպանին` պաշտոնի ստանձման կապակցությամբ, և հույս հայտնել, որ նրա գործադրած ջանքերի շնորհիվ հայ-կանադական երկկողմ հարաբերություններն առավել զարգացում կապրեն:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտների` ընդգծելով դրանցում արձանագրված ձեռքբերումերը: Քննարկվել է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի 150-ամյակի առթիվ Կանադայում և Հայաստանում կազմակերպվող միջոցառումների ընթացքը:

Կարևորվել է տարբեր միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի և Կանադայի միջև ծավալված ակտիվ համագործակցությունը:

Մտքեր են փոխանակվել ապակենտրոնացված համագործակցության զարգացումն առավել խթանելու վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարեց տրամաբանական չափով ազատականացնել անտառահատումներն ու իրականացնել կոշտ վերահսկողություն

0

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ անտառների կառավարման և պահպանման արդյունավետության բարձրացմանն ու առկա խնդիրների լուծմանը՝ տեղեկացնելով, որ մոտ ժամանակներս շահագրգիռ մարմինների հետ ամբողջությամբ քննարկված և լրամշակված հայեցակարգը կներկայացվի Կառավարության աշխատակազմ:  

«Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից՝ ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը, մյուս կողմից՝ վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել են բնափայտի մթերման օրինական ծավալները»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները և դրանց լուծման հրատապությունը՝ Կարեն Կարապետյանը Բնապահպանության, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարեց շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին, միաժամանակ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը, 10-օրյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված և օպտիմալ ծավալները՝  հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա:

Միաժամանակ, ըստ հանձնարարականի, 2-ամսյա ժամկետում վերոնշյալ գերատեսչությունները պետք է համատեղ մշակեն և կառավարության աշխատակազմ ներկայացնեն ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր:

«Հաշվի առնելով շուկայի իրական ծավալները, գնահատելով ստվերը՝ մենք պետք է «Հայանտառ»-ում բարեփոխումներ կատարենք, տրամաբանության չափով լեգալացնենք անտառահատումները, ֆինանսական միջոցներ ուղղենք «Հայանտառ», որպեսզի վերջինը պատրաստ լինի գույքով և անհրաժեշտ գործիքներով՝ իրականացնելու մաքսիմալ կոշտ հսկողություն»,- ընդգծեց վարչապետը:  

 

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Քաշաթաղում հայրենադարձության և գյուղատնտեսության առաջիկա ծրագրերը

0

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանի ուղեկցությամբ և Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների, գյուղատնտեսության պատասխանատուների և խոշոր հողագործների մասնակցությամբ, Բերձորում հրավիրել է խորհրդակցություն՝ գյուղատնտեսական և շրջանի զարգացման հետ կապված մի շարք այլ թեմաների շուրջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը զեկույցով հանդես է եկել շրջանի գյուղատնտեսության բաժնի պատասխանատուն: Վերջինս նշել է, որ, վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ, ձևավորվել է շտաբ, որպեսզի կազմակերպված ձևով ժամանակին հասցնեն աշնանացանի բոլոր աշխատանքները:

Անդրադառնալով անցնող տարվա ցուցանիշներին՝ զեկուցողը շեշտադրել է, որ Քաշաթաղի շրջանը շարունակում է հանրապետությունում պահպանել գյուղատնտեսության համախառն բերքի արտադրության առումով առաջատարի դիրքը: Ցանված 20,207 հեկտարից հնձվել է 20,052 հեկտարը, որից ստացված համախառն բերքը կազմել է 55,817 տոննա:

Արայիկ Հարությունյանը բավարար է գնահատել ներկայացված արդյունքները և նշել, որ, հաշվի առնելով շրջանում առկա գյուղատնտեսական մեծ ներուժը, անելիքները դեռևս շատ են: «Քաշաթաղի շրջանում պետական միջոցներով շուտով երկու փորձնական ծրագիր կսկսենք: Առաջինը հարավային և հյուսիսային թևերում կաթի մթերման ժամանակակից կետերի բացումն է, որոնք լրացուցիչ կնպաստեն շրջանում անասնապահության զարգացմանը: Երկրորդը՝ հատկապես հյուսիսային թևում, որտեղ առկա է տարբեր տեսակի պտուղների իրացման խնդիրը, կտրամադրվեն չրերի պատրաստման սարքավորումներ: Այնուհետև պատրաստված ողջ ապրանքատեսականին պետական աջակցությամբ կգնվի»,- ասել է պետնախարարը և հավելել, որ նախատեսվում է նաև սառնարանային ժամանակակից տնտեսությունների ստեղծում, որտեղ բնակիչները հնարավորություն կունենան պահել իրենց բերքը և ձմեռային սեզոնին ավելի թանկ գնով շուկա հանել:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև հայրենադարձության խնդրին: Նա նշել է, որ կառավարությունը նախատեսում է շրջանում ակտիվացնել հայրենադարձության ծրագիրը, և շրջվարչակազմի ղեկավարին հանձնարարել է գույքագրել շրջանի ամբողջ այն բնակֆոնդը, որը հնարավոր է վերակառուցել: Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ հայրենադարձության խթանման համար շրջանի տարբեր համայնքներում ծրագրվում է հարյուրավոր նոր բնակարաններ կառուցել: Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին: