Հինգշաբթի, 12. 06. 2025

Հայաստանի բուհերում կներառվեն երկու նոր մասնագիտություն

0

Հայաստանում պատրաստվող մասնագիտությունների ցանկն ընդլայնվում է: Այդ նպատակով կառավարությունը փոփոխություն կատարեց «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածում: Ըստ այդմ՝ ավելանում է  «Դատական փորձաքննություն» մասնագիտությունը՝ բակալավրի և մագիստրոսի պատրաստմամբ: Սա գործելու է որպես իրավագիտության ֆակուլտետի ճյուղ:

«Արմենպրես»ի փոխանցմամբ, ավելանում է նաև «Մեխատրոնիկա» մասնագիտությունը՝ որպես Արդյունաբերական ճարտարագիտության ֆակուլտետի ճյուղ: Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից է Ճարտարագիտության ոլորտը: Հայաստանում «Մեխատրոնիկա» մասնագիտության զարգացման համար առկա է անհրաժեշտ ներուժ, կան ենթակառուցվածքներ, որոնք կարող են ապահովել այդ մասնագիտության կայացումը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտություններն ունեն բավական բարձր վարկանիշ: Վերոնշյալ մասնագիտությունների բացումը լուրջ նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում համապատասխան ոլորտի զարգացմանը («Դատական փորձաքննություն»), ինչպես նաև նորարարությանը և ստեղծարարությանը («Մեխատրոնիկա»), ինչը ժամանակի հրամայականն է:

Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների

0

 Հայաստանի կառավարությունը համաձայնություն տվեց Ռուսաստանի Դաշնության հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ըստ համաձայնագրի, երկու երկրների միջև և իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների: Թույլտվություն կպահանջվի միայն Եվրասիական տնտեսական միության ոչ անդամ-պետությունների հետ երրորդ երկրի փոխադրումներ իրականացնելիս: «Միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն թույլտվությունների առկայության դեպքում: Երկու երկրների լիազոր մարմինները համաձայնագրեր կփոխանակեն յուրաքանչյուր տարի: Բացառություն կլինեն միայն անսարք ավտոբուսներով փոխադրումները», – «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Համաձայնագրով նախատեսվում է ծանրաքաշ, մեծ եզրաչափերով և վտանգավոր բեռներ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցներով երկու պետությունների միջև փոխադրումների կանոնակարգում: Այդ փոխադրումները իրականացնելու նպատակով լիազոր մարմինները կտրամադրեն հատուկ թույլտվություն: Համաձայնագիրը ներառում է փոխադրումների անվտանգության, ապահովագրության և վերահսկողության մեխանիզմներ: Միաժամանակ բեռների և ուղևորների փոխադրումներ իրականացնող փոխադրողները համաձայնագրի շրջանակում երկու պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս փոխադարձաբար ազատվում են մյուս պետության տարածքում տրանսպորտային միջոցների սեփականության և դրանց օգտագործման հետ կապված տուրքերից, գանձումներից և մուծումներից` բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

Ռոբերտ Հարությունյանն ու Վլադիմիր Ռախմանինը կարևորել են ԵԱՏՄ և ՄԱԿ-ի ՊԳԿ համագործակցությունը

0

 ՀՀ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Վլադիմիր Ռախմանինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցությունը և իր երախտագիտությունը հայտնել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում բազմաբնույթ ծրագրերի իրականացման գործում կազմակերպության կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող բարեփոխումներին, կայուն զարգացման, պարենի անվտանգության, կլիմայի փոփոխության, աղքատության կրճատմանն առնչվող խնդիրներին:
Երկուստեք կարևորվել է ԵԱՏՄ և ՄԱԿ-ի ՊԳԿ համագործակցությունը գյուղատնտեսական ոլորտի կարգավորման դաշտին առնչվող փոխգործակցության համատեքստում:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ իրավապայմանագրային դաշտի զարգացումն ավելի կխթանի համագործակցությունը Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև և կնպաստի նոր ծրագրերի մեկնարկին:

Վլադիմիր Ռախմանինը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը շարունակական աջակցության համար և հույս է հայտնել, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն կբերի ծրագրերի մշակման գործընթացում՝ 2018թ. կեսերին Վորոնեժում կայանալիք տարածաշրջանային հերթական հանդիպման շրջանակներում: 

Վանաձորի թիվ 26 և 28 դպրոցները կմիավորվեն. կտնտեսվի 19 մլն դրամ

0

Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցը, որն ունի 30 աշակերտ և զբաղեցնում է շուրջ 5069 քմ տարածք, կփակվի և կմիացվի հարևանությամբ գտնվող թիվ 28 դպրոցին, որը կառուցվել է երկրաշարժից հետո։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«Դպրոցի պահպանությունն ու վերականգնումը բացարձակապես չի հիմնավորվում։ Բոլորին պետք է հասկանալի դառնա, որ այս թվակազմով և այս տարածքով դպրոց պահելը չի արդարացվում և կրթությունը նորմալ չէ այդ դպրոցում», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Լոքյանը։

Ի պատասխան վարչապետի հարցի՝ նախարարն ասաց, որ դպրոցների օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 19 միլիոն դրամ: Վարչապետը նաև հետաքրքրվեց, թե հարցը տեղում համաձայնեցվա՞ծ է։ «Բոլորը գիտեն, հարցը բավական երկար քննարկվել է», – ասաց Դավիթ Լոքյանը։

Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինա»-ի հաղթական խաղին

0

 Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը մասնակցել է «Ժիլինա»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ`«Ժիլինա»-ն, Սլովակիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հյուրընկալելով «Պոդբրեզովա»-ին, հաղթել է 3:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամը չի եղել մեկնարկային կազմում, սակայն փոխարինման է դուրս եկել 82-րդ րոպեին:

«Ժիլինա»-ն դուրս է եկել Սլովակիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:

Գերմանացիները կծանոթանան հայկական մշակույթին եւ պատմությանը. Քյոլնում մեկնարկում են հայ մշակույթի օրերը

0

Գերմանիայի Քյոլն քաղաքում հոկտեմբերի 20-ին կմեկնարկեն հայ մշակույթի օրերը:  «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Գերմանիայի առաջնորդարանի թեմական խորհրդի ատենապետ Սերովբէ Օտապաշեանը:

«Մշակութային օրերը ներկայացնում են հայ մշակույթի բոլոր առավելությունները,  անցյալն ու պատմությունը: Այս բոլորը պետք է ներկայացնենք գերմանացիներին, այսինքն՝ գաղափարը՝ հայ մշակույթն ու հայոց պատմությունը ծանոթացնելն է նրանց, ովքեր ծանոթ չեն: Այն առաջին հերթին ուղղված է գերմանացիներին եւ հայ երիտասարդ սերնդին»,-ասաց նա:  

Ատենապետը ներկայացրեց, որ նման միջոցառումները կազմակերպելու միտքն առաջացել է դեռեւս 2001 թվականից եւ հիմնականում իրականացվում է 5 կամ 6 ծրագիր:

«Այս տարի, օրինակ, նախատեսված է 5 ծրագիր: Առաջինը բեմադրություն է հայ մշակույթի եւ պատմության մասին, երկրորդը Ռաֆայել Թովմասյանի գրքի շնորհանդեսն է: Գիրքը  Սփյուռքում, մասնավորապես՝ Գերմանիայում ծնված հայ երիտասարդների հոգեբանության, հայի ինքնության մասին է, թե ինչպես է այդ երիտասարդն ապրում ու գոյատեւում: Հաջորդ ծրագիրը նախատեսում է «Խոստումը» ֆիլմի դիտումը: Միջոցառումների շրջանակում համերգով ելույթ է ունենալու  «Neuberin» հայկական նվագախումբը, որը կատարելու է  Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Հաջորդ ծրագիրը կրկին երաժշտական է, բայց արդի հայկական եւ եվրոպական: Ելույթներով հանդես են գալու Արեն Էմիրզյանն ու ընկերները»,-նշեց Սերովբե Օտապաշեանը եւ հավելեց, որ    մշակութային հանձնախումբը պատկանում է Քյոլնի առաջնորդարանին, ում  նախաձեռնությամբ եւ օժանդակությամբ, ինչպես նաեւ հայ համայնքների օժանդակությամբ էլ իրականացվում են նախատեսված ծրագրերը:

Միջոցառումներին ներգրավված են եւ հայեր, եւ գերմանացիներ: Ելույթ են ունենալու օրինակ՝ Անահիտ Թոփչյանը, Էդուարդ Թոփչյանը ու նվագախումբը, Արա Պետրոսյանը եւ այլն:

«Բոլոր ծրագրերը, կարելի է ասել, շատ հաջող են, սակայն գերմանացիներն ավելի հետաքրքրված են, քան հայերը: Ինչպես նախկինում, այսօր եւս կենտրոնացած ենք գերմանացիների, միեւնույն ժամանակ հայ նոր սերնդի հետաքրքրությունը արթնացնելու ուղղությամբ»,-եզրափակեց նա: 

Առաջիկա հինգ օրերին Հայաստանում սպասվում է արևոտ եղանակ

0

 Հայաստանում առաջիկա հինգ օրերին սպասվում է արևոտ եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ին, 21-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա հինգ օրերին ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +21, +22 աստիճան:

Տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվությունը 1 ամսվա փոխարեն կտրամադրվի 10 օրվա ընթացքում

0

ՀՀ ոստիկանությունում վարչարարությունը պարզեցնելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել և տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվությունը տրամադրել 10 օրվա ընթացքում՝ մեկ ամսվա փոխարեն: «Մասնավորապես՝ նախատեսվում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության կողմից տրամադրվող՝ տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, ինչպես նաև առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշումները դիմումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի փոխարեն տրամադրել տասնօրյա ժամկետում»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ   ոստիկանապետ   Վլադիմիր  Գասպարյանը՝ ավելացնելով, որ ընտրվել է տասնօրյա ժամկետը, որովհետև այդ ընթացքում հնարավոր է տրանսպորտային միջոցների զննություն, կառուցվածքային փոփոխությունների զննություն անցկացնելու, հաճախ նույնիսկ փորձագետներին, ընկերություններին, գործարաններին հարցումներ ուղարկելու անհրաժեշտություն առաջանա:

«Նախագիծը մշակվել է սույն թվականի հունիսին` Ձեր կողմից տրված հանձնարարականի հիման վրա. նպատակ ունի պարզեցնել պետական մարմինների կողմից մատուցված ծառայությունները»,- դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ասաց ոստիկանապետը:

Նախագիծն ընդունվեց, այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից մեկ օր անց:

 

Համայնքային զարգացման կենտրոն հիմնելու համար կառավարությունը Տեղ գյուղին կտրամադրի կառույց

0

ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի Տեղ համայնքին կտրամադրվի 4 միլիոն 700 հազար դրամ գնահատված արժեքով շենք, որտեղ կստեղծվի hամայնքային զարգացման կենտրոն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ համայնքը պարտավորվում է մինչև 2025 թվականի ավարտը նախագծով նվիրաբերվող շենքի և բակի վերանորոգման նպատակով իրականացնել 40 միլիոն դրամի ներդրում: Նվիրաբերվող տարածքը նախկինում եղել է հիվանդանոց, որն այժմ չի գործում ու գտնվում է անմխիթար վիճակում:

Բուժաշխատողի գործունեության խոչընդոտումը Հայաստանում քրեականացվում է

0

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է ավելացնել նոր հոդված`քրեականացնելով բուժաշխատողի գործունեությունը խոչընդոտելը:

«ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանի և Կարեն Ավագյանի ներկայացված նախագծի նախնական տարբերակում առաջարկվում է բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար նախատեսել պատիժ տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու համար նախատեսել պատիժ ազատազրկում՝  3-7 տարի ժամկետով: Սահմանվել է նաև պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ թե վտանգավոր բռնություն գործադրելով այլ  գործադրելու  սպառնալիքով: Այդ արարքի համար պատիժ նախատեսել` նվազագույն  աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի բուժաշխատողի օրինական շահերի պաշտպանությունը: Ըստ նրա, նախագծի նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունների կանխումն ու կանխարգելումը: