Չորեքշաբթի, 11. 06. 2025

Արմեն Ամիրյանը Իրանի հետ համագործակցության նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել

0

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկա է գտնվել հոկտեմբերի 17-ին Թեհրանում բացված «Հայաստան և Իրան. հողի հիշողություն» խորագրով ցուցահանդեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը հանդիպել է Իրանի փոխնախագահ և մշակութային ժառանգության, ձեռարվեստի, զբոսաշրջության կազմակերպությաննախագահ Ալի Ասղար Մունեսանի, Իրանի մշակույթի, իսլամական առաջնորդման նախարար  Սեյեդ ԱբբասՍալեհիի հետ: Հանդիպումներից հետո Ամիրյանը Երևանում ամփոփել է իր  ներկայացրած  առաջարկները,  որոնցից շատերի շուրջ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել.

-եռակողմ աշուղական փառատոնի կազմակերպում (Հայաստան, Իրան և Վրաստան),

-«Գորիսը՝ ԱՊՀ 2018 թ. մայրաքաղաք» ծրագրին նաև Իրանի մասնակցությունը,

-հնագիտական համատեղ արշավախմբերի ձևավորում,

-հայ-իրանական համատեղ սիմֆոնիկ նվագախմբի ստեղծում, որը համերգներ կունենա ոչ միայն Հայաստանում և Իրանում, այլև այլ երկրներում,

-Ֆիրդուսու «Ռուստամ և Զոհրաբ»-ի հայերեն ներկայացման բեմադրություն՝ պարսկերեն լուսագրերով,

-իրանական ֆիլմերի արտադրություն Հայաստանում, երբ կընդունվի Կինոյի մասին ՀՀ օրենքը,

-հայկական հեքիաթների պարսկերեն տպագրություն և պարսկական հեքիաթների հայերեն հրատարակում, գրքերի բաժանում գրադարաններին՝ փոխադարձության սկզբունքով,

-մշակութային հուշանվերների համատեղ ձեռնարկության ստեղծում Հայաստանում,

-հայկական գորգի ցուցահանդես Իրանի գորգի թանգարանում,

-Մարտիրոս Սարյանի ևԛգործերի ցուցահանդես Իրանում,
-հայաստանցի և իրանցի ևԛևԛժամանակակից արվեստի համատեղ ցուցահանդես, որը կներկայացվի և′ Հայաստանում, և′ Իրանում,

-Իրանի Գոլեստանի թանգարանից ցուցանմուշների ներկայացում Երևանի Կապույտ Մզկիթի տարածքում։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը հանդիպումներ է ունեցել Բուխարեստում

0

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը հոկտեմբերի17-ին Բուխարեստում հանդիպումներ ունեցան Ռումինական Ակադեմիայի Հրվ.-արլ. Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն դոկտ. Անդրեյ Տիմոտինի, այնուհետև Նիկոլայե Յորգայի անվ. պատմության ինստիտուտի տնօրեն դոկտ. Օվիդիու Կրիստեայի հետ, քննարկելու համար գիտական համագործակցության հարցեր` ՀՀ ԳԱԱ-ի և Ռումինական Ակադեմիայի միջև 2013թ. ստորագրված Համաձայնագրի շրջանակներում: Աշխատանքային քննարկումների ընթացքում ուրվագծվեցին այն թեմաները, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել համատեղ ուսումնասիրությունների համար, ինչպես նաև համագործակցության ձեւերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այդ կապակցությամբ երկուստեք կարևորվեց ռումինահայ հարուստ պատմամշակութային ժառանգությունը, երկու ժողովուրդների պատմական առնչությունները, ինչպես նաեւ գիտական այն արժեքավոր ժառանգությունը, որը թողել են ռումին ականավոր պատմաբան Նիկոլայե Յորգան, նրա մերձավոր գործակից, նշանավոր հայագետ եւ արեւելագետ Հակոբ Սիրունին:

Դոկտ. Անդրեյ Տիմոտինը տեղեկացրեց նաեւ, որ Հարավարևելյան Եվրոպական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունը (AIESEE) 2019թ. սեպտեմբերի սկզբին Բուխարեստում կազմակերպում է Հարավարևելյան Եվրոպական ուսումնասիրությունների 12-րդ միջազգային կոնգրեսը, որի նիստերից մեկը` «Անիից Ռումինիա. Պատմություն, ավանդություն եւ պատկերագրություն» թեմայով, նվիրված է լինելու հայ-ռումինական առնչություններին, և որին բնականաբար ցանկալի կլիներ հայ հետազոտողների մասնակցությունը:

Իր հերթին Նիկոլայե Յորգայի անվ. պատմության ինստիտուտի տնօրեն դոկտ. Օվիդիու Կրիստեան գիտական համագործակցության օրինակ դիտարկեց ինստիտուտի աշխատակից պատմաբան Վիորել Ակիմի/Viorel Achim

ակտիվ մասնակցությունը, որպես ռումինական կողմի համակարգող, 2013թ. Բուխարեստում կազմակերպված Ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողովին, որի նյութերի ժողովածուն համատեղ ջանքերով պատրաստվում է հրատարակության:

Հանդիպումների ժամանակ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ տարվա ընթացքում փոխայցելությունների եւ կնքվելիք համաձայնագրերի շուրջ: Հանդիպումներին ռումինական կողմից մասնակցում էին նաև հայագիտությամբ հետաքրքրված հետազոտողներ, որոնց մեջ ակադ. Անդրեյ Պիպիդին, հայկական կողմից` ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմենուհի Ղամբարյանը:

Մինչ այդ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը եւ Արմենուհի Ղամբարյանը մասնակցել էին հոկտեմբերի 13-14-ին Բուխարեստում կայացած «Հայոց ցեղասպանությունը. Պատմություն, հիշողություն,  պատասխանատվություն»  վերտառությամբ միջազգային գիտական կոնֆերանսին:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի շնորհումը ծառայում է իր հիմնական նպատակին. Արմեն Գևորգյան

0

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի  մրցանակի մրցանակաբաշխության կազմ կոմիտեի նախագահ Արմեն Գևորգյանը կարծում է, որ մրցանակաբաշխությունը իր հիմնական նպատակին ծառայում է:

Հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահական նստավայրում կայացած ասուլիսի ընթացքում Արմեն Գևորգյանը նկատեց, որ, միգուցե, դեռևս չեն կարողացել հասնել նրան, որ Հայաստանն աշխարհում ճանաչելի լինի որպես ՏՏ ոլորտի առաջատար երկիր, սակայն հավելեց, որ արդեն իսկ հաջողություն է այն, որ ամեն տարի մրցանակին արժանացող համաշխարհային ճանաչման հասած անձինք ժամանում են Հայաստան, որտեղից տանում են լավագույն հուշերը ու դրանց մասին տարբեր առիթներով պատմում են: «Միայն այն հանգամանքը, որ այդ մարդիկ տարբեր առիթներով հիշում են Հայաստանի մասին, արդեն հաջողություն է: Ես այս ընթացքում հետևել եմ տարբեր հարթակներում նրանց ելույթներին, հարցազրույցներին, և նկատում եմ, որ նրանք բավականին հաճախ են հիշում Հայաստանում անցկացրած իրենց օրերի մասին»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ` ընդգծեց Գևորգյանը:

Արմեն Գևորգյանը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման առումով կարևոր է համարում նաև ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացած մարդկանց հանդիպումները ոլորտի երիտասարդ հայ մասնագետների հետ: Նրա խոսքով` երիտասարդ մասնագետները ոլորտի հսկաների հետ հանդիպումներից ոգեշնչվում են և ավելի նպատակադրված աշխատանք են իրականացնում` հաջողությունների հասնելու համար, ինչն էլ նպաստում է երկրում ՏՏ ոլորտի առաջընթացին: «Ուստի, ես կարծում եմ, որ այս մրցանակաբաշխությունը իր հիմնական նպատակին ծառայում է»,- ասաց նա:

Մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահը հիշեցրեց, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացած, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն ճապոնացի Ցուգիո Մակիմոտոն Հայաստան այցելելուց հետո գիրք է գրել Հայաստանի և երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժի և հեռանկարների մասին, որի շնորհիվ ոչ միայն ճապոնացիները, այլ նաև այլ երկրների ժողովուրդները Հայաստանի մասին բավականին շատ տեղեկատվություն են ստացել: 

2009 թհուլիսի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՏՏ ոլորտում համաշխարհային  ներդրմանհամար ՀՀ նախագահի մրցանակի հիմնադրման վերաբերյալ հրամանագիրըՄրցանակը յուրաքանչյուր տարի  շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատիումներդրումները  ՏՏ ոլորտում բերել են կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումներիորոնք  դրականորեն  են անդրադարձել կամ ունեն ներուժ դրականորեն անդրադառնալպատմության ընթացքի վրաՏՏ ոլորտում  համաշխարհային  ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին այստարի արժանացել է Նեսթ Լաբս» ընկերության  հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի ՖադելըՆախորդտարիներին ՏՏ    ոլորտում համաշխարհային  ներդրման  համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացել են «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրենտնօրենների  խորհրդի նախագահ ՔրեյգԲարրետը, Apple Computer կորպորացիայի հիմնադիր Սթիվ Վոզնյակը, Synaptics ընկերության պատվավորնախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո  Ֆաջին,  Կիսահաղորդչայինարդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին  գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Սիսկո Սիսթեմս» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Կասպերսկի» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, Open-Root կազմակերպության  գլխավոր տնօրենինտերնետի նախահայրերից մեկը համարվող Լուի Պուզեն:

 

Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը պետք է իրականացնել ցատկային մտածելակերպով

0

Տվյալագիտությամբ (Data Sciences) եւ հարակից գիտակարգերով զբաղվող ավելի քան 200 գիտնական ու մասնագետ է հյուրընկալվել Երևանում։ Նրանք մասնակցում են«Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովին, որը կազմակերպել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ ԱՄՆ Գիտության ազգային հիմնադրամի (NSF) հետ համագործակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ FAST-ի համահիմնադիր, վենչուրային կապիտալիստ, գիտնական Նուբար Աֆեյանը նշեց, որ, երբ 16 տարի առաջ ինքն ու Ռուբեն Վարդանյանն այլ գործընկերների հետ սկսեցին մտածել Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ, իրենք գիտեին, որ հիմնարար կրթական համակարգ ունենալու համար պետք է լայն ու տարածական աշխատանք կատարել։ «Մենք Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը պետք է իրականացնենք ցատկային մտածելակերպով, ոչ թե պլանավորվորած քայլերով»,-ասաց Նուբար Աֆեյանը՝ հավելելով, որ տվյալների գիտության մեջ յուրահատուկ մտածողությունը լրացուցիչ առավելություններ կտա Հայաստանին։

Աշխատաժողովի համանախագահ, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր  Նաիրա Հովակիմյանը հույս հայտնեց, որ այս  հանդիպման արդյունքում մի քանի տարի անց աշխարհում բեկումնային զարգացումներ կլինեն ու մասնակիցները կնշեն, որ առաջին անգամ իրար ճանաչել ու գաղափարներ են ձևավորել հենց Երևանում։ «Այս աշխատաժողովը երիտասարդ ձայները լսելու դարձնելուն է ուղղված։ Հուսով եմ, որ խանդավառ աշխատանք կիրականացնեք հետագայում»,-ասաց հայազգի գիտնականը։

Աշխատաժողովի համանախագահ, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Ինֆորմացիոն գիտության ինստիտուտի Մեքենայական բանականության և տվյալագիտության խմբի ղեկավար Արամ Գալստյանի խոսքով՝ դժվար է թերագնահատել մեքենաների ուսուցման և տվյալագիտության մեջ տեղի ունեցած հիմնարար վերափոխումները, որոնք մեծապես ազդում են գիտական այլ ճյուղերի ու մարդկանց կյանքի վրա։ «Հերթական արդյունաբերական հեղափոխությանն ենք ականատես լինում․ առանց վարորդ մեքենաներ, ավտոմատացված ապարատային թարգմանություններ, կենսագիտության ոլորտի  զարգացումներ և այլն։ Մեքենաների ուսուցման վերջին առաջխաղացումը վերափոխումներ է առաջացրել ոչ միայն համակարգչային, այլև՝ կենսաբանական, բժշկական գիտություններում, նույնիսկ հասարակագիտության մեջ»,-նշեց Արամ Գալստյանը։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ձևավորվել է 2017-ի ապրիլին՝ նպատակ ունենալով դառնալ համալիր հարթակ գիտական ու տեխնոլոգիանական զարգացման համար Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակին այս տարի կարժանանա iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելը

0

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահական նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը: «Թոնի Ֆադելը ոլորտում լեգենդար անձնավորություն է. նա թվային iPod նվագարկչի ստեղծողն է: Մինչև 2008թ. Ֆադելն աշխատել է Apple ընկերությունում, որից հետո 2010թ. հիմնադրել է «Նեսթ Լաբս» ընկերությունը, որն այնուհետև շուրջ 3 միլիարդ դոլարով վաճառել է Google-ին: Նա ամենաերիտասարդ մրցանակակիրն է, որին մենք հյուրընկալելու ենք Հայաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Մուսայելյանը:

Նա հիշեցրեց, որ արդեն 8-րդ տարին է` հանձնվում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը, որի շրջանակներում ոլորտի հսկաները ժամանում են Հայաստան, հանդիպումներ ունենում ՏՏ ոլորտի երիտասարդ հայ մասնագետների, ուսանողների և դասախոսների հետ, մասնակցում տարբեր միջոցառումների: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի 8-րդ մրցանակակիր Է Թոնի Ֆադելը երկօրյա այցով Հայաստան կժամանակի նոյեմբերի 14-ին: «Այցի շրջանակներում տեղի կունենա նրա առանձնազրույցը Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ, մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը, հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ: Թոնի Ֆադելին Պոլիտեխնիկական համալսարանում կշնորհվի պատվավոր դոկտորի կոչում, որից հետո նա հանդիպում կունենա բուհի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այցի շրջանակներում նախատեսված է նաև «Հայփոստ» ընկերության կողմից նամականիշների մարման արարողություն»,- մանրամասնեց Հովիկ Մուսայելյանը:

Մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն ընդգծեց, որ մրցանակաբաշխության միջոցով ուշադրություն են սևեռում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներին: «Տեխնոլոգիական զարգացումը մեր երկրի հեռանկարներից մեկն է, որում մեծ ներդրում են ունենալու հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները: Այս տարի Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ստանալու է մի անձնավորություն, ով ոլորտում նշանակալի համբավ ունի: Մենք շատ ենք կարևորում այս միջոցառման անցկացումը, որի հիմնական նպատակն է Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնել` որպես  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ առաջընթաց ունեցող երկիր»,- ընդգծեց Արմեն Գևորգյանը:

Մրցանակաբաշխության հովանավոր «Վիվա Սել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ շեշտեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի կարևոր հրամայականներից մեկն է: Նրա խոսքով` ոլորտը զարգացնելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ են պետք, որպեսզի Հայաստանը ոլորտում արձանագրած հաջողությունների և առաջընթացի առումով ավելի ճանաչելի դառնա: «Այս մրցանակաբաշխությունն էլ հենց դրան է միտված, քանի որ մենք մրցանակ ենք հանձնում ոլորտում լուրջ հաջողությունների հասած և համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց, ովքեր ժամանում են Հայաստան, իրենց փորձով կիսվում են երիտասարդ հայ մասնագետների հետ»,- ասաց Յիրիկյանը:

2009թ. հուլիսի 6-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի հինադրման վերաբերյալ հրամանագիրը; Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել են կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ունեն ներուժ դրականորեն անդրադառնալ պատմության ընթացքի վրա:

Նախորդ տարիներին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացել են «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրետը, Apple Computer կորպորացիայի հինադիր Սթիվ Վոզնյակը, Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջին,  Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Սիսկո Սիսթեմս» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Կասպերսկի» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն, ինտերնետի նախահայրերից մեկը համարվող Լուի Պուզեն:

 

«Հին Երևան» նախագծի շրջանակում կվերականգնվի Աֆրիկյանների տունը

0

«Հին Երեւան» նախագծով վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում «ՀինԵրևան» նախագծի  հեղինակ ճարտարապետ  Լևոն Վարդանյանը տեղեկացրեց, որ 150 մլն դոլարի ներդրումներ են իրականացվել:
«Աշխատանքներն ընթանում են, տեմպը նորմալ է: Ծրագիրը վարչապետին է ներկայացվել, բոլոր հանձնարարակաները տրվել են: Այժմ 3 կառույց վերականգնվում են»,-ասաց ճարտարապետը:
Լևոն Վարդանյանը նշեց, թե մեկ այլ խոչընդոտ էր աշխատանքների ընթացքում ստորգետնյա ջրերի հոսքը: 
Նա ընդգծեց, որ վերականգնման աշխատանքները մի քանի ամիս առաջ են սկսվել, բայց Տերյան փողոցում ստորգետնյա կառույցների վերականգնման աշխատանքների ժամանակ ջրեր են դուրս եկել, որոնց պատճառով ծրագիրը դադարեցվել է, ապա վերսկսվել:

«Դրենաժային ցանց է տեղադրվելու՝ բետոնային աշխատանք սկսելու համար»,- ընդգծեց Լևոն Վարդանյանը և նշեց, որ մյուս կտորը կլինի Տերյանի փողոցում, շենքը ստորգետնյա 3 հարկ կունենա:

«Հին Երևան» նախագծի հեղինակը շեշտեց, որ վերականգնման աշխատանքները սկսվելու են Տերյանի փողոցից մինչև Հանրապետության փողոց: Տերյանում ստորգետնյա կառույցների վերականգնումից հետո կվերականգնվի Հանրապետության հրապարակի և Ամիրյան փողոցի խաչմերուկում գտնվող՝ Միրզոյան եղբայրների տունը: Դրանից հետո կվերականգնվեն նաև Արամի փողոցի Հախնազարյանների, ինչպես նաև` Աֆրիկյանների տները:
Ճարտարապետ Լևոն Վարդանյանը նշեց, որ ներդրողները նոր թափ են հաղորդել ծրագրին, և այս տարի արդեն երկաթբետոնյա կոնստրուկցիաները վեր կբարձրանան:
Ճարտարապետն ասաց, որ կան 19-րդ դարի վերջի, 20-դարի սկզբի 14 հուշարձան- շենք, և եթե ծրագիրը չլիներ, դրանք կվերանային:

Երգեհոնահար Հարություն Թագվորյանի գործունեության 30-ամյակին նվիրված համերգում կհնչեն հանրահայտ գործեր

0

Երգեհոնահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Հարություն Թագվորյանի բեմական գործունեության 30-ամյակը լրանում է այս տարի: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կիրականացվի համերգային ծրագիր: Հանդես կգա Ռուսաստանից ժամանած մեցցո-սոպրանո Նինա Մատվեևան: Կհնչեն Վալտերի, Բախի, Շուբերտի, Մասկանիի ստեղծագործությունները: Երաժշտի գործունեության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Հարություն Թագվորյանի հետ:

«Ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի Յոհան Սեբաստիան Բախի երաժշտությունը: Այն ասես այլ աշխարհ տանի` երևակայական, հրաշալի: Հենց Բախը մեծ դեր խաղաց այն հարցում, որ ես ընտրեցի երգեհոնը՝ որպես հիմնական գործիք: Նա ինձ համար ոգեշնչման մեծ աղբյուր է, իսկ երգեհոնը, ի տարբերություն ռոմանտիկ դաշնամուրի, զուսպ է, և այն զգալ, հասկանալ է հարկավոր»,-նշեց Թագվորյանը:

Անդրադառնալով իր ստեղծագործական կյանքի ձեռքբերումներին և բացթողումներին` Թագվորյանն ասաց, որ 90-ականներին` իր երիտասարդության տարիներին, վայրէջքները շատ էին, քանի որ Հայաստանի քաղաքական և տնտեսական ոչ բարվոք վիճակից ելնելով` ստիպված է եղել հրաժարվել արտերկրում կայանալիք փառատոնների, մրցույթների մասնակցելու մի շարք առաջարկություններից:

«Հաջողություն եմ համարում այն, որ մինչ Արցախյան պատերազմը շրջագայել եմ Մերձբալթյան երկրներում, հմտություններս ու կարողություններս զարգացրել եմ գերմանացի մասնագետների մոտ, մասնակցել եմ միջազգային մրցույթների, որտեղ լավ գնահատականի եմ արժանացել`չնայած այլ երկրներից եկած երգեհոնահարներն ավելի լավ գործիքներով էին հանդես գալիս»,-շեշտեց երաժիշտը:

Թագվորյանը խոսեց նաև Հայաստանում երգեհոնի պահանջված լինելու մասին` նշելով, որ առհասարակ դասական արվեստի նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին նվազել է: «Կարծում եմ` պատճառներից մեկն այն է, որ երաժիշտները հաճախ չեն կարողանում աշխատանք գտնել այս բնագավառում և նախընտրում են այլ մասնագիտություն ընտրել: Սակայն կոնսերվատորիայում կան հիանալի ուսանողներ, որոնք տաղանդավոր են ու խոստումնալից: Օրինակ` Տիգրան Բունիաթյանը, ով կրթությունը շարունակում է ԱՄՆ-ում, և Աննա Բաբայանը, ով կարող է մեծ նվաճումներ ունենալ հեռանկարում»,-լավատեսական նոտայով իր խոսքը եզրափակեց Թագվորյանը:

Հարություն Թագվորյանը սովորել է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, ապա Պ Ի. Չայկովսկու անվան դպրոցում: 1988-1994 թվականներին կրթությունը շարունակել է Երևանի պետական կոնսերվատորիայում՝ դաշնամուրի  և երգեհոնի  բաժիններում։ 1996-ին ավարտել  է ԵՊԿ ասպիրանտուրան։ Համերգներով և մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում։

Ներկայումս աշխատում է Երևանի պետական կոնսերվատորիայում և Նարեկացի արվեստի միությունում՝ որպես դաշնակահար։ Թագվորյանը  նաև  դպրոցական ֆիլհարմոնիայի  մենակատար է։

 

 

Առողջապահության նախարարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կտնտեսվի 86 մլն դրամ

0

Կառավարության որոշմամբ Առողջապահության նախարարությունում իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ: Մասնավորապես, նախատեսվում է հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական բաժինները միավորել՝ ստեղծելով ֆինանսատնտեսագիտական վարչություն, արտաքին կապերի բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել միջազգային հարաբերությունների վարչության: Ինչպես նաև ստեղծել քաղաքացիների բողոքներին և դիմումներին արագ արձագանքման բաժին: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: «Նախարարության պետական առողջապահական գործակալությունում լուծարվելու է բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժինը, տարածքային մարմինները: Ստեղծվելու են ֆինանսավորման ապահովման և էլեկտրոնային առողջապահական համակարգի գործունեության ապահովման ու հաշվետվությունների ամփոփման բաժիններ: Տնտեսագիտության և ֆինանսական հոսքերի կառավարման բաժինը վերանվանվելու է առողջապահական և ֆինանսական ցուցանիշների ծրագրավորման, հոսքերի կառավարման և վերլուծության բաժնի, փաստաթղթային հսկողության և պայմանագրային բաժինը՝ պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժնի»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ նախարարությունում կատարվելիք փոփոխությունների արդյունքում կտնտեսվի 86 մլն դրամ, կկրճատվի 35 հաստիք:

Մեկ շաբաթում Հայաստանի տարածքում գրանցվել է երեք երկրաշարժ

0

 Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 12-18-ը գրանցված երկրաշարժերից9-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 3-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 04:00-ին, M=1.4, Քարվաճառ քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք, հոկտեմբերի 14-ին, ժամը02:12-ին, M=1.0, Աշոցք գյուղից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք, հոկտեմբերի 15-ին, ժամը 09:37-ին, M=1.9, Գյումրի քաղաքից 34 կմ դեպի հարավ-արևմուտք:

Ինչպես «Արմենպրես»-ին «ՍՊԾ» գործակալությունից, տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ: Հոկտեմբերի 14-ին Թուրքիայում` Արդահան քաղաքից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունն էր 3 բալ (2.3 մագնիտուդ):  Հաջորդ օրը տեղի է ունեցել 4 բալ (3.2 մագնիտուդ) ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 13 կմ դեպի հարավ-արևմուտք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հոկտեմբերի 18-ին Պոլինեզիայում` Տոնգա կղզիների տարածքում, որի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

«ОК Армения». Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի զբոսաշրջության կապերը խորացնող միջոցառում

0

Սանկտ Պետերբուրգի «Լոտե Պլազա» հյուրանոցի հանդիսավոր դահլիճներից մեկում հոկտեմբերի 12-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանատան և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվեց  «ОК Армения»  խորագրով միջոցառում-շնորհանդես՝ նվիրված Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհանդեսին ներկա էին Սանկտ Պետերբուրգում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Զապեվալովը, Սանկտ Պետերբուրգի Կառավարության արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Եվգենի Գրիգորևը, Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանա Գվիչիան, Սանկտ Պետերբուրգի շուրջ 90 զբոսաշրջային կազմակերպությունների, հյուրանոցային համալիրների և զբոսաշրջային տեղեկատվական գործակալությունների  ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված դիվանագետներ, և այլք:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում  ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Ողջունելով ներկաներին՝ դեսպանը նշեց, որ նմանատիպ միջոցառումներն ավելի են խորացնում Հայաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջության կապերը, և  հնարավորություն տալիս տվյալ դեպքում ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի զբոսաշրջության ոլորտի խոշորագույն կազմակերպություններին ավելի մանրամասն ծանոթանալու Հայաստանի և Արցախի զբոսաշրջության ոլորտին և պատմամշակութային արժեքներին:

Ողջ երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրել  հայկական երաժշտությունն ու պարը, համտեսել հայկական ուտեստներ և խմիչքներ:  

Այնուհետև, տեղի ունեցավ նկարչական վարպետության դաս, որի ընթացքում հյուրերին հնարավորություն ընձեռնվեց նկարել և իրենց հետ վերցնել Մարտիրոս Սարյանի «Գեղամա սարեր» նկարի արտանկարը:

Շնորհանդեսին ելույթ ունեցավ նաև կորպորատիվ զբոսաշրջության ոլորտի փորձագետ, միջոցառման համակազմակերպիչ Գայանե Քոչարյանը, որը միջոցառման ավարտին անցկացրեց  Հայաստանի հյուրանոցների և   հանգստավայրերի զբոսաշրջային փաթեթների խաղարկություն։