Երեքշաբթի, 10. 06. 2025

ԵՄ-ն արժեքավոր օժանդակություն է ցուցաբերում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին. Նալբանդյանի ելույթը Բրյուսելում

0

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 19-ին ելույթ է ունեցել Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության տրամադրած ելույթի տեքստը.

«Նորին Սուրբ Օծություն Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա, 
Մեծարգո պատգամավորներ,
Տիկնայք և պարոնայք,
Հարգելի ընկերներ,

Ողջունում եմ Եվրոպայի հայկական չորրորդ համագումարի մասնակիցներին:

Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատերի ներքո՝ նախևառաջ ցանկանում եմ նշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին բանաձևերից մեկն ընդունվել է հենց այստեղ դեռևս 1987թ.-ին: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին՝ 2015թ.-ին, Եվրախորհրդարանը կրկին վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումը՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, և «միացավ ոգեկոչմանը՝ եվրոպական համերաշխության և արդարադատության ոգուն համահունչ»:

Այս նույն ոգով Հարյուրամյա տարելիցին և դրանից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ Ավստրիայի, Բելիգայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Չեխիայի խորհրդարանները, բանաձևեր ընդունեցին՝ համալրելով այն երկրների շարքը, որոնք Եվրոպայում և ողջ աշխարհում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս ջանքերը մեծ կարևորություն ունեն ոչ միայն ոգեկոչման առումով, այլև էական ներդրում են միջազգային կանխարգելման ջանքերում:

Որպես ցեղասպանության սարսափը վերապրած ժողովուրդ՝ մենք բարոյական պարտավորվածություն ենք զգում բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ: Այս առումով Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված վերջին նախաձեռնություններից էին 2015թ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ և ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ցեղասպանության զոհերի հիշատակման միջազգային օրվա վերաբերյալ բանաձևերի ընդունումը: Այս ջանքերը շարունակվելու են:

Հաջորդ տարի լրանում է Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Ցավոք, 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս չարիքից: Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողություններն ակնհայտորեն վկայում են կոնվենցիայի արդիականության մասին: Հայաստանն առաջիններից մեկն էր, որ դատապարտեց ահաբեկչական խմբավորումների այս գործողությունները:

Ցավոք, սիրիական արհավիրքը չի շրջանցել մեր հայրենակիցներին, ովքեր զրկանքներ են կրում սիրիացի ժողովրդի, այլ էթնիկ և կրոնական խմբերի հետ միասին: Սիրիական ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մոլորակի բոլոր ծայրերում ունենալով հարյուրավոր համայնքներ, աշխարհասփյուռ հայությունը հաճախ հայտնվում է տարբեր գլոբալ մարտահրավերների կիզակետում: Հայաստանն իր միջազգային ներգրավվածության ընթացքում լիովին հաշվի է առնում տվյալ հանգամանքը, ներառյալ կանխարգելման ջանքերում, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության, փախստականների և միգրանտների խնդիրներին անդրադառնալիս, խաղաղապահ առաքելություններին մասնակցելիս, ահաբեկչության դեմ պայքարում ջանքեր ներդնելիս:

Տիկնայք և պարոնայք,

Քանի որ մենք Եվրոպայի հայկական համագումարի կապակցությամբ ենք հավաքվել այստեղ՝ մի շարք եվրոպական կառույցների գլխամասային գրասենյակների հարևանությամբ, թույլ տվեք նաև հակիրճ ներկայացնել Հայաստան-ԵՄ հարաբերությունները, որոնք հանդիսանում են Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը:

Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:

Եվրոպական միությունն արժեքավոր օժանդակություն է ցուցաբերում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, աջակցում է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական առաջմղմանը, ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը, դատական համակարգի և արդյունավետ կառավարման բարելավմանը: Կառանձնացնեի նաև մեր համագործակցությունն անցած ապրիլին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների համատեքստում:

Եվրամիության աջակցությունը ներառում է նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները՝ այդ թվում էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը և այլն: Դրանցից մի քանիսը տարածաշրջանային նշանակություն ունեն, ինչպես օրինակ հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացումը և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը: Մենք ակտիվորեն համագործակցում ենք կրթության, նորարարության, գիտության և մշակույթի ոլորտներում, ներառյալ այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսիք են «Հորիզոն 2020», «Էրազմուս+» և այլք: Այս տարի մենք ավարտեցինք «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի և Ընդհանուր ավիացիոն տարածքի պայմանագրի շուրջ բանակցությունները Եվրոպական միության հետ:

Կցանկանայի հատուկ ընդգծել, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վերջնականացվել է և նախաստորագրվել: Համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ նոյեմբերին Բրյուսելում անցկացվելիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը:

Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերից կցանկանայի առանձնացնել վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը, որը ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ամրագրված հանձնառություններից մեկն էր, և կարևոր նշանակություն ունի շարժունակության ընդլայնման ու մարդկանց միջև շփումների խորացման առումով:

Տիկնայք և պարոնայք

Անշուշտ, ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի ամենամեծ առաջնահերթություններից է: Ինչպես գիտեք, երեք օր առաջ Ժնևում գագաթաժողով է անցկացվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ինչ վերաբերում է բուն հանդիպման արդյունքներին, ապա դրանք արտացոլված են արտգործնախարարների և համանախագահների համատեղ հայտարարության մեջ:

Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ինտենսիֆիկացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր իրականացնել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում:

Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ: Նրանք պատրաստակամություն հայտնեցին աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ: Գագաթաժողովի վերաբերյալ այսքանը։

Ինչպես գիտեք, հայկական կողմը մշտապես հանդես է եկել և գալիս խաղաղ բանակցային հանգուցալուծման և լարվածության նվազեցման օգտին, և այս ամենն արտացոլվել է համատեղ հայտարարության մեջ:

Շուրջ տասնվեց ամիս ընդմիջումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հմուտ միջնորդությամբ հնարավոր եղավ կազմակերպել նախագահների հանդիպումը, որը ինքնին կարելի է դրական գնահատել։

Մոտ չորս տարվա ընթացքում առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզ և բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և համանախագահների մասնակցությամբ: Ինչպես գիտեք, նախկինում Հայաստանը բազմիցս իր պատրաստակամությունն էր հայտնել միանալու համանախագահների հայատարարություններին, սակայն Ադրբեջանը մշտապես հրաժարվում էր հանդես գալ համատեղ հայտարարությամբ:

Այս ամենով հանդերձ, ցավալի է, որ գագաթաժողովից հետո Բաքուն նորից և նորից փորձում է էժանագին, պարզունակ շահարկումներ անել, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել գագաթաժողովից հետո ընդհանրապես չխոսել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Ակնհայտ է, թե ինչու է Բաքուն դա անում. որովհետև փորձում է խուսափել իր ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից։

Առաջին՝ 2016թ. Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով բանակցային գործընթացին հասցված վնասը դեռ չի հաղթահարվել:

Երկրորդ՝ Բաքուն հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, որոնք միտված էին խաղաղ գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը, նախկինում ևս, բազմիցս հետ է կանգնել պայմանավորվածություններից, հարցականի տակ դնելով, որ ընդհանրապես ունակ է իրականացնել դրանք։

Երրորդ՝ Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացվել են համանախագահ երկրների կողմից որպես կարգավորման հիմք: Մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն:

Չորրորդ՝ չնայած համանախագահների բազմաթիվ կոչերին՝ հարգելու 1994-95թթ. եռակողմ, անժամկետ զինադադարի համաձայնագրերը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել հրադադարը:

Այո, Հայաստանը համոզված է, որ պետք է ինտենսիվ բանակցություններ վարել։ Խորապես համոզված է, որ եթե Բաքուն կատարի համանախագահների կոչերը՝ անվերապահորեն հարգի հրադադարը, կյանքի կոչի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սկզբունքներին, կառուցողական մասնակցություն բերի բանակցություններին, ապա հնարավորություն կստեղծվի առաջ մղել խաղաղ գործընթացը:

Հայաստանը, համանախագահ երկրների հետ միասին, շարունակելու է ջանքերն ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Տիկնայք և պարոնայք,

Ինչպես որ խոսքս սկսել եմ Եվրախորհրդարանի բանաձևերը վկայակոչելով, ցանկանում եմ այն ամփոփել, հիշատակելով դրանցից մեկը՝ ընդունված 1999 թվականին, որով ամրագրվում է, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը՝ հետևելով նմանօրինակ հայտարարություններին, որոնք արվել են նախկին խորհրդային հանրապետությունների կողմից: Իհարկե, Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և, ինչպես բազմիցս նշել է Նախագահ Սարգսյանը, երբևէ չի կարող լինել:

Տիկնայք և պարոնայք,

Համակարգված և համադրված քայլերն առանցքային են շատ նախաձեռնություններում հաջողության հասնելու համար: Ցանկանում եմ ձեզ բեղմնավոր քննարկումներ՝ ձեր ընդհանուր մոտեցումները սահմանելու և համատեղ ջանքերը նախանշելու գործում:

Շնորհակալություն»: 

 

Կառավարությունը շարունակում է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող և մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին

0

Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթական, սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կհատկացվի 80 մլն դրամ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար:

«Գումարը հատկացվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին կուրսի ուսանողներին կրթաթոշակների տրամադրման և 2016 թ. ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ,  ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: 

«Հայաստան և Իրան. հողի հիշողություն» ցուցահանդեսը դրական արձագանքների է արժանացել Իրանում

0

«Հայաստան և Իրան. հողի հիշողություն» խորագրով ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համաժամանակյա (Ք. ա. IV հազարամյակից մինչև Ք.ա. I դար) նմուշներ:Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Իրանի ազգային թանգարանում: Այն կգործի մինչև 2018 թվականի հունվարի 17-ը: Ցուցադրված նմուշների և ցուցահանդեսից ստացված արձագանքների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանի հետ:

«Ցուցադրել ենք նախաուրարտական, ուրարտական և ետուրարտական շրջանի 103 նմուշ: Պետք է ընդգծեմ, որ Թեհրանում բնակվող և՛ հայերի, և՛ իրանցիների արձագանքները շատ դրական էին: Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին մեր պատմության նկատմամբ»,-նշեց Գրիգորյանը:

Նա շեշտեց, որ Իրանի էլեկտրոնային և տպագիր մամուլը լայնորեն լուսաբանել է ցուցահանդեսը:

Գրիգոր Գրիգորյանի խոսքով` ինքը զրուցել է Իրանի ազգային թանգարանի տնօրեն Ջեբրայիլ Նոուքյանդեի հետ` նրան հրավիրելով Հայաստան: «Երբ նա գա, կքննարկենք նաև Հայաստանում նման հարուստ ցուցահանդես կազմակերպելու հարցը: Կարծում եմ` հայ արվեստասերներն էլ պետք է Իրանի պատմամշակութային արժեքներին ծանոթանալու հնարավորություն ունենան»,- եզրափակեց Գրիգոր Գրիգորյանը:

 

Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսորը մանկավարժության մեջ կարեւորում է հաղորդակցման ճիշտ ձեւը գտնելը

0

Երեւանի պետական համալսարանում մեկնարկած «Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» միջազգային երկօրյա գիտաժողովին մասնակցելու համար Հայաստանում է Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր Թիլման  Ալլերտը, ով եկել է ներկայացնելու մանկավարժական հաղորդակցության սկզբնական ձեւերն ու կիսելու Գերմանիայում ընդունված փորձը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում պրոֆեսոր Ալլերտը նշեց, որ տարբեր երկրներում մանկավարժության առաջ ծառացած խնդիրը մանկավարժական հաղորդակցության հարցն է: «Հաղորդակցությունն ամենօրյա գործընթաց է, սակայն այն կատարելագործելու առումով շատ անելիքներ կան»,-ասաց նա՝ հավելելով, որ անկախ լեզվից` կլինի դա գերմաներեն, թե հայերեն, կարեւորը հաղորդակցման ճիշտ ձեւը գտնելն է: «Կարեւոր է, թե ինչպես է ուսուցիչը ստեղծում իր նյութերը, եւ թե ինչպես է մատուցում դրանք երեխաներին: Ես կարծում եմ, սա մեր մանկավարժության ապագան է»,-նշեց պրոֆեսորը:

Նրա խոսքով` երկօրյա միջազգային գիտաժողովի ընթացքում տարբեր երկրներից հավաքված մասնագետները կգան ընդհանուր եզրակացության, ինչը հնարավորություն կտա առաջ տանելու գործընթացը:

«Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» միջազգային երկօրյա գիտաժողովը նվիրված է ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 96-ամյակին: ԵՊՀ մանկավարժության եւ կրթության զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված գիտաժողովին մասնակցելու են եկել Նիդեռլանդների, Ավստրիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի կրթական ոլորտի մասնագետներն ու փորձագետները:

Միջազգային գիտաժողովի նպատակն է մեկտեղել տարբեր երկրների գիտնականներին եւ մանկավարժներին` քննարկելու եւ վերլուծելու կրթության եւ մանկավարժության ոլորում առկա հիմնահարցերը:

Ամերիաբանկի “ArCa Mir” վճարային քարտի առավելությունները

0

Ամերիաբանկը, որը հանդես է եկել Հայաստանի «ArCa» և Ռուսաստանի «Mir» վճարային համակարգերի  ինտեգրման գործընթացում որպես փոխհաշվարկային բանկ, առաջարկում  է “ArCa Mir ” վճարային քարտի ճկուն և մրցունակ պայմաններ:  

Ամերիաբանկի “ArCa MIR” վճարային քարտերն ունեն մի շարք առավելություններ ֆինանսական շուկայում, մասնավորապես.

  • քարտի սպասարկման ցածր վճար
  • անվճար կանխիկացում Ամերիաբանկի բանկոմատներում
  • Ամերիաբանկում, ինչպես նաև Ամերիաբանկի բանկոմատներով քարտին գումարի անվճար մուտքագրում
  • 10,000 ՀՀ դրամից բարձր գումարով գործարքների դեպքում կարճ հաղորդագրության անվճար ուղարկում:

Քարտը հնարավոր է պատվիրել նաև առցանց, անմիջապես Ամերիաբանկի կայքից:

“ArCa Mir” վճարային քարտը, որը սպասարկվում է Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, հնարավորություն է ընձեռում գումարներ կանխիկացնել և մուտքագրել քարտին նաև այն բոլոր երկրներում, որտեղ սպասարկվում են Mir վճարային համակարգի քարտերը:

Նշենք նաև, որ Ամերիաբանկը հասանելի է իր հաճախորդներին  24/7 ռեժիմով և աշխարհի ցանկացած վայրում “ArCa Mir” վճարային քարտի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում քարտապանները կարող են շուրջօրյա ռեժիմով զանգահարել Ամերիաբանկ 561111 հեռախոսահամարով և ստանալ անհրաժեշտ աջակցություն:

Կկանոնակարգվեն անտառօգտագործման ծավալները և միջոցներ կձեռնարկվեն ապօրինի անտառհատումների կանխարգելման համար

0

 ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականն անտառօգտագործման ծավալների և  պատասխանատվության միջոցների կատարելագործման վերաբերյալ էր: «Անտառների կառավարման և պահպանման արդյունավետության բարձրացման և առկա խնդիրների լուծման նպատակով տրվել էր համապատասխան հանձնարարական։ Մոտ ժամանակներս շահագրգիռ մարմինների հետ ամբողջությամբ քննարկված և լրամշակված հայեցակարգը կներկայացվի կառավարության աշխատակազմ:  Միաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը,  մյուս կողմից՝ վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել են բնափայտի մթերման օրինական ծավալները»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները և դրանց լուծման հրատապությունը՝ վարչապետը հանձնարարել է  Բնապահպանության, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին, միաժամանակ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը: Հանձնարարվել է նաև 10-օրյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված և օպտիմալ ծավալները՝  հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա: Վերոնշյալ գերատեսչությունների ղեկավարները 2-ամսյա ժամկետում համատեղ կմշակեն և կառավարության աշխատակազմ կներկայացնեն ապօրինի անտառհատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր:

«Հաշվի առնելով շուկայի իրական ծավալները, գնահատելով ստվերը՝ մենք պետք է «Հայանտառ»-ում բարեփոխումներ կատարենք, տրամաբանության չափով լեգալիզացնել  անտառահատումները, ֆինանսական միջոցներ ուղղենք «Հայանտառ», որպեսզի վերջինս պատրաստ լինի գույքով և անհրաժեշտ գործիքներով մաքսիմալ կոշտ հսկողություն իրականացնելու»,- ընդգծել է  վարչապետը:

Երևանում խցանումների նվազեցման վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն

Կառավարության ղեկավարի երկրորդ հանձնարարականը ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խցանումների և այլ խնդիրների վերաբերյալ էր: «Վերջին ժամանակահատվածում մեր կողմից նախաձեռնվել են օրենսդրական և գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման և նվազ նշանակության իրավախախտումների նախազգուշացման կիրառման ուղղությամբ: Ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքներին հավելվող տույժերը վերացվել են: Մշակված նոր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծով նախատեսվել են նախազգուշացման ինստիտուտի կիրառման ճկուն մեխանիզմներ: Միաժամանակ, փաստ է, որ աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծումներ: Մասնավորապես, խնդիրներ են առաջանում նաև ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի պահպանման մասով»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել Երևան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները՝ հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության խստացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը  և առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և Ոստիկանության պետին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով կանգառ կատարելու դեպքերում սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի գերազանցումների արձանագրման մոտեցումների վերանայման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

 Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների

 Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր: Գործադիրը համաձայնություն է տվել այդ համաձայնագրի կնքման առաջարկությանը:  Ըստ հիմնավորման՝ համաձայնագրին համապատասխան երկու երկրների միջև և իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաև՝ դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների: Թույլտվություն կպահանջվի միայն ԵԱՏՄ ոչ անդամ-պետությունների հետ երրորդ երկրի փոխադրումներ իրականացնելիս: Միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն թույլտվությունների առկայության դեպքում, որը երկու երկրների լիազոր մարմինները կփոխանակեն յուրաքանչյու տարի: Այդ փոխադրումները իրականացնելու նպատակով լիազոր մարմինները կտրամադրեն հատուկ թույլտվություն: Համաձայնագիրը ներառում է փոխադրումների անվտանգության, ապահովագրության և վերահսկողության մեխանիզմներ: Միաժամանակ, բեռների և ուղևորների փոխադրումներ իրականացնող փոխադրողները սույն համաձայնագրի շրջանակում երկու պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս փոխադարձաբար ազատվում են մյուս պետության տարածքում տրանսպորտային միջոցների սեփականության և դրանց օգտագործման հետ կապված տուրքերից, գանձումներից և մուծումներից` բացառությամբ եթե տվյալ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

Օրենսդրական նախաձեռնություններ

Կնվազեցվի Վարչական և Վերաքննիչ դատարանների ծանրաբեռնվածությունը

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերով  նախատեսվում է, մասնավորապես, ավելացնել Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը 3-ով, այսինքն` մեկ դատական կազմով:            ՀՀ դատարանների նախագահների խորհրդին վերապահվել է դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը սահմանելու լիազորություն: Ամրագրվել է, որ Վարչական դատարանի կողմից ենթակա են քննության անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձանց նկատմամբ հանրային իրավական դրամական այն պահանջները, որոնք գերազանցում են հինգ հարյուր հազար դրամը: Նախագծերի ընդունմամբ կնվազեցվի Վարչական և Վերաքննիչ դատարանների դատավորների ծանրաբեռնվածությունը:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է Դատական նոր  օրենսգիրքի, էլեկտրոնային հարթակի ներդրման ժամկետների վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ Դատական նոր օրենսգրքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ, այդ թվում՝ տրամադրվել է նաև Փաստաբանական, Նոտարական պալատներին, դատավորներին: «Ինչ վերաբերում է էլեկտրոնային հարթակներին, ապա պետք է նշեմ, որ դատական ոլորտում ներկայում գործում են էլեկտրոնային համակարգեր: Խնդիրը դրանք նոր մակարդակի հասցնելն է, որը բավական շատ դրամական միջոցներ է պահանջում: Այս պահին մենք մշակում ենք նոր տեխնիկական առաջադրանք, որից հետո ձեռնամուխ կլինենք միջոցներ հայթայթելուն»,-նշել  է նախարարը:

Վարչապետն ավելացրել է, որ էլեկտրոնային հարթակների ստեղծումը  համահունչ կլինի  ներկայումս մշակվող թվային օրակարգի  ռազմավարության տրամաբանությանը:

Սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին համահունչ օրենքը կնպաստի հանրաքվեի ինստիտուտի դերի և նշանակության բարձրացմանը

Հավանությանն է արժանացել նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է հստակ և համապարփակ կարգավորել ՀՀ սահմանադրության փոփոխությունների արդյունքում բարեփոխված հանրաքվեի ինստիտուտի կապակցությամբ սահմանադրորեն ամրագրված հարաբերությունները: Սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին համահունչ օրենքը կստեղծի հուսալի երաշխիքներ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության և դերակատարության համար, ինչպես նաև կնպաստի հանրաքվեի ինստիտուտի դերի և նշանակության բարձրացմանը: Նախագծով հստակ կարգավորում են ստացել հանրաքվեի հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները, հանրաքվեի դրվող նախագծերը և այն նախագծերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, հարցը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման և այլ հարցեր: Բացի այդ, նախագծով հստակ սահմանվել են հանրաքվեի դրվող հարցերի շրջանակը: Նախագծով ամրագրվել է նաև ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե անցկացնելու արգելքը՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից:

Կառավարությունը առաջարկություններ է ներկայացրել  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի, «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների  նախագծերի  վերաբերյալ:

ԱՆ կենտրոնական ապարատում կստեղծվի քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին

ՀՀ առողջապահության նախարարության առջև դրված կանոնադրական գործառույթների առավել նպատակային, արդյունավետ իրականացման, աշխատանքների օպերատիվ կազմակերպման, կրկնվող գործառույթները բացառելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների հիման վրա ուսումնասիրվել են  նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթների շրջանակը, դրանց համապատասխանությունը նախարարության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված նպատակներին և խնդիրներին: Ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվել է նախարարության աշխատակազմի առանձին հաստիքների կրճատման անհրաժեշտությունը, ինչպես նաև նախարարության աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ (ներառյալ նոր ստորաբաժանումներ ստեղծելու միջոցով) կատարել գործող կառուցվածքում: Մասնավորապես` նախատեսվում է նախարարության Արտաքին կապերի բաժինը վերակազմավորել Միջազգային հարաբերությունների վարչության: Ելնելով «Թեժ գիծ» ծառայության աշխատանքի կարևորությունից և հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ նախատեսվում է ՀՀ ԱՆ աշխատակազմի կառուցվածքում ստեղծել առանձին ստորաբաժանում: Այն հնարավորություն կտա ծառայության գործառույթներն իրականացնել ավելի արդյունավետ: Արդյունքում կկրճատվի 35 հաստիք և կխնայվի  ավելի քան 86 մլն դրամ:

Կառավարությունն ընդունել է «Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» և «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ները միացման ձևով վերակազմակերպելու մասին» որոշում: Արդյունքում ակնկալվում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործում և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացում: Արդյունքում կկրճատվի 11 հաստիք և կխնայվի 9 մլն դրամ:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես՝ սահմանվել է, որ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ, սխալմամբկենսաթոշակառուին ավելի վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել, եթե առկա է անձի գրավոր դիմումը, իսկ եթե բացակայում է անձի գրավոր համաձայնությունը, ապա այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով: Լուծում է տրվել նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների:

Պարզեցվում է ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում իրականացվող վարչարարությունը

Գործող ընթացակարգը պարզեցնելու և  քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարել  նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը: Մասնավորապես՝ նախատեսվում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության կողմից տրամադրվող՝ տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, ինչպես նաև առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշումները դիմումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի փոխարեն տրամադրել տասնօրյա ժամկետում:

 Արտոնություն է տրամադրվել թեթև արդյունաբերության  ոլորտի ներդրումային ծրագրի

Կառավարության որոշմամբ թույլատրվել է «Նանման» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Նանման» ՍՊԸ-ն գործում է թեթև արդյունաբերության բնագավառում: Ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 59.6 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 78 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ծավալները կկազմեն՝ մոտ 91 մլն ՀՀ դրամ, որից՝ մոտ 47 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ-ում, մոտ 40 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ երկրներում, մոտ 4 մլն ՀՀ դրամը՝ ԵՄ երկրներում։

 Կառավարությունը շարունակում է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող և մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին

 Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթական, սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կհատկացվի 80 մլն դրամ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար: Գումարը հատկացվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին կուրսի ուսանողներին կրթաթոշակների տրամադրման և 2016 թ. ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:

     Կառավարությունը որոշել է Լոռու մարզի Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոցը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով  Վիդրոջենյա N 28 հիմնական դպրոցին: Հիմնավորման համաձայն,  Մարշալ Բաղրամյանի անվան  դպրոցում սովորում  է 30 աշակերտ, իսկ Վիդրոջենյա հիմնական դպրոցը գործում է տիպային շենքային համալիրներում, թերբեռնված է, սեյսմակայուն է (կառուցվել է երկրաշարժից հետո) և ունի բավարար նյութատեխնիկական բազա: Արդյունքում կխնայվի 19 մլն դրամ:

Այլ որոշումներ

Գործադիրը որոշել է Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված ՀՀ սեփականություն հանդիսացող,  Սյունիքի մարզի Տեղ համայնքի Ս. Բարխուդարյան փողոցում  գտնվող անշարժ գույքերը  նվիրաբերել  Տեղ համայնքին Համայնքային զարգացման կենտրոն ստեղծելու և  նախադպրոցական ուսումնական հաստատություն շահագործելու պայմանով:

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, ըստ որի նախատեսվել է Պռոշյանի համայնքում գտնվող հողամասերը վաճառել   «Պ և Օ» ՓԲԸ-ին: Ընկերությունը պարտավորվել էր ապահովել ոչ պակաս, քան 1000 քառ. մետրի շինարարության կատարումը, սանիտարական դիսպանսերների և ձեռքի մաքրող սանիտարական հեղուկների արտադրության գործընթացը՝ շինարարության և կոմունիկացիոն ցանցի համար՝ անհրաժեշտ թույլտվություններն ստանալուց հետո: Փոփոխությամբ  առաջարկվում է ամրագրել, որ ընկերությունը պետք է ոչ միայն ապահովի համապատասխան շինարարությունը, այլ նաև կառուցի գործարան: Բացի այդ,  ամրագրվում է, որ պայմանագրով սահմանված ժամկետում և չափով ներդրումը չկատարելու և/կամ գործարանը չկառուցելու դեպքում երեք ամսվա ընթացքում տուգանք կվճարի ՀՀ պետբյուջե:

 

Քննարկվում են կրթության ու մանկավարժության ոլորտում առկա հիմնախնդիրները

0

Երեւանի պետական համալսարանում հոկտեմբերի 19-ին մեկնարկեց «Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է մեկտեղել տարբեր երկրների գիտնականներին ու մանկավարժներին՝ քննարկելու և վերլուծելու կրթության ու մանկավարժության ոլորտում առկա հիմնախնդիրները:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր բացման խոսքում, կարեւորելով գիտաժողովի դերը, նշեց, որ այն դրական է ազդում 21-րդ դարի կրթական դերի ըմբռնման վրա: «Չկա ավելի հետաքրքիր մասնագիտություն, քան մանկավարժությունն է:  Հենց մանկավարժներն են իրենց փորձով նպաստում երիտասարդ սերնդի զարգացմանն ու կայացմանը»,-ասաց նա:

ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ Նազիկ Հարությունյանի խոսքով` գիտաժողովը կնպաստի մասնակից երկրների հետ փորձի փոխանակմանն ու արդյունավետ համագործակցությանը: «Մենք կքննարկենք հարցեր, որոնք այսօր առկա են ե՛ւ գիտության, ե՛ւ կրթության ոլորտում: Մեր նպատակն է հասկանալ եւ ճանաչել, թե ինչպիսի ձեռքբերումներ կան տարբեր երկրներում: Գիտնականների սերտ համագործակցությունը կարող է նպաստել մեր երկրների կրթության և գիտության զարգացմանը», – ասաց  Հարությունյանը:

ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված երկօրյա գիտաժողովին մասնակցելու  են եկել Նիդեռլանդների, Ավստրիայի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Վրաստանի կրթական ոլորտի մասնագետներն ու փորձագետները: 

Գիտաժողովը նվիրված է ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 96-ամյակին:

Արտոնություն է տրամադրվել թեթև արդյունաբերության ոլորտի ներդրումային ծրագրին

0

Կառավարությունը թույլատրեց «Նանման» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ  «Նանման» ՍՊԸ-ն գործում է թեթև արդյունաբերության բնագավառում:

«Ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել շուրջ 59.6 մլն դրամի ներդրում և ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ 78 000 դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ծավալները կկազմեն մոտ 91 մլն դրամ, որից՝ մոտ 47 մլն դրամը կիրացվի ՀՀ-ում, մոտ 40 մլն դրամը՝ ԵԱՏՄ երկրներում, մոտ 4 մլն  դրամը՝ ԵՄ երկրներում»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ,  ասաց փոխնախարարը:

Ի պատասխան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցի՝ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «Նանման»-ին կառավարությունը աջակցություն է ցուցաբերում երրորդ անգամ:   

 

Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչների հետ

0

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի նախագահ Նադիա Գործունյանի եւ կազմակերպության Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունը մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային տարբեր ատյաններում Արցախը ճանաչելի դարձնելու ու մեր երկրի մասին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործին:

 

Հոգեբուժարանում բուժվողին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը կարող է ներկայացնել այլ անձ

0

 ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց «Պետական նպաստների մասին» օրենքում, որոնց համաձայն ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին, առաջին խմբի հաշմանդամին և հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ:  

«Ներկայացնող անձը կից ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի դեպքում կից ներկայացվում է նաև համապատասխան հաստատության ղեկավարի կողմից վավերացված լիազորագիրը»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ,  ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Արտեմ Ասատրյանը՝ ավելացնելով, որ նախատեսվում է ձևավորել նաև էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման օրենսդրական հիմքերը:

«Հաշվի առնելով, որ 2017-ի հունվարից մեկից կենսաթոշակառուները իրենց հարցերով կարող են դիմել ցանկացած տարածքային բաժին, նաև նախատեսվում է կարգավորել այս հարաբերությունները. բնօրինակ փաստաթղթերը պահպանվում են այն տարածքներում, որտեղ դիմումը ներկայացվել է»,- ասաց նախարարը: