Երեքշաբթի, 10. 06. 2025

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը երկրորդն է Ֆիլիպինների մրցաշարում

0

 Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ավարտեց ելույթները Ֆիլիպինների մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրիգորյանը 9 հնարավորից հավաքելով 7 միավոր մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 2-դր տեղը` դառնալով երկրորդ մրցանակակիր: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Անգլիան ներկայացնող Նիգել Շորթը:

Մրցաշարին մասնակցում էին 6 երկրների 51 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր, 6 միջազգային վարպետ:

Մինչև սպանդանոցային պարտադիր մորթի ներդրումը ՀՀ տարածքում կգործի նվազագույնը 39 սպանդանոց

0

Մինչև սպանդանոցային պարտադիր մորթի նորմի ուժի մեջ մտնելը Հայաստանի ողջ տարածքում ամբողջությամբ կգործի նվազագույնը 39 սպանդանոց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերին 18-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Գյումրիում կազմակերպել է սպանդանոցային կարողությունների զարգացման թեմայով քննարկում՝ Շիրակի մարզպետի, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների, ՍԱՊԾ-ի և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էին Ծառայության նախաձեռնությամբ իրականացվող՝ «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի» մասնակիցները՝ սկսնակ գործարարները, որոնք նախատեսում են սպանդանոցային բիզնեսով զբաղվել տարբեր մարզերում ու համայնքներում: Այս ձևաչափով քննարկումը հնարավորություն է տվել գնահատել նախ ծրագրի մասնակիցների հետաքրքրվածությունը և նոր սպանդանոցներ ստեղծելու հնարավորությունները՝ հատկապես հասկանալու համար դրանց սփռվածությունը մարզերում, ինչպես նաև լսել տնտեսվարողներին, առկա խնդիրները:

ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Լևոն Մնացականյանը քննարկման ընթացքում մանրամասնել է ծրագրին մասնակցության պայմաններն ու արդեն ունեցած արդյունքները: Դասընթացին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 45 շահառու, որոնցից 19-ն են ընտրվել և մասնակցել ծրագրին: Նրանցից 9-ը նախատեսել են սպանդանոցներ կառուցել պետական աջակցությամբ տրամադրված տարածքներում (պետական աջակցությամբ տրամադրվում է տարածք 14-ի համար), մասնավորապես՝ 3 սպանդանոց Շիրակի մարզում, 2-ական սպանդանոց՝ Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում: Ծրագրվում է սպանդանոցներ կառուցել նաև Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում, Արմավիրում և այլն: Դրանցից 3-ում՝ Թալինում, Աշոցքում և Վաղաշենում, արդեն շինարարություն է իրականացվում: Մնացած 10 շահառուները նախընտրել են սպանդանոցներ կառուցել սեփական միջոցներով ձեռք բերված տարածքներում: Սա միայն ծրագրի առաջին փուլով: Միաժամանակ, այս ծրագրից դուրս, սպանդանոց կառուցելու կամ սպանդանոցային կարողություններն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել ևս 4 սպանդանոցների ներկայացուցիչներ՝ Շիրակում, Արմավիրում, Արարատում և Կոտայքում: ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում այսօր գրանցված է 16 սպանդանոց, որոնցից ներկայումս գործում են 8-ը. մյուս 8-ը պատրաստակամություն են հայտնել օրենսդրական փոփոխություններից հետո և պահանջարկի առկայության պարագայում գործել ողջ կարողությամբ: Արդյունքում, մինչև սպանդանոցային պարտադիր մորթի նորմը հանրապետության ողջ տարածքում կիրարկելը, ամբողջությամբ կգործի նվազագույնը 39 սպանդանոց: Ըստ պահանջարկի` ՓՄՁ-ի հետ իրականացված պետական աջակցության ծրագիրը կշարունակվի երկրորդ փուլով:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ծրագրի մասնակիցներին ներկայացրել է գործունեության այս տեսակի համար անհրաժեշտ օրենսդրական բոլոր պահանջները, այդ թվում և՝ անասնաբուժության ոլորտում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը հիմնավորել է սպանդանոցային մորթի անցնելու անհրաժեշտությունը՝ սպառողներին անվտանգ միս-մսամթերքով ապահովելու համար, միաժամանակ՝ կարևորել կառավարության կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները արտահանումը խթանելու տեսանկյունից:

Կառավարության ծրագրից բխող՝ պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ժամանակացույցով սպանդանոցային մորթի անցումն ապահովելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոն հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը նոր հնարավորություն ու խթան է այն տնտեսվարողների համար, ովքեր հետաքրքրված են այս ոլորտում գործարարությամբ զբաղվելու հարցում: Այս նախաձեռնությունը նաև կապահովի ողջ հանրապետությունը սպանդանոցային ցանցով՝ էականորեն բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները: Ծրագրի շրջանակներում տնտեսվարողներին տրամադրվում է աջակցության ամբողջական փաթեթ՝ անհատույց պետական տարածք, ֆինանսական աջակցություն, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և անհատական խորհրդատվություն:

Պռոշյան համայնքում կստեղծվի սանիտարական հեղուկների արտադրության գործարան

0

 Կառավարությունը փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշման մեջ, ըստ որի նախատեսվել է Պռոշյան համայնքում գտնվող հողամասերը վաճառել «Պ և Օ» ՓԲԸ-ին: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ ընկերությունը պարտավորվել էր ապահովել ոչ պակաս, քան 1000 քառ. մետրի շինարարության կատարումը, սանիտարական դիսպանսերների և ձեռքի մաքրող սանիտարական հեղուկների արտադրության գործընթացը՝ շինարարության և կոմունիկացիոն ցանցի համար՝ անհրաժեշտ թույլտվություններն ստանալուց հետո:

«Փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել, որ ընկերությունը պետք է ոչ միայն ապահովի համապատասխան շինարարությունը, այլ նաև կառուցի գործարան: Բացի այդ, ամրագրվում է, որ պայմանագրով սահմանված ժամկետում և չափով ներդրումը չկատարելու և/կամ գործարանը չկառուցելու դեպքում երեք ամսվա ընթացքում տուգանք կվճարի ՀՀ պետբյուջե»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ասաց Սահակյանը:

 

Դատարանների բեռնվածությունը թեթևացնելու նպատակով Հայաստանում ներդրվում են էլեկտրոնային նոր հարթակներ

0

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրինագծերով նախատեսվում է ավելացնել Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը 3-ով, այսինքն` մեկ դատական կազմով:

«ՀՀ դատարանների նախագահների խորհրդին վերապահվել է դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը սահմանելու լիազորություն: Ամրագրվել է, որ Վարչական դատարանի կողմից ենթակա են քննության անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձանց նկատմամբ հանրային իրավական դրամական այն պահանջները, որոնք գերազանցում են հինգ հարյուր հազար դրամը: Նախագծերի ընդունմամբ կնվազեցվի Վարչական և Վերաքննիչ դատարանների դատավորների ծանրաբեռնվածությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասաց Հարությունյանը: 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց Դատական նոր օրենսգրքի, էլեկտրոնային հարթակի ներդրման ժամկետների վերաբերյալ: Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ Դատական նոր օրենսգրքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ, այդ թվում՝ տրամադրվել է նաև Փաստաբանական, Նոտարական պալատներին, դատավորներին: «Ինչ վերաբերում է էլեկտրոնային հարթակներին, ապա պետք է նշեմ, որ դատական ոլորտում ներկայում գործում են էլեկտրոնային համակարգեր: Խնդիրը դրանք նոր մակարդակի հասցնելն է, որը բավական շատ դրամական միջոցներ է պահանջում: Այս պահին մենք մշակում ենք նոր տեխնիկական առաջադրանք, որից հետո ձեռնամուխ կլինենք միջոցներ հայթայթելուն»,- նշեց նախարարը: 

Վարչապետն ավելացրեց, որ էլեկտրոնային հարթակների ստեղծումը համահունչ կլինի ներկայումս մշակվող թվային օրակարգի ռազմավարության տրամաբանությանը:

Արամ Ա-ն Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատական գործով ՄԻԵԴ-ի մոտեցումն անարդար է համարում

0

 Հակառակ Թուրքիայի զորեղ ու նույնիսկ սպառնացող հակազդեցության, ինչպես նաև աշխարհաքաղաքական շահերից ելնելով որոշ երկրների վերապահության՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվելու է։ Այս մասին Բրյուսելում Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից անցկացվող Եվրոպահայերի 4-րդ համագումարին նշել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը` քննադատելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հապճեպ որոշումն ու անարդար մոտեցումը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործով: Արամ Ա-ի ելույթի վերաբերյալ Կիլիկիո կաթողիկոսարանի տրամադրած հաղորդագրությունը «Արմենպրես»-ը ներկայացնում է ամբողջությամբ.

«Արդարեւ, երեք կէտերէ բաղկացած իր պատգամին սկիզբը, Նորին Սրբութիւնը շեշտեց, որ հակառակ թուրք պետութեան զօրեղ ու նոյնիսկ սպառնացող հակազդեցութեան, ինչպէս նաեւ կարգ մը երկիրներու աշխարհաքաղաքական շահերէ մեկնած վերապահութեան, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացքը կը շարունակուի։ Երկրորդ կէտին մէջ Վեհափառ Հայրապետը լայնօրէն անդրադարձաւ Ցեղասպանութեան հատուցման հարցին։ Յիշելով միջազգային օրէնքին տրամադրութիւնները այս գծով, ան շեշտեց, թէ ճանաչում կ՚ենթադրէ նաեւ հատուցում։ Ան ըսաւ, որ ներկայ Թուրքիան շարունակութիւնն է Օսմանեան Կայսրութեան. հետեւաբար, ան չի՛ կրնար ուրանալ Հայոց Ցեղասպանութիւնը եւ անտեսել հատուցումը։

 Իր պատգամի երրորդ կէտին մէջ, Արամ Ա. Կաթողիկոս ընդհանուր գիծերով ներկայացուց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բացած դատը թուրք պետութեան մօտ՝ պահանջելով Սիսի Կաթողիկոսարանին վերադարձը։ Ան նախ յայտնեց, որ մի քանի տարիներ առաջ նամակ գրած է Նախագահ Էրտողանին՝ պահանջելով Սիսի Կաթողիկոսարանի վերադարձը իր իրաւատիրոջ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթոէիկոսութեան։ Իր նամակը անպատասխան մնալով, Կաթողիկոսարանը Թուրքիոյ Սահմանադրական Դատարանին մօտ դատ է բացած։ Այս վերջինս մերժած է քննել դատը՝ ընդառաջելով Թուրքիոյ Արդարութեան Նախարարութեան թելադրանքին՝ անհիմն իրաւական հիմնաւորումներով։ Հետեւաբար, աւելցուց Վեհափառ Հայրապետը, ստիպուած եղանք դիմելու Եւրոպայի Մարդկային Իրաւանց Դատարան, որպէսզի մեկնելով իր սկզբունքներէն արդար լուծում մը տայ մեր դատին։

 Ապա Նորին Սրբութիւնը աւելցուց. «Մեծ եղաւ մեր եւ մեր իրաւական յանձնախումբին անակնկալը, երբ Եւրոպական Դատարանին կողմէ դատաւոր մը մերժեց ընդունիլ մեր դատին քննութիւնը՝ հակառակ իրաւական յանձնախումբին կողմէ կատարուած երկիցս դիմումնագիրին»։ Վեհափառ Հայրապետը իր զարմանքը յայտնեց՝ ըսելով. «Ինչպէ՞ս կ՚ըլլայ, որ միջազգային իրաւագէտներու ու Եւրոպական Դատարանի մասնագէտներուն կողմէ պատրաստուած աւելի քան 900 էջերէ բաղկացած եւ պատմաիրաւական լուրջ հիմնաւորումներով ներկայացուած թղթածրարի ընդունելիութիւնը մերժուի անհատ դատաւորի մը կողմէ։ Միջազգային դատաւարական օրէնքներու համաձայն, դատաւորը պարտաւոր է լսել դատահայեացը։ Արդ, ինչպէ՞ս կը մերժուի նման խնդրանք մը։ Ինչպէ՞ս Եւրոպական Դատարանը կը թելադրէ դատը յղել Թուրքիոյ դատարանները, քաջ գիտնալով, որ հարիւրաւոր դատաւորներ, փաստաբաններ, նոյնիսկ սահմանադրական դատարանի պատկանող եւ Սիսի Դատի իրաւական յանձնախումբին պատկանող փաստաբաններ բանտարկուած են։ Մարդկային իրաւունքներու ջատագով Եւրոպական Դատարանը ինչո՞ւ ճշմարտութենէն ու արդարութենէն հեռու կը մնայ՝ մերժելով նոյնիսկ մեր դատին ստանձնումը։ Այս երեւոյթը ընդվզում կը յառաջացնէ հայ ժողովուրդին մօտ, ինչպէս նաեւ բոլոր անոնց, որոնք կը հաւատան ու կը պայքարին արդարութեան ու մարդկային իրաւանց համար»։

 Շարունակելով իր խիստ քննադատութիւնը, Արամ Ա. Կաթողիկոս ըսաւ. «Եւրոպա մարդկային իրաւունքներու ջերմ հաւատացող համայնք մըն է. հետեւաբար, ան արդարութիւնը պէտք է վեր նկատէ բոլոր տեսակի աշխարհաքաղաքական նկատումներէ»։ Նորին Սրբութիւնը կոչ ուղղեց վերատեսութեան ենթարկելու դատը եւ ապա շեշտեց. «մեր ժողովուրդը պիտի շարունակէ իր պայքարը ի խնդիր արդարութեան եւ մենք պիտի հետապնդենք Սիսի Կաթողիկոսարանի դատը թէ՛ թրքական դատարաններուն մօտ եւ թէ Եւրոպական Դատարանէն ներս»։

Ակնաբույժ Թամարա Գևորգյանի հաջողությունը Զալցբուրգ քաղաքում անցկացված ամենամյա միջազգային ակնաբուժական սեմինարում

0

 Երևանի պետական բժշկական համալսարանի Մանկական ակնաբուժության ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ակնաբույժ Թամարա Գևորգյանըավստրիական Զալցբուրգ քաղաքում անցկացված ամենամյա միջազգային ակնաբուժական սեմինարի ընթացքում արժանացել է երեք միջազգային հավաստագրի:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, բժիշկը սեմինարի ընթացքում ներկայացրել է դեպքեր իր ակնաբուժական պրակտիկայից` կապված  երեխաների անհասության ռետինոպատիայի հետ: «Զալցբուրգում ես ներկայացրի 4 դեպք, որոնք սեմինարի ընթացքում ճանաչվեցին եզակի»,-նշեց Թամարա Գևորգյանը: 

Անդրադառնալով Հայաստանում ակնաբուժության ոլորտին, Թամարա Գեւորգյանն ասաց, որ այն բավականին զարգացած է: «Մենք այսօր ունենք ժամանակակից սարքավորումներ: Եվ ես կարծում եմ, որ բարձրորակ բուժման համար բոլորովին էլ պարտադիր չէ մեկնել արտասահման: Մեզ մոտ Հայաստանում կան և´  խելացի բժիշկներ, և´ որակյալ սարքավորումներ»,- ընդգծեց ակնաբույժը:

Սեմինարին մասնակցում էին ակնաբույժներ աշխարհի 37 երկրից:

Նալբանդյանը ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը

0

 Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Եվրոպայի հայկական չորրորդ համագումարի ընթացքում իր ելույթում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Եվրոպական միությունն արժեքավոր օժանդակություն է ցուցաբերում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, աջակցում է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական առաջմղմանը, ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը, դատական համակարգի և արդյունավետ կառավարման բարելավմանը: Կառանձնացնեի նաև մեր համագործակցությունն անցած ապրիլին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների համատեքստում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը հավելել է, որ Եվրամիության աջակցությունը ներառում է նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները՝ այդ թվում էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը և այլն: Դրանցից մի քանիսը տարածաշրջանային նշանակություն ունեն, ինչպես օրինակ հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացումը և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը: «Մենք ակտիվորեն համագործակցում ենք կրթության, նորարարության, գիտության և մշակույթի ոլորտներում, ներառյալ այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսիք են «Հորիզոն 2020», «Էրազմուս+» և այլք: Այս տարի մենք ավարտեցինք «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի և Ընդհանուր ավիացիոն տարածքի պայմանագրի շուրջ բանակցությունները Եվրոպական միության հետ»,- մանրամասնել է Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարը  հատուկ ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վերջնականացվել է և նախաստորագրվել: Համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ նոյեմբերին Բրյուսելում անցկացվելիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը:

Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերից նախարարն առանձնացրել է վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը, որը ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ամրագրված հանձնառություններից մեկն էր, և կարևոր նշանակություն ունի շարժունակության ընդլայնման ու մարդկանց միջև շփումների խորացման առումով:

 

Բաքուն էժանագին շահարկումների է գնում. Նալբանդյանն արձագանքել է Մամեդյարովին

0

Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Բաքուն էժանագին և պարզունակ շահարկումներ է անում, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել գագաթաժողովից հետո ընդհանրապես չխոսել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ` փորձելով խուսափել իր ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Եվրոպայի հայկական չորրորդ համագումարի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությանը: «Բաքուն  փորձում է խուսափել իր ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից։ Առաջին՝ 2016թ. Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով բանակցային գործընթացին հասցված վնասը դեռ չի հաղթահարվել: Երկրորդ՝ Բաքուն հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, որոնք միտված էին խաղաղ գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը, նախկինում ևս, բազմիցս հետ է կանգնել պայմանավորվածություններից` հարցականի տակ դնելով, որ ընդհանրապես ունակ է իրականացնել դրանք։ Երրորդ՝ Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացվել են համանախագահ երկրների կողմից որպես կարգավորման հիմք: Մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն: Չորրորդ՝ չնայած համանախագահների բազմաթիվ կոչերին՝ հարգելու 1994-95թթ. եռակողմ, անժամկետ զինադադարի համաձայնագրերը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել հրադադարը»,- մանրամասնել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը շեշտել է` Հայաստանը համոզված է, որ պետք է ինտենսիվ բանակցություններ վարել, համոզված է, որ եթե Բաքուն կատարի համանախագահների կոչերը՝ անվերապահորեն հարգի հրադադարը, կյանքի կոչի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սկզբունքներին, կառուցողական մասնակցություն բերի բանակցություններին, ապա հնարավորություն կստեղծվի առաջ մղել խաղաղ գործընթացը: Հայաստանը, համանախագահ երկրների հետ միասին, շարունակելու է ջանքերն ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ 

Ժնևում նախագահները համաձայնել են լարվածությունը նվազեցնելու քայլեր ձեռնարկել. Նալբանդյանը մանրամասներ է հաղորդել

0

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ժնևում կայացած հանդիպման ընթացքում համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ինտենսիֆիկացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր իրականացնել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի ամենամեծ առաջնահերթություններից է: Ինչպես գիտեք, երեք օր առաջ Ժնևում գագաթաժողով է անցկացվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ինչ վերաբերում է բուն հանդիպման արդյունքներին, ապա դրանք արտացոլված են արտգործնախարարների և համանախագահների համատեղ հայտարարության մեջ: Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ինտենսիֆիկացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր իրականացնել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ: Նրանք պատրաստակամություն հայտնեցին աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ հայկական կողմը մշտապես հանդես է եկել և գալիս խաղաղ բանակցային հանգուցալուծման և լարվածության նվազեցման օգտին, և այս ամենն արտացոլվել է համատեղ հայտարարության մեջ: Շուրջ տասնվեց ամիս ընդմիջումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հմուտ միջնորդությամբ հնարավոր եղավ կազմակերպել նախագահների հանդիպումը, որը ինքնին կարելի է դրական գնահատել։ Մոտ չորս տարվա ընթացքում առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզ և բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և համանախագահների մասնակցությամբ: Ինչպես գիտեք, նախկինում Հայաստանը բազմիցս իր պատրաստակամությունն էր հայտնել միանալու համանախագահների հայտարարություններին, սակայն Ադրբեջանը մշտապես հրաժարվում էր հանդես գալ համատեղ հայտարարությամբ»,- նշել է Նալբանդյանը:

Քննիչների կողմից ցուցմունք տալուն հարկադրելու և կեղծիքներ կատարելու հաղորդումների հիման վրա հարուցվել է քրգործ

0

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների քննիչների կողմից ցուցմունք տալուն հարկադրելու, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից,  Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Գ. Մանասերյանը դատարանում ցուցմունք, ապա` Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը, հանդիսանալով իր բարեկամը, իրեն հարցաքննելիս պահանջել է ցուցմունքում նշել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ` հայտնելով, որ հակառակ դեպքում խնդիրներ կունենա:

Բացի այդ, Գ. Մանասերյանը հաղորդմամբ հայտնել է, որ նույն քրեական գործով կատարված քննչական գործողության` առերեսման ժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի քննիչին հայտնել է իրականությունը, սակայն վերջինս այդ մասին կազմած արձանագրությունում ներառել է իր նախորդ ցուցմունքում նշած` իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Նկատի ունենալով, որ հիշյալ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասով և 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ քաղաքացի Հ. Գրիգորյանի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ իր որդու վերաբերյալ ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խարդախության հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում նույն բաժնի քննիչի առաջարկով կատարվել են որդու կողմից գրավադրված ձուլակտորների մասնատման և ոսկու զտման գործողություններ: Ըստ Հ. Գրիգորյանի` նշված գործողությունների ժամանակ քննիչը որևէ  արձանագրություն չի կազմել, սակայն ինքը հետագայում պարզել է, որ վերջինս կեղծ արձանագրություն է կազմել, որում իրականությանը չհամապատասխանող տվյալներ է նշել գործողություններին չմասնակցած անձանց, այդ թվում`որդու վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա  մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: