Երկուշաբթի, 09. 06. 2025

Հայաստանի բասկետբոլի առաջնության մասնակից թիմերը արտերկրից խաղացողներ կունենան. Արա Պողոսյան

0

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանի կարծիքով, Հայաստանի նորաստեղծ առաջնությունը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել երկրպագուների շրջանում:

«Մի քանի տարի առաջ փորձ եղել է մի քանի թիմով առաջնություն անցկացնել, բայց ոչ այս մակարդակով և մասշտաբով: Առաջնության կարող էին մասնակցել  8-9 թիմ: Ցանկացողներ շատ կային, բայց մենք բարձրակարգ խաղացողներ քիչ ունենք. 7 թիմն էլ կարծես շատ է: Մի քանի թիմեր դրսից խաղացողներ կունենան. ինչը և հույս է տալիս, որ նորմալ մակարդակ կլինի: Լիահույս եմ, որ մի քանի տուրից հետաքրքրությունը կմեծանա Հայաստանի առաջնության նկատմամբ, և թիմերն էլ ավելի կուժեղանան: Նույնիսկ օգնում ենք թիմերի, որոնք հագուստի և գույքի խնդիր ունեն` հովանավորներ գտնելով»,«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահը:

Խոսելով առանձին թիմերի մասին` Պողոսյանը շեշտեց, որ գովել է «Շիրակ»-ի բասկետբոլային թիմ ստեղծելը: «Արցախում ևս հետաքրքրված են, և մենք ամեն ինչ արեցինք, որ խաղերն Արցախում անցկացվեն»,-ասաց ֆեդերացիայի փոխնախագահը: 

Հոկտեմբերի 21-ին մեկնարկում է տղամարդկանց Ա լիգայի կանոնավոր առաջնությունը, որին կմասնակցեն հետևյալ 7 ակումբները. «Ուրարտու» (Երևան), ՖԻՄԱ (Երևան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Ինժեներ» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ սպորտ» (Երևան):

Հոկտեմբերի 21-ին կայանալիք մեկնարկային խաղում «Ուրարտուն» Օլիմպավանում հյուրընկալելու է ՖԻՄԱ-ին: Հանդիպումը սկսվելու է 20:00-ին: 1-ին տուրի մյուս հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին: Այդ օրը «Շիրակը» կհյուրընկալի «Ինժեներին», իսկ «Արթիկը»՝ «Արցախին»: Հանդիպումները կսկսվեն 16:00-ին:

 

Հանրային քննարկումների արդյունքում կամավոր աշխատանքի վերաբերյալ օրենքի նախագիծը լրամշակվել է

0

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի հանրային քննարկումների շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվել են մի շարք մասնագիտական քննարկումներ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, միջազգային փորձագետների և այլ անձանց մասնակցությամբ: Այն ներկայացվել և քննարկվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, մասնագիտական քննարկումների արդյունքում առանձնացվել են նախագծի վերաբերյալ ներկայացված մի շարք առաջարկություններ, որոնք հաշվի են առնվել նախագծերի փաթեթի լրամշակման ընթացքում:

Մասնավորապես՝ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվել է կամավոր աշխատանքների հետ կապված ծախսերի փոխհատուցումները՝ եկամտային հարկով հարկելու խնդիրը: Այս խնդրի օրենսդրական կարգավորումն ապահովելու նպատակով նախագծերի փաթեթում ներառվել է նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և առաջարկվել է կամավոր աշխատանքների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման վճարները լրացնել նվազեցվող եկամուտների ցանկում: Ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագծում, որպես կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի բնագավառ, նախատեսվել են նաև գյուղատնտեսության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության բնագավառները:

Նախագծերի փաթեթից հանվել են «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և արխիվացման հետ կապված կարգավորումները՝ կամավորական գործունեության համար լրացուցիչ վարչական բեռը թեթևացնելու նպատակով:

Նախագծի լրամշակման ընթացքում ընդունվել և հաշվի են առնվել նաև այլ առաջարկություններ, իսկ որոշ առաջարկություններ դեռևս գտնվում են քննարկման փուլում:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական փորձագիտական եզրակացության: 

Զբոսաշրջային հայեցակարգի, երթուղիների մշակում, ճանաչելիության բարձրացում. կոմիտեն ամփոփում է մեկամյա աշխատանքը

0

Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում Զբոսաշրջության պետական կոմիտեն մի շարք ծրագրեր է իրականացրել և շարունակում է իրականացնել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։ Ամփոփելով կոմիտեի մեկ տարվա գործունեությունը` Զարմինե Զեյթունցյանը ներկայացրեց ի հայտ եկած խնդիրներն ու կատարած աշխատանքները։ 

«Զբոսաշրջության կոմիտեի ստեղծվելուց հետո առաջին խնդիրը, որի առաջ մենք կանգնեցինք՝ Հայաստանի ճանաչելիությունն էր։ Խնդիրն այն է, որ եթե այլ երկրում մեր երկրի տեղը օտարերկրացուն բացատրելիս ասում ենք, որ Թուրքիայի կողքին է և նա հասկանում է, ապա նշանակում է, որ մենք լուրջ խնդիր ունենք»,- նշեց Զարմինե Զեյթունցյանը։ Կոմիտեն  ընտրել է 7 հենասյուն, թե ինչով պետք է զբաղվի. դրանք են՝ ինստիտուցիոնալ բարեփոխումները, ոլորտի պետական կարգավորումը, շուկաների զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը, ենթակառուցվածքների զարգացումը, երկրի PR-ը և մարքեթինգը, մարդկային ռեսուրսների զարգացումը և միջազգային համագործակցությունը։ 
«Ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակներում առաջին քայլը, որ արվել է՝ մշակվել է առաջին 5 տարիների զբոսաշրջության զարգացման հայեցակարգը։ Մենք մշակել ենք մի նախագիծ, թե այսօր ուր ենք և ուր ենք ուզում հասնել 5 տարի հետո, թե՛ ոլորտի զարգացման, թե՛ ենթակառուցվածքների և թե՛ քանակի առումով։ Մշակվել են մի շարք օրենքներ, կարգավորվում է իրավական դաշտը»,- ընդգծեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը։ 


«Զբոսաշրջության մասին» օրենքի նոր նախագիծն այսօր շրջանառվում է Կառավարությունում, և, երբ բոլոր արձագանքները կլինեն և այն կլրամշակվի, կքննարկվի Ազգային ժողովում։ Զեյթունցյանը այդ նախագիծը շատ կարևոր քայլ է համարում։ 
«Ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում կարևոր մի քայլ արվեց՝ ստեղծվեց Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը։ Այն ստեղծվել է Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացը խթանելու համար։ Համաշխարհային փորձի օրինակով՝ օրենսդիր և գործադիր մարմինների հարաբերակցությամբ։ Մենք, որպես կոմիտե, ավելի զբաղված ենք ինստիտուցիոնալ բարեփոխումներով, ոլորտի պետական համակարգմամբ, իսկ հիմնադրամի վրա դրված է տարեկան ծրագրերի իրականացումը։ Նրանք այս գործընթացում մասնավոր, ինչպես նաև բիզնես հատվածին ներգրավելու ավելի ճկունություն ունեն։ Ինստիտուցիոնալ առումով կարող եմ ասել, որ օրենքի նախագծի ընդունումն այսօր մեր առջև դրված ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Այն լուծում է բազմաթիվ հարցեր՝ զբոսաշրջության վիճակագրության բարելավում, վարչական ռեգիստրի ներդրում, տուրօպերատորների, զբոսավարների, հյուրանոցների, զբոսաշրջային ավտոբուսների որակավորում։ Քանի որ այսօր ոլորտը գտնվում է ոչ կառավարելի վիճակում, այդ իսկ պատճառով շատ լուրջ խնդիրների առջև ենք կանգնած՝ թե՛ ապահովության, թե՛ ինֆորմացիա տրամադրելու տեսանկյունից»,- շեշտեց Զեյթունցյանը։ 
Կոմիտեի նախագահն ընդգծեց, որ կատարվել է մի քանի հետաքրքիր աշխատանք։ Դրանցից առաջինը ճանապարհային նշանների ուղեցույցի մշակումն է, հատկապես պատմական և մշակութային հուշարձանների համար։ Նշանները հատուկ գույնի ու հատուկ ձևի են, որոնք ստեղծվել են միջազգային փորձի հիման վրա։ Նա հույս հայտնեց, որ նախագիծը կհաստատվի, որից հետո արդեն կկանգնի ֆինանսավորման հարցը։ 
Շատ ակտիվ աշխատանք է ծավալվել նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում՝ «առաջ» և «հետո» ձևաչափով։ Աշխատանք է իրականցվել հանրության հետ, զբոսաշրջային վայրերից ստացել են բոլոր այն նկարները, որտեղ խնդիրներ կային աղբահանության հետ կապված։ Կոմիտեն անմիջապես կապվել է մարզպետարանների հետ և մեկ շաբաթվա ընթացքում ստացել են մաքրված տարածքի պատկերը։ 
Եղել են այցեր Հայաստանի մի շարք ԱԳԼՃԿ-ներ և բենզալցակայաններ, քանի որ Հայաստանում շատ լուրջ խնդիր կա սանհանգույցների հետ կապված։ 


«Մենք խոսել ենք նաև մասնավոր սեկտորի մի քանի ներկայացուցիչների հետ և պլաններ ունենք, որպեսզի ոչ միայն սանհանգույցներ լինեն, այլ նաև հանգստի կետեր, որտեղ կարելի է նաև մի փոքր սնվել, ջուր խմել, նստել և հանգստանալ։ Մեղրի-Երևան ճանապարհին հարցեր են առաջանում տղամարդկանց և կանանց համար առանձին սանհանգույցներ կառուցելու վերաբերյալ, քանի որ Իրանից մենք բազմաթիվ զբոսաշրջիկներ ենք ունենում»,– ասաց Զարմինե Զեյթունցյանը։   
Շուկաների և զբոսաշրջային արդյունքների դիվերսիֆիկացման վերաբերյալ նա նշեց, որ գծել են Շիրակի մարզի՝ մասնավորապես Գյումրի քաղաքի զբոսաշրջության զարգացման համար համառոտ մի ծրագիր, որն արդեն ներկայացվել է։ Կա նաև Խնձորեսկ համայնքի զարգացման համառոտ ծրագիր։ 
Մի քանի օրից Հայաստան է ժամանելու իտալացի քաղաքաշինության մասնագետ, ով ներկայացնելու է Վանաձորի զարգացման հայեցակարգը։ Մշակվել է նաև Գառնի համայնքի շուրջ զբոսաշրջային արդյունք ստեղծելու ծրագիր։ 
«Մեր բոլոր հետաքրքիր միջոցառումների, փառատոնների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար պայմանավորվել ենք սահմանային անցման կետերի հետ, և արդեն ինֆորմացիոն թերթիկները բաժանվում են զբոսաշրջիկներին։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում մշակվել և շրջանառվում է ինֆո կենտրոնը, տպագրված են Հայաստանի քարտեզներ։ Հայաստանում առկա է 7 ինֆո կենտրոն։ Մոսկվայի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) մենք ունենք հայկական տաղավար և հատուկ զբոսաշրջությունը ներկայացնելու զբոսաշրջային հայեցակարգն է մշակվել»,- տեղեկացրեց Զեյթունցյանը։ 
Մասնագիտացված տուրօպերատորների ներգրավվածությամբ, Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ մշակվել է քայլարշավային 30 երթուղի։ 
5 ամիսների ընթացքում, Զեյթունցյանի խոսքով, Հայաստան այցելել է ավելի քան 50 լրագրող՝ Չինաստանից, Ֆիլիպիններից, Կորեայից, Հնդկաստանից, նաև Գերմանիայից վերջերս այցելել է 12 լրագրող։ Ընդհանուր առմամբ, 50-ից ավելի հոդված է տպվել Հայաստանի մասին։ 
«Սա աննախադեպ է, և մենք, տարբեր երկրներից լրագրողներ հրավիրելով, որոշակիորեն լուծում ենք երկրի ճանաչելիության հարցը։ Միայն Ռուսաստանից սպասվում է 50-ից ավելի լրագրող՝ տարբեր հեռուստաալիքներից, թերթերից, ամսագրերից։ Մոտ 6 և ավելի հեռուստաֆիլմեր են ցուցադրվել Հայաստանի մասին տարբեր հեռուստաալիքներով»,- եզրափակելով խոսքն՝ ասաց Զարմինե Զեյթունցյանն ու հավելեց, որ իրենք մասնակցում են նաև ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) կազմակերպած համարյա բոլոր կարևոր միջոցառումներին, որտեղ շատ կարևոր լոբբինգ է իրականացվում։ 

Լիլիթ Դեմուրյան

Փորձելու ենք հնարավորինս լավ խաղալ Եվրոպայի թիմային առաջնությունում. Լիլիթ Մկրտչյան

0

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանի խոսքով՝ թիմն արդեն սկսել է նախապատրաստվել Եվրոպայի թիմային առաջնությանը և մարտական է տրամադրված:

«Այժմ Ծաղկաձորում ենք և նախապատրաստվում ենք Եվրոպայի թիմային առաջնությանը: Ինչպես միշտ, շախմատից բացի, նաև ակտիվ հանգիստ ենք անցկացնում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Գրոսմայստերի հաղորդմամբ՝ թիմը մարտական է տրամադրված և պայքարելու է լավ արդյունքների համար: «Փորձելու ենք հնարավորինս լավ խաղալ Եվրոպայի թիմային առաջնությունում: Իսկ ինչ վերաբերում է մրցակիցներին, ապա շատ ուժեղ հակառակորդներ ունենք, բայց հիմնական եղել և մնում են Վրաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի թիմերը»,-ասաց շախմատիստը:

Շախմատի Հայաստանի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գևորգյան: Առաջնությունը կանցկացվի Կրետե կղզում և կմեկնարկի հոկտեմբերի 27-ին:

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը մեկնարկում է

0

Մեկնարկում է Հայաստանի բասկետբոլի «Ա լիգա»-ի կանոնավոր առաջնությունը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` հոկտեմբերի 21-ին, մեկնարկում է տղամարդկանց Ա լիգայի կանոնավոր առաջնությունը, որին կմասնակցեն հետևյալ 7 ակումբները. «Ուրարտու» (Երևան), ՖԻՄԱ (Երևան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Ինժեներ» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ սպորտ» (Երևան):

Հոկտեմբերի 21-ին կայանալիք առաջնության մեկնարկային խաղում «Ուրարտուն» Օլիմպավանում հյուրընկալելու է ՖԻՄԱ-ին: Հանդիպումը սկսվելու է 20:00-ին: 1-ին տուրի մյուս հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին: Այդ օրը «Շիրակը» կհյուրընկալի «Ինժեներին», իսկ «Արթիկը»՝ «Արցախին»: Հանդիպումները կսկսվեն 16:00-ին:

 

Կարապետյանն ու Մեդվեդևը կքննարկեն առևտրատնտեսական հարաբերություններն ու խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը

0

 Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ հոկտեմբերի 24-ին Հայաստան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում ՀՀ և ՌԴ կառավարությունների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադառնալու են ներդրումային, արդյունաբերական և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, դիտարկելու են տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը:

Ստորագրման է պատրաստվում միջկառավարական, միչգերատեսչական և միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող փաստաթղթերի փաթեթը:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 25-ին Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստում քննարկվելու է ընդլայնված օրակարգ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության ֆունկցիոնալության գործնական ասպեկտները:

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն միության մաքսային տարածք ապրանքների անօրինական շրջանառության հակազդմանը, ինչպես նաև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի շարժի սահմանափակումների բացառման ուղղությամբ 2018-2019 թվականների միջոցառումների ծրագրին առնչվող հարցեր, որոնց թվում են՝ նավթի, գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորումը:

Հայաստանի պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Երևանյան բեսթսելեր 4/82. «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքն ամենավաճառվածն է

0

 «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: 

 Իր դիրքերը բարելավել և երկրորդ տեղն է զբաղեցրել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Երրորդ հորիզոնականում է Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո: Գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Մեր ցանկ է վերադարձել և չորրորդ տեղը զբաղեցրել լուսանկարիչ Էդգար Հարությունյանի  «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն:

Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպը հինգերորդն է: Այն ներկայացնում է բուն և ցանկալի իրականությունները և երկուսում էլ` ապրելու զարմանալի կարողություն, որը միևնույն ժամանակ դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ: Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: Ինչպե՞ս վարվել՝ արհեստականորեն վայելել անցյալի քաղցրությո՞ւնը, թե՞ հաղթահարել կարոտն ու փորձել այդ կերպ հաղթահարել նաև ներկայի տաղտուկը: Իսկ գուցե կա երրո՞րդ ճանապարհը: «Տուր ձեռքդ, պստլո» վեպը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որն, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ վեցերորդ հորիզոնականում է համաշխարհային դասական Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը, որում ներառվել են նրա լավագույն գործերը: Մոպասանը Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ է։ Հայերեն են թարգմանվել և հրատարակվել նրա բազմաթիվ ստեղծագործություններ:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը յոթերորդն է: Հրկիզող Գայ Մոնթագի «ընտանիքը» տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: 
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:

Հայ ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» ստեղծագործությունը ութերորդ տեղում է: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ 

Շվեյցարացի ժամանակակից հեղինակ  Հանսյորգ Շերթենլայբի  «Գիշերային լողորդը» վեպը իններորդն է: Այն  տարանցիկ ժամանակների հետաքրքիր հյուսվածք է առաջին սիրո, կարոտի, գաղտնիքների, վախերի, հույզերի ու ատելության, ինքնակայացման, ծնողների ու միջավայրի դեմ ընդդիմության  բարդ ճանապարհի մասին։ Գրքում ներկայացվում է պատանի հերոսի կենսագրությունը՝ սիրուն ու հաստատման հասնելու ճանապարհը լցնելով գեղեցկության, նվիրումի արժևորմամբ, պայքարելու կամքով: 

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» ժողովածուն, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք   Հրատ. Քանակ
1 +1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 45
2 +2

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 26
3 +7

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

DirectMEDIA 18
4 *

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 16
5 *

Գուրգեն Խանջյան

«Տուր ձեռքդ, պստլո»

Անտարես 13
6 0

Գի դը Մոպասան

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 12
7 +1

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 12
8 -3

Դավիթ Սամվելյան

«Ռոդենի ձմեռը»

Ասողիկ 10
9 *

Հանսյորգ Շերթենլայբ

«Գիշերային լողորդը»

Զանգակ 10
10 -3

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 9

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Ջազմեն Գարի Քյոսայանի հոբելյանական համերգին կհնչեն նրա նոր ստեղծագործությունները

0

Կոմպոզիտորջազդաշնակահար ևերգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգին կմասնակցեն տաղանդավոր երաժիշտներ: Կներկայացվեն կոմպոզիտորի նոր գործերը: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հատուկ հյուրերն են ամերիկացի տաղանդավոր ջազմեններ, «Գարի Քյոսայան ջազ-քառյակի» անդամներ Լուիս վան Թեյլորը, Կարլ Վինսենտը, Դոնզել Դեվիսը: Հայաստանից նրանց կմիանան երաժիշտներ Նելլի Մանուկյանը, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Մարբեյը։

Երեկոյին երաժշտասերները հնարավորություն կունենան վայելել Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունները:

Վերջերս Քյոսայանն արժանացել է «Տարվա մարդ» կոչմանըերաժշտության բնագավառումՄրցանակըարտիստին է  շնորհվել Հայռուսական (սլավոնականհամալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտականխորհրդի հանդիսավոր  նիստին:   

Բյուրականի աստղադիտարանում իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ

0

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ: Ինչպես «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն  Արեգ Միքայելյանը,կառուցվածքային փոփոխություններ իրականացնելն իր ծրագրի կարևոր կետերից մեկն է:

«Աստղադիտարանը երկար տարիներ չէր ունեցել գիտական կառուցվածք:  Գիտաշխատողները միավորվում և համատեղ աշխատում էին միայն այն ժամանակ, երբ կար որևէ դրամաշնորհ: Քանի որ այդ դրամաշնորհները կանոնավոր չէին, հետևաբար խմբերն էլ կանոնավոր չէին աշխատում: Դա, իմ կարծիքով, խանգարում էր ընդհանուր գիտահետազոտական աշխատանքի ճիշտ ընթացքին: Այդ պատճառով որոշեցինք ստեղծել կայուն կառուցվածք»,-ասաց Արեգ Միքայելյանը:

Աստղադիտարանում ներկայում ստեղծվել են 9 գիտահետազոտական բաժիններ: Դրանց մեջ մտնում են ավանդական բաժինները, ինչպես նաև նոր ուղղությունները, որոնք էապես կփոխեն իրավիճակը: Արեգ Միքայելյանի խոսքով, հիմա գիտաշխատողները գիտեն, թե իրենք ո՞ր կառուցվածքային միավորի մեջ են, և ինչպիսի՞ աշխատանք է իրենցից պահանջվում:

«Բնականաբար, սա չի նշանակում, որ գիտաշխատողները սահմանափակված են, իհարկե, խրախուսվելու են համագործակցությունը, բոլոր տեսակի միջճյուղային հետազոտությունը, բայց ամեն մարդ պետք է պատասխանատու լինի իր առջև դրված գիտական խնդիրների կատարման համար»,-ավելացրեց աստղադիտարանի տնօրենը:

Արեգ Միքայելյանը տեղեկացրեց, որ, գիտահետազոտականից բացի, ստեղծել են ենթակառուցվածքային բաժիններ: Դրանցից է դիտողական աստղաֆիզիկայի բաժինը, որտեղ միավորվել են բոլոր դիտակները, տեխնիկան, սարքերը, ընդունիչները:

«Կամաց-կամաց փորձում ենք ուժեղացնել այդ բաժինը: Մինչ այդ, առանձին մարդիկ զբաղվել են այդ հարցով, բայց միասնական թիմով, իսկ համակարգված՝ ոչ: Հիմնականում մեծ դիտակի վրա էինք ուշադրություն դարձնում, չկար ռազմավարություն, չկար ընդհանուր մոտեցում: Ներկայում այդ աշխատանքներն ընթացքի մեջ են: Հաջորդն աստղաինֆորմատիկայի բաժինն է: Սա ենթադրում է աստղագիտության մեջ համակարգչային նոր եղանակներով հետազոտություններ կատարելու հնարավորություն: Այս բաժինը պետք է նպաստի մյուսների աշխատանքին»,-հավելեց  նա:

Բյուրականի աստղադիտարանի համար շարունակում է խնդիր մնալ կադրերի հարցը: Արեգ Միքայելյանը նկատեց, որ վերջին տարիներին անընդհատ անձնակազմը նվազում էր և հասել էր 37-ի:

«Դա շատ ցավալի փաստ է, ժամանակին ունեցել ենք 120 գիտաշխատող: Ներկայում փորձում ենք պայմաններ ստեղծել անձնակազմը երիտասարդ կադրերով համալրելու համար: Հիմա մի քանի երիտասարդ ընդունել ենք աշխատանքի: Ներկայում գիտաշխատողների թիվը 42 է»,-ասաց  նա:

Աստղադիտարանն ակտիվացրել է աշխատանքը ասպիրանտների հետ, ինչպես նաև ընդլայնում է համագործակցությունն արտասահմանյան կադրերի հետ: Մասնավորապես, այն հայ աստղագետների, ովքեր նախկինում Բյուրականի աստղադիտարանում են աշխատել, սակայն այժմ արտասահմանում են: Արտասահմանյան այդ խորհրդատուներն ունեն որոշակի պարտավորվածություններ: Այն է՝ հաճախ այցելել Բյուրականի աստղադիտարան, դասախոսություններ կարդալ, դասընթացներ անցկացնել, երիտասարդների հետ աշխատել՝ ներգրավելով նրանց տարբեր ծրագրերում, որպեսզի նրանց պրոֆեսիոնալ մակարդակը բարձրանա:

Արեգ Միքայելյանը ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է 2017 թվականի ապրիլին:

Տավուշում հարուցվել է քրգործ ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ

0

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատումների և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անփութության դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից, ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի համապատասխան հրամանով ապրանքանյութական արժեքների հանձնում-ընդունում կատարելու նպատակով ստեղծված հանձնաժողովը բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ«Հաղարծին» տեղամասի մասնաճյուղերի տարածքներում 2017թ. օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների արդյունքում թվով 12 պահաբաժիններում հայտնաբերել է ապօրինի հատված 409 հատ տարբեր տեսակի և տրամաչափի թաց, կանգուն ծառ, որով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են բնության հատուկ պահպանվող տարածքում ծառերի ապօրինի հատումների և այդ տարածքների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ թույլ տրված անփութության հանցակազմի հատկանիշներ՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի296-րդ հոդվածի 3-րդ մասի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությանը: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին