Երկուշաբթի, 09. 06. 2025

Հայաստան-ԵՄ կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին խոսք չկա. Աշոտ Մանուկյան

0

Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին ուղղակի խոսք չկա: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: «Այնտեղ խոսք կա ատոմակայանի գործող էներգաբլոկի ապագործարկման մասին այն համատեքստում, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ենթադրում է ատոմային էներգիայի խաղաղ պայմաններով զարգացման հնարավորություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Մանուկյանը:

Անդրադառնալով այս հարցում կառավարության դիրքորոշմանը` նախարարն ընդգծեց, որ այն հստակ է. «Մենք բազմիցս այդ մասին հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ ատոմակայանի գործող էներգաբլոկի ռեսուրսն անվերջ չէ: Այն կաշխատի այնքան, որքան կունենա ռեսուրս և այդ ռեսուրսը կբավարարի բլոկն անվտանգ և հուսալի շահագործելու համար: Դրանից հետո այն կապագործարկվի և փոխարենը կկառուցվի նոր էներգաբլոկ: Սա ակնհայտ է, սա կառավարության դիրքորոշումն է, որովհետև ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը մեր կառավարության գերակայություններից է»,– մանրամասնեց Աշոտ Մանուկյանը:

Նախարարն ընդգծեց, որ նոր ատոմակայանի կառուցումը Հայաստանի համար խնդրահարույց չէ: Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանը պետք է նոր ատոմակայան կառուցի` հավելելով, որ բոլորովին այլ հարց է, թե քանի մեգավատ հզորությամբ ու ինչ տեխնոլոգիայով այն կկառուցվի: «Երկու հարցի պատասխանն էլ մենք կտանք առաջիկա երկու տարիների ընթացքում: Առաջիկա երկու տարիներին մենք կունենանք գիտականորեն հիմնավորված և ՄԱԳԱՏԷ-ի մեր գործընկերների կողմից հաստատված գնահատականը, թե ևս որքան ժամանակ կարող ենք շահագործել գործող կայանը: Երկու տարվա ընթացքում մենք կունենանք նաև փոքր մոդուլային ռեակտորների փորձարկման արդյունքները և կհասկանանք, թե ինչ նոր տեխնոլոգիաներ կան աշխարհում, որոնցով մենք կարող ենք կառուցել ատոմակայանը»,– նշեց Մանուկյանը:

Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ

0

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի – հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, Նոր Կիլիկիա բնակավայրի հետագա զարգացմանն առնչվող խնդիրներին:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ Արցախին մշտապես սատարելու գործում: 

 

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

0

 Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ մտան 858 կգ քաշային ծանրորդները: Կարապետյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 170 կգ և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց միայն 190 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 360 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն:

Նախօրեին կանանց 75 կգ քաշային կարգում Եվրոպայի երիտասարդների չեմպիոն էր դարձել Սոնա Պողոսյանը:

Հայ համայնքը պետք է կարողանա հասցնել եվրոպական էլիտաներին Ադրբեջանի հետ համագործակցության խնդրահարույց ասպեկտները. ռուսաստանցի քաղաքագետ

0

Ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշեւը կարծում է, որ Եվրոպան հետեւություններ կանի Ադրբեջանի շուրջ վերջերս ձեւավորված կոռուպցիոն սկանդալից, սակայն չի շտապի հարաբերությունները խզել այդ երկրի հետ: Քաղաքագետն այս մասին ասաց ի պատասխան«Արմենպրես»ի դիտարկմանն այն մասին, որ  Եվրախորհրդարանի  պատգամավորները մեկ անգամ չէ, որ բարձրացրել են Ադրբեջանի հետ հարաբերությունների վերանայման հարցը եվրոպական մի շարք երկրներում ադրբեջանական կոռուպցիոն բացահայտումներից հետո:

«Այն, որ Ադրբեջանը վարում է որոշակի լոբբիստական գործունեություն եւ ոչ միայն Եվրոպայում, զարմանալի չէ: Նրանք Ամերիկայում եւս նման գործունեություն են իրականացնում»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ  ոչ միայն Հայաստանը, այլեւ Եվրոպայի հայ համայնքը, որն ըստ նրա՝ բավականին համախմբված եւ ակտիվ է, պետք է կարողանա հստակ տեղեկատվական, քարոզչական ջանքեր գործադրել այս ուղղությամբ եւ համապատասխանաբար հասցնել եվրոպական հասարակության  գիտակցությանը եւ էլիտային հարեւան երկրի հետ ավելորդ սերտ համագործակցության խնդրահարույց  ասպեկտները:

ՀԵՀ-ը կփոխհատուցի քառօրյա պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը

0

ՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ՀԵՀ-ը նշված ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների (նշված բուհի ուսանողներին ՀԵՀ-ի կողմից ուսման վարձի փոխհատուցում տրամադրվում է կիսամյակային վարձի 10%-ի չափով):

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 3-ը: Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝  անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, 3։4 չափսի լուսանկար, զինվորական գրքույկի պատճենը, տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկոս զեղչից։

Դիմումներն ընդունվում են ՀԵՀ-ի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում ամեն աշխատանքային օր՝ ժամը 11.00-17.00-ը։

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Եվրոպայի առաջնության սկրեչ ձևում 11-րդն է

0

Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը մասնակցում է Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկել է Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը սկրեչ ձևում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը:

Ստեփանյանը կմրցի նաև օմնիում ձևում, ինչպես նաև հետապնդում և խմբային վազք ձևերում:

Օսման Քավալայի հետ կապված միջադեպով Թուրքիայի բացասական կերպարը փոխելու ջանքերը հօդս են ցնդում

0

 Թուրքիայում «Անադոլու Կուլտուր» ՀԿ-ի նախագահ, գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալայի բերման ենթարկվելը մտահոգում է հայ գործիչներին:  Հասարակական, քաղաքական գործիչ, լրագրող Րաֆֆի Արաքս  Հերմոնը «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ Օսման Քավալան մեծ գործիչ է ու միշտ աչքի է ընկել իր մարդասիրական աշխատանքով:

«Օսման Քավալան բավական ազդեցիկ գործիչ է: Նա մեծացել է Ֆրանսիայում, հետագայում եկել Թուրքիա և իր ձեռքը վերցրել հոր բիզնեսը: Ամբողջությամբ փոխելով բիզնեսի ուղղությունը` սկսել է թե ֆինանսապես, թե բարոյապես աջակցել Թուրքիայում ապրող տարբեր ազգերին, տարբեր հարցերում նրանց կողքին կանգնել, նպաստել մշակույթի զարգացմանը»,-ասաց  Րաֆֆի Արաքս Հերմոնը:

Րաֆֆի Արաքս Հերմոնի խոսքով՝ 1915-ին կորսված արժեքները, գուցե փշրանքի ձևով ու փոքր շրջանակում, բայց գոյություն ունեն: Ըստ նրա` այս վերջին դեպքով, Թուրքիայի բացասական կերպարը փոխելու ջանքերը հօդս են ցնդում:

Րաֆֆի Արաքս Հերմոնը նաև նկատեց, որ չի բացառվում այս բերման ենթարկելը կապված լինի Քավալայի եվրոպամետ հայացքների հետ: Նրան բերման ենթարկելով՝ թուրքական իշխանությունները փորձում են հասկացնել, որ իրենց համար Եվրոպան առաջնային չէ: Նա տեղեկացրեց, որ եվրոպացի պատգամավորներն արդեն արձագանքել են այս դեպքին:

 «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, դատապարտելով այս դեպքը, հույս հայտնեց, որ արդարությունը կվերականգնվի, և Օսման Քավալայի դեմ կատարված այս արարքը պատճառ չի դառնա տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում Թուրքիայի քաղաքացիների հետ արդարության հիմքի վրա աստիճանաբար ձևավորվող մշակութային երկխոսության ծիլերի քայքայմանը:

«Վերադարձ» հիմնադրամի գործընկեր, մի շարք մշակութային ձեռնարկների համախոհ, ճշմարիտ մտավորական Օսման Քավալան ոչ միայն հայերի և անիրավության մատնված ժողովուրդների բարեկամն է, այլև Թուրքիայի ողջ ժողովրդի իրական պատիվը»,-ասաց Արագած Ախոյանը:

Նրա խոսքով՝ հիմնադրամը նպատակ ուներ Օսման Քավալայի հետ միացյալ ուժերով աշխատելու այն բոլոր ծրագրերի ուղղությամբ, որոնք կծառայեն ոչ միայն հայ և թուրք, այլ նաև Փոքր Ասիայում ապրող բոլոր հասարակությունների միջև մշակութային երկխոսության հաստատմանը և զարգացմանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նշել, որ Թուրքիայի դեմ բացասական տրամադրված բոլոր շրջանակները Օսման Քավալայի գործունեության շնորհիվ սկսել էին տեսնել Թուրքիայի ժողովրդի, Անատոլիայի բոլոր այն լավ կողմերը, որոնք մոռացության էին մատնվել 1915 թվականից ի վեր:

Հայաստանի բնակչության 98 տոկոսը կկարողանա օգտվել 4G /4G+ ծառայություններից

0

 Աշխարհում ֆիքսված ու շարժական ինտերնետի արագությունը չափագրող ամենահայտնի Ookla իռլանդական ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» մրցանակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը տեղեկացրեց, որ 2016-ի տվյալները համադրելով 2017-ի տվյալների հետ՝ Հայաստանը բարելավել է իր դիրքը ավելի քան 50 հորիզոնականով, ինչը Ucom 4G+/LTE Advanced շարժական ցանցի ներդրման արդյունքն է:

«Այս մրցանակը մեր վերջին մեկ տարվա աշխատանքն է, երբ անցյալ տարի սեպտեմբերին սկսեցինք 4G+ ծառայությունները մատուցել Հայաստանում՝ սկսելով Երևանից, և այսօր արդեն ամբողջ Հայաստանի տարածքում ենք հասանելի: Ամենակարևորն ու ուրախալին այն է, որ դա ոչ միայն Ucom ընկերության ձեռքբերումն է, այլ Հայաստանի դիրքերն են բարելավվել»,-ասաց Հայկ Եսայանը: Նա շեշտեց, որ այս արագությունները չեն կարող իջնել, քանի որ իրենք անդադար կատարում են ցանցի վերազինման աշխատանքներ, ամեն օր նոր բազային կայաններ են ավելանում Հայաստանի տարբեր տարածքներում: Ըստ պաշտոնական արդյունքի՝ Ucom-ի շարժական ինտերնետի արագության ցուցանիշը երկու անգամ գերազանցում է մրցակիցների ցուցանիշները:

Հայկ Եսայանի խոսքով՝ բնակչության գրեթե 80 տոկոսը կարող է 4G, 4G+ ծառայությունից օգտվել ու մինչև ապրիլ 88 տոկոս բնակավայրերն ամբողջությամբ պատված կլինեն այդ ցանցով ու բնակչության 98 տոկոսը այդ պարագայում կունենա նշյալ ծառայությունները:

«4G+-ի արագություններն այնպիսին են, որ մենք այսօր մինչև 250 մեգաբիթ արագություն ենք ապահովում, դա բավականին բարձր է: Ամենակարևորն այն է, որ աշխատող ցանցում միջին արագությունը 30 մեգաբիթից ավելի է: Մաքսիմալ HD որակով ֆիլմ դիտելու համար 2 մեգաբիթ արագություն է անհրաժեշտ, շատ բարձր HD-ն՝ 9-10 մեգաբիթ, այսինքն` մենք գրեթե 10 անգամ ավելի ինտերնետ ենք տալիս»,-նշեց Հայկ Եսայանը:

Ookla ընկերությունն իր Speedtest հավելվածի միջոցով հավաքագրել ու վերլուծել է 2017 թվականին շարժական ինտերնետից օգտվողների արագության չափման արդյունքները: Speedtest-ի կայքում տեղակայված տեղեկատվության հիման վրա տեսանելի է աշխարհի 121 երկրների տեղակայումն ըստ շարժական ինտերնետի արագության: Աշխարհագրական առումով Speedtest-ը հաշվարկում է միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների:

Հայաստանի բասկետբոլի առաջնության մասնակից թիմերը արտերկրից խաղացողներ կունենան. Արա Պողոսյան

0

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանի կարծիքով, Հայաստանի նորաստեղծ առաջնությունը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել երկրպագուների շրջանում:

«Մի քանի տարի առաջ փորձ եղել է մի քանի թիմով առաջնություն անցկացնել, բայց ոչ այս մակարդակով և մասշտաբով: Առաջնության կարող էին մասնակցել  8-9 թիմ: Ցանկացողներ շատ կային, բայց մենք բարձրակարգ խաղացողներ քիչ ունենք. 7 թիմն էլ կարծես շատ է: Մի քանի թիմեր դրսից խաղացողներ կունենան. ինչը և հույս է տալիս, որ նորմալ մակարդակ կլինի: Լիահույս եմ, որ մի քանի տուրից հետաքրքրությունը կմեծանա Հայաստանի առաջնության նկատմամբ, և թիմերն էլ ավելի կուժեղանան: Նույնիսկ օգնում ենք թիմերի, որոնք հագուստի և գույքի խնդիր ունեն` հովանավորներ գտնելով»,«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահը:

Խոսելով առանձին թիմերի մասին` Պողոսյանը շեշտեց, որ գովել է «Շիրակ»-ի բասկետբոլային թիմ ստեղծելը: «Արցախում ևս հետաքրքրված են, և մենք ամեն ինչ արեցինք, որ խաղերն Արցախում անցկացվեն»,-ասաց ֆեդերացիայի փոխնախագահը: 

Հոկտեմբերի 21-ին մեկնարկում է տղամարդկանց Ա լիգայի կանոնավոր առաջնությունը, որին կմասնակցեն հետևյալ 7 ակումբները. «Ուրարտու» (Երևան), ՖԻՄԱ (Երևան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Ինժեներ» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ սպորտ» (Երևան):

Հոկտեմբերի 21-ին կայանալիք մեկնարկային խաղում «Ուրարտուն» Օլիմպավանում հյուրընկալելու է ՖԻՄԱ-ին: Հանդիպումը սկսվելու է 20:00-ին: 1-ին տուրի մյուս հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին: Այդ օրը «Շիրակը» կհյուրընկալի «Ինժեներին», իսկ «Արթիկը»՝ «Արցախին»: Հանդիպումները կսկսվեն 16:00-ին:

 

Հանրային քննարկումների արդյունքում կամավոր աշխատանքի վերաբերյալ օրենքի նախագիծը լրամշակվել է

0

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի հանրային քննարկումների շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվել են մի շարք մասնագիտական քննարկումներ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, միջազգային փորձագետների և այլ անձանց մասնակցությամբ: Այն ներկայացվել և քննարկվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, մասնագիտական քննարկումների արդյունքում առանձնացվել են նախագծի վերաբերյալ ներկայացված մի շարք առաջարկություններ, որոնք հաշվի են առնվել նախագծերի փաթեթի լրամշակման ընթացքում:

Մասնավորապես՝ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվել է կամավոր աշխատանքների հետ կապված ծախսերի փոխհատուցումները՝ եկամտային հարկով հարկելու խնդիրը: Այս խնդրի օրենսդրական կարգավորումն ապահովելու նպատակով նախագծերի փաթեթում ներառվել է նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և առաջարկվել է կամավոր աշխատանքների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման վճարները լրացնել նվազեցվող եկամուտների ցանկում: Ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագծում, որպես կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի բնագավառ, նախատեսվել են նաև գյուղատնտեսության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության բնագավառները:

Նախագծերի փաթեթից հանվել են «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և արխիվացման հետ կապված կարգավորումները՝ կամավորական գործունեության համար լրացուցիչ վարչական բեռը թեթևացնելու նպատակով:

Նախագծի լրամշակման ընթացքում ընդունվել և հաշվի են առնվել նաև այլ առաջարկություններ, իսկ որոշ առաջարկություններ դեռևս գտնվում են քննարկման փուլում:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական փորձագիտական եզրակացության: