Երկուշաբթի, 09. 06. 2025

Արգենտինայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել բարերարներ Ադրիանա և Էդուարդո Սեֆերյանների անվան սրահի բացումը

0

Արգենտինայում ՀՀ դեսպանությունում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի մեծ բարերարներ, Արգենտինայում ՀՀ դեսպանության շենքի նվիրատուներ Ադրիանա և Էդուարդո Սեֆերյանների անվան սրահի բացման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դեսպանության առաջին հարկում գտնվող Ադրիանա և Էդուարդո Սեֆերյանների անվան սրահը ծառայելու է բազմազան միջոցառումների կազմակերպման համար, մասնավորապես՝ հայ ժողովրդի պատմության, մշակույթի, կարևոր նշանակություն ունեցող թեմաների վերաբերյալ դասախոսություններ, ցուցահանդեսներ, մամուլի ասուլիսներ, հեռուստակոնֆերանսներ և այլ նպատակների համար: Միջոցառմանը ներկա էին Արգենտինայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության պետ Խոսե Ուրետան, օրենսդիրներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ազգային բարերարներ, արվեստի գործիչներ և այլք: Սրահի բացումը զուգորդվել է արգենտինացի հայազգի հանրաճանաչ նկարիչ Խորխե Դեմիրճյանի ցուցահանդեսով: Սրահի բացման արարողությանը ելույթ է ունեցել ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով, ներկայացնելով Ադրիանա և Էդուարդո Սեֆերյանների կյանքի պատմությունը և նրանց վաստակը հայ ժողովրդի առջև, շնորհակալություն է հայտնել Սեֆերյան ընտանիքին, ինչպես նաև բոլոր այն բարերարներին, ովքեր մշտապես իրենց աջակցությունն են ցուցաբերել Հայրենիքին: Այնուհետև, ելույթով հանդես են եկել Խորխե Վարդպարոնյանը և արվեստագետ Խորխե Դեմիրճյանը:

Գրականության և արվեստի թանգարանն անգնահատելի գանձ է նվեր ստացել

0

 Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ձեռագրային բազմահազար նվիրատվությունները համալրվեցին ևս մեկ կարևոր ցուցանմուշով: Փարիզաբնակ մտավորական, գրող, թարգմանիչ, թանգարանի վաղեմի բարեկամ Հրայր Հրաչյանը հոկտեմբերի 20-ին թանգարանին նվիրաբերեց Միսաք Մեծարենցի հանրահայտ «Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական» աղոթք-բանաստեղծության ինքնագիրը:

«Հայ պոեզիայի այս գլուխգործոցը Մեծարենցը հյուսել է կյանքի վերջին ամիսներին` կոչելով այն «Արդի մարդուն «Հայր մերը»: Այն բաղկացած է երեք էջից և, ըստ իս, դա հանճարեղ աղոթք է, որը գրողը նվիրել է իր մեծանուն նախորդի` Պետրոս Դուրյանի եղբորը` Եղիշե ³րքեպիսկոպոս Դուրյանին»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ թանգարանի մշտական ցուցադրության մեջ ընդգրկվել են մատանին, որը Միսաք Մեծարենցը նվիրել է մորը, և Մեծարենցի առաջադիմության թերթիկը, որը գրողը ստացել է Պոլսի կենտրոնական վարժարանում ուսանելիս: «Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական» աղոթք-բանաստեղծության ինքնագիրը կհամալրի Միսաք Մեծարենցի ֆոնդը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

0

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավման, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց որոնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել համագործակցությունը հնարավորինս խթանելու և առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

 

Վարդան Հարությունյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

0

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Յուլիա Ուստյուգովան ողջունել է հարկային ոլորտում կոմիտեի իրականացրած բարեփոխումները և հետաքրքրվել հարկային վարչարարության ծրագրերով:

Նա նշել է, որ ԱՄՀ հայաստանյան գրասենյակն արձանագրել է կոմիտեի ձեռքբերումները, և հաջողություն է մաղթել նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում: Կողմերն ընդգծել են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պետական եկամուտների կոմիտեի համագործակցության արդյունավետությունը և երկուստեք աջակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:

Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները

0

Երևանի քաղաքապետարանում կազմակերպված երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները: Ըստ այդմ, ծրագիրը մշակած «Էրնսթ ընդ Յանգ» ընկերության, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, միջազգային և տեղական փորձագետների կողմից ներկայացվել են շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգախնայողության և էներգաարդյունավետության, արտաքին լուսավորության, արդյունաբերության, թափոնների կառավարման, հողօգտագործման ոլորտներում նախատեսված միջոցառումները, մարտահրավերները և  միջազգային լավագույն փորձը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին՝ աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ)՝ Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մշակմանը Երևանի քաղաքապետարանին ցուցաբերած աջակցության համար: Վարչության պետը նշել է, որ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում ներառված ոլորտային միջնաժամկետ միջոցառումները արդեն իսկ ներկայացված են Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի նախագծում, իսկ կարճաժամկետ միջոցառումները կներառվեն Երևանի զարգացման միամյա ծրագրերում: Տիգրան Սարգսյանը ծրագրի իրագործման հաջողությունը պայմանավորել է նաև բնակչության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաև կոնկրետ միջոցառումներին բնակիչների ակտիվ ներգրավվածությամբ: 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Ռուդիկ Թադևոսյանն իր հերթին նշել է, որ Երևանի համար մշակված այս ծրագիրը ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» նախաձեռնության առաջին կիրառությունն է։ Նա բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի կողմից ծրագրի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքման, ուսումնասիրության ու մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները: 

Նշենք նաեւ, որ Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի վերջին՝ 4-րդ փուլում կիրականացվի մոնիթորինգ, կգնահատվեն արդեն իրականացված աշխատանքների արդյունքներն ու գրանցված առաջընթացը:

Գեղարքունիքում համապետական շաբաթօրյակին կմասնակցեն 6 890 մարդ, 244 միավոր տեխնիկա

0

 Հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզում հայտարարված համապետական շաբաթօրյակին կմասնակցեն 537 կազմակերպություն, 6 890 մարդ, 244 միավոր տեխնիկա: Համապետական 3-րդ շաբաթօրյակի ընթացքում նախատեսված է փակել 5 աղբավայր: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ համապետական 3-րդ շաբաթօրյակի կազմակերպման եւ անցկացման նպատակով Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Գեղարքունիքի մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանը խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների եւ հանձնաժողովի անդամների հետ՝ տալով համապատասխան հանձնարարականներ: Հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 21-ին լինելու են իրենց ամրացված համայնքներում՝ համապետական շաբաթօրյակի ընթացքը վերահսկելու նպատակով: Համաձայն հանձնարարականի՝ նախատեսվում է 2 աղբավայր փակել Վարդենիս քաղաքում, 2 աղբավայր՝ Ծովինար եւ 1 աղբավայր՝ Լուսակունք գյուղերում: 
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու հանգստյան գոտիներին մերձակա անտառային տարածքների, մայրուղիների ու մարզային նշանակության ճանապարհների եզրերի, պատմական հուշարձանների ու կազմակերպությունների շրջակայքում ու այլ հատվածներում առաջացած աղբակույտերի հեռացմանն ու ընդհանուր աղբավայր տեղափոխմանը: «Համապետական շաբաթօրյակին մասնակցելու են բոլոր համայնքապետարանների, մարզային ենթակայության հիմնարկների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների աշխատակիցները, մասնավոր ընկերություններ, հանրակրթական դպրոցների աշակերտները: Պետք է արվի հնարավորը, որպեսզի որոշ տեղերում առաջացած աղբակույտերը վերացվեն, տարածքներն առհասարակ մաքրվեն աղբից, փակվեն նախատեսված աղբավայրերը, իսկ համապետական շաբաթօրյակն անցկացվի արդյունավետ եւ նպատակային»,-շեշտեց մարզպետի տեղակալը:

Խոսրով Խլղաթյան

ԵՄ հետ ստորագրվելիք համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին. ռուսաստանցի փորձագետ

0

 Ցանկացած պետություն ձգտում է տարբեր ուղղություններով արտաքին քաղաքականության ձեւավորմանը, այդ թվում՝ եւ՛ Հայաստանը, եւ՛ Ռուսաստանը, սակայն դա չպետք է բացասաբար անդրադառնա այն համագործակցության վրա, որը տվյալ պետությունը ստանձնել է անդամակցության միության մեջ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպված «Ինտեգրացիոն վեկտորները և անվտանգությունը. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով  քննարկմանն այս մասին ասաց ՌԴ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և  Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը:

«Լավ է, որ ԵԱՏՄ անդամները փորձում են եվրոպացիների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, սակայն դա չպետք է արվի ռուսաստանյան շահերի հաշվին: Ինտեգրացիոն գործընթացներն ունեն բազմաշերտ նշանակություն: Ժամանակակից աշխարհում չկան զուտ քաղաքական կամ տնտեսական միություններ: Դրանք սերտորեն փոխկապակցված են, ինչպես մենք տեսնում ենք Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության դեպքում, որի հետ Հայաստանը պատրաստվում է համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել: Մենք գիտենք, որ տարվա սկզբից այդ փաստաթուղթը մշակվում է, եւ եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ապա բրյուսելյան գագաթաժողովի ժամանակ այն կստորագրվի»,- ասաց ռուս փորձագետը: Անդրեյ Արեշեւը նշեց, որ համաձայնագրի տեքստին ծանոթացել են՝ եզրակացնելով, որ  այն չի հակասում Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին:

«2013 թվականին թվում էր, որ Հայաստանն անսպասելի փոխեց իր ուղղությունը, չնայած դա այդքան էլ անսպասելի չէր, որովհետեւ բոլորս գիտենք, որ Հայաստանն այդ որոշումը կայացրեց իր անվտանգության խնդիրների լուծման համար, իսկ հիմա իրավիճակը միանգամայն այլ է, չկան առարկություններ Հայաստան-Եվրամիություն փաստաթղթի նկատմամբ»,-եզրափակեց փորձագետը:

ԵՊՀ ուսանողները Բուտրոս-Բուտրոս Ղալիի անվան նորաբաց լսարանում կծանոթանան խաղաղության հաստատման գործում նրա մեծ ավանդին

0

Բուտրոս Բուտրոս Ղալիի անվան լսարանը բացվեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 20-ին լսարանի բացման արարողությանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՄԱԿիմշտական համակարգողԲրեդլի Բուզետտոն:

«Հատկանաշական է, որ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակի տարում ևս մեկ անգամ հարգանքի տուրք ենք մատուցում Բուտրոս Ղալիի հիշատակին: Բուտրոս Ղալին իր հարուստ գիտելիքներն ու փորձը ծառայեցրել է աշխարհում խաղաղության և անվտանգության հաստատման և բարեկեցության գործին: Ուսանողներն այս լսարանում կստանան անհրաժեշտ գիտելիքներ»,-ասաց Էդվարդ Նալբանդյանն ու հույս հայտնեց, որ, առաջնորդվելով նրա գաղափարներով, ուսանողները կծառայեն համամարդկային արժեքների առաջմղմանը՝ իրենց նպաստը բերելով աշխարհում խաղաղության հաստատմանը:

Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության ակունքները ևս կապված են Բուտրոս Ղալիի անվան հետ: Բեկումնային փոփոխությունների շրջանում, երբ միջազգային կառույցները փորձում էին հակամարտությունների կանխարգելման և հանգուցալուծման մեխանիզմներ ձևավորել, Բուտրոս Ղալին առաջ է քաշել խաղաղության օրակարգի գաղափարը: Իր մանդատի շրջանակում նա արել է առավելագույնը հանուն մարդկության անվտանգության:

«ԵՊՀ-ում գեղեցիկ ավանդույթ է դարձել բացել լսարաններ՝ անվանակոչելով նշանավոր մարդկանց անուններով, որոնք նշանակալի հետք են թողել մարդկային քաղաքակրթության քառուղիներում: Ականավոր քաղաքական և դիվանագիտական գործիչ լինելուց բացի Բուտրոս Ղալին եղել է նաև ԵՊՀ պատվավոր դոկտոր»,-ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու հույս հայտնեց, որ ուսանողները, իրենց դասերն այս լսարանում անցկացնելով, ավելի ու ավելի շատ բան կսովորեն մարդկային քաղաքակրթության, քաղաքական գիտություններում և միջազգային հարաբերություններում նրա ներդրած ավանդի մասին:   

Բրեդլի Բուզետտոյի կարծիքով՝ լսարանի բացումը շատ խորհրդանշական է թե Հայաստանի և թե Հայաստանում ՄԱԿ-ի համար: «Նախքան դիվանագետ դառնալը նա եղել է հայտնի ակադեմիկոս և միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի պրոֆեսոր: Ես հույս ունեմ, որ լսարանը կոգեշնչի ուսանողներին այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,-եզրափակեց Բուզետտոն:

Բուտրոս-Բուտրոս Ղալին եղել է եգիպտացի պետական և քաղաքական գործիչ, Միավորված ազգերի կազմակերպության  4-րդ գլխավոր քարտուղար: 1993 թ. կեսերին այցելել է 19 երկիր և անցկացրել 13 խաղաղարարական գործողություններ։ 1994 թվականին փորձել է կասեցնել Ռուանդայում ընթացող արյունահեղությունը, ինչը սակայն չի հաջողվել։ Պաշտոնում աշխատել է 1992-1996 թթ.։

Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը կարող է ավարտվել եկող տարի

0

Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ երկրներն արագ տեմպով կատարեն վավերացումները:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարդկային զարգացման միջազգային  կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն ասաց, որ նոյեմբերին համաձայնագրի ստորագրումից հետո, Հայաստանի համար բավական բարենպաստ դաշտ է ձեւավորվելու: «Համաձայնագրի վավերացումը  իրենից քաղաքական, տեխնիկական բնույթ է ներկայացնում, և Եվրամիությունը պետք է ջատագովը լինի եւ անդամ-պետություններին խնդրի արագացնել վավերացումների գործընթացը»,-ասաց նա:

Թեւան Պողոսյանի խոսքով` Հայաստանն արդեն պետք է սկսի համաձայնագրով նախատեսված  բարեփոխումերի փաթեթների մշակումը: «Եթե ամեն ինչ ճիշտ անենք, 2018 թվականը բավարար կլինի վավերացման գործընթացն ավարտելու համար»,-հավելեց բանախոսը:

Հայաստան-ԵՄ կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին խոսք չկա. Աշոտ Մանուկյան

0

Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին ուղղակի խոսք չկա: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: «Այնտեղ խոսք կա ատոմակայանի գործող էներգաբլոկի ապագործարկման մասին այն համատեքստում, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ենթադրում է ատոմային էներգիայի խաղաղ պայմաններով զարգացման հնարավորություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Մանուկյանը:

Անդրադառնալով այս հարցում կառավարության դիրքորոշմանը` նախարարն ընդգծեց, որ այն հստակ է. «Մենք բազմիցս այդ մասին հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ ատոմակայանի գործող էներգաբլոկի ռեսուրսն անվերջ չէ: Այն կաշխատի այնքան, որքան կունենա ռեսուրս և այդ ռեսուրսը կբավարարի բլոկն անվտանգ և հուսալի շահագործելու համար: Դրանից հետո այն կապագործարկվի և փոխարենը կկառուցվի նոր էներգաբլոկ: Սա ակնհայտ է, սա կառավարության դիրքորոշումն է, որովհետև ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը մեր կառավարության գերակայություններից է»,– մանրամասնեց Աշոտ Մանուկյանը:

Նախարարն ընդգծեց, որ նոր ատոմակայանի կառուցումը Հայաստանի համար խնդրահարույց չէ: Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանը պետք է նոր ատոմակայան կառուցի` հավելելով, որ բոլորովին այլ հարց է, թե քանի մեգավատ հզորությամբ ու ինչ տեխնոլոգիայով այն կկառուցվի: «Երկու հարցի պատասխանն էլ մենք կտանք առաջիկա երկու տարիների ընթացքում: Առաջիկա երկու տարիներին մենք կունենանք գիտականորեն հիմնավորված և ՄԱԳԱՏԷ-ի մեր գործընկերների կողմից հաստատված գնահատականը, թե ևս որքան ժամանակ կարող ենք շահագործել գործող կայանը: Երկու տարվա ընթացքում մենք կունենանք նաև փոքր մոդուլային ռեակտորների փորձարկման արդյունքները և կհասկանանք, թե ինչ նոր տեխնոլոգիաներ կան աշխարհում, որոնցով մենք կարող ենք կառուցել ատոմակայանը»,– նշեց Մանուկյանը: